Changes
― Այդպես է եղել, միգուցե, Բուրբոնների օրոք, բայց հիմա․․․
― Այդպես է լինում բոլոր ժամանակներում, թանկագի՛ն պարոն Մորել։ Կառավարությունները հաջորդում են իրար և իրար նման են։ Դեռևս Լյուդովիկոս XIV ―ի օրոք լարած պատժիչ մեքենան գործում է մինչև օրս։ Չկա միայն Բաստիլը։ Կայսրը բանտային կանոնադրությունը կատարելու մեջ միշտ ավելի խիստ է եղել, քան նույնիսկ Լյուդովիկոս XIV ―ը, և ցուցակների մեջ չմտած կալանավորների թիվն անհամար է։ Այդօրինակ բարյացակամ սրտաբացությունը կարող էր զինաթափ անել ամեն մի համոզվածություն, իսկ Մորելը նույնիսկ կասկածանք չուներ։ ― Բայց ասացեք, պարոն դը Վիլֆոր, ինձ ի՞նչ խորհուրդ կտայիք խեղճ Դանտեսի վերադարձն արագացնելու համար։ ― Կարող եմ մի խորհուրդ տալ․ խնդրագիր ներկայացրեք արդարադատության մինիստրին։ ― Ա՜խ, պարոն դը Վիլֆոր, մենք հո գիտենք, թե ինչ արժեք ունեն խնդրագրերը։ Մինիստրը օրական մի երկու հարյուր խնդրագիր է ստանում և չորսն էլ չի կարդում։ ― Այո,― ասաց Վիլֆորը,― բայց իմ ուղարկած, իմ կից գրությամբ օժտված և անմիջականորեն իմ կողմից առաքված խնդրագրերը կկարդա։ ― Եվ դուք հա՞նձն կառնեք նրա ձեռքը հասցնել։ ― Մեծ բավականությամբ։ Դանտեսն առաջ կարող էր մեղավոր լինել, բայց հիմա անմեղ է, և ես պարտավոր եմ նրան ազատություն տալ, ինչպես որ պարտավոր էի բանտարկել։ Վիլֆորն այդպիսով կանխում էր համար վտանգավոր, նվազ հավանական, բայց այնուամենաայնիվ հնարավոր քննությունը, որը կարող էր նրան անդարձ կործանել։ ― Իսկ ինչպե՞ս պետք է գրել մինիստրին։ ― Նստեցեք այստեղ, պարոն Մորել,― ասաց Վիլֆորը, իր տեղը զիջելով նրան,― ես կթելադրեմ։ ― Այդպես բարի կլինե՞ք։ ― Ի՞նչ եք ասում։ Բայց ժամանակ չկորցնենք, առանց այն էլ շատ ենք կորցրել։ ― Այո՛, այո՛, հիշենք, որ խեղճը սպասում է, տանջվում, միգուցե հույսը կորցրել է։ Վիլֆորը ցնցվեց՝ խորհելով կալանավորի մասին, որը նրան նզովում էր լռության ու խավարի մեջ, բայց արդեն չափազանց հեռուն էր գնացել և այլևս անհնար էր նահանջել։ Դանտեսը պետք է ճզմվեր նրա փառամոլության աղացաքարով։ ― Ես պատրաստ եմ,― ասաց Մորելը, նստելով Վիլֆորի բազկաթոռին և գրիչը ձեռքն առնելով։ Եվ Վիլֆորը թելադրեց մի խնդրագիր, որի մեջ անտարակույս լավագույն ցանկություններով, չափազանցրեց Դանտեսի հայրենասիրությունը և այն ծառայությունները, որ նա մատուցել էր բոնապարտիստներին։ Այս խնդրագրի մեջ Դանտեսը ներկայանում էր որպես Նապոլեոնի վերադարձի գլխավոր աջակիցներից մեկը։ Ի՜նչ խոսք, որ կարդալով այդ աղերսագիրը, մինիստրը անմիջապես կվերականգնի արդարությունը, եթե դեռևս դա չի արված։