Changes
/* Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը */
====Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը====
Ճակատամարտի հաջորդ առավոտը պարզ էր, երկնքում թեթև ամպեր էին լողում, և քամին փոխվել ու փչում էր արևմուտքից։Լեգոլասն ու Գիմլին վաղ էին արթնացել և թույտվություն խնդրեցին բարձրանալ Քաղաք, քանի որ շատ էին ուզում տեսնել Մերիին ու Փիփինին։ — Շատ լավ է, որ մինչև հիմա ողջ են,— ասաց Գիմլին։ — Շատ ծանր օրեր ունեցանք Ռոհանի հարթավայրում նրանց հետապնդելուց, և ես չէի ցանկանա, որ այդ ամենը ապարդյուն անցներ։ Էլֆն ու թզուկը միասին մտան Մինաս Թիրիթ, և մարդիկ զարմանք էին կտրում՝ տեսնելով նրանց․ գեղեցկադեմ Լեգոլասին, ով մաքուր ու հնչեղ ձայնով էլֆական երգեր էր երգում և Գիմլիին, ով քայլում էր նրա կողքով, շոյում մորուքն ու նայում շուրջը։ — Այստեղ լավ է պատված, և քարն էլ է լավը,— ասաց թզուկը։ — Բայց ահա այնտեղ և շատ տեղերում այնքան էլ լավ չէ, և փողոցներն էլ կարող էին ավելի լավ պլանավորել։ Երբ Արագորնը ստանձնի իր պարտավորությունները, ես նրան կառաջարկեմ Լեռան քարտաշների ծառայությունը, և մենք այս Քաղաքը հպարտանալու քաղաք կդարձնենք։ — Նրանց շատ պարտեզներ են պետք,— ասաց Լեգոլասը։ — Տները մեռած են, իսկ աճող կանաչ գրեթե չկա, որով կարելի է ուրախանալ։ Եթե Արագորնը ստանձնի իր պարտականությունները, Անտառի բնակիչները նրա համար երգող թռչուններ կբերեն ու չմեռնող ծառեր։ Վերջապես նրանք հանդիպեցին իշխան Իմրահիլին, և Լեգոլասը նայեց նրան ու խոնարհվեց, քանզի հասկացավ, որ նա էլֆական ծագում ունի։ — Բարև, տիրակալ,— ասաց նա։ — Վաղուց են Նիմրոդելի մարդիկ լքել Լորիենի անտառները, բայց, երևում է, ոչ բոլորն են Ամրոթի նավահանգստից Արևմուտք լողացել։ — Այո, այդպես է ասվում իմ երկրի ավանդություններում,— պատասխանեց իշխանը։ — Բայց շատ վաղուցվանից այստեղ զարմանահրաշ ժողովրդից ոչ մի ներկայացուցիչ չէր եղել։ եվ ես զարմացած եմ, տեսնելով այստեղ, այս վշտի ու պատերազմի մեջ նրանցից մեկին։ Ի՞նչն է քեզ այստեղ բերել։ — Ես Իննից մեկն եմ, որ ճանապարհվեցին Գենդալֆի հետ Իմլադրիսից,— պատասխանեց Լեգոլասը։ — Եվ մենք այստեղ ենք եկել այս թզուկի՝ իմ ընկերոջ, ու Արագորնի հետ։ Եվ հիմա ուզում ենք տեսնել մեր ընկերներին։ Մեզ ասացին, որ Մերիադոքն ու Փերեգրինը քո խնամակալության տակ են։ — Դուք կգտնեք նրանց Բշժկման Տներում, և ես կտանեմ ձեզ այնտեղ,— ասաց Իմրահիլը։ — Այն էլ բավական կլինի, եթե ինչ-որ մեկին կարգադրես, որ առաջնորդի մեզ, տիրակալ,— ասաց Լեգոլասը։ — Որովհետև Արագորնը խնդրել է հաղորդել քեզ, որ չի ուզում նորից մտնել Քաղաք այս ժամին, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հրամանատարների խորհուրդ գումարել, և նա խնդրում է քեզ և Էոմեր Ռոհանցուն անհապաղ իջնել իր վրանը։ Միթրանդիրն արդեն այնտեղ է։ — Հիմա կգնանք,— խոստացավ Իմրահիլը, և նրանք բաժանվեցին քաղաքավարի խոսքերով։ — Նա մեծ տիրակալ է և քաջարի զորավար,— ասաց Լեգոլասը։ — Եթե Գոնդորը դեռ այսպիսի մարդիկ ունի այս մայրամուտի օրերին, ուրեմն, պատկերացնում եմ, թե ինչ փառք է ունեցել իր ծագման օրերին։ — Այո, հին կառույցների պատերն, անկասկած, ավելի վարպետորեն են շարված,— նկատեց Գիմլին։ — Այդպես է լինում ամեն բան, ինչ սկսում են մարդիկ․ ցանում են լավ, հետո գարնանը ցրտահարություն է լինում, ամռանը՝ երաշտ, և բերքը այնպիսին չի լինում, ինչպիսին խոստացված էր։ — Այնուամենայնիվ ամբողջ բերքը չի փչանում,— ասաց Լեգոլասը։ — Փոշու, կեղտի ու փտած տերևների մեջից հանկարծ նոր ծիլ է բարձրանում, և բոլորովին անսպասելի տեղում։ Ոչ, Գիմլի, մարդկանց գործերը մեզանից ավելի երկար կապրեն։ — Այնուամենայնիվ վերջում կլինի միայն ստվերը այն բանի, ինչը կարող էր լինել,— առարկեց թզուկը։ — Դրան էլֆերը պատասխան չունեն,— ասաց Լեգոլասը։ Եկավ իշխանի սպասավորը և առաջնորդեց նրանց Բժշկման Տներ։ Եվ այնտեղ նրանք հանդիպեցին իրենց ընկերներին այգում, և ուրախ էր նրանց հանդիպումը։ Որոշ ժամանակ նրանք զբոսնում ու խոսում էին՝ ուրախանալով կարճ հանգստի և խաղաղության համար առավոտյան երկնքի տակ, և վայելում Քաղաքի վերին օղակների քամոտ, թարմ օդը։ Հետո, երբ Մերին հոգնեց, նրանք նստեցին պատին, որի հետևում գտնվում էր Բժշկման Տների մարգագետինը։ Իսկ հարավում, հեռվում, նրանց առջև արևի տակ փայլում էր Անդուինի ժապավենը, որը հեռանում էր դեպի Լեբինինի ու Հարավային Իթիլիենի կանաչ մեգի մեջ կորած լայնարձակ հովիտներն ու կորչում նույնիսկ Լեգոլասի աչքից։ Եվ Լեգոլասը լռեց՝ նայելով արևոտ հեռուն և տեսավ ծովային ճերմակ թռչուններ, որ սավառնում էին Գետի գլխին։ — Տեսե՛ք,— բացականչեց նա,— Ճայե՛րը, նրանք դեպի երկրի խորքն են թռչում։ Այս զարմանալի թռչուններն անհանգստացնում են հոգիս։ Երբևէ չէի տեսել սրանցից, մինչև Փելարգիր հասնելը, և այնտեղ առաջին անգամ լսեցի նրանց ճիչը, երբ գնում էինք մարտի՝ նավերի համար։ Ու ես կանգ առա՝ մոռանալով Միջերկիրը ցնցող պատերազմի մասին, քանզի նրանց ճչացող ձայները պատմում էին ինձ ծովի մասին։ Ծո՜վ։ Ավա՜ղ, ես այն այդպես էլ չտեսա։ Բայց իմ բոլոր ցեղակիցների սրտի խորքում թաքնված ծովի կարոտ կա, որն արթնացնելը վտանգավոր է։ Է՜հ, ճայեր, ճայեր, չեմ ունենալու ես այլևս հանգիստ անտառում, ո՛չ կաղնու, ո՛չ ծփու տակ։ — Այդպես մի ասա,— առարկեց Գիմլին։ — Միջերկրում դեռ անթիվ անհամար բաներ կան տեսնելու և անելու։ Բայց եթե ողջ զարմանահրաշ ժողովուրդը հեռանա նավահանգիստներ, ապա աշխարհը կդառնա ավելի տխուր նրանց համար, ովքեր դատապարտված են մնալու։ — Այո, չափազանց տխուր,— համաձայնեց Մերին։ — Չէ, Լեգոլաս, դու մի գնա Նավահանգիստ։ Միշտ էլ կգտնվեն ժողովուրդներ, մեծ կամ փոքր, և նույնիսկ մի քանի Գիմլիի պես իմաստուն թզուկներ, որոնց դու պետք ես։ Ամեն դեպքում ես էդպես եմ կարծում։ Թեպետ, ինձ թվում է, որ էս պատերազմի ամենավատը դեռ առջևում է։ Ինչքա՜ն կցանկանայի, որ ամեն ինչ վերջանար և լավ վերջանար։ — Հերիք կռկռաս,— բարկացավ Փիփինը։ — Արևը շողում է, և մենք ամենաքիչը մեկ-երկու օր էլ դեռ միասին կլինենք։ Ես, օրինակ, շատ եմ ուզում լսել ձեր արկածների մասին։ Դե, Գիմլի, սկսիր, դու և Լեգոլասն այս առավոտ արդեն տասնյակ անգամ հիշեցիք Պանդուխտի հետ ձեր արտասովոր ճամփորդության մասին, բայց էդպես էլ կարգին բան չպատմեցիք։ — Այստեղ արևը շողում է, դա իհարկե,— ասաց Գիմլին։ — Բայց այդ ճանապարհի մասին հուշեր կան, որ ես չէի ցանկանա լույս աշխարհ հանել։ Եթե նախապես իմանայի, թե ինչ է սպասում ինձ առջևում, ոչ մի բարեկամություն ինձ չէր ստիպի գնալ Մեռածների Արահետով։ — Մեռածների Արահետո՞վ,— կրկնեց Փիփինը։ — Ես Արագորնից լսել եմ էդ բառերը, և ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ են դրանք նշանակում։ Դե ինչ, կպատմե՞ս էդ մասին։ — Դժկամությամբ,— ասաց Գիմլին։ — Քանի որ այդ ճանապարհին ես, առանց կատակի, ամոթով եղա․ ես՝ Գիմլին, Գլոյնի որդին, որ ինձ մարդկանցից ավելի դիմացկուն և ամուր էի համարում, և գետնի տակ ավելի անվախ, քան ցանկացած էլֆ։ Պարզվեց՝ այդպես չէր, և ինձ այդ ճանապարհին պահում էր միայն Արագորնի կամքը։ — Եվ սերը նրա նկատմամբ,— ավելացրեց Լեգոլասը։ — Որովհետև բոլորը, ովքեր ճանաչում են նրան, սկսում են սիրել, ամենքն իր ձևով՝ նույնիսկ Ռոհիրիմների այդ սառը օրիորդը։ Մենք հեռացանք Դունհորրուից ձեր այնտեղ գալու օրը՝ վաղ առավոտյան, Մերի, և ժողովուրդն այնպիսի սարսափի մեջ էր, որ ոչ ոք նույնիսկ դուրս չեկավ տեսնելու, թե ինչպես ենք մենք հեռանում, բացի օրիորդ Էովինից, ով հիմա պառկած է այստեղ, այս Տանը։ Այդ բաժանումն այնքան տխուր էր, և այնքան ցավալի էր ինձ համար այդ տեսնելը։ — Ավա՜ղ, ես այդ ժամանակ միայն ինձ համար էի ցավում,— հառաչեց Գիմլին։ — Ոչ, ես չեմ ուզում խոսել այդ ճամփորդության մասին։ Նա լռեց, բայց Մերին ու Փիփինն այնքան շատ էին ուզում լսել այդ պատմությունը, որ վերջապես Լեգոլասն ասաց․ — Թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին, բայց միայն այնքան, որքան բավական կլինի, որպեսզի դուք խաղաղվեք։ Ինձ համար այդ ճամփորդությունը սարսափելի չէր, քանզի ինձ չեն վախեցնում անզոր ու փխրուն մարդկային ուրվականները։ Եվ նա արագ պատմեց լեռների միջով ձգվող անիծված ճանապարհի մասին, ուրվականների հետ հանդիպման մասին Էրեխի մոտ, և սրընթաց արշավի մասին, իննսուներեք լիգ դեպի Փելարգիր՝ Անդուինի վրա։ — Աև Քարից հետո մենք անընդհատ սլանում էինք չորս օր ու գիշեր, իսկ հետո և հինգերորդ օրը,— ասաց Լեգոլասը։ — Եվ, հավատու՞մ եք․ որքան ավելի էր խտանում Մորդորից ուղարկված խավարը, այնքան ավելի էի ես հույսով լցվում, քանզի Ուրվականների Զորքն այդ մթնշաղում ասես գնալով ավելի էր ուժեղանում ու ավելի սարսափելի տեսք ընդունում։ Նրանք կրնկակող գալիս էին մեր հետևից՝ ոմանք ընթանում էին ձիերով, մյուսները՝ ոտքով, բայց բոլորն էլ միևնույն արագությամբ էին ընթանում։ Նրանք լուռ էին, բայց նրանց աչքերը սառը փայլում էին։ Լամեդոնի բարձրավանդակում նրանք հասան մեզ ու շրջապատեցին աջ ու ձախ կողմերից, և կանցնեին մեզ, եթե Արագորնը չարգելեր։ Նրա հրամանով նրանք նորից հետ ընկան։ «Նույնիսկ ուրվականային ստվերներն են ենթարկվում նրան»,— մտածեցի ես ու հասկացա, որ եթե ենթարկվում են, ուրեմն նաև կօգնեն։ Առաջին օրը մենք դեռ լույսով էինք գնում, իսկ մյուս օրն այլևս լույսը չբացվեց, բայց մենք շարունակում էինք գնալ․ կտրեցինք անցանք Սիրիլն ու Ռինգլոն և երրորդ օրը մոտեցանք Լինհիրին՝ Գիլրայնի գետաբերանի մոտ։ Այնտեղ Լամենդոնցիները կռվում էին Ումբարից և Հարադից ժամանած զորքի հետ՝ գետանցումների համար։ Եվ երբ մենք մոտեցանք, և՛ պաշտպանները, և՛ հարձակվողները դադարեցրին մարտն ու սարսափահար փախան՝ ճչալով, որ Մեռածների Թագավորը հարձակվել է իրենց վրա։ Միայն Անգբորը՝ Լամեդոնի տիրակալը սիրտ արեց մնալ, և Արագորնը հրամայեց նրան հավաքել իր մարդկանց ու հետևել մեզ՝ չվախենալով Ուրվականային Զորքից։ «Փելարգիրում դու պետք կլինես Իսիլդուրի ժառանգին»,— ասաց նա։ Ադպես մենք կտրեցինք անցանք Գիլրայնը՝ մեր առջևից քշելով Մորդորի դաշնակիցներին, իսկ հետո մի փոքր հանգստացանք։ Սակայն շուտով Արագորնը ոտքի ելավ ու ասաց․ «Տեսե՛ք, Մինաս Թիրիթն արդեն պաշարված է։ Վախենում եմ, որ նախքան մենք օգնության կհասնենք, այն ընկած կլինի»։ Ու այդպես մենք կրկին ճանապարհ ընկանք ու ամբողջ գիշեր սլացանք այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ որ մեր ձիերը կարողանում էին վազել Լեբինինի հարթավայրերով։ Լեգոլասը դադար տվեց ու հառաչեց, ապա, հայացքը մեղմորեն շրջելով դեպի հարավ, երգեց․ <poem>Սելոսից Էուրի է հոսում արծաթե հոսանքըԼեբինինի կանաչ դաշտերում,Տատանվում են ճերմակ շուշանները ծովային քամուց,Եվ բարձր խոտ է այնտեղ աճում։Տատանվում են Ալֆիրինի ու Մալլոսի ոսկե զանգերըԼեբինինի կանաչ դաշտերում՝ Ծովային քամուց։</poem> — Էլֆական երգերում այդ դաշտերը կանաչ են, բայց մեր առջև խտացող խավարի մեջ դրանք մութ, մոխրագույն ու անկյանք էին թվում։ Եվ այդ ընդարձակ երկրում, ուշադրությություն չդարձնելով ծաղիկների ու խոտերին, տրորելով դրանք, մենք հետապնդում էինք մեր թշնամիներին օր ու գիշեր, մինչև վերջապես հասանք ՄԵծ Գետին։ Այն ժամանակ հոգուս խորքում ես մտածեցի, թե հասել ենք Ծովին, քանզի մթության մեջ ջուրը լայնարձակ էր թվում, և անհամար ծովային թռչուններ էին ճչում ափերին։ Այդտեղ ես լսեցի ճայերի ձայնը․ ավա՜ղ։ Գալադրիելը զգուշացրել էր ինձ։ Այդ օրվանից ես նրանց մոռանալ չեմ կարող։ — Իսկ ես նրանց ուշադրություն չդարձրի,— ասաց Գիմլին։ — Քանզի մենք, վերջապես, իսկական կռվի մեջ մտանք։ Այնտեղ՝ Փելարգիրում էր գտնվում Ումբարի գլխավոր նավատորմը՝ հիսուն վիթխարի նավեր, իսկ փոքրերին թիվ ու համար չկար։ Շատերը, ում մենք հետապնդում էինք, մեզանից շուտ էին հասել նավահանգիստներ ու այնտեղ վախ տարածել, և նավերից մի քանիսը նահանջում էին՝ փորձելով փրկվել Գետով ներև լողալով կամ մյուս ափն անցնելով, իսկ մանր նավերից շատերը կրակի էին տվել։ Բայց Հարադցիները քշվելով Գետի ափը ու հասկանալով, որ նահանջելու այլևս տեղ չկա, շրջվեցին ու հուսահատ կատաղությամբ մարտի մեջ մտան, և նրանք ծիծաղում էին, նայելով մեզ, որովհետև դեռ մեծաթիվ ու հզոր զորք էին։ Այդ ժամանակ Արագորնը կանգ առավ ու բարձր ճչաց․ «Ժամանա՛կն է․ Սև Քարի անունով եմ հրամայում եմ ձեզ, առա՜ջ»։ Եվ հանկարծ, Ուրվականային Զորքը, որ գալիս էր մեր հետևից, ծառացավ մոխրագույն ալիքի պես ու քշվեց առաջ՝ իր ճանապարհին մաքրելով ամեն ինչ։ Ես միայն թույլ ճիչեր էի լսում, եղջերափողերի աղոտ կանչեր ու անթիվ անհամար ձայների մրմնջոց․ այդ ամենը Մեծ Խավարի տարիներին տեղի ունեցած և վաղուց մոռացված ինչ-որ ճակատամարտի արձագանք լիներ կարծես։ Մերկացվել էին դժգույն թրերը, բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք դրանք դեռևս սուր էին, որովհետև մեռածներին ոչ մի զենք այլևս պետք չէր․ վախը բավական էր։ Ոչ ոք նրանց չէր դիմադրում: Նրանք բարձրացան ափին կառանված բոլոր նավերի վրա, հետո ջրի վրայով շարժվեցին դեպի խարիսխ գցած նավերը, և բոլոր ծովայինները, խելացնոր սարսափով համակված, իրենց գցում էին ջուրը․ մնացին միայն թիերից շղթայված ստրուկները։ Մենք քշում էինք թշնամիներին դեպի ափ, և նրանք ցրվում էին, ինչպես քամուց քշվող տերևներ։ Հետո, մնացած մեծ նավերի վրա Արագորնը Դունադաններ ուղարկեց, և նրանք հանգստացրին նավերում մնացած գերիներին՝ ազատ արձակելով նրանց ու հորդորելով չվախենալ։ Մինչև այդ մութ օրվա ավարտը ոչ մի թշնամի չմնաց, որ կարող էր մեզ դիմակայել․ մի մասը խեղդվեցին, մյուսները գլխապատառ թռչում էին հարավ՝ հույս ունենալով ոտքով հասնել իրենց երկիր։ Տարօրինակ ու հրաշալի էր թվում ինձ, որ Մորդորի ծրագրերը ձախողում են այդ սարսափազդու խավարի ուրվականները։ Թշնամուն ջարդում էր իր իսկ զենքը։ — Իսկապես տարօրինակ է,— ասաց Լեգոլասը։ — Եվ այդ ժամին ես նայում էի Արագորնին ու մտածում, թե ինչպիսի ահեղ, ահարկու և ամենակարող տիրակալ կարող էր նա դառնալ այդպիսի կամքի ուժով, եթե Մատանին վերցներ իրեն։ Իզուր չէ Մորդորը նրանից վախենում։ Սակայն նրա հոգին ավելի ազնիվ ու մաքուր է, քան Սաուրոնի հասկացությունները․ քանզի մի՞թե նա Լութիենի զարմից չէ։ Այդ ճյուղը երբեք չի չորանա, թեկուզ անցնեն անհամար տարիներ։ — Թզուկներն այդքան հեռուն չեն տեսնում, որ այդպիսի կանխագուշակումներ անեն,— ասաց Գիմլին։ — Բայց Արագորնն այդ օրն իրոք հզոր էր։ Եվ ահա, երբ ամբողջ նավատորմը իր ձեռքում էր, Արագորնն ընտրեց ամենամեծ նավն ու բարձրացավ դրա վրա։ Այնուհետև հրամայեց փչել բոլոր շեփորներից, որ թողել էին թշնամիները, և Ուրվականային Զորքը նահանջեց դեպի ափը։ Այնտեղ նրանք կանգնել էին լուռ, որ տեսանելի չլինեն, միայն այրվող նավերի կարմիր ցոլքն էր արտացոլվում նրանց աչքերում։ Եվ Արագորնը որոտացող ձայնով դիմեց նրանց․ «Լսեցե՛ք այժմ Իսիլուրի ժառանգի խոսքերը։ Ձեր երդումը կատարված է։ Վերադարձեք և այլևս չխաթարեք հովիտների հանգիստը։ Հեռացեք և խաղաղություն գտեք»։ Այդ ժամանակ Մեռյալների Թագավորը կանգնեց իր զորքի առջև, կոտրեց նիզակն ու նետեց մի կողմ։ Հետո ցածր խոնարհվեց ու շրջվեց՝ և Ուրվականների Զորքը քամուց քշվող մշուշի պես արագորեն ցրվեց ու անհետացավ․ և ինձ թվաց, թե ասես արթնացա քնից։ Այդ գիշեր մենք հանգստանում էինք, մինչդեռ մյուսներն աշխատում էին։ Քանզի շատ գերիներ ու ստրուկներ էին ազատ արձակվել, որոնց գերեվարել էին Գոնդորի վրա ավազակային հարձակումների ժամանակ։ Շուտով շատ մարդիկ եկան Լեբինինից ու Էթիրից։ Լամեդոնից եկավ Անգբորը իր ձիավորների հետ՝ ում կարողացել էր հավաքել։ Այժմ, երբ մեռյալների հանդեպ վախը վերացել էր, նրանք եկել էին մեզ օգնելու և տեսնելու Իսիլդուրի ժառանգին՝ այդ անվան մասին լուրերը տարածվել էին, ինչպես հրդեհը խավարում։ Եվ ահա գրեթե հասանք մեր պատմության ավարտին։ Այդ երեկո և գիշերը բազմաթիվ նավեր կահավորվեցին ու լցվեցին անձնակազմերով, և առավոտյան նավատորմը ճանապարհ ընկավ։ Թվում է, թե բավական ժամանակ է անցել, բայց դա ընդամենը երեկ առավոտյան էր՝ վեցերորդ առավոտը Դունհորոուից դուրս գալուց հետո։ Այնուհանդերձ Արագորնը վախենում էր, որ ժամանակ շատ քիչ է մնացել։ «Փելարգիրից մինչև Հարլոնդի նավահանգիստը քառասուն և երկու լիգ է,— ասաց նա։ — Բայց մենք այնտեղ պետք է լինենք վաղը կամ ամեն ինչ կորած է»։ Թիավարում էին այժմ ազատ մարդիկ և աշխատում էին նրանք եռանդով, սակայն, այնուամենայնիվ, մենք դանդաղ էինք բարձրանում Մեծ Գետով, քանի որ գնում էինք հոսանքին հակառակ․ չնայած այն բանին, որ հարավում հոսանքը դանդաղ էր, բայց հակառակի պես քամի չկար։ Սիրտս արդեն սկսել էր վշտանալ, որովհետև թեև մենք հաղթել էինք, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Բայց հանկարծ Լեգոլասը ծիծաղեց։ «Մորուքդ վեր, Դուրինի որդի,— ասաց նա։ — Քանզի ինչպես ասվում է․ երբ ամեն ինչ կորած է, նոր հույս է բացվում»։ Բայց թե ինչ հույս՝ նա չասաց։ Եկավ գիշերը, խավարը խտացավ, և մեր սրտերը վառվում էին անհամբերությունից, որովհետև հեռու հյուսիսում ամպերի տակ կարմիր հրացոլք էր երևում, և Արագորնն ասաց․ «Մինաս Թիրիթն այրվում է»։ Սակայն կեսգիշերին հույսն իսկապես նորից բացվեց։ Էթիրի հմուտ ծովայինները, նայելով հարավ, խոսում էին փոփոխության մասին, որ բերում էր ծովից փչող թարմ քամին։ Դեռ լուսաբացից շատ առաջ կայմավոր նավերը առաագաստ բարձրացրին, և մենք սկսեցինք ավելի արագ լողալ, մինչև լուսաբացի շողերի տակ նավերի քթերը փրփուրից ճերմակեցին։ Եվ այդպես, ինչպես արդեն գիտեք, առավոտյան երրորդ ժամին մենք համընթաց քամու թևով, արևի առաջին ճառագայթների հետ հասանք Մինաս Թիրիթ և, բարձրացնելով մեծ զինադրոշը, ճակատամարտի մեջ մտանք։ Եվ ինչ էլ որ հետո կատարվեր, դա մեծագույն օր էր ու մեծագույն ժամ։ — Այո, ինչ էլ որ հետո կատարվեր, նման մեծ գործերը դրանից չէին արժեզրկվի,— ասաց Լեգոլասը։ Մեծ սխրանք էր Մեռածների Արահետով գնալը և մեծ էլ կմնա, նույնիսկ եթե Գոնդորում չմնա ոչ ոք, որ կերգի այդ մասին հետագա սերունդերի համար։ — Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից,— նկատեց Գիմլին։ — Քանզի Գենդալֆի ու Արագորնի դեմքերը շատ մռայլ էին։Շատ հետաքրքիր է, թե ինչի մասին են նրանք խորհրդակցում այնտեղ՝ վրաններում։ Ես էլ, Մերի պես, շատ եմ ցանկանում, որ մեր հաղթանակով պատերազմը վերջանա։ Բայց և այնպես, ինչ էլ որ որոշվի, ես հույս ունեմ մասնակցել դրանում հանուն Մենավոր Լեռան ժողովրդի և նրանց պատվի։ — Իսկ ես՝ հանուն Մեծ Անտառի էլֆերի,— ասաց Լեգոլասը։ — Եվ հանուն Սպիտակ Ծառի Տիրակալի հանդեպ տածած սիրո։ Բարեկամները լռեցին, բայց դեռ որոշ ժամանակ նստած մնացին վերևում, և ամենքն իր մտքերի հետ էր, մինչդեռ հրամանատարները խորհրդակցում էին։ Բաժանվելով Լեգոլասից ու Գիմլիից, իշխան Իմրահիլն անմիջապես ուղարկեց Էոմերի հետևից, և նրանք երկուսով իջան Քաղաքից ու մոտեցան Արագորնի վրանին, որ գտնվում էր ոչ հեռու այն տեղից, որտեղ ընկավ թագավոր Թեոդենը։ Եվ այնտեղ նրանք խորհրդակցություն սկսեցին Գենդալֆի, Արագորնի և Էլրոնդի որդիների հետ։ — Բարեկամներ,— ասաց Գենդալֆը,— լսեցեք, թե ինչ ասաց Գոնդորի փոխարքան մահից առաջ․ դուք կարող եք այսօր հաղթանակ տանել Պելլենորի դաշտերում, բայց այն ուժի դեմ, որը ելել է մեր դեմ՝ հաղթանակ չկա։ Ես ձեզ կոչ չեմ անում նրա պես ընկնել հուսահատության մեջ, բայց կոչ եմ անում խորհել նրա ասած խոսքերի ճշմարտացիության շուրջ։ Տեսնող Քարերը չեն ստում, նույնիսկ Բարադ-Դուրի տիրակալը չի կարող ստիպել դրանց ստել։ Նա, իհարկե, կարող է ընտրել, թե ինչ պետք է տեսնեն ավելի թույլ միտք ունեցողները կամ ստիպել նրանց սխալ հասկանալ իրենց տեսածի իմաստը։ Այնուամենայնիվ կասկած չի հարուցում, որ Դենեթորի տեսած հսկայական ուժերը, որ հավաքվել են իր դեմ Մորդորում և դեռ շարունակում են ավելանալ, իրականություն են։ Մեր ուժերը հազիվ բավականացրին առաջին խոշոր հարձակումը հետ մղելու համար։ Հաջորդն ավելի մեծ է լինելու։ Դենեթորը հասկացել էր, որ այս պատերազմն անհույս է։ Զենքի ուժով մենք հաղթանակ չենք տանի, անկախ նրանից՝ մնանք պատերի հետևում ու դիմակայենք պաշարում պաշարումի հետևից, թե անցնենք Գետն ու բաց կռվում ջախջախվենք։ Մենք պետք է ընտրենք երկու չարիքներից մեկը․ իհարկե ավելի խելամիտ է փակվել ամրոցներում, ամրացնել պաշտպանությունն ու սպասել հարձակման՝ այդ կերպ երկարաձգելով ընդհանուր ոչնչացումը։ — Ուրեմն դու խորհուրդ ես տալիս մեզ նահանջել Մինաս Թիրիթ կամ Դոլ Ամրոթ և կամ Դունհորու ու նստել այնտեղ, ինչպես երեխաներն ավազե ամրոցներում մակընթացության ժամանա՞կ,— հարցրեց Իմրահիլը։ — Դա նոր խորհուրդ չէր լինի,— պատասխանեց Գենդալֆը։ — Մի՞թե դուք այդ չեք արել Դենեթորի իշխանության օրերին։ Ոչ, ես ասացի, որ այդպես ավելի խելամիտ կլիներ։ Բայց ես ձեզ չեմ հորդորում խելամիտ վարվել։ Նաև ասացի, որ զենքի ուժով հաղթանակի հասնել հնարավոր չէ։ Ես հաղթանակի հույս ունեմ, բայց ոչ զենքով։ Քանզի այս ամեն ինչի հետևում Համիշխանության Մատանին է՝ Բարադ Դուրի հիմքը և Սաուրոնի հույսը։ Այս գործի մասին, բարեկամներ, բոլորդ էլ արդեն բավականաչափ տեղյակ եք՝ մեր և Սաուրոնի վիճակը հասկանալու համար։ Եթե նա վերադարձնի Մատանին՝ ձեր քաջագործություններն ապարդյուն կլինեն, և նրա հաղթանակը կլինի արագ ու ամբողջական՝ այնքան ամբողջական, որ ոչ ոք չի կարողանա գուշակել, թե որքան այն կտևի՝ երևի մինչև այս աշխարհի վերջը։ Եթե Մատանին ոչնչացվի՝ Սաուրոնը կջախջախվի և այնպես կջախջախվի, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե նա երբևէ կվերադառնա։ Քանզի նա կկորցնի իր ուժի գլխավոր մասը, որ ուներ իր գոյության սկզբում, և այն ամենը, ինչ ստեղծվել է այդ ուժով, կոչնչանա։ Թշնամին հավիտյան պարտություն կկրի, կվերածվի չար ու թշվառ մի ոգու, որը կկրծի ինքն իրեն ստվերում՝ ուժ չունենալով նորից աճելու և ձև ընդունելու։ Եվ այդպես կանհետանա այս աշխարհի մեծագույն չարիքը։ Իհարկե այլ չար ուժեր էլ կան, որ կարող են գալ, քանզի Սաուրոնն ինքը ընդամենը սպասավոր է ու պատվիրակ։ Բայց մենք չենք կարող կառավարել այս աշխարհի բոլոր ալեկոծությունները, մենք պատասխանատու ենք միայն մեր ժամանակի համար և պետք անենք ամեն ինչ, որ արմատախիլ անենք չարին մեր դաշտերից, որպեսզի նրանք, ովքեր գալու են մեզանից հետո, մաքուր հողի մեջ իրենց սերմերը ցանեն։ Եվ թե ինչ եղանակ կլինի նրանց մոտ, դա արդեն մեր գործը չէ։ Սաուրոնը գիտե այդ ամենը։ Գիտե նաև, որ իր կորցրած թանկագին իրը գտնվել է, բայց չգիտե, թե որտեղ է այն՝ համենայն դեպս հույս ունենանք, որ չգիտե։ Եվ, հետևաբար, նա այժմ մեծ կասկածների մեջ է։ Որովհետև, եթե մենք գտել ենք այն՝ մեր մեջ կգտնվեն դրան տիրելու համար բավականաչափ ուժ ունեցող մարդիկ։ Նա այդ էլ գիտե։ Մի՞թե ես ճիշտ չեմ կռահում, Արագորն, որ դու նայել ես Օրթհանքի Քարի մեջ ու ներկայացել նրան։ — Ես արել եմ այդ դեռ Հորնբուրգից դուրս գալուց առաջ,— պատասխանեց Արագորնը։ — Որոշեցի, որ ժամանակը եկել է, և որ Քարն ինձ է հասել հենց այդ նպատակով։ Այդ ժամանակ արդեն անցել էր տասը օր, ինչ Մատանու Պահապանը Ռաուրոսից դեպի արևելք թեքվեց, և ես մտածեցի, որ Սաուրոնի աչքը պետք է շեղել իր տիրույթներից։ Իր Աշտարակ վերադառնալուց հետո չափազանց հազվադեպ են նրան մարտահրավեր նետել։ Թեպետ, եթե ես կանխատեսեի, որ նա այդքան արագ կպատասխանի, գուցե և չհամարձակվեի այդ քայլին գնալ։ Ժամանակը չբավականացրեց՝ հազիվ հասցրի ձեզ օգնության հասնել։ — Բայց այդ ինչպե՞ս,— հարցրեց Էոմերը։ — Դու ասացիր, որ եթե Մատանին նրա ձեռքն ընկնի՝ ամեն ինչ կորած է։ Իսկ ինչու՞ նա չի վախենում հարձակվել մեզ վրա՝ իմանալով որ այն մեզ մոտ է։ — Նա դեռ վստահ չէ դրանում,— պատասխանեց Գենդալֆը։ — Եվ չուզեցավ սպասել, որ իր թշնամիները բավականաչափ ուժեղանան, որ կարողանան դիմադրել՝ ինչպես արեցինք մենք։ Բացի դրանից, հաշված օրերի ընթացքում մենք չէինք կարող սովորել օգտագործել Մատանու ողջ ուժը։ Մատանին կարող է միայն մեկ տեր ունենալ և ոչ թե մի քանի՝ ուստի և նա կարծում է, որ մեր միջև վեճեր կառաջանան և մենք կպառակտվենք, նախքան մեզանից մեկը կտիրի դրան և կենթարկեցնի մյուսներին։ Եվ եթե այդ ժամանակ նա հանկարծակի հարձակվի՝ կարող է առավելություն ունենալ։ Նա հետևում է մեզ։ Նա շատ բան է տեսնում և շատ բան լսում։ Նրա Նազգուլները դեռևս սավառնում են երկնակամարում։ Լուսաբացից առաջ նրանք անցան այս դաշտի վրայով, թեև հոգնած քնած մարդկանցից քչերը դա նկատեցին։ Նա ուսումնասիրում է նշանները, որ հրամցվել են իրեն․ վերածնված Թուրը, որի օգնությամբ անցյալում իրենից խլել են իր գանձը, քամին, որ փոխվել ու փչում է մեր օգտին՝ ցրելով խավարը, առաջին հարձակումն ու անսպասելի պարտությունը և իր մեծ զորահրամանատարի անկումը։ Եվ մինչդեռ մենք այստեղ խոսում ենք, նրա կասկածները գնալով աճում են։ Նրա աչքն այժմ լարված այս կողմ է նայում և կույր է մնացած ամեն ինչի նկատմամբ։ Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ այն շարունակի անշեղորեն այստեղ նայել։ Դրանում է մեր ամբողջ հույսը, և իմ խորհուրդը։ Մատանին մեզ մոտ չէ․ իմաստաբար կամ հիմարաբար մենք այն ուղարկել ենք ոչնչացնելու, որպեսզի ինքը չկործանի մեզ։ Առանց դրա մենք չենք կարող նրա ուժի դեմ ուժ բանեցնելով հաղթել նրան։ Սակայն մենք պետք է ամեն գնով նրա Աչքը հեռու պահենք իրական վտանգից։ Զենքի ուժով մենք չենք կարող հաղթանակ տանել, բայց կարող ենք Մատանու Պահապանին տալ թեև փխրուն, բայց միակ հնարավորությունը։ Նշանակում է, պետք է շարունակել այն, ինչ սկսել է Արագորնը։ Մենք պետք է ստիպենք Սաուրունին կատարել իր վերջնական գրոհը։ Նա պետք է դուրս հանի իր ողջ թաքնված ուժերը և դատարկի Սև Երկիրը։ ՄԵնք պետք է անմիջապես գնանք նրան ընդառաջ, պետք է խայծ դառնանք նրա համար, և թող նրա ծնոտները փակվեն մեզ վրա։ Նա կուլ կտա այդ խայծը հույսով ու ագահությամբ՝ մտածելով որ մեր լկտի պահվածքը Մատանու նոր տիրոջ գոռոզության հետևանքն է։ Եվ կմտածի իր համար․ «Ախ այդպե՜ս։ Ժամանակից շուտ չէ՞ գլուխը դուրս հանել մեր նոր տիրակալը։ Թող մոտ գա, և ես նրան ծուղակի մեջ կգցեմ, որից նա այլևս դուրս չի գա։ Ես կոչնչացնեմ նրան, և այն, ինչը նա հանդգնորեն իրենն է հռչակել, կրկին իմը կդառնա՝ այս անգամ հավիտյան»։ Մենք պետք է այդ ծուղակի մեջ ընկնենք կանխամտածված և բաց աչքերով՝ գրեթե առանց ողջ մնալու հույսի։ Որովհետև, բարեկամներ, մեծ հավանականություն կա, որ մենք բոլորս կզոհվենք այդ սև ճակատամարտում՝ շնչող ու ապրող հողերից հեռու։ Եվ նույնիսկ եթե Բարադ-Դուրն ընկնի, մենք կարող ենք չապրել մինչև այդ պահն ու չտեսնել նոր դարաշրջանի առավոտը։ Բայց սա, ես կարծում եմ, մեր պարտքն է։ Եվ ավելի լավ չէ՞ գործել այսպես, քան նստել խորնարհ ու սպասել մահվան՝ առանց նոր դարաշրջանը տեսնելու հույսի․ չէ՞ որ մենք, միևնույնն է, մահից չենք խուսափելու, եթե ոչինչ չանենք։ Որոշ ժամանակ բոլորը լուռ էին։ Վերջապես Արագորնը խոսեց․ — Ես կշարունակեմ իմ սկսածը։ Մենք հասել ենք անդունդի եզրին, որտեղ հույսն ու հուսահատությունը համազոր են։ Տատանվել՝ նշանակում է ընկնել։ Թող այժմ ոչ ոք չմերժի Գենդալֆի խորհուրդը, ում երկարատև պայքարը Սաուրոնի դեմ վերջապես հասել է վերջին, որոշիչ փորձությանը։ Եթե նա չլիներ, վաղուց արդեն ամեն ինչ կորած կլիներ։ Այնուհանդերձ ես ինձ իրավունք չեմ վերապահում հրամայել մյուսներին։ Թող ամեն մեկն ընտրի իր կամքով։ Այնուհետև խոսեց Էլրոհիրը․ — Մենք հյուսիսից այստեղ ենք եկել հենց այդ նպատակով և մեր հորից՝ Էլրոնդից, այս նույն խորհուրդն ենք բերել։ Մենք չենք նահանջի։ — Ինչ մնում է ինձ,— ասաց Էոմերը,— ես քիչ եմ գլուխ հանում այդ խորը հարցերից, բայց դա կարևոր չէ։ Ես միայն գիտեմ, որ կարիքի ժամանակ իմ ընկեր Արագորնն օգնեց ինձ և իմ ժողովրդին, ուստի ես կաջակցեմ նրան, եթե նրան պետք է իմ օգնությունը։ — Իսկ ես,— ասաց Իմրահիլը,— ընդունում եմ Արագորնին որպես իմ տիրակալ, անկախ նրանից, թագադրվել է նա, թե դեռ ոչ։ Եվ նրա ցանկությունն ինձ համար օրենք է։ Ես նույնպես կգամ։ Սակայն ես ժամանակավոր կատարում եմ Գոնդորի փոխարքայի պարտականությունները և պետք է նախ մարդկանց մասին մտածեմ։ Հարկավոր է զգուշություն պահպանել և ամեն ինչի պատրաստ լինել։ Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր դիպվածի, թե չար, թե բարի։ Եթե գեթ մեկ հավանականություն կա, որ մենք կհաղթենք, ապա Գոնդորը չպետք է մնա առանց պաշտպանության։ Ես չէի ուզենա, որ մենք հաղթանակած վերադառնայինք ու ավերակներ գտնեինք քաղաքի փոխարեն և թիկունքում՝ դատարկված հողեր։ Չէ՞ որ Ռոհիրիմներն ասում են, որ թշնամու թարմ զորք է մնացել հյուսիսում։ — Դա ճիշտ է,— ասաց Գենդալֆը։ — Քաղաքն անպաշտպան թողել պետք չէ։ Իրականում այն ուժը, որ պետք է արշավի արևելք, չպետք է բավական մեծ լինի Մորդորի վրա լուրջ հարձակման համար, բայց պետք է լինի այնքան, որ Թշնամին դրան լուրջ վերաբերվի։ Եվ այդ զորքը պետք է արագ շարժվի, ուստի ես հարցնում եմ հրամանատարներին․ ի՞նչ քանակի ուժ մենք կարող ենք հավաքել և ճանապարհ ընկնել ամենաուշը երկու օրվա ընթացքում։ Եվ նրանք պետք է ամուր մարդիկ լինեն, ովքեր սեփական կամքով են գնում՝ իմանալով վտանգի մասին։ — Բոլորը հոգնած են, և շատերն ունեն թեթև կամ ծանր վնասվածքներ,— ասաց Էոմերը։ — Եվ մենք շատ ձիեր ենք կորցրել, որը մեծ հարված է մեզ համար։ Եթե պետք է երկու օրից ճանապարհ ընկնենք, ապա երկու հազար հեծյալ հազիվ հավաքվի, առավել ևս, որ Քաղաքի պաշպանության համար նույնպես պետք է մարդիկ մնան։ — Մենք չպետք է հաշվի առնենք միայն նրանց, ովքեր կռվել են այս դաշտում,— ասաց Արագորնը։ — Հարավային նահանգներից օժանդակ ուժ է գալիս, քանի որ ափամերձ տարածքները մաքրվել են թշնամիներից։ Երկու օր առաջ ես Փելարգիրից չորս հազար մարդ եմ ուղարկել Լոսարնախով այստեղ, և Անգբոր անվախն է առաջնորդում նրանց։ Եթե մենք երկու օր հետո ճանապարհ ընկնենք, ապա նրանք հասած կամ հասնելուց կլինեն։ Բացի դրանից, ես շատերին կարգադրել եմ իմ հետևից Գետով գալ ցանկացած նավով, որ կարող են գտնել, և այս համընթաց քամու շնորհիվ շուտով նրանք այստեղ կլինեն։ Մի քանի նավ արդեն ժամանել են Հարլոնդ։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դեպի Մորդոր տանել յոթ հազար հեծյալ և հետևակ, ընդ որում Քաղաքում թողնել ավելի լավ պաշտպանություն, քան նախքան հարձակումն էր։ — Դարպասն ավերված է,— նկատեց Իմրահիլը։ — Որտեղի՞ց հիմա լավ վարպետներ գտնենք, որ դրանք վերականգնեն։ — Էրեբորում՝ Դաինի թագավորությունում, կան այդպիսի վարպետներ,— ասաց Արագորնը։ — Եթե մեր բոլոր հույսերն իրականանան, ժամանակի ընթացքում ես կխնդրեմ Գիմլիին՝ Գլոյնի որդուն, որ այստեղ բերի Սարամիջի թագավորության լավագույն վարպետներին։ Բայց մարդիկ ավելի հուսալի են, քան դարպասները, և ոչ մի դարպաս չի դիմանա մեր Թշնամուն, եթե մարդիկ լքեն այն։ Դրանով տիրակալների խորհրդակցությունն ավարտվեց․ որոշեցին ճանապարհ ընկնել երկու օր հետո առավոտյան յոթ հազարանոց զորքով, եթե այդքան հավաքվի, և այդ զորքի մեծ մասը պետք է գնար ոտքով․ մութ ու սարսափելի են Մորդորի առջև փռված հողերը, և ձիերի վրա հույս դնել չարժեր։ Արագրոնը պատրաստվում էր իր հետ վերցնել երկու հազար հարավցի, Իմրահիլը՝ երեք հազար հինգ հարյուր ռազմիկ, իսկ Էոմերը՝ հինգ հարյրուր ռոհիրիմներ, որոնք կորցրել էին իրենց ձիերին՝ բայց կռվել կարող էին, և հինգ հարյուր ընտրյալ ձիավորներ։ Ու ևս մեկ հինգ հարյուրանոց ջոկատ հավաքում էին Էլրոնդի որդիները, Դունադաններն ու Դոլ Ամրոթի ասպետները․ բոլորը միասին կազմում էին վեց հազար հետևակ և հազար ձիավոր։ Սակայն ռոհանցիների հիմնական ուժը՝ մարտի պատրաստ մոտ երեք հազար հեծյալ Էլֆհելմի հրամանատարության ներքո, պետք է պահպաներ արևմտյան ճանապարհը Անորիենում մնացած թշնամական զորքերից։ Եվ անմիջապես արագընթաց հեծյալներ ուղարկվեցին հյուսիս՝ նորություններ հավաքելու ու արևելք՝ հետախուզելու Օսգիլիաթից Մինաս Մորգուլ տանող ճանապարհը։ Եվ երբ նրանք վերջացրին իրենց ուժերի հաշվարկը, քննարկեցին գալիք արշավանքն ու քայլերը, որ պետք է ձեռնարկեին, Իմրահիլը հանկարծ բարձր ծիծաղեց։ — Անկասկած սա ամենամեծ կատակն է Գոնդորի ամբողջ պատմության մեջ,— բացականչեց նա։ — Գնալ Մորդոր յոթ հազարանոց զորքով, որքան միայն մեր առաջապահ ջոկատն էր Գոնսդորի հզորության օրերին, և գրոհել Սև երկրի լեռներն ու անանցանելի Դարպասը։ Դա նույնն է, թե փոքրիկ տղան ուռենու ճյուղից ու պարանե աղեղնալարից պատրաստված աղեղով հարձակվի զրահապատ ասպետի վրա։ Եթե Սև Տիրակալն այդքան շատ բան գիտե, ինչպես դու ես ասում, Միթրանդիր, մի՞թե նա չի ծիծաղի մեզ վրա ու չի ճխլի մեզ իր ճկութով՝ ինչպես կճխլեր իրեն խայթել պատրաստվող մոծակին։ — Ոչ, նա կփորձի բռնել այդ մոծակին և պոկել նրա խայթը,— ասաց Գենդալֆը։ — Եվ մեր մեջ կան անձիք, որոնցից յուրաքանչյուրն ավելին արժե, քան հազար զրահապատ ասպետը։ Ոչ, նա չի ծիծաղի։ — Եվ մենք՝ նույնպես,— ասաց Արագորնը։ — Եթե սա կատակ է, ապա այն չափազանց դառն է ծիծաղելու համար։ Ոչ սա վերջին և չափազանց վտանգավոր քայլն է, և այն վերջինը կլինի կողմերից մեկի համար ու կազդարարի խաղի վերջը։ Նա պատյանից հանեց ու Անդուրիլը բարձրացրեց դեպի արևն ու բացականչեց․ — Դու չե՛ս վերադառնա պատյան, քանի դեռ չի ավարտվել վերջին ճակատամարտը։ ====Գլուխ տասը․ Սև Դարպասը բացվում է==== Երկու օր անց Արևմուտքի ողջ բանակը հավաքվել էր Պելլենորի դաշտավայրում։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]