Ուդի անուշ ձայն լսեցի, արդյոք դա՞ էր իմ փնտրածը, թե՞ հուշերս և ցանկություններս իրար խառնած թթու վաճառողին այլևս չկարողանալով դիմանալ՝ միտքս ինձ ելք հուշեց։ Միայն գիտեմ, որ եթե մի քաղաքը շատ եք սիրում, այնտեղ շատ եք զբոսնում, տարիներ անց այդ քաղաքի փողոցները ոչ միայն ձեր հոգին, այլև ձեր մարմինն ինքնըստինքյան կճանաչի, ամենատխուր պահին անգամ ոտքերն իրենք իրենց ձեզ կտանեն դեպի ձեր սիրելի բլուրը։
Այսպիսով, նալբանդ շուկայից դուրս գալով՝ նայեցի Սուլեյմանիյե մզկիթի կողքին դեպի նեղուցը թափվող ձյանը, հյուսիս նայող կտուրների, գմբեթների անկյուններում հյուսիսային սառը քամուց ձյունն արդեն սառել էր։ Քաղաք մտնող մի նավ ինձ փայլուն ողջույն ուղարկեց, իջնող առագաստները նեղուցի մակերեսի մոխրագույնին էին նմանվել։ Կիպարիսր և թխկենին, կաթիլների տեսքը, երեկոյի տխրությունը, ներքևի թաղերի ձայները, վաճառողների և մզկիթի բակում խաղացող երեխաների բղավոցները միանալով գլխումս՝ ստիպում էին զգալ, որ սրանից հետո կյանքս քաղաքից դուրս ոչ մի տեղ չեմ կարող ապրել։ Մի պահ կարծեցի, որ տարիներ առաջմոռացված առաջ մոռացված սիրելիիս դեմքը կհայտնվի աչքերիս առաջ։ Զառիթափով իջա ներքև։ Մտա բազմության մեջ։ Երեկոյան էզանից հետո թոք տապակողի խորտկարանում հաց կերա։ Դատարկ խորտկարանի տիրոջ պատմություններն ուշադիր լսեցի։ Նա ինձ կատվի պես էր նայում ու կերակրում։ Նրանից ներշնչվելով և նրա նկարագրությամբ՝ երբ մութն ընկնելուց հետո Էսիր շուկայի ետևի նեղ փողոցներից մեկը մտա, այնտեղ մի սրճարան գտա։ Ներսում բազմամարդ էր և տաք։ Թավրիզում, իրանյան քաղաքներում դրա նման շատ սրճարաններ էի տեսել, և այնտեղ ոչ թե մեդդահ, այլ փերդեդար կոչվող մի պատմող է վառարանի կողքին, մի քիչ բարձր տեղում նստում։ Մի նկար, հաստ թղթի վրա արագ, բայց հմտորեն արված շան նկար բացեց և կախեց, խոսքի ընթացքում նկարի շանը ցույց տալով՝ իր պատմությունն այդ շան անունից էր անում։