— Ես մամուլի համար չեմ գրել... հետո էր, որ հրատարակեցին,— մրթմրթաց Ռակիտինը, հանկարծ չգիտես ինչու շվարելով ու գրեթե ամոթ զգալով։
— Օ՜, ղա դա հիանալի է։ Ձեզ նման մի մտածող կարող է և նույնիսկ պարտավոր է շատ լայն հայացքով նայել ամեն մի հասարակական երևույթի։ Սրբազան առաջնորդի հովանավորությամբ, ձեր հույժ օգտակար գրքույկը տարածում գտավ և համապատասխան օգուտ բերեց... Բայց ես գլխավորաբար ահա թե ինչ կցանկանայի իմանալ ձեզնից, դուք հենց քիչ առաջ հայտարարեցիք, թե շատ մերձավոր ծանոթն եք եղել օրիորդ Սվետլովայի։ (Nota bene. պարզվեց, որ Գրուշենկայի ազգանունը «Սվետլովա» է։ Առաջին անգամ այդ օրը միայն իմացա այդ բանը, դատավարության ընթացքում)։
— Ես չեմ կարող պատասխան տալ իմ բոլոր ծանոթությունների համար... Երիտասարդ մարդ եմ... և ո՞վ կարող է պատասխան տալ բոլոր նրանց համար, որոնց հետ հանդիպում է,— ուղղակի կրակ կտրեց Ռակիտինը։