Changes

/* VI։ Դատախազի ճառը։ Բնութագրություն */
Շովինիզմի և միստիցիզմի համար նորից երկու֊երեք ծափ լսվեց։ Դե իհարկե, Իպոլիտ Կիրիլովիչը տարվել էր իր ճարտասանությամբ, և այդ ամբողջը շատ էլ կապ չուներ բուն գործի հետ, էլ չխոսելով այն մասին, որ բավական տարտամ բան դուրս եկավ, բայց դե հյուծախտավոր ու մաղձոտած մարդը չափից ավելի էր ցանկանում գեթ մի անգամ իր կյանքում արտահայտել իր մտածածը։ Հետագայում մեզ մոտ ասում էին, որ Իվան Ֆյոդորովիչին բնութագրելիս նա առաջնորդվում էր նույնիսկ աննրբանկատ մի զգացումով, որովհետև Իվանը մեկ կամ երկու անգամ հրապարակավ պապանձեցրել էր նրան վեճի ժամանակ, և Իպոլիտ Կիրիլովիչը, հիշելով այդ բանը, ուզում էր հիմա իր վրեժը լուծել։ Բայց չգիտեմ, կարելի՞ էր արդյոք այդպիսի եզրակացություն անել։ Համենայն դեպս, այդ ամբողջը նախաբան էր միայն, հետո նրա ճառն ավելի ուղղակիորեն առնչվեց գործին։
«Բայց ահա ժամանակակից ընտանիքի հոր երրորդ որդին,— շարունակեց Իպոլիտ Կիրիլովիչը,— մեղադրյալի աթոռին է նա, մեր աչքի առաջ է նա։ Մեր աչքի առաջ են նաև նրա քաջագործոլթյուններըքաջագործությունները, նրա կյանքն ու արարմունքները. հասավ ժամանակը, և ամեն ինչ պարզվեց, ամեն ինչ երևան եկավ։ Ի հակադրություն իր եղբայրների «եվրոպականության» և «ժողովրդական հիմունքներին», նա կարծես իր անձով ներկայացնում է անմիջական Ռուսաստանը. օ՜, ոչ թե ամբողջ Ռուսաստանը, ո՜չ, աստվա՜ծ պահի մեզ, եթե այդպես լիներ։ Եվ սակայն, ահա այստեղ է նա՝ մեր Ռուսաստան մայրիկը, նրա հոտն ենք առնում, նրա ձայնն ենք լսում։ Օ՜, ահա նա անմիջական մարդը, չարիքի ու բարիքի զարմանալի մի խառնուրդ, որ լուսավորության ու Շիլլերի սիրահար է և միաժամանակ մոլեգնում է գինետներում, իր բաժակակից հարբեցողների մորուքներն է պոկում։ Օ՜, նա էլ կարող է պատվական ու հիանալի մարդ լինել, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է լավ ու հիանալի զգում իրեն։ Եվ ավելին, նույնիսկ փոթորկվում է, հենց ուղղակի փոթորկվում է ազնվագույն իդեալներով, բայց միայն այն պայմանով, որ դրանք ինքնաբերաբար ձեռք բերվեն, երկնքից ընկնեն իր սեղանին, և մանավանդ ձրի լինեն, ձրի, ոչինչ չվճարվի դրանց համար։ Սոսկալի չի սիրում վճարել, բայց շատ է սիրում ստանալ, և այդպես է նա ամեն ինչում։ Օ՜, տվեք, տվե՜ք նրան կյանքի ամեն տեսակ բարիքներ (հենց ամեն տեսակ, ավելի էժանը չի գոհացնի նրան), և մանավանդ՝ ոչ մի արգելք մի դնեք նրա բնավորության առաջ, և այն ժամանակ նա կապացուցի, որ ինքն էլ կարող է պատվական ու հիանալի մարդ լինել։ Ագահ չէ նա, ո՜չ, բայց և այնպես փող տվեք նրան, շատ, շատ որքան կարելի է շատ փող, և կտեսնեք, թե ինչպիսի՜ մեծահոգությամբ, անարգ մետաղի հանդեպ ինչպիսի՜ արհամարհանքով ցրիվ կտա այդ փողը մի գիշերվա ընթացքում, սանձարձակ խրախճանքի մեջ։ Իսկ եթե զրկեն նրան փողից, այդ դեպքում նա ցույց կտա, թե ինչպե՜ս կարող է ձեռք բերել, երբ շատ ու շատ է ցանկանում փող ունենալ։ Բայց դրա մասին՝ հետո. այժմ կարգով հետևենք դեպքերին։
Նախ մեր առաջ տեսնում ենք մի խեղճ, լքված մանչուկ, «ետևի բակում՝ առանց կոշիկների», ինչպես քիչ առաջ արտահայտվեց մեր պատվարժան ու հարգելի համաքաղաքացին, որ օտար ծագում ունի, ավա՜ղ։ Կրկնում եմ նորից՝ ոչ ոքի չեմ զիջի մեղադրյալի պաշտպանությունը։ Ես եմ մեղադրողը, ես էլ պաշտպանն եմ։ Այո՜, մենք էլ մարդ ենք, մենք էլ մարդկային արարած ենք, և ընդունակ ենք կշռադատելու, թե բնավորության վրա ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ մանկության ու հարազատ բույնի առաջին տպավորությունները։ Բայց ահա մանչուկը պատանի է արդեն, երիտասարդ է արդեն, սպա. մենամարտի հրավեր կարդալու և անզուսպ արարքների համար նրան աքսորում են մեր բարեշնորհ Ռուսաստանի սահմանային հեռավոր քաղաքներից մեկը։ Այնտեղ ծառայում է նա, այնտեղ էլ խնջույքներ է անում, և անշո՜ւշտ՝ մեծ նավին մեծ տարածություններ են հարկավոր։ Միջոցներ են պետք նրան, փող է պետք ամենից առաջ, և ահա, երկար վեճերից հետո, համաձայնության է գալիս հոր հետ՝ վերջին վեց հազար ռուբլին ստանալու, և ուղարկվում է նրան այդ գումարը։ Նկատեցեք, նա փաստաթուղթ է տալիս, կա նրա նամակը, որով նա գրեթե հրաժարվում է մնացյալից և այդ վեց հազար ռուբլով վերջացնում է ժառանգության համար իր հակամարտությունը հոր հետ։
17
edits