Վերջապես հասան ու դագաղը դրին եկեղեցու մեջտեղը։ Տղաները շրջապատեցին դագաղը և ամբողջ արարողության ընթացքում այդպես բարեվայելուչ կանգնած մնացին։ Հնամենի էր եկեղեցին ու բավական աղքատ, շատ սրբապատկերներ բոլորովին շրջանակ չունեին, բայց այդպիսի եկեղեցիների մեջ մի տեսակ ավելի լավ ես աղոթում։ Պատարագի ժամանակ Սնեգիրյովյը կարծես հանդարտվեց մի քիչ, թեև մերթ ընդ մերթ նույն անգիտակից ու շփոթահար մտահոգությունը տիրում էր նրան, մեկ մոտենում էր դագաղին՝ ծածկույթը կամ փոքրիկ պսակն ուղղելու, իսկ մեկ էլ երբ մոմակալից մի մոմ ընկավ, հանկարծ վազեց տեղը դնելու և սոսկալի երկար զբաղվեց դրանով։ Հետո արդեն խաղաղվեց ու հանգիստ կանգնեց դագաղի գլխակողմը՝ բութորեն մտահոգ ու մի տեսակ վարանող դեմքով։ «Առաքելոցի» ընթերցումից հետո հանկարծ թեքվեց Ալյոշային, որ իր կողքին էր կանգնած, և փսփսաց նրան, որ «Առաքելոցը» այնպես չկարդացին, և սակայն չբացատրեց, թե ինչ էր ուզում ասել։ Երբ «Հրեշտակային» էին երգում, սկսեց ձայնակցել, բայց չշարունակեց մինչև վերջ. ծունկի եկավ, ճակատը սեղմեց եկեղեցու քարե հատակին ու բավական երկար մնաց այդպես։ Ի վերջո սկսեցին թաղման ծիսակատարությունը, մոմեր բաժանեցին։ Վշտացնոր հայրը իրար անցավ նորից, բայց թաղմանական սրտառուչ, հոգեցունց երգեցողությունն սթափեցրեց ու սասանեց նրա հոգին։ Նա հանկարծ կծկվեց մի տեսակ ու սկսեց կողկողել արագ ու կարճ-կարճ հեկեկոցներով, սկզբում զսպելով ձայնը, հետո արդեն բարձրաձայն հեծկլտալով։ Իսկ երբ սկսեցին հրաժեշտ տալ ննջեցյալին ու փակել դագաղը, նա թևերը առաջ նետեց, կարծես չթողնելով, որ ծածկեն Իլյուշային, գրկեց դագաղը և սկսեց արագ-արագ, ագահորեն, առանց պոկվելու համբուրել իր մեռած մանչուկի շրթունքները։ Վերջապես համոզեցին ու իջեցրին նրան պատվանդանից, բայց նա հանկարծ թափով երկարեց ձեռքը և դագաղից մի քանի ծաղիկ վերցրեց։ Սկսեց նայել ծաղիկներին, և կարծես մի նոր միտք ծագեց նրա գլխում, այնպես որ մի րոպե մոռացավ կարծես գլխավորը։ Հետզհետե մտածմունքի մեջ ընկավ մի տեսակ և այլևս չդիմադրեց, երբ դագաղը բարձրացրին ու տարան դեպի գերեզման։
Հեռու չէր փոքրիկ գերեզմանը, բակի մեջ էր, հենց եկեղեցու մոտ, և թանկ էր գինը. գումարը վճարել էր Կատերինա Իվանովնան։ Սովորական ծեսից հետո գերեզմանափորները դագաղն իջեցրին։ Սնեգիրյովը, իր ծաղիկները ձեռքին, այնքան վար թեքվեց բաց գերեզմանի վրա, որ երեխաները, վախեցած, բռնեցին նրա վերարկուից և սկսեցին ետ քաշել։ Բայց նա կարծես լավ չէր հասկանում արդեն, թե ինչ է կատարվում։ Երբ սկսեցին լցնել գերեզմանը, հանկարծ մտահոգ արտահայտությամբ ցույց տվեց թափվող հողը և սկսում էր նույնիսկ մի բան ասել, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ, և ինքն էլ մեկեն լռեց։ Հետո հիշեցրին նրան, որ պետք է հացը փշրի, և նա սոսկալի իրար անցավ, հանեց հացի կտորը և սկսեց մանր-մանր բրդել, փշրանքները շաղ տալով գերեզմանի վրա։ «Դե եկե՜ք թռչնիկներ, դե եկե՜ք, ճնճղուկներ»,— մրմնշում մրմնջում էր նա մտահոգ։ Տղաներից մեկը նկատել տվեց նրան, որ ծաղիկները ձեռքում բռնած դժվար է հացը բրդել, և առաջարկեց, որ դրանք որևէ մեկին տա՝ մի րոպեով պահելու։ Բայց նա չտվեց, նույնիսկ հանկարծ վախեցավ իր ծաղիկների համար, կարծես թե ուզում էին բոլորովին վերցնել դրանք իր ձեռքից, և նայելով գերեզմանին ու ասես համոզվելով, որ արդեն ամեն ինչ արված է, փշրանքներն էլ շաղ են տրված, հանկարծ անսպասելիորեն, նույնիսկ կատարյալ հանգստությամբ դարձավ ու քայլեց դեպի տուն։ Բայց քայլերն ավելի ու ավելի արագ ու աճապարոտ էին դառնում, շտապում էր նա, համարյա վազում էր։ Տղաներն ու Ալյոշան աշխատում էին ետ չմնալ նրանից։
— Ծաղիկները մայրիկի՜ն, ծաղիկները մայրիկի՜ն։ Վիրավորեցինք մայրիկին,— սկսեց բացականչել հանկարծ։ Մեկը գոռաց նրան, որ գլխարկը հագնի, թե չէ ցուրտ է արդեն, բայց չսելով այդ բանը, նա կարծես զայրացած շպրտեց գլխարկը ձյան վրա և սկսեց բացականչել, «Չե՛մ ուզում գլխարկ, չե՛մ ուզում գլխարկ»։ Սմուրովը վերցրեց գլխարկը և տարավ նրա ետևից։ Բոլոր տղաները, առանց բացառության, լաց էին լինում, և ամենից ավելի՝ Կոլյան ու այն տղան, որ Տրովադայի հիմնադիրներին էր հայտնաբերել, ու թեև Սմուրովը, կապիտանի գլխարկը ձեռքին, նույնպես սոսկալի լաց էր լինում, բայց այնուամենայնիվ հասցրեց վազելու ընթացքում գետնից վերցնել աղյուսի մի կտոր, որ կարմրին էր տալիս արահետի ձյան վրա, և նետեց ճնճղուկների երամին, որ արագորեն թռչում - անցնում էր։ Վրիպեց իհարկե, և շարունակեց վազել լաց լինելով։ Ճանապարհի կեսին Սնեգիրյովը կանգ առավ մեկեն, կես րոպե կանգնեց այդպես՝ կարծես մի բանից շշմած, և հանկարծ, ետ դառնալով եկեղեցու կողմը, սկսեց վազել դեպի լքված գերեզմանը։ Բայց տղաները վայրկենապես հասան ու բոլոր կողմերից փաթաթվեցին նրան։ Եվ նա արդեն անզոր, տապալված մարդու նման ընկավ ձյան վրա ու սկսեց գալարվելով, հեծկլտալով, ողբալով աղաղակել. «Հայրի՜կ, Իլյոլշկա՜, անուշի՜կ հայրիկս» Ալյոշան ու Կոլյան ջանացին բարձրացնել նրան, թախանձագին համոզել։