Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 200 բայտ, 14:02, 27 Հուլիսի 2013
/* Գլուխ չորրորդ */
Իմ ազատությունն ստանալուց հետո իմ առաջին խնդիրս այն էր, որ ինձ թույլ տան տեսնելու մայրաքաղաքը՝ Միլդենդոն։ Կայսրը հեշտությամբ տվեց իր հավանությունը, միայն մի հատուկ պայմանով, որ ես ոչ մի վնաս չպատճառեմ բնակիչներին կամ տներին։ Ժողովուրդը հայտարարություններից արդեն տեղյակ էր իմ քաղաք գալու մտադրության մասին։ Քաղաքը շրջապատված է երկու և կես ոտնաչափ բարձրության և առնվազն տասնմեկ մատնաչափ հաստության պարսպով, այնպես որ լծած կառքը հեշտությամբ կարող է պտույտ գործել նրա վրա․ անկյուններում, մեկը մյուսից տասը ոտնաչափ հեռավորության վրա, բարձրանում են խոշոր աշտարակներ։ Քայլելով արևմտյան դռների վրայից՝ ես զգուշությամբ ու կողքով անցա երկու գլխավոր փողոցների միջով, միայն ժիլետ հագած, որպեսզի բաճկոնիս փեշերով չվնասեմ տների կտուրներն ու երիզները։ Ես քայլում էի չորս կողմս նայելով, զգույշ՝ չկոխրտելու համար փողոցներում մնացած մի որևէ շրջմոլիկի, թեև խիստ հրաման կար, որ ոչ ոք տնից դուրս չգա։ Տների կտուրներն ու վերին պատուհանները լիքն էին հանդիսատեսներով և ինձ թվաց, որ իմ ամբողջ ճամփորդության ժամանակ դրանից ավելի մարդաշատ տեղ չէի տեսել։ Քաղաքը քառակուսու ուղիղ ձև ունի և նրա պարիսպների ամեն մի կողմի երկարությունը հինգ հարյուր ոտք է։ Երկու գլխավոր փողոցները, որոնք խաչաձև կտրում են միմյանց և քաղաքը բաժանում չորս թաղի՝ հինգ ոտնաչափ լայնություն ունեն։ Քաղաքը կարող է տեղավորել հինգ հարյուր հազար մարդ։ Տները չորա֊հինգ հարկանի են։ Խանութներն ու շուկաներն ապրանքներով լի։
Կայսեր պալատը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, ուր երկու գլխավոր փողոցները խաչաձևում են միմյանց։ Նա շրջապատված է երկու ոտնաչափ լայնության պարիսպներով, որոնք շինությունից քսան ոտնաչափ հեռավորության վրա են։ Ես նորին կայսերական մեծությունից թույլտվություն ունեի քայլելու այդ պարիսպների վրայով, և պարիսպների ու պալատի միջի տարածությունն այնքան մեծ էր, որ ես հեշտությամբ կարողացա շինությունը չորս կողմից դիտել։ Դրսի բակը քառասուն քառկուսի ոտնաչափ տարածություն ունի և իր մեջ պարունակում է ուրիշ երկու բակ․ միջի բակում գտնվում է թագավորական պալատը, որ ես մեծ ցանկություն ունեի տեսնելու, բայց շատ դժվարացա, որովհետև մի բակը մյուս բակի հետ միացնող գլխավոր մուտքը միայն տասնութ մատնաչափ բարձրություն ունի և յոթ մատնաչափ լայնություն։ Միևնույն ժամանակ մյուս բակի շինությունները հազիվ հինգ ոտնաչափ բարձրություն ունեին և անկարելի էր քայլել նրանց վրայից, առանց զգալի վնաս պատճառելու շենքին, թեև պատերը տաշած և ամուր քարից էին ու չորս մատնաչափ լայնություն ունեին։ Մինչդեռ կայսրը մեծ ցանկություն ուներ, որ ես տեսնեմ նրա պալատի շքեղությունը, իսկ այդ մեր ընդհանուր ցանկությունը ես կարողացա կատարել միայն երեք օրից հետո, երբ ես իմ դանակով կտրատեցի մի քանի հաստ ծառ թագավորական պարտեզի մեջ, որ գտնվում էր մայրաքաղաքից մոտ հարյուր յարդ հեռավորության վրա։ Այդ ծառերից ես շինեցի երկու աթոռ, որոնցից ամեն մեկը երեք ոտնաչափ բարձրություն ուներ, և բավականաչափ ամուր՝ իմ ծանրությունը պահելու համար։ Ժողովրդին երկրորդ անգամ հայտարարելուց հետո, ես նորից անցա մայրաքաղաքի միջով դեպի պալատը՝ երկու աթոռը ձեռքիս։ Երբ ես հասա պալատի մյուս կողմը, բարձրացա աթոռներից մեկի վրա ու մյուսը վերցրի ձեռքս ու տանիքի գլխով զգուշությամբ դրի առաջին և երկրորդ պալատների մեջտեղը, որ միմյանցից ութ ոտնաչափ հեռավորության վրա էին։ Ապա դյուրությամբ քայլելով շինության գլխով մի աթռից մյուսի վրա՝ փայտիս կեռով վերցրի առաջին աթոռը։ Այդ հնարքով ես մտա ներքին պալատը, և, գետնին պառկելով, մոտեցրի իմ երեսը միջին հարկի պատուհաններին, որոնք դիտմամբ բաց էին արել ու դիտեցի ամենից հոյակապ ապարանքը, որ ես կարող էի երևակայել։ Այդտեղ ես տեսա կայսրուհուն ու երիտասարդ իշխանազուններին իրենց օթևանների մեջ, շքախմբերով շրջապատված։ Օգոստափառ կայսրուհին <ref>Օգոստափառ կայսրուհին․ ― Աննա թագուհին է, որը «բարեհոգի, բայց շուտ խաբվող անձնավորություն էր» (Թեյլոր)։</ref> բարեհաճեց ողորմածաբար ժպտալ ու պատուհանից մեկնեց ինձ իր ձեռքը, որը ես համբուրեցի։
Սակայն ես կանգ չպիտի առնեմ հետագա նման նկարագրությունների վրա, թողնելով այդ մի խոշոր երկասիրության, որ գրեթե պատրաստել եմ տպագրության համար և որը պարունակում է այդ կայսրության ընդհանուր նկարագրությունը, սկսելով նրա հաստատության առաջին օրից և անցնելով նրա թագավորների երկար շարքին, պիտի տամ նրա պատերազմների ու քաղաքականության, օրենքների, գիտության ու կրոնի, ինչպես նաև նրա բուսականության ու կենդանիների բնորոշ սովորությունների ու բարքերի մասնավոր տեղեկագրությունը՝ այլ հետաքրքրական ու օգտակար նյութերով հանդերձ։ Ներկայումս իմ գլխավոր նպատակն է միայն պատմել այն դեպքերի ու անցուդարձի մասին, որոնք պատահել են այդ կայսրության մեջ իմ մոտ ինն ամիս այնտեղ եղած միջոցին։
Ադմին, Վստահելի
1876
edits