Changes
:Նրա համար միեւնոյն էր:
:Ա՜յ թէ ագահ էր այդ Սքրուջը: Շորթող ու խարդախ, գծուծ ու կռուարար ծեր մեղսագործ էր նա: Նա սառն ու կարծր էր քարի պէս, եւ դեռ ոչ մէկին չէր յաջողուել խղճի կայծ հանել նրանից: Նա ծածկամիտ էր, ինքնամփոփ ու միայնակ, ինչպէս իր պատեանում թաքնուող ոստրէն: Հոգու սառնութիւնը սառեցրել էր նրա ծերունական դիմագծերը, երկարեցրել սրածայր քիթը, կնճռոտել այտերը, կաշկանդել քայլուածքը, կարմրացրել աչքերը, կապտեցրել բարակ շուրթերը, կոշտացրել ճղճղան ձայնը: Նրա գլուխը, յօնքերը եւ նեղ կզակն ասես սառը եղեամով էին պատած: Այդ սառնութիւնը նա միշտ իր հետ էր կրում: Նոյնիսկ ամառուայ ամենաշոգ օրերին նրա գրասենեակը սառչում էր նրա ներկայութիւնից, իսկ Ծննդեան տօներին նա մէկ աստիճանով անգամ չէր մեղմացնում այդ սառնութիւնը: Շոգն ու ցուրտը չէին մտահոգում Սքրուջին: Ո՛չ տաք եղանակն էր նրան ջերմացնում, ո՛չ էլ ձմռան ցուրտն էր նրան սառեցնում: Ո՛չ մի հողմաշունչ քամի նրա պէս դաժան չէր, ո՛չ մի տեղատարափ ձիւն նրա պէս անգութ չէր, ո՛չ մի յորդառատ անձրեւ նրա պէս անողոք չէր: Վատ եղանակը երբեք չէր ազդում նրա վրայ: Տեղատարափ անձրեւը, կարկուտը, ձիւնը Սքրուջի մօտ կարող էին պարծենալ մի առաւելութեամբ. նրանք յաճախ էին առատօրէն թափւում ներքեւ, իսկ Սքրուջին խորթ էր առատաձեռնութիւնը:
:Նրան երբեք չէին կանգնեցնում փողոցում` ուրախ բացականչելով. “Սքրու՜ջ, սիրելիս, ինչպէ՞ս էք, ե՞րբ էք գալու ինձ տեսութեան”: Ոչ մի մուրացկան նրանից ողորմութիւն չէր խնդրում, ոչ մի երեխայ նրան չէր հարցնում ժամը, եւ ոչ ոք նրան չէր խնդրում ցոյց տալ այս կամ այն ճանապարհը: Նոյնիսկ կոյրերին առաջնորդող շները կարծես ճանաչում էին Սքրուջին եւ երբ հեռուից տեսնում էին նրան, իրենց տէրերին քաշելով տանում էին դէպի բակերն ու մուտքերը եւ պոչը տարուբերելով`կարծես ասում էին. “Տէր իմ, լաւ է աչք չունենալ, քան չար աչք ունենալ”:
:Բայց այս ամէնն արդեօք տխրեցնու՞մ էր Սքրուջին: Այդ հէնց այն էր, ինչ նրան դուր էր գալիս: Նա իր կեանքի ուղին անցնում էր բոլորից խորշելով եւ մարդկային ամէն մի զգացում իրենից հեռու վանելով, եւ ովքեր լաւ ճանաչում էին նրան, ասում էին, թէ նրա նպատակն էլ հէնց այդ է:
:Մի անգամ` տարուայ ամենալաւ օրը` Սուրբ Ծննդեան նախօրէին, ծեր Սքրուջն աշխատում էր իր հաշուապահական գրասենեակում: Ցուրտ, քամոտ ու մառախլապատ եղանակ էր: Սքրուջը լսում էր, թէ ինչպէս են մարդիկ դրսում հազալով ետուառաջ վազում, տաքանալու համար ձեռքերով խփում կրծքին ու ոտքերով դոփում մայթին:
:֊Տասներկուսն անց քառորդ,֊ սկսեց հաշուել Սքրուջը: “Դինգ֊դոնգ”:
:֊Տասներկուսն անց կէս,֊ ասաց Սքրուջը: “Դինգ֊դոնգ”:
:“Դինգ֊դոնգ”:
֊ժամը մէկն է,֊ յաղթանակած ասաց Սքրուջը,֊ եւ ոչ ոք չկայ: Նա այս բառերն արտասանեց նախքան ժամը մէկի ղողանջը, որն այժմ հնչեց թաւ, միապաղաղ, խուլ ու տխուր` ՄԷԿ: