Changes
/* Գլուխ երկրորդ */
Արդեն մի քանի ժամ կար, ինչ նեղվում էի իմ բնական պետքից․ և այդ զարմանալի չէր, քանի որ վերջին անգամ ես թեթևացա համարյա թե երկու օր սրանից առաջ։ Ամոթի զգացումը տեղի էր տալիս սոսկալի կարիքին։ Ամենալավ բանը, որ միտս ընկավ, դա այն էր, որ հարկավոր է ներս մտնել տաճարը․ այդպես էլ արի․ փակելով իմ հետևից նրա դռները, ես անցա շինության խորքը, որքան որ թույլ էին տալիս շղթաները, այդտեղ ազատեցի իմ մարմինն իրեն նեղող ծանրությունից։ Համենայն դեպս դա միակ դեպքն է, երբ ինձ կարելի է մեղաադրել անմաքրասիրության համար, բայց ես իմ հույսը դրել եմ անաչառ ընթերցողի ներողամտության վրա, մանավանդ, եթե նա խելացի և չնախապաշարված կերպով քննի իմ չարաբաստիկ կացությունը, որի մեջ ես գտնվում էի։ Հետագայում վերոհիշյալ պետքս արդեն հոգում էի վաղ առավոտները, բացոթյա, տաճարից հեռու, որքան որ իմ շղթաները թույլ էին տալիս, իսկ այդ նպատակի համար նշանակված երկու ծառան, նախքան հյուրերի գալը, ձեռի սայլերով դուրս էին տանում գարշահոտ առարկան։ Ես այսքան երկար կանգ չէի առնի մի նյութի վրա, որ առաջին տեսքից կարծես կարևոր չէ, եթե անհրաժեշտ չհամարեի հրապարակավ արդարանալ իմ անմաքրություննեերի համար, որ ինչպես ինձ հայտնի է, իմ մի քանի չարակամներ հաճեցին տեղի֊անտեղի կասկածանքի ենթարկել։
Այդ գործը վերջացնելուց հետո ես դուրս եկա փողոց՝ մաքուր օդ ծծելու։ Կայսրն արդեն իջել էր աշտարակից և ձիու վրա մոտենում էր ինձ․ այդ խիզախությունը քիչ մնաց նրան թանկ նստեր։ Թեև ձին շատ մարզված էր, սակայն մի այդպիսի անսովոր երևույթի առաջ, որ նման էր շարժվող լեռան, ձին ետին ոտների վրա ծառս եղավ։ Իսկ կայսրը, որը սքանչելի ձի նստող էր, թամբից չընկավ, մինչև որ նրա ուղեկիցները հասան, բռնեցին սանձը և օգնեցին իրենց տիրոջը ցած իջնել։ Երբ նա ձիուց իջավ, զարմանքով նայեց ինձ ոտից մինչև գլուխ, շղթայից բավականին հեռու կանգնած։ Նա հրամայեց իր խոհարարներին ու մառանապետներին, որոնք արդեն պատրաստ կանգնած էին, որ ինձ կերակուր և խմիչք տան․ և նրանք կերակուրն ու խմիչքը հատուկ սայլերի վրա առաջ մղեցին դեպի ինձ այն հեռավորության, որ ձեռքս հասնի։ Ես վերցրի այդ սայլերն ու անմիջապես պարպեցի․ նրանից քսանը լիքն էին մսեղենով, իսկ տասը՝ խմելիքներով, առաջինները ես կուլ էի տալիս երկու թե երեք պատառով, իսկ խմելիքներից առնում էի տասը աման, լցնում էի մեկի մեջ ու միանգամից կոնծում, և այդպես մինչև վերջ։ Բազկաթոռների վրա, որոշ հեռավորության, նստել էին թագուհին, երիտասարդ արքայազուններն ու դշխուհիները պալատական տիկինների հետ միասին․ կայսեր ձիուն պատահած արկածից հետո նրանք վեր կացան ու շրջպատեցին նորին մեծությանը, որին ես հիմա ուզում եմ նկարագրել։ Հասակով նա իմ եղունգի չափ բարձր էր<ref>Իմ եղունգի չափ բարձր էր բոլոր պալատականներից․ ― Ըստ Սվիֆտի նախնական մտադրության՝ լիլիպուտների կայսրը պիտի հիշեցներ անգլիական թագավոր Գեորգ i֊ին, սակայն նմանությունը տարածվում է միայն նրա բնավորության մի քանի գծերի վրա, այսինքն՝ չափավորության, պարզության և մանավանդ խոշոր ժլատության․ արտաքինով այդ երկու թագավորներն ամենևին նման չեն միմյանց։ Կարճահասակ և անճարակ Գեորգը զուրկ էր որևէ վեհությունից։ Նմանության բացակայությունը մասամբ բացատրվում է Սվիֆտի զգուշությամբ և մասամբ էլ, թերևս, սկզբնական ուրվագիծը քաղաքական երգիծանք դարձնելու փաստով։</ref> իր բոլոր պալատականներից, և դա միանգամայն բավական էր, տեսնողին պատկառանքի երկյուղ ներշնչելու համար։ Նրա արծվաքիթ և ձիթագույն ավստրիական շրթունքներով դեմքը խիստ էր և առնական, կեցվածը՝ քաջարի, մարմնի մասերը՝ համաչափ, շարժումները՝ վայելուչ, իսկ վերաբերմունքը՝ վեհ։ Նրա երիտասարդության առաջին տարիներն անցել էին արդեն․ նա քսանութ և երեք քառորդ տարեկան էր և մոտ յոթ տարի է, ինչ թագավորում էր՝ շատ երջանիկ և մեծ մասամբ հաղթական։ Նրան ավելի լավ տեսնելու համար ես պառկեցի կողքիս, այնպես որ իմ դեմքն նրա դեմքի դիմացն էր, թեև նա կանգնած էր երեք յարդ հեռավորության վրա։ Բացի այդ, ես հետագայում շատ անգամ նրան դրել եմ ձեռքիս վրա, այնպես որ իմ նկարագրության մեջ չի կարող սխալ լինել։ Նրա հագուստը շատ հասարակ էր ու անպաճույճ, տարազը՝ կիսաասիական֊կիսաեվրոպական, իսկ գլխին ուներ մի թեթև, ոսկեձույլ և ակնազարդ սաղավարտ, կատարին՝ մի փետուր։ Նա ձեռքին ուներ մերկ թուր՝ պաշտպանելու համար իրեն, եթե, բան է, ես կտրատեմ իմ շղթաները։ Այդ թուրը մոտ երեք մատնաչափ երկարություն ուներ, իսկ նրա ոսկեպատ կոթն ու պատյանը զարդարված էին ադամանդներով։ Նրա ձայնը զիլ էր, բայց հստակ ու հնչեղ, այնպես որ կանգնած տեղս ես կարողանում էի նրան պարզ լսել։ Տիկիններն ու պալատականներն այնպես էին պճնվել, որ այն տեղը, ուր նրանք կանգնած էին, կարծես թե մի ոսկե և արծաթե նկարներով նախշած շրջազգեստ էին փռել։ Նորին կայսերական մեծությունը հաճախ դիմում էր ինձ հարցերով և ես նրան պատասխանում էի, սակայն մեզանից ոչ ոք մի խոսք չէր հասկանում։ Այդտեղ կային մի քանի քահանաներ և իրավաբաններ (ինչպես ես եզրակացրի նրանց հագուստներից) և նրանց հրամայված էր ներկայանալ ինձ։ Ես խոսեցի նրանց հետ այն բոլոր լեզուներով, որոնց ես քիչ ու շատ ծանոթ էի, ինչպես, օրինակ՝ վերին և ստորին հոլանդերեն, լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն․ բայց այդ ամենն էլ իզուր։ Երկու ժամից հետո արքունիքը գնաց և ինձ թողին խիստ հսկողության տակ, զսպելու համար ամբոխի անպատկառ, գուցե թե և չարամիտ վերաբերմունքը, ամբոխի, որ անհամբեր շրջապատում էր ինձ, ջանալով որքան հնարավոր է մոտենալ, իսկ մի քանի հոգի էլ, երբ ես նստել էի իմ օթևանի դռան մոտ, դեպի ինձ լկտի կերպով նետեր արձակեցին, որոնցից մեկը քիչ մնաց հասներ իմ աչքը։ Գնդապետը դրանցից վեց հոգու ձերբակալեց և, իբրև պատիժ, որոշեց կապոտել ու տալ իմ ձեռքը, որ և հլու հնազանդ կատարեցին զինվորները, իրենց նիզակների բութ ծայրերով նրանց հրելով դեպի ինձ։ Ես բոլորին առա իմ ձեռքի վրա, հինգին դրի բաճկոնիս գրպանը, իսկ ինչ վերաբերում է վեղերորդինվեցերորդին, այնպես ձևացրի, իբրև թե ուզում եմ ես ողջ֊ողջ ուտել։ Խեղճ մարդը գոռաց ահաբեկ, իսկ գնդապետն ու սպաները սաստիկ վրդովվեցին, մանավանդ երբ տեսան գրչահատս հանելիս։ Բայց ես շուտով նրանց հանգստացրի․ գուրգուրանքով նայելով նրան, ես անմիջապես արձակեցի կապկպող թոկերն ու զգուշությամբ նրան դրի գետնի վրա, և նա իսկույն փախավ։ Նույնն արի և մյուսների հետ՝ մեկ֊մեկ հանելով իմ գրպանից։ Եվ ես նկատեցի, որ զինվորներն ու ժողովուրդը շատ գոհ մնացին իմ այդ գթասիրտ վերաբերմունքից, որ հետո արքունիքում ինձ շատ պետք եկավ։
Գիշերը վրա հասնելուց հետո, բավական դժվարությամբ ես մտա իմ տունը, ուր պառկեցի գետնի վրա քնելու․ և այդպես շարունակեցի մոտ երկու շաբաթ․ այդ ժամանակամիջոցում կայսրը հրամայել էր, որ ինձ համար մի անկողին պատրաստեն։ Կառքով բերին իմ տունը վեց հարյուր սովորական մեծության ներքնակ․<ref>Վեց հարյուր ներքնակ․ ― Գուլիվերի ներքնակի տարածությունը, որ հավասար է լիլիպուտների 150 ներքնակի տարածությանը, համապատասխանում է սկզբից ևեթ ընդունված հարաբերությանը՝ 12֊ը՝ 1֊ին (12x12=144)։ Եվ Գուլիվերը միանգամայն արդարացի կերպով է գանգատվում իր անկողնու կոշտության համար, որովհետև հարկավոր էր միմյանց վրա փռել ոչ թե չորս, այլ 12 ներքնակ։</ref> դրանցից հարյուր հիսունը կարած էր միմյանց ըստ լայնության ու երկարության և չորս տակ արած, և հարմար էր ինձ համար, բայց իր կոշտությամբ շատ քիչ էր տարբերվում հատակից, որ ամբողջովին ողորկ քարից էր։ Նույն հաշվով պատրաստել էին սավանը, վերմակն ու ծածկոցը, որոնք միանգամայն տանելի էին ինձ պես վաղուց զրկանքների սովոր մի մարդու համար։ Հենց որ իմ գալու լուրը տարածվեց թագավորության մեջ, մեծ քանակությամբ հարուստ, պարապ և հետաքրքիր ժողովուրդ հավաքվեց ինձ տեսնելու համար․ այնպես որ գյուղերը համարյա թե դատարկվեցին, և մեծ թշվառություն կառաջանար գյուղատնտեսական և առտնին գործերի մեջ, եթե նորին կայսերական մեծությունը մի քանի հայտարարություններով ու հրամանով այդ անպատեհության առաջը չառներ։ Նա հրամայեց, որ նրանք, որոնք արդեն տեսել են ինձ, վերադառնան տուն և առանց արքունիքի թույլտվության չհամարձակվեն հիսուն յարդից ավելի մոտենալ իմ տանը, որ պետական պաշտոնյաներին զգալի արդյունք տվեց։