Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

7 bytes removed, 20:42, 31 Հուլիսի 2013
/* Գլուխ երկրորդ */
Նախ և առաջ, Հսկա Լեռ֊Մարդու (այդպես եմ թարգմանում Քուիբուս Ֆլեստրին բառերը) վերարկուի աջ գրպանում, մանրազնին խուզարկությունից հետո, մենք գտանք միայն կոշտ կտավի մի մեծ կտոր, որ կարող է ձերդ մեծության գլխավոր շքասենյակում գորգի տեղ ծառայել։ Ձախ գրպանում մենք տեսանք մի վիթխարի արծաթե արկղ, նույն մետաղից շինած կափարիչով, որ մենք՝ խուզարկուներս չկարողացանք բարձրացնել։ Մենք պահանջեցինք բաց անել արկղը և մեզանից մեկը մտավ ներս ու մինչև ծունկը խրվեց մի տեսակ փոշու մեջ, որի մի մասը մեր երեսին դիպչելով՝ ստիպեց մեզ երկուսիս իրար վրա մի քանի անգամ փռշտալ։ Բաճկոնի աջ գրպանում մենք գտանք մի ահագին հակ, մոտ երեք մարդու հաստությամբ, մեջը սպիտակ բարակ նյութեր, մեկը մյուսի վրա դարսած, ամուր թոկերով միմյանց կապած և սև նշաններով նախշած, որոնք, մեր համեստ ենթադրությամբ, գրություններ են և որոնց ամեն մի տառը համարյա թե մեր ձեռքի ափի կեսի չափ է։ Ձախ գրպանում կար մի տեսակ գործիք, որի կողքին տնկած է քսան հատ ձող, ձերդ մեծության պալատի դիմացի ցանկապատը հիշեցնող․ դրանով, մեր ենթադրությամբ, Լեռ֊Մարդը սանրում է իր գլուխը, մենք նրան միշտ չէինք նեղում մեր հարցերով, որովհետև մենք գտնում էինք, որ շատ դժվար է նրան մի բան հասկացնել։ Նրա միջին ծածկոցի (այդպես եմ թարգմանում րանֆուլո բառը, որով նրանք ուզում էին ասել ― անդրավարտիք) աջ կողմի մեծ գրպանում մենք տեսանք մի մարդահասակ, խոռոչավոր երկաթե գերան, կպցրած մի կտոր ամուր տախտակից, որ ավելի մեծ է, քան գերանը, գերանի կողքին կար դուրս ցցված մի մեծ կտոր երկաթ, տարօրինակ ձևով տաշած, որ մենք չիմացանք, թե ինչ բան է։ Ձախ գրպանում էլ կար դրա նման մի ուրիշ գործիք։ Աջ կողմի փոքրիկ գրպանում կար սպիտակ և կարմիր գույնի մետաղի մի քանի կլոր և տափակ կտոր, տարբեր մեծության․ սպիտակներից մի քանիսը, որ կարծես թե արծաթ լինեին, այնքան մեծ էին ու ծանր, որ իմ ընկերն ու ես հազիվ կարողացանք բարձրացնել։ Ձախ գրպանում կար երկու հատ անկանոն ձևի սյուն․ մեր ձեռը չկարողացավ այնքան էլ հեշտ կերպով հասնել նրանց ծայրին, քանի որ կանգնած էինք գրպանի հատակում։ Սյուներից մեկը կարծես թե ամբողջովին ձուլված էր, իսկ մյուսի վերին ծայրին կար սպիտակ գույնի մի կլոր մարմին, որ մեր գլխից մոտ երկու անգամ ավելի մեծ էր։ Նրանցից ամեն մեկի մեջ կար պողպատի մի ահագին շերտ․ ենթադրելով, որ դա կարող է վտանգավոր զենք լինել, մեն՝ք հրամայելով ստիպեցինք նրան, որ մեզ ցույց տա։ Հանելով պատյաններից, նա բացատրեց մեզ, որ իրենց երկրում դրանցից մեկը գործ են ածում երես սափրելու, իսկ մյուսը՝ միս կտրատելու համար։ Բացի այդ ուրիշ երկու գրպան էլ կար, ուր մենք չկարողացանք մտնել, այդ գրպանները նա անվանում էր ժամացույցի գրպաններ․ դրանք նրա միջին ծածկոցի վերին մասում շինած և նրա փորի ճնշումից խիստ սեղմված երկու նեղ ճեղքեր էին։ Աջ գրպանից կախված էր արծաթե մի մեծ շղթա, իսկ հատակին կար մի զարմանալի մեքենա։ Մենք պահանջեցինք, որ այդ շղթայի ծայրին կպցրած բանը հանի, որ նման էր մի գնդի, որի կեսը արծաթ էր, իսկ մյուս կեսը՝ թափանցիկ մետաղի պես մի բան։ Թափանցիկ կողմի վրա մենք տեսանք տարօրինակ նշաններ՝ շրջանաձև դասավորված, և ուզեցինք ձեռք տալ և տեսանք, որ մեր մատները կանգ առան այդ պսպղուն իրի վրա։ Լեռ֊Մարդը մեր ականջին մոտեցրեց այդ մեքենան, որը ջրաղացի պես անընդհատ աղմուկ էր հանում։ Մենք ենթադրում ենք, որ դա կամ մի անծանոթ կենդանի է, կամ մի աստված, որին նա պաշտում է, բայց մենք հակամետ ենք վերջինին, որովհետև նա մեզ հավատացրեց (եթե նրան ճիշտ հասկացանք, որովհետև նա շատ թերի էր արտահայտվում), որ նա հազիվ է մի որևէ բան անում, առանց նրա խորհրդի։ Նա այդ առարկան համարում էր իր պատգամախոսը, և ասում է, որ ցույց է տալիս իր կյանքի ամեն մի քայլափոխի ժամանակը։ Ձախ գրպանից նա հանեց մի ցանց, որ գրեթե ուռկանի մեծություն ունի և կարելի է փոքր քսակի նման բաց անել և փակել, և ծառայում է նրան նույն նպատակի համար։ Այդ ցանցի մեջ մենք գտանք մի քանի հատ դեղին մետաղի ձույլ կտոր, որոնք, եթե իսկական ոսկուց են, ապա պիտի հսկայական արժեք ունենան։
Այս ամենից հետո, հնազանդ ձերդ մեծության հրամանին, ուշի ուշով խուզարկելով նրա բոլոր գրպանները, մենք նրա մեջքին նկատեցինք մի գոտի, որ շինած էր մի ինչ֊որ վիթխարի կենդանու կաշուց և որից, ձախ կողքին, կախված էր մի թուր՝ հինգ մարդու երկարությամբ․ աջ կողքին կախված էր մի տոպրակ կամ պայուսակ, երկու խորշի բաժանված, իսկ ամեն մի խորշի մեջ կարող են ձերդ մեծության հպատակներից երեք հոգի տեղավորվել։ Այդ խորշերից մեկի մեջ կային բազմաթիվ ծանրակշիռ մետաղյա գնդեր, գրեթե մեր գլխի չափ և բարձրացնելու համար մեծ ուժ պահանջող․ մյուս խորշն իր մեջ պարունակում էր մի տեսակ սև հատիկներ, բայց ոչ այնքան մեծ ու ծանր, որովհետև մենք կարողացանք դրանցից մոտ հիսուն հատ տեղավորել մեր մեր բռի մեջ։
Այս է ճիշտ ցուցակը այն ամենի, ինչ որ մենք գտանք Լեռ֊Մարդու մարմնի վրա, որը խուզարկության ժամանակ մեզ հետ վերաբերվեց շատ քաղաքավարի և ձերդ մեծության հրամանատարների հետ հարգանքով վարվեց։ Ստորագրված և կնքված է ձերդ մեծության բարեբախտ թագավորության ութսուննիներորդ լուսնի չորրորդ օրը։
Ադմին, Վստահելի
1876
edits