Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 297 518 բայտ, 12:43, 3 Օգոստոսի 2013
==Չորրորդ մաս — Ճանապարհորդուցյուն դեպի Հուիհընհընմների երկիրը==
 
==Գլուխ առաջին==
 
:Հեղինակը ճանապարհ է ընկնում իբրև նավի կապիտան։ Նավաստիները դավադրում են նրա դեմ, երկար ժամանակ փակում է իր կաբինի մեջ ու մի անհայտ երկրում ափ իջեցնում։ Նա գնում է երկրի ներսը։ Եհուների, կենդանիների այդ օտարոտի ցեղի նկարագրությունը։ Հեղինակը հանդիպում է երկու հուիհընհընմի։
 
Կնոջս ու երեխաներիս հետ միասին ես տանը մնացի մոտ հինգ ամիս, և ինձ երջանիկ կհամարեի, եթե վերջապես ըմբռնեի, թե ինչ բան է երջանկությունը։ Ես թողի իմ թշվառ կնոջս հղի վիճակում և ընդունեցի շահավետ առաջարկություն՝ դառնալ Էդվենչի նավի կապիտանը, մի առևտրական խոշոր նավի, որ 350 տոննա տարողություն ուներ։ Ես հիանալի կերպով ուսումնասիրել էի ծովագնացությունը, և ձանձրացած լինելով վիրաբույժի պաշտոնից, որոշեցի չհրաժարվել և հանգամանքից օգտվելով զբաղվել նաև այդ գործով։ Ես նավ հրավիրեցի մի երիտասարդ հմուտ բժկի՝ ոմն Ռոբերտ Պյուրիֆոյ։ 1710 թվի սեպտեմբերի 7֊ին մենք մեկնեցինք Պորտսմուտից։ 14֊ին Տեներիֆում մենք հանդիպեցինք բրիստոլցի կապիտան Պոկոկկին, որն ուղևորվում էր Կամպեշի ափերը՝ կարմիր փայտ կտրելու։ Բայց 16֊ին սկսած փոթորիկը նրան բաժանեց մեզանից․ վերջապես ես լսեցի, որ նրա նավը խորտակվել է և ազատվել է միայն կաբինի մի սպասավոր։ Կապիտանը պարկեշտ մարդ էր և հմուտ ծովագնաց, բայց մի փոքր համառ․ նրա այդ պակասությունը դարձավ թե՛ իր և թե՛ ուրիշ շատ֊շատերի կործանման պատճառ։ Եթե նա իմ խորհրդին հետևեր, հիմա երևի ինձ պես իր ընտանիքի հետ միասին ողջ և առողջ տանը կլիներ։
 
Նավի վրա ջերմախտից ես մի քանի մարդ կորցրի, ուստի ստիպված էի պակասը լրացնել Բարբադոսից և Անտիլյան մյուս կղզիներից, ուր ես կանգ էի առնում՝ համաձայն ինձ պաշտոնի հրավիրած առևտրականների հրահանգների։ Բայց ես շուտով դրա համար զղջացի, որովհետև հետագայում իմացա, որ նրանց մեծագույն մասը ելուզակներ են։ Նավի վրա ես հիսուն մարդ ունեի, և ինձ կարգադրված էր, որ Հարավային օվկիանոսում հնդիկների հետ առևտուր անեմ և ուսումնասիրրեմ այդ կողմերը։ Այդ անզգամները հորդորելով մնացած նավաստիներին, դավադրություն սարքեցին նավին տիրանալու և ինձ ձերբակալելու համար։ Մի օր առավոտյան նրանք կատարեցին իրենց մտադրությունը՝ ներս թափվեցին իմ կաբինը, կապկպեցին իմ ոտքն ու ձեռքը և սպառնացին ինձ ծովը նետել, եթե ես փորձեմ դիմադրություն ցույց տալ։ Ես ասացի, որ նրանց գերին եմ և անձնատուր եմ լինում։ Նրանք ինձ ստիպեցին երդվել, որից հետո արձակեցին իմ կապանքները, միայն մի ոտքս շղթայով կապեցին մահճակալից և իմ դռան առաջ հրացանը պատրաստ մի պահակ դրին, որին հրամայեցին կրակել ինձ վրա, եթե ազատվելու փորձ անեմ։ Նրանք ինձ ուտելիք և խմելիք ուղարկեցին և նավի ղեկավարությունն իրենց ձեռքն առան։ Նրանց նպատակն էր ծովահեն դառնալ և իսպանացիներին կողոպտել, սակայն նրանք չկարողացան այդ գործով զբաղվել, որովհետև սակավաթիվ էին։ Ուստի նրանք նախ և առաջ որոշեցին վաճառքի հանել նավի ապրանքները և ապա գնալ Մադագասկար կղզին՝ մարդկանց պակասը լրացնելու, որովհետև նրանցից շատերը, իմ ձերբակալությունից հետո, մեռել էին։ Նրանք մի քանի շաբաթ ծովով ճանապարհ գնացին և առևտուր արին հնդիկների հետ, բայց թե ի՞նչ ուղղություն էին բռնել՝ ես չիմացա, որովհետև ինձ փակել էին կաբինի մեջ որպես բանտարկյալ և ամեն րոպե սպառնում էին հրացանազարկ անել։
 
1711 թվի մայիսի 9֊ին մի ոմն Ջեմս Ուելս իմ կաբինը եկավ ու ասաց, որ նա կապիտանից հրաման ունի ինձ ափ իջեցնելու։ Ես փորձեցի հակաճառել, բայց իզուր, նա նույնիսկ չուզեց ասել, թե ո՞վ է նրանց նոր կապիտանը։ Նրանք ինձ մի լաստանավ նստեցրին, թույլ տալով, որ հագնեմ իմ լավագույն և նոր հագուստը և վերցնեմ մի փոքրիկ կապոց սպիտակեղեն , իսկ իմ զենքերից միայն մի սուր։ Նրանք այնքան սիրալիր եղան, որ չխուզարկեցին իմ գրպանները, ուր ես ունեի մի քիչ դրամ և այլ մանր հարկավոր իրեր։ Նավից մոտ մեկ լիգ հեռանալով նրանք ինձ ծովափ իջեցրին։ Ես խնդրեցի , որ ասեն, թե ինչ երկիր է դա։ Նրանք երդվեցին, թե իրենք ավելին չգիտեն, քան ես, և ասացին, որ կապիտանը (ինչպես անվանում էին նրան) որոշել էր ապրանքները ծախելուց հետո ազատվել ինձնից՝ հենց որ մի ցամաք երկիր տեսնեին։ Նրանք անմիջապես հեռացան ափից՝ խորհուրդ տալով, որ մի փոքր աճապարեմ, որպեսզի ծովի մակընթացությունը չհասնի ինձ, և բարի ճանապարհ մաղթեցին։
 
Այդ աննախանձելի վիճակում ես իմ քայլերն ուղղեցի դեպի առաջ և շուտով հասա մի բլրակի, նստեցի այնտեղ՝ հանգիստ առնելու և մտածելու, թե ի՞նչ անեմ։ Հանգիստը մի փոքր կազդուրեց իմ ուժերը, և ես քայլերս ուղղեցի դեպի երկրի ներսը, որոշելով անձնատուր լինել առաջին հանդիպած վայրենուն ու գնել իմ կյանքը նրանից՝ տալով մի քանի ապարանջան, օղակաձև ապակիներ և անարժեք զարդեր, որ սովորաբար ծովագնացները ճանապարհորդուցյան ժամանակ ունեն իրենց գրպանում և որոնցից մի քանի հատ էլ ինձ մոտ կար։ Այդ վայրը բաժանված էր ծառերի երկար շարքերով, բայց ոչ կանոնավոր տնկած, այլ վայրի աճած․ կային խոշոր մարգագետիններ և գարու արտեր։ Ես զգույշ առաջ էի գնում, վախենալով, որ հանկարծակիի չգամ, որ ինձ թիկունքից կամ մի այլ կողմից նետով չզարկեն։ Ես ընկա մի բանուկ ճանապարհ և նկատեցի մարդկային ոտքերի բազմաթիվ հետքեր․ բայց ավելի շատ ձիերի հետքեր։ Վերջապես դաշտում ես տեսա ինչ֊որ կենդանիների․ մի երկուսն էլ նստել էին ծառերի վրա։ Դրանց վերին աստիճանի տարօրինակ և այլանդակ տեսքը մի փոքր շփոթեցրեց ինձ, ուստի ես պառկեցի մի թփի տակ՝ ավելի լավ դիտելու համար։ Նրանցից մի քանիսը մոտեցան այն տեղին, ուր ես էի պառկել, և հնարավորություն տվին ինձ ավելի որոշակի դիտելու իրենց կերպարանքը։ Նրանց գլուխն ու կուրծքը ծածկված էին խիտ մազերով, մի քանիսներինը՝ գանգուր, մյուսներինը՝ հարթ․ նրանց մորուքը նման էր այծի մորուքի․ նրանց մեջքն ու թաթերի առաջին մասերը պատած էին շերտ֊շերտ մազերով, իսկ մարմնի մյուս մասերը լերկ էին, այնպես որ ես կարողանում էի տեսնել նրանց մորթը, որ մուգ դարչնագույն էր։ Նրանք պոչ չունեին, իսկ նրանց հետույքը մերկ էր, բացառությամբ այն տեղի, ուր հետին անցքն էր․ թվում է, որ բնությունն այդ տեղը պատել է մազերով, գետնին նստած ժամանակ պաշտպանելու համար․ այդ արարածները նստում էին, պառկում և հաճախ կանգնում իրենց հետին թաթերի վրա։ Նրանք սկյուռի ճարպկությամբ մագլցում էին բարձր ծառերի վրա, որովհետև իրենց հետին և առաջին թաթերին ունեին սրածայր և կեռ ճանկեր։ Նրանք հաճախ զարմանալի ճկունությամբ թռչկոտում էին և մագլցում ամենաբարձր ծառերը։ Էգերն ավելի փոքր էին, քան արուները․ նրանց գլխի մազերը երկար էին, իսկ դեմքերը՝ մաքուր, միայն մարմնի մի քանի մասերը ծածկված էին բարակ աղվամազով, բացի հետույքի անցքն ու ամոթալի տեղերը․ նրանց ծծերը կախված էին առաջին թաթերի միջև և հաճախ, երբ նրանք չորեքթաթ անելով սողում էին՝ այդ ծծերը համարյա թե դիպչում էին գետնին։ Երկու սեռն ուներ տարբեր գույնի մազեր՝ դարչնագույն, կարմրագույն, սևագույն և ոսկեգույն։ Մի խոսքով իմ բոլոր ճանապարհորդուցյունների ընթացքում չէր պատահել ավելի զզվելի կենդանի, որ առաջին իսկ հայացքից կարողանար ինձ այդչափ նողկանք պատճառել։ Մտածելով, որ հարկավոր չափով դիտեցի նրանց, ես, զզվանքով ու գարշանքով լցված, շարունակեցի իմ ճանապարհը մի որևէ հնդիկի խրճիթ գտնելու հուսով։ Մի փոքր անց ես հանդիպեցի այդ արարածներից մեկին, որ ուղղակի դեպի ինձ էր գալիս։ Այլանդակ ճիվաղը երբ նկատեց ինձ ծամածռեց դեմքը և աչքերը սևեռեց վրաս, կարծես թե առաջին անգամն էր տեսնում ինձ նման մի մարդու․ ապա մոտեցավ ու բարձրացրեց իր առաջին թաթը՝ միայն չհասկացա՝ հետաքրքրությունի՞ց դրդված, թե՞ չարամտությունից։ Ես հանեցի իմ սուրն և նրա տափակ կողմով ուժեղ խփեցի նրան, որովհետև չուզեցի զարկել սուր բերանով, վախենալով, թե միգուցե այդ երկրի բնակիչները գրգռվեն իմ դեմ, երբ իմանան, որ ես իրենց կենդանիներից մեկին սպանել եմ կամ վնասել։ Այդ անասունը ցավից ետ փախավ ու ճչաց այնքա՜ն բարձրաձայն, որ հարևան դաշտից վրա վազեց մի ամբողջ հոտ՝ մոտ քառասուն նրա նման արարածներ, որոնք ոռնալով ու դեմքերը ծամածռելով շրջապատեցին ինձ։ Ես ետ քաշվեցի դեպի ծառի բունը և մեջքս հենելով՝ սկսեցի թափահարել սուրս, չթողնելով, որ մոտենան ինձ։ Այդ անիծյալ ճտերից մի քանիսը հետևիցս բռնեցին ծառի ճյուղերն ու բարձրանալով ծառի վրա, սկսեցին այնտեղից արտաթորել ուղիղ իմ գլխին։ Ես հաջող կերպով խույս էի տալիս՝ կպչելով ծառի բնին, բայց ամեն կողմից թափվող կղկղանքի հոտը քիչ մնաց, որ շունչս կտրեր։
 
Այդ տառապալի վիճակի մեջ նկատեցի, որ հանկարծ ամենքն էլ սկսեցին փախչել։ Այն ժամանակ ես որոշեցի հեռանալ ծառի մոտից ու շարունակել իմ ճանապարհը, միևնույն ժամանակ չիմանալով, թե ինչի՞ց նրանք այդքան սարսափեցին։ Սակայն դեպի ձախ նայելով, ես նկատեցի մի ձի, որ հանդարտ կերպով քայլում էր դաշտում․ նրանց փախուստի պատճառն այդ ձին էր, որին մի փոքր առաջ ինձ հետապնդողները նկատել էին։ Մոտենալով ինձ, ձին մի փոքր ցնցվեց, բայց շուտով ուշքի եկավ ու սկսեց զարմանքով լի արտահայտությամբ նայել ուղղակի իմ դեմքին։ Նա ուշադրությամբ դիտեց իմ ձեռքերն ու ոտքերը և մի քանի անգամ պտտվեց շուրջս։ Ես ուզում էի շարունակել ճանապարհս, բայց նա կտրեց իմ ուղին և հեզահամբյուր տեսքով նայեց ինձ, չունենալով ամենևին բռնություն գործելու որևէ մտադրություն։ Այդպես մնացինք մի առժամանակ, մեր աչքերը միմյանց հառած, վերջապես ես համարձակվեցի իմ ձեռքը մեկնել նրա բաշին, նրան շոյելու մտադրությամբ, դիմելով ժոկեյների սովորական միջոցներին ու սուլոցներին, երբ նրանք ուզում են ընտելացնել մի որևէ անծանոթ ձի։ Բայց կենդանին, ըստ երևությին, իմ այդ փաղաքշանքն ընդունեց արհամարհանքով, թափահարեց իր գլուխը, հոնքերը կիտեց և հանդարտորեն բարձրացնելով իր առաջի աջ ոտքը, ետ հրեց իմ ձեռքը։ Ապա նա երեք թե չորս անգամ վրնջաց, բայց այնպիսի տարբեր ելևէջներով, որ սկսեցի մտածել, թե մի գուցե նա խոսում է իրենց սեփական լեզվով։
 
Երբ ես ու նա այդ դրությամբ էինք, մեզ մոտեցավ մի ուրիշ ձի, առաջինին ողջունեց զարմանլի կերպով․ նրանք իրենց առջևի աջ ոտքերի սմբակները մեղմորեն զարկեցին իրար, մի քանի անգամ, մեջ ընդ մեջ, վրնջացին, ելևէջելով իրենց ձանը, որ ինձ միանգամայն հոդավորված թվաց։ Ապա նրանք մի քանի քայլ հեռացան ինձանից, կարծես թե միմյանց հետ խորհուրդ անելու մտադրությամբ, ու կողք֊կողքի ետ ու առաջ քայլեցին, նման այն մարդկանց, որոնք մի կարևոր խնդիր են լուծում, միևնույն ժամանակ հաճախ իրենց հայացքն ուղղելով դեպի ինձ, կարծես թե հսկելու համար, որ ես չփախչեմ։ Անբան անասունների այդ վարմունքից զարմացած ես եկա այն եզրակացության, որ այդ երկրի բնակիչները աշխարհիս ամենաիմաստուն ժողովուրդը պիտի լինեն, եթե դատողության նույն համեմատական չափով օժտված են և իրենք։ Այդ միտքն այնքան քաջալերեց ինձ, որ ես որոշեցի շարունակել իմ ճանապարհը, մինչև որ մի որևէ տան կամ գյուղի հասնեմ, կամ մի որևէ բնիկի հանդիպեմ, թողնելով որ երկու ձիերը զրուցեն իրար հետ որքան կամենան։ Բայց նրանցից առաջինը, որը գորշ խատուտիկ էր, նկատելով իմ փախուստը, վրնջաց իմ հետևից մի այնպիսի արտահայտիչ ձայնով, որ ինձ թվաց, թե հասկանում եմ նրա միտքը․ ես ետ դարձա ու մոտեցա նրան, սպասելով նրա հետագա հրամանին, սակայն թաքցնելով իմ վախը, որովհետև ես արդեն մտահոգ էի, թե ի՞նչ վախճան պիտի ունենա այս արկածը․ իսկ ընթերցողը հեշտությամբ կպատկերացնի, որ իմ կացությունն այնքան էլ դուրեկան չէր։
 
Երկու ձիերը մոտեցան ինձ ընդհուպ ու սկսեցին լրջությամբ դիտել իմ դեմքն ու ձեռքերը։ Գորշ ձին իր առջևի աջ ոտքի սմբակով չորս կողմից շոշափեց իմ գլխարկն ու այնքան ճմլեց, որ ես ստիպված էի հանել իմ գլխից, շտկել ու նորից դնել գլխիս։ Դրա վրա նա և իր ընկերը (որ թուխ գույնի էր), ըստ երևությին շատ զարմացան․ վերջինս դիպավ իմ հագուստի փեշերին, ու տեսնելով, որ ազատ կերպով կախված են, զարմանքով նայեցին ինձ։ Թուխ ձին շոյեց իմ աջ ձեռքը, կարծես թե զարմանալով նրա փափկության ու գույնի վրա, բայց նա այնքան պինդ սեղմեց իր սմբակի ու ճախանոցի մեջ, որ ես ստիպված էի գոռալ։ Դրանից հետո նրանք ինձ դիպչում էին զգուշությամբ։ Նրանց շատ էր շվարեցնում իմ կոշիկն ու գուլպան, որ նրանք շոշափում էին միմյամց հետ վրնջալով ու կիրառելով այն բազմազան ձևերը, որոնցից օգտվում է փիլիսոփան, երբ աշխատում է բացատրել մի որևէ նոր և դժվար լուծելի երևույթ։
 
Ընդհանրապես այդ կենդանիներն իրենց վարվեցողությամբ այնքան հետևողական ու բանիմաց էին, նրբամիտ ու ողջախոհ, որ ես վերջ ի վերջո եկա այն եզրակացության, որ միգուցե դրանք կախարդներ են, որոնք մի ինչ֊որ նպատակով այդպես կերպարանափոխվել են, ու հանդիպելով ճանապարհին մի օտարականի, որոշել են հետը խաղալ․ կամ գուցե իսկապես զարմացել են, տեսնելով մի մարդու, որ իր հագուստով, դիմագծերով ու կազմվածքով ամենևին նման չէ այն մարդկանց, որոնք թերևս ապրում են այս հեռավոր երկրում։ Գալով այս եզրակացության, ես որոշեցի դիմել նրանց հետևյալ ճառով․ ― Պարոններ, եթե դուք վհուկներ եք, ինչպես ես բավականաչափ հիմք ունեմ կարծելու, ապա դուք կարող եք հասկանալ ամեն մի լեզու․ ուստի ես համարձակություն ունեմ հաղորդելու ձեռդ մեծություններին, որ ես մի թշվառ անգլիացի եմ, որին չար բախտը նետել է ձեր ափերը․ և ես աղաչում եմ, որ ձեր երկուսից մեկը թույլ տա նստելու իր մեջքին, ինչպես մի իսկական ձիու, և գնալու մի որևէ խրճիթ կամ գյուղ, ուր ես կարող կլինեի ապաստանել ու դադար առնել։ Այդ շնորհի փոխարեն ես ձեզ կնվիրեի այս դանակն ու ապարանջանը (որ իսկույն հանեցի իմ գրպանից)։ Խոսելու ժամանակ այդ երկու արարածները լուռ կանգնել էին և, կարծես թե, ուշադրությամբ լսում էին ինձ․ և երբ խոսքս վերջացրի, նրանք սկսեցին հաճախակի իրար հետ վրնջալ, կարծես թե մի ինչ֊որ լուրջ խոսակցություն ունեին։ Ինձ համար պարզվեց, որ նրանց լեզուն հիանալի արտահայտում է զգացմունքներ և որ մի թեթև ջանքից հետո նրանց լեզվի բառերը կարելի է հնչույնների բաժանել, և գուցե ավելի հեշտությամբ, քան չինարենի բառերը։
 
Ականջիս հաճախակի հասնում էր եհու բառը, որ նրանք երկուսն էլ շարունակ կրկնում էին․ և քանի որ անհնար էր ըմբռնել նրա իմաստը, ես երկու ձիերի խոսակցությունը լսելով, ճիգ էի թափում լեզուս վարժեցնել այդ բառին․ հենց որ նրանք լռում էին, ես համարձակ կերպով, բարձրաձայն, գոչում էի՝ եհո՜ւ, միևնույն ժամանակ ձայնս աշխատելով նմանեցնել ձիու վրնջոցին։ Ըստ երևույթին, այդ նրանց երկուսին էլ մեծ զարմանք պատճառեց, իսկ գորշ ձին երկու անգամ կրկնեց այդ բառը, կարծես նրա ճիշտ արտասանությունն ինձ սովորեցնելու նպատակով։ Ես սկսեցի նրա հետ միասին կրկնել այդ բառը և տեսա, որ կամաց֊կամաց զգալի առաջադիմություն եմ անում, թեև իմ արտասանությունը դեռևս շատ հեռու էր կատարյալ լինելուց։ Ապա թուխ ձին փորձեց վարժեցնել ինձ մի նոր բառի, որ արտասանության համար ավելի դժվար էր․ ըստ անգլիական ուղղագրության այդ բառը կարելի է այսպես հեգել՝ հուիհընհընմ։ Դրա արտասանությունն այնքան հեշտ չէր, որքան առաջին բառի, սակայն երկու֊երեք փորձից հետո գործս ավելի հաջող գնաց, ու կարծես թե երկու ձիերն էլ զարմացան իմ ձիրքի վրա։
 
Շարունակելով մի առժամանակ իրենց խոսակցությունը, որ ըստ երևույթին իմ մասին էր, նրանք հրաժեշտ տվին միմյանց և նույն մեծարանքով իրենց սմբակները խփեցին իրար․ ապա գորշ ձին ինձ նշան արավ, որ իր առաջն ընկնեմ և ես խոհեմություն համարեցի ենթարկվելու նրան, մինչև որ ավելի լավ ղեկավար կգտնեմ։ Երբ ես փորձում էի դանդաղացնել քայլերս, նա սկսում էր աղաղակել՝ հհըըն, հհըըն։ Գուշակելով դրա իմաստը, ես աշխատում էի ըստ չափի կարողության հասկացնել նրան, որ ես հոգնել եմ և ավելի արագ չեմ կարող քայլել․ դրա վրա ձին մի պահ կանգ էր առնում և թույլ տալիս, որ հանգստանամ։
 
 
 
==Գլուխ երկրորդ==
 
Մի հուիհընհընմ հեղինակին առաջնորդում է դեպի իր տունը։ Այդ տան նկարագրությունը։ Հեղինակին ցույց տված ընդունելությունը։ Հույհընհընմների սնունդը։ Հեղինակի կրած դժվարությունը համապատասխան կերակրի բացակայության հետևանքով և այդ դժվարության վերացումը։ Ինչով էր կերակրվում հեղինակը այդ երկրում։
 
 
 
Մոտ երեք մղոն ճանապարհ գնալուց հետո, մենք հասանք մի երկարաձև, ցածլիկ և ծղնուտով ծածկված շինության, որի պատերը շինված էին ճյուղերով իրար հյուսած և գետնի մեջ խրած ձողերից։ Այստեղ ես ինձ մի փոքր թեթևացած զգացի և գրպանիցս հանեցի մի քանի անարժեք զարդեր, որ ճանապարհորդները սովորաբար վերցնում են իրենց հետ Ամերիկայի կամ այլ երկրների վայրենի հնդիկներին նվիրելու համար․ ես հույս ունեի, որ այդ զարդերի շնորհիվ տան ապրողներն ինձ ավելի սիրալիր ընդունելություն ցույց կտան։ Ձին նշանով ցույց տվեց, որ առաջ ես ներս մտնեմ։ Դա մի ընդարձակ սենյակ էր, կավե մաքուր հատակով․ պատերից մեկի ամբողջ երկարությամբ ձգվում էր մսուրների շարքը․ այդտեղ կար երեք քուռակ և երկու մատակ ձի, որոնք չէին կանգնած մսուրի մոտ և չէին ուտում, ինչպես այդ միշտ անում են պարապ ձիերը, այլ նստել էին իրենց զիստերի վրա, մի բան, որ ինձ շատ զարմացրեց․ բայց ինձ ավելի զարմացրին մյուսները, որոնք զբաղված էին տնային գործեր կատարելով, ըստ երևույթին սպասավորների պարտականությունը․ այդ ամենը հաստատեց իմ նախկին ենթադրությունը, թե մի ժողովուրդ, որ կարողացել է այդ աստիճանի կրթել անբան անասունները, անշուշտ իր իմաստությամբ պիտի գերազանցի աշխարհիս բոլոր ազգություններին։ Ինձնից հետո անմիջապես ներս մտավ գորշ ձին, և այսպիսով կանխեց, որ մյուսները դեպի ինձ վատ չվերաբերվեն։ Նա մի քանի անգամ հեղինակավոր ձայնով վրնջաց և նրանց կողմից պատասխան առավ։
 
Այդ սենյակից բացի տան երկարությամբ կար ուրիշ երեք սենյակ ևս․ մենք մտանք այդ սենյակները երեք դռներից, որոնք, ինչպես ծառուղի, գտնվում էին մի ուղղության վրա․ երկրորդ սենյակում մենք կանգ առանք․ այստեղ գորշ ձին մենակ մտավ երրորդ սենյակը, նշան անելով, որ սպասեմ։ Ես մնացի երկրորդ սենյակում և պատրաստեցի իմ նվերները՝ տանտիրոջը և տան տիրուհուն տալու համար․ ունեի երկու դանակ, երեք ապարանջան կեղծ մարգարիտներից, մի փոքրիկ հայելի և մի ուլունքե ժանյակ։ Ձին երեք֊չորս անգամ վրնջաց և ես սպասում էի, որ իբրև պատասխան կլսեմ մարդկային մի որևիցե ձայն։ Սակայն դրա փոխարեն ես լսեցի մի այլ վրնջյուն, որ հնչեց մի քիչ ավելի հուժկու։ Ես սկսեցի մտածել, թե երևի այդ տունը պատկանում է մի նշանավոր մարդու, քանի որ նրա ընդունելությանն արժանանալու համար այսքան շատ ձևականություններ են պետք։ Բայց թե այդ երևելի մարդու սպասավորները կարող են լինել միայն ձիեր, դա իմ ըմբռնողությունից վեր էր։ Ես վախեցա, թե միգուցե կրած նեղություններից ու չարչարանքներից հետո կորցրել եմ խելքս։ Ես ուշքի եկա և սկսեցի նայել չորս կողմս․ սենյակը, ուր ես մենակ էի մնացել, կահավորված էր այնպես, ինչպես նախկին սենյակը, միայն նրանից մի փոքր ավելի շքեղ էր։ Ես մի քանի անգամ տրորեցի աչքերս, բայց իմ առաջ կանգնած էին կրկին նույն իրերը։ Ես կսմթեցի ձեռքերս ու կողերս, որպեսզի արթնանամ, որովհետև հավատացած էի, թե երազի մեջ եմ։ Դրանից հետո ես վերջնականապես եկա այն եզրակացության, որ այդ ամբողջ երևույթը կարող է միայն կախարդուցյուն և մոգություն լինել։ Բայց ես ժամանակ չունեցա խորանալու այդ մտքի մեջ, որովհետև գորշ ձին մոտեցավ դռանը և նշան արավ, որ հետևեմ իրեն դեպի երրորդ սենյակը, ուր ես տեսա մի գեղեցիկ մատակ՝ իր երկու քուռակի հետ միասին ծալապատիկ նստած խոտե խսիրի վրա, որ թեև ճաշակով չէր գործած, բայց շատ կոկիկ և մաքուր էր։
 
Ներս մտնելուց անմիջապես հետո մատակը վեր կացավ տեղից ու մոտեցավ ինձ․ ուշադրությամբ ձեռքերս ու դեմքս դիտելուց հետո մի արհամարհական հայացք ձգեց վրաս ու գլուխը շրջեց դեպի գորշ ձին․ ականջիս էր հասնում եհու խոսքը, որը հաճախ կրկնում էին նրանք․ դրա իմաստն առայժմ չգիտեի, թեև դա առաջին բառն էր, որ սովորել էի արտասանել։ Բայց շուտով, ի մեծ վիշտ իմ, իմացա այդ բառի նշանակությունը։ Ահա՛ թե ինչպես։ Վերջացնելով բանակցությունները մատակի հետ, գորշ ձին գլխով նշան արավ և, ինչպես ճանապարհին գալիս, կրկնեց հհըընն, հհըընն խոսքը, որի իմաստն այն էր, որ ես հետևեմ նրան և դուրս գամ բակը, ուր տնից որոշ հեռավորության վրա գտնվում էր մի այլ շինություն։ Երբ մենք ներս մտանք այդտեղ, ես տեսա երեք գարշելի արարած, որոնց հանդիպեցի, հենց որ այդ երկիրը եկա․ նրանք լափում էին արմտիք և ինչ֊որ կենդանու միս, որը, ինչպես հետագայում իմացա, դժբախտ պատահարներից և հիվանդուցյունից սատկած շան, էշի կամ կովի միս էր։ Ուռենու ամուր ճյուղերով նրանց ամենքին վզից կապել էին մի գերանի։ Առջևի ոտքերի ճանկերի մեջ բռնած ուտելիքը նրանք հոշոտում էին իրենց ատամներով։
 
Գլխավոր ձին հրամայեց իր ծառաներից մեկին՝ կարմիր ձիաջորուն, որպեսզի այդ կենդանիների միջից ամենից խոշորին արձակի և դուրս բերի գավիթը․ ինձ և այդ անասունին իրար կողքի կանգնեցնելով, տերն ու ծառան սկսեցին ուշի֊ուշով համեմատել մեր արտաքին տեսքը՝ մի քանի անգամ կրկնելով եհու բառը։ Անկարելի էր նկարագրել իմ զարմանքն ու սարսափը, երբ նկատեցի, որ այդ զազիր կենդանին մարդու կերպարանք ուներ․ նրա երեսը տափակ էր ու լայն, քիթը՝ սեղմված, շրթունքները՝ հաստ, իսկ բերանը՝ մեծ։ Բայց այդ հատկությունները սովորական երևույթ են բոլոր վայրենի ազգերի մեջ, որովհետև մայրերն իրենց երեխաներին պառկեցնում են գետնին փորի վրա կամ տանելու ժամանակ կապում են իրենց մեջքին, որից երեխան իր քիթը շարունակ զարկում է մոր ուսերին։ Եհուի առջևի թաթերը տարբերվում էին իմ ձեռներից միայն նրանով, որ նրա եղունգներն ավելի երկար էին, ձեռքի ափերն ավելի կոշտ ու դարչնագույն, իսկ ափերի հետին կողմը՝ բոլորովին մազոտ։ Նույն տարբերությունն ու նմանուցյունը գոյություն ուներ և մեր ոտքերի միջև․ ես իսկույն իմացա այդ, թեև ձիերն այդ չէին կարող իմանալ, որովհետև հագիս կոշիկ ու գուլպա կար․ նույնը կարելի էր ասել իմ ամբողջ մարմնի մասին, բացի մազերից և մարմնիս գույնից, որ ես արդեն նկարագրեցի։
 
Երկու ձին էլ, ըստ երևույթին, վարանման մեջ էին, երբ շնորհիվ հագուստիս, որի մասին նրանք ոչ մի գաղափար չունեին, տեսան իմ և եհուի մարմինների մեջ եղած խոշոր տարբերությունը։ Կարմիր ձիաջորին ինձ մի արմատ առաջարկեց, որ նա բռնել էր իր սմբակի և ճախանոցի մեջ (թե ինչպե՞ս՝ մենք տեղն ընկած ժամանակը կնկարագրենք)․ ես այդ արմատը վերցրի ձեռքս և հոտոտելուց հետո շատ քաղաքավարի կերպով վերադարձրի իրեն։ Նա եհուի փարախից մի կտոր էշի միս բերեց, որից այնքա՜ն զզվելի հոտ էր գալիս, որ ես ստիպված էի գարշանքով երեսս շուռ տալ․ այդ ժամանակ նա այդ միսը շպրտեց եհուին և եհուն ագահությամբ լափեց։ Այնուհետև նա ինձ ցույց տվեց մի խուրձ չոր խոտ և մի աման լիքը քարի․ ես գլուխս շարժելով հասկացրի, թե ոչ մեկը և ոչ էլ մյուսն ինձ համար պիտանի սնունդ չեն։ Ու իմ մեջ ահ ծագեց, թե անպատճառ սովամահ պիտի լինեմ, եթե այստեղ ինձ նման մեկը չճարեմ։ Իսկ ինչ վերաբերում է այդ զազրելի եհուներին՝ հավատացած եմ, որ ով էլ որ լիներ այն ժամանակ իմ տեղը, նույնիսկ մարդկային ցեղի ամենամեծ բարեկամը, այնուամենայնիվ պիտի ընդուներ, որ դրանք բոլոր շնչավոր կենդանիների մեջ ամենից գարշելի արարածներն են․ և այդ երկրում եղած ժամանակ որքան շատ էի մոտենում նրանց, այնքան ավելի ատելի էին դառնում նրանք ինձ համար։ Իմ վերաբերմունքից կռահելով այդ՝ տանուտեր ձին եհուին ետ ուղարկեց իր գոմը։ Այնուհետև նա իր առջևի սմբակը տարավ բերանը, որ ինձ զարմանք պատճառեց, թեև այդ բանը նա արեց առանց դժվարության և այնպիսի շարժումով, որ միանգամայն բնական թվաց, և այդ նշանով հասկացրեց ինձ, թե ի՞նչ պիտի ուտեմ։ Սակայն ես չկարողացա այնպիսի պատասխան տալ, որ նա ըմբռներ․ և եթե անգամ նա ինձ հասկանար, ես չգիտեմ, թե որտեղից նա ինձ համար պիտի գտներ սննդարար կերակուր։ Մեր այդ խոսակցության ժամանակ ես նկատեցի, որ մեր կողքից մի կով անցավ ու ես մատով ցույց տվի ու ցանկություն հայտնեցի, որ նա թույլ տա, որ ես նրանից կաթ կթեմ։ Այդ ունեցավ իր արդյունքը, որովհետև նա ինձ վերադարձրեց իր տունը և հրամայեց մի մատակ ծառայի՝ որպեսզի բաց անի մի սենյակ, ուր կարգով շարված մաքուր կավե և փայտե ամանները լցված էին կաթով։ Մատակն ինձ մի գավաթ կաթ տվեց, որից հաճույքով խմելուց հետո ինձ բավականին կազդուրված զգացի։
 
Կեսօրին տանը մոտեցավ սայլի պես մի բան, որին լծված քարշ էին տալիս չորս եհու։ Սայլի վրա նստել էր ըստ երևույթին բարձր դիրք ունեցող, մի պառավ նժույգ․ նա ցած իջավ սայլից իր հետին երկու ոտքով, որովհետև նրա առջևի ձախ ոտքը վնասվել էր։ Նա ճաշի էր եկել մեր ձիու տունը, որը նրան շատ սիրալիր կերպով ընդունեց։ Նրանք ճաշեցին լավագույն սենյակում։ Նրանց երկրորդ կերակուրը կաթի մեջ խաշած գարի էր, որը պառավ նժույգը կերավ տաք֊տաք վիճակում, իսկ մյուս ձիերը՝ սառը։ Նրանց մսուրները շրջանաձև դասավորված էին սենյակի մեջտեղը և մասերի էին բաժանված․ նրանք նստեցին մսուրների չորս կողմը, հարդե բարձերի վրա։ Վերևից կախված էր խոտով լիքը մի խոշոր վանդակ, որը մասուրներին համապատասխան բաժանմունքներ ուներ, այնպես որ ամեն մի ձի և ամեն մի մատակ հնարավորություն ուներ վայելուչ և կարգապահությամբ ուտելու իր բաժին խոտն ու կաթի և գարու խառնուրդը։ Քուռակներն իրենց վարքով շատ համեստ էին, իսկ տանտերը և տանտիրուհին վերին աստիճանի սիրալիր և բարեհամբյուր՝ դեպի իրենց հյուրը։ Գորշ ձին հրամայեց, որ ես մոտենամ իրեն, որից հետո նա իր բարեկամի հետ իմ մասին երկար ժամանակ խոսեց, ինչպես այդ երևաց նրա՝ ինձ վրա նետած օտարոտի հայացքներից և հաճախակի կրկնվող եհու բառից։
 
Այդ ժամանակ ես հագա իմ ձեռնոցները։ Գորշ տերս նկատելով այդ, զարմացավ և նշաններով հարցրեց, թե ի՞նչ արի ես իմ առջևի ոտքերի հետ․ երեք թե չորս անգամ նա սմբակը կպցրեց ինձ, կարծես թե հասկացնելու համար, որ ձեռքերիս տամ նախկին տեսքը․ ես կատարեցի նրա ցանկությունը, հանեցի զույգ ձեռնոցներս և դրի գրպանս։ Իմ վարմունքը մեծ խոսակցության առարկա դարձավ և ըստ երևույթին հաճելի եղավ ամենքին, որի արդյունքը ես շուտով զգացի։ Ինձ հրամայեցին, որ ես արտասանեմ իմ սովորած մի քանի բառերը, իսկ երբ նրանք ճաշի նստեցին, տերս ինձ սովորեցրեց գարու, կաթի, կրակի, ջրի և ուրիշ մի քանի բառերի անունները․ ես հեշտությամբ կրկնում էի նրա ասածները, որովհետև դեռևս մանկությունից լեզուներ սովորելու մեծ ընդունակություն ունեի։
 
Ճաշից հետո իմ տեր ձին ինձ մի կողմ քաշեց և նշաններով և խոսքերով հասկացրեց, որ ինքը շատ ափսոսում է, որ ինձ համար արժանի կերակուր չունի։ Գարին նրանց լեզվով կոչվում է հլուննհ։ Այդ բառը երկու թե երեք անգամ կրկնեցի․ թեև ես սկզբում հրաժարվեցի գարուց, բայց երկրորդ անգամ մտածելուց որոշեցի, որ նրանից ես կարող եմ հացի նման մի բան պատրաստել, որը կաթի հետ միասին կարող է պահպանել իմ գոյությունը մինչև մի ուրիշ երկիր գնալս, ուր ես կգտնեմ ինձ նման արարածներ։ Ձին անմիջապես հրամայեց իր ընտանիքի սպիտակագույն մատակ֊սպասուհիներից մեկին, որ ինձ համար փայտե ափսեով գարի բերի։ Ես գարին մի կերպ աղանձեցի կրակի վրա, տրորեցի մինչև թեփը դուրս գա ու մաղերով զատեցի հատիկից, ապա երկու քարի արանքում ծեծեցի, վերցրի ջուրը, խմոր արի և կրակի վրա թխեցի ու կաթով տաք֊տաք կերա։ Սկզբում այդ ինձ շատ անհամ թվաց, թեև եվրոպական շատ երկրներում այդ կերակուրը բավականին տարածված է, սակայն ժամանակի ընթացքում վարժվեցի դրան․ կյանքիս մեջ շատ նեղություններ տեսած լինելով, պիտի ասեմ, որ առաջին անգամը չէր, երբ ես համոզվում էի, թե ինչքա՛ն սակավապետ է մարդկային բնությունը։ Ես կարող եմ ասել, որ այդ երկրում եղած ժամանակ ոչ մի րոպե չհիվանդացա։ Ճիշտ է, երբեմն ես առիթ էի ունենում եհուների մազերից շինած թակարդով ճագար կամ որևէ մի թռչուն բռնելու․ հաճախ օգտակար խոտեր էի գտնում, որ եփելով՝ աղցանի տեղ հացի հետ ուտում էի․ երբեմն էլ իբրև հազվագյուտ բան, յուղ էի հարում ու թան խմում։ Սկզբում ես սաստիկ կարիք էի զգում աղի․ սակայն շուտով ես հաշտվեցի այդ պակասի հետ, իսկ հիմա համոզված եմ, որ աղի մշտական գործածությունը մեզանում զեխության հետևանք է, ծարավ առաջացնելու համար ներմուծված, բացի այն դեպքերից, երբ նա անհրաժեշտ է երկար ճանապարհորդությունների ժամանակ կամ շուկայից հեռու գտնվող վայրերում միս պահելու համար։ Մեզ հայտնի չէ ոչ մի կենդանի, որ սիրահար լինի աղին այնքան, որքան մարդը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, պիտի ասեմ, որ երբ հեռացա այդ երկրից, երկար ժամանակ կերակուրների աղի համին չէի կարողանում վարժվել։
 
Սակայն բավական է, որքան ես խոսեցի իմ սննդի առարկաների մասին, մի բան, որով ուրիշ ճանապարհորդներ լցնում են իրենց գրքերը, կարծես ընթերցողի համար շատ է հետաքրքիր, թե հեղինակը լավ է սնվել, թե վատ։ Սակայն այդ մասին անհրաժեշտ էր հիշատակել, որպեսզի մարդիկ չկարծեն, թե անհնարին բան է, որ ես կարողանամ երեք տարի քարշ տալ իմ գոյությունը մի այդպիսի երկրում և այդպիսի բնակիչների մեջ։
 
Երեկոյան դեմ իմ տեր ձին հրամայեց, որ ինձ համար քնելու տեղ պատրաստեն․ այդ տեղը գտնվում էր տնից վեց յարդ հեռավորության վրա և եհուների գոմից միանգամայն առանձին։ Այդ տեղ ես մի քիչ խոտ գտա և հագուստիս մեջ փաթաթվելով՝ խորը քնեցի։ Սակայն մի փոքր հետո տեղս ավելի հարմարեցրի, ինչպես ընթերցողը կիմանա իմ հետագա պատմությունից, երբ ես ավելի մանրամասն կերպով կնկարագրեմ ին ապրելակերպը։
 
 
 
==Գլուխ երրորդ==
 
Հեղինակը սովորում է տեղական լեզուն։ Հուիհընհընմը, նրա տերը, պարապմունքների ժամանակ օգնում է նրան։ Լեզվի նկարագրությունը։ Նշանավոր հուիհընհընմներից շատերը հետաքրքրությունից դրդված գալիս են հեղինակին տեսնելու։ Նա իր տիրոջը համառոտ կերպով պատմում է իր ճանապարհորդության մասին։
 
 
 
Իմ գլխավոր զբաղմունքը լեզվի ուսումնասիրությունն էր․ թե՛ իմ տերը (այսուհետև այդպես պիտի անվանեմ գորշ ձիուն), թե՛ նրա զավակները և թե՛ տան ծառաներն ուրախությամբ աջակցում էին ինձ։ Նրանք հրաշք էին համարում, որ մի բիրտ կենդանի կարող է բանական արարածի չափ այդքան ուշադիր լինել։ Ես մատով ցույց էի տալիս մի որևէ իր ու հարցնում նրա անունը, որը այնուհետև, երբ մենակ էի մնում, գրի էի առնում ճանապարհորդական հուշատետրիս մեջ․ վատ արտասանությունս շտկելու համար ես խնդրեցի ընտանիքի անդամներից մեկին, որ դժվար արտասանելի բառերը հաճախ կրկնի։ Այդ պարապմունքներին առանձնապես օգնում էր ինձ տան ծառաներից մեկը՝ կարմիր ձիաջորին։
 
Նրանք բառերն արտասանում էին քթի մեջ և կոկորդում, նրանց լեզուն իմ իմացած եվրոպական լեզուներից ավելի շատ մոտ էր հոլանդերենին կամ գերմաներենին, միայն նրանցից ավելի գեղեցիկ էր և ավելի արտահայտիչ։ Համարյա նույն դիտողությունն է արել Կարլոս v֊ը, երբ ասել է, թե՝ եթե նա խոսելու լիներ իր ձիու հետ, ապա այդ խոսակցությունը պիտի լիներ գերմաներեն։
 
Տիրոջս հետաքրքրությունն ու անհամբերությունն այնքան մեծ էր, որ նա իր պարապ ժամերից շատերը նվիրեց իմ դասավանդության։ Նա համոզված էր, (ինչպես հետո ինքը պատմեց ինձ), որ ես եհու եմ, սակայն իմ ընդունակությունը, քաղաքավարությունն ու մաքրասիրությունը զարմանք էին պատճառում նրան, որովհետև այդ հատկություններից եհուները միանգամայն զուրկ էին։ Ամենից շատ նրան շփոթեցնում էր իմ հագուստը, ու նա երբեմն ինքն իրեն հարց էր տալիս, թե միգուցե դա իմ մարմնի մի մասն է, որովհետև ես երբեք հագուստս չէի հանում, մինչև որ ամբողջ ընտանիքը քնած չլիներ, իսկ առավոտնրը հագնում էի նախքան նրանք զարթնեին։ Իմ տերը ջերմ փափագ ուներ իմանալու, թե որտեղի՞ց եմ գալիս և ինչպե՞ս եմ ձեռք բերել այդ առերևույթ բանականությունը, որ նկատվում է իմ արած բոլոր գործերում․ նա ուզում էր իմ սեփական բերանից լսել իմ արկածների պատմությունը և հույս ուներ, որ դա պիտի լիներ շատ շուտով, շնորհիվ այն առաջադիմության, որ ես արել էի իրենց բառերի և դարձվածքների ուսումնասիրության և արտասանության ասպարեզում։ Հիշողությանս նպաստելու համար իմ սովորած բոլոր խոսքերը դասավորեցի անգլիական այբուբենի կարգով ու թարգմանությունների հետ միասին գրի առա։ Մի փոքր անց այդ բանը ես փորձեցի անել իմ տիրոջ ներկայությամբ։ Մեծ ջանք էր հարկավոր նրան բացատրելու, թե ի՞նչ եմ անում ես, որովհետև այդ երկրի բնակիչները ոչ մի գաղափար չունեն գրքի ու գրականության մասին։
 
Մոտ տասը շաբաթից հետո ես արդեն կարողանում էի հասկանալ իմ տիրոջ տված հարցերի մեծագույն մասը, իսկ երեք ամսից հետո՝ տանելի կերպով պատասխանել։ Նա չափազանց հետաքրքրվում էր իմանալու, թե աշխարհի ո՞ր մասիցն եմ գալիս և որտեղի՞ց եմ ձեռք բերել բանական արարածներին նմանվելու կարողությունս, որովհետև եհուները (որոնց իմ կարծիքով նման էի իմ գլխով, ձեռքերով ու դեմքով, այսինքն մարմնի այն մասերով, որոնք երևում են) իրենց խորամանկ երևույթով ու չարամիտ հակումներով հանդերձ, բոլոր կենդանիների մեջ ամենից բթամիտներն են համարվում։ Ես պատասխանեցի, որ եկել եմ ծովով մի շատ հեռու տեղից, ինձ պես ուրիշ շատ մարդկանց հետ միասին, մի գոգաձև և փայտաշեն խոշոր նավի վրա, որ իմ ընկերները ինձ ափ իջեցրին այս երկրում, թողնելով ինձ իմ ճակատագրին։ Ասածներս հասկացրի նրան մեծ դժվարությամբ և այն էլ բազմաթիվ նշանների օգնությամբ։ Տերս պատասխանեց, թե երևի ես սխալվում եմ, կամ թե չէ ես ասում եմ մի բան, որ չի եղել (նրանց լեզվով գույություն չունեն ստություն կամ խաբեբայություն արտահայտող բառեր): Նրան թվաց, թե անհնարին բան է, որպեսզի ծովի այն կողմը ցամաք լինի կամ թե կենդանիների մի խմբակ կարողանա ուզածի պես ջրի վրա շարժել մի փայտե նավ։ Նա հավատացած էր, որ հուիհընհընմներից ոչ ոք չէր կարող կառուցել մի այնպիսի նավ և ոչ էլ կարող էր վստահել, որպեսզի եհուները ղեկավարեն նրան։
 
Հուիհընհընմ խոսքը նրանց լեզվով նշանակում է՝ ձի․ իսկ իր ստուգաբանությամբ՝ բնության կատարելություն։ Տիրոջս ասացի, թե դեռևս դժվարանում եմ արտահայտել իմ մտքերը, բայց հնարավորին չափ պիտի փորձեմ և հույս ունեմ, որ կարճ ժամանակում պիտի կարողանամ պատմելու հրաշալի բաներ։ Նա բարեհաճեց կարգադրել իր ամուսնուն, զավակներին և տան ծառաներին, որ նրանք ոչ մի առիթ բաց չթողնեն, որպեսզի ես սովորեմ լեզուն, իսկ ինքն օրական երկու֊երեք ժամ նվիրում էր իմ պարապմունքներին։ Շուտով ամբողջ շրջակայքում տարածվեց զարմանալի եհուի համբավը, որը հուիհընհընմի պես խոսում էր իր բառերով և որի գործերում կարծես թե բանականության որոշ նշույլներ կան այնպես որ շատ երևելի ձիեր գալիս էին մեր տուն ինձ տեսնելու։ Նրանք հաճույքով խոսում էին ինձ հետ, զանազան հարցեր տալիս և այդ հարցերին ես պատասխանում էի որքան կարողանում էի։ Այդ բարենպաստ պայմաններում ես հսկայական առաջադիմություններ էի անում, այնպես որ իմ գալուց հինգ ամիս անց արդեն ամեն ինչ հասկանում էի և միանգամայն տանելի կերպով արտահայտում իմ մտքերը։
 
Ինձ տեսնելու և հետս խոսելու ցանկությամբ տիրոջս այցի եկող հուիհընհընմները դժվարությամբ էին հավատում, որ ես իսկական եհու եմ, որովհետև ես իմ մարմնի արտաքին տեսքով միանգամայն տարբերվում էի նրանցից։ Նրանց զարմանք էր պատճառում, որ մարմնիս վրա, բացի գլխից, երեսից և ձեռքերից, սովորական մազ կամ մորթի չէին տեսնում․ սակայն մի դեպքի պատճառով, որ տեղի ունեցավ երկու շաբաթ առաջ, իմ տիրոջ համար այդ գաղտնիքը բացվեց։
 
Ընթերցողին ես արդեն պատմեցի, որ ամեն գիշեր, քնելուց առաջ, հանում էի շորերս ու նրանով ծածկում ինձ։ Մի օր, վաղ առավոտյան, իմ տերը հետևիցս ուղարկեց կարմիր ձիաջորուն, որ նրա սպասավորն էր․ երբ նա ինձ մոտ եկավ, ես խոր քնի մեջ էի, վրայիս շորերը մի կողմ էին ընկել, իսկ հագիս շապիկը մինչև գոտկատեղիս, վեր քաշվել։ Նրա բարձրացրած աղմուկից ես արթնացա և նկատեցի, որ նա գլուխը կորցրել է․ այդպես նա վերադարձավ իմ տիրոջ մոտ և սարսափահար ու շփոթված պատմեց իր տեսածի մասին։ Ես իսկույն իմացա այդ, որովհետև երբ հագնվելուց հետո գնացի իմ հարգանքները մատուցելու նորին մեծապատվությանը, նա հարցրեց, թե ի՞նչ են նշանակում իր սպասավորի ասածները, որ իբր թե ես քնած ժամանակ այն չեմ, ինչ որ արթուն ժամանակ, որ իմ մարմնի մի քանի մասերը սպիտակ են, մյուսները՝ դեղին կամ համենայն դեպս, ոչ այնքան սպիտակ, իսկ մի քանի մասերն էլ՝ բոլորովին թուխ։
 
Մինչև որս ես թաքցնում էի իմ հագուստի գաղտնիքը, որպեսզի եհուների այդ զազրելի ցեղից որքան կարելի է ավելի շատ տարբերվեմ․ սակայն այսուհետև արդեն արժեք չուներ այդ գաղտնապահությունը։ Բացի այդ՝ իմ հագուստն ու ոտնամանները արդեն մաշվել էին ու հեռու չէր այն ժամանակը, երբ նրանք բոլորովին հալից կընկնեին և ստիպված կլինեի փոխարինել նրանց եհուների կամ այլ կենդանիների կաշուց շինած զգեստով․ այդպիսով իմ գաղտնիքը պիտի պարզվեր։ Ուստի ես պատմեցի իմ տիրոջը, թե այն երկրում, որտեղից ես գալիս եմ, մարդիկ ծածկում են իրենց մարմինը զանազան կենդանիների մորթիներից արվեստական կերպով պատրաստած մազեղենով՝ մասամբ պարկեշտությունից դրդված, մասամբ օդից և տաք ու ցուրտ եղանակներից պաշտպանվելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ ես կարող եմ նրա հրամանն ստանալուց հետո անմիջպես փաստեր բերել ասածներս հաստատելու համար, միայն ներողություն եմ խնդրում, որ նրան ցույց չպիտի տամ մարմնիս այն մասերը, որ ինքը՝ բնությունը սովորեցրել է մեզ թաքցնել։ Նա ասաց, որ բավական տարօրինակ են թվում իմ ասածները, մանավանդ վերջին մասը․ նա չէր կարող հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս է ներշնչում մեզ թաքցնել այն, ինչ որ ինքն է տվել։ Ո՛չ ինքը և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներն իրենց մարմնի ոչ մի մասի համար ամոթ չեն զգում․ համենայն դեպս ես կարող եմ ուզածս անել։ Դրա վրա ես կոճակներս բաց արի, հանեցի բաճկոնս, ապա ժիլետս, կոշիկներս, գուլպաներս ու անդրավարտիքս․ շապիկս իջեցնելով մինչև գոտկատեղիս, փաթաթեցի այն գոտու պես մարմնիս միջին մասին, որպեսզի թաքցնեմ մերկությունս։
 
Տերս մեծ հետաքրքրությամբ ու զարմանքով դիտում էր իմ բոլոր գործողությունները։ Նա իր ճախանոցով մեկը մյուսի հետևից վերցնում էր իմ հագուստների մասերը և ուշադրությամբ զննում․ ապա նա մեղմորեն շոյեց մարմինս ու մի քանի անգամ չորս կողմից նայեց վրաս։ Հետո նա ասաց, թե պարզ է, որ ես մի իսկական եհու եմ, միայն ցեղակիցներիցս տարբերվում եմ իմ մորթի փափկությամբ, սպիտակությամբ և հարթությամբ, մազերի բացակայությամբ՝ մարմնիս մի քանի մասերի վրա, եղունգներիս ձևով ու երկարությամբ և այն, որ ձևանում եմ, իբր թե շարունակ ման եմ գալիս հետին երկու ոտքերի վրա։ Նա ինձ վրա այլևս նայել չցանկացավ ու թույլ տվեց, որ շորերս կրկին հագնեմ, որի համար ես շատ շնորհակալ եղա, մանավանդ որ ցրտից սկսել էի դողդողալ։
 
Ես իմ դժգոհությունը հայտնեցի, որ տերս հաճախ ինձ անվանում է եհու, մի զզվելի կենդանու անունով, որին ես բացարձակ կերպով ատում և արհամարում եմ։ Ես խնդրեցի, որ նա հրաժարվի ինձ այդ անունով կոչել և մի այդպիսի հրաման էլ տա իր ընտանիքին և բարեկամներին, որոնք ինձ տեսնելու են գալիս։ Նմանապես խնդրեցի, որ նա գաղտնի պահի, որ ոչ ոք չիմանա իմ մարմնի արհեստական ծածկոցի մասին, մինչև որ ներկա հագուստս վերջնականապես չմաշվի․ իսկ ինչ վերաբերում է նրա սպասավորին՝ կարմիր ձիաջորուն, նորին մեծապատվությունը թող հրամայի նրան, որ այդ գաղտնիքը ոչ ոքի չասի։
 
Այդ ամենին իմ տերը բարեհաճեց տալ իր համաձայնությունը և այդպիսով գաղտնիքը պահվեց, մինչև որ հագուստս ամենևին մաշվեց և ես ստիպված եղա հնարագիտության դիմել այն որևէ բանով փոխարինելու համար, որի մասին կհիշատակեմ հետագայում։ Միևնույն ժամանակ տերս ցանկացավ, որ ես ամեն ջանք գործ դնեմ ուսումնասւրելու իրենց լեզուն, որովհետև նրան ավելի շատ զարմանք էր պատճառել իմ խոսելու և դատելու ընդունակությունը, քան իմ մարմնի ձևը՝ թե արդյոք ծածկոց ունի՞ թե ոչ․ և ավելացրեց, թե անհամբեր սպասում է լսելու այն հրաշքների մասին, որ ես խոստացա պատմել նրան։
 
Այդ օրվանից իմ տերն սկսեց կրկնապատիկ եռանդով պարապել ինձ հետ․ նա տանում էր ինձ իր հետ զանազան շրջաններ և միևնույն ժամանակ ամենքին նախազգուշացնում, որպեսզի ինձ հետ քաղաքավարի վարվեն, որովհետև, ինչպես նա էր ասում, այդպիսով իմ տրամադրությունն ավելի լավ է լինում և ինքս էլ ավելի ուշագրավ եմ դառնում։
 
Բացի ինձ սովորեցնելու համար կրած նեղությունից, տերս ամեն օր, երբ գնում էի նրա մոտ, իմ մասին զանազան հարցումներ էր անում, որոնց ես պատասխանում էի ամենայն պատրաստակամությամբ․ այդպիսով նա կամաց֊կամաց իմ ասելիքի մասին կազմեց մի ընդհանուր գաղափար, թեև, միևնույն ժամանակ, վերին աստիճանի թերի։ Տաղտկալի կլիներ, եթե ես մեկ առ մեկ պատմեի կանոնովոր խոսակցություն վարելու համար իմ արած աստիճանական առաջադիմությունների մասին․ կասեմ միայն, որ առաջին ընդարձակ տեղեկությունը, որ հաղորդեցի նրան իմ մասին, հետևյալն էր։
 
Ես եկել եմ շատ հեռավոր երկրից, ինչպես արդեն փորձել էի նրան պատմել․ հետս կար ինձ նման հիսուն մարդ․ մենք գալիս էինք ծովով մի մեծ գոգավոր փայտե նավի վրա, որը նորին մեծապատվության տնից ավելի խոշոր էր։ Ես հասկանալի խոսքերով տվի նավի նկարագրությունը և թաշկինակս բաց արած հասկացրի, թե նավն ինչպե՞ս է քամուց շարժվում։ Նավի վրա ծագած գժտություններից հետո ինձ իջեցրին այս ափը, ուր ես առաջ էի գնում, չիմանալով՝ թե ու՞ր, մինչև որ նա ազատեց ինձ այդ գարշելի եհուների հարձակումից։ Նա ինձ հարցրեց, թե ո՞վ է կառուցել այդ նավը և ինչպե՞ս է եղել, որ մեր երկրի հուիհընհնմերը հանդուրժել են, որ նավի ղեկավարներն անասունները լինեն։ Ես պատասխանեցի, թե կշարունակեմ իմ պատմությունը, եթե նա ինձ ազնիվ խոսք տա, որ ասածներս վիրավորանք չպիտի համարի, և այն ժամանակ ես կպատմեմ նրան իմ խոստացած հրաշքների մասին։ Նա համաձայնեց։ Ու ես շարունակեցի, հավատացնելով նրան, որ նավը կառուցել են ինձ նման արարածներ, որոնք իմ բոլոր ճանապարհորդած երկրներում, ինչպես և իմ հայրենիքում միակ տիրող և բանական կենդանիներն են, որ այստեղ գալով, ես նույնքան զարմացա, երբ տեսա հուիհընհընմներին բանական արարածների նման, որքան և նա կամ իր բարեկամները կզարմանային, եթե մտքի նշույլ գտնեին մի այնպիսի կենդանու մեջ, որին նա բարեհաճեց եհու անվանել․ իհարկե, ես ըստ ամենայնի նման եմ եհուներին, սակայն անհասկանալի է ինձ համար նրանց այլասերման և վայրի բարքի պատճառը։ Ես ավելացրի, թե բախտի բերմամբ, եթե ես կրկին վերադառնալու լինեմ իմ հայրենի երկիրը, պիտի պատմեմ իմ այս ճանապարհորդության մասին, ինչպես որ արդեն որոշել եմ, և ամենքը պիտի կարծեն, թե ես ասում եմ մի բան, որ չի եղել և որ ասածներս, սկզբից մինչև վերջ , հնարել եմ իմ գլխից․ և չնայած այն պատկառանքին, որ ես տածում եմ նրա, նրա ընտանիքի և բարեկամների հանդեպ, և վստահ նրա խոստմանը, որ չպիտի վիրավորվի, համարձակություն եմ առնում ասելու, որ իմ հայրենակիցները հազիվ թե հավանական համարեն, որպեսզի հուիհընհընմները մի որևէ երկրում տիրող արարած լինեն, իսկ եհուները՝ անբան անասուններ։
 
 
 
==Գլուխ չորրորդ==
 
Հուիհընհընմների ունեցած ըմբռնումը ճշմարտության և ստության մասին։ Հեղինակի խոսակցությունը դուր չի գալիս նրա տիրոջը։ Հեղինակը տալիս է ավելի մանրամասն տեղեկություններ իր ճանապարհորդական արկածների և իր մասին։
 
 
 
Իմ տերը լսում էր ինձ դեմքի շվարած արտահայտությամբ, որովհետև կասկածն ու երկմտությունն այնքան անծանոթ էին այս երկրում, որ նրա բնակիչները չգիտեն, թե ինչպես պիտի վարվեն նման դեպքերում։ Եվ ես հիշում եմ, երբ պատմում էի ուրիշ երկրների մարդկանց բնավորության մասին, և առիթ էի ունենում խոսելու նաև սուտ և կեղծ հասկացողությունների մասին, նա մեծ դժվարությամբ էր ըմբռնում ասածներս, չնայած որ նա ընդհանրապես շատ սուր մտքի տեր էր։ Նա դատում էր այսպես․ խոսելու կարողությունը նրա համար է, որ մենք հասկանանք միմյանց և ստանանք իրականության մասին տեղեկություններ․ բայց երբ մեկն ասում է մի բան, որ չի եղել, այն ժամանակ այդ կարողությունն ի դերև է ելնում, որովհետև նա չի կարող հասկանալ նրան, ով խոսում է իր հետ, և այդ մեկը ոչ միայն չի ստանում իսկական տեղեկություն, այլև ընկնում է ավելի վատթար վիճակի մեջ, որովհետև նրան ստիպում են հավատալ, որ սևը՝ սպիտակ է, իսկ երկարը՝ կարճ։ Այդ էր նրա ունեցած ըմբռնումը ստելու կարողության մասին, մի կարողություն, որ այնքա՜ն քաջ ծանոթ է և այնքան լայն տարածված բոլոր մարդկային հասարակություններում։
 
Սակայն չշեղվենք պատմությունից։ Երբ ես հավատացնում էի նրան, որ իմ հայրենի երկրում եհուները միակ տիրող կենդանիներն են, մի բան, որ իմ տիրոջ հասկացողությունից վեր էր, նա ցանկացավ իմանալ, թե արդյոք մեր մեջ հուիհընհընմներ չկա՞ն, իսկ եթե կան՝ ի՞նչ է նրանց պաշտոնը։ Ես պատասխանեցի, որ նրանց թիվը մեզանում շատ մեծ է, որ նրանք ամռանը արածում են դաշտում, իսկ ձմեռը նրանց տալով խոտ և գարի, պահում են հատուկ տներում, ուր եհուների ծառաները մաքրում են նրանց կաշին, սանրում բաշը, լվանում ոտքերը, հոգում նրանց կերը և քնելու տեղ պատրաստում։ Հիմա ես ձեզ շատ լավ եմ հասկանում, ― ասաց իմ տերը, ― և ինձ համար միանգամյան պարզ է ձեր ասածներից, որ ինչքան էլ ձեր եհուները հավակնություն ունենան իրենց բանական համարելու, այնուամենայնիվ ձեր տերերը հուիհընհընմներն են և ես անկեղծ կցանկանայի, որ մեր եհուներն էլ այդչափ հնազանդ լինեին։ Այն ժամանակ ես խնդրեցի, որ նորին մեծապատվությունը բարեհաճի թույլ տալ, որպեսզի չշարունակեմ խոսքս, որովհետև հավատացած էի, որ այն մանրամասնությունները, որոնց նա անհամբեր սպասում էր, վերին աստիճանի անհաճո պիտի թվան նրան։ Բայց նա պահանջեց, որ ես նրան հաղորդեմ թե՛ լավը և թե՛ վատը։ Ես խոստովանեցի, որ մեզանում հուիհընհընմները, որոնք կոչվում են ձիեր, ամենագեղեցիկ և ամենաազնիվ կենդանիներն են․ որ նրանք աչքի են ընկնում իրենց ուժով և արագաշարժությմաբ, իսկ երբ նրանք պատկանում են երևելի մարդկանց, այն ժամանակ նրանց օգտագործում են ճանապարհորդությունների ժամանակ, ձիարշավներում, կամ զբոսակառք քաշելու համար ու նրանց հետ վարվում են մեղմ և մեծ խնամքով՝ քանի դեռ նրանց առողջությունը տեղն է և ոտքերը՝ ամուր․ հակառակ դեպքում նրանց ծախում են, չարքաշ աշխատանքի դնում, մինչև որ սատկում են․ մահից հետո նրանց կաշին քերթում են, ծախում չնչին գնով, իսկ դիակը նետում շներին ու գիշատիչ թռչուններին։ Սակայն հասարակ ցեղի պատկանող ձիերն այդքան բախտավոր չեն․ նրանք պատկանում են գյուղացիներին ու սայլապաններին և ուրիշ ստոր աստիճանի մարդկանց, որոնք նրանց չարաչար աշխատեցնում են և ավելի վատ կերակրում։ Ես մանրամասն նկարագրեցի, թե ինչպե՞ս ենք մենք ձի հեծնում, ինչպե՞ս է սանձի ձևն ու գործածելու եղանակը, ի՞նչ է մտրակը, թամբը, խթանը, ձիու սարքն ու կարգը, անիվը։ Ավելացրի, որ մենք ձիերի ոտների ստորին մասին ամրացնում ենք մի տեսակ կարծր նյութի կտոր, որ կոչվում է պայտ՝ որպեսզի նրանց սմբակները քարքարոտ ճանապարհներին փշուր֊փշուր չլինեն, քանի որ նրանք շարունակ աշխատում են այդպիսի ճանապարհների վրա։
 
Արտահայտելով իր բուռն ցասումը՝ իմ տերը զարմացավ, թե ինչպե՞ս ենք մենք համարձակվում նստել հուիհընհընմի մեջքին, քանի որ նա հավատացած էր, որ իր տան ամենաանզոր ծառան անգամ կարող է ցած գլորել ամենաուժեղ եհուին, կամ թե չէ, պառկելով գետնին ու մեջքի վրա թավալվելով՝ ջարդուփշուր անել այդ անասունին։ Ես պատասխանեցի, որ մեր ձիերին երեք֊չորս տարեկանից սկսած վարժեցնում են զանազան նպատակների համար, որ խելառներին լծում են բեռնատար կառքերի, որ երիտասարդ ժամանակ նրանց ամեն մի չարաճճի զանցառության համար սաստիկ ծեծում են․ որ հեծնելու կամ լծելու հատկացրած արու ձիերին մինչև երկու տարեկան դառնալը սովորաբար կրտում են, որպեսզի նրանց գլխի քամիները հանեն և դարձնեն նրանց ավելի ձեռնասուն և հլու․ որ նրանք չափազանց դյուրազգաց են պարգևների և պատիժների նկատմամբ․ սակայն նորին մեծապատվությունը թող բարեհաճի նկատի առնել, որ նրանք այս երկրի եհուների պես ցույց չեն տալիս բանիմացության նշույլ անգամ։
 
Անհրաժեշտ էր, որ ես բազմաթիվ այլաբանությունների դիմեի, որպեսզի իմ տերը ճիշտ գաղափար կազմեր ասածներիս մասին․ դժբախտաբար նրանց լեզուն հարուստ չէ բազմապիսի բառերով, որովհետև նրանց պահանջներն ու կրքերն ավելի սակավաթիվ են, քան մերը։ Սակայն անկարելի էր նկարագրել նրա ազնիվ զայրույթը, երբ լսեց մեր բարբարոս վերաբերմունքի մասին դեպի հուիհընհընմների ցեղը և մանավանդ մեր սովորության մասին՝ կրտելու նրանց, որպեսզի նրանք ավելի հլու դառնան և զրկվեն սերունդ արտադրելու կարողությունից։ Նա ասաց՝ եթե հնարավոր է, որ մի երկիր լինի, որտեղ բանականությամբ օժտված են միայն եհուները, ապա անշուշտ նրանք պիտի լինեն այդ երկրի տիրող կենդանիները, որովհրտև բանականությունը միշտ վեր է բռնի ուժից։ Սակայն ի նկատի ունենալով մեր ցեղի և մանավանղ իմ մարմնի կազմությունը, նա գտնում է, որ իմ մեծության ոչ մի արարած, բանականությունը կյանքի առօրյա պահանջներին հարմարեցնելու տեսակետից, այդ աստիճանի անշնորհք չէ, ուստի նա ցանկություն ունի իմանալու, թե այդ արարածները, որոնց մեջ ես ապրում եմ, ու՞մն են ավելի նման՝ ի՞նձ, թե այդ երկրի եհուներին։ Ես հավատացրի նրան, որ ես նույնքան լավ կազմվածք ունեմ, որչափ իմ տարիքն ունեցողներից շատ֊շատերը․ որ պատանիներն ու կանայք ավելի նուրբ և քնքուշ են, իսկ վերջինների մարմինը կաթի նման սպիտակ է։ Նա ասաց, որ ես տարբերվում եմ մյուս եհուներից նրանով, որ ավելի մաքրասեր եմ և նրանց չափ այլանդակ չեմ, իսկ ինչ վերաբերում է իրական առավելություններին՝ ես նրանցից ամենևին չեմ տարբերվում։ Որ իմ ո՛չ առաջին և ո՛չ էլ հետին ոտքերի եղունգները բանի պետք չեն, իսկ ինչ վերաբերում է առաջին ոտքերին, նրանք մինչև անգամ այդ անունին արժանի չեն, որովհետև նա երբեք չի տեսել , որ ես ման գալու ժամանակ դրանք գործածեմ, որ նրանք շատ նուրբ են գետնին դիմանալու․ որ դրանց ես միշտ բաց եմ պահում, իսկ եթե երբեմն ծածկում եմ, ապա այդ ծածկոցները չունեն իմ հետին ոտքերի ծածկոցների ձևն ու ամրությունը։ Որ ես չեմ կարող վստահ կերպով քայլել, որովհետև, եթե իմ հետին ոտքերից մեկն ու մեկը սայթաքի՝ իմ անկումը կլինի անխուսափելի։ Ապա նա սկսեց պակասություններ գտնել իմ մարմնի մյուս մասերի վրա ևս՝ դեմքս տափակ է, քիթս դուրս ցցված, աչքերս զետեղված են ուղղակի ճակատիս վրա, այնպես որ առանց գլուխ դարձնելու, չեմ կարող աջ ու ձախ նայել․ որ ես չեմ կարող ինձ կերակրել, մինչև որ առջևի ոտքերիցս մեկը չտանեմ բերանս․ ու թերևս այդ նպատակն ունեն բնության կողմից ինձ տրված այդչափ հոդերը։ Նա չգիտեր, թե ինչի՞ են պետք, իմ հետին ոտքերի վրա գտնվող ճեղքերն ու բաժանումները․ նրա կարծիքով այդ ոտքերը շատ նուրբ են ու չեն կարող դիմանալ սուր և կոշտ քարերին, եթե ծածկված չլինեն ուրիշ կենդանու մորթուց շինած պատյանով, իսկ իմ ամբողջ մարմինը պաշտպանության կարիք ունի և՝ ցրտի, և՛ տաքի դեմ և ես դատապարտված եմ ամեն օր հագնվել ու հանվել, մի բան, որ շատ ձանձրալի է և դժվար։ Վեջապես, ըստ նրա դիտողության, այդ երկրում ամեն մի կենդանի բնական գարշանք ունի եհուների հանդեպ, տկարները նրանցից խուսափում են, իսկ զորեղները՝ վռնդում են նրանց։ Եթե անգամ ենթադրենք, որ մենք օժտված ենք բանականությամբ, ապա նա չգիտե, թե ինչպե՞ս կարելի է հաղթահարել այն բնական հակակրանքը, որով լցված են բոլոր արարածները դեպի մեզ։ Համենայն դեպս նա չուզեց (ինչպես նա ասաց) այլևս խոսել այդ մասին, որովհետև ավելի շատ նրա ցանկությունն էր լսել իմ մասին, թե որտեղ եմ ծնվել, և ի՞նչ էի անում, նախքան այստեղ գալը։
 
Ես պատասխանեցի, թե նրան ըստ ամենայնի բավարարելու ցանկությունս անսահման է․ միայն սաստիկ կասկածում եմ, որ հնարավոր լինի բացատրել այն բոլոր առարկաները, որոնց մասին նորին մեծապատվությունը ոչ մի գաղափար չունի, որովհետև այդ երկրում չկա մի այնպիսի իր, որի հետ կարելի լիներ բաղդատել։ Համենայն դեպս ձեռքիցս եկածը կանեմ ու կաշխատեմ արտահայտվել համեմատությունների միջոցով, միևնույն ժամանակ խոնարհաբար խնդրեցի, որ այն դեպքում, երբ անհրաժեշտ բառերի պակաս զգամ՝ աջակցի ինձ․ նորին մեծապատվությունը խոստացավ կատարել իմ խնդիրը։
 
Ես ասացի, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, մի հեռավոր կղզու վրա, որ կոչվում է Անգլիա, որին հասնելու համար այնքան օրվա ճանապարհ է պետք, որքան որ նրա ուժեղ ծառաներից մեկը հազիվ կարողանա հասնել արևի մի տարվա շրջադարձի ընթացքում։ Որ ես մի ուսյալ վիրաբույժ եմ և բժկում եմ մարմնի վրա դժբախտ պատահարներից կամ հարձակումներից ստացած վերքերն ու վնասված տեղերը։ Որ իմ հայրենիքը կառավարում է մի էգ, որին մենք անվանում ենք թագուհի։ Որ ես հեռացել եմ իմ հայրենիքից հարստություն ձեռք բերելու նպատակով, որով ես պիտի հոգամ իմ և իմ ընտանիքի ապրուստը, հենց որ վերադառնամ տուն։ Որ իմ վերջին ճանապարհորդության ժամանակ նավի կապիտանն էի, և իմ ղեկավարության տակ հիսուն եհու կար, որոնցից շատերը ճանապարհին մեռան, և ես ստիպված էի նրանց փոխարինել զանազան ազգությունների պատկանող այլ եհուներով։ Որ մեր նավը երկու անգամ ընկղմվերլու վտանգի էր ենթարկվել․ առաջին անգամ՝ սաստիկ փոթորկի ժամանակ, իսկ երկրորդ անգամ՝ մի ժայռի կպչելուց հետո։ Այստեղ իմ տերն ընդհատեց ինձ՝ հարցնելով, թե այդքան կորուստներից և վերահաս վտանգներից հետո ես ինչպե՞ս կարողացա համոզել տարբեր երկրների օտարականներին, որ մասնակցեն իմ վտանգավոր ձեռնարկին։ Ես ասացի, թե նրանք բախտից հուսահատված մարդիկ են, որոնք ստիպված են փախչել իրենց ծննդավայրից կամ թշվառությունից դրդված և կամ ոճրագործություն անելուց հետո։ Ոմանք սնանկացել են դատավարությունների ժամանակ, ոմանք իրենց ունեցածը վատնել են հարբեցողությամբ, բախտախաղով ու անառակ կյանքի հետևանքով, ոմանք փախչում են մատնություն անելուց հետո, շատերին էլ փախուստի է մատնում մարդասպանությունը, գողությունը, ուրիշին թունավորելը, ավազակությունը, երդմնազանցությունը, կեղծիքը, դրամանենգությունը, բռնաբարությունը, զորքից փախչելը և թշնամու կողմն անցնելը, իսկ մեծագույն մասը՝ բանտից փախչողներ են։ Կախվելու կամ բանտում սովամահ լինելու վտանգը նրանցից ոչ մեկին թույլ չէր տալիս՝ վերադառնալ իր հայրենի երկիրը․ այդ էր պատճառը, որ նրանք ստիպված էին իրենց կյանքի ապրուստը հոգալ ուրիշ վայրերում։
 
Այս խոսակցության ժամանակ իմ տերը բարեհաճեց մի քանի անգամ ընդհատել ինձ։ Ես ստիպված էի շարունակ դիմել այլաբանությունների, որպեսզի նրան բացատրեմ բազմաթիվ ոճիրների էությունը, որոնց շնորհիվ իմ նավաստիներից շատերը հարկադրված փախել էին իրենց հայրենիքից։ Մի քանի օր տևող աշխատանքից հետո միայն նա կարողացավ հասկանալ ինձ։ Նրա համար առեղծված էր, թե ի՞նչն է դրդում կամ հարկադրում, որ այդ մարդիկ այդպիսի ոճիրներ գործեն։ Այդ ամենը պարզելու համար ես փորձեցի նրան որոշ գաղափար տալ անհագ ծարավի, հարստության տենչանքի, հեշտասիրության սոսկալի հետևանքների և շվայտության, չարակամության ու նախանձի մասին։ Այդ ամենն ստիպված էի որոշել և նկարագրել օրինակների և համեմատությունների օգնությամբ։ Դրանից հետո նա զարմացած ու ցասումով լի աչքերը վեր բարձրացրեց, ինչպես մի մարդ, որի երևակայության վրա ազդել է մի չտեսնված կամ չլսված բան։ Հուիհընհընմների լեզվով գոյություն չունեն համապատասխան տերմիններ իշխանության, պետության, պատերազմի, օրենքի, պատժի և ուրիշ շատ հասկացողությունների համար, մի բան, որ վերին աստիճանի դժվարացնում էր, որպեսզի ես իմ տիրոջը գաղափար կազմել տամ այն ամենի մասին, ինչի մասին ես խոսում էի։ Սակայն լինելով ի բնե խոշոր խելքի տեր և այդ խելքը կատարելագործած լինելով զանազան խորհրդակցությունների և խոսակցությունների ժամանակ, վերջի վերջո նա լիովին ըմբռնեց այն ամենը, ինչ կարող է անել մարդկային բնությունն աշխարհի մեզ պատկանող մասում, և ցանկություն հայտնեց, որ ես ավելի մանրամասն նկարագրեմ աշխարհի այն մասը, որը մենք անվանում ենք Եվրոպա, և մանավանդ իմ սեփական հայրենիքը։
 
 
 
==Գլուխ հինգերորդ==
 
Հեղինակը, իր տիրոջ հրամանով, տեղեկություններ է տալիս Անգլիայի կայսրության մասին։ Եվրոպայի թագավորների միմյամց դեմ վարած պատերազմների պատճառը։ Հեղինակն սկսում է մեկնաբանել անգլիական սահմանադրությունը։
 
 
 
Ընթերցողը, թող բարեհաճի նկատի առնել, որ իմ տիրոջ հետ ունեցած զրույցների ներքոհիշյալ այս քաղվածքը պարունակում է իր մեջ համագումարն այն էական նյութերի, որոնց մասին հաճախ խոսել եմ նրա հետ մոտ երկու տարվա ընթացքում․ հուիհընհընմների լեզվում իմ արած առաջադիմության հետ զուգընթաց, նորին մեծապատվությունը պահանջում էր ինձնից ավելի շատ մանրամասնություններ։ Ես կարողացածիս չափ նկարագրեցի նրան Եվրոպայի ընդհանուր կացությունը․ պատմեցի առևտրի և արթյունաբերության, գիտության և արվեստների մասին, իսկ զանազան նյութերի շուրջը նրա հարցերին իմ տված պատասխաններն անսպառ խոսակցությունների նոր աղբյուր էին դառնում։ Բայց ես այստեղ պիտի բերեմ իմ հայրենի երկրի վերաբերյալ մեր մեջ տեղի ունեցած խոսակցության հիմնական մասը, վերածելով այն որոշ կարգ ու կանոնի, և ուշադրություն չդարձնելով ժամանակագրական հետևողականության և այլ կողմնակի հանգամանքների վրա, որովհետև ինձ մտահոգություն պատճառողը ճշմարտությունն է։ Ինձ համար միակ կարևորն այն է, որ ես կարողանամ ճշգրիտ տալ իմ տիրոջ առարկություններն ու արտահայտությունները, որոնք կարող են տուժել թե՛ իմ անկարողության և թե՛ մեր բարբարոս լեզվով թարգմանելու շնորհիվ։
 
Հնազանդվելով նորին մեծապատվության հրամանին, ես պատմեցի նրան Օրանի պրինցի առաջնորդուցյամբ տեղի ունեցած մեր վերջին ռևոլյուցիայի մասին․ նաև վերոհիշյալ պրինցի կողմից Ֆրանսիայի դեմ սկսած բազմամյա պատերազմի մասին, որ նորից սկսեց նրա հաջորդը՝ թագուհի Աննան, մի պատերազմ, որին մասնակցեցին բոլոր քրիստոնյա պետությունները և որը մինչև օրս էլ շարունակվում է։ Իմ տիրոջ խնդրի համաձայն ես հաշվեցի, որ այդ պատերազմի ժամանակ սպանվել է մոտ մի միլիոն եհու և թերևս հարյուրավոր քաղաքներ են գրավված եղել և երեք անգամ ավելի նավեր են այրվել, կամ ծովի տակ ընկղմվել։
 
Նա հարցրեց, թե սովորաբար ի՞նչն է դրդապատճառը, որ մի երկիր պատերազմ է մղում մյուսի դեմ։ Ես պատասխանեցի, որ այդ պատճառներն անթիվ ու անհամար են, բայց ես կհիշեմ գլխավորներից մի քանիսը։ Երբեմն թագավորների փառասիրությունը, որոնք միշտ կարծում են, որ իրենց իշխանության տակ եղած հողն ու ժողովուրդը քիչ է, երբեմն՝ ապիկարությունը մինիստրների, որոնք իրենց թագավորին դեպի կռիվ են մղում, որպեսզի խեղդեն կամ խոտորեն հպատակների դժգոհությունն իրենց կառավարության հանդեպ։ Կարծիքների տարբերությանը զոհ է գնացել միլիոնավոր մարդկանց կյանք, օրինակ՝ մարմինը հա՞ց է, թե՞ հացն է մարմին, պտուղներից մի քանիսի հյութը արյու՞ն է , թե՞ գինի․ սուլելը մոլությու՞ն է, թե՞ առաքինություն, ավելի լավ է փայտի կտորը համբուրե՞ս, թե՞ նետես կրակի մեջ, հագուստն ի՞նչ գույնի պիրի լինի՝ սև՞, սպիտա՞կ, թե՞ գորշ, և ինչպե՞ս պիտի լինի նա՝ կա՞րճ՝ թե՞ երկար, նե՞ղ, թե՞ լայն, կեղտո՞տ, թե՞ մաքուր և այլն։ Ես ավելացրի, որ ոչ մի կռիվ այնքան կատաղի և արյունահեղ կամ երկարատև չէ, քան այն կռիվները, որոնց պատճառը կարծիքների տարբերությունն է, մանավանդ, երբ այդ տարբերությունը վերաբերում է ոչ էական խնդիրներին։ Երբեմն երկու թագավոր կռվում են միմյանց հետ, թե նրանցից ո՞ր մեկը պիտի գահընկեց անի երրորդ թագավորին, թեև նրանցից ոչ մեկն էլ չունի այդ իրվունքը։ Երբեմն մի թագավոր կռվում է մյուսի հետ՝ վախենալով, թե միգուցե վերջինս պատերազմի իր դեմ։ Երբեմն պատերազմն սկսվում է, որովհետև թշնամին շատ է ուժեղ, երբեմն էլ, որովհետև թշնամին շատ է թույլ։ Երբեմն, որովհետև մեր հարեևանները չունեն այն, ինչ մե՛նք ունենք, կամ ունեն այն, ինչ մենք չունենք․ ու մենք կռվում ենք իրաի հետ, մինչև որ նրանք վերցնեն մեր ունեցածը, կամ թե չէ տան իրենց ունեցածը։ Պատերազմի համար շատ արդարացի պատճառ է համարվում, երբ հարձակվում ես մի երկրի վրա, որի ժողովուրդը սովահար է եղել, կամ ժանտախտի է մատնվել և կամ ներքին խռովություններից հետո՝ տկարացել։ Մեր մտերիմ դաշնակցի դեմ սկսած պատերազմն արդարացի է համարվում նաև այն դեպքում, երբ նրա քաղաքներից մեկի դիրքը հարմար է մեզ համար, և նրա հողերի մի որևէ կտորը կարելի է կցել մեր տերության հողերին իբրև լրացում։ Երբ մի որևէ թագավոր իր զորքերն ուղարկում է մի երկիր, որի ժողովուրդը թշվառ է ու տգետ, նրան քաղաքակիրթ դարձնելու և բարբարոս վիճակից ազատելու նպատակով, նա կարող է այդ ժողովրդի մի մասը միանգամայն հանուն օրենքի կոտորել, իսկ մյուս մասը՝ ստրուկ դարձնել։ Լայն տարածված է նաև հետևյալ ազնիվ և արքայական գործողությունների ձևը․ մի թագավոր շատ սիրալիր և պատվավոր կերպով ցանկանում է օգնել մի ուրիշ թագավորի ՝ պաշտպանելու համար նրան մի որևէ հարձակումից և հարձակվող կողմը վռնդելուց հետո նա գրավում է իր պաշտպանած թագավորի հողերը, թագավորին սպանում, բանտարկում կամ աքսորում։ Արյունակցական կամ ամուսնական հողի վրա կնքված դաշինքը երկու թագավորների միջև հաճախ առիթ է դառնում պատերազմների․ և որքան մոտ է նրանց խնամությունը, այնքան խոշոր է միմյանց դեմ կռվելու միտումը։ Չքավոր ազգերն ագահ են լինում, իսկ ունևոր ազգերը՝ ամբարտավան, իսկ ամբարտավանությունն ու քաղցը երբեք իրար հետ հաշտ չեն լինում։ Ուստի, այդ իսկ պատճառներով զինվորի պաշտոնը ամենապատվավոր պաշտոնն է, որովհետև ամեն մի զինվոր եհու է, որին վարձում են սառնասիրտ կերպով սպանելու իր նման շատերին, որոնք երբեք նրան ոչ մի վնաս չեն պատճառել։
 
Եվրոպայում գոյություն ունեն մի տեսակ մուրացիկ թագավորներ, որոնք անկարող լինելով պատերազմ մղելու ինքնուրույն, իրենց զորքը, մարդագլուխ, վարձով են տալիս հարուստ պետություններին և իրենք վերցնում են այդ վարձի երեք քառորդ մասը, որ խոշոր տեղ է բռնում նրանց եկամուտների մեջ․ այդպես է ընդունված, գոնե Գերմանիայում և Եվրոպայի հյուսիսային երկրներում։
 
Պատերազմի մասին ձեր պատմածը (ասաց իմ տերը) լավագույն արդյունքն է այն բանականության, որը հավակնում եք ձեր սեփականությունը համարելու, սակայն, բարեբախտաբար, այդ ձեր ասածների մեջ ավելի շատ խայտառակություն կա, քան վտանգ․ իսկ բնությունն էլ, իր հերթին այնպես է արել, որ դուք չեք կարող մեծ վնասներ հասցնել։
 
Ձեր բերանը գտնվում է ձեր դեմքին, մի հարթության վրա, և դուք դժվար թե կարողանաք միմյանց կծել, առանց փոխադարձ համաձայնության։ Ապա ինչ վերաբերում է ձեր առաջի և հետևի ոտքերի եղունգներին՝ նրանք այնքան կարճ են և նուրբ, որ մեր եհուներից մեկը կարող է ետ մղել ձեզ պես տասներկուսին։ Ուստի ինչ վերաբերում է մարդկանց այն թվին, որ դուք սպանել եք պատերազմի ժամանակ, ինձ թվում է, որ ասացիք այն, ինչ չկա։
 
Ես չկարողացա ինձ զսպել և գլուխս շարժելով ժպտացի նրա անգիտության վրա։ Ու անծանոթ չլինելով պատերազմական արհեստին, ես նկարագրեցի, թե ինչ է թնդանոթը, կուլվերինը, մուշկեթը, կարաբինը, ատրճանակը, գնդակը, վառոդը, թուրը, սվինը, պաշարումը, նահանջը, գրոհը, ականն ու հակաականը, ռմբակոծումը, ծովերի խորտակումը, հազարավոր մարդկանցով լիքը նավերի խորտակումը, երկուստեք տասնյակ հազար մարդկանց կոտորածը, մահամերձների հառաչանքը, օդի մեջ թռչող մարդկային մարմնի մասերը, ծուխը, աղաղակը, խուճապը, մահը՝ ձիերի ոտքերի տակ, փախուստը, հետապնդումը, հաղթանակը․ շներին, գայլերին և գիշատիչ թռչուններին բաժին դարձած դիակներով ծածկված դաշտերը, ավազակությունը, կողոպուտը, բռնաբարությունը, հրդեհն ու ավերերումը։ Եվ իմ սիրելի հայրենակիցների քաջագործությամբ պարծենալու նպատակով, ես նրան հավատացրի, որ պաշարման ժամանակ մի անգամ տեսել եմ, թե ինչպես հարյուրավոր թշնամիներ հոդս ցնդեցին, և մի այդքան էլ ծովային կռվի ժամանակ, երբ մարդկային դիակները թափվում էին կարծես երկնքի ամպերից և մեծ բավականություն պատճառում ականատեսներին։
 
Ես ուզում էի կանգ առնել մանրամասնությունների վրա, երբ իմ տերը հրամայեց, որ լռեմ։ Նա ասաց, թե ով ծանոթ է եհուների բնավորությանը, հեշտությամբ կարող է հավատալ, որ այդ գարշելի անասունները լիովին ընդունակ են իմ հիշած բոլոր արաքներին, եթե միայն նրանք իրենց ուժի և խորամանկության համեմատ չարամտություն ունենան։ Դեպի այդ ցեղը նրա ունեցած գարշանքը իմ ասածներից հետո ավելի ևս սաստկացավ և մտքում անհանգստություն սերմանեց, մի բան, որ մինչ օրս անծանոթ էր նրան։ Նա վախենում էր, որ իր ականջները կվարժվեն այդ զզվելի խոսքերին և որոշ չափով կնվազի եհուների հանդեպ իր ունեցած գարշանքը։ Թեև նա ատում էր այդ երկրի եհուներին․ սակայն ավելի չէր մեղադրում նրանց՝ իրենց զզվելի հատկությունների համար, քան մի զննայհ֊ի (գիշտիչ թռչունի), որովհետև նա դաժան է, կամ մի սրածայր քարի, որովհետև նա վնասել է իր սմբակը։ Իսկ երբ մի արարած հավակնություն ունի իրեն բանական համարելու և ընդունակ է նման վայրագությունների, անտարակույս այդ այլասերված բանական կարողությունը կարող է ավելի վատթար լինել, քան ինքը՝ գազանային դաժանությունը։ Ուստի նա կարծում է, որ բանականության փոխարեն մենք օժտված ենք մի տեսակ հատկությամբ, որի միջոցով մենք բազմացնում ենք մեր բնական պակասությունները․ ինչպես ջրի անհանգիստ հոսանքի արտացոլումը, որ տալով մի որևե տգեղ մարմնի պատկերը, ոչ միայն խոշորացնում է նրան, այլև ավելի անճոռնի դարձնում։
 
Նա ավելացրեց, որ բավականաչափ լսեց պատերազմի մասին թե՛ այս և թե՛ նախկին խոսակցությունների ժամանակ։ Այժմ նրան մի փոքր շփոթություն է պատճառում մի այլ խնդիր։ Ես նրան հաղորդել էի, որ մեր նավաստիներից ոմանք թողել էին իրենց հայրենիքը, որովհետև օրենքը սնանկացրել է նրանց․ թեև ես արդեն բացատրել էի այդ բառի իմաստը, սակայն նա տարակուսանքի մեջ էր, թե ինչպես կարող է պատահել, որ ամենքի պաշտպանության համար սահմանված օրենքը որևէ մեկին ավերի։ Ուստի նա ցանկացավ հանգամանորեն իմանալ, թե ի՞նչ է իմ կարծիքն օրենքի և նրա գործադրողների մասին, համաձայն այն ամենի, ինչ այժմ, իրականում, գոյություն ունի իմ հայրենիքում, որովհետև, նրա կարծիքով, բնությունն ու իմացականությունը լավագույն առաջնորդներն են բանական արարածների համար, ինչպիսին մենք հավակնություն ունենք մեզ համարելու, և որոշակի կեպով ցույց են տալիս, թե ի՛նչ պետք է մենք անենք և ինչի՛ց խուսափենք։
 
Ես հավատացրի նորին մեծապատվությանը, որ օրենքը մի գիտություն է, որին ես այնքան տեղյակ չեմ, և իմ ծանոթությունը սահմանակվում է նրանով, որ կարիքի դեպքում դիմում եմ փաստաբաններին, երբ ես տուժում եմ մի որևէ անարդարությունից․ այնուամենայնիվ, կարողացածիս չափ ես կաշխատեմ բավարարություն տալ նրա հետաքրքրասիրությանը։
 
Ես ասացի, որ մեզանում գոյություն ունի մարդկանց մի ընկերակցություն, որը պատանեկությունից սովորում է մի արհեստ՝ շատախոսությամբ ապացուցելու, որ սպիտակը՝ սև է, իսկ սևը՝ սպիտակ, նայած, թե որքա՞ն են նրանց վճարում։ Այդ ընկերակցությունը ողջ ժողովրդին պահում է ստրկության մեջ։ Օրինակ, եթե իմ հարևանը հավանում է իմ կովը, իսկույն մի օրենսգետ է վարձում՝ ապացաուցելու, որ նա ունի իրավունք խլելու իմ կովը։ Իրավունքս պաշտպանելու համար ստիպված ես մի ուրիշ օրենսգետ եմ վարձում, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ մեկն իրեն անձամբ պաշտպանի։ Այդ դեպքում, իբրև իրավատեր իմ կացությունը կրկնակի աննպաստ է։ Նախ իմ օրենսգետը, որ գրեթե օրորից վարժված է պաշտպանելու սուտը, իր տարերքի մեջ չի գտնվում, երբ պիտի պաշտպանի արդարությունը։ Գտնեկով, որ իր կացությունն անբնական է, նա գործում է անշնորհք կերպով և հաճախ նույնիսկ չարամտորեն։ Ապա իմ օրենսգետը մեծ զգուշություն պետք է բանեցնի, եթե ոչ՝ պիտի արժանանա դատավորների հանդիմանուցյանը և իր ընկերակիցների դժկամությանը, որովհետև նա այդպիսով նվաստացնում է իրենց պրոֆեսիոնալ արժանապատվությունը։ Ուստի կովը պաշտպանելու համար մնում է երկու ելք։ Կա՛մ պետք է կրկնակի վարձով կաշառեմ հակառակորդի օրենսգետին, որը դավաճանելով իր պաշտպանյալին՝ ակնարկով հասկացնել է տալիս դատարանին, որ արդարությունը նրա կողմն է, կամ իմ օրենագետը պիտի աշխատի իմ գործը ձևացնել իբրև մի անարդարացի գործ, ընդունելով, որ իմ կովը պատկանում է հակառակորդին, և եթե նա այդ անի հմուտ կերպով, անկասկած պիտի շահեմ դատարանի հավանությունը։
 
Ուրեմն ձերդ մեծապատվությունը պիտի իմանա, որ այդ դատավորերն այնպիսի մարդիկ են, որոնք նշանակված են որոշելու սեփականատիրական վեճերն ու քրեական գործերը և ընտրված են ամենահմուտ օրենսգետներից, որոնք արդեն թե՛ ծեր են և թե՛ ծույլ։ Իրենց կյանքում մշտապես հանդես գալով ճշմարտության և արդարության դեմ, նրանք ճակատագրական անշրաժեշտությամբ հովանավորում են կեղծիքը, սուտ երդումն ու հարստահարությունը․ և ես գիտեմ, որ նրանցից շատերը հրաժարվել են ընդունելու խոշոր կաշառքներ այն կողմից, ուր արդարույունն է, որպեսզի չխախտեն իրենց արտոնությունը մի այնպիսի գործով, որ անվայել է թե՛ իրենց բնությանը և թե՛ պաշտոնին։
 
Այդ օրենսգետները կարգ են սահմանել, որ մի անգամ հանած վճիռը կարելի է գործադրել համանման դեպքում։ Ուստի նրանք ամենայն ջանքով պահպանում են նախկին որոշումները, որոնք դեմ են թե՛ սովորական արդարությանը և թե՛ մարդկային առողջ դատողությանը։ Այդ որոշումները, որոնք հայտնի են նախընթաց անունով, նրանք օգտագործում են իբրև հեղինակություն՝ ամենաանարդարացի կարծիքները պաշտպանելու համար․ և դատավորները նրանցով ղեկավարվելու առիթը բաց չեն թողնում։
 
Դատավարության ժամանակ նրանք ամենայն խնամքով անտեսում են գործի էական մասը, իսկ բուռն եռանդով և խռպոտության աստիճանի գոռում այնպիսի հանգամանքների մասին, որոնք ոչ մի արժեք չունեն։ Օրինակ՝ մի փոքր առաջ հիշածս գործի ժամանակ, նրանք երբեք չեն ցանկանում իմանալ, թե ի՞նչ իրավունք ունի հակառակորդը իմ կովի նկատմամբ և ի՞նչ ապացույցներ, այլ միայն սկսում են խոսել, թե կովը կարմի՞ր գույն ունի, թե՞ սև, նրա եղջույրները երկա՞ր են, թե՞ կարճ, և այն դաշտը, ուր ես արածացնում եմ նրան, շրջանաձև՞ է, թե՞ քառակուսի, տա՞նն եմ կթում, թե՞ դուրսը, ի՞նչ հիվանդուցյունների է նա ենթակա և այլն, և այլն․ այդ ամենից հետո նրանք տեղեկություն են պահանջում նախընթաց որոշումների մասին, գործը հետաձգում մի ժամկետից մյուսը, և տասը, քսան կամ երեսուն տարուց հետո մի որևէ որոշման հանգում։
 
Բացի այդ պետք է նկատել, որ դատավորական այդ ընկերակցությունն ունի իր սեփական առանձնակի լեզուն և ժարգոնը, որ ուրիշ ոչ մի մահկանացու չի կարող հասկանալ և որով գրված են նրանց բոլոր օրենքները․ այդ օրենքները նրանք մի մասնավոր ջանքով բազմացնում են, և այդպիսով վեջնականապես խեղաթյուրում ճշմարտության և ստության, արդարության և անարդարության իսկական էությունը․ այնպես որ երեսուն տարի է հարկավոր՝ որոշելու համար, թե դաշտը, որ մնացել է ինձ իմ նախնիներից, սրանից վեց սերունդ առաջ, ի՞նձ է պատկանում, թր՞ մի օտարականի, որ ապրում է երեք հարյուր մղոն հեռավորության վրա։
 
Պետության դեմ հանցանք գործած մարդկանց դատավարությունն ավելի կարճատև է և գովելի․ նախ և առաջ դատավորն իմանում է այն մարդկանց տրամադրությունը, որոնք իշխանություն ունեն, ապա նա հեշտությամբ մեղադրյալին կամ կախում է, կամ ազատ արձակում, անշեղ կերպով պահպանելով օրենքի բոլոր պատշաճ ձևականությունները։
 
Այստեղ իմ տերն ինձ ընդհատեց, ափսոսանք հայտնելով, որ այդ օրենսգետների պես արարածները, որոնք օժտված են զարմանալի ընդունակություններով, ինչպես ես նկարագրեցի նրանց, չեն խրախուսվում, որպեսզի նրանք ուրիշներին ավելի շատ խելք ու իմաստություն սովորեցնեն։ Պատասխանելով դրան, ես հավատացրի նորին մեծապատվությանը, որ իրենց պաշտոնից դուրս նրանք մեզանում ըստ ամենայնի ամենատգետ և ամենատխմար մարդիկ են, սովորական խոսակցությունների ժամանակ՝ ամենից անկարողը, ուսման և գիտության երդվյալ թշնամիները և ամեն մի բնագավառում տրամադիր՝ մարդկային առողջ դատողությունը նույնքան խեղաթյուրելու, որքան իրենց սեփական պաշտոնակատարության ընթացքում։
 
 
 
==Գլուխ վեցերորդ==
 
:Անգլիայի նկարագրության շարունակությունը։ Եվրոպայի արքունիքների առաջին կամ ավագ մինիստրների բնութագիրը։
 
Բայց և այնպես իմ տերը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ շարժառիթներ են դրդում օրենսգետների այդ ցեղին, որպեսզի նրանք շվարման, վարանմունքի և իրարանցման մեջ ընկնեն, դաշն կապեն անարդարության հետ՝ պարզապես իրենց ցեղակից֊անասուններին վնասելու համար․ նմանապես չէր կարողանում ըմբռնել, թե ի՞նչ իմաստով եմ ես ասում, թե նրանք աշխատում են վարձի համար։ Ուստի ես ստիպված էի ահագին ջանք գործ դնել բացատրելու համար, թե ի՞նչ բան է դրամի գործածությունը, այն մետաղը, որից պատրաստում են դրամը և դրամի արժեքը․ երբ եհուն, ասացի ես, մեծ քանակությամբ կուտակում է այդ անգին նյութից, այն ժամանակ նա հնարավորություն ունի ձեռք բերելու ինչ որ սիրտն ուզում է՝ ընտիր հագուստներ, հոյակապ տներ, ընդարձակ հողամասեր, թանկագին ուտելիքներ ու խմիչքներ, և իր համար ընտրում է ամենից գեղեցիկ էգերը։ Քանի որ միայն դրամն է ընձեռում նրանց այդ բոլոր բարիքները, ուստի մեր եհուններին միշտ թվում է, որ ծախսերի և խնայողության համար նրանք բավականաչափ դրամ չունեն, նայած թե բնությամբ ինչի են հակված՝ շռայլությա՞ն, թե ժլատության։ Ես ասացի նաև, որ հարուստները վայելում են չքավորների աշխատանքի պտուղը, որ ամեն մի հարուստի, հարաբերաբար, ընկնում է հազար չքավոր, որ ժողովրդի մեծագույն մասը ստիպված թշվառ կյանք է վարում, միևնույն ժամանակ օրեցօր աշխատելով մի չնչին վարձով, որպեսզի փոքրամասնությունը փարթամ ապրի։ Ես ընդարձակ կերպով կանգ առա այս ամենի և հարակից ուրիշ մանրամասնությունների վրա․ սակայն նորին մեծապատվությունը դժվարությամբ էր հասկանում ինձ, որովհետև նրա ենթադրությամբ բոլոր կենդանիները հավասար իրավունքներ ունեն մասնակցելու երկրային բարիքներին, մանավանդ նրանք, որոնք իշխում են մյուսների վրա։ Ուստի նա ցանկացավ իմանալ, թե որո՞նք են այդ թանկարժեք ուտելիքները, և ինչպե՞ս է, որ մեզանից որևէ մեկն զգում է նրա կարիքը։ Ուստի ես թվեցի կերակուրների բոլոր տեսակները, որ հիշում էի նրանց պատրաստելու տարբեր ձևերով և համեմներով հանդերձ, թվեցի նաև խմիչքները և ուրիշ անհամար պարագաներ, ասելով, որ առանց աշխարհի չորս կողմը նավ ուղարկելու՝ անհնարին է ունենալ այդ ամենը։ Ես նրան հավատացրի, որ երկրագունդն առնվազն երեք անգամ պտտել է հարկավոր, մինչև որ մեր եհուների ամենից գեղեցիկ էգի համար կարելի լինի նախաճաշ գտնել, կամ մի որևէ աման՝ այդ նախաճաշը մատուցելու համար։ Նա ասաց, որ թշվառ է այն երկիրը, որ չի կարողանում կերակրել իր բնակիչներին։ Բայց նրան ամենից շատ զարմացրեց այն, որ իմ նկարագրած ընդարձակ երկրամասերը զուրկ են ջրից, և խմելու ջուր բերելու համար ազգաբնակությունն ստիպված է ծովեծով ընկնել։ Ես պատասխանեցի, որ Անգլիան (իմ թանկագին հայրենիքը) արտադրում է երեք անգամ ավելի սննդամթերք, քան նրա բնակիչները կարող են սպառել․ իսկ ինչ վերաբերում է խմիչքներին՝ հատիկներից և մի քանի բույսերի պտուղներից մենք պատրաստում ենք սքանչելի ըմպելիքներ․ նույն համեմատությամբ մենք պատրաստում ենք նաև այլ կենսամթերքներ։ Ի գոհացումն արուների հեշտասեր և զեխ կյանքի և էգերի ունայության՝ մենք մեր անհրաժեշտ պիտույքների մեծագույն մասն ուրիշ երկրներն ենք ուղարկում, որի փոխարեն ստանում ենք հիվանդուցյուններ, քմահաճույքներ և մոլություններ սնուցանոց նյութեր։ Այստեղից էլ անխուսափելիորեն բխում է այն, որ իմ հայրենակիցների մեծամասնությունն ստիպված է իր ապրուստը հոգալ մուրացկանությամբ, ավազակությամբ, գողությամբ, կավատությամբ, նենգությամբ, ուրացողությամբ, շողոքորթությամբ, կեղծիքով, խարդախությամբ, բախտախաղով, ստությամբ, քծնությամբ, սնապարծությամբ, քվեարկության առևտրով, խծբծանքով, աստղեր համարելով, թունավորելով, անառակությամբ, անվանարկությամբ, կրոնամոլությամբ, ազատախոհությամբ ու այլ և այլ պարապմունքներով։ Ամեն մի բառի իմաստը նրան հասկացնելու համար հարկավոր էր մեծ ջանք գործ դնել։
 
Ես ասացի, որ գինին բերում ենք ուրիշ երկրներից ոչ թե ջրի կամ այլ խմիչքների պակասը լրացնելու համար, այլ որովհետև դա մի տեսակ հյութ է, որը մեզ ուրախացնում է, խելքահան անում, ցրում մելամաղձոտ մտքերը, լցնում մեր ուղեղն անհեթեթ մտապատկերներով, հուսադրում, վերացնում վտանգի զգացմունքը, ժամանակավորապես դադարեցնում մեր իմացականության կարողությունը, զրկում մեր մարմնի անդամները գործածելու հնարավորությունից՝ մինչև որ մենք խոր քնով քնենք․ միևնույն ժամանակ հարկավոր է խոստովանել, որ դրանից հետո մենք միշտ արթնանում ենք հիվանդ ու վհատ վիճակի մեջ և որ այդ հյութի գործածությունն առաջ է բերում զանազան հիվանդուցյուններ, որոնք մեր կյանքը դառնացնում ու կարճացնում են։ Բացի այդ ազգաբնակության մեծագույն մասն իր ապրուստը հայթայթում է հարուստներին կամ մեկը մյուսին կենսական անհրաժեշտ պիտույքներ և արդուզարդ մատակարարելով։ Օրինակ՝ երբ ես տանը հագնվում եմ ինչպես հարկն է, իմ մարմնի վրա ունեմ առնվազն հարյուր մարդու աշխատանքի արդյունքը․ իմ տան շինության ու կահավորման վրա աշխատում է է՛լ ավելի մարդ, և թվով հինգ անգամ ավելի է պետք կնոջս արդուզարդի համար։
 
Ես ուզում էի պատմել նաև մի այլ կարգի մարդկանց մասին, որոնք իրենց ապրուստը հայթայթում են հիվանդներին խնամելով, որովհետև մի անգամ արդեն հաղորդել էի նորին մեծապատվությանը, որ իմ նավաստիներից շատերը մեռան հիվանդուցյունից։ Բայց այստեղ ես մեծ դժվարության հանդիպեցի, որպեսզի կարողանամ նրան հասկացնել, թե ի՞նչ էր իմ մտադրությունը։ Նա շատ լավ գիտեր, որ հուիհընհընմները իրենց մահվանից մի քանի օր առաջ հիվանդանում են, և ծանրանում կամ մեռնում են մարմնի անդամներից որևէ մեկը վնասվելուց հետո։ Բայց նա անկարելի էր համարում, որ բնությունը, որի բոլոր գործերը կատարյալ են, թույլ տա, որ մեր մարմնի ներսը բույն դնի հիվանդուցյունը, և նա ցանկացավ իմանալ այդ անպատմելի չարիքի պատճառը։ Ես նրան բացատրեցի, որ մենք մեր կերակրի մեջ գործ ենք ածում հազար ու մի բան, որոնք մեկը մյուսին ժխտում են․ որ մենք ուտում ենք այն ժամանակ, երբ քաղցած չենք, խմում ենք՝ ծարավ չլինելով․ որ մենք ողջ գիշերը թունդ խմիչքներ ենք գործածում, առանց մի կտոր բան ուտելու և դա մեզ տրամադրում է ծուլության, բորբոքում է մեր որովայնը և խանգարում կամ քայքայում մեր մարսողությունը․ որ պոռնկությամբ պարապող էգերն ստանում են մի այնպիսի հիվանդուցյուն, որից փտում է նրաց ոսկորը, ու վարակում են ամեն մի մարդու, որ նրանց գիրկն է ընկնում․ որ այդ, ինչպես և ուրիշ շատ հիվանդուցյուններ, հորից անցնում են որդուն, այնպես որ մեզանից շատերը ծնվում են հիվանդուցյուններով ծանրաբեռնված․ որ աննպատակ կլիներ, եթե ես տայի մարդկային մարմնի հետ առնչություն ունեցող հիվանդուցյունների ցանկը, որովհետև դրանցից առնվազն հինգ֊վեց հարյուրին ենթակա են մեր մարմնի անդամներն ու հոդերը․ կարճ ասած՝ մեր մարմնի ամեն մի մասը, թե՛ ներքին և թե՛ արտաքին, ունի իր հատուկ հիվանդուցյունը։ Այդ հիվանդուցյունները դարմանելու համար մեզանում գոյություն ունի ուսյալ մարդկանց մի դաս, որն ըստ կոչման կամ գուցե առերևույթ, պարապում է այդ գործով։ Քանի որ որոշ չափով ծանոթ է ինձ այդ արհեստը, ի սեր նորին մեծապատվության, կարող եմ հաղորդել այդ դասի գործունեության ամբողջ գաղտնիքն ու գործելակերպը։
 
Նրանց գիտության հիմնական տեսակներով բոլոր հիվանդուցյուններն առաջ են գալիս նրանից, որ մարդս լցված է, ուստի նրանք արդարացի կերպով եզրակացնում են, որ նախ և առաջ պետք է դատարկել մարմինը կամ բնական անցքից և կամ վերևից՝ բերանից։ Այդ նպատակին հասնելու համար նրանք վերցնում են զանազան տեսակի բույսեր, հանքեր, խեժեր, յուղեր, խեցիներ, աղեր, հյութեր, մամուռներ, կղկղանքներ, կևեղներ, օձեր, դոդոշներ, գորտեր, սարդեր, մեռածների միսն ու ոսկորները, թռչուններ, կենդանիներ ու ձկներ և այդ ամենից պատրաստում են մի տեսակ հեղուկ, որի համն ու հոտն այնքա՜ն զզվելի, այնքա՜ն սիրտ խառնող ու այնքա՜ն նողկալի է, որ անհնարին է երևակայել, այնպես որ ստամոքսն անմիջապես այդ հեղուկը դուրս է փսխում․ նրանք դրա անունը դրել եմ սիրտ խառնող հեղուկ։ Կամ թե չէ, ավելացնելով այդ նյութերին մի քանի թույն՝ նրանք պատրաստում են դրա նման մի գարշելի և աղիքների համար անտանելի դեղ ու ստիպում, որ հիվանդն ընդունի (նայած բժկի տրամադրության) կամ վերին կամ հետին անցքից․ այդ դեղը թուլացնելով ստամոքսը, դուրս է վանում միջի պարունակությունը և կոչվում է լուծողական կամ դաստուր։ Եվ իսկապես, քանի որ բնության կարգադրությամբ (այդպես են կարծում բժիշկները) մարդուս վերին անցքի պաշտոնը միայն կարծր և հեղուկ նյութերի ընդունելն է, իսկ հետին անցքինը՝ արտաթորելը, իսկ հիվանդուցյունների ժամանակ, այդ ճարպիկ մարդկանց սրամիտ կարծիքով, բնությունն ըստ երևույթին շեղում է իր ուղիղ ճանապարհը, ուստի նրան իր տեղը բերելու համար հիվանդի մարմնի հետ պիտի վարվես ճիշտ հակառակը և ստիպես, որ նրա երկու անցքերն իրենց դերերը փոխեն՝ այսինքն՝ հարկավոր է կարծր ու հեղուկ նյութերը նրա մարմինը լցնել հետին անցքից, իսկ արտաթորել տալ՝ բերանից։
 
Սակայն բացի իրական հիվանդուցյուններից՝ մենք ենթակա ենք նաև ուրիշ շատ հիվանդուցյունների, որոնք միանգամայն երևակայական են և որոնց համար բժիշկները հնարել են երևակայական բժշկություն․ այդ հիվանդուցյուններն ունեն իրենց անունները և համապատասխան դեղերը որոնցից շարունակ տուժում են մեր եհուների էգերը։
 
Այս տոհմն առանձնապես աչքի է ընկում նախատեսելու հմտությամբ, և միշտ էլ ոչ առանց սխալի․ լուրջ հիվանդուցյունների ժամանակ, մանավանդ, երբ այդ հիվանդուցյունն աղետալի է, նրանք գուշակում են մահ, որը միշտ բժիշկների իշխանության տակ է, մինչդեռ ապաքինումը՝ ոչ ուստի երբ հիվանդն անսպասելի կերպով առողջանալու նշաններ է ցույց տալիս, մինչդեռ նրանք արդեն հայտարարել են իրենց աննպաստ վճիռը, որպեսզի չմեղադրվեն իբրև կեղծ մարգարեներ, նրանք ժամանակին տված դեղաչափով կարողանում են հաստատել իրենց իմաստությունը մարդկանց առաջ։
 
Բացի այդ՝ նրանք առանձնապես պիտանի մարդիկ են ամուսնական շղթաներից ձանձրացած տղամարդկանց և կանանց, ինչպես նաև ավագ որդիների, խոշոր մինիստրների և երբեմն էլ թագավորների համար։
 
Ես մի փոքր առաջ առիթ ունեցա իմ տիրոջը պատմելու մեր պետական կազմի էության մասին՝ ընդհանրապես և մասնավորապես մեր սքանչելի սահմանադրության մասին, որը միանգամայն արժանի կերպով շարժել է ամբողջ աշխարհի զարմանքն ու նախանձը։ Բայց երբ պատահմամբ հիշեցի մինիստրների մասին, իմ տերը մի առժամանակից հետո հրամայեց, որ ես հաղորդեմ իրեն, թե այդ խոսքն արտասանելիս՝ մասնավորապես մեր եհուների որ տեսակն ի նկատի ունեմ։
 
Ես նրան ասացի, որ պետության առաջին կամ ավագ մինիստրը, որին ես այժմ մտադիր եմ նկարագրել, մի արարած է, որ ամենևին չգիտե, թե ի՞նչ բան է ուրախությունն ու վիշտը, սերն ու ատելությունը, գութն ու ցասումը․ գոնե նրան ուրիշ ոչ մի կիրք հայտնի չէ, բացի հարստության, իշխանության և տիտղոսների անհագ ցանկությունից․ նա իր խոսքերը գործ է ածում ամեն մի նպատակի, միայն ոչ իր մտքերն արտահայտելու համար․ նա երբեք ճիշտ չի խոսում, բացի այն դեպքերից, երբ մտադրություն ունի, որ իր ասածն ընդունեն որպես սուտ, և ոչ էլ ստում է, եթե միայն չի ուզում, որ իր ասածներն ընդունեն ճշմարտության տեղ․ եթե մեկի հետևից վատ է խոսում, ապա այդ մեկը կարող է վստահ լինել, որ կանգնած է մեծարանքների ճանապարհի վրա․ իսկ երբ սկսում է գովել ձեզ ուրիշների կամ ձեր առաջ՝ այդ օրվանից արդեն դուք կորած եք։ Նրա խոստումը պիտի լինի ձեզ համար ամենավատ ցուցանիշը, մանավանդ, երբ այդ խոստումը հիմնված է երդման վրա․ դրանից հետո խելոք մարդը ետ է քաշվում և ընդմիշտ կորցնում իր բոլոր հույսերը։
 
Ավագ մինիստր դառնալու համար երեք միջոց կա։ Առաջին միջոցն է՝ իմանալ, թե ինչպիսի խոհեմությամբ պիտի տնօրինես քո կնոջը, աղջկան կան քրոջը․ երկրորդը՝ քո նախորդին մատնես կամ տակը հոր փորես և երրորդը՝ հասարակական հավաքույթներին կատաղի կերպով հարձակվես արքունիքում տիրող ապականության վրա։ Սակայն իմաստուն թագավորները նախամեծար են համարում պաշտոնի հրավիրել նրանց, որոնք դիմում են վերջին միջոցին, որովհետև այդ մոլեռանդներն ավելի շատ քծնող և հաճոյակատար են իրենց տերերի առաջ։ Իրենց տրամադրության տակ ունենալով բոլոր պաշտոնները, այդ մինիստրները կաշառում են սենատի և բարձրագույն խորհրդի անդամներից շատերին և այդպիսով ամրապնդում իրենց իշխանությունը, և ի վերջո, ընտրում են վայելուչ միջոց, որ կոչվում է Անվնասարկության օրենք (նշանակությունը ես բացատրեցի նրան), և այդպիսով ապահովում իրենց՝ հետագա պահանջնեից և հեռանում հասարակական գործունեությունից, ծանրաբեռնված՝ ժողովրդից կողոպտած հարստությամբ։
 
Ավագ մինիստի պալատը մի դպրոց է, ուր իրենց պաշտոնի համար կրթվում են և ուրիշները․ ընդօրինակելով տիրոջը՝ մանկլավիկները, սպասավորները, դռնապանները մինիստրի դեր են կատարում իրենց շրջանում՝ կատարյալ կերպով ուսումնասիրում են երեք հիմնական պայմաններ՝ այսինքն՝ ամբարտավանությունը, ստախոսությունը և կաշառակերությունը։ Դրա հետևանքով նրանցից յուրաքանչյուրը բարձր կոչման անձնավորությունների ծախքով պահում է իր սեփական արքունիքը։ Հաճախ ճարպկությամբ և լրբությամբ, նրանք աստիճանաբար վեր են բարձրանում, ու դառնում իրենց տիրոջ հաջորդը։
 
Ավագ մինիստրի գործերին սովորաբար ընթացք է տալիս մի որևէ պառավ անառակուհի կամ սիրեցյլալ սպասավոր։ Նրանք այն խողովակներն եմ, որոնց միջոցով հոսում են բոլոր շնորհները և իրավամբ կարելի է ասել, որ պետության իսկական ղեկավարները նրանք են։
 
Մի օր խոսակցության ժամանակ, երբ ես պատմում էի իմ հայրնիքի ազնվականության մասին, իմ տերը բարեհաճեց մի հաճոյախոսություն անել, որին ես չէի կարծում, թե կարժանանամ։ Նա ասաց, թե կասակած չկա, որ ես ծնվել եմ մի ազնվատոհմ ընտանիքում, որովհետև իմ կազմվածքով, մարմնի գույնով և մաքրասիրությամբ ավելի գերազանց եմ, քան իր հայրենիքի եհուները, թեև, ըստ երևույթին, ուժով և ճարպկությամբ նրանցից պակաս եմ, և այդ պետք է վերագրել այն տարբերությանը, որ գոյություն ունի իմ և այլ կենդանիների ապրելակերպի մեջ․ բացի այդ՝ ես հարուստ եմ ոչ միայն խոսելու ձիրքով, այլև իմացականության մի քանի սաղմերով մինչ այն աստիճան, որ իր բոլոր ծանոթներն իմ գոյությունը հրաշք են համարում։
 
Նա ինձ դիտել տվեց, որ հուիհընհընմների մեջ սպիտակ, կարմիր և թուխ գույն ունեցողներն այնքան լավ կազմվածք չունեն, որքան շառատ, խատուտիկ և սև գույն ունեցողները․ ի ծնե նրանք չունեն այդ բնական տաղանդը և ոչ էլ կատարելագործվելու որևէ ընդունակություն․ այդ պատճառով նրանք շարունակ մնում են ծառայի վիճակում, իսպառ չունենալով այդ վիճակից ելնելու տենչը, որ այդ երկրում կհամարվեր թե՛ անբնական և թե՛ հրեշային։
 
Նորին մեծապատվությանը ես հայտնեցի իմ խորին շնորհակալությունն այն բարձր կարծիքի համար, որ նա կազմել էր իմ մասին․ բայց միևնույն ժամանակ նրան հավատացրի, որ ես նվաստ ծագում ունեմ և ծնվել եմ համեստ ու պատվավոր ծնողներից, որոնք հազիվհազ կարողացան տալ ինձ քիչ թե շատ տանելի կրթություն, ես ասացի, որ մեր ազնվականությունն ամենևին չի համապատասխանում այն հասկացողությանը, որ նա կազմել է նրանց մասին․ որ մեր երիտասարդ ազնվականները մանկությունից վարժվում են ծուլության և շռայլության և չափահաս դառնալով՝ սպառում իրենց ուժերն անառակ կանանց հետ, որոնք վարակում են նրանց զանազան վատ հիվանդուցյուններով․ այդպիսով իրենց կարողությունը վատնելուց հետո նրանք փողի համար ամուսնանաում են նվաստ ծագում ունեցող կանանց հետ, որոնք ո՛չ առողջ և ո՛չ էլ և գեղեցիկ են և որոնց ատում և արհամարում են նրանք։ Նման ամուսնությունների արդյունքը սովորաբար լինում են՝ խուլագար, հյուծված և այլանդակ երեխաներ․ այդ պարագաներում ընտանիքը շարունակում է իր գոյությունը հազիվ թե մինչև երրորդ սերունդը, եթե միայն կանայք հեռատեսությամբ հարևանների կան ծառաների միջից չեն ընտրում առողջ հայրեր՝ սերունդը բարելավելու կամ շարունակելու նպատակով։ Թույլ, հիվանդագին մարմինը, նիհար կերպարանքը և երեսի դժգունությունը համարվում են ազնիվ արյուն ունենալու իսկական նշաններ։ Առողջ և հուժկու կազմվածքը մի որևէ բարձր ծագում ունեցող մարդու համար համարվում է մինչև անգամ խայտառակություն, որովհետև ամենքը դրանից եզրակացնում են, որ նրա իսկակակն հայրը եղել է ձիապան կամ կառապան։ Ֆիզիկական թերություններին զուգընթաց ուղեկցում է և նրանց մտավոր անկատարությունը, և նրանք ըստ էության մի խառնուրդ են՝ սևամաղձության, բթամտության, տգիտության, քմահաճույքի, հեշտասիրության և գոռոզության։
 
Եվ ահա, առանց այդ պայծառափայլ դասի համաձայնության ոչ մի օրենք չի կարելի ո՛չ հրատարակել, ո՛չ ջնջել և ոչ էլ փոփոխել։ Այդ նույն մարդիկ էլ անքնին վճիռներ են արձակում մեր ստացվածքային բոլոր գործերի մասին։
 
 
 
==Գլուխ յոթերորդ==
 
:Հեղինակի խորին հայրենասիրությունը։ Նորին մեծապատվության դիտողությունները հեղինակի նկարագրած անգլիական սահմանադրության և վարչական կազմի մասին՝ համապատասխան պարագաներով և համեմատություններով հանդերձ։ Հեղինակի տիրոջ դիտողությունները մարդկային բնության մասին։
 
Ընթերցողը երևի պիտի զարմանա, թե ինչպե՞ս վստահեցի ես այդչափ մերկացնել մեր սերունդը մահկանացուների մի ցեղի առաջ, որն առանց այն էլ տրամադիր էր ամենաանարգ կարծիքը կազմելու մեր մասին շնորհիվ այն բացարձակ նմանության, որ գոյություն ունի իմ և նրանց եհուների միջև։ Բայց անկեղծ պիտի խոստովանեմ, որ այդ սքանչելի չորքոտանիների առաքինությունների և մարդկային թերությունների բաղդատությունն այն աստիճան բաց արեց իմ աչքերը և ընդարձակեց իմ մտավոր հորիզոնը, որ մարդկանց գործերն ու կրքերը սկսեցին երևալ իմ աչքին միանգամայն այլ լույսի տակ և ես որոշեցի, որ չարժե խնայել իմ ցեղակիցների պատիվը, մանավանդ, որ ես չէի կարող անել այդ մի այնպիսի նրբամիտ անձնավորության առաջ, ինչպիսին էր իմ տերը, որն ամեն օր իմ մեջ գտնում էր հազար ու մի պակասություններ, որոնց մասին ես մինչև օրս գաղափար չունեի և որոնք մեզանում մարդկային թերությունների ցուցակի մեջ երբեք չեն հաշվում։ Բացի այդ՝ հետևելով նրա օրինակին՝ ես սովորեվի ատել ստությունն ու կեղծիքը և այնքա՜ն սիրեցի ճշմարտությունը, որ որոշեցի նրա համար զոհաբերել ամեն ինչ։
 
Ընթերցողի առաջ ազնիվ լինելու համար ես պիտի խոստովանեմ, որ կար մի ավելի զորեղ շարժառիթ, քողարկված կերպով նրան ներկայացնելու իրերի կացությունը մեզանում։ Այդ երկրում դեռ մի տարի չէի ապրել, երբ իմ մեջ առաջացավ մի այնպիսի սեր և հիացմունք նրա բնակիչների հանդեպ, որ հաստատ որոշում կայացրի՝ այլևս չվերադառնալ դեպի մարդկությունն ու իմ կյանքի մնացորդն անց կացնել այդ սքանչելի հուիհընհընմների հետ՝ խորհրդածություններով ու փորձով վարժվելու նրանց բոլոր առաքինություններին, ուր մոլության համար ես չպիտի ունենամ ո՛չ օրինակ և ո՛չ էլ դրդապատճառ։ Բայց իմ բախտը, որ իմ մշտական թշնամին էր, կարգադրել էր, որպեսզի ես չարժանանայի մի այդպիսի մեծ երջանկության։ Համենայն դեպս հաճույքով հիշում եմ, որ իմ հայրենակիցների մասին պատմելու ժամանակ մեղմացնում էի նրանց թերությունները, որքան որ հնարավոր էր անել այդ նրա նման մի խիստ քննադատի առաջ, և ամեն անգամ ասածներս այնպես էի ձևակերպում, որպեսզի նրա ստացած տպավորությունը նպաստավոր լինի։ Որովհետև, կա՞ արդյոք մի կենդանի արարած, որ չունենա այդ թերությունն ու ներողամտությամբ չվերաբերվի դեպի իր ծննդավայրը։
 
Ես պատմեցի իմ տիրոջ հետ ունեցած բազմաթիվ զրույցների էական մասը, որ շարունակ տեղի էին ունենում, երբ պատիվ ունեի նրա ծառան լինելու, սակայն համառոտ լինելու համար շատ ավելի կրճատում եմ, քան հիշատակում այստեղ։
 
Երբ ես պատասխանեցի նրա բոլոր հարցերին, և նրա հետաքրքրությունը կարծես թե լիովին բավարարված էր, մի օր, վաղ առավոտյան, նա ինձ կանչեց և առաջարկելով, որ նստեմ որոշ հեռավորության վրա (այդ պատվին մինչև օրս չէի արժանացել), ասաց, թե նա շատ լուրջ խորհրդածության նյութ է դարձրել թե՛ իմ և թե՛ իմ հայրենիքի մասին արած պատմությունը և եկել է այն եզրակացության, որ մենք պատկանում ենք կենդանիների մի տեսակին, որին բաժին է ընկել, անհասկանալի է թե ի՞նչ դիպվածով, մի անհամեմատ չնչին կարողություն, որի միջոցով մենք սաստկացնում ենք մեր բնական թերություններն ու տիրանում նոր, բնությունից չտրված, մոլությունների։ Կաշկանդելով մեր մեջ բնությունից պարգև ստացած սակավաթիվ կարողությունները, միևնույն ժամանակ հաջող կերպով բազմապատկում ենք մեր նախնական պակասությունները և, կարծես թե, մեր ամբողջ կյանքը նվիրում մի զուր աշխատանքի՝ մեր իսկ հնարագիտությամբ պաշար տալու այդ պակասություններին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ հայտնի է, որ ես չունեմ սովորական եհուի ո՛չ ուժը և ո՛չ էլ ճարպկությունը, որ քայլում եմ հետևի ոտքերի վրա անհաստատ կերպով, եղունգներս, մի ինչ֊որ հնարքով, գործածության կամ ինքնապաշտպանության համար անպետք եմ դարձրել, ու վերացրել եմ ծնոտիս վրայի մազերը, որոնք ստեղծված են արևից ու վատ եղանակներից պատսպարելու համար։ Վերջապես ես չեմ կարող արագ կերպով վազել և ոչ էլ ծառերը մագլցել՝ ինչպես որ այս երկրի իմ եղբայրակից (այդպես էր անվանում նրանց) եհուները։
 
Նա ասաց նաև, որ մեր պետության և օրենքների գոյությունը պարզապես պարտական է մեր բանականության, հետևապես և մեր առաքինության թերություններին, որովհետև բանական արարածներին կառավարելու համար բավական է միայն խելք ունենալ․ մի հանգամանք, որ ինչպես երևում է մեր նույնիսկ երկրի մասին արած պատմությունից, ամենևին մենք տրամադիր չենք ի նկատի ունենալ, թեև նա պարզե ի պարզ նշմարեց, որ իմ հայրենակիցներին սիրաշահելու համար մի շարք մանրամասնություններ երևան չհանեցի և հաճախ ասացի այն, ինչ չի եղել։
 
Նա իր կարծիքին ավելի քան հաստատ մնաց, որովհետև նկատել էր, որ իմ մարմնի ձևով նման եմ եհուներին, բացի այն ամենից, ինչ ինձ համար աննպաստ էր ուժի, արագաշարժության, աշխուժության, եղունգների կարճության և մի քանի այլ առանձնահատկությունների տեսակետից, որոնց մեջ բնությունը մաս չունի․ մեր կյանքի, վարք ու բարքի, արարմունքի մասին հաղորդած տեղեկություններից նա եկավ այն եզրակացության, որ մեծ նմանություն կա մեր և եհուների մեջ նաև մտավոր կարողության տեսակետից։ Նա ասաց, որ եհուները միմյանց ավելի են ատում, քան թե կենդանիների մի որևէ այլ ցեղի, դրա պատճառը սովորաբար համարում են նրանց սեփական կերպարանքի այն այլանդակությունը, որ նրանք վերագրում են մյուս ցեղակիցներին, իսկ իրենց՝ ոչ։ Ուստի իմ տերը տրամադիր է կարծելու, որ այնքան էլ անիմաստ բան չէ մեր մարմինը հագուստով ծածկելու սովորությունը, երբ մենք այդ հնարագիտությամբ միմյանցից թաքցնում ենք մեր մարմնական տգեղությունների մեծագույն մասը, որոնք այլապես անտանելի կլինեին։ Իսկ այժմ նա գտնում է, որ սխալվել է և որ այդ անասունների մեջ տեղի ունեցող տարաձայնություններն իրենց երկրում նույն պատճառն ունեն, ինչ որ իմ նկարագրած տարաձայնությունները՝ մեր երկրում։ Եվ իսկապես (ասաց նա), երբ հինգ եհուի այնքան կեր ես տալիս, որ կբավի հիսունի համար, նրանք խաղաղ կերպով ուտելու փոխարեն՝ սկսում են իրար հետ կռվել և ամեն մեկն ուզում է ամբողջ կերն իրեն առնել․ այդ պատճառով էլ դուրսը կերակրելու ժամանակ նրանց մոտ միշտ մի ծառա է կանգնում, իսկ տանը նրանք կապված են լինում մեկը մյուսից որոշ հեռավորության վրա․ երբ մի որևէ կով ծերությունից կամ պատահարից սատկում է, նախքան հուիհընհընմը կվերցնի նրան իր եհուների համար, մոտակա տեղերից այդ կովի վրա թափվում են եհուների հոտերն ու նրանց մեջ սկսվում է մի կռիվ, որ նման է իմ նկարագրած կռիվներին․ նրանք իրենց ճանկերով վերքեր են հասցնում միմյանց, թեև շատ քիչ դեպքերում են կարողանում իրար սպանել, որովհետև նրանք չունեն մեր հնարած մահատու գործիքները։ Երբեմն էլ նման կռիվներ ծայր են տալիս տարբեր տեղերի եհուների մեջ առանց որևէ նկատելի պատճառի․ մի տեղ եհուները հանկարծակիի են բերում մյուսներին, նախքան սրանց պատրաստություն տեսնելը։ Իսկ երբ նրանց ծրագիրը վիժում է, այն ժամանակ նրանք վերադառնում են իրենց տներն ու, թշնամի չգտնելով, սկսում են միմյանց դեմ այն, ինչ ես անվանեցի քաղաքացիական պատերազմ։
 
Այդ երկրի մի քանի մասերում կան մի տեսակ գույնըզգույն , փայլուն քարեր, որոնց սաստիկ սիրահար են եհուները․ և երբ, հաճախ, այդ քարերն ամուր կերպով կպած են լինում գետնից, նրանք իրենց ճանկերով ողջ օրը փորում են գետինը և քարերը հանելուց հետո տանում են հետներն ու թաքցնում իրենց որջերում․ միևնույն ժամանակ, նրանք ուշի֊ուշով նայում են իրենց չորս կողմը, վախենալով, թե միգուցե ընկերները գտնեն իրենց գանձը։ Իմ տերն ասաց, թե նա ամենևին չկարողացավ իմանալ այդ անբնական ցանկության պատճառը և թե՝ ինչի՞ են պետք այդ քարերը եհուներին․ իսկ այժմ նա հավատացած է, որ այդ բխում է ագահության նույն հիմնական պատճառից, ինչ֊որ ես վերագրեցի մարդկությանը։ Մի անգամ, փորձի համար, իր եհուներից մեկի թաղած տեղից ծածուկ կերպով վերցրեց այդ քարերից մի կույտ․ գծուծ կենդանին, նկատելով իր գանձի կորուստը, իր ողբ ու կոծով հավաքեց գլխին եհուների ամբողջ ոհմակը, ու բարձացավ մի աղերսագին ոռնոց․ ապա նա սկսեց կատաղի կերպով կծոտել ընկերներին, իսկ հետո ափսոսանքից ո՛չ կարողանում էր ուտել, ո՛չ քնել և ոչ էլ աշխատել, մինչև որ տերը չհրամայեց իր ծառային, որ քարերն աննկատելի կերպով դնի նույն խորշը և առաջվա պես թաքցնի․ իր գանձը գտնելուց հետո եհուի տրամադրությունն անմիջապես լավացավ, և նա խնամքով գանձն ավելի լավ տեղ թաքցրեց ու այնուհետև դարձավ շատ պիտանի անսաուն։
 
Իմ տերը հավատացրեց ինձ նաև, և ինքս էլ անձամբ նկատեցի, որ ամենակատաղի կռիվները հաճախ տեղի են ունենում այն դաշտերում, որտեղ առատ են այդ փայլուն քարերը, որովհետև այդ դաշտերը շարունակ ենթարկվում են շրջակա եհուների ասպատակության։
 
Սովորաբար, ասաց նա, երբ երկու եհու դաշտում գտնում են այդ քարից և սկսում կռվել իրար հետ, թե ո՞վ պիտի լինի նրա տերը, երրորդն օգտվում է հանգամանքից ու վերցնելով, փախչում նրանցից, մի բան, որ իմ տիրոջ կարծիքով որոշ չափով նման է մեր դատավարություններին․ մեր վարքը պաշտպանելու համար կարծեմ չարժեր փարատել նրա սխալ կարծիքը, որովհետև նրա մատնանշած հարցի որոշումն ավելի արդարացի էր, քան մեր դատական վճիռներից շատերը, քանի որ գանգատ անողն ամբաստանյալը բացի այդ քարից, որ նրանց կռվի առարկան է, ուրիշ ոչ մի բան չեն կորցնում, մինչդեռ մեր դատարանները գործն այնքան են ձգձգում, մինչև երկու կողմն էլ սնանկանում են։
 
Շարունակելով իր խոսքը, իմ տերն ասաց, թե ոչ մի բան այնքան զզվանք չի պատճառում նրանց, որքան եհուների որկրամոլությունը, որի շնորհիվ նրանք լափում են ամեն բան, ինչ նրանց ձեռքն է ընկնում՝ խոտ, արմտիք, հատապտուղներ, կենդանիների հոտած մսեր, կամ այդ ամենը՝ միասին խառնած․ և նրանց մի իքնահատուկ կողմն էլ այն է, որ հեռու տեղերից ճանկած կամ շորթած ուտելիքներն ավելի շատ են սիրում, քան տանը պատրաստած կերակուրները։ Եթե առած ավարը շատ է, նրանք այնքա՜ն են ուտում, մինչև կերածը փսխեն։
 
Այստեղ կա մի տեսակ հյութալի, բայց շատ հազվագյուտ արմատ, որ եհուները փնտրում են մեծ փափագով ու հաճույքով ծծում․ Այդ արմատը նրանց վրա նույն ներգործությունն ունի, ինչ որ մեզ վրա գինին։ Դրանից նրանք մերթ գրկում են իրար, մերթ՝ միմյանց բզկտում․ ապա սկսում են ոռնալ, ծամածռություններ անել, անկապ֊անկապ խոսել, երերալ, սայթաքել, վայր ընկնել ու վերջը ցեխի մեջ պառկել ու քնել։
 
Ես նկատեցի, որ այդ երկրում հիվանդուցյունների ենթակա միակ կենդանիներն եհուներն են․ հիվանդություններն այդտեղ ավելի քիչ են, քան մեր ձիերի շրջանում և առաջանում են ոչ թե եհուների հետ ունեցած վատ վերաբերմունքից, այլ շնորհիվ այդ զզվելի անասունների անմաքրասիրության և որկրամոլության։ Հուիհընհընմների լեզուն ունի այդ հիվանդությունների միայն մի ընդհանուր անուն, որ կազմված է այդ իսկ անասունի անունից և կոչվում է հնի֊եհու, այսինքն՝ եհուի հիվանդություն։ Բուժման համար կա մի հեղուկ, որ շինված է այդ կենդանիների կղկղանքից ու մեզից և որը զոռով լցնում են հիվանդ եհուների որկորը։ Ըստ իմ դիտողությունների՝ այդ դեղը շատ է օգնում հիվանդին, և հասարակական բարօրության տեսակետից ես վստահ կերպով հանձնարարում եմ իմ հայրենակիցներին՝ իբրև մի սքանչելի միջոց՝ ամեն տեսակի հիվանդությունների դեմ մաքառելու համար։
 
Ինչ վերաբերում է գիտության, վարչական ձևին, արվեստներին, արդյունաբերությանը և դրա նման բաներին՝ իմ տերը խոստովանեց, որ նա այդ տեսակետից շատ քիչ, կամ ավելի շուտ ոչ մի նմանություն չի գտնում իրենց և մեր երկրի եհուների միջև։ Որովհետև նրան հետաքրքրում էին միայն այն նմանությունները, որ գոյություն ունեն մեր բնավորությունների միջև։ Նա մի քանի հարցասեր հուիհընհընմից լսել է, որ եհուների ոհմակներից շատերն ունեն իրենց հատուկ առաջնորդները (ինչպես սովորաբար մեր որսատեղերում արու եղջերուներն են), որոնք մյուս եհուներից ավելի տձև են և ավելի չարամիտ։ Ամեն մի այդպիսի առաջնորդ ունի մի որևէ ֆավորիտ, որ շատ նման է իրեն և որի զբաղմունքն է լիզել իր տիրոջ ոտքերն ու հետույքը և էգ եհուներ բերել նրա որջը․ իբրև վարձ, նա մերթ ընդ մերթ մի կտոր էշի միս է ստանում։ Ամբողջ ոհմակն ատում է այդ ֆավորիտին, այդ պատճառով էլ, ապահովության համար, նա միշտ իրեն պահում է իր տիրոջ մոտերքը։ Սովորաբար նա մնում է այդ պաշտոնում այնքան ժամանակ, մինչև որ գտնվում է նրանից վատթարագույնը․ հենց որ նա պաշտոնանկ է լինում, անմիջապես իր շրջանի բոլոր եհուները, թե՛ երիտասարդ և թե՛ ծեր, թե՛ արու և թե՛ էգ, իր հետնորդի հետ միասին, շրջապատում են նրան ու ոտից մինչև գլուխ իրենց կղկղանքները քսում նրա մարմնին։ Թե որ չափով այս ամենը կարելի է կիրառել մեր արքունիքում և մեր ֆավորիտների ու մինիստրների նկատմամբ, իմ տերը թողեց որ ես որոշեմ։
 
Ես չհամարձակվեցի առարկել այդ չարամիտ հերյուրանքներին, որով մարդկային իմացականությունն ավելի ստոր է դասվում, քան որևէ որսորդական շան խելքը, մի շան, որը բավականաչափ հոտառություն ունի անսխալ կերպով որոշելու շների ոհմակի մի ուրիշ փորձառու շան հաչոցն ու հետևելու նրան։
 
Իմ տերն ասաց, թե եհուներն ունեն մի քանի ակնառու առանձնահատկություններ ևս, որոնց վրա ես կանգ չառա կամ թե շատ անցողիկ հիշատակեցի, երբ պատմում էի մարդկային ցեղի մասին։ Նա ասաց, որ այդ կենդանիների էգերը, մյուս անասունների նման, համայնական են, միայն այն տարբերությամբ, որ եհուների էգերը թույլ են տալիս արուներին մոտենալու իրենց մինչև անգամ այն ժամանակ, երբ հղի են և արուները կռվում են էգերի հետ ու ծեծում նրանց ավելի վայրագ կերպով, քան մեկը մյուսին։ Դա այն աստիճանի զազրելի գազանային մի սովորություն է, որի նմանը չունի ոչ մի շնչավոր արարած։
 
Եհուների մյուս տարօրինակ առանձնահատկությունը, որ զարմանք էր պատճառել իմ տիրոջ, նրանց անմաքրասիրությունն ու կեղտոտությունն էր, մինչդեռ մյուս կենդանիների մաքրասիրության զգացմունքը միանգամայն բնական երևույթ է։ Ինչ վերաբերում է նախընթաց երկու մեղադրանքին, ես թողի առանց պատասխանի, որովհետև, չնայաց դեպի ցեղակիցներս տածած իմ սիրույն, պաշտպանության ոչ մի խոսք չգտա։ Բայց ես հեշտությամբ կարող էի հերքել իմ ցեղակիցներին վերագրված մեղադրանքը, որ իբր թե նրանք կեղտոտության մեջ եզակի են, եթե միայն հուիհընհընմների երկրում խոզեր լինեին (որոնցից, դժբախտաբար, ոչ մի հատ չկար). թեև վերջիններս ավելի հաճելի չորքոտանիներ են, քան եհուները, սակայն իմ համեստ կարծիքով, արդարությունը պահանջում է ասելու, որ նրանք չեն կարող պարծենալ իրենց մաքրասիրությամբ․ և նորին մեծապատվությունը կհամաձայներ ինձ հետ, եթե նա տեսներ նրանց ուտելու գարշելի ձևը և տիղմերի մեջ թավալվելու ու քնելու սովորությունը։
 
Բացի այդ՝ իմ տերը մատնանշեց և մի այլ առանձնահատկություն, որ երևան էին հանել նրա ծառաները մի քանի եհուների մոտ և որը նրա համար մնացել էր միանգամայն անբացատրելի։ Նրա ասելով, երբեմն եհուները սիրում են մի անկյուն քաշվել, պառկել գետնին, ոռնալ և հառաչել և մոտեցողին վանել իրենցից, չնայած իրենց երիտասարդ ու գեր լինելուն և կերակրի ու ջրի կարիք չունենալուն․ ծառաները չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչն է նրանց անհանգստության պատճառը։ Եվ դրա միակ դեղը նրանք համարում են այն ծանր աշխատանքը, որ տալիս են այդպիսի եհուներին, որից հետո նրանք առանց այլևայլության զգաստանում են։ Նրա այդ խոսքերին ես լուռ մնացի, իմ ցեղակիցների հանդեպ ունեցած սիրուց դրդված, թեև ինձ համար պարզ էր, որ դա սկիզբն է սևամաղձության, որից սովորաբար տառապում են պարապ, շվայտ ու հարուստ մարդիկ և որոնց ես ուրախությամբ կբժկեի, ենթարկելով հուիհընհընմների գործադրած ռեժիմին։
 
Այնուհետև նորին մեծապատվությունն ասաց, որ ըստ դիտողության, երբ մի էգ եհու տեսնում է իր կողով անցնող երիտասարդ արուներին, անմիջապես թաքնվում է մի որևէ բլրի կամ թփի հետև, որտեղից սկսում է մերթ ընդ մերթ ծիծաղելի շարժուձևերով ու ծամածռություններով դուրս նայել․ նկատված է, որ այդպիսի դեպքերում նրանից սարսափելի հոտ է գալիս։ Երբ արուներից ոմանք մոտենում են նրան, նա հանդարտ կերպով հեռանում է, շարունակ ետ֊ետ նայելով, ապա, իբր թե վախեցած, մի հարմար վայր է փախչում, շատ լավ իմանալով, որ արուն պիտի հետապնդի նրան մինչև այդ թաքստի վայրը։
 
Երբ նրանց հոտի մեջն է ընկնում մի օտար էգ, նրա սեռին պատկանող չորս֊հինգ եհու շրջապատում են, աչքերը չռում նրա վրա, մռթմռթում, ծամածռություններ անում ու ամեն կողմից հոտոտում, ապա սկսում են արհամարհրանք ու զզվամք արտահայտող դեմքերով ետ դառնալ։
 
Թերևս իմ տերն այդ խորհրդածություններն անելիս, որոնք նրա սեփական դիտողությունների և ուրիշներից լսած պատմությունների արդյունքն էին, մի փոքր խտացրեց գույները․ բայց և այնպես ես չեմ կարող առանց որոշ շվարման ու մեծագույն ափսոսանքի չանդրադառնալ, որ անառակության, սեթևեթանքի, աչառու քննադատության և գայթակղության տարերքը բնազդական հանգամանք ունի կանանց մեջ։
 
Ես դեռևս սպասում էի, որ իմ տերը կմեղադրի եհուներին անբանական հակումների համար, որոնք այնքան տարածված են մեզանում՝ երկու սեռի մեջ ևս։ Սակայն ըստ երևույթին բնությունն այդ նրբին հաճույքների խնդրում այնքան էլ փորձված ուսուցիչ չէ, և դրանք երկրագնդի մեր մասում ամբողջովին ծնունդ են արվեստի ու բանականության։
 
 
 
==Գլուխ ութերորդ==
 
Հեղինակը պատմում է եհուների մի քամի առանձնահատկությունների մասին։ Հուիհընհընմների մեծագույն առաքինությունները։ Նրանց երիտասարդ սերնդի դաստիարակությունն ու վարժությունները։ Նրանց ազգային ժողովը։
 
 
 
Քանի որ ես մարդկային բնությունն ավելի լավ եմ հասկանում, քան, իմ ենթադրությամբ, կարող էր հասկանալ իմ տերը, ուստի ինձ համար հեշտ էր եհուների մասին նրա տված նկարագիրն առբերել իմ և իմ հայրենակիցներին և հավատացած եմ, որ ինքնուրույն դիտողությունների հիման վրա ես կանեմ իմ հետագա գյուտերը։ Ուստի հաճախ խնդրում էի նորին մեծապատվությանը, որպեսզի նա թույլ տա ինձ հաճախելու շրջակա եհուների հոտերը, որի համար նա միշտ սիրալիր տալիս էր իր հավանությունը, համոզված, որ այդ անասունների հանդեպ տածած զզվանքս արգելք պիտի հանդիսանա, որպեսզի նրանք փչացնեն ինձ, բայց նորին մեծապատվությունը հրամայեց իր ծառաներից մեկին, որ մի կարմիր ձիաջորի էր, պարկեշտ ու լավ բնավորության տեր, որպեսզի ուղեկցի ինձ, և ես խոստովանում եմ, որ առանց նրա հովանավորության չպիտի համարձակվեի նման էքսկուրսիաներ կատարել։ Ես արդեն ընթերցողին պատմեցի, թե այդ զզվելի անասուններն իմ գալստյան առաջին օրն ինչքա՜ն նեղացրին ինձ։ Հետագայում, երեք թե չորս անգամ, քիչ մնաց, որ նրանց ճանկն ընկնեմ, երբ ես առանց սրի դուրս էի եկել թափառելու մոտակա վայրերը։ Հիմք ունեմ կարծելու, որ այդ կենդանիներն ինձ իրենց ցեղակիցն էին համարում, և ես հաճախ ինքս էի առիթ տալիս այդպես կարծելու, երբ իմ հովանավորի ներկայությամբ, վեր էի քաշում թևերս ու ցույց տալիս իմ մերկ բազուկներն ու կուրծքը։ Այդպիսի դեպքերում նրանք կարողացածի չափ մոտենում էին ինձ և կապկի նման իմ շարժուձևերն անում, սակայն ատելության ամենախոր արտահայտությամբ․ ճիշտ այդպես են հալածում վայրի ճայուկները գդակ և գուլպա հագած մի այլ ճայուկի, երբ նա պատահմամբ ընկնում է նրանց երամը։
 
Եհուները մանկությունից զարմանալի արագաշարժ են, սակայն մի անգամ ես բռնեցի մի երեք տարեկան արուի, և փաղաքշելով, ամեն կերպ աշխատեցի նրան հանդարտեցնել, իսկ այդ փոքրիկ ճիվաղն սկսեց սոսկալի կերպով այնպես գոռալ, չանգռտել ու կծոտել ինձ, որ ստիպված նրան բաց թողի․ և դա ճիշտ ժամանակին էր, որովհետև հասակավորների մի ամբողջ խումբ, նրա աղաղակի վրա, վազեց դեպի մեզ, բայց տեսնելով, որ այդ ձագը ողջ և առողջ է (այդ միջոցին նա փախավ), և իմ կարմիր ձիաջորին էլ մոտս կանգնած, նրանք չհամարձակվեցին մոտենալ։ Ես զգացի, որ այդ մատղաշ եհուի մարմնից կծու հոտ է գալիս, որ նման էր և՛ աքիսի, և՛ աղվեսի հոտի, միայն ավելի անհաճո էր։ Ես մոռացա հիշել և մի այլ մանրամասնություն (թեև, ըստ երևույթին, ընթերցողը ներողամիր կլիներ, եթե իսպառ բաց թողնեի)․ երբ այդ գարշելի արարածին բռնել էի ձեռիս, նա իր դեղին և հեղուկաձև կղկղանքով աղտոտեց իմ հագուստը․ բարեբախտաբար մենք գտնվում էինք մի փոքրիկ առվակի մոտ, և ես ամենայն խնամքով լվացվեցի․ սակայն ես չհամարձակվեցի իմ տիրոջ աչքին երևալ, մինչև որ հագուստս բոլորովին չորացավ։
 
Ըստ իմ հետազոտության՝ եհուներին կարելի է համարել կենդանիների մեջ ամենից անբանը և նրանք բեռ կրելուց զատ ուրիշ բանի պետք չեն։ Սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ թերությունը բխում է նրանց խելառությունից և համառ բնավորությունից։ Որովհետև նրանք խորամանկ են, չարասիրտ, նենգամիտ և վրեժխնդիր։ Նրանք ուժեղ են և հանդուգն, միևնույն ժամանակ վախկոտ, հետևապես՝ ամբարտավան, գծուծ ու դաժան։ Նկատված է, որ երկու սեռին պատկանող շեկերը է՛լ ավելի վավաշոտ ու չարասիրտ են, քան մյուսները, որոնցից նրանք գերազանց են իրենց ուժով ու ճարպկությամբ։
 
Հուիհընհընմներն այն եհուներին, որոնց բանեցնում են, պահում են տներից ոչ հեռու գտնվող գոմերի մեջ․ իսկ մյուսներին նրանք քշում են դաշտերը, ուր նրանք գետնից արմատիքներ են հանում, ուտում են զանազան տեսակի բուսեղեններ, սատկած կենդանիներ են փնտրում, երբեմն էլ աքիս կամ լուհիմուհ (դաշտային մկների տեսակ) են որսում և ագահությամբ լափում։ Բնությունը նրանց վարժեցրել է իրենց ճանկերով բլուրների ստորոտներում խոր փոսեր փորելու, ուր նրանք ապրում են առանձին֊առանձին․ միայն էգերի որջերն ավելի ընդարձակ են, այնպես որ այնտեղ կարող են տեղավորվել երկու կամ երեք ձագ ևս։
 
Նրանք մանկությունից գորտի պես լողում են և կարող են երկար ժամանակ մնալ ջրի տակ, ուր նրանք միշտ ձուկ են որսում, այդ ձուկն էգերը տանում են իրենց մանուկների համար։
 
Հուսով եմ, որ ընթերցողը ներողամիտ կլինի, եթե ես պատմեմ այդ կապակցությամբ մի տարօրինակ արկած։
 
Մի օր իմ զբոսանքների ժամանակ եղանակն այնքան տաք էր, որ իմ կարմիր ուղեկցին խնդրեցի թույլ տալ գետում լողալու։ Նրա համաձայնությունն ստանալուց հետո ես հանեցի շորերս և մերկանդամ մտա ջուրը։ Պատահմաբ ինձ էր նայում բլրին կանգնած մի երիտասարդ եհու էգ։ Կրքից վառված (նրա շարժումներն այդպես բացատրեցինք մենք՝ կարմիր ձիաջորին ու ես) նա արագ֊արագ վազեց և իմ լողացած տեղից հինգ յարդ հեռավորության վրա իրեն նետեց ջուրը։ Կյանքումս երբեք այդպես չէի վախեցել։ Կարմիր ձիաջորին պոկում էր իր ոտի տակի խոտը, չկասկածելով ոչ մի չարիք։ Ամենաանպատկառ ձևով այդ էգը գրկեց ինձ․ ես ամբողջ ձայնով գոռացի, և կարմիր ձիաջորին վազեվազ ինձ օգնության հասավ․ այն ժամանակ էգը մեծ անբավականությամբ բաց թողեց ինձ իր գրկից ու դուրս եկավ դիմացի ափը, կանգնեց ու սկսեց ոռնալ և աչքերը շարունակ ինձանից չէր հեռացնում, մինչև ես հագնվեցի։
 
Այդ արկածն իմ տիրոջը և իր ընտանիքին մեծ զվարճություն պատճառեց․ սակայն ինձ համար ծայր աստիճանի նվաստացուցիչ էր, որովհետև ես այժմ այլևս չեմ կարող բացասել, որ ես իսկական եհու չեմ, ոտից մինչև գլուխ, քանի որ նրանց էգերը դեպի ինձ, ինչպես իրենց ցեղակցի ներկայացուցիչներից մեկին, տածում են միևնույն բնական կիրքը։ Մանավանդ, որ այդ էգը շիկահեր չէր (մի հանգամանք, որ կարող էր որոշ չափով արդարացնել նրա անկարգ բնազդը), այլ սևամորթ, ինչպես մի վայրի սալոր, և ոչ էլ այնքան այլանդակ, ինչպես եհուների էգերի մեծագույն մասը․ արտաքին տեսքով նա հազիվ լիներ տասնմեկ տարեկան։
 
Որովհետև երեք տարի ապրել եմ այդ երկրում, ընթերցողն անշուշտ պիտի սպասի, որ ես այլ ճանապարհորդների պես, նրա բնակիչների բարքերի ու սովորությունների մասին որոշ տեղեկություններ տամ, մի բան, որ իսկապես իմ ուսումնասիրության էական առարկան էր։
 
Քանի որ այդ պատվական հուիհընհընմները բնականից օժտված են ընդհանուր հակումով դեպի ամեն մի առաքինություն և ոչ մի գաղափար չունեն, թե ի՞նչ բան է չարիքը բանական արարածի համար, ուստի նրանց կյանքի հիմնական կանոնն այն է, որ կատարելագործեն իմացականությունը և ամբողջովին առաջնորդվեն նրանով։ Նրանց համար իմացականությունը, ինչպես մեզանում, մի անստույգ հասկացողություն չէ, որով մարդ կարող է միևնույն հավանականությամբ մի խնդրի մասին առարկել թե՛ թեր և թե՛ դեմ․ ընդհակառակը, նա ներգործում է ձեր մտքին, անմիջական և համոզիչ, ինչպես այդ պիտի լինի, եթե այդ իմացականությունը մեզ սովորեցրել է հաստատել կամ ժխտել մի բան, ինչ որ մենք ստույգը չգիտենք, չենք կարող ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել։ Այդպիսով վիճաբանությունը, բանակռիվը, բանավեճը և սխալ կամ երկբայելի առաջադրության համառ պաշտպանությունը հուիհընհընմների համար միանգամայն անծանոթ մոլություններ են։ Միևնույն ձևով, երբ եո փորձեցի բացատրել մեր բնափիլիսոփայության տարբեր սիստեմները, նա քմծիծաղ տվեց և տարակուսանք հայտնեց, թե մի արարած, որ հավակնություն ունի իրեն բանական համարելու, ինչպե՞ս կարող էր պարծենալ, որ գիտե ուրիշ արարածների խոհերը, և այն էլ այնպիսի բաների մասին, որոնց նկատմամբ այդ գիտությունը, եթե անգամ ստույգ լիներ, ոչ մի գործնական իմաստ չունի։ Այդ տեսակետից նրա ասածները միանգամայն համապատասխանում են Սոկրատի այն կարծիքին, որ Պլատոնն է մեզ հաղորդում, և ինձ թվում է, որ մատնանշելով այդ հանգամանքը՝ ես մեծ պատիվ եմ անում մեր փիլիսոփայության թագավորին։ Եվ այդ օրվանից սկսած ես հաճախ խորհել եմ, այն մասին, թե դրա նման մի վարդապետության գոյությունն ինչպիսի՜ ավերումներ կարող էր անել մեր եվրոպական մատենադարանում, և գիտական աշխարհի համար հռչակի քանի֊քանի ուղիներ կփակվեին։
 
Բարեկամությունն ու բայրացակամությունը հուիհընհընմների հիմնական երկու առաքինություններն են և այդ առաքինություններն առանձին անհատների սեփականությամբ չեն սահմանափակվում, այլ տարածվում եմ ամբողջ ցեղի վրա։ Ուստի ամենահեռավոր երկրներից եկած օտարականն այնպիսի ընդունելություն է գտնում այստեղ, ինչպես մտերիմ հարևանը և, ուր էլ նա գնալու լինի, իր տանն է համարում իրեն։ Հուիհընհընմնեերը վերին աստիճանի պարկեշտ և քաղաքավարի են, բայց միևնույն ժամանակ հակառակ են ամեն մի էտիկետի։ Նրանք իրենց քուռակներին երես չեն տալիս, սակայն նրանց դաստիարակելու համար ցուցադրած հոգացողությունը բխում է իրենց բանականության թելադրությունից։ Եվ ես նկատեցի, որ իմ տերն հարևանի զավակներին նույն սերն էր ցույց տալիս, ինչ որ իր սեփական զավակներին։ Նրանք ընդունում են, որ բնությունը սովորեցրել է հավասարապես սիրել իրենց բոլոր ցեղակիցներին և միայն բանականությունն է, որ տարբերություն է դնում անհատների մեջ՝ համաձայն նրանց առաքինությունների աստիճանաչափի։
 
Հուիհընհընմների գերդաստանի մայրն ամեն մի սեռից մի֊մի զավակ աշխարհ բերելով, վերջ է տալիս ամուսնական հարաբերություններին, բացի այն դեպքից, երբ կորցնում է իր սաներից մեկին, մի բան, որ շատ հազիվ է պատահում։ Բայց այդպիսի դեպքերում ամուսինները վերսկսում են հարաբերությունները, կամ եթե կինը ծննդաբերության ընդունակ չի, մի ուրիշ զույգ տալիս է անզավակ ծնողնեերին իր քուռակներից մեկին ու կրկին կենակցության մեջ մտնում , մինչև որ մայրը հղիանում է։ Նման նախազգուշությունն անհրաժեշտ է երկիրը գերբնակչությունից զերծ պահելու համար։
 
Սակայն ստոր դասի հուիհընհընմներն այդ տեսակետից այդքան խիստ սահմանափակված չեն․ նրանք իրավունք ունեն ամեն մի սեռից երեք զավակ ունենալու, որոնք հետագայում դառնում են ազնվական ընտանիքների սպասավորները։
 
Հարսանիքի ժամանակ նրանք ամենամեծ խնամքով ընտրում են այնպիսի գույնի ամուսիններ, որպեսզի սերունդների համար չստեղծեն գույների անհաճո խառնուրդ։ Արուների համար գլխավոր արժանիքն ուժն, իսկ էգերի համար վայելուչ տեսքը, և այդ էլ գնահատվում է ոչ թե սիրո, այլ ցեղն այլասերումից զերծ պահելու տեսակետից, ուստի, երբ էգը պատահմամբ գերազանցում է իր ուժով, այն ժամանակ նրան ընկեր ընտրելիս նախ և առաջ աչքի են առնում վայելուչ տեսքը։ Նրանք ոչ մի հասկացողություն չունեն, թե ի՞նչ բան է շողոքորթությունը, սերը, ընծան, այրի կնոջ հասանելիքը, և ոչ էլ նրանց լեզվով գոյություն ունեն բառեր այդ ամենն արտահայտելու համար։ Երիտասարդ զույգերը հանդիպում են միմյանց և կապվում իրար հետ պարզապես նրա համար, որովհետև իրենց ծնողների կամ բարեկամների կամքն այդ է պահանջում․ և քանի որ նրանց աչքի առաջ ամեն օր տեղի են ունենում այդպիսի ամուսնություններ, ուստի նրանք համարում են, որ դա բանական արարածի անխուսափելի գործողություններից մեկն է։ Բռնի ամուսնությունն ու ցոփությունը չլսված բաներ են, և ամուսնացած զույգն իր կյանքը անց է կացնում նույնպիսի բարեկամական և փոխադարձ մտերմության զգացմունքներով, ինչպիսի զգացմունքներով նա վերաբերվում է իր ամեն մի ցեղակցին, որին նա հանդիպում է․ և այդ ամենը՝ առանց խանդի, սիրո տենչանքի, կռվի և դժգոհության։
 
Նրանց երկսեռ պատանեկության դաստիարակությունը զարմանալի է և մեծապես արժանի մեր ընդօրինակության։ Երիտասարդներին, մինչև տասնութ տարեկան դառնալը, բացի մի քանի հատուկ օրերից, թույլ չեն տալիս, որ գարու հատիկի համը տեսնեն, կաթը թույլ են տալիս շատ քիչ․ ամառը նրանք, իրենց ծնողների պես, արածում են առավոտ և երեկո երկուական ժամ․ իսկ ծառաներին թույլատրվում է արածել այդ ժամանակի միայն կես մասի ընթացքում․ նրանք կերի մեծ մասը բերում են տուն և աշխատանքի ազատ ժամերին ուտում այդ կերը։
 
Ժուժկալությունը, աշխատասիությունը, վարժություններն ու մաքրասիրությունը պարտադիր առարկաներ են երկու սեռի պատանիների համար․ և իմ տիրոջ կարծիքով հրեշային սովորություն է, որ մենք էգերին տարբեր դաստիարակություն ենք տալիս, քան արուներին, ի բաց առայլ, իհարկե, տնային տնտեսությանը․ այդ պատճառով էլ, ըստ նրա ճիշտ դիտողության, մեր ազգաբնակության ուղիղ կես մասը, բացի երեխա բերելուց, ուրիշ բանի պետք չէ․ և մեր մանուկների խնամատարությունը այդպիսի անպետք անասուններին վստահելու հանգամանքը, ինչպես նա ասաց, մեր վայրենի լինելու ամենախոշոր ցուցանիշն է։
 
Հուիհընհընմները իրենց մանուկ սերնդին սովորեցնում եմ ուժ, փութկոտություն և տոկունություն՝ վարժեցնելով, գահավիժ և քարքարոտ ճանապարհներով վեր ու վար վազել․ և երբ նրանք քրտինքի մեջ կորչում են, նրանց ստիպում են, որ մինչև ականջները գետի կամ լճի մեջ մտնեն։ Որոշ մարզի երիտասարդներ, տարին չորս անգամ, ժողովվում են, ցույց տալու իրենց վազելու ու թռչկոտելու հմտությունը և ուժ ու ճարպկություն պահանջող այլ վարժություններ։ Հաղթանակողին, լինի արու, թե էգ, վարձատրում են գովաբանական երգով։ Այդ հանդեսին, հուիհընհընմներին հյուրասիրելու համար, ծառաները դեպի դաշտն են քշում եհուների հոտը՝ խոտով, գարիով ու կաթով բարձած․ ապա այդ անասուններին անմիջապես ետ են քշում, վախենալով, որ միգուցե նրանց կերպարանքը հանդիսականներին գարշարնք պատճառի։
 
Չորս տարին մի անգամ, գարնանային զուգօրյակներին, տեղի է ունենում ամբողջ ազգի պատգամավորական ժողովը, որ գումարվում է մի դաշտավայրում, իմ տիրոջ տանից քսան մղոն հեռավորության վրա և տևում է հինգ թե վեց օր։ Այստեղ նրանք քննության են առնում երկրի զանազան մարզերի կացությունն ու վիճակը՝ արդյոք խոտի, գարու, կովերի և եհուների կողմից ապահո՞վ են, թե՞ պակասություն ունեն։ Եվ եթե մի որևէ տեղ կարիք կա ((որը հազիվ է պատահում), ապա այդ կարիքն անմիջապես վերացնում են միահամուռ հանգանակությամբ, որ տեղի է ունենում ընդհանուրի հավանությամբ։ Բացի այդ, այդտեղ կատարվում է երեխաների բաշխումը․ օրինակի համար, եթե մի որևէ հուիհընհընմ ունի երկու արու զավակ, նա փոխանակություն է անում ուրիշի հետ, որ ունի երկու էգ զավակ․ և եթե մի որևէ պատահարի շնորհիվ մեկը կորցրել է իր զավակին, և մայրն այլևս չի կարող նորը ծնել, այդտեղ որոշում է կայանում, թե մարզի ո՞ր ընտանիքը պիտի ծնի մի նոր երեխա, որպեսզի լրացնեն պակասը։
 
 
 
==Գլուխ իններորդ==
 
Հուիհընհընմների ընդհանուր ժողովում տեղի ունեցած խոշոր վիճաբանությունները և թե ինչ վախճան ունեցան այդ վիճաբանությունները։ Հուիհընհընմների գիտությունը։ Նրանց շենքերը։ Նրանց թաղման ծիսակատարությունը։ Նրանց լեզվի թերությունները։
 
 
 
Այդ մեծ ժողովներից մեկը տեղի ունեցավ իմ այնտեղ եղած ժամանակ, մեկնելուց երեք ամիս առաջ, որին մասնակցում էր իմ տերը, իբրև մի շրջանի ներկայացուցիչ։
 
Այդ խորհրդաժողովին կրկին սկսվեց նրանց հին պայքարը, այսպես ասած, միակ պայքարը, որ երբևիցե եղել է այդ երկրում․ իմ տերը, երբ վերադարձավ ժողովից, մանրամասն պատմեց այդ մասին։
 
Վեճի առարկա խնդիրն այն էր, թե արդյոք հարկավո՞ր է ջնջել եհուներին աշխարհի երեսից, թե՞ ոչ։ Թեր խոսողներից մեկը մեջտեղ բերեց բազմաթիվ զորեղ և ծանրակշիռ փաստեր՝ հաստատելու, որ եհուները ոչ միայն ամենափնթի, գարշահոտ և այլանդակ կենդանիներն են, որոնց նմանը չի արտադրել բնությունը, այլև վերին աստիճանի համառ են, բթամիտ, չարասիրտ ու վրեժխնդիր․ որ եթե մշտական հսկողություն չլիներ, նրանք կծծեին հուիհընհընմների կովերի կաթը, կսպանեին ու կլափեին կատուներին, ոտնատակ կանեին գարին ու խոտը և հազար և հազար ու մի այլ հանցագործություններ կկատարեին։ Նա հիշեց մի տարածված ավանդություն, ըստ որի եհուները միշտ այդ երկրում չեն եղել, այլ շատ տարիներ առաջ այդ կենդանիներից մի զույգ երևան է եկել մի լեռան վրա, և մինչև հիմա հայտնի չէ, թե դրանք արդյունք են նեխվող տիղմի և ցեխի վրա ունեցած արևի ջերմության, թե՞ ծնունդ են առել ծովի մամուռներից ու փրփուրներից։ Նա ասաց, որ այդ զույգ եհուներն սկսեցին բազմանալ և կարճ ժամանակվա ընթացքում նրանց սերունդներն այնքա՜ն աճեցին, որ լցրին և ապականեցին ամբողջ երկիրը․ որ այդ դժբախտությունից ազատվելու համար հուիհընհընմերը խմբովին որսի դուրս եկան և վերջ ի վերջո շրջապատեցին նրանց ամբողջ հոտը․ կոտորելով հասակավորներին՝ հուիհընհընմներից ամեն մեկն իր ախոռը տարավ երկու ձագ և սկսեց մինչ այն աստիճանի ընտելացնել, ինչ աստիճանի որ կարող է մի այդպիսի վայրենի արարած օժտված լինել բնական ձիրքով։ Եհուներին բանեցրին բեռներ կրելու և փոխադրելու համար։ Թվում է, որ այդ ավանդության մեջ շատ ճշմարտություն կա և որ այդ արարածները չեն կարող իլնհնիամսհի (կամ բնիկներ) եղած լինել, որովհետև սոսկալի ատելությամբ են վերաբերվում նրանց ոչ միայն հուիհընհընմները, այլև մյուս բոլոր կենդանիները։ Թեև նրանց չարամտությունը միանգամայն արժանի է այդ ատելության, սակայն այնուամենայնիվ, այդ աստիճանի չպիտի հասներ, եթե եհուները տեղացիներ լինեին, եթե ոչ նրանք վաղուց անհետացած կլինեին։ Վերջապես նա ասաց, որ եհուներին բանեցնելու մտադրությամբ տեղացիները կոպիտ կերպով զանց առան էշերին կրթելու հնարավորությունը, որոնք ավելի հեզ ու հնազանդ կենդանիներ են, հեշտ խնամվող և ավելի պարտաճանաչ և, միևնույն ժամանակ, նրանցից վատ հոտ չի գալիս, աշխատանքի համար բավականաչափ ուժեղ են, թեև զուրկ են ուրիշ կենդանիների ճարպկությունից։ Թեկուզ նրանց զռռոցն ախորժալուր չէ, բայց և այնպես ավելի գերադասելի է, քան եհուների անտանելի ոռնոցը։
 
Երբ այդ առիթով մի քանի հոգի էլ արտահայտվեցին, իմ տերը ժողովին առաջարկեց մի հարմար միջոց, որը, իսկապես, բխում էր իմ թելադրությունից։ Մի փոքր առաջ ժողովում խոսող պատվելի անդամի մատնանշած ավանդությունը նա ընդունելի գտավ, սակայն ապացուցեց, որ առաջին անգամ իրենց երկրում երևան եկած եհուները եկել են ծովի կողմից․ որ ցամաքն իջնելով, իրենց ընկերների կողմից լքվել են, լեռները քաշվել ու աստիճանաբար այլասերվել, ժամանակի ընթացքում ավելի վայրենացել, քան թե իրենց ցեղակիցներն են եղել այն երկրում, որտեղից այդ երկու նախահայրերը եկել են։ Իր ասածներին իբրև ապացույց կարող է լինել այն, որ այժմ իր տրամադրության տակ ունի մի զարմանալի եհու (նա ակնարկել էր ինձ), որի մասին նրանցից շատերը լսել են և որին շատերն էլ տեսել են։ Այնուհետև պատմեց, թե ինչպես նա առաջին անգամ գտավ ինձ․ որ իմ մարմինն ամբողջովին ծածկված է ուրիշ կենդանիների մորթու և մազեղենի արհեստական գործվածքով․ որ ես խոսում եմ իմ սեփական լեզվով և կատարելապես սովորել եմ իրենց լեզուն․ որ ես պատմել եմ նրան այն պատահարների մասին, որոնք ինձ բերել են այստեղ․ որ երբ նա տեսավ ինձ առանց ծածկոցի, գտավ, որ ես ըստ ամենայնի իսկական եհու եմ, միայն կաշիս ավելի ճերմակ է, վրայիս մազերն ավելի քիչ են և ճանկերս էլ՝ կարճ։ Նա ավելացրեց, թե ինչպե՞ս եմ ես աշխատել համոզել նրան, որ իմ հայրենիքում և կամ այլ երկրներում եհուները տիրող, բանիմաց կենդանիներ են և հուիհընհընմներին էլ ստրուկ են պահում․ որ նա իմ մեջ նկատել է եհուների բոլոր հատկությունները, միայն ես ավելի եմ քաղաքակրթված շնորհիվ իմ ունեցած բանականության նշույլների, սակայն այդ տեսակետից ես մի աստիճան ցածր եմ կանգնած հուիհընհընմների ցեղից, ճիշտ այնպես, ինչպես իրենց երկրի եհուներն ինձնից։ Նա հիշեց երիտասարդ հուիհընհընմներին կրտելու՝ իմ պատմած սովորությունը և որ ամոթ բան չէ կենդանիներից իմաստություն սովորելը, ինչպես օրինակ՝ աշխատասիրությունն ու կանխատեսությունը կարելի է սովորել մրջյուններից, իսկ շինանարությունը՝ ծիծեռնակներից (այդպես եմ թարգմանում լիխաննխ բառը, թեև նրանք այդպես անվանում են և ավելի խոշոր թռչունների). որ այդ գործողությունը կարելի է կատարել այստեղի երիտասարդ եհուների վրա, և դրա շնորհիվ նրանք կդառնան ոչ թե միայն ավելի հնազանդ և աշխատունակ, այլև, մի սերնդից հետո, կվերանա ամբողջ ցեղը, այնպես որ կարիք չի լինի դիմելու նրանց կյանքին վերջ տալու միջոցներին․ և որ այդ ժամանակամիջոցում լավ կլիներ, եթե հուիհընհընմները պարապեին էշերի կրթությամբ, որոնք թե՛ ըստ ամենայնի ավելի արժեքավոր կենդանիներ են և թե՛ ունեն այն առավելությունը, որ աշխատունակ են դառնում հինգ տարեկանից սկսած, մինչդեռ եհուները մինչև տասներկու տարեկան դառնալը ոչ մի բանի պետք չեն։
 
Ահա այն ամենը, ինչ այդ ժամանակ հարկ համարեց իմ տերը հաղորդելու ինձ մեծ խորհրդում տեղի ունեցած անց ու դարձի մասին։ Սակայն նա բարեհաճեց թաքցնելու ինձնից մի մանրամասնություն, որ վերաբերում էր իմ անձին և որի կորստաբեր հետևանքները շուտով ես զգացի, ինչպես կիմանա ընթերցողը տեղը եկած ժամանակ։ Ես համարում եմ, որ այդտեղից սկսվեցին իմ կյանքի հետագա դժբախտությունները։
 
Հուիհընհընմները գրավոր դպրություն չունեն, ուստի նրանց գիտությունն ամբողջովին բանավոր է։ Բայց քանի որ մի ժողովուրդ այդ աստիճանի համերաշխ է, բնածին հակում ունի դեպի ամեն մի առաքինություն, կառավարվում է բացառապես բանականությամբ և կտրված է այլ ժողովուրդների հետ հաղորդակցություն ունենալու հնարավորությունից ու նրա կյանքում շատ քիչ դեպքեր են տեղի ունենում, ուստի նրա պատմությունը հեշտությամբ է անցնում սերնդից սերունդ առանց ծանրաբեռնելու հիշողությունը։ Ես մի փոքր առաջ հիշատակեցի, որ նրանք ոչ մի հիվանդության ենթակա չեն․ այդ պատճառով էլ բժշկի կարիք չունեն։ Սակայն նրանք ունեն զանազան խոտերից շինած սքանչելի դեղեր, որոնցով նրանք բուժում են իրենց ճախանոցներն ու սմբակների միջի փափուկ տեղերը, երբ վնասում կամ քերծում են սրածայր քարերից, ինչպես նաև իրենց մարմնի մյուս մասերի ջարդված տեղերը և կամ վերքերը։
 
Նրանք տարին հաշվում են ըստ արևի և լուսնի շրջանների, իսկ շաբաթական ստորաբաժանումներ չեն գործածում։ Նրանք բավականաչափ ծանոթ են այդ երկու լուսատուների շարժումներին և հասկանում են խավարման էությունը, որ և նրանց աստղաբաշխության գերագույն նվաճումն է։
 
Սակայն պետք է խոստովանել, բանաստեղծության մեջ նրանք գերազանցում են մյուս բոլոր մահկանացուներին․ արդարև, նրանց տեղին համեմատությունները և նրանց նկարագրությունների մանրամասնություններն ու ճշգրտությունն աննման են։ Նրանց ոտանավորների մեջ առատ են այդ երկու առանձնահատկությունները և նյութը սովորաբար լինում է կամ բարեկամության ու բարեսիրության վսեմ գաղափարը և կամ արշավների և այլ մարմնական վարժությունների ժամանակ հաղթողների փառաբանությունը։ Նրանց շինությունները թեև շատ անտաշ և հասարակ են, սակայն զուրկ չեն հարմարություններից և հիանալի կերպով նրանց պաշտպանում են թե՛ ցրտից և թե՛ տաքից։ Նրանց մոտ աճում է մի տեսակ ծառ, որ քառասուն տարեկան դառնալուց հետո, զրկվում է իր արմատների ամրությունից և առաջին իսկ փոթորկին վայր է ընկնում․ այդ ծառերը շատ ուղղաձիգ են․ սրածայր քարերով (հուիհընհընմներին անծանոթ երկաթի գործածությունը) նրանց ծայրերը ցցերի պես սրելուց հետո, նրանք այդ գերաններն ուղղահայաց կերպով խրում են գետնի մեջ՝ մեկը մյուսից տասը մատնաչափ հեռու և ապա գարու ծղոտով կամ այլ ճղներով հյուսում։ Նույն ձևով էլ շինում են տանիքներն ու դռները։
 
Հուիհընհընմներն իրենց առջևի ոտքերի սմբակների և ճախանոցների մեջտեղի փոս ընկած մասը գործ են ածում այնպես, ինչպես մենք մեր ձեռքերը, և մի այնպիսի ճարպկությամբ, որ ես սկզբում չէի կարող երևակայել։ Ես տեսա մեր գերդաստանի սպիտակ մատակներից մեկին այդ ձևով ասեղը թելելիս (որ ես փորձի համար տվի նրան)։ Նրանք կթում են իրենց կովերը, հնձում են իրենց գարին և կատարում այն բոլոր գործերը, ինչ որ հարկավոր է ձեռքով անել։ Նրանք մի տեսակ ամուր կայծքարով սրում են քարեր ու շինում գործիքներ, որոնք փոխարինում են մեր սեպերին, կացիններին և մուրճերին։ Կայծքարով շինած այդ գործիքների միջոցով նրանք նմանապես քաղում են իրենց խոտը, հնձում գարին, որ բնական կերպով աճում է բազմաթիվ դաշտերում։ Եհուները սայլերով խուրձերը բերում են տուն, իսկ ծառաները տրորում են հատուկ շինած խրճիթներում, զատում են հատիկները և պահում ամբարներում։ Նրանք շինում են կոպիտ տեսակի փայտե և կավե ամաններ և վերջինները թրծում արևի տակ։
 
Եթե դժբախտ դեպք չի պատահում նրանք մեռնում են ծերությունից և նրանց թաղում են մի որևէ ետ ընկած տեղ։ Հանգուցյալի բարեկամներն ու ազգականներն անջատման ժամանակ ոչ ուրախանում են և ոչ էլ վշտանում, իսկ ինքը՝ մեռնողն ամենևին չի ափսոսում, որ հեռանում է այս աշխարհից, այլ կարծես թե իր հարևանին այցելելուց հետո տուն է վերադառնում։ Հիշում եմ՝ մի անգամ իմ տերը հրավիրել էր իր բարեկամին և նրա ընտանիքին իր տունը մի շատ կարևոր գործի, և նշանակված օրը տիկինն ու նրա երկու երեխաները շատ ուշ եկան․ տիկինը կրկնակի ներողություն խնդրեց, նախ իր ամուսնու համար, որը, ինչպես նա ասաց, այս առավոտ սըհնուվնհ։ Այդ խոսքը նրանց լեզվով շատ արտահայտիչ է, բայց շատ դժվար թարգմանելի․ բառացի կերպով նշանակում է՝ վերադարձավ իր նախամոր մոտ։ Ապա ներողություն խնդրեց, որ ինքն ուշացավ, որովհետև իր ամուսինը մեռավ առավոտյան, ու նա երկար ժամանակ խորհուրդ էր անում իր ծառաների հետ մի հարմար տեղ գտնելու, որտեղ կարելի լինի դնել նրա դիակը․ և ես նկատեցի, որ նա մեր տանն իրեն այնքան ուրախ էր պահում, որքան և մյուսները։ Երեք ամսից հետո նա մեռավ։
 
Ընդհանրապես հուիհընհընմներն ապրում են յոթանասուն կան յոթանասունհինգ տարի, երբեմն էլ մինչև ութսուն տարի։ Մահից մի քանի շաբաթ առաջ նրանք զգում են ուժերի հետզհետե նվազելը, սակայն առանց տանջանքների։ Այդ ժամանակամիջոցում հաճախ այցելության են գալիս բարեկամները, որովհետև մեռնողն այլևս չի կարողանում իր սովորական թեթևությամբ ու ճարպկությամբ տնից դուրս գալ։ Սակայն մահից տասն օր առաջ, այդ հաշվում նրանք շատ քիչ են սխալվում, մեռնողը փոխադարձ այցելության է գնում նրանց, որոնք ամենամոտիկ հարևաններն են․ մեռնողը նստում է եհուներ լծած մի հարմար սահնակ։ Այդ սահնակները նրանք գործ են ածում ոչ միայն այդպիսի դեպքերում, այլև այն ժամանակ, երբ նրանք ծերանում են և երկար ճանապարհորդություն պիտի կատարեն, կամ թե չէ՝ երբ որևէ դիպվածով վնասում են իրենց ոտքը։ Եվ ահա, մեռնող հուիհընհընմը կատարելով այդ փոխադարձ այցելությունները՝ հանդիսավոր կերպով հրաժեշտ է տալիս իր բարեկամներին այնպես, ինչպես եթե նա գնալիս լիներ մի հեռավոր երկիր, ուր նա ցանկանում է անց կացնել իր կյանքի մնացորդը։
 
Չգիտեմ՝ արժե՞ արդյոք հիշել, որ հուիհընհընմների լեզվում բառեր չկան արտահայտելու մի որևէ բան, որ կապ ունի չարության հետ, բացի այն բառերից, որոնցով արտահայտում են եհուների այլանդակություններն ու վատ հատկությունները։ Այդպիսով ծառայի հիմարությունը, երեխայի զանցառությունը, նրանց ոտը կտրող քարը, աննպաստ կամ անպատեհ եղանակն ու նման բաներ արտահայտելու համար նրանք բառին կցում են եհու մակդիրը։ Օրինակի համար հընմ եհու, վհնահոլմ եհու, իմլհմդվիհլմա եհու, իսկ վատ շինած տան մասին ասում են ինհոլնհնմրռհլնվ եհու։
 
Ես մեծ հաճույքով ավելի երկար կանգ կառնեի այդ սքանչելի ժողովրդի վարք ոը բարքի և առաքինությունների վրա, սակայն մտադրություն ունենալով մոտիկ ապագայում այդ նյութի մասին մի առանձին գիրք հրատարակելու, ես ընթերցողին հանձնարարում եմ այդ գիրքը և միևնույն ժամանակ անցնում իմ տխուր աղետի պատմությանը։
 
 
 
==Գլուխ տասներորդ==
 
:Հեղինակի տնտեսությունը և երջանիկ կյանքը հուիհընհընմների աշխարհում։ Շնորհիվ նրանց հետ ունեցած շփումների նա առաքինությունների մեջ խոշոր առաջադիմություն է անում։ Նրանց զրույցները։ Տերն ազդարարում է հեղինակին, որ հեռանա երկրից։ Վշտից նա ուշաթափվում է, սակայն հնազանդվում է։ Իր մտերիմ ծառայի օգնությամբ նա մի նավակ է շինում և, բախտին հանձնվելով, դիմում դեպի ծով։
 
Իմ փոքրիկ տնտեսությունը ես կարգի բերի սիրտս ուզածի պես։ Իմ տերը կարգադրեց, որ իրենց ձևով, տնից մոտ վեց յարդ հեռու, ինձ համար մի սենյակ պատրաստեն։ Պատերն ու հատակը ես ծեփեցի կավով ու ծածկեցի իմ ձեռքով շինած խսիրներով։ Ծեծելով կանեփը, որ այստեղ բսնում է վայրի, ես մի կերպ բարձի երեսի համար կտավ գործեցի և մեջը լցրի զանազան թռչունների փետուրներով, որ բռնում էի եհուների մազերից շինած մաղերով․ այդ թռչունների միսը հիանալի համ ունի։ Երկու աթոռ շինեցի, ունենալով կարմիր ձիաջորու գործոն աջակցությունը, որն իր վրա վերցրեց աշխատանքի դժվարագույն մասը։ Երբ հագուստս մաշվեց և ծվեն֊ծվեն եղավ, ես ինձ համար կարեցի մի ուրիշը՝ ճագարի, ինչպես և ուրիշ գեղեցիկ կենդանիների մորթուց, որոնք ճագարի չափ մեծ են և կոչվում են ննուհնոհ և որոնց մաշկը ծածկված է նուրբ աղվամազով։ Նույն մաշկերից ես կարեցի ինձ համար բավական տանելի գուլպաներ։ Կոշիկիս ներբանը շինեցի տախտակից, որ տաշել էի մի ծառի բնից, ու վրան մի կաշի քաշեցի, և երբ այդ մաշվեց, փոխարինեցի եհուի կաշվով, որ չորացնում էի արևի տակ։ Ծառերի փչակից ես հաճախ մեղր էի հանում, որը խառնում էի ջրի հետ և խմում, կամ հացով ուտում։ Ոչ ոք ինձանից ավելի լավ չի կարող հաստատել այս երկու ասացվածքի ճշտությունը՝ բնությունը սակավապետ է և կարիքը հնարագիտության մայրն է։ Ես հրճվում էի իմ մարմնի կատարյալ առողջությամբ և իմ հոգեկան անդորությամբ․ ես վախ չունեի ոչ բարեկամիս դավաճանությունից կամ նրա անկայուն վերաբերմունքից և ոչ էլ անհայտ կամ հայտնի թշնամուս անիրավությունից։ Մի որևէ մեծ մարդու կամ նրա սիրեցյալի շնորհին արժանանալու համար հարկավոր չէր, որ ես դիմեի կաշառատվության, շողոքորթության կամ կավատության․ պաշտպանության պետք չունեի ո՛չ խաբեբայության և ո՛չ էլ բռնության դեմ․ այստեղ ոչ բժիշկ կար, որ քայքաեր իմ առողջությունը և ոչ էլ օրենսգետ, որ ինձ անբախտացներ․ չկար և լրտես, որ հետապնդեր իմ խոսքերը և գործերը կամ փողի համար սուր մեղադրանքներ վրաս․ այստեղ չկար ոչ մի երգիծող, պարսավող, բամբասող, գրպանահատ, ավազակ, տուն կողոպտող, փաստաբան, կավատ, միմոս, խաղամոլ, պոլիտիկան, սրախոս, մաղձոտ, գրախոս, վիճաբանություն սիրող, բռնաբարող, մարդասպան, գող, վիրտուոզ․ ոչ մի լիդեր կամ քաղաքական պարտիաների ու խմբակցությունների անդամ․ հրապույրով կամ օրինակով՝ մոլության ոչ մի քաջալերիչ․ ոչ մի բանտ, կացին, կախաղան, անարգանքի կամ նշավակության սյուն․ ոչ մի խաբեբա խանութպան կամ արհեստավոր․ չկար և գոռոզություն, սնափառություն կամ կեղծիք․ ոչ մի ցուցամոլ, ամբարտավան, արբեցող, պոռնիկ և վեներական հիվանդություն․ ոչ մի պոռոտախոս, շռայլ և անամոթ կին․ ոչ մի ապուշ, հպարտ, իմաստալ, ոչ մի տաղտկալի, գոռոզ, կռվարար, աղմկարար, գոռգոռացող, սնամեջ, ինքնահավան, հայհոյաբան ընկեր բարեկամ․ ոչ մի սրիկա, որ բարձրացել է ցեխից իր մոլությունների շնորհիվ, և ոչ էլ ազնիվներ, որոնք այդ ցեխի մեջն են ընկել իրենց առաքինությունների պատճառով․ ոչ մի լորդ, ջութակահար, դատավոր կամ պարի ուսուցիչ։
 
Ես բախտ ունեցա ներկայանալու մի քանի հուիհընհընմների, որոնք իմ տիրոջն այցելության կամ ճաշկերույթի էին եկել․ նորին մեծապատվությունը հաճեց թույլ տալ ինձ, որպեսզի մնամ սենյակում և լսեմ նրանց խոսակցությունը։ Թե՛ նա և թե՛ նրա հյուրերը հաճախ բարեհաճում էին ինձ հարցեր տալ ու պատասխան առնել։ Երբեմն նաև բախտ էի ունենում ուրիշներին արած այցելությունների ժամանակ ուղեկցելու իմ տիրոջը։ Երբեք չէի համարձակվում խոսելու, այլ միայն պատասխանում էի ինձ տված հարցումներին․ և սրտանց ափսոսում էի, որովհետև ես համարում էի այդ իմ ինքնազարգացման տեսակետից ժամանակի կորուստ․ այդ տեսակ խոսակցությունների ժամանակ համեստ լսողի դերում լինելն ինձ անհուն հաճույք էր պատճառում, ուր միայն գործի մասին էին խոսում, և նրանց արտահայտությունները սակավաթիվ և նշանակալից խոսքեր էին, ուր (ինչպես ես արդեն ասացի) մեծապես ի նկատի էր առնվում պարկեշտությունը, առանց որևէ ծիսակատարության, ուր ոչ ոք չէր խոսում առանց հաճույք պատճառելու թե՛ իրեն և թե իր ունկնդիրներին․ ուր իրար չէին ընդհատում, և ուր չկար ո՛չ տաղկտություն, ո՛չ տաքարյունություն և ո՛չ էլ կարծիքների տարբերություն։ Նրանց կարծիքով երբ մարդիկ հանդիպում են միմյանց, լավ է խոսակցությունը ընդհատել կարճատև ընդմիջումներով․ և ես գտնում եմ, որ այդ ճիշտ է․ որովհետև զրույցների փոքրիկ ընդմիջումներին ծագում են նորանոր մտքեր, որոնք կենդանություն են տալիս խոսակցությանը։ Խոսակցության նյութ ընդհանրապես լինում են՝ բարեկամությունը և բարի ցանկությունները, կամ կարգապահությունն ու խնայողությունը, երբեմն էլ բնության տեսանելի երևույթները և կամ հին ավանդույթները․ առաքինության չափն ու սահմանը․ բանականության անսխալ կանոնները կամ մի շարք որոշումներ, որ պիտի ընդունի առաջիկա մեծ ժողովը․ հաճախ էլ բանաստեղծության տարբեր տեսակների վսեմությունը։ Առանց սնափառության կարող եմ ավելացնել, որ իմ ներկայությունը հաճախ առատ նյութ էր տալիս նրանց խոսակցությանը, որովհետև ես առիթ էի իմ տիրոջ համար իր բարեկամներին պատմելու իմ և իմ հայրենի երկրի պատմությունը, որը լսելուց հետո նրանք մարդկային ցեղի մասին այնքան էլ նպաստավոր կարծիք չէին հայտնում․ դրա համար էլ ես չպիտի կրկնեմ նրանց ասածները։ Միայն ես թույլ պիտի տամ ինձ նկատելու, որ նորին մեծապատվությունը, ի մեծ զարմանս իմ, թվաց, թե բոլոր երկրների եհուների բնությունն ավելի լավ հասկացավ, քան թե ես։ Նա մի առ մի թվեց մեր բոլոր մոլություններն ու անիմաստությունները և հայտնաբերեց այնպիսի բաներ, որոնց մասին ոչ մի խոսք չէի ասել նրան․ բավական էր նրան միայն ենթադրել, թե ինչ բանի ընդունակ կլինեին իրենց երկրի եհուները, եթե օժտված լինեին բանականության մի չնչին մասով, և նա հանգում էր այն հավանական եզրակացության, թե որքա՜ն անարգ և թշվառ պիտի լինեին այդ արարածները։
 
Ես անկեղծ խոստովանում եմ, որ իմ, քիչ թե շատ արժեք ունեցող, չնչին գիտությունը ես ստացել եմ իմ տիրոջից և այն իմաստուն զրույցներից, որ ես լսել եմ նրանցից և իր բարեկամներից․ ես կգերադասեի պարծանքով լսել նրանց, քան թե իմ թելադրությունն անել Եվրոպայի ամենամեծ և ամենաիմաստուն պառլամենտին։ Այդ երկրի բնակիչների ուժը, շնորհալիությունն ու արագաշարժությունը զարմանք էին պատճառում ինձ․ և այդչափ սիրալիր անձնավորությունների առաքինությունների այդ աստիճանի համադրությունն առաջ էր բերում իմ մեջ ամենաբարձր հարգանք։ Սկզբում, ճիշտ է, ես չէի զգում այն բնական պատկառանքը, որ տածում էին նրանց հանդեպ եհուներն ու մյուս բոլոր կենդանիները, սակայն այդ զգացմունքը կամաց֊կամաց պատեց և ինձ, և ավելի շուտ, քան ես կարող էի երևակայել․ և դրան միանում էր իմ ակնածալի սերն ու երախտագիտությունը, որովհետև նրանք բարեհաճել էին ինձ զատելու իմ մյուս ցեղակիցներից։
 
Երբ ես մատծում էի ընտանիքիս, բարեկամներիս, իմ հայրենակիցների կամ առհասարակ մարդկային ցեղի մասին, սկսում էի համարել նրանց, թե՛ իրենց արտաքինով և թե՛ խառնվածքով, եհուներ, թերևս մի փոքր ավելի քաղաքակրթված և խոսելու ձիրքով օժտված, սակայն որոնք իրենց բանականությունը գործադրում են միայն զարգացնելու և բազմացնելու այն մոլությունները, որոնցից մասն ունեն այս երկրի նրանց եղբայրակիցները լոկ այն չափով, որ չափով որ բնությունը նրանց բաժին է հանել։ Երբ պատահմամբ տեսնում էի իմ պատկերը լճի կամ աղբյուրի մեջ, ինքս ինձնից սարսափած ու զզված՝ երեսս շուռ էի տալիս, և ես ավելի շուտ կարող էի տանել սովորական եհուի, քան թե իմ սեփական տեսքը։ Հուիհընհընմների հետ ունեցած մշտական հարաբերությունից և նրանց հանդեպ տածած հիացական վերաբերմունքից հետո ես սկսեցի ընդօրինակել նրանց քայլվածքն ու շարժուձևերը, որ այժմ ինձ համար սովորություն էր դարձել, և իմ բարեկամները հաճախ հանդիմանական ձևով ասում են, թե ես ձիու պես եմ վազում, թեև ես այդ խոսքերը ընդունում եմ իբրև մեծագույն մի հաճոյախոսություն։ Չպիտի բացասեմ և այն, որ խոսելու ժամանակ հակամետ եմ ընդօրինակելու հուիհնհընմների ձայնն ու ձևերը և առանց ամոթի լսելու, թե այդ առիթով ինչպե՜ս են ինձ ծաղրում։
 
Այս բոլոր երջանկություններով շրջապատված, երբ կարծում էի, թե մինչև կյանքիս վերջն անխախտ տեղավորվել եմ, մի առավոտ սովորականից ավելի վաղ, իմ տերն ինձ կանչեց իր մոտ․ նրա դեմքից նկատեցի, որ վարանման մեջ է և չգիտի, թե ինչպե՞ս սկսի իր խոսքը։ Կարճատև լռությունից հետո նա ասաց, թե չգիտե՝ ինչպես պիտի ընդունեմ այն, ինչ նա ուզում է ասել․ որ վերջին ընդհանուր ժողովի ժամանակ, երբ հարց բարձրացավ եհուների մասին, պատգամավորները նախատեցին նրան, որ նա եհու է պահում իր տանը (նրանք ի նկատի ունեին ինձ) ու վարվում է իբրև մի հուիհընհընմի և ոչ թե մի վայրենի անասունի հետ։ Հայտնի է, որ իմ տերը հաճախ զրույցներ է ունենում ինձ հետ, կարծես թե կարող է նա ինձնից մի որևէ օգուտ կամ բավականություն ստանալ․ մի այդպիսի վարմունք հաճելի չէ ո՛չ բանականության և ո՛չ էլ բնության և չլսված մի բան է նրանց համար։ Ուստի ժողովը հորդորում է նրան, որպեսզի նա կամ վարվի ինձ հետ ինչպես մյուս ցեղակիցների հետ, կամ առաջարկի, որպեսզի ես վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ։ Այդ առաջարկներից առաջինը վճռական կերպով մերժվեց այն բոլոր հուիհընհընմների կողմից, որոնք երբևիցե տեսել էին ինձ իմ տիրոջ կամ իրենց տանը, այն հիման վրա, որ ես ունենալով բանականության որոշ սաղմ և դրա հետ միասին՝ այդ անասունների բնածին անբարոյականությունը, երկյուղ կա, որ ես հնարավորություն կունենամ գրավելու նրանց դեպի անտառն ու երկրի լեռնային մասերը և հոտեր կազմած գիշերները հարձակվել և ոչնչացնել հուիհընհընմների անասունները, ինչ որ բնական է որկրամոլ և աշխատանքից խորշող կենդանիների համար։
 
Իմ տերն ավելացրեց, որ հարևան հուիհընհընմներն ամեն օր ստիպում են նրան, որ նա ի կատար ածի ժողովի հորդորը, որը նա այլևս անկարող է հետաձգել։ Նա կասկածում է, որ ես կարող լինեմ լողալով գնալ մինչև մի այլ երկիր, ուստի ցանկանում է, որ ես շինեմ իմ նկարագրածի նման մի սայլ, որով ես կարողանամ ծովով գնալ․ այդ աշխատանքին ինձ կօգնեն թե՛ իր և թե՛ իր հարևանների ծառաները։ Իսկ ինչ վերաբերում է իրեն, նա ամենայն հաճույքով կպահեր ինձ իբրև ծառա մինչև իմ կյանքի վերջը, որովհետև նա գտնում է, որ ես բուժվել եմ մի շարք վատ սովորություններից ու հակումներից, ջանալով նմանվել հուիհընհընմներին, որչափ թույլ է տալիս իմ ստոր բնությունը։
 
Այստեղ ես պիտի ընթերցողին դիտել տամ, որ ընդհանուր ժողովի որոշումն այս երկրում կոչվում է հնհլոյան, որ բառացի կերպով նշանակում հորդոր, որովհետև նրանք գաղափար չունեն, թե ինչպե՛ս կարելի է բանական արարածին հարկադրել․ կարելի է միայն խորհուրդ տալ նրան, կամ հորդորել․ և ով չի հպատակվում բնությանը, նա արժանի չէ բնական արարածի կոչման։
 
Իմ տիրոջ ասածներն ինձ սաստիկ վշտացրին և հուսահատության հասցրին և, անկարող լինելով տանել այդ հարվածը, ես ուշաթափ ընկա նրա ոտքերի առաջ․ ու երբ ուշքի եկա, նա ասաց, թե կարծել է, որ ես մեռա (որովհետև այդ ժողովուրդը ենթակա չէ բնության այդ թուլություններին): Ես նվաղած ձայնով պատասխանեցի, թե մահն ինձ համար մեծ երջանկություն կլիներ․ թեև ես չեմ պարսավում ժողովի հորդորը և ոչ էլ նրա բարեկամների հարկադրանքը, սակայն, իմ անզոր և թերի դատողությամբ կարծում եմ, որ այդ որոշման դաժանությունը, իր բնական էությամբ հանդերձ, կարող էր ավելի նվազ լինել․ որ ես մի լիգ տարածություն անգամ չեմ կարող լողալով անցնել, մինչդեռ այստեղից մինչև մի որևէ ցամաք հավանորեն մոտ հարյուր լիգ է․ որ այս երկրում չկան անհրաժեշտ նյութեր մի փոքրիկ նավ շինելու, որով ես կարողանամ ճանապարհ ընկնել․ բայց ես ի նշան նորին մեծապատվության հանդեպ ունեցած երախտագիտության ու շնորհակալության, պիտի փորձեմ, թեև այդ համարում եմ անհնարին և ինձ վրա նայում եմ, իբրև մի մարդու, որ դատապարտված է կորստի․ որ անբնական մահվան հեռանկարը չարյաց փոքրագույնն է, որովհետև, եթե անգամ հրաշքով փրկելու լինեմ իմ կյանքը, ինչպե՞ս ես կարող եմ հաշտվել այն մտքի հետ, որ իմ օրերը պիտի անցկացնեմ եհուների հետ ու նորից ընկնեմ իմ հին մոլությունների գիրկը, չունենալով իմ աչքի առաջ ոչ մի օրինակ, որ կարող լիներ առաջնորդել ինձ ու պահել առաքինության ուղիների վրա։ Ես շատ լավ գիտեմ, թե իմաստուն հուիհընհընմների որոշումներն ինչպիսի՜ հաստատուն պատճառաբանության վրա են հիմնված և ես, լինելով մի թշվառ եհու, չեմ կարող խախտել այդ որոշումը․ ուստի, նավը շինելու համար իր ծառաների աջակցությունն ինձ առաջարկելու առիթով ես հայտնեցի նրան իմ խորին շնորհակալությունն ու խնդրեցի, որ նա ինձ տա բավականաչափ ժամանակ այդ դժվարին աշխատանքն ավարտելու համար․ ես ասացի նաև, որ պիտի ջանամ պահպանել իմ ողորմելի գոյությունը և եթե երբևիցե վերադառնալու լինեմ Անգլիա՝ հույս ունեմ, որ գովաբանելով փառապանծ հուիհընհընմներին և նրանց առաքինությունները, իբրև օրինակ առաջադրելով մարդկությանը, պիտի լինեմ իմ ցեղակիցների համար մի պիտանի անդամ։
 
Իմ տերը համառոտակի շատ սիրալիր պատասխանեց և նավս վերջացնելու համար երկու ամիս ժամանակ տրամադրեց ինձ․ նա հրամայեց կարմիր ձիաջորուն, իմ այդ ընկեր ծառային (այսինքն հեռավոր վայրում ես իրավունք ունեմ նրան այդպես անվանելու), որ կատարի իմ կարգադրությունները, որովհետև իմ տիրոջն ասացի, որ նրա աջակցությունը միանգամայն բավական է ինձ համար, և գիտեի, որ նա շատ լավ է ինձ հետ։
 
Նրա հետ միասին ես նախ և առաջ գնացի ծովափի այն մասը, որտեղ իմ ապստամբած նավաստիները հրամայեցին ցամաք իջեցնել։ Ես մի բլուր բարձրացա, նայեցի չորս կողմը և կարծես թե ծովի հյուսիս֊արևելյան կողմը նշմարեցի մի փոքրիկ կղզի․ գրպանից հանեցի հեռադիտքկս ու պարզ կերպով տեսա այդ կղզին, որն ըստ իմ ենթադրության, գտնվում էր ափից մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Իսկ կարմիր ձիաջորուն այնպես էր թվում, որ այդ կղզին լոկ մի կապույտ ամպ է, որովհետև նա իրենց երկրից դուրս մի այլ երկրի մասին ոչ մի գաղափար չուներ, հետևապես և չէր կարողանում հեռավոր առարկաները նշմարել ծովի վրա այնպես, ինչպես մենք, որ վարժված ենք այդ տարերքին։
 
Այդ կղզին հայտնաբերելուց հետո ես ուրիշ հետազոտություններ չկատարեցի, այլ որոշեցի, որ դա պիտի լինի իմ աքսորի առաջին վայրը, մնացածը թողնելով իմ բախտի վճռին։
 
Տուն վերադառնալուց հետո կարմիր ձիաջորու հետ խորհուրդ արի և միասին գնացինք մոտակա պուրակը, ուր ես՝ իմ դանակով և նա՝ իր սուր կայծքարով, որը, ըստ իրենց սովորության, շնորհքով կպցրած էր մի փայտե կոթի, կտրատեցինք կաղնու բազմաթիվ ճյուղեր, որոնցից շատերը ձեռնափայտի հաստություն ունեին և մի քանիսն էլ ավելի խոշոր։ Սակայն ես չպիտի ձանձրացնեմ ընթերցողին իմ աշխատանքի մանրամասն նկարագրությամբ․ բավական է ասեմ, որ վեց շաբաթվա ընթացքում, կարմիր ձիաջորու հետ միասին, որ կատարում էր աշխատանքի դժվարագույն մասը, ես շինեցի հնդկական նավակի պես մի բան, միայն ավելի խոշոր տեսակի, կողքերը պատեցի եհուի կաշիներով, որ ամուր կերպով կարել էի միմյանց իմ սեփական ձեռքի գործ կանեփի թելերով։ Նավակիս առագաստը նույնպես շինեցի այդ անասունների կաշուց, միայն ընտրելով ավելի երիտասարդ եհուների կաշիները, որովհետև ծերերինը շատ կոշտ և հաստ էին։ Բացի այդ՝ ես շինեցի չորս թիակ ևս։ Ճագարի և այլ ընտանի թռչունների եփած մսից պաշար պատրաստեցի ու հետո առա երկու աման․ մեկը լցրի կաթով, իսկ մյուսը՝ խմելու ջրով։
 
Տիրոջս տան մոտ գտնվող լճակի վրա նավակս փորձի ենթարկեցի և շտկեցի բոլոր պակաս կողմերը․ աչքի ընկնող ճեղքերը լցրի եհուի ճարպով և այնպես արի, որ նավակը պիտանի լինի թե՛ նստելու և թե՛ բեռներս բարձելու համար։ Ձեռքիս եկածն անելով, ես նավակը բարձեցի մի սայլի վրա և եհուներին լծած՝ կարմիր ձիաջորու և մի այլ ծառայի հսկողության ներքո, զգուշությամբ տարա մինչև ծովի ափը։
 
Երբ ամեն ինչ պատրաստ էր և հասավ իմ մեկնման օրը, ես մնաս բարև ասացի տիրոջս, նրա կնոջն ու ամբողջ ընտանիքին․ աչքերս լիքն էին արտասուքներով և վշտից կսկծում էր սիրտս։ Իսկ նորին մեծապատվությունը, մասամբ հետաքրքրությունից և մասամբ էլ թերևս (եթե իհարկե իրավունք ունեմ առանց սնապարծության այսպես ասելու) բայրացակամությունից դրդված՝ որոշեց գալ և տեսնել ինձ իմ սեփական նավի մեջ, իր հետ վերցնելով մի քանի հարևաններ։ Մոտ մի ժամ ստիպված էի սպասել ծովի տեղատվությանը, և նկատելով հաջողակ քամին, որ փչում էր դեպի կղզին՝ ուր որոշել էի դադար առնել, ես երկրորդ անգամ մնաս բարև ասացի իմ տիրոջը․ և երբ ուզում էի գետնատարած համբուրել նրա սմբակը, նա սիրալիր կերպով բարեհաճեց մոտեցնել իր ոտքն իմ շրթունքներին։ Հայտնի է ինձ, թե այս վերջին մանրամասնությունը հիշատակելու համար քանի՜֊քանի՜ անգամ ինձ քննադատեցին։ Իմ այդ չարախոսներն անհավանական են համարում, որ մի այդպիսի պայծառ անձնավորություն կարող է նվաստացնել իրեն, ցույց տալու համար այդքա՜ն մեծ շնորհ ինձ պես ստորածին արարածի։ Ես չեմ մոռացել նաև, որ զանազան ճանապարհորդներ ինչպե՜ս են ձգտում պարծենալու իրենց ցույց տրված շնորհների համար։ Բայց եթե այդ քննադատներն ավելի լավ ծանոթ լինեին հուիհընհընմների ազնիվ և բարեկիրթ խառնվածքին, իսկույն պիտի փոխեին իրենց կարծիքը։
 
Մատուցանելով իմ հարգանքները նորին մեծապատվության հետ եկած մյուս հուիհընհընմներին՝ նստեցի իմ նավակն ու հեռացա ծովափից։
 
 
 
==Գլուխ տասնմեկերորդ==
 
:Հեղինակի վտանգավոր ճանապարհորդությունը։ Նա գալիս է Նոր Հոլանդիա՝ այնտեղ բնակվելու հույսով։ Բնիկներից մեկը նետով վիրավորում է նրան։ Նրան բռնում են և ուժով նստեցնում պորտուգական մի նավ։ Կապիտանի սիրալիր վերաբերմունքը։ Հեղինակը վերադառնում է Անգլիա։
 
Ես սկսեցի այս անհույս ճանապարհորդությունը 1714 ― 5 թվի, փետրվարի 15֊ի առավոտյան ժամը 9֊ին։ Քամին հաջողակ էր․ սկզբում ես գործ էի ածում միայն թիակները, բայց հետո մտածելով, որ շուտ կհոգնեմ, իսկ քամին էլ կարող է փոխել իր ընթացքը, ես փորձեցի պարզել իմ փոքրիկ առագաստը․ և այդպես, ծովի տեղատվության աջակցությամբ, ես գնում էի իմ հաշվով ժամը մեկ ու կես լիգ։ Իմ տերն ու իր բարեկամները կանգնած էին ծովափին, մինչև իմ անհետանալը․ և ես հաճախ լսում էի կարմիր ձիաջորու (որը միշտ սիրում էր ինձ) բացականչությունը՝ հնույ իլլա նիհա մաջան եհու՝ պահպանիր քեզ, ազնիվ եհու։
 
Ւմ ցանկությունն էր, եթե հնարավոր է, գտնել մի որևէ փոքրիկ, անմարդաբնակ կղզի, ուր կարողանայի իմ սեփական աշխատանքով ապրուստիս միջոցները հայթայթել․ նման կյանքի հեռանկարը ինձ ավելի էր հրապուրում, քան թե Եվրոպայի ամենաբարեկիրթ արքունիքում առաջին մինիստրի պաշտոնը․ այդչափ սոսկալի էր թվում ինձ Եվրոպա վերադառնալու և եհուների հասարակության մեջ ու նրանց իշխանության ներքո ապրելու հեռանկարը։ Իմ տենչած միայնության մեջ ես կարող էի գոնե ապրել իմ սեփական մտորումներով ու հաճույքով վերհիշել այդ աննման հուիհընհընմների առաքինությունները, չունենալով ոչ մի պատեհություն նորից ընկնելու իմ ցեղակիցների մոլությունների և ապականությունների գիրկը։
 
Ընթերցողը հիշում է անշուշտ իմ պատմությունը, թե ինչպես իմ նավաստիները դավադրություն սարքեցին ու բանտարկեցին ինձ իմ կաբինի մեջ։ Թե ինչպես ես մնացի այդտեղ մի քանի շաբաթ, առանց իմանալու, թե ի՞նչ ուղղությամբ ենք գնում․ իսկ երբ ինձ ափ իջեցրին՝ ինչպե՜ս էին նրանք հավատացնում ինձ երդումով, սուտ թե ճիշտ, որ իրենք էլ չգիտեն, թե աշխարհիս ո՞ր մասումն ենք գտնվում։ Տակավին ինձ այնպես էր թվում այն ժամանակ, որ մենք գտնվում ենք Բարեհուսո հրվանդանից տասն աստիճան դեպի հարավ և մոտավորապես հարավային լայնության 45֊րդ աստիճանի վրա․ այդ ենթադրությանը եկա լսելով նրանց իրար հետ ունեցած մի քանի պատահական խոսքերն այն մասին, թե նրանք մտադրություն ունեն Մադագասկար կղզին գնալու և որ այժմ նրանք գտնվում են կղզու հարավ֊արևմտյան կողմերում։ Թեև այդ մի սին ենթադրություն էր, այնուամենայնիվ, ես որոշեցի բռնել արևելյան ուղղությունը, հույս ունենալով հասնել Նոր Հոլանդիայի հարավ֊արևմտյան ափերին կամ թերևս մի այլ կղզու, որ ես կուզենայի տեսնել նրա արևմտյան կողմերում։ Քամին բոլոր ժամանակ փչում էր արևմուտքից, և իմ հաշվով երեկոյան ժամը 6֊ին ես անցել էի դեպի արևելք առնվազն 18 լիգ, երբ մոտ կես մղոն հեռավորության վրա նկատեցի մի փոքրիկ կղզի, որին և շուտով հասա։ Դա մի լերկ ապառաժ էր, որ ուներ փոթորիկներից առաջացած կամարաձև ծովախորշ։ Իմ նավակը ես թողի այդտեղ և մագլցելով ապառաժը՝ կարողացա պարզ կերպով տեսնել արևելյան կողմում, հարավից դեպի հյուսիս ձգվող ցամաքը։ Գիշերը մինչև լույս ես պառկեցի նավակի մեջ և վաղ առավոտյան շարունակելով իմ ճանապարհորդությունը, ժամը յոթին հասա Նոր Հոլանդիայի հարավ֊արևելյան ափերին։ Դա հաստատեց իմ վաղուց ի վեր կազմած կարծիքն այն մասին, որ աշխարհագրական քարտեզների վրա այդ երկիրը տեղավորում են արնվազն երեք աստիճան ավելի արևելք, քան նա իսկապես ընկած է․ տարիներ առաջ ես այդ կարծիքը հաղորդեցի իմ բարեկամ միստեր Հերման Մոլլին ու հայտնեցի պատճառները, սակայն նա գերադասեց հետևել ուրիշների հեղինակությանը։
 
Իմ իջած վայրում բնիկներ չտեսա և հետս զենք չունենալով, ես վստահություն չունեցա երկրի խորքը մտնելու։ Ծովափին գտա մի քանի խեցի և հում֊հում կերա, չհամարձակվելով կրակ անել, որպեսզի բնիկներն ինձ չնկատեն։ Որպեսզզի խնայեմ իմ պաշարը, երեք օր շարունակ իմ կերակուրը ոստրեներն ու խեցիներն էին․ բարեբախտաբար սքանչելի ջրի մի աղբյուր ճարեցի, որ ինձ բավականին կազդուրեց։
 
Չորրոդ օրը, վստահանալով մի քիչ գնալ երկրի խորքը, ինձնից հինգ հարյուր յարդ հեռու, մի բլրի վրա, քսան թե երեսուն բնիկ տեսա։ Նրանք՝ մարդ, կին ու երեխա, ամբողջովին մերկ էին ու, ինչպես բարձրացող ծխից նկատեցի, բոլորել էին կրակի շուրջը։ Նրանցից մեկը նշմարեց ինձ և իմաց տվեց մյուսներին․ հինգ հոգի դեպի ինձ եկան՝ կանանաց ու երեխաներին թողնելով կրակի մոտ։ Ես իսկույն փախա դեպի ափն ու նավակը նստելով հեռացա ափից։ Վայրերնիները նկատելով իմ փախուստը հետապնդեցին, և նախքան ես կարող էի բավականաչափ հեռանալ, հետևից արձակեցին մի նետ, որ խոր վերք հասցրեց իմ ձախ ծնականը (դրա նշանը կմնա մինչև իմ գերեզմանը)։ Ես վախեցա, թե միգուցե նետը թունավոր լինի, ուստի նրանց նետաձգության սահմանից ելնելով (օրն էլ հանդարտ էր), հնարավորություն ունեցա ծծել միջի թույնն ու վերքս կապելու։
 
Ես չգիտեի, թե ինչ անեմ, որովհետև չէի համարձակվում վերադառնալ իմ նախկին իջևանը․ ուստի բռնեցի հյուսիսային ուղղությունը, միևնույն ժամանակ ստիպված լինելով ուժ տալ թիերին, քանի որ քամին, թեև մեղմ, փչում էր հյուսիս֊արևմուտքից՝ ուղիղ իմ դեմ։ Աչքս չորս կողմը դարձնելով, որպեսզի ափ իջնելու մի հարմար տեղ գտնեմ, հանկարծ նկատեցի հուսիս֊հյուսիս֊արևելքում մի առագաստ, որը րոպե առ րոպե ավելի տեսանելի էր դառնում․ ես տատանվում էի՝ սպասե՞մ արդյոք նրան թե՞ ոչ․ բայց ի վերջո եհուների ցեղի դեմ իմ ունեցած ատելությունը գերակշռեց․ ես ետ դարձրի իմ նավակը և առագաստն արձակելով և միևնույն ժամանակ թիերին ուժ տալով՝ մեկնեցի դեպի հարավ ու գնացի դեպի այն ծովախորշը, որտեղից փախել էի այս առավոտ, գերադասելով անձնատուր լինել այդ բարբարոսներին, քան թե ապրել եվրոպական եհուների հետ։ Ես իմ նավակը վարեցի ուղղակի դեպի ծովափ ու ինքս թաքնեվեցի մի քարի հետև, վերև հիշած սքանչելի աղբյուրի մոտ։
 
Նավը մինչև կես լիգ մոտեցավ այդ ծովախորշին ու տակառներով լիքը մի մակույկ ուղարկեց դեպի ափը՝ խմելու ջուր վերցնելու (ըստ երևույթին դա հայտնի տեղ էր). բայց որովհետև մինչև ափին մոտենալը ես չնկատեցի մակույկը՝ ուստի այլևս ուշ էր թաքստի մի ուրիշ վայր որոնելը։ Ափ իջնելով նավաստիները նկատեցին իմ նավակը ու չորս կողմը նայելուց հետո, կռահեցին, որ նրա տերը հեռու տեղ չպիտի լինի։ Չորս հոգի, լավ զինված, նայեցին ամեն մի ծակուծուկ ու թաքստոց և վերջապես գտան ինձ քարի հետևը, գետնին երեսն ի վայր պառկած։ Նրանք զարմանքով սկսեցին դիտել իմ տարօրինակ և անճոռնի հագուստը, կաշուց կարած իմ վերարկուն, տախտակի ներբաններով իմ կոշիկները և մորթուց շինած իմ գուլպաները․ սակայն իմ հագուստից նրանք եզրակացրին, որ ես տեղացի չեմ, որովհետև վերջիններս ամենք էլ մերկ էին։ Նավաստիներից մեկը պորտուգալերեն հրամայեց ինձ վեր կենալ ու հարցրեց, թե ո՞վ եմ։ Ես հիանալի կերպով հասկացա այդ լեզուն և ոտքի ելնելով ասացի, որ ես մի թշվառ եհու եմ, հուիհընհընմների երկրից արտաքսված և խնդրում եմ, որ նրանք բարեհաճեն ինձ բաց թողնել։ Նավաստիները զարմացան, երբ լսեցին իմ պատասխանն իրենց մայրենի լեզվով և իմ տեսքից կռահեցին, որ ես եվրոպացի պետք է լինեմ, սակայն նրանք չկարողացան հասկանալ, թե ի՞նչ են նշանակում եհու և հուիհընհընմ բառերը և միևնույն ժամանակ ծիծաղեցին իմ խոսելու օտարոտի ձևի վրա, որ նման էր ձիու վրնջոցին։ Ամբողջ ժամանակ ես սարսափից ու ատելությունից դողում էի։ Մի անգամ էլ խնդրեցի, որ նրանք ինձ բաց թողնեն, և սկսեցի կամաց֊կամաց շարժվել դեպի իմ նավակը․ սակայն նրանք ինձ կանգնեցրին, ցանկանալով իմանալ, թե ի՞նչ երկրում եմ ծնվել, որտեղի՞ց եմ գալիս և ուրիշ շատ հարցեր։ Ես նրանց պատասխանեցի, որ ծնվել եմ Անգլիայում, որտեղից հեռացել եմ հինգ տարի առաջ, երբ մեր և նրանց երկրնրերը հաշտ էին։ Ուստի ես հույս ունեմ, որ նրանք ինձ չպիտի ընդունեն իբրև թշնամի, մանավանդ, որ ես մտադրություն չունեմ նրանց վնաս հասցնելու․ ես լոկ մի թշվառ եհու եմ և որոնում եմ մի ամայի վայր իմ տարաբախտ կյանքի մնացորդն անցկացնելու։
 
Երբ նրանք սկսեցին խոսել, ինձ թվաց, թե դրանից ավելի անբնական բան չէի լսել, որովհետև, իմ կարծիքով, դա նույնքան հրեշային էր, որքան եթե Անգլիայում մի շուն կամ մի կով խոսեր կամ թե չէ մի որևէ եհու՝ հուիհընհընմների երկրում։ Պակաս զարմանք չէր պատճառում պատվական պորտուգալացիներին և իմ տարօրինակ հանդերձը և իմ արտասանության օտարոտի ձևը, թեև նրանք հիանալի կերպով հասկանում էին ինձ։ Նրանք ինձ հետ խոսում էին շատ սիրալիր և հայտնեցին, թե կասկած չունեն, թե իրենց կապիտանն ինձ ձրի կտանի մինչև Լիսաբոն, որտեղից ես կարող եմ վերադառնալ իմ հայրենի երկիրը․ որ նավաստիներից երկու հոգի կվերադառնան նավը՝ կապիտանին հաղորդելու իրենց տեսածը և նրա կարգադրությունը ստանալու․ միևնույն ժամանակ, եթե ես ազնվությամբ չերդվեմ, որ չպիտի փախչեմ, ապա նրանք ինձ պիտի զոռով պահեն։ Ես լավագույնը համարեցի հնազանդվել նրանց առաջարկին։ Նրանք շատ հետաքրքրվեցին իմանալու իմ արկածների մասին, բայց ես նրանց ցանկությունը լիովին չբավարարեցի, ու նրանք եկան այն եզրակացության, որ ինձ հետ պատահած դժբախտությունից հետո խելքս կորցրել եմ։ Երկու ժամից հետո նավակը, որ բարձած էր համեղ ջրով լի տակառներով վերադարձավ, ունենալով և կապիտանի հրամանը՝ ինձ նավ վերցնելու։ Ես չոքեցի և աղերսեցի, որ ինձ ազատ թողնեն․ բայց իզուր․ նավաստիները թոկերով կապկպեցին ինձ, նավակը նետեցին, որտեղից ինձ նավ բարձրացրին և ապա տարան կապիտանի կաբինը։
 
Կապիտանի անունն էր Պեդրո դը Մենդեզ․ նա վերին աստիճանի բարեկիրթ և վեհանձն անձնավորություն էր․ նա ինձ առաջարկեց, որ իմ մասին որոշ տեղեկություններ տամ և ցանկացավ իմանալ, թե ի՞նչ եմ ուզում ուտելու կամ խմելու․ նա ասաց, որ ինձ հետ պիտի վարվեն այնպես, ինչպես իրեն հետ, և այնքան սիրալիր խոսքեր ասած, որ մի եհուի կողմից այդքան քաղաքավարություն տեսնելը զարմացրեց ինձ։ Տակավին ես լուռ ու տխրադեմ էի․ նրա և նրա նավաստիների հոտից քիչ մնաց, որ ուշաթափվեմ։ Վերջապես ես խնդրեցի, որ իմ նավակից ուտելու բան բերեն․ բայց կապիտանն ինձ համար պատվիրեց վառեկ և սքանչելի գինիներ ու կարգադրեց, որ ամենամաքուր կաբիններից մեկում ինձ համար անկողին պատրաստեն։ Ես շորերս չուզեցի հանել և այնպես, հագուստով, պառկեցի անկողնում․ կես ժամ անց, երբ իմ հաշվով նավաստիները ճաշի պիտի նստած լինեին, գաղտագողի նավի մի կողմն անցա, որպեսզի ծովը նետվեմ և լողալով կյանքս ազատեմ, միայն թե չմնամ եհուների մեջ։ Սակայն նավաստիներից մեկը խանգարեց ինձ, իսկ կապիտանը տեղեկանալով այդ մասին, հրամայեց, որ կաբինի մեջ ինձ շղթայակապ անեն։
 
Ճաշից հետո դոն Պեդրոն մոտս եկավ ու ցանկացավ իմանալ իմ այդ հուսահատ վարմունքի պատճառը, հավատացնելով, որ նրա միակ ցանկությունն է ինձ ամեն կերպ ծառայություն մատուցել․ նա այնքան սրտառուչ էր խոսում ինձ հետ, որ կամաց֊կամաց ես որոշեցի նրա հետ վարվել այնպես, ինչպես մի կենդանու հետ, որն օժտված է աննշան բանականությամբ։ Ես համառոտ կերպով պատմեցի իմ ճանապարհորդության, նավաստիների՝ իմ դեմ սարքած դավադրության մասին, այն երկրից, ուր նրանք ինձ ափ իջեցրին և այդ երկրում իմ անցկացրած իմ երեք տարվա կյանքից։ Իմ ասածները կապիտանը ընդունում էր իբրև երազ կամ զառանցանք, որ ինձ վիրավորանք էր պատճառում, որովհետև ես արդեն կորցրել էի ստելու կարողությունը, որ հատուկ է բոլոր երկրների եհուներին, ուր նրանք տիրապետում են, հետևապես կորցրել էի իրենց նմանների ասածներին թերահավատությամբ վերաբերվելու հակումը։ Ես նրան հարցրի, թե մի՞թե նրանց երկրում սովորություն կա ասելու այն, ինչ չի եղել։ Ես նրան հավատացրի, որ ես համարյա թե մոռացել եմ, թե ինչ բան է սուտը, ու եթե ես հազար տարի էլ ապրեի հուիհընհընմների երկրում, ամենավերջին ծառայից անգամ ստախոսություն չպիտի լսեի․ ես ասացի նաև, որ ինձ համար միևնույն է, հավատում է նա ինձ, թե ոչ, սակայն ի տրիտուր նրա ցույց տված շնորհների, ես ներողամիտ կլինեմ նրա բնական թերությունների հանդեպ ու կպատասխանեմ այն բոլոր առարկություններին, որ կհաճի անել․ այնպես որ նա հեշտությամբ կկարողանա ճշմարտությունը գտնել։
 
Կապիտանը, որը մի խելացի մարդ էր, իմ պատմության զանազան մասերի մեջ հակասություններ գտնելու փորձից հետո, վերջապես սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ ճշմարտասիրության մասին։ Միայն նա ավելացրեց, թե քանի որ ես այդչափ սերտ կապով կապված եմ ճշմարտության հետ, ապա ազնիվ խոսք պիտի տամ նրան, որ այս ճանապարհորդության ընթացքում իմ կյանքի դեմ ոչ մի մահափորձ չպիտի կատարեմ, եթե ոչ, մինչև մեր Լիսաբոն հասնելը նա ինձ կշարունակի պահել իբրև մի կալանավորի։ Ես տվի նրա պահանջաց խոստումը, բայց միևնույն ժամանակ հայտարարեցի, որ պատրաստ եմ կրելու ամեն մի զրկանք, միայն թե նորից չվերադառնամ եհուների աշխարհը։
 
Մեր ճանապարհորդությունը անցավ առանց որևէ կարևոր դիպվածի։ Դեպի կապիտանն ունեցած երախտագիտությունից դրդված ես երբեմն, զիջելով նրա ջերմ փափագին, զրուցում էի նրա հետ, աշխատելով թաքցնել իմ հակակրությունը դեպի մարդկային ցեղը, թեև այդ հաճախ երևան էր գալիս, իսկ կապիտանը ձևացնում էր, թե չի նկատում։ Օրվա մեծ մասը փակվում էի կաբինի մեջ, որպեսզի նավաստիներից ոչ մեկին չտեսնեմ։ Կապիտանը հաճախ համոզում էր ինձ, որ ես հանեմ իմ վայրենու հագուստը և առաջարկում էր իր լավագույն զգեստը, բայց ես հրաժարվում էի, գարշելով վրաս առնել մի այնպիսի բան, որը եղել է եհուի մարմնի վրա։ Ես միայն խնդրեցի, որ երկու մաքուր շապիկ տա ինձ, որոնք նրա հագնելուց հետո, լվացած էին և թվում էր, որ ինձ այնքան էլ չպիտի ապականեին։ Այդ շապիկներն ամեն օր փոխում էի և լվանում իմ ձեռքով։
 
Մենք Լիսաբոն հասանք 1715 թվի նոյեմբերի 5֊ին։ Ափ իջնելով, կապիտանը ստիպեց, որ վրաս առնեմ նրա վերարկուն, որպեսզի ամբոխն ինձ վրա չծիծաղի։ Նա ինձ տարավ իր տունը և իմ ջերմ փափագի համաձայն, տեղավորեց դեպի բակը նայող ամենաբարձր սենյակում։ Ես նրանից երդում առա, որ հուիհընհընմների մասին իմ պատմածը ոչ մեկի չասի, որովհետև այդ պատմության ամենաչնչին ակնարկն անգամ ոչ միայն կմղի անթիվ մարդկանց՝ ինձ տեսնելու, այլ, հավանաբար, կարող է ինձ ձերբակալման կամ թե չէ հավատաքննության կողմից հրկիզման վտանգի մեջ նետել։ Կապիտանը համոզում էր ինձ մի ձեռք շոր կարել տալու, բայց ես թույլ չէի տալիս դերձակին, որ չափսը հանի և քանի որ դոն Պեդրոն իմ հասակի էր, ուստի նրա զգեստն ինձ շատ հարմար եկավ։ Նա ինձ համար հայթայթեց նաև այլ անհրաժեշտ բաներ, որ ես գործադրելուց առաջ օրերով քամուն էի տալիս։
 
Կապիտանը կին չուներ և ծառաներն էլ երեք հոգուց ավելի չէին, որոնցից ոչ մեկին թույլ չէր տալիս ճաշի ժամանակ սպասավորելու․ նրա վարվեցողությունն այնքան պարտավորեցնող էր և հասկացողությունն էլ այն աստիճան մարդկային, որ ես սկսեցի իսկապես հաշտվել նրա ընկերակցությանը։ Նրա հորդորների ազդեցության տակ ես մինչև անգամ որոշեցի հետևի պատուհանից նայել դուրս։ Կամաց֊կամաց ինձ տարան մի այլ սենյակ, որտեղից ես դեպի փողոցը նայեցի, բայց սոսկումով ետ քաշվեցի։ Մի շաբաթից հետո կապիտանն ինձ տարավ ներքև, դեպի փողոցի դուռը։ Իմ մեջ ահը կամաց֊կամաց պակասում էր, իսկ ատելությունն ու արհամարհանքը դեպի մարդիկ, կարծես թե, ավելանում։ Վերջապես ես քաջություն ունեցա կապիտանի հետ միասին փողոց դուրս գալ, բայց քթածակերս սպանդ կամ քթախոտ էի լցնում։
 
Տասն օրից հետո դոն Պեդրոն, որին ես մոտավորապես պատմել էի իմ ընտանեկան գործերի մասին, ասաց, որ իմ պատվո զգացումն ու խիղճը պահանջում է, որպեսզի վերադառնամ իմ հայրենի երկիրը և ապրեմ իմ տանը՝ կնոջս ու երեխաներիս հետ։ Նա ասաց, որ ծովափին մեկնելու պատրաստ մի անգլիական նավ է կանգնած, ու նա կարող է ինձ հայթայթել ճանապարհի համար բոլոր անհրաժեշտ պիտույքները։ Նա ասաց, որ միանգամայն անհնարին է գտնել ապրելու համար մի այնպիսի ամայի կղզի, որպիսին ես էի ուզում, իսկ իմ սեփական տանը ես տեր ու տիրական եմ և կարող եմ ժամանակս անցկացնել որպես որևէ մենակյաց։
 
Վերջ ի վերջո ես հնազանդվեցի՝ գտնելով, որ ավելի լավ բան չէի կարող անել։ Ես մեկնեցի Լիսաբոնից նոյեմբերի 24֊ին, մի անգլիական առևտրական նավով, բայց թե ո՞վ էր նրա տերը՝ ամենևին չհարցրի։ Դոն Պեդրոն ուղեկցեց ինձ մինչև նավն ու քսան ֆունտ ստեռլինգ պարտք տվեց։ Նա սիրալիր կերպով ինձ մնաս բարով ասաց և հրաժեշտի ժամանակ գրկախառնվեց ինձ հետ, որ ես հազիվ կարողացա տանել։ Այդ վերջին ճանապարհորդության ժամանակ ես նավի տիրոջ կամ նրա նավաստիներից որևէ մեկի հետ ոչ մի հարաբերության մեջ չմտա և ինձ հիվանդ ձևացնելով, փակվեցի կաբինիս մեջ։ 1715 թվի դեկտեմբերի 5֊ին, առավոտյան մոտ ժամը 9֊ին, մենք խարիսխ նետեցինք Դաունսում և կեսօրից հետո ժամը 3֊ին ողջ և առողջ եկա մեր տունը՝ Ռոթերհիթ։
 
Կինս ու երեխաներս ինձ ընդունեցին մեծ զարմանքով և ուրախությամբ, որովհետև նրանք ինձ վաղուց մեռած էին համարում․ բայց ես անկեղծ կերպով պիտի խոստովանեմ, որ նրանց տեսքն իմ մեջ ատելություն, զզվանք և արհամարհանք հարուցեց, մանավանդ, երբ հիշեցի այն սերտ կապի մասին, որ գոյություն ունի մեր մեջ։ Թեև հուիհընհընմների երկրից դժբախտ կերպով արտաքսվելուց հետո ես ինձ հարկադրել էի դեպի եհուները համբերատար լինել ու զրուցել դոն Պեդրո դը Մենդեզի հետ, բայց և այնպես իմ հիշողությամբ և երևակայությամբ ես ամբողջապես տարված էի պայծառ հուհիհընհընմների առաքինություններով ու գաղափարներով։ Եվ երբ ես սկսում էի խորհել, որ եհու էգերից մեկի հետ իմ ունեցած կապի շնորհիվ այդ կենդանիներից մի քանիսի հայր եմ դարձել, ինձ պատում էր անսահման ամոթ, շփոթ ու զզվանք։
 
Հենց որ ներս մտա տուն՝ կինս գրկեց ու համբուրեց ինձ․ տարիներ շարունակ անսովոր լինելով շփվելու այդ զազիր անասունների հետ, ես համարյա մի ժամ ուշաթափվեցի։
 
Երբ ես գրում եմ այս տողերը, անցել է հինգ տարի այն օրից, երբ վերջին անգամ վերադարձա Անգլիա։ Առաջին տարվա ընթացքում ես չէի կարողանում տանել կնոջս կամ երեխաներիս ներկայությունը․ անտանելի էր ինձ համար անգամ նրանց հոտը․ մանավանդ անհնար էր նրանց հետ ճաշի նստել միևնույն սենյակում։ Մինչև օրս էլ նրանք իրավունք չունեն ձեռք տալու իմ հացին կամ խմելու միևնույն գավաթից և ոչ էլ կարողանում եմ թույլ տալ, որ նրանցից որևէ մեկը հպի իմ ձեռքը։ Իմ խնայած առաջին դրամով ես գնեցի երկու ձի, որոնց ես պահում էի սքանչելի գոմում․ դրանցից հետո իմ ամենամեծ սիրելին ձիապանն է, որովհետև նրա՝ գոմից բերած հոտը կենդանություն է տալիս իմ հոգուն։ Իմ ձիերը բավական հասկանում են ինձ, և ես օրական առնվազն չորս ժամ խոսում եմ նրանց հետ։ Նրանց համար օտար է սանձը և թամբը, նրանք իմ ամենամտերիմ բարեկամներն են և իրար հետ շատ սիրով են։
 
 
 
==Գլուխ տասներկուերորդ==
 
:Հեղինակի ճշմարտասիրությունը։ Այս երկասիրությունը հրատարակելու նրա նպատակը։ Նա կշտամբում է այն ճանապարհորդներին, որոնք շեղվում են ճշմարտությունից։ Հեղինակը հայտարարում է, որ այս գիրքը գրելու ժամանակ որևէ չար դիտավորություն չի ունեցել։ Մի առարկության պատասխանը։ Գաղութներ հաստատելու մեթոդը։ Իր հայրենի երկրի գովեստը։ Հեղինակի նկարագրած երկրների հանդեպ գահի ունեցած իրավունքն անպարտ է։ Այդ երկրները նվաճելու դժվարությունը։ Հեղինակն իր վերջին հրաժեշտն է տալիս ընթերցողին, շարադրում է իր ապագա ապրելակերպը, բարի խորհուրդներ է տալիս և ավարտում գիրքը։
 
Եվ այսպես, ազնիվ ընթերցող, քեզ տվի իմ տասնվեց տարվա և ավելի քան յոթ ամսվա ճանապարհորդության ճշգրիտ պատմությունը, ուր ես աշխատանք եմ թափել ոչ այնքան պճրանքների, որքան ճշմարտության համար։ Ուրիշ ճանապարհորդների պես թերևս կարող էի քեզ զարմացնել օտարոտի և անհավանական պատմություններով, սակայն ես նախամեծար համարեցի հաղորդելու քեզ իրողության անպաճույճ էությունը պարզ ձևով ու ոճով, որովհետև իմ գլխավոր նպատակն էր քեզ իրազեկ դարձնել և ոչ թե զվարճություն պատճառել։
 
Մեմք, որ ճանապարհորդել ենք հեռավոր երկրներ, ուր քիչ են եղել անգլիացիներն ու այլ եվրոպացիները, կարող ենք շատ հեշտ հորինել նկարագրություններ թե՛ ծովային և թե՛ ցամաքային զարմանալի կենդանիների մասին։ Մինչդեռ ճանապարհորդների հիմնական նպատակը պիտի լինի մարդկամց ավելի խելացի և ավելի լավ դարձնելու գործը և նրանց մտքի կատարելությունը՝ թե՛ լավ և թե՛ վատ օրինակներով այն ամենից, ինչ նրանք հաղորդում են օտար վայրերի վերաբերյալ։
 
Ես սրտանց կցանկանայի, որ հրատարակվեր մի օրենք, որով ամեն մի ճանապարհորդ, որ կուզենար լույս ընծայել իր ճանապարհորդությունը, ստիպված լիներ երդվել լորդ բարձրագույն կանցլեռին, որ այս ամենը, ինչ նա մտադիր է տպագրելու, ըստ իր լավագույն հասկացողության, պիտի լինի անպայման ճշմարտություն․ այն ժամանակ մարդիկ, ինչպես սովորաբար լինում է, այլևս չէին խաբվի, երբ զանազան հեղինակներ, իրենց գրվածքներով հասարակության կողմից լավ ընդունելություն գտնելու համար, միամիտ ընթերցողին հրամցնում եմ անսահման ստեր։ Իմ պատանեկության օրերին ես հաճույքով կարդացել եմ բազմաթիվ ճանապարհորդական գրքեր, սակայն պտտելով երկրագնդի մեծագույն մասը և հնարավորություն ունենալով իմ սեփական դիտողությունների հիման վրա ժխտել բազմաթիվ առասպելներ, ես զզվանք զգացի դեպի այդ տեսակի ընթեցանությունը և ցասումով եմ տեսնում, թե ինչպես անամոթաբար ի չարն է գործադրվում մարդկային դյուրահավատությունը։ Քանի որ ծանոթներիս հաճելի էր իմ համեստ ջանքերը համարել ոչ անընդունելի իմ հայրենիքի համար, ուստի ես ընդունեցի որպես կանոն, որից երբեք չեմ շեղվում, խստորեն հարել ճշմարտությանը․ և չի էլ կարող պատահել, որ ես գայթակղվելով շեղվեմ այդ կանոնից, քանի որ իմ հիշողության մեջ կենդանի եմ պահում իմ ազնիվ տիրոջ և մյուս լուսամիտ հուիհընհընմների խրատներն ու օրինակը, այն հուիհընհընմների, որոնց հնազանդ ունկնդիրը լինելու պատիվն եմ ունեցել ես երկար ժամանակ։
 
_― Nec, si miserum Fortuna Sininem Finxit, vanun etiam, mendacemque improba finget:
 
Ես շատ լավ գիտեմ, թե ինչպիսի համեստ համբավի է արժանանում հեղինակը, որի գրվածքն իր մեջ չի պարունակում ո՛չ հմտություն և ո՛չ էլ մի որևէ այլ տաղանդ, բացի հիշողությունից և ճշգրիտ հիշատակարանից։ Ես գիտեմ նաև, որ ճանապարհորդություն գրողները, բառարան կազմողների պես, ընկղմվում են մոռացության մեջ այն մարդկանց ծանրությունից և զանգվածից, որոնք գալիս են նրանցից հետո և ուրեմն ծածկում նրանց։ Եվ միանգամայն հավանական է, որ այն ճանապարհորդները, որոնք հետագայում պիտի այցելեն իմ այս աշխատասիրության մեջ նկարագրած երկրները, թերևս, երևան հանելով իմ սխալները (եթե կան այդպիսիք), ավելացնելով իրենց սեփական բազմաթիվ նորագույն գյուտերը և իմ տեղը բռնելով, մոռացնել կտան աշխարհին, թե երբևիցե ես հեղինակ եմ եղել։ Այդ կպատճառեր ինձ մեծ դառնություն, եթե ես գրեի հռչակի համար․ բայց որովհետև իմ միակ ձգտումը հասարակական բարօրությունն է, ուստի այդ հանգամանքն ինձ ամենևին չի կարող հիասթափեցնել։ Արդարև, ո՞վ կարող է կարդալ երանելի հուիհընհընմների իմ հիշատակած առաքինությունների մասին, առանց ամոթ զգալու իր սեփական մոլությունների համար, եթե նա իրեն համարում է իր երկրի բանական և գերիշխող կենդանին։ Ես ոչ մի բան չպիտի ասեմ այն հեռավոր երկրների մասին, ուր առաջնակարգ տեղ են բռնում եհուները, որոնց մեջ ամենաքիչ ապականվածները բրոբդինգնեգնեգցիներն են․ մեզ համար մեծ երջանկություն կլիներ պահպանել նրանց վարքի իմաստուն կանոնները։ Բայց ես հեռուն չպիտի գնամ և ողջամիտ ընթերցողին եմ թողնում, որպեսզի նա իր սեփական դիտողություններն ու եզրակացություններն անի։
 
Ինձ քիչ հաճույք չի պատճառում և այն, որ իմ այս աշխատությունը կարող է քննադատության չենթարկվել։ Արդարև, ի՞նչ առարկություն կարելի է անել մի գրողի, որը շարադրել է լոկ բացահայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մի այնպիսի հեռավոր երկրում, ուր մենք չունենք ո՛չ առևվտրական և ո՛չ էլ քաղաքական շահեր։ Ես ըստ ամենայնի խույս եմ տվել այն բոլոր թերություններից, որոնց համար սովորաբար ճանապարհորդությունների հեղինակներին կշտամբում են։ Բացի այդ, ես ոչ մի կողմնապահություն չեմ անում, այլ գրում եմ որևէ մեկի կամ մի խումբ մարդկանց հանդեպ, առանց կրքի նախապաշարման կամ չարակամության։ Ես գրում եմ ազնիվ միտումերից դրդված, տեղեկություններ և խրատներ տալու համար մարդկությանը, որի հանդեպ, առանց անհամեստ լինելու, կարող եմ ինձ ավելի գերադաս համարել շնորհիվ այն առավելությունների, որ ես ձեռք եմ բերել բարոյապես կատարյալ հուիհընհընմներից, նրանց հետ երկար ժամանակ հարաբերություն ունենալուց հետո։ Ես գրում եմ առանց որևէ շահի կամ գովեստի ակնկալության։ Ես ինձ թույլ չեմ տալիս մի այնպիսի խոսք, որ նման լինի ծաղրասիրության կամ թե չէ կարողանա վիրավորանք պատճառել անգամ ամենանրբազգաց մարդկանց։ Ուստի կարծում եմ, որ ես կարող եմ իրավամբ հայտարարել ինձ իբրև մի անբասիր գրող, որի հանդեպ հակաճառողների, նկատառուների, դիտողների, ամբաստանողների, հայտնաբերողների և նշմարողների ցեղերն առիթ չպիտի ունենան նյութ գտնելու իրենց տաղանդի վարժության համար։
 
Խոստովանում եմ՝ իմ ականջին շշուկներ հասան, որ, իբրև անգլիական հպատակ, ես պարտավոր եմ իմ վերադարձից հետո պետական մինիստրներից որևէ մեկին հուշագիր ներկայացնել, որովհետև հպատակների կողմից բոլոր նոր հայտնաբերված երկրները պատկանում են գահին։ Բայց ես կասկածում եմ, որ իմ հիշած երկրների նվաճումն այնքան հեշտ չի լինի, որքան ամերիկայն վայրենիների նվաճումը Ֆերդինանդ Կորտեզի ձեռքով։ Լիլիպուտները, իմ կարծիքով, հազիվ թե ունեն այնքան արժեք, որպեսզի նրանց նվաճման համար նավատորմիղ և զորք կազմվի․ չեմ կարծում, թե խոհեմություն կլինի կամ թե անվտանգ, եթե այդ փորձը կատարվի բրոբդինգնեգցիների նկատմամբ․ և ոչ էլ կարծում եմ, որ անգլիական զորաբանակն իրեն լավ զգա, երբ նրա գլխավերևը սկսի սավառնել թռչող կղզին։ Ճմարիտ է, հուիհընհընմները կարծեք թե այնքան էլ լավ պատրաստ չեն պատերազմ մղելու, մի արհեստ, որին նրանք միանգամայն խորթ են և մասնավորապես դեմ են հրազենին։ Սակայն, եթե ես մինիստր լինեի, երբեք խորհուրդ չէի տա նրանց վրա հարձակվելու։ Նրանց խոհեմությունը, համերաշխությունը, անվեհերությունն ու հայրենասիրությունը լիովին փոխարինում են զինվորական արհեստի մեջ նրանց ունեցած թերություններին։ Երևակայացեք քսան հազար հուիհընհընմ ճեղքելով մի որևէ եվրոպական զորաբանակ, մտել են նրա մեջտեղը, խորտակել նրա շարքերը, շուռ տվել սայլերը և իրենց հետին սմբակի սոսկալի աքացիներով ջարդթուփշուր արել զինվորների քիթն ու պռունկը, որովհետև նրանք միանգամայն արժանի են Ավգուստոսի տված բնորոշմանը՝ recalcitrat undique tutus: Սակայն այդ վեհանձն ազգությունը նվաճելու առաջարկի փոխարեն ես ավելի շուտ կնախընտրեի, որ նրանք հնարավորություն կամ ցանկություն ունենային այնտեղից բավականին թվով բնակիչներ ուղարկելու՝ Եվրոպան քաղաքակրթելու համար, սովորեցնելով մեզ պատվազգացության, արդարամտության, ճշմարտասիության, ժուժկալության, համերաշխության, արիության, ողջախոհության, բարեկամության, բարեսիրության և հավատարմության հիմնական սկզբունքները։ Այդ բոլոր առաքինությունների անունները դեռևս պահպանվել են մեզանում, լեզուների մեծագույն մասի մեջ և պատահում են թե՛ ժամանակակից և թե՛ հնագույն հեղինակների գրվածքներում, ինչ որ կարող եմ ես վկայել իմ համեստ ընթերցանության հիման վրա։
 
Բայց ես ունեմ մի այլ պատճառ ևս, որ թույլ չի տալիս ինձ ընդառաջ գնալու նորին մեծության այն տիրապետությունների ընդարձակմանը, որ հայտնաբերել եմ ես։ Իսկն ասած, թագավորների ունեցած իրավազորությունը նման դեպքերում իմ մեջ մի փոքրիկ կասկած է առաջացնում։ Օրինակի համար, փոթորիկն անհայտ ուղղությամբ տանում է մի խումբ ծովահենների, և ապա մի փոքրիկ տղա նավի կայմից նկատում է ցամաքը․ նրանք ափ են իջնում, որպեսզի ավազակություն և կողոպուտներ անեն․ նրանք այդտեղ գտնում են մի անվնաս ժողովուրդ, որ նրանց սիրալիր ընդունելություն է ցույց տալիս․ նրանք այդ երկրին նոր անուն են տալիս և օրինական կերպով իրենց թագավորի համար տիրապետում․ իբրև հիշատակ, նրանք մի փտած տախտակ կամ քար են տնկում, երկու կամ երեք տասնյակ բնիկներ են սպանում, մի քանիսին էլ նմուշի համար վերցնում են հետները, վերադառնում իրենց հայրենիքը և ներումն ստանում։ Եվ այսպես հիմք է դրվում մի նոր տիրապետության, որ ձեռք է բերված աստվածային իրավունքով։ Առաջին պատեհ առիթով նավեր են ուղարկում այնտեղ․ բնիկներին կամ դուրս են քշում, կամ ջարդում․ նրանց իշխաններին տանջանքի են ենթարկում, որպեսզի նրանք երևան հանեն իրենց ոսկին, և անառակ ու տմարդի գործողությունների համար ազատություն է տրվում․ երկիրը ներկվում է իր զավակների արյունով։ Եվ այդ մսագործների գարշելի խումբը, որ կատարում է նման բարեպաշտ արշավանքներ, դառնում է մի ժամանակակից գաղութ, որ առաքված է կռապաշտ և վայրենի ժողովրդին դարձի բերելու և քաղաքակրթելու համար։
 
Բայց այս նկարագրությունը, խոստովանում եմ, ոչ մի առնչություն չունի բրիտանական ազգության հետ, որը, երբ գաղութներ է հիմնում, ամբողջ աշխարհի առաջ օրինակ կարող է հանդիսանալ իր իմաստությամբ, խնամատարությամբ և արդարադատությամբ, իր ազատախոհ վերաբերմունքով՝ դեպի կրոնի և գիտության առաջադիմությունը․ ջերմեռանդ և ընդունակ քահանաներ ընտրելու իր կարողությամբ՝ քրիստոնեությունը տարածելու համար․ իր շրջահայեցողությամբ, երբ սակավախոս և բարեհոգի մարդիկ է ուղարկում մայր երկրից գավառները բնակեցնելու համար․ իր խստագույն արդարադատությամբ, երբ նա իր գաղթավայրերի վարչական կազմը լրացնում է մեծ կարողության տեր և մոլություններից միանգամայն զուրկ պաշտոնյաներով․ և այդ ամենի թագն ու պսակը երբ ուղարկվում է աչալուրջ և առաքինի նահանգապետների, որոնք միայն մտածում են իրենց գերիշխանության տակ գտնվող ժողովրդի երջանկության իրենց տեր թագավորի պատվո մասին։
 
Բայց որովհետև իմ նկարագրած երկրները, ըստ երևույթին, ցանկություն չունեն նվաճվելու, ջարդվելու, դուրս վտարվելու նվաճողների կողմից կամ նրանց ստրուկը դառնալու և ոչ էլ հարուստ էին ոսկով, արծաթով, շաքարով կամ ծխախոտով, ուստի, իմ համեստ կարծիքով, նրանք մեր նպատակների, արիության և շահերի տեսակետից ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Իսկ եթե նրանք, ում այս ամենը վերաբերում է, հարկ են համարում այլ կարծիքի լինել, ես պատրաստ եմ, երբ ինձ օրենքի առաջ կանչեն երդմամբ վկայելու, որ ինձնից առաջ ոչ մի եբրոպացի այդ երկրներում չի եղել․ եթե միայն կարելի է հավատ ընծայել տեղացիների ասածներին․ վեճ կարող է ծագել միայն երկու եհուների նկատմամբ, որոնց իբր թե շատ տարիներ առաջ տեսել են Հուհիհընհընմլանդում, մի լեռան վրա, որոնցից, ըստ այդ ավանդուցյան, առաջ է եկել այդ գարշելի անասունների ցեղը․ այդ երկու եհուները, ըստ իս, կարող են անգլիացիներ եղած լինել, մի կասկած, որ առաջանում է իմ մեջ նրանց հետագա սերունդների դեմքի, թեկուզ բավականին եղծված գծագրության հիման վրա։ Բայց թե ո՞ր չափով կարելի է այդ ապացուցել, թող գաղութային օրենսգետները դատեն։
 
Իսկ ինչ վերաբերում է նորահայտ երկրների՝ հանուն իմ տեր արքայի ձևական գրավման, այդ հարցը երբեք մտքովս չի անցել, ապա ի նկատի ունենալով իմ այն ժամանակվա վիճակը, թերևս խոհեմությունն ու հեռատեսությունը թելադրել են ինձ, որ այդ հարցի լուծումը թողնեմ ավելի պատեհ պարագաների։
 
Եվ այսպես, պատասխանելով միակ առարկությանը, որ կարող էին ուղղել ինձ, ինչպես ճանապարհորդի, ես վերջնականապես հրաժեշտ եմ տալիս իմ ազնիվ ընթերցողին և վերադառնում եմ Ռեդրիֆֆի իմ փոքրիկ պարտեզը, որպեսզի այնտեղ հանձնվեմ իմ սեփական խոհերին, կյանքում կիրառեմ առաքինության այն աքանչելի դասերը, որ ես առել եմ հուիհընհընմներից, դաստիարակեմ իմ սեփական ընտանիքի եհուներին այն չափով, որչափով այդ կենդանիներն ընդունակ են ուսման․ հաճախ հայելու մեջ նայեմ իմ պատկերին և այդպիսով, եթե հնարավոր է, հետզհետե վարժվեմ համբերատար լինելու մարդկային արարածների կերպարանքին․ ողբամ իմ հայրենի երկրի հուիհընհընմների վայրենությունը, սակայն միշտ հարգանք ունենամ դեպի նրանց անձնավորությունը՝ ի պատիվ իմ ազնիվ տիրոջ, նրա ընտանիքի, նրա բարեկամների և առհասարակ հուիհընհընմների ամբողջ ցեղի, որոնց բախտ ունեն նմանվելու մեր ձիերն իրենց կերպարանքով, թեև իրենց մտավոր կարողությամբ նրանցից ցածր են կանգնած։
 
Անցյալ շաբաթից ես սկսեցի թույլ տալ իմ կնոջն ինձ հետ միասին, երկարավուն սեղանի հեռավոր ծայրին, ճաշի նստելու և պատասխանելու (որքան կարելի է համառոտ) իմ սակավաթիվ հարցերին, որ ես տալիս էի նրան։ Եհուների հոտն ինձ համար տակավին շարունակում է գարշելի թվալ, ես միշտ քիթս ծածկում եմ սպանդով, եպնդեղով կամ ծխախոտի տերևներով։ Թեև դժվար է հասակն առած մարդու համար փոխել իր կյանքի հին սովորությունները, այնուամենայնիվ հույսս չեմ կորցնում, որ կգա ժամանակ, երբ ես համբերությամբ կտանեմ իմ եհու հարևանների շրջանը և այլևս չեմ վախենա նրանց ատամներից և ճանկերից։
 
Առհասարակ ես հեշտությամբ կհաշտվեի եհուների ցեղի հետ, եթե նրանք բավականանային այն մոլություններով ու ցնորամտություններով, որ նրանց բնությունից բաժին է ընկել։ Ինձ ամենևին չի հուզում օրենսգետի, գողի, գնդապետի, խեղկատակի, լորդի, խաղամոլի, քաղաքագետի, բժշկի, սուտ վկայի, սուտ երդմնարարի, դատախազի, մատնիչի և նման մարդկանց տեսքը․ դրանց բոլորի գոյությունը սովորական երևույթ է։ Բայց երբ տեսնում եմ մարմնավոր և մտավոր այլանդակությունների ու հիվանդությունների մի դեզ՝ գոռոզության հետ խառնված՝ իմ համբերությունն անհապաղ հատնում է, երբեք չեմ կարող ըմբռնել, թե ինչպե՞ս կարող են միմյանց հետ համակերպվել մի այդպիսի կենդանի և մի այդպիսի մոլություն։ Իմաստուն և առաքինի հուիհընհընմները, որոնք առատությամբ օժտված են բանական արարածի վսեմ հատկություններով, իրենց լեզվով այդ մոլությունների համար անուն չունեն և ոչ էլ բառեր՝ արտահայտելու մի որևէ վատ բան, բացի այն բառերից, որոնցով նրանք նկարագրում են իրենց եհուների գարշելի արարքները, այն եհուների, որոնց մոտ նրանք հնարավորություն չեն ունեցել նշմարելու գոռոզություն, որովհետև կատարելապես ծանոթ չեն եղել մարդկային բնությանը, գոռոզություն, որ ցուցադրում է իրեն այլ երկրներում, ուր իշխում են այդ կենդանիները։ Իսկ ես, շնորհիվ իմ մեծագույն փորձառության, պարզ կերպով նկատում էի այդ մոլության որոշ սաղմերը վայրենի եհուների մեջ։
 
Սակայն հուիհընհընմները, որոնք ապրում են բանականության գերիշխանության ներքո, նույնքան չեն հպարտանում իրենց ունեցած վսեմ հատկություններով, որքան և ես երկու ձեռք և երկու ոտք ունենալու համար, մի բան, որով ոչ մի խելքը գլխին մարդ չի պարծենա, թեև նա առանց դրան շատ դժբախտ պիտի համարեր իրեն։ Ես երկար կանգ առա այս նյութի վրա, ցանկանալով անգլիական եհուների հասարակությանը մի կերպ տանելի դարձնել, ուստի ես խնդրում եմ, որ նրանք, որոնք որևէ կերպ արատավորված են այդ մոլությամբ, չհանդգնեն աչքիս երևալ։
<references/>