Changes
/* Գլուխ առաջին */
Բնությունից ու ճակատագրից դատապարտված լինելով գործոն ու անհանգիստ կյանք վարելու, իմ վերադարձից երկու ամիս հետո, ես կրկին թողի իմ հայրենի երկիրն ու 1702 թվի հունիսի 20֊ին նստեցի «Էդվենչըր» նավը, որի կապիտանն էր կոռնիշեցի Ջոն Նիկոլասը և որը մեկնում էր դեպի Սյուրատ։ Քամին, մինչև Բարեհուստ հրվանդանը, հաջողակ էր․ այստեղ մենք խմելու ջրի համար ափ իջանք․ սակայն մեր նավը ջուր էր դուրս գցում ու մենք ստիպված էինք ափը հանելու մեր իրերն ու ձմեռելու այդտեղ, որովհետև կապիտանը տենդով հիվանդացավ ու մինչև մարտի վերջը չկարողացանք հեռանալ հրվանդանից։ Ապա մենք պարզեցինք առագաստները և անփորձ շարունակեցինք մեր ճանապարհորդությունը մինչև Մադագասկարի նեղուցն անցնելը։ Սակայն երբ դուրս եկանք այդ կղզուց դեպի հյուսիս, մոտավորապես հարավային լայնության 5 աստիճանը, ուր քամիներն այդ ծովում, ինչպես նկատված էր, դեկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը եղել էին միշտ հանդարտ, ապրիլի 19֊ին սկսեցին ավելի սաստկանալ ու սովորականից ավելի՝ փչեց արևմտյան քամին, որ անընդհատ շարունակվեց քսան օր․ այդ ժամանակ քամին մեզ տարավ Մոլուկկա կղզուց դեպի արևելք, հասարակած գծից երեք աստիճան դեպի հյուսիս, ինչպես որոշեց մեր կապիտանը մայիսի 2֊ին <ref>Ապրիլի 19֊ին․․․ քսան օր․․․ մայիսի 2֊ին․ ― Տարօրինակ վրիպում է։</ref> արած դիտողությունների հիման վրա, երբ քամին դադարեց, ծովը խաղաղվեց, մի բան որ ինձ շատ ուրախացրեց։ Իսկ կապիտանը, որ այդ ծովերի վրա մարզված նավաստի էր, մեզ հրամայեց պատրաստություն տեսնել փոթորկի դեմ, որ իսկապես պայթեց հետևյալ օրը, որովհետև սկսվեց մի հարավային քամի, որն հայտնի է մուսոն անունով։
Նկատելով, որ փոթորիկը սաստկանում է, մենք իջեցրինք ցռուկի առագաստը ու պատրաստեցինք առաջի առագաստը․ իսկ երբ եղանակը վատթարացավ, մենք ստուգեցինք, թե արդյոք թնդանոթներն ամու՞ր են իրենց տեղերում թե ոչ, և իջեցրինք հետևի առագաստը։ Նավը գտնվում էր բաց ծովում, ուստի մենք որոշեցինք ավելի շուտ առաջ վարել, քան մնալ անշարժ։ Մենք ծալեցինք առաջի առագաստը, մի կողմ դրինք ու քաշեցինք փոկերը։ Ղեկը մնացել էր զորավոր քամուն․ նավն արիաբար դիմադրում էր ալիքներին․ սակայն հանկարծ առագաստը պատռվեց, այն ժամանակ մենք իջեցրինք առագաստաձոցը, հանեցինք վրայի առագաստը․ դրինք նավի մեջ, նմանապես և մյուս սարքն ու կարգը։ Փոթորիկը կատաղի էր․ ծովն ալեկոծվում էր ահավոր կերպով։ Մենք քաշեցինք ղեկի առասանները և օգնության հասանք ղեկավարին։ Վերնակայմը չէինք ուզում իջեցնել, այլ թողինք, որ կանգուն մնա, որովհետև նավը քամիներից տարվում էր, և մենք գիտեինք, որ կանգուն վերնակայմը նպաստում է նավի ընթացքին ջրերի վրա, մանավանդ որ առաջներիս բաց ծով էր։ Երբ փոթորիկը դադարեց, մենք հանեցինք առաջավոր ու մեծ առագաստները և հանձնվեցինք ալիքներին։ Մի փոքր հետո պարզեցինք հետին, գլխավոր ու առաջին առագաստը։ Մենք ընթանում էինք դեպի հյուսիս֊արևելք՝ հարավ֊արևմտյան քամու ուժով։ Մեծ պարաններն ամրացրինք նավի աջ կողմից․ թուլացրինք առագաստաձողի փոկերը, ամուր կերպով քաշեցինք քամու դեմ պարզած առագաստի թոկերն ու կապեցինք նավից, հետին առագաստը քամու կողմը դարձրինք, աշխատելով բռնել քամին ու պարզեցինք այնքան առագաստ, որքան կարող էին պահել կայմերը։