Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 131 բայտ, 13:20, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ երրորդ */
Անընդհատ աշխատանքը, որ տևեց մի քանի շաբաթ և ամեն օր, վերին աստիճանի քայքայեց իմ առողջությունը, և որքան շատ էր վաստակում իմ տերը, այնքան ավելի անհագուրդ էր դառնում։ Ախորժակս իսպառ կորել էր և ես կմախք էի դառել։ Նկատելով այդ՝ ֆերմերն այն եզրակացության եկավ, որ ես շուտով կմեռնեմ, ուստի որոշեց յուղս քամի։ Երբ նա այդ համոզմանը հանգավ, արքունիքից նրա մոտ եկավ մի սլարդրալ, այսինքն՝ մի նվիրակ ու հրամայեց իմ տիրոջը, որ նա անմիջապես ինձ տանի արքունիք՝ թագուհուն և պալատական տիկիններին զվարճացնելու համար։ Վերջիններից մի քանիսն արդեն տեսել էին ինձ ու զարմանալի բաներ պատմել իմ գեղեցկության, վարմունքի ու խելքի մասին։ Օգոստափառ թագուհին<ref>Օգոստափառ թագուհին․ ― Կարող է պատահել, որ թագուհու պատկերով Սվիֆտը կամեցել է տալ Ուելսի իշխանուհու նկարագիրը, որը մի տաղանդավոր և ուժեղ բնավորությամբ կին էր։</ref> և իր շքախումբը հիացան իմ վերաբերմունքից։ Ես չոքեցի ու խնդրեցի, որ պատիվ անեն ինձ ու թույլ տան համբուրելու օգոստափառ թագուհու ոտքը․ իսկ բարեշնորհ թագուհին մեկնեց իր ճկույթը (երբ ինձ արդեն սեղանի վրա էին դրել), որը ես երկու ափի մեջ առա ու համբուրեցի մատի ծայրն ամենայն հարգանքով իմ շրթունքներին մոտեցնելով։ Նա ինձ մի քանի սովորական հարցեր ուղղեց իմ երկրի ու ճանապարհորդության վերաբերյալ, որոնց ես կարճ ու որոշակի պատասխան տվի։ Ապա նա հարցրեց, թե արդյոք ես գո՞հ կլինեի, եթե ապրեի արքունիքում։ Մինչև սեղանի երեսը խոր գլուխ տվի ու խոնարհաբար պատասխանեցի, թե ես իմ տիրոջ ստրուկն եմ, սակայն եթե իմ բախտի տնօրենը լինեի, հպարտություն կհամարեի նվիրելու իմ կյանքն օգոստափառ թագուհու ծառայության։ Այն ժամանակ նա հարցրեց իմ տիրոջը, թե արդյոք կցանկանա՞ր ինձ վաճառել լավ գնով։ Իմ տերը, ենթադրելով, որ մի ամսից ավել չպիտի ապրեմ, բավական ուրախացավ, որ ինձանից պիտի ազատվի, ու խնդրեվ հազար ոսկի, որ անմիջապես տվին նրան․ ոսկիներից ամեն մեկի մեծությունը հավասար էր ութ հարյուրերորդ մոյդորի, <ref>Մոյդոր․ ― Պորտուգալական ոսկե դրամ՝ մոտ 27 շիլլինգի արժողոիթյամբ։</ref> սակայն եթե ի նկատի առնենք այդ երկրի և Եվրոպայի մեջ եղած բոլոր իրերի հարաբերություններն ու ոսկու բարձր արժեքը նրանց մոտ, հազիվ թե դա ավելի լիներ, քան հազար գուինը Անգլիայում։ Այնուհետև թագուհուն ասի, քանի որ ես այսուհետ նորին մեծության ամենանվաստ ծառան եմ և ճորտը, խոնարհաբար պիտի խնդրեմ, որ Գլյումդալկլիչը, որ միշտ խնամել է ինձ այնպիսի՜ հոգատարությամբ և ազնվությամբ, ընդունվի իբրև ծառա և շարունակի մնալ իմ դայակն ու վարժուհին։ Օգոստափառ թագուհին հավանություն տվեց իմ խնդրին ու հեշտությամբ ստացավ ֆերմերի համաձայնությունը, որովհետև վերջինս վերին աստիճանի գոհ էր, որ իր աղջիկը ապրի արքունիքում։ Իսկ ինչ վերաբերում է Գլյումդալկլիչին, խեղճ աղջիկը չկարողացավ զսպել իր ուրախությունը։ Իմ նախկին տերը հեռացավ, մնաս բարով ասելով և հիշեցնելով, որ ինձ թողնում է լավ ծառայության մեջ․ ես նրան ոչ մի խոսք չասի, այլ միայն թեթև գլուխ տվի։ Թագուհին նկատեց իմ սառնությունը, և երբ ֆերմերը դուրս եկավ սենյակից, հարցրեց պատճառը։ Ես խիզախություն ունեցա պատասխանելու օգոստափառ թագուհուն, թե իմ նախկին տիրոջը պարտական եմ միայն նրանով, որ նա իր դաշտում պատահմամբ գտած մի խեղճ, անվնաս արարածի գանգը ջարդուփշուր չի արել, թե այդ պարտականությունը ես հատուցել եմ այն վաստակով, որ նա ստացել է թագավորության գրեթե կես մասի մեջ ինձ ցույց տալով ու այն վճարով, որ նա ստացավ այժմ ինձ վաճառելով․ թե իմ մինչայժմյան կյանքը եղել է այնքան տաժանելի, որին չէր դիմանա ինձնից տասն անգամ ուժեղ արարածը, թե իմ առողջությունն ավելի վատթարացավ օրվա մեջ ամեն ժամ ամբոխին զվարճացնելու մշտական աշխատանքով և, վերջապես, եթե իմ տերը վտանգված չհամարեր իմ կյանքը, թերևս օգոստափառ թագուհին առանց սակարկության այսքան աժան գնով ինձ չառներ։ Բայց քանի որ ես այլևս վատ վերաբերմունքի վախ չունեմ մի այնպիսի մեծ և ազնիվ թագուհու հովանավորության ներքո, որ բնության զարդն է, տիեզերքի սիրելին, իր հպատակների բերկրանքը, ստեղծագործության փյունիկը, ուստի ես հուսով եմ, որ իմ նախկին տիրոջ վախն անհիմն կլինի, որովհետև ես զգում եմ, որ նորին ամենաօգոստափառ թագուհու ներկայությամբ հոգեպես արդեն վերակենդանանում եմ։
Այդ էր իմ ճառի ընդհանուր իմաստը, որ ես արտահայտեցի մեծ դժվարությամբ ու վարանումով․ ճառիս վերջին մասի մեջ ամբողջապես պահեցի այդ ժողովրդի ինքնահատուկ ոճը, որից մի քանի դարձվածքներ սովորել էի Գլյումդալկլիչից, երբ ինձ բերում էր արքունիք։
Ադմին, Վստահելի
1876
edits