Changes
/* Գլուխ չորրորդ */
Այժմ ես մտադիր եմ ընթերցողին տալ այդ երկրի համառոտ նկարագրությունը, գոնե այն չափով, որչափով ես ճանապարհորդեցի այդտեղ, նրանց մայրաքաղաք Լորբրուլդրուդից մոտ երկու հազար մղոն շրջագծով։ Թագուհին, որին ես ուղեկցում էի, երբեք այնքան հեռու չէր գնում, երբ նա ընկերակցում էր թագավորին նրա ճանապարհորդությունների ժամանակ, այլ կանգ էր առնում մի որևէ տեղ և սպասում, մինչև որ նորին մեծությունն իր երկրի սահմանները վերադառնա։ Այդ արքայի հողերի տարածությունը մոտ վեց հազար մղոն <ref>Վեց հազար մղոն․ ― գրքի քարտեզի վրա Բրոդինգնեգն անհամեմատ ավելի փոքր է․ կարող է պատահել, որ հանցանքը քարտեզ կազմողինն է։</ref> երկարություն ունի ու երեքից մինչև հինգ հազար մղոն լայնություն։ Այդ հանգամանքը բերում է ինձ այն եզրակացության, որ մեր աշխարհագետները մեծ սխալ են գործում, երբ ենթադրում են, թե Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․ ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այդտեղ Թաթարիստանի խոշոր ցամաքին հակակշիռ մի երկիր պիտի լինի․ ուստի նրանք պետք է իրենց աշխարհագրական քարտեզների մեջ ուղղում մտցնեն, միացնելով այդ ընդարձակ հողերն Ամերիկայի հյուսիս֊արևմտյան մասերին, մի բան, որին ես պատրաստ եմ իմ աջակցությունը ցույց տալու։
Այս թագավորությունը մի թերակզղի է՝ եզերված հյուսիս֊արևելքից երեսուն մղոն բարձրության մի լեռնաշղթայով, որ գագաթների հրաբուխների պատճառով միանգամայն անանցանելի է։ Ամենախոշոր գիտնականներն անգամ չգիտեին, թե այդ լեռների հետեն ի՞նչ տեսակ մահկանացուներ են ապրում, և կամ առհասարակ այնտեղ բնակիչներ կա՞ն, թե ոչ։ Թերակղզին մյուս երեք կողմերից շրջապատված է օվկիանոսով։ Ամբողջ թագավորության մեջ մի հատիկ նավահանգիստ չկա, և ափերի այն մասերը, ուր գետերը թափվում են ծովը, այնքան լիքն են սրածայր ժայռերով, ու ծովն էլ սովորաբար այնքան փոթորկալից է, որ ոչ ոք չի խիզախում մտնել ծովն՝ անգամ փոքրիկ նավակով, այնպես որ այդ մարդիկ աշխարհի մյուս մասի հետ հարաբերություն ունենալուց միանգամայն զրկված են։ Սակայն նրանց լայն գետերը լիքն են նավերով և հիանալի ձկներով առատ․ Նրանք ծովից ոչ մի ձուկ չեն բերում, որովհետև ծովային ձկները նույն մեծությունն ունեն, ինչ որ Եվրոպայում, հետևապես և արժեք չունեն նրանց համար․ այստեղից պարզ է, որ բնությունն արտադրելով այնպիսի վիթխարի մեծության կենդանիներ ու բուսականություն, սահմանափակել է նրանց գույությունն այդ երկրամասում, մի հանգամանք, որի պատճառները թողնում ենք փիլիսոփաներին լուծելու։ Սակայն երբեմն նրանք բռնում են և ապառաժներին զարկված կետ ձկները, որոնց միսը հասարակ ժողովուրդը սիրով գործ է ածում կերակրի տեղ։ Ես տեսա այնպիսի մեծության կետեր, որ մի մարդ իր ուսին դժվարությամբ էր կարողանում տանել․ երբեմն հետաքրքրության համար այդ ձկներից զամբյուղի մեջ բերում են Լորբրուլդրուդ։ Դրանցից մեկը ես տեսա թագավորի սեղանի վրա, մի ափսեի մեջ․ այդ ձուկը, ճիշտ է, համարվում է իբրև հազվագյուտ կերակուր, բայց ես չնկատեցի, որ թագավորը սիրեր, որովհետև ինձ թվաց նույնիսկ, որ նրա մեծությունը զզվանք պատճառեց թագավորին, թեև ես Գրենլանդիայում ավելի խոշորներն եմ տեսել։