Changes
/* Գլուխ չորրորդ */
Երբ ես ցանկություն էի հայտնում քաղաքը տեսնելու մտնում էի ճանապարհորդական տնակը, որ Գլյումդալկլիչը դնում էր իր ծնկների վրա ու նստում պատգարակի մեջ, որ, ըստ երկրի սովորության, տանում էին չորս հոգի՝ թագավորական երկու ուրիշ սպասավորների ուղեկցությամբ։ Ժողովուրդը, որ հաճախ լսել էր իմ մասին, մեծ հետաքրքրությամբ շրջապատում էր մեզ, և աղջիկը սիրահոժար կերպով հրամայում էր պատգարակի սպասավորներին կանգ առնելու, ապա վերցնում էր ինձ իր ձեռքի վրա, որպեսզի հարմարություն տա նրանց՝ ինձ տեսնելու։
Ես մեծ ցանկություն ունեի տեսնելու գլխավոր տաճարը և մասնավորապես նրա վրա բարձրացող աշտարակը, որ թագավորության մեջ համարվում էր ամենից բարձրը։ Վերջապես մի օր իմ դայակը տարավ ինձ այնտեղ, բայց ճիշտն ասած, ես հետ դարձա հուսախաբված, որովհետև աշտարակի բարձրությունը երեք հազար ոտնաչափից ավելի չէր՝ հաշված գետնից մինչև վերին, սրածայր կատարը․ իսկ եթե վերցնելու լինենք այդ ժողովրդի և եվրոպացիների մեջ եղած տարբերությունը՝ զարմնալու մի առանձին բան չկար, և ոչ էլ այդ աշտարակը հարաբերաբար հավասար էր (եթե չեմ մոռացել) Սալիսբըրի զանգակատան բարձրթյան։ <ref>Սալիսբըրի զանգակատունը․ ― Ունի 404 ոտնաչափ բարձրություն։ Մինչդդեռ բրոբդինգնեգցիների 3000 ոտնաչափը հավասար է միայն 250 անգլիական ոտնաչափի։</ref> Սակայն չնվաստացնելու համար այդ ժողովրդին, որի հանդեպ իմ ամբողջ կյանքում չափազանց երախտապարտ պիտի լինեմ, հարկավոր է խոստովանել, որ այդ նշանավոր աշտարակի բարձրության պակասը լիովին լրացնում են նրա գեղեցկությունն ու ամրությունը։ Նրա պատերը մոտ հարյուր ոտնաչափ հաստ են, տաշած քարերից շինած, ամեն մի քարը քառասուն քառակուսի ոտնաչափ, և ամեն կողմից զարդարված աստվածների և կայսրերի իրենց իսկական հասակներից ավելի բարձր արձաններով, որոնք կերտված են մարմարից և զետեղված շինության խորշերում։ Այդ արձաններից մեկի կոտրած ճկույթը, որ ընկած էր աղբակույտի մեջ, ես չափեցի և տեսա, որ ուղղակի չորս ոտնաչափ և մեկ մատնաչափ երկարություն ունի։ Գլյումդալկլիչը փաթաթեց այն մատն թաշկինակի մեջ և գրպանում տարավ տուն, խառնելու իր մյուս խաղալիքներին, որոնց շատ սիրահար են աղջիկները, ինչպես սովորաբար նրա հասակի ամեն մի երեխա։
Թագավորի խոհանոցն իրոք մի ազնիվ, կամարակապ շենք է և մոտ վեց հարյուր ոտնաչափ բարձությամբ։ Գլխավոր հնոցի լայնությունը տասը քայլ ավելի նեղ է, քան Սուրբ Պողոսի գմբեթը, որ հետագայում, Լոնդոն վերադառնալուց հետո, դիտմամբ չափեցի։ Թերևս դժվարությամբ պիտի հավատային ինձ, եթե ես սկսեի նկարագրել այդ խոհանոցի միս խորովելու երկաթե ցանցերը, վիթխարի ամաններն ու կաթսաները, շամփուրի վրա քաշած մսերի ահագին կտորները և ուրիշ շատ մանրամասնություններ․ վերջապես խիստ քննադատները կարող եմ մտածել, թե ես մի փոքր չափազանցնում եմ, ինչպես սովորաբար անում են ճանապարհորդները։ Սակայն այդ քննադատությունից խուսափելու ցանկությունը, ես վախենում եմ, որ ինձ բերի մի ուրիշ չափազանցության․ եթե այս բնագրությունը պատահմամբ թարգմանվի բրոբդինգնեգցիների լեզվով (Բրոդինգնեգն այդ թագավորության ընդհանուր անունն է) ու հրատարակվի այնտեղ, այն ժամանալ թագավորը և իր ժողովուրդն իրավունք կունենան գանգատվելու այն վիրավորանքի համար, որ ես հասցրել եմ նրանց, տալով սխալ և նվազեցուցիչ տեղեկուցյուն նրանց մասին։