Changes
/* Գլուխ հինգերորդ */
Այդ դեպքից հետո Գլյումդալկլիչը որոշեց, որ այսուհետև տանից դուրս գալիս, նա ոչ մի վարկյան ինձ աչքաթող չպիտի անի։ Վաղուց ի վեր ես վախենում էի այդպիսի որոշումից ու դրա համար էլ նրանից թաքցնում էի բոլոր մանր արկածները, որ ես ունենում էի մենակ եղած ժամանակ։ Մի անգամ մի ցին, որ սավառնում էր պարտեզի վրա, հարձակվեց վրաս, և, եթե ես վճռական կերպով չհանեի թուրս ու պաշտպանվելով չմտնեի մի խիտ թփի մեջ, անշուշտ նա իր մագիլներով ինձ պիտի տաներ։ Մի ուրիշ անգամ խլուրդի քանդած թարմ հողաթմբի վրա քայլելիս ցած գլորվեցի ու մինչև իմ վիզն ընկա այդ կենդանու փորած փոսը, և հարկավոր էր հնարել հիշատակելու անարժան, մի ինչ֊որ առասպել, որպեսզի արդարանամ, թե ինչու են շորերս կեղտոտ։ Ճիշտ նունպես, երբ ես զբոսնում էի մեն֊մենակ՝ խորհելով Անգլիայի մասին, ոտիս տակ ընկավ մի խխունջի կճեպ, սայթաքեցի, վայր ընկա ու կոտրեցի աջ սրունքիս վերին մասը։
Չեմ կարող ասել՝ բավականությու՞ն էր ինձ համար, թե՞ նվաստացում, երբ իմ միայնակ զբոսանքների ժամանակ նկատում էի, որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից, <ref>Որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից․․․ ― Արևային կղզիներից մեկի վրա Սիրանոն նկատում է միևնույն բանը։</ref> այլ կես յարդ հեռավորության մոտենում էին ինձ՝ ճիճու և այլ կուտ գտնելու համար այնքան անտարբեր ու վստահ, որ կարծես թե կողքին ոչ մի արարած չկա։ Հիշում եմ՝ մի կեռնեխ հանդգնեց իր կտուցով ձեռքիցս խլել կարկանդակը, որ Գլյումդալկլիչը նոր էր բերել նախաճաշի համար։ Երբ փորձում էի այդ թռչուններից մեկին բռնել, նրանք անվախ կերպով դառնում էին դեպի ինձ, աշխատելով կծել իմ մատները, որ ես վախենում էի ցույց տալ․ ապա անհոգ կերպով հետ էին թռչում առաջվա պես ճիճու կամ խխունջ որսալու։ Բայց մի օր վերցրի մի հաստ ցուպ և ամբողջ ուժով այնպես հաջող խփեցի մի կանեփակերի, որ նա կիսամեռ վայր ընակավ․ երկու ձեռքով ես բռնեցի նրա վզից և հաղթանակով վազեցի դեպի իմ դայակը։ Սակայն թռչունը, որ հարվածից միայն անզգայացել էր, ուշքի եկավ և սկսեց իր թևերով երկու կողմից այնքան հարվածել իմ գլխին ու մարմնին, որ քսան անգամ թվաց ինձ, թե բաց պիտի թողնեմ, չնայած նրան, որ երկարած ձեռներով բռնել էի նրան և նա չէր կարողանում իր կտուցը հասցնել ինձ։ Բայց շուտով ծառաներից մեկն ինձ օգնության հասավ ու կտրեց թռչունի վիզը, իսկ մյուս օրը թագուհու հրամանով ճաշին այդ թռչունը տվին ինձ։ Այդ կանեփակերը, որքան ես հիշում եմ, ավելի մեծ թվաց, քան անգլիական կարապը։ Հաճախ պալատական կանայք հրավիրում էին Գլյումդալկլիչին իրենց սենյակը և առաջարկում, որ ինձ հետը բերի, որպեսզի ինձ տեսնելով և ձեռք տալով բավականություն ստանան։ Հաճախ մերկացնելու չափ հանում էին իմ շորերն ու դնում իրենց կրծքին, որ ինձ համար միանգամայն անհաճելի էր, որովհետև, ճշմարիտն ասած, նրանց մաշկից շատ վատ հոտ էր գալիս։ Այդ հանգամանքն այստեղ ես հիշում եմ, չունենալով ոչ մի մտադրություն վարկաբեկելու այդ չքնաղ տիկիններին, որոնց հանդեպ ես հարգանքով եմ լցված, պարզապես ինձ թվում է, որ իմ զգայարանները, իմ հասակիս համեմատ, ավելի նուրբ են, և ոչ մի հիմք չկա կարծելու, որ այդ արժանապատիվ էակներն իրենց սիրեկաններին կամ միմյամց համար պակաս հաճելի են, քան թե նույն կարգի էակները մեզ մոտ՝ Անգլիայում։ Վերջապես ես գտնում եմ, որ նրանց բնական հոտն ավելի տանելի է, քան այն անուշահոտ օծանելիքները, որ նրանք սովորաբար գործ են ածում և որոնցից ես միշտ զզվանք եմ զգում։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի տաք օր, երկարատև ֆիզիկական աշխատանքից հետո մի լիլիպուտ, որ իմ մտերիմ բարեկամներից մեկն էր, համարձակվեց գանգատվել, թե ինձնից վատ հոտ է գալիս, թեև ես այդ պակասությունը նույնքան քիչ ուեմ, որքան և իմ սեռի ներկայացուցիչների մեծագուն մասը․ ենթադրում եմ, որ լիլիպուտի զգայնությունը նույնքան նուրբ էր իմ հանդեպ, որքան իմը՝ այդ հսկաների հանդեպ։ Սակայն միևնույն ժամանակ արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ թագուհու և իմ դայակ Գլյումդալկլիչի մարմինները նույնքան հոտավետ են, որքան ամենաբարեկիրթ անգլիական լեդիների մարմինները։
Ամենաանհաճո բանն ինձ համար պալատական տիկինների (երբ իմ փոքրիկ դայակը բերում էր ինձ նրանց մոտ) անպատկառ վերաբերմունքն էր։ Կարծես թե ես նրանց համար մի անարժեք արարած լինեի։ Նրանք հանվում էին մերկանալու չափ, և իմ ներկայությամբ, երբ ես կանգնած էի լինում նրանց զուգվելու սեղանի վրա, նրանց մերկ մարմինների առաջ, նրանք փոխում էին իրենց շապիկները, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ այդ տեսարանն ամենևին չէր գայթակղեցնում ինձ և ուրիշ ոչ մի զգացմունք իմ մեջ չէր առաջացնում, բացի զզվանքից ու նողկանքից․ երբ ես մոտիկից նայում էի, նրանց կաշին սաստիկ կոպիտ էր երևում և անողորկ, խայտաբղետ ու ափսեի մեծությամբ բնական բծերով, իսկ մազերը, որոնցով ծածկված էր կաշին, հաստ պարանների էին նման․ նրանց մարմինների մյուս մասերի մասին ես լռությամբ կանցնեմ։ Ճիշտ նույնպես նրանք ամենևին չէին քաշվում իմ առաջ թափելու այն, ինչ նրանք խմել էին, որ պակասը երկու տակառի չափ էր, և մի ամանի մեջ, որ երեք տոննա տարողություն ուներ։ Այդ տիկիններից ամենագեղեցիկը, որ մի չարաճճի, տասնվեց տարեկան աղջիկ էր, երբեմն նստեցնում էր ինձ իր ծծի պտուկի վրա և ստիպում, որ ես նրա մարմնի վրա զանազան արշավանքներ կատարեմ․ սակայն ընթերցողը թույլ կտա ինձ հետագա մանրամասնությունների մեջ չմտնել։ Այդ ամենն այն աստիճանի անհաճո էր ինձ, որ ես խնդրեցի Գլյումդալկլիչին՝ մի պատճառ հնարի, որպեսզի ես այդ աղջկա հետ այլևս չտեսնվեմ։