Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 343 բայտ, 04:06, 5 Օգոստոսի 2013
/* Գլուխ առաջին */
Նրանց մեջ ես նկատեցի մի հոլանդացու, որ կարծես թե նրանց մեջ հեղինակություն էր վայելում, թեև նավերից ոչ մեկի հրամանատարը չէր։ Մեր արտաքինից նա իմացավ, որ մենք անգլիացիներ ենք և դիմելով մեզ իրենց լեզվով՝ երդվեց, որ մեզ մեջք֊մեջքի պիտի կապի ու ծովը նետի։ Ես տանելի կերպով խոսում էի հոլանդերեն, և նրան ասացի, թե ո՛վ ենք մենք ու խնդրեցի նկատի ունենալ, որ մենք քրիստոնյա և բողոքական ենք, հարևան դաշնակից երկրի հպատակները, որ նա պիտի շարժի իրենց կապիտանի գութը մեր հանդեպ։ Իմ դիմումը նրան կատաղություն պատճառեց․ նա կրկնեց իր սպառնալիքներն ու դառնալով իր ընկերներին՝ սկսեց տաք֊տաք խոսել, ինչպես ես ենթադրեցի, ճապոնական լեզվով, հաճախ գործ ածելով քրիստիանոս խոսքը։
Ծովահենների ավելի խոշոր նավի հրամանատարն էր մի ճապոնացի, որը մի քիչ խոսում էր հոլանդերեն, բայց շատ թերի։ Մոտենալով ինձ, նա մի քանի հարցեր տվեց, որոնց ես պատասխանեցի խորին հնազանդությամբ․ նա ինձ ասաց, որ մեզ չպիտի սպանեն։ Ես խորը կերպով գլուխ տվի կապիտանին և ապա դառնալով հոլանդացուն, ասացի, թե ցավում եմ, որ մի կռապաշտի մոտ ավելի գթասրտություն եմ տեսնում, քան եղբայրակից քրիստոնյաի։ Բայց ես շուտով ափսոսացի այդ անմտածված խոսքերի համար, որովհետև այդ անգամ սրիկան, մի քանի անգամ իզուր փորձեր անելուց հետո, որպեսզի զույգ կապիտաններին համոզի՝ նետելու ինձ ծովը (իսկ նրանք խոսք տալուց հետո չէին ուզում, որ ես մեռնեմ), այնուամենայնիվ հաջողեցրեց, որ ինձ ավելի տմարդի պատիժ նշանակեն, քան ինքը մահն է։ Մերոնց հավասար կերպով բաժանեցին երկու ծովահենների նավերի վրա, իսկ իմ սլուպի վրա կարգեցին նոր հրամանատարություն։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, նրանք որոշեցին դնել մի փոքրիկ մակույկի մեջ, տալով ինձ առագաստ և թիեր ու չորս օրվա պաշար և թողնել հողմերի ու ալիքների քմահաճույքին։ Ճապոնացի կապիտանն այնքան բարի եղավ, որ այդ պաշարը կրկնապատկեց իր սեփական մթերքներից և թույլ չտվեց, որ ինձ խուզարկեն։ Ես իջա այդ մակույկը, իսկ հոլանդացին նավի տախտակամածի վրա կանգնած <ref>Հոլանդացին նավի տախտակամածի վրա կանգնած․․․ Հոլանդացիների ատելությունը դեպի արևելքում գտնվող անգլիացիները շարունակ նկարագրվել է այդ ժամանակաշրջանի ճանապարհորդությունների մեջ։</ref> ինձ վրա էր տեղում ամեն տեսակի անեծքներ ու հայհոյանքներ, որ գոյություն ունեին նրանց լեզվով։
Ծովահեններին տեսնելուց մի ժամ առաջ ես հաշվեցի, որ մենք գտնվում ենք հյուսիսային լայնության 46° և երկարության 183° վրա։<ref>Հյուսիսային լայնության 46° և երկարության 183° (թերևս ըստ Ֆերրոյի)․ ― Այսինքն՝ Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայից դեպի արևելք և Ալեուտի կղզիներից հարավ։</ref> Երբ ես ծովահեններից մի որոշ տարածություն հեռացել էի՝ իմ գրպանի հեռադիտակի օգնությամբ հայտնաբերեցի հարավ֊արևելյան կողմում մի քանի կղզի։ Ես պարզեցի առագաստն ու հաջողակ քամուն հանձնելով մտադիր էի հասնել այդ կղզիներից ամենամոտիկին, որ և հաջողվեց երեք ժամում։ Կղզին ամբողջովին ապառաժոտ էր․ այդտեղ ես մեծ քանակությամբ թռչունների ձվեր գտա ու կրակ անելով՝ ցարասենուց ու ջրխոտերից օջախ արի և խաշեցի ձվերը։ Ընթրիքս միայն այդ էր, որովհետև որոշեցի հնարավոր չափով խնայողաբար գործածել իմ պաշարը։ Գիշերն անց կացրի ժայռին ապավինած և տակս ցարասենու ճյուղեր փռած, հիանալի կերպով քնեցի։
Ադմին, Վստահելի
1876
edits