Changes
Դա գոհացուցիչ էր, և այդ սխրագործությունը շարունակվեց։ Հետո Թոմը նորից Ռոբին Հուդ դարձավ և թույլ տվեց, որ արյունաքամ լինի դավաճան միանձնուհու կողմից վերքը վատ կապելու պատճառով։ Ի վերջո, Ջոն, որ ներկայացնում էր ողբացող ավազակների մի ամբողջ խումբ, տխրությամբ նրան մի կողմ քաշեց, աղեղը հանձնեց նրա թույլ ձեռքերին, և Թոմն ասաց․ «Որտեղ որ այս նետը ընկնի, այնտեղ թաղեք խեղճ Ռոբին Հուդին, կանաչ ծառի տակ»։ Հետո Թոմն արձակեց նետը և գետին ընկավ։ Նա պետք է մեռներ, բայց եղինջը կծեց նրա վիզը, և նա վեր թռավ դիակի համար անսովոր արագությամբ։
Տղաները հագնվեցին, թաքցրին իրենց զենքերը և գնացին վշտանալով, որ այլևս ավազակներ չեն։ Նրանք մտածում էին,թե ինչ կարող էր տալ ժամանակակից քաղաքակրթությունը իրենց այդ կորստի դիմաց։ Նրանք ասացին, որ կնախնտրեին մի տարի Շերվուդի անտառում ավազակ լինել, քան Միացյալ Նահանգների պրեզիդենտ՝ առհավետ։