Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 14 959 բայտ, 11:02, 12 Օգոստոսի 2013
/* Գլուխ XI */
Վշտի այդ ծանր շրջանում, ամեն օր կամ երկու օրը մեկ, Թոմը առիթ էր գտնում, գնում էր բանտի երկաթապատ լուսամուտի մոտ և «մարդասպանին» տալիս էր մի կտոր խմորեղեն, երբ ձեռք էր բերում։ Բանտը փոքր, աղյուսաշեն շենք էր, քաղաքի ծայրին և ճահճի մեջ։ Պահակներ չկային, որովհետև բանտը հազվադեպ էր զբաղված լինում։ Այդ նվերները մեծապես օգնում էին Թոմի խիղճը հանգստացնելուն։ Քաղաքացիները շատ էին ուզում պատժել Հնդկացի Ջոյին դիակներ գողանալու համար, բայց այնպիսի սարսափելի բնավորություն ուներ նա, որ ոչ ոք չէր ուզում այդ գործում առաջինը հանդես գալ, այդ իսկ պատճառով իրենց մտադրությունից հրաժարվեցին։ Երկու անգամ էլ նա իր հայտարարությունը սկսեց կռվից հետո եղածներից, առանց խոստովանելու դիակի գողությունը, որն ավելի առաջ էր եղել։ Հետևաբար, ավելի լավ համարվեց դատարանում առայժմ այդ հարցը չբարձրացնել։
 
 
==Գլուխ XII==
 
 
Թոմի ուղեղը շեղվեց իր գաղտնի մտահոգություններից, որովհետև գտավ նոր և ավելի ծանր պատճառ՝ զբաղվելու։ Բեքի Թեչըրը դադարել էր դպրոց գալ։ Մի քանի օր Թոմը պայքարեց իր հպարտության դեմ և փորձեց «վիշտը քամուն տալ»։ Նա սկսեց գիշերները շրջել աղջկա հոր տան շրջակայքում և իրեն շատ դժբախտ էր զգում։ Բեքին հիվանդ էր։ Իսկ եթե մեռնե՞ր։ Այդ մտածողության մեջ հուսահատություն կար։ Նա այլևս պատերազմներով, նույնիսկ ծովահենությամբ չէր հետաքրքրվում։ Կյանքի հմայքը կորել էր, մնացել էր միայն թախիծը։ Նա մի կողմ դրեց գլորանն ու փայտը։ Դրանք այլևս հաճույք չէին պատճառում։ Մորաքույրը մտահոգված էր։ Նա բոլոր տեսակի դեղերը փորձեց տղայի վրա։ Մորաքույր Պոլին այն մարդկանցից էր, որոնք հափշտակվում են պատենդ ունեցող դեղերով և բոլոր այն նորանոր մեթոդներով, որոնք առողջացնում կամ բարելավում են։ Այդպիսի բաների առաջին փորձարկողն էր նա։ Երբ բուժման գծով որևէ նոր բան էր հայտնվում, նա անմիջապես իրարանցման մեջ էր ընկնում, ուզում էր փորձել։ Ոչ իր վրա, որովհետև նա չէր հիվանդանում, այլ որևէ մեկի, ով ձեռքն ընկներ։ Նա բաժանորդ էր բոլոր, «Առողջապահություն» պարբերաթերթերի ու շառլատանական բրոշյուրների և դրանց հանդիսավոր տգիտությունը նրա համար շնչելու օդ էր։ Ամբողջ հիմարությունը, որ դրանք պարունակում էին, թե ինչպե՞ս պիտի օդափոխվել, ինչպես քնել, ինչպես վեր կենալ, ինչ ուտել, ինչ խմել, ինչքան զբաղվել մարմնամարզությամբ, միտքը ինչքան և ինչպես զբաղեցնել, ինչ տեսակ հագուստ հագնել ― այս ամբողջը նրա համար ավետարանի խոսք էր, և նա երբեք չէր նկատում, որ այդ ամսվա «առողջական» ամսագրերը ընդհանրապես հակասում էին նախորդ ամսվա ամսագրերին։ Նա պարզհոգի և բարի էր, այդ պատճառով էլ հեշտորեն զոհ էր դառնում։ Ի մի հավաքած շաղակրատող ամսագրերն ու կեղծ դեղերը, մահով զինված, իր դժգույն ձին նստած, նա փոխաբերական լեզվով խոսում էր « իր ետևից եկող դժողքի մասին»։ Բայց երբեք չէր կասկածում, որ ինքը բուժող հրեշտակ չէր իր հիվանդ հարևանների համար, ոչ էլ ամենաբույժ սպեղանի։
 
Ջրաբուժությունն այդ ժամանակ նորություն էր, և Թոմի վատ դրությունը՝ ծառից ընկած պտուղ։ Նա Թոմին արթնացնում էր լույսը չբացված, տանում էր ցախատուն և սառը ջուր ցողում վրան։ Հետո պինդ շփում էր կոշտ սրբիչով, փաթաթում սավանի մեջ և վերմակներով ծածկում, որ տղան լավ քրտներ և մարմնի ծակոտիներից դուրս գային դեղին բծերը, ինչպես ասում էր Թոմը։
 
Բայց, հակառակ այս բոլորին, տղան գնալով ավելի թախծոտ, անգույն ու խղճալի էր դառնում։ Մորաքույրը բուժմանն ավելացրեց տաք լոգանքներ, ցնցուղ։ Տղան մնում էր ընկճված, ինչպես դիակառք։ Նա սկսեց բուժիչ ջրի մեջ ախորժակ բացող դեղեր և պլաստերներ ավելացնել։ Նա իր ուժերը փորձեց ինչքան կարող էր և տղային պատեց ամեն տեսակ կեղծ դեղերով։
 
Թոմն անտարբեր էր դարձել հալածանքի հանդեպ, և դա ծեր կնոջ սիրտը լցրեց անհանգստությամբ։ Այդ անտարբերությունը ամեն կերպ պետք էր կոտրել։ Այդ ժամանակ նա առաջին անգամ լսեց «ցավ կտրող»֊ի մասին։ Նա անմիջապես պատվիրեց դրանից։ Փորձեց և լցվեց երախտագիտությամբ։ Դա պարզապես հեղուկ կրակ էր։ Նա մի կողմ թողեց ջրաբուժությունը, մնացած բոլորը և հավատքը կենտրոնացրեց «ցավ կտրող»֊ի վրա։ Նա Թոմին թեյի մի լիքը գդալ խմեցրեց և խոր մտահոգությամբ սպասեց արդյունքին։ Պառավի մտահոգությունն անմիջապես անցավ, հոգին նորից խաղաղվեց, որովհետև «անտարբերությունը» կոտրվեց։ Տղան չէր կարող ավելի վայրի, ավելի մեծ հետաքրքրություն ցույց տալ, եթե նրա տակ կրակ վառեին։
 
Թոմն զգաց, որ սթափվելու ժամանակն էր։ Այդ տեսակ կյանքը բավական ռոմանտիկ էր, բայց սկսում էր շատ քիչ հետաքրքիր լինել։ Նա մտածեց ազատվելու զանազան պլաններ մշակել և ի վերջո որոշեց ընդունել, որ «ցավ կտրող»֊ը օգնել է։ Նա այնքան հաճախ էր այդ դեղից պահանջում, որ անիմաստ դարձավ, և մորաքույրն ասաց, որ նա իր գլխի ճարը տեսնի, իր ձեռքով ընդունի դեղը, դադարի իրեն անհանգստացնելուց։ Եթե բուժվողը Սիդը լիներ, պառավը չէր դադարի հաճույք զգալուց, բայց քանի որ դա Թոմն էր, նա շարունակում էր գաղտնի հետևել շշերին։ Նա տեսավ, որ շշի պարունակությունը պակասում է, բայց մտքովն էլ չանցավ, որ տղան բուժում էր հյուրասենյակի տախտակամածի մեծ ճեղքը։
 
Մի օր Թոմը բուժում էր ճեղքը, երբ մորաքրոջ դեղին կատուն մլավելով և թեյի գդալին նայելով, մոտեցավ ագահորեն խնդրելով, որ համը նայի։ Թոմն ասաց․
 
― Մի խնդրիր, Պիտեր, եթե իսկապես դրա կարիքը չես զգում։
 
Բայց Պիտերը նշան արեց, որ զգում է։
 
― Ավելի լավ է վստահ լինես։
 
Պիտերը վստահ էր։
 
― Դե, դու ինքդ ես խնդրում, և ես տալիս եմ, որովհետև ագահ չեմ։ Եթե դուրդ չգա, ոչ ոքի չմեղադրես, բացի քեզանից։
 
Պիտերը համաձայնեց։ Թոմը բաց արեց կատվի բերանը և «ցավ կտրող»֊ը լցրեց ներս։ Պիտերը մի քանի յարդ թռավ օդում, հետո մի սուր ճիչ արձակեց և սկսեց սենյակում պտտվել կահույքին խփելով, ծաղկամանները գլորելով և տնով մեկ աղմուկ հանելով։ Ապա ետևի թաթերին կանգնելով, սկսեց ինչ֊որ խենթ ուրախությամբ գլուխը բարձր պահած՝ շրջել անզուսպ հրճվանքով։ Հետո նորից սկսեց սենյակում պտտվել, ավերածություն ու քաոս տարածելով իր ճանապարհին։ Մորաքույր Պոլին ճիշտ ժամանակին ներս մտավ և տեսավ, թե ինչպես կատուն մի քանի «խաղ խաղաց, վերջին անգամ թռիչք կատարեց և լուսամուտից դուրս թռավ, մնացած ծաղկամանները հետը տանելով։ Ծեր լեդին զարմանքից քարացած՝ նայեց ակնոցի վերևից։ Թոմը հատակին գալարվում էր, ծիծաղից շնչակտուր լինում։
 
― Թոմ, ի՞նչ է պատահել կատվին։
 
― Չգիտեմ, մորաքույր, ― կմկմաց Թոմը։
 
― Երբեք այդպիսի բան չեմ տեսել։ Ինչի՞ց այդպես դարձավ։
 
― Իսկապես չգիտեմ մորաքույր։ Կատուները միշտ այդպիսի բաներ են անում, երբ ուրախ են լինում։
 
― Իսկապե՞ս։ ― Նրա խոսելու տոնի մեջ մի բան կար, որը Թոմին զգաստացրեց։
 
― Այո, այդպես է։ Ես այդպես եմ կարծում։
 
― Կարծու՞մ ես։
 
― Այո մորաքույր։
 
Ծեր լեդին կռացավ։ Թոմը դիտում էր տագնապալից հետաքրքրությամբ։ Նա շատ ուշ հասկացավ մորաքրոջ մտադրությունը։ Մահճակալի տակ երևում էր թեյի գդալը։ Մորաքույր Պոլին վերցրեց այն, բարձրացրեց։ Թոմը ետ֊ետ գնաց և հայացքը խոնարհեց։ Մորաքույր Պոլին նրան բարձրացրեց սովորական ձևով, ականջից բռնեց և մատնոցով պինդ խփեց գլխին։
 
― Այժմ, սիրելիս, ինչու՞ ես այդպես վարվում այդ խեղճ, անլեզու հայվանի հետ, հը՞։
 
― Ես այդ արեցի խղճալուց, որովհետև նա մորաքույր չունի։
 
― Մորաքույր չունի․․․ այ դու ապուշիկ։ Մորաքույրն ի՞նչ կապ ունի դրա հետ։
 
― Մեծ կապ։ Եթե մորաքույր ունենար կմտահոգվեր նրա մասին։ Առանց խղճալու կվառեր նրա ներսը, չմտածելով, թե նա մարդ է։
 
Մորաքույր Պոլին հանկարծ խղճի խայթ զգաց։ Հարցը նոր լույսով պատկերացավ․ այն, ինչ դաժան էր կատվի համար, կարող էր դաժան լինել նաև երեխայի համար։ Նա սկսեց մեղմանալ։ Զղջաց։ Պառավի աչքերը մի փոքր խոնավացան, և նա ձեռքը Թոմի գլխին դնելով, մեղմորեն ասաց․
 
― Ես քո լավն էի ցանկանում, Թոմ։ Եվ դա օգնեց քեզ։ Թոմը նրա դեմքին նայեց լրջության մեջ հազիվ նկատելի հեգնանքով․
 
― Ես գիտեմ, որ դու իմ լավն էիր ցանկանում, մորաքույր, ինչպես ես՝ Պիտերի լավը։ Ես նրան լավություն արեցի։ Ես երբեք չեմ տեսել, որ նա այդքան ուրախ լինի։
 
― Է՜, հերիք է, Թոմ, գնա, քանի ինձ չես վշտացրել։ Եվ փորձիր լավ տղա լինել գոնե մի անգամ։ Դու այլևս դեղ ընդունելու կարիք չունես։
 
Թոմը ժամանակից շուտ դպրոց հասավ։ Նկատվում էր, որ այս տարօրինակ երևույթը վերջերս ամեն օր էր տեղի ունենում։ Եվ այժմ, ըստ վերջին ժամանակների սովորության, փոխանակ ընկերների հետ խաղալու, մնաց բակի դռան մոտերքում։ Ասում էր, թե հիվանդ է, և հիվանդի տեսք ուներ։ Նա աշխատում էր ամեն կողմ նայողի տեսք ունենալ, բայց իսկապես նայում էր դեպի փողոցը։ Այդ պահին երևաց Ջեֆ Թեչըրը, և Թոմի դեմքը պայծառացավ։ Նա մի պահ դիտեց, հետո վշտահար դուրս եկավ։ Երբ Ջեֆ Թեչըրը տեղ հասավ, Թոմը մոտեցավ նրան և անընդհատ առիթ էր ման գալիս Բեքիի մասին խոսելու, բայց բութ տղան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում։ Թոմը նայում էր ու նայում, հույսով լցվում ամեն անգամ, երբ վառ գույնի մի զգեստ էր երևում, և ատում էր դրա տիրոջը, երբ տեսնում էր, որ դա իր ուզածը չէ։ Ի վերջո, շրջազգեստները դադարեցին երևալուց, և նա վերջնականապես հուսահատության մեջ ընկավ։ Մտավ դպրոցի դատարկ սենյակը և նստեց տառապելու։ Հետո մի շրջազգեստ էլ անցավ դռնով, և Թոմի սիրտը սաստիկ տրոփեց։ Հաջորդ վայրկյանին նա դրսումն էր և հնդիկի պես «մոլեգնած» ճչում էր, ծիծաղում, տղաներին հալածում, կյանքի կամ հաշմանդամ դառնալու գնով ցանկապատի վրայով թռչում, ձեռքերի վրայով գլորվում, գլխի վրա կանգնում, անում էր իր իմացած բոլոր հերոսական արարքները և երկյուղով նայում, թե Բեքի Թեչըրը տեսնո՞ւմ է։ Բայց աղջիկն այդ բոլորի հանդեպ կարծես անտարբեր էր։ Նա չէր էլ նայում։ Կարո՞ղ էր պատահել, որ աղջիկը չնկատեր Թոմին։ Տղան իր գործունեությունը փոխադրեց աղջկա մոտերքը, սկսեց նրա շուրջը պտտվել մարտական կոչերով, վերցրեց տղաներից մեկի գլխարկը և գցեց դպրոցի կտուրը, խուժեց տղաների մի խմբի մեջ, նրանց այս ու այն կողմ գցելով և փռվեց Բեքիի քթի տակ, համարյա վախեցնելով նրան։ Աղջիկը շուռ եկավ, քիթը երկինքը տնկած, և Թոմը լսեց նրա խոսքերը․
 
― Փը՜ֆ, ոմանք կարծում են, թե իրենք շատ ճարպիկ են․․․ միշտ իրենց ցույց են տալիս։
 
Թոմի այտերը վառվեցին։ Նա իրեն հավաքեց, վեր կացավ տխուր, ընկճված և գլխիկոր մի կողմ քաշվեց։
Ադմին, Վստահելի
1876
edits