Changes
/* Գլուխ XII */
Թոմի այտերը վառվեցին։ Նա իրեն հավաքեց, վեր կացավ տխուր, ընկճված և գլխիկոր մի կողմ քաշվեց։
==Գլուխ XIII==
Թոմը վճռել էր։ Նա ընկճված էր ու անհույս։ Մտածում էր, որ ինքը մոռացված և բարեկամներից զուրկ տղա էր, ոչ ոք չի սիրում իրեն։ Երբ իմանան, թե ինչ բանի են մղել իրեն, գուցե զղջան։ Փորձեց ուղղվել, բայց թույլ չտվին, որովհետև նրանք մի բան էին միայն ցանկանում․ իրենից ազատվել։ Ուրեմն, թող այդպես լինի, թող նրան մեղադրեն հետևանքների համար, ինչո՞ւ չէ։ Բարեկամ չունեցողը ի՞նչ իրավունք ունի դժգոհելու։ Այո, նրան ի վերջո մղել էին այդ բանին, նա կվարի ոճրագործի կյանք։ Ընտրություն չկար։ Մինչ այդ Թոմը հասել էր Միդս Լեյն մարգագետնի մյուս ծայրը և հեռվից լսեց աշակերտներին հետճաշյա դասի կանչող զանգի ձայնը։ Շատ ծանր էր։ Հակառակ իր կամքի, նա վռնդված էր ցուրտ աշխարհը․ պետք է հնազանդվեր։ Բայց Թոմը ներում էր մարդկանց։ Հետո արտասուքն ավելի ավելացավ։
Ճիշտ այդ պահին նա հանդիպեց իր մտերիմ ընկերոջը՝ մռայլ Ջո Հարպերին, որը, ըստ երևույթին, հոգում ուներ մի մեծ և դառը կսկիծ։ «Մի նպատակ ունեցող երկու ընկերները» անշուշտ իրար միացան։ Թևքով աչքերը սրբելով, Թոմն սկսեց ինչ֊որ բան ասել տնից փախչելու իր որոշման մասին, որտեղ նրա հետ խիստ էին վարվում և բանի տեղ չէին դնում։ Խոսեց արտասահման գնալու մասին, որտեղից երբեք չէր վերադառնալու։ Նա ավարտեց խոսքը, հուսալով, որ Ջոն իրեն չի մոռանա։
Բայց պարզվեց, որ Ջոն ուզում էր նման մի խնդրանք անել Թոմին և այդ նպատակով եկել էր նրան հանդիպելու։ Մայրը, ինչ֊որ կրեմ խմելու համար, որ նա նույնիսկ չէր համտեսել և այդ մասին ոչինչ չգիտեր, ծեծել էր նրան։ Պարզ էր, որ մայրը հոգնել էր իրենից և ցանկանում էր, որ որդին հեռանա։ Եթե նա այդպես էր զգում, տղային ոչինչ չէր մնում անել, բացի ենթարկվելուց։ Նա հույս ուներ, որ մայրը երջանիկ կլիներ և երբեք չէր զղջա իր խեղճ տղային դուրս քշելու համար, թեկուզ անզգա աշխարհում նա տառապի ու մահանա։
Մինչ երկու տղաները տխուր քայլում էին, նրանք խոսք տվին եղբայրների պես իրար թև֊թիկունք լինել և երբեք չբաժանվել, մինչև մահը ազատի նրանց այս տանջանքներից։ Հետո սկսեցին իրենց ծրագրերն առաջադրել։ Ջոն ուզում էր ճգնավոր դառնալ և ինչ֊որ քարանձավում ապրելով, ի վերջո մահանալ ցրտից, բայց լսելով Թոմին, նա համաձայնեց, որ հանցագործի կյանքը առավելություններ ունի և որոշեց ծովահեն դառնալ։
Սենտ֊Պիտերսբուրգից երեք մղոն հեռու, ուր Միսիսիպի գետը մեկ մղոնից ավելի լայնություն ունի, կար մի երկար ու նեղ անտառապատ կղզի, ծանծաղուտ, ավազոտ ծայրամասով, որը հարմար էր որպես ավազականոց։ Կղզին անմարդաբնակ էր, ընկած էր հակառակ ափի կողմը, որը ծածկված էր համարյա կուսական անտառով։ Ուրեմն՝ Ջեկսոնի կղզին ընտրված էր։ Թե ո՞վ էր լինելու նրանց ծովահենության «առարկան», այդ մասին չմտածեցին։ Հետո գտան Հեքլբերի Ֆիննին, որն անմիջապես միացավ տղաներին, որովհետև բոլոր ասպարեզները նրա համար մեկ էին․ նա անտարբեր էր։ Նրանք որոշեցին հանդիպել հարմար ժամին, այսինքն՝ կեսգիշերին, մի ամայի տեղում, ավանից երկու մղոն վերև, գետափին։ Այնտեղ կար փայտե մի փոքր լաստ, որը նրանք նպատակ ունեին գրավել։ Յուրաքանչյուրը խայծ, կարթեր և սննդամթերք պետք է բերեր, դրանք գողանալով հնարավորին չափ մութ ու խորհրդավոր ձևով, ինչպես վայել է ավազակներին։ Հետմիջօրեից առաջ նրանք հպարտությամբ քաղաքում լուր տարածեցին, թե շուտով քաղաքում «մի բան» պիտի լինի։ Այս անորոշ լուրը ստացողներին նախազգուշացնում էին «լուռ» մնալ ու սպասել»։
Կեսգիշերի մոտ Թոմը խոզի ապուխտով և ուրիշ ավարներով եկավ․․․ սպասեց խիտ խոտերի մեջ, մի ուղղաձիգ զառիթափի վրա, հանդիպման վայրի վերևում։ Աստղալույս էր և խաղաղ։ Հսկա գետը հանգստացող օվկիանոսի նման էր։ Թոմը մի պահ ականջը ձայնի պահեց, ոչ մի ձայն լռությունը չէր խզում։ Հետո ցածր, պայմանավորված ձևով սուլեց։ Նրան պատասխանեցին զառիթափի տակից։ Թոմը երկու անգամ էլ սուլեց։ Այդ ազդանշաններին նույն ձևով պատասխանեցին։ Հետո մի զուսպ ձայն ասաց․
― Ո՞վ է եկողը։
― Թոմ Սոյերը, Իսպանական ծովի Սև Վրիժառուն։ Ձեր անունը տվեք։
― Հեք Ֆինը՝ Արյունոտ Ձեռքը, և Ջո Հարպըրը՝ Ծովերի Սարսափը։
Այդ անունները Թոմը ընտրել էր իր սիրած գրքերից։
― Լավ, ասացեք պայմանական խոսքը։
Գիշերային խավարում երկու հոգի խռպոտ շշուկով արտասանեցին սարսափելի բառը․
«Արյուն»։
Թոմը զառիթափից գցեց ապուխտը և ետևից ցած գլորվեց, վնասելով մաշկը և շորերը։ Զառիթափի եզերքով դեպի ներքև հեշտ ու հարմարավետ ճանապարհ կար, բայց այն չուներ արկածի դժվարությունը և վտանգը, որը բարձր են գնահատում ծովահենները։
Ծովերի սարսափը բերել էր խոզապուխտի մի կող, որը շատ դժվարությամբ էր տեղ հասցրել։ Արյունոտ ձեռքը՝ Ֆինը մի կաթսա էր գողացել և մի քիչ կիսաչոր ծխախոտ։ Բերել էր նաև եգիպտացորենի մի քանի ցողուն՝ ծխամորճ պատրաստելու համար, թեև բացի իրենից, ծովահեններից ոչ մեկը ոչ ծխում էր, ոչ ծամում։ Իսպանական Ծովի Սև Վրիժառուն հայտարարեց, որ չի կարելի առանց կրակի գործի անցնել։ Դա խելոք միտք էր․ այդ ժամանակ լուցկին համարյա հայտնի չէր։ Նրանք հեռվում՝ հարյուր յարդ վերև, մի լաստի վրա կրակ տեսան և զգուշությամբ գնացին այնտեղ ու մի խանձող վերցրին։ Այդ գործողությունը նրանք վերածեցին մի տպավորիչ արկածախնդրության․ իրար «հեյ» էին ասում երբեմն և հանկարծ կանգ առնում մատը շրթների վրա դրած, ձեռքերը դնում երևակայական դաշույնների վրա և կիսաձայն հրամաններ արձակում, եթե «թշնամին» շարժվի, դաշույնը «խրիր մինչև կոթը», որովհետև «մեռելները չէին մատնում»։ Նրանք շատ լավ գիտեին, որ լաստավորները քաղաք էին գնացել, որտեղ կամ քնած էին, կամ կերուխումով էին զբաղված, բայց դա պատճառ չէր, որ նրանք այդ բոլորն անեին ոչ ծովահենաբար։
Շուտով նրանք ճանապարհ ընկան։ Թոմը ղեկավարում էր լաստը, Հեքը ետևի թիակի մոտ էր, Ջոն՝ առջևի։ Թոմը կանգնել էր նավի մեջտեղում, հոնքերը կիտած, ձեռքերը կրծքին ծալած և հրամաններ էր արձակում ցածր, լուրջ շշուկով։
― Դեպի քամին, քամու ուղղությամբ։
― Լսում եմ, սըր։
― Ուղի՛ղ, ուղի՛ղ։
― Լսում եմ, ուղիղ, սըր։
― Առագաստները բացեք։
― Լսում եմ, առագաստները բացել, սըր։
Քանի որ տղաները լաստը քշում էին դեպի գետի մեջտեղը և միայն մի ուղղությամբ, անկասկած հասկանալի է, որ այս հրամանները տրվում էին ձևի համար և ոչինչ չէին նշանակում։
― Ո՞ր առագաստներն են բարձրացված։
― Ներքևի, վերևի և թռչողները, սըր։
― Կենտրոնականը բարձրացրեք․ ավելի եռանդով, քաջեր․ առջևի մասում ուշադիր եղեք․ ավելի եռանդով։
― Լսում եմ, սըր։
― Բաց թողեք առագաստը․ կենտրոնականը բարձրացրեք, ձեզ տեսնեմ, քաջեր։
― Լսում եմ, սըր։
― Քամու ուղղությամբ․ ձախ կողմի վրա։ պատրաստ եղեք ցամաքին մոտենալու։ Դեպի ցամաք, դե՛, տղերք, եռանդո՛վ, եռանդո՛վ։
― Լսում եմ, եռանդո՛վ, սըր։
Լաստը հասավ գետի մեջտեղը։ Տղաները լաստի գլուխն ուղղեցին և թիակները ցած դրին։ Գետը խորունկ չէր, երկու կամ երեք մղոնի արագություն ուներ։ Հաջորդ երեք քառորդ ժամվա ընթացքում նրանք գրեթե չխոսեցին։ Այժմ լաստն անցնում էր քաղաքի առջևով։ Մի քանի փայլփլող լույսեր ցույց էին տալիս քաղաքի տեղը, որը խաղաղ քնած էր, աստղերը իր մեջ ցոլացնող լայն ջրից այն կողմ, անտեղյակ մեծ իրադարձությանը։ Սև Վրիժառուն անչափ ուրախ էր։ Վերջերս տղան շատ էր վշտացել և ցանկանում էր, որ «նա կարողանար տեսնել իրեն այժմ, փոթորկալից ծովի վրա, կործանման և մահվան վտանգի մեջ, անվախ սրտով, տեսնել, թե ինչպես շրթների վրա մի դառը ժպիտ, նա գնում էր դեպի իր ճակատագիրը։ Երևակայության մի փոքր ճիգով Ջեկսոնի կղզին հեռացավ, քաղաքից անտեսանելի դարձավ, և տղան կոտրված, բայց գոհ սրտով «վերջին անգամ» նայեց հայրենի քաղաքին։ Մյուս ծովայիններն էլ նայում էին «վերջին անգամ»։ Նրանք այնքան երկար նայեցին, որ քիչ մնաց հոսանքը նրանց կղզուց հեռացներ։ Բայց ժամանակին նկատեցին վտանգը՝ կանխեցին։ Ժամը երկուսին լաստը ափ հասավ կղզու ծայրից երկու հարյուր յարդ հեռու։ Երկար ժամանակ գնում֊գալիս էին, բեռնաթափում իրենց ապրանքը։ Լաստից վերցրին նաև մի հին առագաստ և անտառի մի խուլ մասում դրանով մի վրան շինեցին՝ իրենց ունեցվածքը պահելու համար։ Լավ եղանակին պետք է բացօթյա քնեին, քանի որ ավազակներ էին։
Տղաները կրակ վառեցին մի մեծ կոճղի կողքին, անտառից քսան֊երեսուն քայլ հեռու և ընթրիքի համար մի քիչ խոզի միս տապակեցին, օգտագործելով խոզի մսի իրենց բերած ամբողջ պաշարի կեսը։ Նրանց հրաշալի թվաց այդպես ազատ ընթրելը անմարդաբնակ և չուսումնասիրված մի կղզու կուսական անտառում, հեռու մարդկային բնակությունից։ Նրանք ասում էին, որ այլևս քաղաքակիրթ կյանքին չեն վերադառնա։ Ծառերն ի վեր մագլցող կրակը լուսավորեց նրանց դեմքերը, և կարմիր բոցերն ընկան նրանց անտառե դղյակի ծառերի բների և տերևների վրա։ Երբ կերան տապակած մսի վերջին պատառը և սպիտակ հացի վերջին կտորը, տղաները գոհունակությամբ փռվեցին կանաչ խոտի վրա։ Նրանք կարող էին ավելի զով տեղ գտնել, բայց չէին ուզում իրենց զրկել այդքան ռոմանտիկ տեսարանից, ինչպիսին էր հանգչող կրակը։
― Հրաշալի է, չէ՞, ― ասաց Ջոն։
― Հրաշալի է, ― պատասխանեց Թոմը։
― Ի՞նչ կասեին տղաները, եթե կարողանային մեզ տեսնել։
― Ինչ կասեի՞ն․ պարզապես նախանձից կմեռնեին, չէ՞, Հեքի։
― Անշուշտ, ― ասաց Հեքլբերին, ― բոլոր դեպքերում ես գոհ եմ։ Սրանից լավ բան ինձ պետք չէ։ Ուտելու հարցում պահանջկոտ չեմ, հետո էլ այստեղ ոչ ոք չի գա, առանց պատճառի ինձ չի ծեծի, վատ խոսքեր չի ասի։
― Իմ ուզած կյանքն է, որ կա, ― ասաց Թոմը։ ― Ստիպված չես առավոտները շուտ վեր կենալ և ստիպված չես դպրոց գնալ, լվացվել ու անել մնացած բոլոր հիմարությունները։ Տեսնու՞մ ես, Ջո, ծովահենը, երբ ցամաք է դուրս եկել, անելու ոչինչ չունի, մինչդեռ ճգնավորը պարտավոր է բավական շատ աղոթքներ անել ու ոչ մի հաճույք չստանալ, միշտ մենակ լինել։
― Այո, այդպես է, ― ասաց Ջոն, ― բայց, գիտե՞ս ինչ, ես այդ մասին երկար չեմ մտածել։ Այժմ, երբ փորձել եմ, նախնտրում եմ ծովահեն լինել, քան ճգնավոր։
― Տեսնո՞մ ես, ― ասաց Թոմը, ― մեր օրերում մարդիկ ճգնավորներին շատ չեն հարգում, ինչպես նախկինում, մինչդեռ ծովահենը միշտ հարգված է։ Բացի այդ, ճգնավորը պարտավոր է քնել ամենակոշտ տեղերում, հագնել ցնցոտիներ, գլխին մոխիր ցանել, կանգնել անձրևի տակ և․․․
― Ինչպե՞ս է ցնցոտիներ հագնում և գլխին մոխիր ցանում, ― հարցրեց Հեքը։
― Չգիտեմ, բայց պարտավոր են այդպես անել։ Ճգնավորները միշտ այդպես են անում։ Պարտավոր ես, եթե ճգնավոր ես։
― Ես այդպես չէի անի, եթե լինեի, ― ասաց Հեքը։
― Հապա ի՞նչ կանեիր։
― Չգիտեմ, բայց այդպես չէի անի։
― Բայց, Հեք, դու պարտավոր էիր․ հապա ինչպե՞ս կապրեիր։
― Ես պարզապես դրան չէի դիմանա։ Ես կփախչեի։
― Փախչել։ Դու լավ ճգնավոր կդառնայիր․ քեզ կնզովեին։
Արյունոտ ձեռքը չպատասխանեց, որովհետև զբաղված էր ավելի հետաքրքրական գործով։ Մաքրել էր մի ցողուն, ծխախոտով լցրել, իսկ այժմ կրակը կպցրած ծխի ամպ էր փչում դուրս։ Նա երանության մեջ էր։ Մյուս ծովահենները նախանձեցին նրա այս արքայական վայելքին և գաղտնի որոշեցին կարճ ժամանակում տիրապետել դրան։ Այդ պահին Հեքը հարցրեց․
― Իսկ ի՞նչ են անում ծովահենները։
Թոմը պատասխանեց․
― Նրանք պարզապես ուրախ կյանք են վարում․ նավեր են գրավում ու այրում, փողը վերցնում են, թաքցնում իրենց կղզու շատ գաղտնի վայրերում, որտեղ այդ իրերին հսկող ուրվականներ կան։ Ծովահենները սպանում են նավերի մեջ եղած բոլոր մարդկանց և ծովն են թափում։
― Իսկ կանանց տանում են կղզի, ― լրացրեց Ջոն։ ― Նրանք կանանց չեն սպանում։
― Ոչ, կանանց չեն սպանում, ― հաստատեց Թոմը։ ― Նրանք շատ ազնիվ են, իսկ կանայք միշտ սիրուն են լինում։
― Եվ հագնում են ամենաշքեղ հագուստները։ Չէ՞։ Օ՜, ոսկու, արծաթի ու գոհարների մեջ լողում են, ― ասաց Ջոն ոգևորված։
― Ովքե՞ր, ― ասաց Հեքը։
― Ծովահենները։
Հեքը շփոթված նայեց իր հագուստներին։
― Ինձ թվում է, որ ես ծովահենի հարմար հագուստներ չունեմ, ― ասաց նա տխրաձայն, ― բայց եթե բացի սրանից, ուրիշը չեմ ճարե՜լ։
Տղաներն ասացին, որ գեղեցիկ հագուստներն շուտով կլինեն, երբ սկսեն իրենց արկածները։ Նրանք համոզեցին Հեքին, որ այդ հագուստները հարմար էին գործ սկսելու համար, թեև հարուստ ծովահենի համար սովորություն էր հարմար հանդերձանքով սկսել։
Աստիճանաբար զրույցն ընդհատվեց, և քունն սկսեց իջնել փոքրիկ թափառականների աչքերին։ Ծխախոտն ընկավ Արյունոտ Ձեռքի մատների արանքից, և նա քնեց խիղճը հանգիստ ու հոգնած մարդու քնով։ Ծովերի Սարսափը և Իսպանական Ծովի Սև Վրիժառուն ավելի դժվար քնեցին։ Նրանք գաղտնի, պառկած աղոթեցին։ Դե՛, ոչ ոք չկար, որ նրանց ստիպեր ծունկի գալ և բարձրաձայն աղոթել։ Իրականում նրանք մտադիր էլ չէին աղոթել, բայց վախենում էին այդքան առաջ գնալուց, վախենում էին Երկնքի հանկարծական և հատու կայծակից։ Հետո անմիջապես հասան քնելու սահմանին, բայց նրանց տիրեց ինչ֊որ ներքին երկյուղ, որը չէր անցնում։ Դա խիղճն էր։ Նրանք սկսեցին տարտամ մի վախ զգալ, որ սխալ են վարվում տնից փախչելով, հետո մտածեցին գողացված մսի մասին, և իսկական տանջանքը պաշարեց նրանց։ Սկսեցին վիճել խղճի հետ, նրան հիշեցնելով, որ առաջներում էլ բազմիցս կարկանդակ և խնձոր են թռցրել։ Բայց խիղճը չէր հանգստանում, շատ թույլ համարելով այդ պատճառաբանությունները։ Նրանց ի վերջո թվում էր, որ կարկանդակ և խնձոր թռցնելը պարզապես թռցնել է, մինչդեռ խոզի միս և ուրիշ արժեքավոր բաներ վերցնելը՝ «գողություն» և դրա դեմ ավետարանում գրված պատվիրան կար։ Նրանք ներքնապես որոշեցին, որ քանի ծովահենությամբ են զբաղվում, երբեք գողությամբ չեն արատավորի ծովահենի պատիվը։ Խիղճը զինադադար կնքեց, և այս անհետևողական ու տարօրինակ ծովահենները խաղաղ քնեցին։