Changes
/* Գլուխ XIII */
Թոմը զառիթափից գցեց ապուխտը և ետևից ցած գլորվեց, վնասելով մաշկը և շորերը։ Զառիթափի եզերքով դեպի ներքև հեշտ ու հարմարավետ ճանապարհ կար, բայց այն չուներ արկածի դժվարությունը և վտանգը, որը բարձր են գնահատում ծովահենները։
Ծովերի սարսափը բերել էր խոզապուխտի մի կող, որը շատ դժվարությամբ էր տեղ հասցրել։ Արյունոտ ձեռքը՝ Ձեռքը՝ Ֆինը մի կաթսա էր գողացել և մի քիչ կիսաչոր ծխախոտ։ Բերել էր նաև եգիպտացորենի մի քանի ցողուն՝ ծխամորճ պատրաստելու համար, թեև բացի իրենից, ծովահեններից ոչ մեկը ոչ ծխում էր, ոչ ծամում։ Իսպանական Ծովի Սև Վրիժառուն հայտարարեց, որ չի կարելի առանց կրակի գործի անցնել։ Դա խելոք միտք էր․ այդ ժամանակ լուցկին համարյա հայտնի չէր։ Նրանք հեռվում՝ հարյուր յարդ վերև, մի լաստի վրա կրակ տեսան և զգուշությամբ գնացին այնտեղ ու մի խանձող վերցրին։ Այդ գործողությունը նրանք վերածեցին մի տպավորիչ արկածախնդրության․ իրար «հեյ» էին ասում երբեմն և հանկարծ կանգ առնում մատը շրթների վրա դրած, ձեռքերը դնում երևակայական դաշույնների վրա և կիսաձայն հրամաններ արձակում, եթե «թշնամին» շարժվի, դաշույնը «խրիր մինչև կոթը», որովհետև «մեռելները չէին մատնում»։ Նրանք շատ լավ գիտեին, որ լաստավորները քաղաք էին գնացել, որտեղ կամ քնած էին, կամ կերուխումով էին զբաղված, բայց դա պատճառ չէր, որ նրանք այդ բոլորն անեին ոչ ծովահենաբար։
Շուտով նրանք ճանապարհ ընկան։ Թոմը ղեկավարում էր լաստը, Հեքը ետևի թիակի մոտ էր, Ջոն՝ առջևի։ Թոմը կանգնել էր նավի մեջտեղում, հոնքերը կիտած, ձեռքերը կրծքին ծալած և հրամաններ էր արձակում ցածր, լուրջ շշուկով։
Աստիճանաբար զրույցն ընդհատվեց, և քունն սկսեց իջնել փոքրիկ թափառականների աչքերին։ Ծխախոտն ընկավ Արյունոտ Ձեռքի մատների արանքից, և նա քնեց խիղճը հանգիստ ու հոգնած մարդու քնով։ Ծովերի Սարսափը և Իսպանական Ծովի Սև Վրիժառուն ավելի դժվար քնեցին։ Նրանք գաղտնի, պառկած աղոթեցին։ Դե՛, ոչ ոք չկար, որ նրանց ստիպեր ծունկի գալ և բարձրաձայն աղոթել։ Իրականում նրանք մտադիր էլ չէին աղոթել, բայց վախենում էին այդքան առաջ գնալուց, վախենում էին Երկնքի հանկարծական և հատու կայծակից։ Հետո անմիջապես հասան քնելու սահմանին, բայց նրանց տիրեց ինչ֊որ ներքին երկյուղ, որը չէր անցնում։ Դա խիղճն էր։ Նրանք սկսեցին տարտամ մի վախ զգալ, որ սխալ են վարվում տնից փախչելով, հետո մտածեցին գողացված մսի մասին, և իսկական տանջանքը պաշարեց նրանց։ Սկսեցին վիճել խղճի հետ, նրան հիշեցնելով, որ առաջներում էլ բազմիցս կարկանդակ և խնձոր են թռցրել։ Բայց խիղճը չէր հանգստանում, շատ թույլ համարելով այդ պատճառաբանությունները։ Նրանց ի վերջո թվում էր, որ կարկանդակ և խնձոր թռցնելը պարզապես թռցնել է, մինչդեռ խոզի միս և ուրիշ արժեքավոր բաներ վերցնելը՝ «գողություն» և դրա դեմ ավետարանում գրված պատվիրան կար։ Նրանք ներքնապես որոշեցին, որ քանի ծովահենությամբ են զբաղվում, երբեք գողությամբ չեն արատավորի ծովահենի պատիվը։ Խիղճը զինադադար կնքեց, և այս անհետևողական ու տարօրինակ ծովահենները խաղաղ քնեցին։
==Գլուխ XIV==