Changes
/* Գլուխ XIII */
― Փախչել։ Դու լավ ճգնավոր կդառնայիր․ քեզ կնզովեին։
Արյունոտ ձեռքը Ձեռքը չպատասխանեց, որովհետև զբաղված էր ավելի հետաքրքրական գործով։ Մաքրել էր մի ցողուն, ծխախոտով լցրել, իսկ այժմ կրակը կպցրած ծխի ամպ էր փչում դուրս։ Նա երանության մեջ էր։ Մյուս ծովահենները նախանձեցին նրա այս արքայական վայելքին և գաղտնի որոշեցին կարճ ժամանակում տիրապետել դրան։ Այդ պահին Հեքը հարցրեց․
― Իսկ ի՞նչ են անում ծովահենները։
Աստիճանաբար զրույցն ընդհատվեց, և քունն սկսեց իջնել փոքրիկ թափառականների աչքերին։ Ծխախոտն ընկավ Արյունոտ Ձեռքի մատների արանքից, և նա քնեց խիղճը հանգիստ ու հոգնած մարդու քնով։ Ծովերի Սարսափը և Իսպանական Ծովի Սև Վրիժառուն ավելի դժվար քնեցին։ Նրանք գաղտնի, պառկած աղոթեցին։ Դե՛, ոչ ոք չկար, որ նրանց ստիպեր ծունկի գալ և բարձրաձայն աղոթել։ Իրականում նրանք մտադիր էլ չէին աղոթել, բայց վախենում էին այդքան առաջ գնալուց, վախենում էին Երկնքի հանկարծական և հատու կայծակից։ Հետո անմիջապես հասան քնելու սահմանին, բայց նրանց տիրեց ինչ֊որ ներքին երկյուղ, որը չէր անցնում։ Դա խիղճն էր։ Նրանք սկսեցին տարտամ մի վախ զգալ, որ սխալ են վարվում տնից փախչելով, հետո մտածեցին գողացված մսի մասին, և իսկական տանջանքը պաշարեց նրանց։ Սկսեցին վիճել խղճի հետ, նրան հիշեցնելով, որ առաջներում էլ բազմիցս կարկանդակ և խնձոր են թռցրել։ Բայց խիղճը չէր հանգստանում, շատ թույլ համարելով այդ պատճառաբանությունները։ Նրանց ի վերջո թվում էր, որ կարկանդակ և խնձոր թռցնելը պարզապես թռցնել է, մինչդեռ խոզի միս և ուրիշ արժեքավոր բաներ վերցնելը՝ «գողություն» և դրա դեմ ավետարանում գրված պատվիրան կար։ Նրանք ներքնապես որոշեցին, որ քանի ծովահենությամբ են զբաղվում, երբեք գողությամբ չեն արատավորի ծովահենի պատիվը։ Խիղճը զինադադար կնքեց, և այս անհետևողական ու տարօրինակ ծովահենները խաղաղ քնեցին։
==Գլուխ XIV==
Առավոտյան, երբ Թոմն արթնացավ, չիմացավ, թե որտեղ է գտնվում։ Նստեց աչքերը տրորեց և նայեց շուրջը։ Հետո հասկացավ։ Զով ու գորշ առավոտ էր, և անտառը խորունկ անդորրի և լռության մեջ հանգիստ ու խաղաղ էր։ Ոչ մի տերև չէր շարժվում, ոչ մի ձայն չէր խանգարում բնության մտորումները։ Տերևների ու խոտերի վրա իջել էր մարգարտանման ցողը։ Կրակը ծածկված էր մոխրի սպիտակ շերտով, և ծխի կապույտ մի երիզ ուղիղ երկինք էր բարձրանում։ Ջոն ու Հեքը դեռ քնած էին։ Հեռվում, անտառի խորքում մի թռչուն ճչաց։ Մի ուրիշը պատասխանեց։ Լսվեց փայտփորիկի թխկթխկոցը։ Աստիճանաբար վաղորդյան կապույտ մշուշն սպիտակեց, ձայներն աստիճանաբար բազմապատկվեցին, և կյանքը ինքն իրեն զգացնել տվեց։ Քնից արթնացող և աշխատանքն սկսող բնության հրաշքը ծավալվում էր մտախոհ տղայի առջև։ Մարմնի երկու երրորդը օդում կախելով՝ մի կանաչ որդ եկավ շրջապատը չափելով և նորից առաջ գնալով։ Երբ որդը շարժվեց դեպի Թոմը, սա քարի պես անշարժ մնաց։ Տղայի ուրախությունը պակասում կամ ավելանում էր, նայած այդ արարածը իր կողմ էր գալիս, թե հեռանում։ Իսկ երբ, ի վերջո, իր ոլորապտույտ մարմնով օդում մեծ ճիգ գործ դնելով՝ որդը վճռականորեն բարձրացավ Թոմի ոտքի վրա ու սկսեց ոտքի վրայով ճանապարհորդել, տղան ամբողջ սրտով ցնծում էր։ Դա նշանակում էր, որ նա մի նոր զգեստ էր ունենալու․ անկասկած, ծովահենի մի շքեղ համազգեստ։ Այդ պահին, չգիտես որտեղից, երևաց մրջյունների մի թափոր և գործի անցավ։ Մեկն սկսեց քաջաբար քարշ տալ իրենից հինգ անգամ մեծ մի սատկած սարդ և ծառի բնով բարձրացնել վեր։ Սև բծերով զատիկը բարձրացավ մի ցողունի՝ իր համար սարսափելի բարձր ծայրը, և Թոմը թեքվեց դեպի այն և ասաց․
Զատիկ, թռիր տուն, ուժ տուր թևերիդ,
Տունդ վառվում է, փրկիր ձագերիդ․․․
Եվ զատիկը թևերը բացելով, թռավ ձագերին փրկելու։ Այդ բանը տղային շշմեցրեց։ Նա վաղուց գիտեր, որ այս միջատը դյուրահավատ է հրդեհի նկատմամբ։ Թոմը բազմիցս փորձել էր զատիկի պարզամտությունը։ Այնուհետև եկավ մի բզեզ՝ հազիվ քարշ տալով իր մարմինը, և Թոմը մատով կպավ, տեսնելու, թե ինչպես է դա ոտքերը ներս քաշելու և մեռած ձևանալու։ Մինչ այդ թռչունները բավական աղմկում էին։ Մի կատվաթռչուն, հյուսիսային ծաղրածուն, նստեց Թոմի գլխավերևը, և սկսեց հարևանների երգի տնազն անել։ Հետո կապույտ բոցի նման օդում երևաց ճայեկը և նստեց մի ճյուղի, որին Թոմի ձեռքը կհասներ, գլուխը թեքեց մի կողմի վրա և ագահ հետաքրքրությամբ նայեց օտարականներին։ Մի գորշ սկյուռ, նրա ետևից աղվեսանման մի ուրիշ գազանիկ սլանալով անցան։ Ժամանակ առ ժամանակ նստում էին, դիտում տղաներին և այդ մասին կարծիք փոխանակում, քանի որ այդ վայրի գազանիկները հավանաբար մարդիկ չէին տեսել և չգիտեին պետք է վախենա՞լ, թե ոչ։ Մինչ այդ ամբողջ բնությունը լրիվ արթնացել էր։ Արևի երկար նետերը տեղ֊տեղ ճեղքեցին խիտ սաղարթը, և մի քանի թիթեռնիկներ թռչկոտելով բեմ դուրս եկան։
Թոմն արթնացրեց մյուս ծովահեններին, և բոլորն աղմուկով առաջ վազեցին։ Մի վայրկյանում մերկացան, ընկան իրար հետևից, սկսեցին միմյանց քաշքշել սպիտակ ավազի վրա և գոլ ջրի ծանծաղուտում։ Նրանք չէին կարոտում փոքրիկ քաղաքը, որ քնած էր հեռվում, արքայաբար տարածվող ջրի մյուս կողմում։ Մի ուժեղ հոսանք կամ գետի փոքր֊ինչ բարձացում քշել տարել էր նրանց լաստը, բայց տղաները դրանից գոհ մնացին, որովհետև դա նշանակում էր այրել նրանց և քաղաքակրթության միջև եղած կամուրջը։
Տղաները ճամբար վերադարձան հրաշալիորեն թարմացած, ուրախ և սաստիկ սոված։ Շուտով բոցավառվեց ճամբարային խարույկը։ Հեքը մոտակայքում գտավ վճիտ, սառը ջրի մի աղբյուր, տղաները ընկուզենու և կաղնու լայն տերևներից բաժակներ սարքեցին, զգալով, որ ջուրը, անտառի վրայի գեղեցկությանը միացած, կարող է շատ լավ փոխարինել սուրճին։ Ջոն նախաճաշի համար սկսեց ապուխտ կտրատել, բայց Թոմը ու Հեքը ասացին, որ մի քիչ սպասի։ Գետափին գտան մի խոստումնալից անկյուն և այնտեղ գցեցին իրենց կարթերը։ Համարյա անմիջապես վարձատրվեցին։ Ջոն համբերությունը դեռ չէր կորցրել, երբ նրանք վերադարձան, հետները բերելով բավական քանակությամբ կարմրախայտ, մի քանի արևաձուկ և մի փոքր կատվաձուկ։ Այդ բոլորը բավական էր մի ամբողջ ընտանիքի։ Ձուկը ապուխտի հետ տապակեցին և զարմացան․ ոչ մի ձուկ, մինչ այդ, այդքան համեղ չէր թվացել։ Չգիտեին, որ ինչքան շուտ է գետի ձուկը կրակի վրա դրվում, այնքան համեղ է լինում, չէին մտածում, թե ինչ լավ համեմունք է բացօթյա կյանքը, լողանալը և մանավանդ քաղցը։
Նախաճաշից հետո ստվերում պառկեցին մինչև Հեքը ծխեց, ապա գնացին անտառը հետախուզելու։ Նրանք ուրախ քայլում էին փտող ճյուղերի վրայով, անցնում թփուտների միջով, անտառի արքաների՝ մեծ ծառերի արանքով, որոնք վերից֊վար պատած էին վայրի խաղողի որթով։ Երբեմն հանդիպում էին կանաչ գորգով ծածկված և ծաղիկներով զարդարված հրաշալի անկյունների։
Շատ բաներ գտան, որոնք ուրախացրին նրանց, բայց ոչ մի բան չզարմացրեց։ Գտան, որ կղզին մոտ երեք մղոն երկարություն և քառորդ մղոն լայնություն ունի, որ ամենամոտիկ ափը, կղզուց բաժանված է հազիվ երկու հարյուր յարդ լայնությամբ մի նեղուցով։ Համարյա ժամը մեկ լողանում էին, դրա համար էլ ճամբար վերադարձան հետմիջօրեին։ Սաստիկ սոված էին և չէին կարող ձկնորսություն անել, բայց մեծ ախորժակով սառը ապուխտ կերան, ապա ստվերում պառկեցին զրուցելու։ Շուտով զրույցը դանդաղեց, ապա բոլորովին դադարեց։ Անտառի լռությունը, հանդիսավորությունը և մենակուցյան զգացումը սկսեցին ներգործել տղաների վրա։ Նրանք մտածմունքի մեջ ընկան։ Մի անբացատրելի թախիծ պատեց նրանց։ Այդ ի վերջո որոշակի դարձավ․ տան կարոտն էր։ Նույնիսկ Արյունոտ Ձեռք Ֆինը երազում էր պատշգամբներ ու դատարկ տակառներ։ Բայց բոլորն էլ ամաչում էին իրենց թուլության համար և ոչ մեկն այնքան քաջ չէր, որ իր մտածածի մասին խոսեր։
Որոշ ժամանակ էր արդեն, ինչ տղաները, առանց ուշադրություն դարձնելու, հեռվից մի տարօրինակ ձայն էին լսում, ինչպես մարդիկ լսում են ժամացույցի թիքիթաքը, առանց անդրադառնալու դրան։ Բայց այժմ այդ խորհրդավոր ձայնը դարձավ ավելի շեշտված, ստիպեց լսել։ Տղաներն ականջ դրին և իրար նայեցին։ Մի երկարատև լռություն տիրեց, խորունկ ու անխախտ, հետո հեռվից լսվեց մի խուլ, ահեղ «բոմ»։
― Այդ ի՞նչ է, ― հարցրեց Ջոն շշուկով։
― Չեմ հասկանում, ― պատասխանեց Թոմը շշուկով։
― Դա կարևոր չէ, ― ասաց Հեքլբերին ահաբեկված տոնով, ― որովհետև կայծակը․․․
― Լսիր, ― ասաց Թոմը, ― լսիր, մի խոսիր։
Նրանք մի պահ սսկվեցին, որը նրանց մի դար թվաց, հետո նույն «բոմ»֊ը խանգարեց հանդիսավոր լռությունը։
― Գնանք տեսնենք։
Նրանք վեր թռան և շտապեցին դեպի քաղաքի կողմի ափը։ Ետ տվեցին ափի թփերը և նայեցին ջրի մակերեսին։ Մի փոքր շոգենավ, որ ծառայում էր մի ափից մյուսը մարդիկ տեղափոխելու, քաղաքից մի մղոն ցածր, հոսանքով լողում էր։ Ընդարձակ տախտակամածը մարդկանցով լեցուն էր։ Բազմաթիվ մակույկներ, շոգենավը շրջապատած, գետի հոսանքով ցած էին իջնում, բայց տղաները չէին կարողանում հասկանալ, թե ինչ էին անում նավակների միջի մարդիկ։ Հանկարծ մի մեծ սպիտակ ծուխ դուրս թռավ շոգենավի կողքից և մինչ ծուլորեն տարածվում էր ու բարձրանում, նույն խուլ աղմուկը նորից լսվեց։
― Արդեն հասկացա, ― բացականչեց Թոմը, ― ինչ֊որ մեկը խեղդվել է։
― Ճիշտ է, ― ասաց Հեքը, ― այդ նույն բանը արեցին անցյալ ամառ, երբ Բիլ Տերնըրը խեղդվել էր։ Ջրի վրա թնդանոթ արձակեցին․ դա խեղդվողին ստիպում է ջրի երեսը դուրս գալ։ Այո, վերցնում են նաև հաց ու արծաթ և գցում ջուրը։ Այնտեղ, ուր ջրահեղձ է լինում, հացն ու արծաթը կանգ են առնում։
― Այո, այդ մասին լսել եմ, ― ասաց Ջոն։ ― Բայց չեմ հասկանում, թե ինչից է, որ հացը կանգ է առնում։
― Այստեղ գլխավորը հացը չէ, ― ասաց Թոմը, ― ինձ թվում է, որ կարևորը հացի վրա, ջուրը գցելուց առաջ, ասված խոսքերն են։
― Բայց ոչ մի խոսք չեն ասում հացի վրա, ― ասաց Հեքը։ ― Ես տեսել եմ, ոչինչ չեն ասում։
― Տարօրինակ է, ― ասաց Թոմը, ― գուցե ցածր ձայնով են ասում, իրենք իրենց։ Անշուշտ ասում են։ Կարելի է իսկույն գլխի ընկնել։
Մյուս տղաները համաձայնեցին, որ Թոմի ասածի մեջ տրամաբանություն կա, որովհետև հացի հասարակ կտորը, առանց կախարդանքի, չէր կարող խելացի կերպով գործել, երբ ուղարկվում էր այդքան լուրջ գործի համար։
― Է՜հ, ինչքան կուզեի այժմ այնտեղ լինել, ― ասաց Ջոն։
― Ես էլ, ― ասաց Հեքը։ ― Ամեն ինչ կտայի, իմանալու համար, թե ո՞վ է խեղդվել։
Տղաները շարունակում էին նայել և լսել։ Հանկարծ Թոմի գլխում մի միտք ծագեց, նա բացականչեց․
― Տղաներ, ես գիտեմ, թե ով է խեղդվել։ Այդ մենք ենք։
Մի րոպեում նրանք իրենց հերոսներ զգացին։ Ահա մի հոյակապ հաղթանակ․ նրանց փնտրում էին, սգում, նրանց համար սրտեր էին ճմլվում, արցունքներ էին թափվում։ Գլուխ էին բարձրացրել տղաներին ցույց տրված անխիղճ վերաբերմունքը դատապարտող հիշողությունները և զղջման ու խղճի խայթի զգացմունքները։ Բայց, ամենակարևորը, ամբողջ քաղաքը խոսում է ջրահեղձների մասին, և բոլոր տղաները նախանձում են նրանց փառքին։ Դա հրաշալի էր։ Այս բանից հետո արժեր ծովահեն լինել։
Երբ մթնշաղն իջավ, շոգենավը վերադարձավ իր սովորական աշխատանքին, իսկ մակույկները անհետացան։ Ծովահենները վերադարձան իրենց ճամբարը։ Նրանք սնափառությամբ հրճվում էին իրենց նոր մեծությամբ և այն գլխացավանքով, որ պատճառել էին։ Նրանք ձուկ որսացին, ընթրիք պատրաստեցին, կերան և սկսեցին գուշակել, թե ի՞նչ էր քաղաքը մտածում ու խոսում իրենց մասին։ Ընդհանուր վշտի նրանց պատկերացրած տեսարանները հաճելի էին։ Բայց գիշերվա խավարը գրկեց տղաներին, նրանք աստիճանաբար դադարեցին խոսել և սկսեցին սևեռուն նայել կրակին։ Մտովի, անկասկած, թափառում էին հեռուներում։ Քիչ առաջվա ուրախությունը անցել էր, և Թոմն ու Ջոն հիշում էին իրենց հարազատներին, որոնք հազիվ թե հաճույքով վայելեին այս չարաճճիության պտուղները։ Տարակուսանքը պաշարեց նրանց։ Իրենց անհանգիստ ու դժբախտ զգացին։ Նրանց շրթներից ակամա հառաչանքներ դուրս թռան։ Զգուշությամբ Ջոն միամտաբար հարցրեց, թե ի՞նչ են մտածում մյուսները քաղաքակրթության վերադառնալու մասին, անշուշտ, ոչ անմիջապես, այլ․․․
Թոմը նրան ծաղրեց։ Հեքը, որ դեռևս մասնակից չէր այդ զգացումներին, Թոմի կողմն անցավ, և տատանվող Ջոն անմիջապես «բացատրեց», ուզեց արդարանալ։ Նա ուրախ էր, որ այդքան քչով ազատվեց վախկոտության և տան կարոտ քաշելու մեղադրանքից։ Ապստամբությունն այս անգամ ճնշվեց։
Գիշերը խորացավ։ Հեքն սկսեց ննջել և ի վերջո խռմփացնել։ Ջոն հետևեց նրան։ Թոմը արմունկին հենված որոշ ժամանակ անշարժ պառկած էր և սևեռուն նայում էր մյուս երկուսին։ Հետո զգուշությամբ վեր կացավ ծնկների վրա, սկսեց կրակի լույսով խոտերի մեջ ինչ֊որ բան փնտրել։ Գտավ, զննեց կեչու կևեղի խողովակաձև կտորները, ի վերջո ընտրեց երկուսը, որոնք նրան հարմար թվացին։ Հետո կրակի մոտ ծունկի եկավ և դժվարությամբ յուրաքանչյուրի վրա ինչ֊որ բան գրեց։ Մեկը դրեց իր բաճկոնի գրպանը, իսկ մյուսը՝ Ջոյի գլխարկի վրա, որը նա տիրոջից մի փոքր հեռացրեց։ Նա գլխարկի մեջ դպրոցականի համար անգնահատելի արժեք ունեցող իրեր դրեց, կավճի մի կտոր, ռետինե գնդակ, երեք կարթ և մի գնդիկ, որ «մաքուր բյուրեղ» է կոչվում։ Հետո զգուշությամբ, ոտքի մատների վրա, գնաց ծառերի արանքով։ Երբ զգաց, որ անցել է լսելիության սահմանը, ամբողջ թափով վազեց դեպի ավազոտ ափը։