Այդ տղային ինքը ընդմիշտ կատի։
==Գլուխ XVIII==
Շաբաթ օրվա նույն երեկոյան այնքան էլ ուրախություն չկար փոքր քաղաքում։ Հարպըրները և մորաքույր Պոլիի ընտանիքը սև էին հագնում վշտով ու արցունքով։ Մի անսովոր լռություն տիրեց քաղաքում, որը առանց այն էլ սովորաբար բավական լուռ էր։ Քաղաքացիներն իրենց գործը կատարում էին մտացրիվ և քիչ էին խոսում։ Հաճախ հառաչում էին։ Շաբաթ օրվա հանգիստը ծանր էր թվում երեխաներին։ Նրանք սիրելով չէին խաղում և աստիճանաբար հրաժարվեցին խաղից։
Երեկոյան Բեքի Թեչըրը իրեն գտավ դպրոցի ամայացած բակում շրջելիս։ Շատ տխուր էր։ Բայց այնտեղ մխիթարող ոչինչ չգտավ։ Նա խոսում էր ինքն իր հետ․
― Է՛հ, գոնե նրա պղնձե կոճակը մոտս լիներ։ Այժմ ես ոչինչ չունեմ, որ նրան հիշեցնի, ― և նա կուլ տվեց արցունքը։
Աղջիկը կանգ առավ և ասաց ինքն իրեն․
― Ճիշտ այստեղ էի։ Օ՜հ, եթե նա նորից նույնը աներ, այդ խոսքը չէի ասի, չէի ասի, եթե ամբողջ աշխարհը ինձ տային։ Բայց նա այժմ չկա։ Ես նրան երբեք, երբեք, երբեք չեմ տեսնի։
Այս միտքը ընկճեց Բեկիին, և նա հեռացավ՝ այտերից արցունք գլորելով։ Հետո տղաների ու աղջիկների՝ Թոմի ու Ջոյի ընկերների մի խումբ եկավ և ցանկապատից այն կողմ նայելով, հարգալից տոնով խոսել սկսեց, թե վերջին անգամ, երբ Թոմին տեսան, նա ի՞նչ արեց, ի՞նչ ասաց Ջոն։ Հիշում էին ամեն մի խոսքը, որ այն ժամանակ շատ սովորական էր թվում, բայց իրականում լի էր չարագուշակ մարգարեությամբ, ինչպես արդեն զգում էին բոլորը։ Յուրաքանչյուր խոսող ցույց էր տալիս ճշգրիտ տեղը, թե որտեղ վերջին անգամ կանգնեցին տղաները։ Հետո ավելացնում էին․ «Իսկ ես կանգնել էի ճիշտ այսպես, ինչպես այժմ, իսկ նա՝ քո տեղը։ Ա՛յ, այդքան մոտ էինք, և նա ժպտաց, ճիշտ այսպես, և կարծես մտքով մի բան անցավ, մի տեսակ վատ բան, հասկանո՞ւմ ես, իսկ ես, իհարկե, չհասկացա դրա նշանակությունը։ Հիմա հասկանում եմ։
Հետո վեճ ծագեց, թե ո՞վ է վերջին անգամ ողջ տեսել մեռած տղաներին, և շատերը բազմաթիվ փաստեր բերելով և առավել կամ պակաս թվով ուրիշների վկայակոչելով, այդ պատիվը իրենց էին վերագրում։ Եվ երբ վերջնականապես պարզվեց, թե ով է հանգուցյալներին վերջին անգամ տեսել ու վերջին բառերը փոխանակել նրա հետ, երջանիկները ստացան սրբազան կարևորություն, զարմանք ու նախանձ առաջացրին մյուսների մեջ։ Մի խեղճ տղա, որ ուրիշ ասելիք չէր գտել, պատմեց իր հիշողությամբ բավական հպարտ․
― Թոմ Սոյերը մի անգամ ինձ ծեծեց։
Բայց փառքի ձգտելու այդ ձևը ձախողվեց։ Տղաներից շատերը կարող էին այդ ասել և դա կարևորություն ստանալու համար լավ միջոց չէր։ Խումբը հեռացավ, շարունակելով կորած հերոսների մասին ակնածանքով հուշեր պատմել։
Հաջորդ օրը առավոտյան, երբ կիրակնօրյա դպրոցում դասերը վերջացան, ղողանջեց եկեղեցու զանգը։ Դա սովորական զանգահարություն չէր։ Շատ հանգիստ մի կիրակի էր, և մարդկանց վշտաբեկ մրմնջոցը համապատասխանում էր բնության անդորրին։ Քաղաքացիները սկսեցին հավաքվել, մի պահ կանգ առնելով գավթում՝ շշուկով խոսելու համար տխուր դեպքի մասին։ Բայց ժողովարանում շշուկ չկար։ Միայն հուղարկավոր կանանց հագուստների խշխշոցը, երբ նրանք իրենց տեղերն էին գրավում, խանգարում էր լռությունը։ Ոչ ոք չէր կարող հիշել, թե մինչ այդ փոքրիկ եկեղեցին ե՞րբ էր այդքան լիքը եղել։ Ի վերջո սպասողական լռություն և սպասողական պապանձվածություն տիրեց։ Այնուհետև եկեղեցի մտավ մորաքույր Պոլին, նրա ետևից՝ Սիդն ու Մերին, ապա Հարպըրների ընտանիքը, բոլորը սև հագած։ Ներկաները, ինչպես և ծեր քարոզիչը, հարգանքով ոտքի ելան, մնացին կանգնած, մինչև սգավորները նստեցին առջևի նստարանին։ Ապա նորից լռություն տիրեց, որը ընդհատվում էր զսպված հեկեկանքներով։ Ապա քարոզիչը ձեռքերը լայն բացեց ու աղոթեց։ Մի հուզիչ աղոթք երգեցին, որին հաջորդեց քարոզը՝ «Ես համբարձումն եմ և կյանքը» նշանաբանով։
Քարոզի ընթացքում կրոնավորը կորած տղաների արժեքները, հազվագյուտ շնորհները այնպես նկարագրեց, որ այնտեղ եղածներից յուրաքանչյուրը լիովին հավատալով այդ խոսքերին, ափսոսանք զգաց, որ ինքը միշտ կուրացել էր նրանց նկատմամբ և միայն սխալներ ու չարություններ էր տեսել խեղճ երեխաների մեջ։ Կրոնավորը պատմեց նաև բազմաթիվ հուզիչ դեպքեր հանգուցյալների կյանքից, նկարագրելով նրանց բարի բնավորությունները։ Ժողովուրդը կարող էր հեշտությամբ տեսնել, թե ինչ ազնիվ ու գեղեցիկ էին այդ դեպքերը։ Մարդիկ հեշտությամբ կարող էին տեսնել, թե որքան անսովոր էին եղել այդ երեխաների արածները և տխրությամբ հիշեցին, թե ինչպես նույն արարքները այդ ժամանակ թվում էին հասարակ չարություններ, որոնց համար արժանի էին կաշեփոկի։ Հավաքվածները գնալով ավելի հուզվեցին, քանի շարունակվում էր հուզիչ պատմությունը, մինչև բոլորը միացան լաց եղող սգավորներին։ Նույնիսկ քարոզիչը զգացմունքին հանձնվելով, սկսեց լաց լինել ամբիոնի վրա։
Վերնահարկում ինչ֊որ շարժում կատարվեց, որը ոչ ոք չնկատեց։ Քիչ անց եկեղեցու մուտքի դուռը ճռնչաց։ Քարոզիչը բարձրացրեց արցունքակալած աչքերը և քարացավ։ Նախ մեկ, ապա մի ուրիշ զույգ աչք հետևեցին քարոզչի հայացքին, և հետո, համարյա մի մարդու պես ծխականները վեր կացան և նայեցին։ Երեք մեռած տղաները դեպի բեմն էին քայլում․ առջևից՝ Թոմը, հետո՝ Ջոն, հետո՝ Հեքը, որը քարշ էր տալիս վրայից թափվող ցնցոտիները և ետևում էր մնում։ Նրանք պահվել էին լքված վերնատանը և լսել իրենց համար ասվող դամբանականը։
Մորաքույր Պոլին, Մերին և Հարպըրները նետվեցին դեպի իրենց հարություն առածները, նրանց համբյուրներով ծածկեցին և գոհություն հայտնեցին արարչին, իսկ խեղճ Հեքը կանգնած էր շփոթված և անհանգիստ, չիմանալով, ինչ անել կամ ուր պահվել այսքան անբարեհաճ հայացքներից։ Նա շարժվեց և ուզեց փախչել, բայց Թոմը բռնեց նրան և ասաց․
― Մորաքույր Պոլի, դա արդարացի չէ․ մեկնումեկը պետք է ուրախ լինի Հեքին տեսնելու համար։
― Իհարկե, պետք է ես շատ ուրախ լինեմ նրան տեսնելու համար, խեղճ, անմայր երեխա։ ― Եվ մորաքույր Պոլիի՝ Հեքի վրա շռայլած սիրալիր վերաբերմունքը միակ բանն էր, որ կարող էր տղային հուզել ավելի, քան մինչ այդ որևէ այլ պատճառ։
Հանկարծ քարոզիչը ամբողջ ձայնով որոտաց․
― Օրհնյալ լինի աստված, որից բխում են բոլոր օրհնությունները։ Երգեցեք ամբողջ սրտով։
Եվ նրանք երգեցին։ Հին օրհնությունը թնդում էր հաղթական, և մինչ այն ցնցում էր գերանները, ծովահեն Թոմ Սոյերը նայում էր շուրջը, նախանձող ընկերներին ու մտքում խոստովանում, որ դա իր կյանքի ամենալավ պահն է։
Մինչ «խաբված» ծխականները դուրս էին գալիս, նրանք խոստովանեցին, որ կցանկանային նորից ծիծաղելի լինել, որպեսզի այդ հիմնը մի անգամ էլ նույն ձևով երգեին։
Թոմն այդ օրը ավելի շատ համբյուր ու ապտակ ստացավ, նայած մորաքույր Պոլիի փոփոխվող տրամադրությանը, քան նախկինում կստանար մի տարում։ Տղան չէր կարողանում հասկանալ, թե ինչով է ավելի լավ արտահայտվում գոհությունը աստծո հանդեպ և սերը՝ իր նկատմամբ․ համբյուրներո՞վ, թե ապտակներով։