Թոմն այդ օրը ավելի շատ համբյուր ու ապտակ ստացավ, նայած մորաքույր Պոլիի փոփոխվող տրամադրությանը, քան նախկինում կստանար մի տարում։ Տղան չէր կարողանում հասկանալ, թե ինչով է ավելի լավ արտահայտվում գոհությունը աստծո հանդեպ և սերը՝ իր նկատմամբ․ համբյուրներո՞վ, թե ապտակներով։
==Գլուխ XIX== Սա էր Թոմի մեծ գաղտնիքը՝ իր ծովահեն եղբայրեների հետ տուն դառնալու և իրենց թաղմանը ներկա լինելու ծրագիրը։ Շաբաթ օրվա լուսաբացին նրանք գերանի օգնությամբ գետը անցան, դուրս եկան Միսուրիի ափը՝ քաղաքից հինգ կամ վեց մղոն ցած։ Քաղաքի ծայրամասի մոտ՝ անտառում քնեցին մինչև լուսաբաց, ապա խուլ ճանապարհներով մտան քաղաք և իրենց քունն ավարտեցին եկեղեցու վերնահարկում, հաշմանդամ նստարանների միջև։ Երկուշաբթի առավոտյան, նախաճաշի ժամանակ մորաքույր Պոլին և Մերին շատ սիրալիր էին Թոմի նկատմամբ և ուշադիր՝ նրա ցանկություններին։ Աշխույժ խոսակցություն էր տեղի ունենում։ Զրույցի միջոցին մորաքույր Պոլին ասաց․ ― Լավ, Թոմ, չեմ ասում, թե սրամիտ կատակ չէր բոլորին մի շաբաթից ավելի տանջել, որպեսզի դուք՝ տղաներդ, ուրախ ժամանակ անցկացնեք, բայց ցավալի է, որ դու կարող ես այդքան կարծրասիրտ լինել և ստիպել, որ ես այդպես տառապեմ։ Եթե կարող էիր գերանով գետը անցնել և քո թաղմանը գալ, ուրեմն կարող էիր նաև գալ և մի կերպ ինձ հասկացնել, որ մեռած չես։ Դու միայն փախչել գիտես։ ― Այո, կարող էիր այդ անել, Թոմ, ― ասաց Մերին, ― և ես հավատացած եմ, որ դու այդ կանեիր, եթե մտածեիր։ ― Կանեի՞ր, Թոմ, ― հարցրեց մորաքյուր Պոլին ժպտադեմ, ― ասա, կանեի՞ր, եթե մտքովդ անցներ։ ― Ես․․․ ես․․․ չգիտեմ։ Բայց դա ամեն ինչ կփաչցներ։ ― Թոմ, ես կարծում էի, որ դու ինձ բավական սիրում ես, ― ասաց մորաքույր Պոլին վշտացած, և տղան իրեն վատ զգաց։ ― Եթե նույնիսկ չգայիր, այլ գոնե մտածեիր, դա մի բան կնշանակեր։ ― Մորաքույր, դա դեռ ոչինչ, վնաս չունի, ― ասաց Մերին։ Վատը Թոմի գլխապտույտ պատճառող գործերն են։ Նա միշտ այնքան շտապողականության մեջ է, որ երբեմն ոչ մի բանի մասին չի մտածում։ ― Ավելի վատ։ Սիդը կմտածեր։ Սիդը կգար ու այդպես կաներ։ Թոմ, դու մի օր կզղջաս քո արածների համար և կցանկանաս, որ մի փոքր ավելի իմ մասին մտածած լինեիր, երբ դա այնքան քիչ էր պահանջում քեզնից, բայց արդեն ուշ կլինի։ ― Մորաքույր, դու գիտես, որ սիրում եմ քեզ, ― ասաց Թոմը։ ― Ես այդ ավելի լավ կիմանայի, եթե դու գործով ցույց տայիր։ ― Երանի մտքովս անցներ, ― ասաց Թոմը զգացված տոնով։ ― Բայց այնուամենայնիվ ես երազում տեսա քեզ։ Դա մի բան է, չէ՞։ ― Մեծ բան չէ, այդքանը կատուն էլ է անում, բայց ավելի լավ է, քան ոչինչը։ Ի՞նչ տեսար երազում։ ― Ուրեմն չորեքշաբթի գիշեր երազումս տեսա, որ դու նստել էիր մահճակալի կողքին, Սիդը՝ տախտակե արկղի վրա, իսկ Մերին՝ նրա կողքին։ ― Այո, այդպես էինք նստել։ Մենք միշտ այդպես նստում ենք։ Ուրախ եմ, որ գոնե երազումդ այդքան մտածում ես մեր մասին։ ― Ես տեսա նաև, որ Ջո Հարպըրի մայրը ձեզ հետ էր։ ― Ճիշտ է, նա այստեղ էր։ Ուրիշ բան չտեսա՞ր։ ― Շատ բան տեսա, բայց հիմա շատ աղոտ եմ հիշում։ ― Դե լավ, փորձիր մտաբերել, չե՞ս կարող։ ― Կարծեմ քամին ․․․ քամին հանգցնում էր․․․ հանգցնում էր․․․ ― Փորձիր ավելի լավ հիշել։ Քամին փչում էր, դե՛, փորձիր։ Թոմը մատները ճակատին դրեց։ Մի րոպե կենտրոնացած ու մտահոգ մնաց, հետո ասաց․ ― Հիշեցի, հիշեցի։ Քամին հանգցնում էր մոմը։ ― Ողորմյա մեզ, աստված։ Շարունակիր, Թոմ, շարունակիր։ ― Կարծեմ դու ասացիր․ «Ինձ թվում է, որ դուռը․․․ ― Շարունակիր, Թոմ։ ― Մի րոպե մտածեմ, մի րոպե։ Այո, այո, դու ասացիր, թե դուռը բաց է մնացել։ ― Այո, այստեղ նստած՝ ես այդ բանն ասացի։ Ասացի, չէ՞, Մերի։ Շարունակիր։ ― Հետո, հետո, վստահ չեմ, բայց թվում է, որ դու Սիդին ուղարկեցիր և․․․ ― Հետո՜, հետո՜, ո՞ւր ուղարկեցի, Թոմ։ Ի՞նչ անելու ուղարկեցի, Թոմ։ ― Դու ուղարկեցիր, ուղարկեցիր, այո, ուղարկեցիր դուռը ծածկելու։ ― Աստված իմ, կյանքումս նման բան չէի լսել։ Էլ չասեք, թե երազները ոչինչ չեն նշանակում։ Հիմա, անմիջապես կվազեմ և Սերենի Հարպըրին կպատմեմ այս բոլորը։ Տեսնենք ինչպես կվերաբերվի այս բոլորին իր ամբողջ անհավատությամբ։ Շարունակիր, Թոմ։ ― Այժմ ամեն ինչ ցերեկվա պես պարզվում է։ Սկզբում դու ասացիր, որ ես ոչ թե վատն եմ, այլ պարզապես չար և թեթևսոլիկ և իմ արածների համար պատասխանատու եմ այնքան, ինչքան․․․ ինչքան․․․ կարծեմ ասացիր քուռակը կամ դրա նման մի բան։ ― Ճիշտ այդպես էլ ասացի։ Ա՜խ, տեր աստված։ Շարունակիր, Թոմ։ ― Հետո դու սկսեցիր լաց լինել։ ― Այո, լաց եղա, լաց եղա, թեև ոչ առաջին անգամ։ Հետո՞․․․ ― Հետո միսիս Հարպըրը սկսեց լալ և ասաց, որ նույնն էր նաև Ջոն, կուզենար, որ սերուցքի համար նրան ծեծած չլիներ, մանավանդ, որ այդ սերուցքը ինքը դուրս էր թափել։ ― Թոմ, սուրբ հոգու լույսը իջել է վրադ․ դու մարգարեանում էիր, այո, ահա թե դու ինչ էիր անում։ Աստված մեծ է․․․ Շարունակիր, Թոմ։ ― Հետո Սիդն ասաց․․․ նա ասաց․․․ ― Չեմ կարծում, որ ես բան ասած լինեմ, ― ասաց Սիդը։ ― Ասացիր, Սիդ, ― միջամտեց Մերին։ ― Լռեցեք և թողեք, որ Թոմը շարունակի։ Նա ի՞նչ ասաց, Թոմ։ ― Նա ասաց․․․ կարծեմ ասաց, որ ես ավելի լավն եմ իմ գնացած տեղում, բայց եթե ավելի բարի լինեի․․․ ― Ահա, լսո՞ւմ ես․ ճիշտ է, նրա բառերն են։ ― Եվ դու անմիջապես լռեցիր։ ― Այո, լռեցի։ Այստեղ պետք է մի հրեշտակ լինի։ Այստեղ հրեշտակ է եղել։ ― Եվ միսիս Հարպըրը պատմեց, թե ինչպես Ջոն վախեցրել է իրեն խաղալիք֊ատրճանակով, իսկ դու պատմեցիր Պիտերի՝ «ցավ կտրող» դեղի մասին։ ― Դա այնքան ճիշտ է, որքան ճիշտ է, որ ես այժմ ապրում եմ։ ― Եվ հետո երկար խոսք եղավ, թե ինչպես մեզ փնտրել եք գետում և կիրալի օրը մեր թաղումն եք անելու, այնուհետև դուք և խեղճ միսիս Հարպըրը իրար գրկեցիք ու լաց եղաք, հետո նա գնաց։ ― Ճիշտ այդպես եղավ, ճիշտ այդպես եղավ։ Այնքան ճիշտ է, ինչքան այն, որ ես նստել եմ այստեղ։ Թոմ, դու ավելի ճիշտ չէիր նկարագրի, եթե տեսած լինեիր։ Հետո ի՞նչ, Թոմ, շարունակիր։ ― Հետո, կարծեմ, դու աղոթեցիր ինձ համար։ Ես քեզ տեսնում էի ու լսում քո ասած յուրաքանչյուր բառը։ Հետո անկողին մտար, իսկ ես այնքան ցավում էի քեզ համար, որ վերցրի ծառի մի կեղև և վրան գրեցի․ «Մենք չենք մահացել, մենք պարզապես ծովահեններ ենք դարձել» և դրեցի սեղանի վրա, մոմի մոտ։ Եվ դու այնքան բարի էիր քնած ժամանակ, որ ես մոտեցա, խոնարհվեցի վրադ և շրթունքներդ համբուրեցի։ ― Ճի՞շտ, Թո՛մ, համբուրեցի՞ր։ Դրա համար ես ամեն ինչ ներում եմ քեզ, ― և այնպես ուժեղ գրկեց ու կրծքին սեղմեց տղային, որ Թոմն իրեն զգաց ամենամեծ հանցավորը։ ― Շատ լավ բան է եղել, թեկուզ երազում, ― նկատեց Սիդը լսելի ձայնով։ ― Լսիր, Սիդ։ Մարդ երազում անում է այն, ինչ կաներ, եթե արթուն լիներ։ Ահա քեզ ամենամեծ խնձորը, Թոմ, որ քեզ համար էի պահում, եթե գտնվեիր։ Հիմա գնա դպրոց։ Ես շնորհակալ եմ բարի աստծուց, մեր բոլորի երկնակալ հորից, որ նորից քեզ վերադարձրեց, շնորհակալ եմ նրա սրտից, որ բարի և համբերատար է բոլորի նկատմամբ, բոլորի, ովքեր հավատում և հետևում են իր խոսքերին, իմ նկատմամբ, թեև ես անարժան եմ։ Միայն ընտրայլներն են արժանի նրա օգնությանը և նրա ձեռքին, որպեսզի անցնեն դժվար ճանապարհներով, որտեղ շատ քչերը կարող են ժպտալ ու հասնել հանգստի, երբ մեծ գիշերը գա։ Գնացեք, Սիդ, Մերի, Թոմ, հեռացեք այստեղից, դուք ինձ բավական չարչարեցիք։ Երեխաները դպրոց գնացին, իսկ ծեր լեդին՝ միսիս Հարպըրի մոտ, որպեսզի Թոմի հրաշալի երազով նրա ռեալիզմը ոչնչացնի։ Սիդը չասաց այն, ինչ մտածում էր տնից հեռանալիս։ Նա մտածում էր․ ― Այդքան երկար և անսխալ երա՞զ կլինի։ Ի՜նչ հերոս էր դարձել այժմ Թոմը։ Նա ոչ վազում էր, ոչ էլ թռչկոտում, այլ քայլում էր վեհ արժանապատվությամբ, ինչպես կաներ ծովահենը, որն իր վրա զգում է ամբողջ հասարակության հայացքը։ Եվ իրոք դա այդպես էր։ Անցնելիս նա փորձեց հայացքները չտեսնել և իր մասին արվող նկատողությունները չլսել, բայց դրանք տղայի համար հաց ու ջուր էին։ Փոքր երեխաները կրնկակոխ հետևում էին Թոմին՝ հպարտ, որ կարող են նրա հետ երևալ, իսկ նա հանդուրժում էր դրանց՝ իր կողքին։ Կարծես թափորի գլուխն անցած թմբկահար լիներ, կամ քաղաք մտնող գազանների առջևից քայլող փիղ։ Հասակակից տղաները ձևացնում էին, թե իբր բոլորովին չգիտեն նրա բացակայության մասին, բայց, այնուամենայնիվ, նախանձում էին։ Ամեն ինչ կտային Թոմի արևահար մորթը և փայլուն հռչակն ունենալու համար, իսկ Թոմը դրանցից չէր բաժանվի, նույնիսկ եթե կրկեսը տային։ Դպրոցում երեխաները այնպես էին վերաբերվում նրան ու Ջոյին, այնպես պերճախոս հիացում էր արտահայտում նրանց հայացքը, որ երկու հերոսներն սկսեցին անտանելի կերպով «փքվել»։ Նրանք հափշտակված ունկնդիրներին պատմեցին իրենց արկածները, բայց միայն սկիզբը։ Դա անվերջանալի մի պատմություն էր, քանի որ նրանց երևակայությունը շարունակ մի բան ավելացնում էր։ Վերջապես, երբ հանեցին իրենց ծխամորճները և սկսեցին անվրդով ծխել, փառքի գագաթնակետին հասան։ Թոմը որոշեց, որ այժմ կարող է Բեքի Թեչըրից անկախ լինել։ Փառքը բավարար էր։ Նա կարող էր փառքով ապրել։ Այժմ, երբ ինքը հռչակավոր էր, գուցե աղջիկն ուզենար «հաշտվել»։ Թող փորձի։ Կտեսնի, որ Թոմը կարող է այնքան անտարբեր լինել, ինչքան ուրիշները։ Այդ պահին եկավ Բեքին։ Թոմը ձևացրեց, թե չի տեսնում։ Մի կողմ քաշվեց, միացավ տղաների ու աղջիկների մի խմբի և շարունակեց խոսել։ Շուտով նկատեց, որ Բեքին կարմրած դեմքով ու վառվող աչքերով ետ ու առաջ է վազում, ձևացնելով, թե ընկերներին է հալածում։ Նա ծիծաղից պայթում էր, երբ հաջողվում էր որևէ մեկին բռնել։ Բայց Թոմը նկատեց, որ միշտ իր շուրջն է պտտվում և հարմար պահերին իր կողմն է նայում։ Դա շոյում էր Թոմի ինքնասիրությունը, բայց փոխանակ այդ զգացումը հաղթահարելու, տղան շարունակում էր ցույց տալ, թե իբր չի նկատում աղջկա ներկայությունը։ Այդ ժամանակ Բեքին թողեց վազվզելը և անվճռական քայլերով հեռացավ, մի քանի հառաչանք արձակելով և վախեցած ու գաղտնի հայացքներ գցելով Թոմի կողմը։ Հետո նկատեց, որ Թոմը առավել ուշադրությամբ խոսում է Էմի Լաուրենսի հետ, քան ուրիշների։ Նա սուր ցավ զգաց, հանկարծ սկսեց ձանձրանալ ու անհանգստանալ։ Փորձեց հեռանալ, բայց որտքերը դավաճանեցին և նրան տարան դեպի խումբը։ Թոմի կողքին գտնվող աղջիկներից մեկին նա ասաց․ ― Մերի Օստին, վատ աղջիկ, ինչո՞ւ կիրակնօրյա դպրոց չէիր եկել։ ― Եկել էի, դու ինձ չտեսա՞ր։ ― Ո՛չ, եկե՞լ էիր։ Որտե՞ղ էիր նստել։ ― Միս Պիտերիսի դասարանումն էի, ինչպես միշտ։ Ես քեզ տեսա։ ― Տեսա՞ր։ Զարմանալի է, որ ես քեզ չտեսա։ Ուզում էի քեզ ասել պիկնիկի մասին։ ― Ա՜, հրաշալի է, ո՞վ է կազմակերպում։ ― Մայրս ինձ թույլ է տալիս կազմակերպել։ ― Ա՜, սքանչելի է․ հույս ունեմ, որ ինձ կհրավիրի։ ― Դե, անշուշտ։ Պիկնիկն ինձ համար է կազմակերպվում։ Նա կհրավիրի բոլոր նրանց, ում ես ուզեմ։ Իսկ ես ուզում եմ, որ դու գաս։ ― Դու շատ բարի ես։ Ե՞րբ է լինելու։ ― Շուտով։ Գուցե արձակուրդներին։ ― Օ՜, ինչ հրաշալի բան կլինի։ Բոլոր տղաներին ու աղջիկներին կանչելո՞ւ ես։ ― Այո, բոլոր նրանց, ովքեր իմ բարեկամներն են կամ ուզում են լինել։ ― Եվ նա գաղտնի նայեց Թոմին, որն այդ ժամանակ Էմի Լաուրենսին պատմում էր կղզում եղած սարսափելի փոթորկի մասին, թե ինչպես կայծակը կտոր֊կտոր արեց թեղի խոշոր ծառը, երբ ինքը ծառից միայն երեք ոտնաչափ էր հեռու։ ― Ես կարո՞ղ եմ գալ, ― հարցրեց Գրեյսի Միլըրը։ ― Այո։ ― Իսկ ե՞ս, ― հարցրեց Սալի Ռոջերսը։ ― Այո։ ― Ե՞ս էլ, ― ասաց Սյուզի Հարպըրը, ― Ջոն է՞լ։ ― Այո։ Եվ այդպես բոլորն էլ ուրախ ծափ էին տալիս, մինչև բոլորն էլ խնդրեցին, որ իրենց հրավիրեն, բացի Թոմից ու Էմիից։ Հետո Թոմը սառնորեն շուռ եկավ և շարունակելով խոսել, հեռացավ Էմիի հետ։ Բեքիի շրթունքները դողացին, և աչքերը արցունքով լցվեցին։ Նա դրանք քողարկեց շինծու ուրախությամբ և շարունակեց շաղակրատել, բայց պիկնիկը կորցրեց իր հետաքրքրությունը, ինչպես ամեն ինչ։ Նա առաջին իսկ առիթով հեռացավ ընկերուհիներից և մի տեղ պահվելով մի «կուշտ» լաց եղավ, ինչպես վարվում են գեղեցիկ սեռին պատկանողները։ Հետո մռայլ, վիրավորված հպարտությամ նստեց մինչև զանգը հնչեց։ Նա վեր կացավ՝ աչքերում վրեժխնդրություն, թափ տվեց հյուսերը և ասաց, թե այժմ գիտե իր անելիքը։ Դասամիջոցին Թոմը շարունակեց սիրահետել Էմիին մեծ բավականությամբ։ Նա ուզեց Բեքիին գտնել և կատաղեցնել իր արածով։ Ի վերջո գտավ, բայց նրա ուրախությունը հանկարծ փչացավ։ Բեքին դպրոցի հետևում, մի փոքր նստարանի նստած՝ զրուցում և պատկերազարդ մի գիրք էր դիտում Ալֆրեդ Տեմպլերի հետ․ այնքան կլանված էին նրանք, գրքի վրա նրանց գլուխները այնքան մոտիկ էին, որ կարծես իրենց շուրջը ոչինչ չէին տեսնում։ Նախանձը կրակի պես հոսեց Թոմի երակներում։ Նա սկսեց իրեն ատել Բեքիի տված հաշտության առիթը բաց թողնելու համար։ Իրեն հիմար և ամեն տեսակի վատ անուններ տվեց։ Ուզեց կատաղությունից լաց լինել։ Քայլելիս Էմին շարունակում էր ուրախ շաղակրատել, որովհետև նրա սիրտը երգում էր, մինչդեռ Թոմի լեզուն կապ էր ընկել։ Նա չէր լսում Էմիի ասածը, իսկ երբ աղջիկը լռում էր և պատասխանի սպասում, Թոմը դժկամությամբ մի խոսք էր մրթմրթում, հաճախ անտեղի։ Նա շարունակ դպրոցի ետևն էր գնում, թեև այդ ատելի տեսարանը նրան տանջում էր։ Տղան չէր կարողանում այլ կերպ վարվել։ Եվ նա խենթանում էր այդ բանը տեսնելով։ Նրան թվում էր, թե Բեքի Թեչըրին չի էլ հետաքրքրում իր գոյությունը։ Բայց աղջիկը հրճվում էր, տեսնելով, որ այժմ էլ տղան է տառապում։ Էմիի ուրախ շաղակրատանքը անտանելի դարձավ։ Թոմն ասաց, թե ինչ֊որ գործեր ունի, անհետաձգելի գործեր։ Ժամանակ չկա․․․ Բայց իզուր, աղջիկը շարունակում էր խոսել։ Թոմը մտածեց․ «Է՜, գրողը տանի, երբեք չե՞մ կարողանալու սրանից օձիքս ազատել»։ Ի վերջո նա պարտավոր էր իր գործերն անել։ Աղջիկն ասաց, որ դասերն ավարտվելուց հետո «շրջակայքում» կլինի։ Թոմը շտապեց հեռանալ, ատելով այդ աղջկան։ «Մի ուրիշ տղա», մտածեց Թոմը ատամները կրճտացնելով, «Թող մի ուրիշ տղա լիներ ամբողջ քաղաքից, բացի սենտլուիզցի այս մեկից, որն այնքան լավ է հագնվում և իրեն արիստոկրատ է համարում։ Է՜հ, շատ լավ․ առաջին օրն իսկ, երբ այս քաղաքը եկար, ես քեզ ծեծեցի, միստր, և նորից կծեծեմ։ Սպասիր, մինչև դրսում բռնեմ քեզ, սպասիր․․․»։ Եվ Թոմը սկսեց երևակայական տղային ծեծել, ձեռքերն օդում թափահարելով, աքացի տալով և խոսելով․ ― Ախ, դո՞ւ ես, հա՞։ Դե խնդրիր, որ խնայեմ։ Առ քեզ։ Թող դա քեզ դաս լինի։ Եվ այդպես, երևակայական այդ կռիվը ավարտվեց Թոմի հաղթանակով։ Կեսօրին Թոմը տուն փախավ։ Նա այլևս չէր կարողանում դիմանալ Էմիի միամիտ երջանկությանը, իսկ նախանձը այլևս չէր կարողանում դիմանալ վշտին։ Բեքին ավարտեց Ալֆրեդի հետ նկարներ նայելը, բայց որովհետև րոպեներն անցնում էին, և Թոմը չէր վերադառնում տառապելու, հաղթանակը սկսեց ամպոտել և հետաքրքրությունը կորցրեց։ Լրջությունը և անուշադրությունը հաջորդեցին, որից հետո եկավ թախիծը։ Մի անգամ նա ականջ դրեց ոտնաձայնի։ Զուր հույսեր։ Թոմը չեկավ։ Ի վերջո աղջիկն իրեն բոլորովին դժբախտ զգաց։ Երանի խաղն այդքան հեռու տարած չլիներ։ Երբ խեղճ Ալֆրեդը տեսնելով, որ կորցնում է նրան, շարունակեց բացականչել․ «Ահա մի հրաշալի նկար, սրան նայիր», աղջիկը ի վերջո համբերությունից դուրս եկավ և ասաց․ «Է՜հ, հանգիստ թող ինձ, ձանձրացա»։ ― Նա լաց եղավ ու վեր կենալով հեռացավ։ Ալֆրեդը քայլեց նրա կողքով, ուզեց մխիթարել, բայց Բեքին ասաց․ ― Հեռացիր և ինձ մենակ թող։ Ես քեզ ատում եմ։ Տղան կանգ առավ, մտածելով, թե ինչ վատ բան կարող էր արած լինել։ Չէ՞ որ աղջիկն ասում էր, թե ամբողջ բողջ հետմիջօրեն նկարներ կնայի, իսկ այժմ լաց լինելով հեռանում էր։ Ալֆրեդը սկսեց շրջել ամայի դասարանում։ Նա ստորացված և բարկացած էր։ Հեշտությամբ գուշակեց ճշմարտության ճանապարհը, աղջիկը պարզապես իրեն օգտագործեց Թոմ Սոյերին չարացնելու, վրեժ լուծելու համար։ Երբ այդ եզրակացության եկավ, ավելի ատեց Թոմին։ Ուզեց որևէ ձևով Թոմից վրեժ լուծել, առանց իրեն վտանգելու։ Աչքովն ընկավ Թոմի ընթերցանության գիրքը։ Ահա և առիթը։ Նա բացեց այդ օրվա դասի տեղը և ամբողջ էջի վրա թանաք լցրեց։
Այդ պահին լուսամուտից նայող Բեքին տեսավ նրա արարքը և առանց նշմարվելու հեռացավ։ Տուն գնաց, մտածելով, որ պետք է Թոմին գտնել և ասել։ Թոմը շնորհակալ կլինի, և անախորժությունները կվերջանան։ Տան կես ճանապարհին չհասած, նա փոխեց միտքը։ Հիշեց Թոմի վերաբերմունքը պիկնիկի մասին խոսելիս և ամաչեց։ Որոշեց․ թող նրան ծեծեն, ընթերցանության գիրքը կեղտոտելու համար։
Այդ տղային ինքը ընդմիշտ կատի։
==Գլուխ XIX==