Changes
:Սովոր իրերը քեզ չեն շեղի: Ծխախոտը, լուցկին, սուրճը ձախիդ տակ են, թուղթը՝ աջիդ, առօրյայիդ հետ լեզու գտիր, կորուստներիդ հետ հաշտվիր նորից, ծրագրերդ համարիր չեղյալ, մտահոգություններդ խորը ներս գցիր, - ստոր մարդիկ իրենց արժանի մահ կգտնեն, առաքինի հոգիները մի բանով, էլի, կմխիթարվեն (շատ որ չեղավ՝ կմեռնեն թեթև), ծախվածները կարժանանան զավակների արհամարհանքին, ճշմարիտ խոսքը սիրո նման նույնիսկ քար սիրտը թեկուզ մեկ անգամ թունդ կհանի - համարիր, որ այդպես կլինի, խելքդ տուն կանչիր, հայացքդ շուռ տուր դեպի ներս, աստված մեծ է՝ պիտի որ տեսնես քեզ այն օրվա մեջ:
:Մտքիդ ընթացքին մի բռնանա, ինչի որ տեր ես, թող հայացքիդ առջևով անցնի, պատկանելությունը հաստատի՝ գնա: Այս թռուցիկ զորատեսը միգուցե քեզ ուժ ու կորով տա: Այս պատկերի առաջ էլ կանգ առ, մանրամասները մտապահելու նման նայիր ու շուռ տուր պատին՝ շրջված էլ քոնն է. մի ջահել աղջիկ քո կյանքը մտավ երկուշաբթի օրվա նման անկասելի, քո կողքին, նաև՝ ընտանիքիդ, կանգնեց շիտակ, անավելորդ՝ վերջին պահին շնչասպառ-ցնծուն տեղ հասած, ընտանեկան լուսանկարը ամբողջացնող դեմքը, որպես թե՝ հեռու քաղաքից տարեմուտին հասած լինի սիրելի դուստրդ, որպես թե կինդ իր հարկի տակ իրեն նման - իրենից ջահել քույր ունենա, որին մի թեթև խանդելու է ամուսնու հանդեպ, - այսպես նա կա՝ շունչը թեթև և ճակատագրիդ գծի բեկվելը մի քիչ էլ պիտի նրա թափանցիկ ափին երևա.. Ոչ, ճակատագրապաշտ երբեք չես լինի, դա մի անհամ փափկություն ունի, դրանով արագ հափշտակվում են ո կերակերպվում հեզ արվամոլի... Բայց այսպես եղավ, այս ուշ տարիքում մետակ շորով գարնան առաջին, սառը անձրևի տակ մնացիր, անծանոթ մեկին ներսդ առաջ վերջին շնչի պես անբռնելի, ու քանի նա կա շունչը թեթև է, պահ է գալիս՝ թվում է քեզ, թե գերեմանից ետ շտապող հուղարկավորներիդ կտաս կանցնես՝ գլխարկդ կիպ աչքերիդ քաշելով:
: ...Բայց սիրո մասին՝ զգույշ, տղա. երեխաներդ հասնում են սիրո տարիքին: Եվ մահվան մասին կամաց խոսիր, որ մորդ գյուղում գեշ երազ չգա - տարին բոլորեց, չտեսար նրան: Այսպես չտեսար, չտեսար, հորդ և կանուխ մի զանգ քեզ որբերի շարքերն անցկացրեց: Զանգը կանուխ էր քաղաքի համար, գյուղում վերջին աքլորականչից վաղուց անց էր: Ժամեր առաջ, կեսգիշերին, եղբայրներդ՝ երկու հասուն որբ, դուրսը՝ գերանի երկու ծայրին երեսները իրարից շրջած սպասելու էին լուսաբացին և փոքրի կարիքը ամեն պահ փղձկալու աստիճան զգալու էին, որովհետև իրենք որբ էին ու գիտեին, դու որբ էիր, բայց չգիտեիր, քո չիմանալով մահն անհեթեթ էր, քո իմանալն էլ ժամանակի մեջ երկրորդ մահն էր: Որովհետև իրենք մեծ էին, որբությունը քեզ էր հասնում ամենից առաջ: