Changes
― Ես շատ քիչ բան կարող եմ պատմել, սըր, ― պատասխանեց նա։ ― Ռոզերհայթում, գետափի նրբանցքներում, նա ինչ֊որ գործ էր հետաքննում և, հավանաբար, այնտեղ էլ վարակվել է։ Չորեքշաբթի կեսօրին պառկեց և մինչև այսօր վեր չի կացել։ Այս ամբողջ երեք օրը բերանը ոչինչ չի դրել։
― Աստված իմ, իսկ դուք ինչու՞ ինչո՞ւ բժիշկ չհրավիրեցիք։
― Թույլ չտվեց, սըր։ Դուք գիտեք, թե նա ինչ իշխող բնավորություն ունի։ Ես չհանդգնեցի չլսել նրան։ Բայց դուք անմիջապես կտեսնեք՝ նրան շատ քիչ է մնացել ապրելու։
Իրոք, սարսափելի էր Հոլմսին նայելը։ Նոյեմբերյան մառախլապատ օրվա աղոտ լույսի տակ նրա ննջասենյակը բավականին մռայլ թվաց։ Բայց ինձ առանձնապես խոցեց նրա հյուծված, տանջահար դեմքը՝ բարձերի ֆոնի վրա։ Նրա աչքերը տենդագին փայլում էին, այտերը հիվանդագին կարմրություն ունեին, շրթունքները մգացել էին։ Նուրբ ձեռքերը ջղաձգորեն շարժվում էին վերմակի վրայով, ձայնը խռպոտ էր և բեկված։ Երբ ես սենյակ մտա, նա անշարժ պառկած էր, սակայն աչքերում ինչ֊որ բան առկայծեց․ անկասկած ճանաչեց ինձ։
— Դե, Ուոտսոն, ինչպես երևում է, վատ ժամանակներ են սկսվել,— ասաց նա թույլ ձայնով, սակայն իր նախկին կատակող տոնով։
― Թանկագին բարեկամ, ― բացականչեցի ես, մոտենալով նրան։