Այս փեսայիս ես երբեք չեմ վստահել, քանի որ նա սիրում է մոդայով զուգվել․ քսան զույգ կրծքապանակ ունի, չնայած կինը քորիչների մի համաչափ շարան էլ չունի։ Բայց ի՞նչ արած, այդ աղջիկն ինքը իր ձեռքով փորեց փոսը, թող հիմա էլ մտնի մեջը։ Բայց եթե մարդ այդքան հետաքրքրվում է հագուստներով, անուշահոտ հոդաքսանյութերով ու շքեղության այլ առարկաներով, իսկ ստանում է հեղուկ ծախողի աշխատավարձ (նա իրեն անվանում է «հիդրոսենսորային ինժեներ»), արդեն մի քիչ զարմանում ես։
Եվ նա միշտ փորձում է տարբեր հիմար ավանտյուրաների միջոցով այստեղից֊այնտեղից լրացուցիչ եկամուտ կորզել, իսկ ես պիտի ֆինանսավորեմ նրան իմ դառը քրտինքով, այն հաղթանդամ կանաչ վեներացիների հետ առևտուրով ձեռք բերած խնայողություններից։ ոնց Ոնց որ անցյալ տարի, կպավ իր այդ մասնավոր ամպ սարքողով։ Ես ասացի՝ ախր դա ո՞ւմ է պետք։ Բայց կինս պնդեց, որ նրան օգնեմ, և նա իհարկե վառվեց։ Հետո նոր ծրագիր հղացավ՝ այս անգամ էլ ուզում էր, որ ես գնեմ փայլփլուն երկրորդ կարգի սինթետիկ բրդից գործվածքներ Վեգա 2֊րդից (դրանք նա գտել էր Հելիգոպորտում)։
Ես նրան ասացի․
Բայց իմ փեսան ամեն ինչին պատրաստ պատասխան ունի, և նա ինձ ասաց․
― Լսիր, պապա, ինչ չիմանամ֊չիմանամ, այդ վեներացիների սովորույթներին ու ապրելակերպին մի քիչ ծանոթ եմ։ Այդ մարդիկ, որանք որոնք անտառների խորքից միանգամից այստեղ են եկել, սեր ունեն ծիսական պարերի և վառ գույների հանդեպ։ Բնական բան չի՞։
Մի խոսքով, չերկարացնելու համար ասեմ, որ չնայած զգում էի, որ սխալ է, բայց, թողեցի ինձ համոզի ու քաշի այդ ավանտյուրի մեջ։ Բնականաբար, այդ փայլփլուն գործվածքները պետք է ինքս տեսնեի, որովհետև փեսայիս չեմ վստահի մի չթի կտոր էլ գնահատի։ Իսկ դա նշանակում էր գալակտիկայի կեսն անցնել մինչև Մարս՝ Հելիգոպորտ։ Դրա համար էլ սկսեցի պատրաստվել։
Ոչ ոք չէր ուզում հետս գիտակցափոխվել։ Չեմ էլ մեղադրում նարնց՝ նրանց՝ ո՞վ իր կամքով կգա Աքելսես 5-րդի պես մոլորակ, բացի վեներացի գաղթականներից, որոնք կյանքում ավելի լավ բան չեն տեսել։ Բայց մի օր կարդացի այդ մարսեցու՝ Զե Կրագգաշի հայտարարությունը, թե ուզում է վարձով տալ իր մարմինը, քանի որ գիտակցությունն ուղարկում է սառնարան, երկարատև հանգստի։ Ահագին թանկ էր, բայց ի՞նչ արած․․․ Ես մի քիչ փող ստացա, մարմինս վարձու տալով ընկերներիցս մեկին, որը մինչև մկանային կոմյոտոզիսի պատճառով անկողնուն գամվելը քվարենց որսող էր եղել։ Հետո գնացի գիտակցափոխության բյուրո և պրոյեկտվեցի Մարս։
Պատկերացրեք ինչ զգացի, երբ տեսա, որ ինձ ոչ մի մարմին չի սպասում։ Բոլորը վազվում են, փորձում պարզել, թե ինչ է եղել ինձ ընդունող մարմնին, նույնիսկ փորձեցին ինձ ետ ուղարկել Աքելսես 5֊րդ,բայց չստացվեց, որովհետև ընկերս արդեն իմ մարմնով գնացել էր արշավանքի՝ քվարենց որսալու։