Changes
― Հա՞։ Օրինակ, կարո՞ղ ես գործարկել մոնքալմամետաղե խառատահաստոց՝ ղեկավարման գերզգայուն վահանակով և ձեռքի խոտանիչով։ Չէ՞։ Իսկ գուցե գլուխ հանես մասնիկների ակընթարթային սեպարատորի՞ց։ Դա էլ ճաշակովդ չի, հը՞․․․ Վեգայում մի վիրաբույժ ունեմ, որը մարդ է ման գալիս իր ներվ֊իմպուլսային֊շեղման֊սիմուլյատորը ղեկավարելու (հին մոդել, երկու պեդալով)։ Դա էլ ուզածդ չի՞։ Մենք Պոտեմկին 2֊րդում ջազ֊բանդ ունենք, որին ստամոքսաեղջյուրահար է պետք, իսկ Բոյոթսում մի ռեստորան, որը կարիք ունի քթենսիսյան ճաշատեսակներ լավ իմացող խոհարարի։ Հը, էլի չբռնե՞ց։ Միգուցե կարող ես ծաղիկնե՞ր հավաքել Մորիգլիայում, իհարկե, պետք է ի վիճակի լինես ամենաշատը հինգ վայրկյանում կանխազգալ, թե որն է ծաղկելու։ Կամ կարող ես մարմնակետային զոդում անել, թե որ քաջությունդ հերիքի, կամ ֆիլոպոդ ռեկլամային պրոյեկտ ղեկավարել, կամ սողացող ընձյուղի միջանկյալ սիստեմներ կառուցել, կամ․․․ բայց չեմ կարծում, որ ասածներիցս մեկնումնեկը սրտիդ մոտ է, հը՞։
Ֆլինը գլուխը տարուբերեց և մրմնջաց․
― Ես այդ գործերից ոչինչ չեմ հասկանում, սըր։
― Պատկերացնո՞ւմ ես,― ասաց Մաքհոնըրին,― դա ինձ այնքան չի զարմացնում, ինչքան քեզ թվում է։ Իսկ կա՞ մի բան, որ կարող ես անել։
― Քոլեջում ես սովորում էի․․․
― Դու ինձ կյանքդ մի՛ պատմի։ Ինձ հետաքրքրում է քո ընդունակությունը, հմտությունը, տաղանդը, մասնագիտությունը, հնարավորությունը, անվանի ոնց ուզում ես։ Կոնկրետ, ի՞նչ կարող ես անել։
― Դե,― ասաց Մարվինը,― եթե հարցն այդպես է դրվում, առանձնապես ոչ մի բան։
― Գիտեմ,― ասաց Մաքհոնըրին, հառաչելով։― Դու ոչ որակյալ ես՝ դա ճակատիդ է գրված։ Սիրելիս, քեզ երևի հետարքիր կլինի իմանալը, որ ոչ որակյալ գիտակցություն կեղտից շատ կա։ Շուկան հեղեղված է նման գիտակցություններով, իսկ տիեզերքում դրանցից տեղ ու դադար չկա։ Քեզ երևի հետաքրքիր կլինի իմանալ՝ չկա մի բան, որը մեքենան չի անի քեզնից լավ, արագ ու ավելի պատրաստակամ։
― Ափսոս, որ այդպես է, սըր,― ասաց Մարվինը, տխուր, սակայն արժանապատվորեն։ Նա շրջվեց, որ հեռանա։
― Մի րոպե,― ասաց Մաքհոնըրին։― Դու կարծեմ աշխատանք էիր ուզում։
― Բայց դուք ասացիք․․․
― Ես ասացի դու որակյալ չես, և դա այդպես է։ Եվ ես ասացի, որ մեքենան կարող է ամեն ինչ անել ավելի լավ, արագ ու պատրաստակամ, բայց ոչ ավելի էժան։
― Ա՛հ,― ասաց Մարվինը։
― Հա, էժանության տեսակետից դուք դեռ առավելություն ունեք մեքենաների հանդեպ։ Եվ դա մեր ժամանակներում մեծ բան է։ Ես միշտ մարդկային ցեղի արժանիքն եմ համարել, որ այն երբեք չափից դուրս չի բազմանում։ Մեր բնազդները սիտպում են մեզ շատանալ, մինչդեռ բանականությունը հրամայում է զսպել այդ մոլուցքը։ Մենք մնան ենք այն հորը, որը շատ որդիներ է ծնել, բայց ճար է ձնտրում ազատվելու բոլորից, բացի մեծից։ Մենք բնազդը կույր ենք անվանում, սկայն բանականությունն էլ է կույր։ Բանականությունն ունի իր կրքերը, սերն ու ատելությունը, ոչ երնեկ այն մտածողին, որի կատարյալ ու ռացիոնալ սիստեմը հիմնված չէ պրիմիտիվ զգացմունքների վրա։ Այդպիսի մարդուն մենք իրավունք չունենք նորմալ համարելու։
― Ես դա չգիտեի,― ասաց Մարվինը։
― Գրողը տանի, դա ակնհայտ է,― ասաց Մաքհոնըրին։― Բանականության նպատակաը մարդկային ցեղն անգործության մատնելն է։ Բարեբախտաբար, դա երբեք չի հաջողվի։ Մարդը միշտ էլ աշխատանքում կգերազանցի մեքենային։ Սևագործ աշխատանք կճարվի բոլորի համար։
― Վատ չէ,― կասկածանքով ասաց Ֆլինը։― Եվ, իհարկե, շատ հետաքրքիր է։ Բայց երբ Փենգլ Սրախոսն ասաց, որ գամ ձեզ մոտ, ես մտածեցի․․․
― Էյ, ինչ ասացի՞ր,― բացականչեց Մաքհոնըրին։― Դու Սրախոսի ընկե՞րն ես։
― Կարելի է այդպես ասել,― պատասխանեց Ֆլինը, խուսափելով բացարձակ ստից։
― Հենց սկզբից պիտի ասեիր։ Ճիշտ է, դա ոչինչ չէր փոխի, քանի որ ասածներս սկզբից մինչև վերջ համապատասխանում էին իրականությանը։ Բայց այդ դեպքում ես քեզ կասեի, որ ոչ որակյալ լինելն ամոթ բան չի, գրողը տանի, բոլորս էլ դրանից ենք սկսում։ Եթե կարճատև տեղափոխման ժամանակ եռանդ ցուցաբերես, շատ արագ որակ ձեռք կբերես։
― Հուսով եմ, սըր,― ասաց Ֆլինը՝ նա զգուշացավ, տեսնելով, որ Մաքհոնըրին բարեկամական տոնի է անցել։― Իսկ ինձ համար մի բան կգտնվի՞։
― Կգտնվի,― ասաց Մաքհոնըրին։― Մեկ շաբաթանոց պայմանագիր է, եթե դուրդ չգա էլ, մի շաբաթ դիմանալ կարելի է։ Հաճելի ու համատեղելի աշխատանք է, մաքուր օդին, և առանձնապես խելքին զոռ տալու կարիք չի լինի։ Աշխատանքային պայմանները լավն են, ղեկավարները՝ հմուտ, բանվորները՝ կարգին մադրիկ։
― Հրաշալի է հնչում,― ասաց Ֆլինը։― Հապա ի՞նչը այնպես չէ։
― Դե, այդ աշխատանքով չես հարստանա,― ասաց Մաքհոնըրին,― մի խոսքով, փողի կողմից գոչծը լավ չի։ Բայց, գրողը տանի, երկու երնեկ մի տեղ չի լինում։ Այդ մի շաբաթը քեզ հնարավորություն կտա կշռադատելու, մյուս բանվորների հետ խոսելու, անելիքդ որոշելու։
― Ի՞նչ աշխատանք է,― հարցրեց Մարվինը։
― Պաշտոնապես կոչվում է Ութեքայի երկրորդ կարգի ինդագատոր։
― Տպավորիչ անուն է։
― Ուրախ եմ, որ դուրդ գալիս է։ Դա նշանակում է, որ պիտի ձվեր փնտրես։
― Ձվե՞ր։
― Ձվեր։ Կամ, ավելի կոնկրետ փնտրես, իսկ փնտրելուց հետո հավաքես լեռնային գանզերի ձվեր։ Ո՞նց է, գլուխ կհանե՞ս։
― Ես կուզեի ավելի շատ բան իմանալ հավաքման տեխնիկայի, աշխատանքային պայմանների և․․․
Նա կանգ առավ, քանի որ Մաքհոնըրին դանդաղ, տխուր օրորում էր գլուխը։
― Դու կարող ես պարզել, երբ այնտեղ կլինես։ Ես քեզ տուրիստական ուղևորություն չեմ առաջարկում, որ դեռ չեմուչում անես։ Ուզո՞ւմ ես, թե՞ չէ։
― Ուրիշ աշխատանք կա՞։
― Ոչ։
― Ուրեմն ուզում եմ։
― Խելոք որոշում ընդունեցիր,― ասաց Մաքհոնըրին։ Նա գրպանից մի թուղթ հանեց։― Սա պետականորեն հաստատված ստանդարտ պայմանագիր է, գրված կռո֊մելդերեն՝ Մելդե 2֊րդի պետական լեզվով։ Կռո֊մելդերեն կարդալ գիտե՞ս։
― Ցավոք ոչ։
― Այդ դեպքում, ինչպես պահանջում է օրենքը, ես քո համար կթարգմանեմ կարևոր նախադասությունները։ Այսպես, ուրեմն․․․ սովորական հայտարարություն այն մասին, որ ընկերությունը պատասխանատու չէ հրդեհի, երկրաշարժի, ատոմային պատերազմի, հին արևի մարելու կամ նոր արևի ծագելու, աստծո կամ աստվածների պատուհասների դեպքում և այլն։ Ընկերությունը համաձայնում է վարձել քեզ ամսեկան մեկ վարկ աշխատավարձով, չհաշված՝ ճանապարհածախսը Մելդե։ Մելդեում ընկերությունը քեզ կապահովի մելդեական մարմնով, մի ձեռք հագուստով, ուտելիքով ու օթևանով, հոգ կտանի առողջությանդ և բարեկեցությանդ մասին, չհաշված այն ժամանակ, երբ չի կարողանա այդ անել, որի դեպքում չի անի, իսկ դու այդ թերացումը սրտիդ մոտ չպիտի ընդունես։ Այս և ուրիշ ծառայությունների փոխարեն դու պետք է կատարես հրահանգներն ու հանձնարարությունները՝ բացարձակապես վերաբերող գանզերի ձվեր գտնելուն ու հավաքելուն։ Եվ թող աստված գթա քո հոգին։
― Ներեցեք, ինչպե՞ս,― հարցրեց Ֆլինը։
― Վերջինը պարզապես ստանդարտ դիմելաձև է։ Ըհը, կարծես թե վերջ։ Դու, իհարկե, պիտի երաշխավորես, որ չես անի սաբոտաժ, լրտեսությւոն, չես դրսևորի անհարգալից վերաբերմունք, անհնազանդություն և այլն, ու որ կխուսափես ու հեռու կմնաս սեռական այլանդակություններից, որոնք նկարագրված են Հոֆմայերի «Մելդեական այլասերումների կատալոգում»։ Նաև երաշխավորում ես չհրահրել պատերազմ, լվացվել ոչ պակաս, քան երկու օրը մեկ, պարտքեր չանել, հարբեցող կամ խելագար չդառնալ, և բազմաթիվ այլ բաներ, որոնց դեմ ոճ մի խելքը գլխին մարդ չի առարկի։ Այդքան բան։ Եթե կարևոր հարցեր ունես, կփորձեմ պատասխանել։
― Այդ բաները,― ասաց Ֆլինը,― որ պետք է երաշխավորեմ․․․
― Դա կարևոր չէ,― ասաց Մաքհոնըրին․․․― Աշխատանքն ուզո՞ւմ ես, թե ոչ։ Այո կամ ոչ։
Մարվինը կասկածներ ուներ, սակայն դժբախտաբար, ընտրելու հնարավորություն չկար, և դա տվյալ իրավիճակում կասկածներն անիմաստ էր դարձնում։ Մի կարճ ակնթարթ նա հիշեց խուզարկուին, հետո վճռականորեն հեռու վանեց այդ միտքը։ Ինչպես ասաց Մաքհոնըրին՝ ինչքա՞ն վատ կարող է լինել, չէ՞ որ ընդամենը մեկ շաբաթ է։ Ուստի Մարվինը համաձայնեց, իր հոժարությունը գրանցելով էջի ստորին մասում գիտակցազգայուն ունիվերսալ ստորագրիչի միջոցով։ Մաքհոնըրին նրան առաջնորդեց Տեղափոխման կենտրոն, որտեղից գիտակցություններն ուղարկվում էին գալակտիկայով մեկ, մտքից միլիոնավոր անգամ ավլեի արագ։
Հաջորդ բանը, որ տեսավ Մարվինը, այն էր, որ ինքը Մելդեում է, մելդեական մարմնով։
==ԳԼՈՒԽ 9==
<references/>