Changes
/* Գլուխ 10 */
Մարվինը գանզերի ձվին նայեց մի նոր ձևով՝ ավելի հարգալից։ Այժմ նա հասկացավ, թե ինչի համար էին իրեն աքցան տվել։ Նա մոտ բերեց աքցանը և զգուշորեն փակեց ծնոտները բաղձալի սֆերոիդի վրա։
Բաղձալի սֆերոիդը ռետինե գնդակի նման հեռու ցակտեց։ Մարվինը քառատրոփ արշավեց ետևից, փորձելով ցանցը վրան գցել։ Գանզերի ձուն խույս տալով ու ցատկոտելով սլանում էր դեպի թավուտը։ Մարվինը հուսահատ նետեց ցանցը և հաջողությունը ժպտաց նրան։ Գանզերի ձուն բռնվեց։ Այն անշարժ պառկած էր, բաբախելով այնպես, ասես շունչը կտրվում էր։ Մարվինը զգույշ մոտեցավ՝ պատրաստ նոր խորամանկությունների։ Փոխարենը գանզերի ձուն խոսեց։
― Լսեք, պարոն,― խուլ ձայնով ասաց այն։― Ձեր ուզածն ի՞նչ է։
― Ներեցե՞ք,― չհասկացավ Մարվինը։
― Լսեք,― ասաց գանզերի ձուն։― Ես ինձ համար հանգիստ զբոսայգում նստած եմ, ոչ մեկին չեմ խանգարում, և հանկարծ գալիս եք դուք ու ցնդածի նման նետվում եք վրաս․ ճխլում ուսս և ընդհանրապես պահում եք ձեզ ամենավերջին խուլիգանի պես։ Դե, բնականաբար, ես մի քիչ տաքացա։ Իսկ ո՞վ չէր տաքանա։ Ուստի որոշեցի մի կողմ քաշվել գնալ, որովհետև այսօր հանգստյանս օրն է, և ես փորձանքի մեջ ընկնելու ցանկություն չունեմ։ Ու մեկ էլ տեսնեմ, առ հա՛, վրաս ցանց եք գցում, կարծես ես մի գրողի տարած ձուկ եմ կամ թիթեռ կամ չգիտեմ ինչ։ Հիմա ուզում եմ իմանալ, սա ի՞նչ բան է։
― Հըմ,― ասաց Մարվինը,― ախր դուք գանզերի ձու եք։
― Ես տեղյակ եմ,― ասաց գանզերի ձուն։― Իհարկե գանզերի ձու եմ։ Իսկ ի՞նչ է, դրա դեմ օրե՞նք է դուրս եկել, արգելե՞լ են։
― Իհարկե ոչ,― ասաց Մարվինը։― Բայց բանն այն է, որ ես գանզերի ձվեր եմ որսում։
Մի վայրկյան լռություն տիրեց։ Հետո գանզերի ձուն ասաց․
― Բարի չէի՞ք լինի կրկնել։
Մարվինը կրկնեց։ Գանզերի ձուն ասաց․
― Հա՜, ուրեմն ճիշտ եմ լսել։― Նա նյարդայնությունից կամաց ծիծաղեց։― Կատակում եք, չէ՞։
― Ներեցեք, բայց ոչ։
― Իհարկե, կատակում եք,― ասաց գանզերի ձուն, ձայնի մեջ հուսահատության երգան։― Դե լավ, դուք ուրախացաք, հիմա բավական է, թողեք ինձ։
― Ներեցեք․․․
― Թո՛ղ ինձ։
― Չեմ կարող։
― Ինչո՞ւ։
― Որովհետև ես գանզերի ձվեր եմ որսում։
― Աստված իմ,― ասաց գանզերի ձուն,― կյանքումս ավելի անմիտ բան չեմ լսել։ Դու ինձ նախկինում չես հանդիպել, չէ՞։ Բա ինչո՞ւ ես ինձ որսում։
― Ինձ վարձել են, որպեսզի գանզերի ձվեր որսամ։
― Լսիր, երիտասարդ, չլինի՞ ուզում ես ասել, որ ընկած որսում ես ամեն պատահած գանզերի ձու։ Ու կարևոր չի, թե ո՞րը։
― Հենց այդպես։
― Եվ դու չես փնտրում որևէ կոնկրետ գանզերի ձու, որը գուցե քեզ վատությո՞ւն է արել։
― Ոչ, ոչ,― ասաց Մարվինը։― Ես նախկինում երբեք գանզերի ձվի չեմ պատահել։
― Երբեք․․․ և որսո՞ւմ ես․․․ ես երևի խելքս թռցնում եմ։ Երևի լավ չեմ լսում։ Այսպիսի բաներ իրական կյանքում չեն պատահում։ Չլինի՞ ինչ֊որ սարսափելի մղձավանջ է․․․ այդպիսի խելագար մղձավանջեր լինում են՝ ինչ֊որ խելառի մեկը սուսուփուս գալիս է, քեզ ճանկում և հանգիստ ձայնով ասում՝ բանն այն է, որ ես գանզերի ձվեր եմ որսում։
Լսիր, երիտասարդ, կա֊չկա կատակում ես, չէ՞։
Մարվինը շփոթված էր ու ջղայնացած, նա միայն մի բան էր ուզում՝ որ գազերի ձուն ձայնը կտրի։ Նա կտրուկ պատասխանեց․
― Ես չեմ կատակում։ Իմ աշխատանքը գանզերի ձվեր հավաքելն է։
― Հավաքելը․․․ գանզերի ձվե՜ր,― տնքաց գանզերի ձուն։― Օ ոչ, ոչ, ոչ, ոչ՜։ Աստված իմ, չեմ կարող հավատալ, որ սա իրականություն է և, այնուամենայնիվ, սա իսկապես իրականություն է, իսկապես․․․
― Քեզ զսպիր,― ասաց Մարվինը՝ գանզերի ձուն ուր որ է հիստերիայի մեջ պիտի ընկներ։
― Շնորհակալություն,― մի րոպե հետո ասաց գանզերի ձուն։― Հիմա լավ եմ։ Ես չէի ուզում գոռալ, ինքնիրեն ստացվեց։
― Ոչինչ,― ասաց Մարվինը,― հիմա պատրա՞ստ ես, որ քեզ հավաքեմ։
― Ես ուզում եմ ընտելանալ այդ մտքին։ Դա այնքան․․․ այնքան․․․ լսիր, կարելի՞ է քեզ մի հարց տալ։
― Միայն թե արագ,― ասաց Մարվինը։
― Ես ուզում եմ հարցնել,― ասաց գանզերի ձուն,― դու այս տեսակ բաներից ինչ֊որ հաճո՞ւյք ես ստանում։ Ուզում եմ ասել, հո այլասերվածի մեկը չե՞ս։ Միայն խնդրում եմ, մի նեղացիր։
― Ոչինչ, ոչինչ,― ասաց Մարվինը։― Ոչ, ես այլասերված չեմ և հավատացնում եմ քեզ, որ սրանից հաճույք չեմ ստանում։ Պարզապես աշխատանքս է այդպիսին։
― Պարզապես աշխատանքս,― կրկնեց գանզերի ձուն։― Աշխատա՛նք։ Առևանգել գանզերի ձուն, որին նախկինում երբեք չես հանդիպել։ Պարզապես աշխատա՛նք։ Ոնց որ գետնից քար վերցնես։ Միայն թե ես քար չեմ, ես գանզերի ձո՛ւ եմ։
― Հասկանում եմ,― ասաց Մարվինը։
― Ներողություն,― ասաց գանզերի ձուն։― Հիմա լավ եմ։
― Ես իրոք շատ եմ ցավում այս ամենի համար,― ասաց Մարվինը։― Բայց սա իմ աշխատանքն է, ինձնից պահանջվում է հավաքել որոշակի քանակությամբ ձվեր և եթե չանեմ, ստիպված կլիօնեմ կյանքիս մնացած մասն այստեղ անցկացնել։
― Գիժ է,― շշնջաց գանզերի ձուն,― բացարձակ ու կատարյալ խելագար։
― Ես պետք է քեզ հավաքեմ,― վերջացրեց Մարվինը և ձեռքը մեկնեց։
― Սպասի՛ր,― բղավեց գանզերի ձուն այնքան խուճապահար ձայնով, որ Մարվինը ետ քաշվեց։
― Ուրիշ ի՞նչ կա․․․
― Կարո՞ղ եմ․․․ կարո՞ղ եմ կնոջս երկտող թողնել։
― Ժամանակ չկա,― վճռականորեն ասաց Մարվինը։
― Այդ դեպքում գոնե կթողնե՞ս աղոթեմ։
― Եղավ, աղոթիր,― ասաց Մարվինը։― Բայց իրոք պիտի շտապես։
― Օ տե՜ր աստված,― երգեցիկ ձայնով ասաց գանզերի ձուն։― Չգիտեմ, թե այս ինչ է կատարվում ինձ հետ, կամ ինչու։ Ես միշտ փորձել եմ լավը լինել, ու թեև եկեղեցի կանոնավոր չեմ հաճախում, բայց դու, իհարկե, գիտես, որ իսկական հավատը սրտում է լինում։ Գուցե կյանքումս որոշ վատ բաներ արել եմ, չեմ հերքում։ Բայց տեր իմ, ինչո՞ւ այս պատիժը։ Ինչո՞ւ ինձ։ Ինչո՞ւ ոչ ուրիշ մեին, որն իսկապես վատն է՝ որնէ ոճրագործի։ Ինչ֊որ բան գալիս ու հավաքում է ինձ, կարծես թե ես որևէ իր եմ․․․ չեմ հասկանում։ Բայց գիտեմ, որ դու ամենաիմաստունն ես ու ամենահզորը և գիտեմ, որ բարի ես, ուստի պետք է որ պատճառ լինի․․․ Նույնիսկ եթե խելքս չի հերիքում այդ պատճառը տեսնելու։ Դե լավ, աստված, երևի այդպես է հարկավոր։ Բայց կարո՞ղ եմ խնդրել, որ հոգաս կնոջս ու երեխաներիս մասին։ Եվ հատկապես փոքրի։― Գանզերի ձվի ձայնը խզվեց, սակայն նա միանգամից զգաստացավ։― Հատկապես խնդրում եմ փոքրի համար, տեր իմ, որովհետև նա կաղ է և մյուս երեխաները ծաղրում են նրան, ու նա շատ․․․ շատ կարիք ունի սիրո։ Ամեն։
Գանզերի ձուն արցունքները կուլ տվեց։ Նրա ձայնը միանգամից խստացավ։
― Դե լավ,― ասաց նա Մարվինին։― Այժմ ես պատրաստ եմ։ Սկսիր, արա անելիքդ, կեղտոտ շան որդի։
Բայց գանզերի ձվի աղոթքը կատարելապես զինաթափել էր Մարվինին։ Թաց աչքերով ու դողացող սմբակներով, Մարվինը բացեց ցանցը և ազատ արձակեց իր գերուն։ Գանզերի ձուն մի քիչ հեռու գլորվեց, իսկ հետո կանգ առավ, ակնհայտորեն վախենալով ինչ֊որ չար կատակից։
― Դու․․․ դու սա լո՞ւրջ ես անում,― ասաց այն։
― Լուրջ,― ասաց Մարվինը։― ես այս տեսակ աշխատանքի համար չեմ ստեղծված։ Չգիտեմ, թե ճամբարում ինձ ինչ կանեն, բայց երբեք այլևս գանզերի ձու չեմ հավաքի։
― Օրհնյալ լինի անունն աստծո,― կամացուկ ասաց գանզերի ձուն։― Ես կյանքումս շատ տարօրինակ բաներ եմ տեսել, բայց ինձ թվում է, որ նախախնամության աջը․․․
Գանզերի ձվի հիպոթեզը (հայտնի որպես միջանկյալ սոփեստություն) ընդհատեց թավուտից լսվող չարագույժ մի աղմուկ։ Մարվինը շրջվեց և հիշեց Մելդե մոլորակի վտանգների մասին։ Չնայած զգուշացմանը, ինքը մոռացել էր։ Եվ այժմ, հուսահատ, Մարվինը փնտրում էր բլաստերը, որը խճճվել էր ցանցի մեջ։ Նա նետվեց դեպի բլաստերը, մի կերպ հանեց, լսեց գանզերի ձվի նախազգուշական ճիչը․․․
Հետո ինչ֊որ ուժ կատաղորեն գետնեց նրան։ Բլաստերը թռավ֊ընկավ խոտերի մեջ։ Եվ Մարվինի աչքերի դեմ հառնեցին զրահապատ մի ճակատ ու երկու նեղ սև աչք։
Բացատրության կարիք չկար։ Ֆլինը գիտեր, որ հանդիպել է մեծահասակ դիակպուտ գանզերի և հանդիպել է ամենաանբարենպաստ հանգամանքներում։ Հանցանշանները (եթե հանցանշանների կարիք կար) չափից դուրս ակներև էին՝ ձեռքի մոտ անիծյալ ցանցը, մատնող ակնոցը, ամեն ինչ ասող աքցանը։ Իսկ վզի դիմաց հսկա թեփամորթի ատամնավոր ծնոտներն էին, այնքան մոտ, որ Մարվինը տեսնում էր ոսկե սեղանատամը և ժամանակավոր ճենապակե ատամնալիցքը։
Մարվինը փորձեց շարժվել։ Գանզերը սեղմեց նրան յակի թամբի չափսի թաթով, նրա ժաման ճանկերը, որ հսկա ունելիի մեծության էին, անխղճորեն խրվեցին Մարվինի ոսկեգույն մորթու մեջ։ Թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վայր իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․