Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 51 589 բայտ, 20:34, 9 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 11 */
Եվ կրկին Մարվինի հայացքի դեմ հառնեցին գազանի նեղ սև աչքերը, նեղ զրահապատ ճակատը և նա տեսավ, որ թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վար իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․

― Սպասի՛ր,― գոռաց Մարվինը։

― Ինչո՞ւ,― հարցրեց գանզերը։

Մարվինը չէր հասցրել մտածել, թե ինչու։ Նա լսեց գանզերի ձվի մրթմրթոցը։ «Այդպես էլ պետք է, թող իր կաշվի վրա զգա։ Բայց և այնպես, նա ինձ լավ վերաբերվեց։ Ասենք թե ի՞մ ինչ գործն է։ Վիզդ քեզ քաշիր, քանի կճեպդ չեն կոտրել։ Բայց և այնպես․․․»։

― Ես չեմ ուզում մեռնել,― ասաց Մարվինը։

― Չեմ էլ կասկածում, թե կուզես,― բավական ընկերավարի ասաց լեռնային գանզերը։― Եվ, իհարկե, ուզում ես ինձ հետ այդ հարցը քննարկել։ Էթիկա, բարոյականություն և այլն։ Բայց ոչ, վախենում եմ չի ստացվի։ Մեզ հատուկ նախազգուշացրել են, որ չթողնենք մելդեցին խոսի։ Զգուշացրել են, որ պարզապես անենք վերջացնենք մեր աշխատանքը և չանձնավորենք։ Գործդ արա ու անցիր հաջորդին։ Պարզապես հոգեկան հիգիենա։ ՈՒստի, եթե բարի լինես աչքերդ փակել․․․

Ծնոտները մոտեցան։ Սակայն Մարվինը, որին ցնցել էր հանկարծակի մի ենթադրություն, բղավեց․

― Ինչ ասեցի՞ք, աշխատա՞նք։

― Իհարկե աշխատանք,― ասաց գանզերը։― Ոչ մի անձնական բան։― Նա խոժոռվեց, բացահայտորեն նեղսրտվելով, որ խոսեց։

― Աշխատա՞նք։ Ձեր գործը մելդեցիներ որսա՞լն է, այո՞։

― Անկասկած։ Այս Գանզեր մոլորակը բացի մելդեցի որսալուց էլ ինչի՞ համար է պիտանի։

― Բայց ինչո՞ւ եք որսում նրանց,― հարցրեց Մարվինը։

― Դե, նախ գանզերի ձուն կարող է լրիվ հասունանալ միայն չափահաս մելդեցու մակաբուծակիր մարմնում։

― Լսիր,― ասաց գանզերի ձուն, ամոթից գլորվելով,― արժե՞, որ այդքան մանրանանք։ Դու տեսե՞լ ես, որ ես խոսեմ քո բնական ֆունկցիաների մասին։

― Եվ երկրորդ,― շարունակեց գանզերը,― մեր միակ արտահանման առարական մելդեցիների մորթիներն են, որոնք չորացնելուց ու դաբաղելուց հետո օգտագործվում են որպես կայսերական պատմուճաններ Տրիանա 2֊րդում, բախտավորության թալիսմաններ Նեմոյում և որպես աթոռների ծածկոցներ Կրայսլեր 30֊րդում։ Անորսալի ու մահացու վտանգավոր մելդեցիների հանդեպ այս պահանջարկը քաղաքակրթության տանելի աստիճանի պահպանման միակ եղանակն է և․․․

― Այդ նույն բաներն էլ ի՛նձ են ասել,― գոչեց Մարվինը և արագ կրկնեց մենեջերի պատմածները։

― Աստվա՜ծ իմ,― բացականչեց գանզերը։

Այժմ երկուսն էլ հասկացան ճշմարիտ իրավիճակը․ մելդեցիները ծայրահեղ կախվածության մեջ էին գանզերիներից, իսկ գանզերներն իրենց հերթին ծայրահեղ կախվածության մեջ էին մելդեցիներից։ Երկու այդ ցեղերը որսում էին իրար, ապրում ու մեռնում իրար համար, բայց կուրացած սեփական նենգությունից, չէին նկատում ոչ մի կապ իրար մեջ։ Կապը վերին աստիճանի սիմբիոտիկ էր, բայց ցեղերից և ոչ մեկը մազաչափ իսկ պատկերացում չուներ այդ մասին։ Ցեղերից յուրաքանչյուրը ձևանում էր, թե միայն ինքն է բանական քաղաքակրթության ներկայացուցիչ, իսկ մյուսը անասնական է, քամահրելի ու անկարևոր։

Եվ այժմ թե՛ Մարվինի և թե՛ գանզերի մտքով անցավ, որ նրանք, հավասար չափով, «մարդկության» ներկայացուցիչներ են։ Նույնը, իհարկե, վերաբերում է նաև գանզերի ձվին։

Այդ գաղափարը սրասափեցրեց նրանց, բայց գանզերի ծանր թաթը դեռ շարունակում էր գետնին սեղմված պահել Մարվինին։

― Երկիմաստ վիճակում եմ,― մի քիչ անց ասաց գանզերը։― Առաջին բնական մղումս քեզ ազատ թողնելն է, բայց ես այս մոլորակում պայմանագրով եմ աշխատում, որի համաձայն․․․

― Ուրեմն դուք իսկական գանզեր չե՞ք։

― Ոչ։ Ես քեզ նման գիտակցափոխ եմ և եկել եմ Տերրայից։

― Իմ հայրենի մոլորա՛կը,― գոչեց Մարվինը։

― Ես արդեն գլխի էի ընկել,― պատասխանեց գանզերը։― Ժամանակի ընթացքում սկսում ես տարբերել զանազան գիտակցությունների հատկանշական գծերը և սովորում ես ճանաչել քո հայրենակիցներին մտածողության ու խոսելաձևի փոքրիկ յուրահատութկուններից։ Ես կարծում եմ, որ դու ամերիկայի արևելքից ես, երևի Քընեքտիքատից կամ Վերմոնթից։

― Նյու Յորք նահա՛նգ,― գոռաց Մարվինը,― Սթենհոուփից եմ։

― Իսկ ես Սարանքը Լեյքից,― ասաց գանզերի ձուն։― Անունս Օթիս Դագըբերթ է, և ես երեսունհինգ տարեկան եմ։

Եվ արտաբերելով այդ բառերը, գանզերը թաթը վերցրեց Մարվինի կրծքից։

― Մենք հարևաններ ենք,― կիսաձայն ասաց նա։― Ուստի չեմ կարող սպանել քեզ, ճիշտ այնպես, ինչպես, վստահ եմ, դու ուժ չէիր գտնի ինձ սպանելու, եթե հնարավորություն ունենայիր։ Եվ այժմ, երբ գիտենք ճշտմարտությունը, կասկածում եմ, թե ի վիճակի կլինենք մեր սարսափելի աշխատանքը կատարելու։ Բայց դա տխուր բան է, քանի որ պայմանագրային կարգապահության խախտում է, ինչը պատժվում է ծայրահեղ խստությամբ։ Իսկ դու գիտես, թե դա ինչ է նշանակում։

Մարվինը տրտմորեն գլխով արեց։ Նա չափից դուրս լավ գիտեր։ Մարվինը գլուխը վար խոնարհեց, և նա լուռ ու անմխիթար նստեց իր նորընկած ընկերոջ կողքին։

― Ոչ մի ելք չեմ տեսնում,― ասաց Մարվինը մի քիչ խորհըրդածելուց հետո։― Երևի կարելի է մի քանի օրով թաքնվել անտառում, բայց վաղ թե ուշ մեզ անկասկած կգտնեն։

Հանկարծ գանզերի ձուն խոսեց։

― Դե լավ, լավ, գուցե այնքան անհույս չի, ինչքան կարծում եք։

― Ի՞նչ նկատի ունես,― հարցրեց Մարվինը։

― Դե,― ասաց գանզերի ձուն, գոհութնակությունից չալպուտուրիկվելով,― լավության տակից արժե դուրս գալ։ Ճիշտ է, մեկ էլ տեսար լավություն անեմ ու եռացրած ջուրն ընկնեմ․․․ Բայց հերն էլ անիծած։ Ես երևի կարողանամ երկուսիդ էլ օգնել, որ փախչեք այս մոլորակից։

Մարվինն ու Օթիսը սկսեցին շռայլորեն իրենց երախտագիտությունը արտահայտել, բայց գանզերի ձուն միանգամից ընդհատեց նրանց։

― Գուցե շնորհակալություն չհայտնեք, երբ տեսնեք, թե ինչ է սպասում առջևում,― չարագույժ ձայնով ասաց նա։

― Սրանից վատ չի կարող լինել,― ասաց Օթիսը։

― Դուք կիմանաք,― անկիրք ձայնով ասաց գանզերի ձուն։― Երևի շատ զարմանաք․․․ Այս կողմ, պարոնայք։

― Բայց ո՞ւր ենք գնում,― հարցրեց Մարվինը։

― Ճգնավորի մոտ,― պատասխանեց գանզերի ձուն և լռեց։ Նա վճռականորեն գլորվեց, իր ետևից տանելով Մարվինին ու Օթիսին։

==Գլուխ 13==

Անձրևների անտառով՝ կուսական ու գանզերներից (կամ մելդեցիներից, նայած ձեր տեսակետին) զերծ, նրանք քայլում էին ու գլորվում, զգոն վտանգի հանդեպ։ Սակայն ոչ ոք չէր սպառնում նրանց, և ի վրջո Մարվինն, Օթիսն ու գանզերի ձուն հասան մի բացատի։ Բացատի կենտրոնում տեսան մի անողորկ տնակ։ Տնակի առջև մի ցնցոտիավոր արարած էր պպզել։

― Ահա և ճգնավորը,― ասաց գանզերի ձուն։― Խելառի մեկն է։

Երկու տերրացիներն այդ նորության մասին մտածելու ժամանակ չունեցան։ Ճգնավորը ոտքի ելավ ու գոչեց․

― Կանգնե՛ք, և ոչ մի քայլ առաջ։

Հայտնեք, թե ո՞վ եք, որտեղի՞ց։

― Ես Մարվին Ֆլինն եմ,― ասաց Մարվինը,― իսկ սա իմ ընկեր Օթիս Դագըբերթն է։ Մենք ուզում ենք փախչել այս մոլորակից։

Ճգնավորը թվում է չլսեց նրան, նա շոյեց իր երկար մորուքը, մտախոհ այեց ծառերի գագաթներին և ցածր, մռյալ ձայնով ասաց․

― Մինչ պահ այս բախտորոշ, երամը սագերի

Թռավ֊անցավ՝ աղետ գուշակելով,

Եվ բուն՝ տխուր ասպետը խավարի,

Եկավ լքյալ հյուղակն իմ մենավոր,

Զուրկ բնության շռայլ պարգևներից։

Աստղերը, երկնքում կայծկլտալով,

Ավետեցին գալուստն արքաների։

― Նա ուզում է ասել,― բացատրեց գանզերի ձուն,― որ նախագզում էր ձեր գալը։

― Հո ցնդա՞ծ չի,― հարցրեց Օթիսը։― Նրա խոսելու ձևը․․․

― Բացատրություն եմ պահանջում, և չեմ ների

Իմ գանգը սողոսկող ճիճվին այն չարանգնեգ․

Որ բույն կուզե հյուսել դավի ու մատնության,― ասաց ճնգավորը։

― Նա չի ուզում, որ շշնջաք իրար մեջ,― թարգմանեց գանզերի ձուն։― Այդ բանը նրա մոտ կասկածներ է հարուցում։

― Դա ես ինքս էլ կարող էի գլխի ընկնել,― ասաց Ֆլինը։

― Դե գնա, քո էլ․․․,― ասաց գանզերի ձուն։― արի սրանից հետո լավություն արա․․․

Ճգնավորը մի քանի քայլ մոտեցավ, կանգ առավ ու ասաց․

― Ի՞նչ և ինչո՞ւ այստեղ, փախստակա՛ն։

Մարվինը նայեց գանզերի ձվին, որը համառորեն լռում էր։ Ուստի, գուշակելով բառերի իմաստը, Մարվինն ասաց․

― Սըր, մենք փորձում ենք փախչել այս մոլորակից և եկել ենք ձեզնից օգնություն խնդրելու։

Ճգնավորը գլուխն օրորեց ու ասաց․

― Ի՞նչ բիրտ լեզու է սա․ բրդոտ ոչխարն անգամ

Մտքերն իր ավելի պատշաճ կարտահայտեր։

― Ի՞նչ է ուզում ասել,― հարցրեց Մարվինը։

― Շատ խելոքն ես, ինքնդ գլխի ընկիր,― ասաց գանզերի ձուն։

― Կներես, եթե քեզ վիրավորել եմ,― ասաց Մարվինը։

― Դատարկ բան է, դատարկ բան է։

― Իրոք շատ եմ ցավում։ Ես շատ երախտապարտ կլինեի, եթե թարգմանեիր։

― Դե ալվ,― ասաց գանզերի ձուն, տակավին մի քիչ փքված։― Նա ասում է, որ ձեզ չի հասկանում։

― Չի հասկանո՞ւմ։ Բայց ասածս բավական պարզ էր։

― Ոչ նրա համար,― ասաց գանզերի ձուն։― Եթե ուզում եք, որ ձեզ հասկանա, ավելի լավ է հանգով խոսեք։

― Ե՞ս։ Չեմ կարող,― ասաց Մարվինը զզվանքի այն բնազդային սարսուռով, որ համակում է ամեն մի տերրացի կրթված տղամարդու՝ չափածոյի անունը լսելիս։― Ես ուղղակի չեմ կարող։ Օթիս, գուցե դու․․․

― Ոչ, ոչ, ո՛չ մի դեպքում,― իրար անցավ Օթիսը։― Ինձ ինչի՞ տեղ ես դրել։ Մամայի բալա՞յի։

― Աճում է լռություննն ու թնդում․ ազնիվ մարդիկ, մինչդեռ,

Խոսում են բաց, անկեղծ, ազնիվ եղանակով։ Հոգուս համար
Անհաճ է այս ընթացքը իրերի։

― Նս սկսում է զայրանալ,― ասաց գանզերի ձուն։― Ավելի լավ կլինի շտապեք։

― Գուցե դո՞ւ խոսեիր մեր փոխարեն,― առաջարկեց Օթիսը։

― Ես մամայի բալա չեմ,― քմծիծաղեց գանզերի ձուն։― Եթե ուզում եք խոսել, ինքներդ փորձեք։

― Միակ բանաստեղծությունը, որ դպրոցից հիշում եմ, Ռուբայաթն <ref>Խոսքը Օմար Խայամի ռուբայաթների մասին է։</ref> է,― ասաց Մարվինը։

― Դե սկսիր,― ասաց գանզերի ձուն։

Մարվինը մտածեց, իրեն մի լավ թափ տվեց ու նայրդայնորեն ասաց․

― Ես փախել եմ պատերազմ ու արհավիրքից, թե որ հաճիս

Ականջ դնել նվաստացած թալուկ լեզվիս, աղաչանքիս
Կհասկանաս, որ օգնության, աջակցության կարոտ եմ ես։
Ասա, արդյոք խո՞ւլ կմնաս աղեկտուր հառաչանքիս։

― Մի բան չի,― շշնջաց գանզերի ձուն։― Բայց որպես առաջին փորձ՝ ոչինչ։ (Օթիսը հռհռում էր, և Մարվինը պոչով զարկեց նրան)։

Ճգնավորը պատասխանեց․

― Կեցցե՛ս։ Դու կստանաս աջակցություն, ո՛չ, աելին,
Քանզի դժվար պահին պիտի օգնի ասպետը ասպետին։

Արդեն ավելի արագ, Մարվինը պատասխանեց․

― Ես հուսով եմ, որ այս հեռու և հինավուրց մոլորակում,
Որտեղ արևն ու լուսինը հակառակ են իրար,
ՈՒխտագնաց խեղճ ասպետին կհաջողվի վերջիվերջո
Մի կերպ փախուստ կազմակերպել թեկուզ հենց այս անտառակում։

Ճգնավորն ասաց․

― Հառա՛ջ ուրեմն, բարեկամ, իմ ստրո՛ւկ, իր տե՛ր,
Քանզի այդպես է կյանքը․ այսօրվա
Նվաստ ծառան իշխանն է վաղը յոր նախկին ջիրոջ։
Մինչդեռ կողքիդ կանգնած ասպետը լռակյաց
Ոսոխ է ակամա, որ չի ուզում խոսել
Եվ, ով գիտի, գուցե քո բախտը բաժանել։

Մարվինը մի քայլ առաջ գնաց և ասաց․

― Շնորհակալ եմ, ճանապարհը, որ հարթում ես դու ինձ համար,

Դեպի աստղերը հեռավոր, ցանկալի է ու շատ հարմար,
Իսկ այս համրին հաստագլուխ չի հաջողվի նույնիսկ հասնել
Մարս կամ լուսին, ուր գնալը հեշտ է լինում սովորաբար։

Օթիսն, որն այդ ամբողջ ընթացքում հազիվ էր ծիծաղը զսպում, հիմա ասաց․

― Հե՛յ։ Բան էի՞ր ասում իմ մասին։

― Իհարկե,― պատասխանեց Մարվինը։― Ավելի լավ է սկսես չափածո խոսել, եթե ուզում ես այստեղից դուրս պրծնել։

― Ի՞նչ տարբերություն։ Դու երկուսիս տեղակ էլ խոսում ես։

― Ոչ։ Ճգնավորը հենց նոր ասաց, որ պիտի ինքդ խոսես։

― Աստված իմ, ի՞նչ պիտի անեմ,― մրթմրթաց Օթիսը։― Ես բոլորովին պոեզիա չգիտեմ։

― Լավ կանես մի բան մտածես,― ասաց գանզերի ձուն։

― Ախր․․․ հիշածս միայն մի քանի տուն Սուինբըրն<ref>19֊րդ դարի անգլիացի պոետ։</ref> է, որը մի աղջիկ էր ինձ համար արտասանում։ Շատ տափակ բան է։

― Արտասանիր լսենք,― ասաց Մարվինը։

Օթիսը քրտնեց, չարչարվեց ու վերջապես սկսեց․

― Երբ որ հրթիռը երկրից ժամանած օտար աշխարհում խարիսխ է նետում,

Թեկուզ աստծո դրախտը լինի այդ տարաշխարհիկ մոլորակը նոր,
Մարդկային սիրտը, միտքը և հոիգն հարազատ երկրի կանչն են ավետում՝
Անհուն տառապանք հոգում ծնելով, կարոտ ծնելով անսահման ու խոր,

Իսկ երախտիքի կանաչ ալիքը,
Հավասար դեպի պայծառ գալիքը

Գոռ ճգնավորի արժանիքն է սոսկ,
Որին գովելու չեմ գտնում ես խոսք։

Ճգնավորն ասաց․

― Քո խոսքը շատ հաճո է իմ սրտին։
Կարկամ լեզուն կարող էր վնասել
Տիրոջն իր այս մեր խառը օրերում։

Մարվինն ասաց․

― Ա՜խ, աղատիր թշվառ գերուդ, ինձ այստեղից փրկիր, տար,
Թող մյուսները վիճեն, կռվեն առանց հանգիստ ու դադար,
Ես չեմ ուզում, որ մարմինս անգղները ծվատեն,
Ասա, արդյոք այս զնդանից կա՞ փախչելու գեթ մի ճար։

Ճգնավորն ասաց․

― Հառա՜ջ, արդ, պարոնայք, ձիերը, թմաբեցեք։

Սրտներդ վառ, դեմքներդ ուրախ և հայացքներդ վեր։

Այդպես, կես֊երգելով ու կես֊արտասանելով, նրանք հասան ճգնավորի խրճիթը, որտեղ տեսան ծառերի կեղևների տակ թաքցրած մի ապօրինի գիտակցափոխիչ՝ հին ու տարօրինակ կառուցվածքի։ Եվ Մարվինը հասկացավ, որ նույնիսկ բացահայտ խելագարությունը սիստեմ ունի։ Քանզի մի տարի էլ չկար, ինչ ճգնավորը հայտնվել էր այդ մոլորակում, բայց արդեն շոշափելի կարողություն էր ձեռք բերել փախստականներին գալակտիկայի ամենախուլ աշխատանքային շուկաները մաքսանենգորեն ուղարկելով։ Դա այնքնա էլ բարոյական բան չէր, բայց, ինչպես կասեր ճգնավորը․

― Դե ի՞նչ, եթե կուզես, անարգ մեղադրանքներ
Բարդիր հոգուս վրա․ ասա, որ նենգ եմ ես,
Խարդախ ինձ անվանիր, պնդիր, թե իբր այս
Համեստ իմ գործիոք գումար եմ վաստակում,
Սակայն, ասա միայն՝ արժե՞ մերժել գինին,
Թեկուզ թթված, եթե ծարավն է քեզ խեղդում։
Ինչո՞ւ ուրեմն խիստ դատենք մեզ փրկողին։
Երախտամոռ ու ստո՛ր պիտի կոչվի այն մադն,
Ով «մահ» կոչվող անգութ ու սառը հրեշի
Անհույս ճիրաններից իրեն ազատողի
Ձեռքին է հարվածում։

==Գլուխ 14==

Անցավ մի քանի րոպե։ Օթիս Դագըբերթի համար դժվար չեղավ աշխատանք գտնել։ Պարզվեց, որ հակառակ սեփական հավաստիացումներին, նա սադիզմի փոքրիկ, բայց խոստումնալից երակ ունի։ Ըստ այդմ, ճգնավորն Օթիսի գիտակցությանն ուղարկեց Պրոդենդա 9֊րդ՝ ատամնաբույժի մի ասիստենտի մարմին։ Պրոդենդա 9֊րդը գտնվում էր Հարավային աստղաշղթայից մի քիչ ձախ, եթե Պրոցիոնի կողմից գաս։ Այդ մոլորակի բնակիչները մի խումբ տերրացիներ էին, որոնք տանել չէին կարող ֆտորը։ Պրոդենդա 9֊րդի վրա նրանք ապրում էին հանգիստ, ազատ ֆտորից, որին փոխարինում էին ատամնաբույժի ասիստենտները <ref>Ըստ էության խոսքը գնում է այն մասին, որ ատամնաբուժության մեջ լայնորեն կիրառվում է ֆտորը, որը տհաճ հոտ ունի։</ref>։

Գանզերի ձուն Մարվինին ամենայն բարիք մաղթեց ու գլորվեց անտառ։

― Իսկ այժմ,― ասաց ճգնավորը,― անցնենք ձեր հարցին։ Ես ձեր բնավորությունն օբյեկտիվորեն վերլուծեցի և ինձ թվաց, որ դուք զոհի հակումներ ունեք։

― Ե՞ս,― հարցրեց Մարվինը։

― Այո, դուք,― պատասխանեց ճգնավորը։

― Զո՞հ։

― Միանգամայն որոշակիորեն։

― Ես վստահ չեմ,― պատասխանեց Մարվինը։ Նա այդ ասաց քաղաքավարությունից դրդված, իրականում, նա բացարձակապես վստահ էր, որ ճգնավորը սխալվում է։

― Իսկ ես վստահ եմ,― ասաց ճգնավորը։― Եվ ինձ թվում է, որ աշխատանքի տեղավորելու հարցում ձեզնից շատ փորձ ունեմ։

― Ինձ թվում է, որ դուք․․․ դուք կարծես թե այլևս չափածո չեք խոսում։

― Իհարկե ոչ,― ասաց ճգնավորը,― իսկ ինչո՞ւ պիտի խոսեմ։

― Որովհետև քիչ առաջ,― ասաց Մարվինը,― դուք միայն չափածո էիք խոսում։

― Բայց դա լրիվ ուրիշ բան էր,― ասաց ճգնավորը,― ես այն ժամանակ դրսում էի։ Պետք է պաշտնապեի ինձ։

― Իսկ հիմա՞։

― Այժմ ես տանն եմ ու հետևաբար ապահով, ուստի չափածոյի պաշտպանության կարիքը չունեմ։

― Մի՞թե չափածոն ձեզ իրոք դրսում պահպանում է,― հարցրեց Մարվինը։

― Անկասկած։ Ես արդեն մեկ տարի է ապրում եմ այս մոլորակում, որտեղ ինձ փնտրում են երկու արյունարբու ցեղ, որպեսզի տեղնուտեղը սպանեն։ Եվ այնուամենայնիվ կենդանի ու անվսնաս եմ մնացել։ Ի՞նչ կասեիք։

― Դե, դա, իհարկե, հրաշալի է։ Բայց ի՞նչ գիտեք, թե ձեզ պաշտպանողը լեզուն է։

― Ենթադրում եմ,― ասաց ճգնավորը։― Ըստ իս, դա բավական խելամիտ ենթադրություն է։

― Այո, սըր,― ասաց Մարվինը։― Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կապ կա ձեր լեզվի ու ապահովության միջև։

― Անիծյալ լինեմ, եթե ինքս եմ հասկանում,― ասաց ճգնավորը։― Ես ինձ ռացիոնալ մարդ եմ համարում, բայց չափածոյի արդյունավետությունը մի բան է, որ ստիպված եմ, թեկուզև դժկամությամբ, ընդունել։ Օգնում է, ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։

― Երբևէ ուրիշ տարբերակ փորձե՞լ եք,― հարցրեց Մարվինը։― Ասենք, խոսել ոչ չափածո։ Գուցե պարզվի, որ կարիքը չկա։

― Այո, գուցե,― ասաց ճգնավորը։― Իսկ գուցե դուք փորձեք քյալել օվկիանոսի հատկաով, գուցե պարզվի, որ օդի կարիք չեք զգում։

― Դա նույն բանը չէ,― ասաց Մարվինը։

― Հենց նույն բանն է, որ կա,― ասաց ճգնավորը։― Մենք բոլորս շրջապատված ենք անթիվ չստուգված ենթադրություններով, որոնց ճշմարտացիությունը կամ սխալ լինելը կարո ղենք պարզել միայն կյանքը ռիսկի ենթարկելով։ Եվ քանի որ մենք մեծ մասմաբ կյանքը ճշմարտությունից թանկ ենք գնահատում, ապա նման հանդուգն փորձերը թողնում ենք ֆանատիկոսներին։

― Ես փորձ չեմ անում քայլել ջրի վրայով,― ասաց Մարվինը,― որովհետև տեսել եմ, որ մարդիկ խեղդվում են։

― Իսկ ես,― ասաց ճգնավորը,― դրսում արձակ չեմ խոսում, որովհետև չափից շատ մարդ եմ տեսել, որոնք արձակ խոսելիս սպանվել են, բայց դեռ չեմ տեսել, որ մի չափածո խոսող սպանվի։

― Դե․․․ ինչպես կուզեք։

― Անորոշության ընդունումը իմաստության սկիզբն է,― հայտարարեց ճգնավորը։― Բայց մենք խոսում էինք զոհաբերվելու մասին։ Կրկնում եմ, դուք ունեք հակում, որը վերին աստիճանի ուշագրավ դիրքի հնարավորություն է ստեղծում ձեզ համար։

― Դա ինձ չհետաքրքրեց,― ասաց Մարվինը։― Ուրիշ ի՞նչ ունեք հարմար։

― Ոչինչ,― ասաց ճգնավորը։

Զարմանալի զուգադիպությամբ, Մարվինն այդ պահին բարձր աղմուկ ու որոտ լսեց դրսից և գուշակեց, որ հեղինակը կամ մելդեցիներն էին, կամ գանզերները։

― Ընդունում եմ աշխատանքը,― ասաց Մարվինը։― Բայց դուք սխալ եք։

Նա ունեցավ վերջին խոսքի առավելությունը, մինչդեռ ճգնավորը՝ վերջին արարքի առավելությունը։ Քանզի, սարքը միացնելուց և ինչ֊որ թվատախտակ տեղաշարժվելուց հետո, նա մի կոճակ սեղմեց և Մարվինին ուղարկեց Ցելսուս 5֊րդ մոլորակը՝ նոր կարիերա սկսելու։

==Գլուխ 15==

Ցելսուս 5֊րդում նվեր տալը և ստանալը քաղաքավարության պարտադիր կանոն է։ Նվերից հրաժարվելու մասին մտածելն իսկ ավելորդ է, դա ցելսուսցու հոգում առաջացնում է այնպիսի զգացում, ինչպիսին տերրացու համար արյունապղծության վախն է։ Որպես կանոն նվերները վտանգավոր չեն՝ դրանց մեծ մասը սպիտակ նվերներ են, որոնք արտահայտում եմ սիրո, երախտագիտության, քնքշության տարբեր երանգներ և այլն։ Բայց կան նաև գորշ՝ նախազգուշացնող, և սև՝ մահվան նվերներ։

Եվ այսպես, ոմն պետական պաշտոնայ ընտրողներից քթի մի գեղեցիկ օղ ստացավ, որը պարտադիր կարգով պետք է երկու շաբաթ կրեր։ Հրաշալի իր էր և միայն մի պակասություն ուներ։ Տկտկում էր։

Ուրիշ մոլորակացեղի պատկանողն այդ նվերը կշպրտեր մոտակա կեղտափոսը։ Սակայն ոչ մի խելքը տեղը ցելսուսցի այդպես չէր վարվի։ Նա նույնիսկ չէր զննի օղը։ Ցելսուսցիներն ապրում են հետևյալ նշանաբանով՝ նվեր ձիու ատամներին չեն նայի։ Բացի այդ, եթե նա մի կենտ խոսքով անգամ իր կասկածն արտահայտեր, հասարակական աներևակայելի սկանդալ կառաջանար։

Անհրաժեշտ էր այդ անիծյալ օղը երկու շաբաթ կրել։

Բայց անիծյալ օղը տկտկում էր։

Պաշտոնյան, որի անունը Մարդուք Կրաս էր, ուզում էր մի ելք գտնել։ Նա մտածում էր ընտրողների մասին, թե ինչքան է նրանց օգնել և թե ինչքան է նրանց հուսախաբ արել։ Օղը զգուշացնում էր, դա պարզ էր։ Զգուշացնում էր լավագույն դեպքում, այսինքն՝ գորշ նվեր։ Վատթարագույն դեպքում օղը սև նվեր էր՝ փոքր ռումբ, որը տանջալի սպասումով լի մի քանի օրից հետո թռցնելու էր Մարդուքի գլուխը։

Մինչդեռ Մարդուքը, որն ինքնասպան լինելու ցանկություն չուներ, իհարկե, գիտեր, որ այդ անիծյալ օղը կրել չարժե։ Սակայն նաև գիտեր, որ այդ անիծյալ օղը պետք է կրել։ Այսպիսով, նա հայտնվեց ցելսուսական կլասիկ դիլեմայի առաջ։

― Մի՞թե ինձ հետ այդպես կվարվեն,― ինքնիրեն հարց էր տալիս Մարդուքը։― Միայն այն պատճառով, որ ես նրանց կեղտոտ հին թաղամասում թույլ տվեցի ծանր արյդունաբերություն զարգացնել և հողատերերի հետ համաձայնություն կնքեցի բնակարանային վարձը 320 տոկոսով բարձրացնելու մասին, որի փոխարեն նրանք խոստացանհիսուն տարվա ընթացքում նոր ջրմուղ անցկացնել։ Տեր աստված, ես երբեք չեմ պնդել, թե ամենագետ եմ, ընդունում եմ՝ գուցե մեկ֊մեկ սխալներ արել եմ։ Բայց մի՞թե դա բավարար պատճառ է նրանց հակասոցիալական արարքի համար։

Օղն ուրախ֊ուրախ տկտկում էր, քիթը խուտուտ տալով և տագնապալի զգացումներ առաջացնելով։ Մարդուքը հիշեց ուրիշ պաշտոնյաների, որոնց պայթեցրել էին բթամիտ տաքգլուխները։ Այո, շատ հնարավոր է, որ նվերը սև է։

― Տխմա՛ր պատյանափոխներ,― զայրացած քրթմնջում էր Մարդուքը, սիրտը հովացնելով այդ վիրավորանքի միջոցով․ վիրավորանք, որը երբեք չէր համարձակվի բարձրաձայն ու հրապարակով ասել։ Նա ծայրաստիճան ընկճված էր։ Ամբողջ օրը քեզ չխնայելով աշխատում ես այդ թուլամաշկ, գորտնուկաքիթ ապուշների համար և ի՞նչ պարգև ես ստանում։ Քթից կախելու ռումբ։

Մի պահ Մարդուքի գլխով հանդուգն միտք անցավ՝ օղը շպրտել քլորի մոտակա քիստենը։ Ա՛յ թե լավ կլիներ։ Մանավանդ որ նախադեպ կար։ Չէ՞ որ սուրբ Վորիգը հրաժարվել էր երեք ուրվականների համընդհանուր ընծայից։

Այո․․․ Բայց ուրվականների ընծան, ըստ ընդունված մեկնաբանության, նվիրատման ոգու և հետևաբար հասարակության բուն էության հանդեպ մի նուրբ գրոհ էր եղել, քանզի համընդհանուր ընծա տալով, ուրվականներն ընդհանրապես կանխում էին հետագայում նվեր տալու հնարավորությունը։

Բացի այդ, գուցեև հրաժարվելը շատ սազական էր երկրորդ արքայության սրբին, բայց, ավա՜ղ, անթույլատրելի էր տասներորդ դեմոկրատիայի մանր պաշտոնյայի համար։ Սրբերը կարող են անել ինչ ուզեն։ Շարքային մարդիկ պետք է անեն այն, ինչ իրենցից սպասվում է։

Մարդուքի ուսերը վար հակվեցին։ Նա ոտքերին տաք ցեխ քսեց, բայց դա հանգստություն չբերեց։ Ելք չկար։ Մի ցելսուսցին չէր կարող մեն֊մենակ դեմ կանգնել հասարակությանը։ Հարկավոր էր կրել օղը և սպասել այն անտանելի պահին, երբ տկտկոցը կանգ կառնի․․․

Բայց սպասե՛ք։ Ելք կա՛։ Այո, այո, հիմա պարզ է։ Պետք է միայն խնամքով կազմակերպել և կփրկվի թե՛ իր կյանքը, թե՛ պատիվը։ Եթե միայն այդ անիծյալ օղը մինչև այդ չպայթի․․․

Մարդուք Կրասը շտապ կապվեց մի քանի հոգու հետ և դասավորեց, որ իրեն գործուղմեն Թաամի 2֊րդ (Տաս աստղերի տեղաշրջանի Թաիթին) շտապ հանձնարարությամբ։ Իհարկե, ոչ սեփական մարմնով․ բարեխիղճ աստիճանավորը չի ծախսի պետական միջոցներն իր մարմինը հարյուրավոր լուսատարիներ այն կողմ ուղարկելու վրա, երբ անհրաժեշտ է գործուղել միայն գիտակցությունը։ Խնայող, վստահարժան Մարդուքը կուղևորվի գիտակցափոխության միջոցով։ Նա կպահպանի ցելսուսային սովորությունների եթե ոչ ոգին, ապա արտաքին ձևը, լքելով քթում ուրախ տկտկացող նվեր պարունակող իր մարմինը։

Անհրաժեշտ էր բացակայության ընթացքում մարմինը բնակեցնող գիտակցություն գտնել։ Սակայն դա դժվար չէր։ Գալակտիկայում չափազանց շատ գիտակցություններ կան և չափազանց քիչ մարմիններ։ (Թե ինչու է այդպես, ոչ ոք չգիտի։ Ի վերջո, բոլորին սկզբից տրվել է թե մեկը, թե մյուսը։ Բայց ոմանք վերջում հարեկ եղածից շատ են ունենում․ լինի դա հարստություն, հզորություն, թե մարմին, իսկ ոմանք՝ պակաս։)

Մարդուքը կապվեց «Ճգնավոր և ընկ․» ֆիրմայի հետ (մարմիններ բոլոր նպատակների համար)։ Ճգնավորը հարմար օբյեկտ ուներ՝ ուժեղ արտահայտված երիտասարդ արական սեռի տերրացի, որ անխուսափելի մահվան վտանգի առաջ էր և պատրաստ էր բախտը փորձելու։

Այդպես Մարվին Ֆլինը հայտնվեց Ցելսուս 5֊րդում։

Այս անգամ շտապելու հարկ չեղավ։ Տեղ հասնելով, Մարվինը հնարավորություն ունեցավ հետևել գիտակցաթոխական ընդունված պրոցեդուրին։ Նա անշարժ պառկել էր, դանդաղ ընտելանալով իր նոր մարմնին։ Մարվինը փորձեց վերջավորությունները, ստուգեց զգայարանները և ստույգ հաշվարկեց անալոգային ու համեմատական գործոնների համար ուղեղի առաջնային մասից ճառագայթվող կուլտուր֊կոնֆիգուրացիոն բեռը։ Հետո չափեց ուղեղի ետնամասի զգացմունքային և կառուցվածքային գործոնները Հարավային խաչի համաստեղության, ոտնակետի և թամբակետի հանդեպ։ Այդ ամենը նա արեց մեքենայաբար, ուշադրությունն առանձնապես չկենտրոնացնելով։

Ցելսուսային մարմինը, ինչպես պարզվեց, վրան լավ էր նստում՝ ժառանգական բարձր մակարդակով և գերազանց հիմնահետևողական ու պատահականադիսպերսիոն կառուցվածքով։ Իհարկե, կային պրոբլեմներ՝ եռանկյունի թեքությունը անմիտ էլիպսային ձև ուներ, իսկ ՈՒՃԿ֊ները (Ունիվերսալ Ճ կետեր) ավելի շատ մանգաղաձև էին, քան սեղանաձև։ Բայց դա պետք էր սպասել 3B կարգի մոլորակում, նորմալ հանգամանքների դեպքում այդ ամենը ոչ մի անհանգստություն չէր պատճառի։

Ընդհանուր առմամբ այդպիսի մարմնա֊միջավայրային֊կուտուր֊խմբի հետ կարելի էր համակերպվել ու համընկնել։

― Ոչինչ, լավ է,― ի մի բերեց Մարվինը։― Եթե միայն այդ անիծյալ քթի օղը չպայթի։

Նա ոտքի կանգնեց և սկսեց զննել իր շուրջը։ Աչքովն ընկած առաջին բանը Մարդուք Կրասի գրությունն էր, որը նա կարպել էր դաստակին, որպեսզի Մարվինը նկատի։ Այնտեղ գրված էր․

«Հարգելի գիտակցափոխվող․

Բարի գալուստ Ցելսուս։ Հասկանում եմ, որ ձեզ համար գալուստն այնքան էլ բարի չէ և ցավում եմ ձեզնից ոչ պակաս։ Բայց ես ձեզ անկեղծ խորհուրդ կտայի փախուստի մասին բոլոր մտքերը մի կողմ դնել և փոխարենը կենտրոնանալ հաճելի ժամանակ անցնակցնելու վրա։ Ձեզ երևի մխիթարի այն միտքը, որ ըստ վիճակագրության սև նվերների հետևանքով մահացությունն ավելի շատ չէ, քան պլուտոնի հանքում դժբախտ դեպքերի հետևանքով, եթե դուք հանքափոր եք։ Ուստի ոչ մի բանի մասին մի մտածեք և ձեզ լավ զգացեք։

Իմ բնակարանը և այնտեղ գտնվող ամեն ինչ ձեր տրամադրության տակ է։ Մարմինս նույնպես, թեև հույս ունեմ, որ շատ չեք հոգնենցի այն, ուշ չեք պառկեցնի քնելու և ալկոհոլով շատ չեք ծանրաբեռնի։ Ձախ դաստակը վնասված է, ուստի զգույշ եղեք ծանրություններ բարձրացնելիս։ Հաջողություն, և աշխատեք չհուզվել, քանի որ դա երբեք ոչ մեկին չի օգնել հարց լուծելու։

Հ․Գ․ Ես գիտեմ, որ դուք ջենտլմեն եք և չեք փորձի հանել քթի օղը։ Բայց ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որմիևնույն է ոչինչ չի ստացվի, քանի որ այն փակված է Ջեյվերգի միկրոսկոպային հատուկ մոլեկուլյար կողպեքով։ Նորից ցտեսություն, իրոք փորձեք բոլոր այս տհաճ բաները մոռանալ և լավ անցկացնել ձեր երկու շաբաթը մեր մոլորակում։

Անկեղծորեն՝

Մարդուք Կրաս

Սկզբից Մարվինը զայրացավ։ Սակայն հետո ծիծաղեց և ճմռթեց գրությունը․ Մարդուքն անկասկած սրիկայի մեկն էր, բայց համակրելի էր ու առատաձեռն։ Մարվինը որոշեց իր կասկածելի գործարքից հնարավորին չափ շատ օգուտ քաղել, մոռանալ շրթունքի վերևում հանգրվանած ենթադրյալ ռումբի մասին և Ցելսուսում լավ ժամանակ անցնակցնել։

Նախ ուսումնասիրեց իր նոր տունը և գոհ մնաց։ Դա ամուրիի բույն էր, ստեղծված ապրելու, այլ ոչ թե պարզապես բազմանալու համար։ Կառուցվածքային հիմնական գիծը՝ պենտաբրախիան, արտացոլում էր Կրասի հասարակական դիրքը։ Պակաս շքեղ բնակարանները սովորաբար երեք կամ չորս սրահ էին ունենում, իսկ Հյուսիսային Ճահճուտի հետնախորշերում ամբողջ ընտանիքներ էին տեղավորվում քոսոտ մոնո և դուոբրախետային տներում։ Ինչևէ, մոտ ապագայում կառավարությունը բնակարանային բարեփոխություն էր խոստացել։

Խոհանոցը կոկիկ էր ու ժամանակակից, լի համեղահամ ուտեստներով՝ պուլիկներով շաքարած որդեր, էկզոտիկ ծղնու սալաթի, Թուփիբորայի, Փենատուլայի, Գորգոնայի և Ռենիլլայի ախորժալի շերտակտորներ։ Կար մի տուփ սագի պաշտետ՝ ռոտիֆերա֊խորոձայի սոուսի մեջ, և մի փաթեթ սառեցրած քաղցր ու թթու Ուկա։ Բայց․․․ ամուրին մնում էր ամուրի՝ չկար հիմնաբուրդ, չկար նույնիսկ մի բոքոն գաստրոպոդ կամ գեթ մի շիշ կոճապղպեղի մեղր։

Երկար, զիգզագաձև սրահներով Մարվինը հասավ երաժշտական սենյակ։ Այստեղ էլ Մարդուքը ժլատություն չէր արել։ «Իմպերիալ» մոդելի հսկայական ւոժեղարարը, կողքին երկու «Տիրան» բարձրախոս, զբաղեցնում էր սենյակի մեծ մասը։ Մարդուքն օգտագործում էր քառասուն ալիքանոց շեղումով «Ուիրլփուլ» կիսամիքս միկրոֆոն, և անհաստատուն կոկորդախոռոչ պասսիվ կարգավորիչով «լանացող» տիպի զգայադիսկրիմինացիոն դիապազոնային փոխարկիչ։ Ձայնը հաղորդվում էր պատկերավերականգնման միջոցով, բայց կարելի էր փոխել մարող մոդուլյացիայի ռեժիմի։ Մի խոսքով, շատ լավ սիրողական կոմբայն։

Սիստեմի սիրտն ու հոգին, իհարկե, ինսեկտարիումն <ref> Լատ․ insectarium- միջատների վայր</ref> էր՝ «Սուպերմաքս» մոդելի մի օրիգինատոր, ավտոմատիկ և ձեռքի ընտրող ու խառնող փոխարկիչներով, կանոնավորված մատուցումով, փոխանցումով ու տարբեր մաքսիմումացնող և մինիմումացնող հարմարանքներով։

Մարվինն ընտրեց «Ծղրիդի գավոտը» (Քորեստալ, 431 B) և սկսեց ունկնդրել հուզաթրթիռ տրախեալ <ref>Շնչառական</ref> օբլիգատոյին ու զույգ Մալֆիգյան գլանիկների նուրբ բասային նվագակցությանը։ Թեև Մարվինը երաժշտության մեծ գիտակ չէր, նա միանգամից հասկացավ, որ ինսեկտարիումի խորքի իր բնից դուրս նայող կապտաշերտ ծղրիդը, որի երկրոդային կրծքասեգմենտը թեթևակի բաբախում էր, վիրտուոզ կատարող է։

Կռանալով, Մարվինը գոհունակությամբ գլուխով արեց։ Կապտաշերտ ծղրիդը շրխկացրեց վերին ծնոտը, հետո կրկին սկսեց երգել։ (Նրան հատուկ վարժեցրել էին դիսկանտով երգել և բեմի վրա իրեն հոյակապ պահել՝ փայլուն մի կատարող, որը գրավում էր ավելի շուտ արտիստիզմով, քան երաժշտականությամբ։ Բայց Մարվինը չգիտեր այդ բանը)։

Մարվինը ռեժիմը «ակտիվից» փոխեց «պասիվի»։ Ծղրիդը ետ գնաց քնելու։ Ինսեկտարիումը ձայնագրություններով հարուստ էր, հատկապես շատ էին օրաբզեզների սիմֆոնիաները և նոր ու արտասովոր թրթուրերգերը, սակայն Մարվինը դեռ այնքան հետազոտելու բան ուներ, որ չուզեց ժամանակ կորցնել։

Հյուրասենյակում Մարվինը թիկնեց հինավուրց ու փառահեղ մամռանստարանին (իսկական Ուորմսթերթըր), գլուխը հենեց հնամաշ գրանիտե հենախոռոչին և փորձեց հանգստանալ։ Բայց քթի օղը տկտկում էր, շարունակ հիշեցնելով, որ գործերը բարեհաջող չեն։ Նա ձեռքը երկարեց և ցածր սեղանին թափված կույտի միջից վերցրեց առաջին պատահած արագափայտիկը։ Անտենաներն արագ անցկացրեց կտրվածքների վրայով, սակայն ապարդյուն։ Չէր կարողանում կենտրոնանալ նույնիսկ այդթեթև գրականության վրա։ մարվինը նեղսրտած մի կողմ նետեց արագափայտիկը և փորձց ապագայի որոշ ծրագրեր կազմել։

Բայց անողորմ դինամիզմը ճնշում էր նրան։ Մարվինը ստիպված էր խոստովանել, որ իր կյանքի րոպեները խստորեն սահմանափակված են և արագորեն սպառվում են։ Նա ուզում էր մի այնպիսի արարք գործել, որը կհավերժացնի իր վերջին ժամերը։ Բայց ի՞նչ։

Մարվինը սահեց֊ելավ Ուորմսթերթըրի վրայից և քայլեց հիմնական սրահով, նեղսրտությունից չանչերը կտտացնելով։ Հետո, հանկարծակի որոշում կայացնելով, գնաց հանդերձասենյակ։ Այնտեղ բրոնզ֊ոսկե խիտինից մի նոր երեսվածք ընտրեց և խնամքով հարմարեցրեց ուսերին։ Ցցամաղերին անուշաբույր սոսինձ քսեց և en brosse <ref>Խոզանակաձև (ֆր․)։</ref> հարդարեց դեմքի վրա։ Անտենաներին թույլ կարծրացուցիչ ցայեց, ըստ նորաձևության պահանջների վաթսուն աստիճան թեքվածություն հաղորդեց և թողեց, որ հմայից կերպով վար հակվեն։ Ի վերջո, միջնամասին Նարդոսի Ավազ ցանեց և ուսահոդերը լամպամուրով ցայտունացրեց։

Հայելու մեջ նայելով, նա գտավ, որ վատ տեսք չունի․ լավ հագնված էր, բայց ոչ պճնված։ Մարվինը եկավ այն եզրակացության, որ ինքը պատկառելի, ինտելեկտուալ երիտասարդի տեսք ունի։ Ծռմռաստղ չի, բայց ոչ էլ, անշուշտ, հարբախտարդախ է։

Նա հիմնական մուտքով դուրս եկավ և դուռը կողպեց։

Մթնշաղ էր։ Գլխավերևում փայլում էին աստղերը, որոնց ցոլքը, սակայն, խամրում էր քաղաքի սիրտը կազմող անհամար բների (մասնավոր և պետական) ֆոնի վրա։ Այդ տեսարանն ալեկոծեց Մարվինի հոգին։ Անշուշտ, անշուշտ, ինչ֊որ տեղ, հսկա քաղաքի անվերջանալի իրար հյուսվող փողոցներից մեկում, անիմանալի ուրախություն է սպասում նրան։ Կամ, գոնե, մեղմ մոռացություն։

Եվ այդպես, տխուր, սակայն լի վեհերոտ հույսերով, Մարվինը քայլում էր դեպի անհանգիստ ու հրապուրիչ Գլխավոր Առուն՝ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, որոնելով այն, ինչ ճակատագիրն էր կանխորոշել իրեն։

==Գլուխ 16==
<references/>