Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 34 821 բայտ, 11:44, 14 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 17 */
==Գլուխ 17==
 
Հենց որ անմիջական վտանգը վերացավ, Մարվինը միանգամից ուշքի եկավ։ Մետաֆորային դեֆորմացիայի քողը մի պահ ետ քաշվեց, և Ֆլինը հայտնվեց պերցեպտուալ էմպիրիկ ռեմիսիայի վիճակում։ Որքան էլ ցավալի լիներ, այժմ արդեն պարզ էր, որ «կովբոյ֊թափառաշրջիկն» իրականում Ս․ Քթուլու տեսակի խոշոր պարազիտ բզեզ էր։ Անտարակույս այդպես էր, քանի որ Քթուսու բզեզներին բնորոշ է երկրորադային ծորանը՝ ենթաորովայնային նյարդահանգույցից մի քիչ ցած ու ձախ։
 
Այդ բզեզները սնվում են ուրիշների էմոցիաներով, քանզի իրենց զգացմունքները վաղուց բթացել են։ Սովորաբար, նրանք պահ են մտնում մութ կամ ստվերոտ վայրերում, սպասելով, որմի անզգույշ ցելսուսցի անցնի իրենց սեգմենտված ծնոտի մոտով։ Հենց այդպես էլ եղավ։
 
Տեղի ունեցածը հասկանալով, Մարվինը բզեզին շանթահարեց զայրույթի այնքան ուժեղ հոսանքով, որ Քթուլուն՝ որպես սեփական գերսուր էմոցիանալ զգայարանների զոհ, ուշագնաց փռվեց ճանապարհին։ Ապա Մարվինը կարգի բերեց իր բրոնզաոսկեգույն պատյանը, կարծրացրեց անտետնաները և շարունակեց ճամփան։
 
Նա մոտեցավ ավազի հանդարտահոս գետը կապող կամուրջին։ Հասնելով կենտրոնին, Մարվինը հայացքը սևեռեց ներքև՝ սև ու խորունկ կոհակներին, որ անհողդողդ հոսում էին դեպի հանելուկային ավազե ծովը։ Կիսահիպնոսացված, Մարվինը դիտում էր, մինչդեռ քթի օղը տկտկացնում էր իր մահաբեր ռիթմը երեք անգամ ավելի արագ, քան սրտի բաբախյունը։ Եվ նա մտածեց․
 
Կամուրջները հակադիր գաղափարների մարմնավորումն են։ Նրանց հորիզոնական հարթությունը հիշեցնում է մեզ մեր գերազանցության մասին, նրանյց ուղղահայաց թեքությունը անդադար հիշեցնում է մեզ վերահաս անհաջողությունների, մահվան անխուսափելիության մասին։ Մենք խոչընդոտների միջով ճանապարհ ենք հարթում, բայց նախասկզբնական անկումը հավերժ մեր ոտքերի առջև է։ Մենք կառուցում ենք, ստեղծում, սակայն մահը գերագույն ճարտարապետն է, որը բարձունքներ կառուցում է միայն անդունդների կողքին։
 
Օ՜ ցելսուսցիներ, բարեկառույց կամուրջներ անցկացրեք հազարավոր գետերի վրայով և իրար կապեք մոլորակի անհամաչափ ուրվագծերը․ զուր են ձեր ջանքերն ու վարպետությունը, քանզի ներքևում հողը ձեզ է սպասում՝ հանգիստ, համբերատար։ Ցելսուսցիներ, ձեր առջև լայն ճանապարհ է փռված, որը տանում է դեպի հաստատ մահ։ Ցելսուսցիներ, չնայած խորամանկ եք ու հնարագետ, մի դաս ունեք սովորելու․ սիրտը ստեղծված է, որպեսզի խոցվի, իսկ մնացածն ունայն է ու երկրորդական։
 
Այսպես էր խորհում Մարվինը՝ կանգնած կամուրջի վրա։ Եվ մի սուր տենչ համակեց նրան՝ ցանկացավ վերջ տալ ցանկանալուն, հրաժարվել հաճույքից և տառապանքից, վերջ տալ նվաճելու և պարտություն կրելու սին փորձերին և չշեղվել կյանքի հիմնական խնդրից՝ մահից։
 
Մարվինը դանդաղ մագլցեց բազրիքին և կանգնեց՝ հավասարակշռություն պահպանելով ավազի խայտուն ալիքների վերևում։ Եվ հանկարծ աչքի ծայորվ մի ստվեր տեսավ, որը կտրվեց գետնից, զգույշ շարժվեց դեպի բազրիքը, ուղիղ կանգնեց, հավասարակշռություն պահպանելով անդունդի վրա և, հաշվի չառնելով վտանգը, կռացավ․․․
 
― Կանգնի՛ր։ Սպասի՛ր,― գոռաց Մարվինը։― Նրա սեփական մռայլ ցանկությունը միանգամից ի չիք դարձավ։ Նա միայն տեսնում էր, որ իր նմանը վտանգի մեջ է։
 
Ստվերը խոր շունչ քաշեց և կտրուկ նետվեց վար՝ դեպի լայներախ գետը։ Մարվինը հետևեց նրան և հաջողացրեց կոճից բռնել։ Քիչ էր մնում ինքն էլ ընկներ, այնքան մեծ էր նետվողի թափը։ Բայց շտապ ուժեղը լարելով, նա ծծիչները կպցրեց ծակոտկեն քարե մայթին, հենման կետը հաստատուն դարձնելու համար տարածեց ներքին վերջավորությունները, երկու վերջին վերջավորությունները փաթաթեց լապտերասյունին և մնացած երկու ձեռքերով ամուր կառչեց ընկնողից։
 
Մի պահ անկայուն հավասարակշռություն տիրեց, հետո Մարվինի ուժը գերակշռեց անհաջողակ ինքնասպանի ծանրությանը։ Դանդաղ, զգուշորեն, Մարվինը քաշում էր, բռնելով մեկ թաթից, մեկ սրունքից, առանց մի պահ շունչ առնելու, մինչև նետվողին ապահով տեղ հանեց։
 
Սեփական ինքնասպանության մասին բոլոր խոհերը լքել էին նրան։ Մարվինը ճանկեց ինքնասպանի ուսերը և կատաղորեն թափահարեց նրան։
 
― Հիմարի՛ գլուխ,― գոռաց նա։― Ի՞նչ վախկոտի մեկն ես եղել։ Միայն ապուշը կամ խելագարն է այդպիսի ելք փնտրում։ Մի՞թե ուղեղ չունես, անիծյալ․․․
 
Նա կես խոսքի վրա կանգ առավ։ Անհաջողակ ինքնասպանը նրան էր նայում, դողալով, աչքերը փախցնելով։ Եվ այժմ Մարվինն առաջին անգամ հասկացավ, որ կնոջ է փրկել։
 
==Գլուխ 18==
 
Ավելի ուշ, մոտակա ռեստորանի մեկուսի խցիկում, Մարվինը ներողություն խնդրեց իր կոպիտ բառերի համար, որոնք նրա բերանից թռել էին վայրկյանի ազդեցության տակ։ Բայց կինը, նրբագեղորեն ճանկերը կտտացնելով, ներողության մասին լսել իսկ չուզեց։
 
― Որովհետև դուք ճիշտ եք,― ասաց նա։― Ինձ պես կարող էր վարվել ապուշը կամ խելագարը, եթե ոչ միանգամից և՛ մեկը, և՛ մյուսը։ Ձեր խոսքերը ճիշտ էին։ Պետք է թողած լինեիք, որ ցատկեի։
 
Մարվինը նոր միայն զգաց, որ կինը չքնաղ է։ Նա փոքրամարմին էր, գլուխը հազիվ էր հասնում Մարվինի վերին կրծաքվանդակին, սակայն արտասովոր նուրբ կառուցվածք ուներ։ միջնամարմինը քնքուշ ու իդեալական ցիլինդրաձև թեքություններ ուներ, հպարտ գլուխը մարմնից մի փոքր առաջ էր հակված՝ սիրտ հալեցնող հինգ աստիճան անկյան տակ։ Դիմագծերը կատարյալ էին, սկսած բարեձև ուռած ճակատից մինչև քառակուսի ծնոտը։ Զույգ ձվադիրները համեստորեն թաքցրած էին սպիտակ սատինե «արքայադուստր» գոտիով, որի տակից երևում էր միայն փայլուն կանաչ մարմնի հոգեմաշ մի ակնարկ։ Բոլոր ոտքերին նարջնագույն գուլպաներ կային, որոնք է՛լ ավելի ընդգծում էին հոդերի փափուկ սեգմենտացիան։
 
Թո՛ղ նա անհաջողակն ինքնասպան լիներ, բայց նա միաժամանակ Ցելսուսում Մարվինի տեսած ամենացնցող գեղեցկուհին էր։ Մարվինի կոկորդը չորացավ, իսկ զարկերակը սկսեց կատաղի բաբախել։ Նա զգաց, որ սևեռուն նայում է բարձր ձվադրները թաքցնող և միաժամանակ ի ցույց դնող սպիտակ սատինին։ Հասկացավ, որ չի կարողանում հայացքը կտրել երկար, սեգմենտավորված վերջավորության զգայախառ գծագրությունից։ Թունդ շառագունելով, Մարվինն իրեն ստիպեց նայել կնոջ ճակատի գեղեցիկ կնճռված սպիին։
 
Կինը կարծես չէր նկատում Մարվինի խանդավառ ուշադրությունը։ Անկաշկանդորեն նա ասաց․
 
― Երևի պետք է ներկայանանք իրար․․․ տվյալ հանգամանքներում։
 
Նրանք երկուսով անզուսպ ծիծաղեցին այդ սրախոսության վրա։
 
― Իմ անունը Մարվին Ֆլին է,― ասաց Մարվինը։
 
― Իսկ իմը՝ Ֆտիսթիա Հելդ,― ասաց երիտասարդ կինը։
 
― Ես ձեզ կանվանեմ Կետի , եթե դեմ չեք,― ասաց Մարվինը։
 
Նրանք երկուսով կրկին ծիծաղեցին։ Հետո Կետին լրջացավ։
 
Նկատի առնելով ժամանակի չափից դուրս արագ վազքը, նա ասաց․
 
― Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Իսկ այժմ պետք է հեռանամ։
 
― Իհարկե,― ասաց Մարվինը, տեղից ելնելով։― Ե՞րբ կարող եմ կրկին ձեզ տեսնել։
 
― Երբեք,― ասաց նա ցածր ձայնով։
 
― Բայց ես պե՛տք է տեսնեմ,― բացականչեց Մարվինը։― Ուզում եմ ասել, այժմ, երբ գտել եմ ձեզ, ոչ մի դեպքում չեմ կարող թույլ տալ, որ գանք։
 
Կետին տխուր օրորեց գլուխը։
 
― Գոնե մեկ֊մեկ,― մրմնջաց նա,― կհիշե՞ք իմ մասին։
 
― Մենք չպետք է իրար ասենք ցտեսություն,― ասաց Մարվինը։
 
― Օ ո՛չ, չի լինի ոչ մի տեսություն,― պատասխանեց Կետին, բայց ոչ դաժանորեն։
 
― Այլևս երբեք չե՛մ ժպտա ես,― բացականչեց Մարվինը։
 
― Մի ուրիշը կգրավի իմ տեղը,― պատասխանեց Կետին։
 
― Դու գայթակղությո՛ւն ես,― ցասումով գոչեց Մարվինը։
 
― մենք նման ենք երկու նավի, որոնք մթության միջով անցան իրար կողքից,― ուղղեց Կետին։
 
― Մի՞թե երբեք կրկին չենք հանդիի,― չէր հանդարտվում Մարվինը։
 
― Միյան ժամանակը կարող է պատասխանել։
 
― Ես աղոթում եմ, որ լինեմ կողքիդ, ուր էլ գտնվես,― հույսով ասաց Մարվինը։
 
― Արևից արևելք և լուսնից արևմուտք,― պատասխան տվեց Կետին։
 
― Դու դաժան ես վարվում ինձ հետ,― շրթունքներն ուռեցրեց Մարվինը։
 
― Ես չգիտեի, թե ժամը քանիսն է,― ասաց Կետին։― Բայց հիմա գիտեմ, թե ժամը քանիսն է։― Եվ այդ խոսքերով նա քամու արագությամբ շրջվեց ու դուրս նետվեց դռնից։
 
Մարվինը նայեց, թե ինչպես է նա հեռանում, ապա նստեց բարի կանգնակի մոտ։
 
― Մեկն իմ սիրունիկի համար, մյուսը՝ ճանապարհի,― ասաց նա բարմենին։
 
― Կանայք երկերեսանի են,― կարեկցավար մեկնաբանեց բարմենը, խմիչք լցնելով։
 
― Կյանքս առանց նրա տխուր է ու անիմաստ, ուզում եմ երգել այդ մասին,― ասաց Մարվինը։
 
― Տղամարդուն կին պետք է,― ասաց բարմենը։
 
Մարվինը վերջացրեց խմիչքը և պարզեց բաժակը։
 
― Վարդագույն կոկտեյլ՝ երկնագույն տիկնոջ պատվին,― պատախանեց նա։
 
― Գուցե հիմա տխրում է,― կարծիք հայտնեց բարմենը։
 
― Չգիտեմ, թե ինչու եմ այսպես սիրում նրան,― հայտարարեց Մարվինը։― Բայց գոնե հաստատ գիտեմ, թե ինոչւ երկնքում արև չկա։ Միայնությանս մեջ նա հանգիստ չի տալիս ինձ, ինչպես կողքի բնականարանի ճնգճնգավող դաշմանուրը։ Սակայն միևնույն է չեմ հեռանա, ինչպես էլ որ հետս վարվի։ Գուցե եղածը մի սովորական արկած էր, այդուհանդերձ միշտ կհիշեմ ապրիլ ամիսը և նրան,երբ երեկոյան զեփյուռը գգվում էր ծառերին, բայց ոչ ինձ համար և․․․
 
Դժվար է գուշակել, թե Մարվինը ինչքան կշարունակեր իր հեծեծանքները, եթե հազիվ կրծքավանդակին հասնող և երկու ոտնաչափ դեպի ձախ գտնվող մի ձայն չշշնջար․― հե՛յ, պարո՛ն։
 
Մարվինը շրջվեց և տեսավ մի փոքահասակ, գիրուկ, քրջոտ հագնված ցելսուսցու՝ նստած կողքի աթոռին։
 
― Ի՞նչ կա,― կոպիտ հարցրեց Մարվինը։
 
― Գուցե դուք ուզում եք տեսնել այն շատ սիրուն մուչաչան <ref>Աղջիկ (իսպ․)</ref> մի ուրի՞շ անգամ։
 
― Այո, ուզում եմ։ Բայց ի՞նչ կարող եք դուք․․․
 
― Ես կորած անձերի մասնավոր հետաքննիչ֊խուզարկու եմ, հաջողություն երաշպավորված, եթե ոչ, մի վճարեք ոչ մի սենթ։
 
― Այդ ի՞նչ առոգանությամբ եք խոսում,― հարցրեց Մարվինը։
 
― Լոմբրոբական,― ասաց հետաքննիրչը։― Իմ անունը Խուան Վալդեզ է և ես գալիս եմ սահմանի այն կողմից Ֆիեստա <ref>Սահմանամերձ (իսպ․)</ref> երկրից հարստություն վաստակելու del norte <ref>Հյուսիսային (իսպ․)</ref> մեծ քաղաքում։
 
― Ավազագջլի՛կ,― ատամների արանքից նետեց բարմենը։
 
― Այդ ի՞նչ բառ էր դուք ինձ անվանեցի՞ք,― կասկածելիորեն մեղմ հարցրեց փոքրամարմին լոմբրոբացին։
 
― Ես քեզ անվանեցի ավազագջլիկ, գարշելի փոքրիկ ավազագջլիկի մեկը,― մռլտաց բարմենը։
 
― Այդպես էլ մտածեցի,― ասաց Վալդեզը։ Նա ձեռքը տարավ դեպի իր լաթագոտին, հանեց մի երկար, երկսայր դանակ և խրեց բարմենի սիրտը, ակնթարթորեն սպանելով նրան։
 
― Ես փափուկ մարդ եմ, սինյոր,― ասաց Վալդեզը։― Ես շուտ նեղացող մարդ չի։ Ճիշտն ասած, իմ հայրենի՝ Մոնտանա Վերդե դե Լոս Տրես Պիկոս գյուղում, ես անվնաս մարդ էի համարվում։ Իմ ուզածը միայն այն է, որ թույլ տան պեյոտի բողբոջներ խնամել Լոմբրոբայի բարձր սարերում, այն ծառի շվաքի տակ, որ մենք անուն ենք տալիս «արևի գլխարկ», քանի որ դրանք չեն աշխարհի ամենալավ պեյոտի բողբոջներ։
 
― Հասկանում եմ,― ասաց Մարվինը։
 
― Եվ այդուհանդերջ,― ասաց Վալդեզն ավելի խստորեն,― երբ del norte շահագործողը վիրավորում է ինձ և անուղղակիորեն նսեմացնում է նրանց, ովքեր կյանք են տվել ու դաստիրակել ինձ, այդ դեպքում, սինյոր, կուրացնող կարմիր մշուշ է իջնում աչքերիս առջև, դանակն ինքն է հայտնվում ձեռքումս և կարագի պես խրվում աղքատների ու խեղճերի երեխաներին դավաճանողի սիրտը։
 
― Հասկանում եմ ձեր զգացմունքները։
 
― Եվ սակայն,― ասաց Վալդեզը,― չնայած իմ չտեսնված պատվախնդրությանը, ես վերին աստիճանի մանկամիտ եմ, միամիտ ու բարեհոգի։
 
― Անկեղծ ասած, ես դա նկատել էի,― ասաց Մարվինը։
 
― Ինչևէ։ Բավական է այդ մաին։ Հիմա, դուք ուզում եք ինձ վարձել հեատաննում այդ ղջկան գտնելո՞ւ։ Բայց իհարկե։ El buen pano en el arca se vende, verdad?<ref>Լավ եգիպտացորենն արկղում են պահում, այնպես չէ՞ (իսպ․)։</ref>
 
― Si, hombre,― ծիծաղելով պատասխանեց Մարվինը,֊ Y el deseo vence al miedo!<ref>Այո, բարեմս։ Եվ ձգտեքն հաղթահարել վախը (իսպ․)։</ref>։
 
― Pues, adelante!<ref>Այդ դեպքում հառա՜ջ (իսպ․)։</ref>։
 
Եվ ուս ուսի երկու բարեկամները քյալեցին դուրս՝ դեպի հաղթաբազուկ ասպետների նիզակների ծայրեր հիշեցնող հազարավոր փայլփլուն աստղերով լուսավորված գիշերային փողոց։
 
==Գլուխ 19==
 
Հենց որ ռեստորանից դուրս եկան, Վալդեզը իր բեղավոր շագանակագույն դեմքը շրջեց դեպի երկինք և որոշեց, թե որտեղ է գտնվում Ինվիդիուս համաստեղությունը, որը հյուսիսային լանություններում անսխալ ցույց է տալիս հյուսիս֊հյուսիս֊արևելյան ուղղությունը։ Որպես հիմք ընդունելով այդ, նա հաստատեց մի քանի հակադիր հարաբերություններ, օգտագործելով այտին փչող քամին (ժամում հին գղոն արագությամբ, դեպի արևմուտք) և ծառերի մամուռը (տերևները թափող ծառերի հյուսիսային կոճղամասերի վրա օրեկան մեկ միլիմետր աճող)։ Նա հաշվի առավ արևմտյան ուղղությամբ հնարավոր անճշտությունը՝ մեկ մղոնին մեկ ոտնաչափ (խոտորում) և հարավային ուղղությամբ հնարավոր անճշտությունը՝ հարյուր յարդին հինգ մատնաչափ (տրոպիզմի միացյալ էֆետկներ)։ Բոլոր գործոնները նկատի առնելուց հետո նա քայլեց հարավ֊հարավ֊արևմտյան ուղղությամբ։
 
Մարվինը հետևեց իր նոր ընկերոջը։ Մի ժամից նրանք արդեն քաղաքից դուրս էին եկել և քայլում էին խոզանահերկ գյուղական հարթավայրով։ Եվս մեկ ժամ բավական եղավ, որպեսզի անհետանան քաղաքակրթության վերջին նշանները և մնան միայն գրանիտի անկարգ թափթփած ժայռակտորներ ու սաթի կեղտոտ, լպրծուն կույտեր։
 
Վալդեզը կարծես թե կանգ առնելու միտք չուներ, և Մարվինի մոտ կասկածի աղոտ նշույլներ հայտնվեցին։
 
― Իսկ ո՞ւր ենք գնում, որ,― վերջապես հարցրեց նա։
 
― Ձեր Կետիին գտնելու,― պատասխաենց բարեհոգի, կարմրաշագանակագույն Վալդեզը, ատամները շլացուցիչ փայլեցնելով։
 
― Նա իրո՞ք քաղաքից այդքան հեռու է ապրում։
 
― Ես գաղափար չունեմ, թե նա որտեղ է ապրում,― ասաց Վալդեզն, ուսերը թեթվելով։
 
― Չունե՞ք։
 
― Ոչ, չունեմ։
 
Մարվինը կտրուկ կանգ առավ։
 
― Բայդ դուք ասացիք, որ գիտեք։
 
― Ես այդպիսի բան ոչ ասել եմ, ոչ էլ ակնարկել,― պատասխանեց Վալդեզը, կնճռոտելով մուգ շագանականգույն ճակատը։― Ես ասացի, որ կօգնեմ գտնել նրան։
 
― Բայց եթե չգիտեք, թե որտեղ է ապորւմ․․․
 
― Դա ամենևին կարևոր չէ,― ասաց Բալդեզը, խստորեն վեր տնկելով բրդոտ մատը։― Մեր խնդիրն այն չէ, որ գտնենք, թե որտեղ է Կետին ապրում, մեր խնդիրը պարզապես Կետիին գտնելն է։ Համենայն դեպս ես այդպես եմ հասկացել։
 
― Այո, իհարկե,― ասաց Մարվինը։― Բայց եթե մենք չենք գնում այնտեղ, ուր նա ապրում է, ապա ո՞ւր ենք գնում։
 
― Ուր որ նա երևի լինում,― անվրդով ասաց Վալդեզը։
 
― Ա՜,― բացականչեց Մարվինը։
 
Նրանք քայլեցին զարմանահրաշ հսկա ժայռաքարերի միջով, մինչև վերջապես հասան թփուտներով ծածկված նախալեռներին, որոնք հոգնած ծովացուլերի նման պառկել էին շողացող կապույտ, բարձրաբերձ լեռնաշղթայի շուրջ" Եվս մեկ ժամ անցավ, և Մարվինը կրկին անհանգստություն զգաց։ Սակայն այս անգամ նա իր անհանգստությունը զարուղի ճանապարհով արտահայտեց, փորձելով խորամանկության միջոցով իմանալ ճշմարտությունը։
 
― Դուք Կետիին վաղո՞ւց գիտեք,― հարցրեց նա։
 
― Երբեք բարի բախտ չեմ ունեցել նրան հանդիպելու,― պատասխանեց Վալդեզը։
 
― Ուրեմն առաջին անգամ նրան տեսաք ռեստորանում ինձ հե՞տ։
 
― Դժբախտաբար ես նույնիսկ այնտեղ նրան չտեսա, քանի որ ձեր խոսակցության ժամանակ զուգարանում երիկամներիս միջից քար էի հանում։ Հնարավոր է, որ մի պահ տեսել եմ նրան, երբ շուռ եկավ ու հեռացավ, բայց ավելի շուտ դա պարզապես Դոփլերի էֆեկտ էր, որ առաջանում է կարմիր դռան շարժվելուց։
 
― Ուրեմն բոլորովին ոչինչ չգիտե՞ք Կետիի մասին։
 
― Միայն մի քիչ՝ այն, ինչ ձեզնից եմ լսել, որն անկեղծ ասած, փաստորեն հավասար է ոչինչ չիմանալուն։
 
― Այդ դեպքում, ինչպե՞ս,― հարցրեց Մարվինը,― կկարողանաք ինձ տանել այնտեղ, որտեղ նա գտնվում է։
 
― Դա բավական պարզ է,― ասաց Վալդեզը։― Եթե մի վայրկյան խորհրդածեք, ամեն ինչ կհասկանաք։
 
Մարվինը մի քայնի վայրկյան խորհրդածեց, բայց այդպես էլ ոչինչ չհասկացավ։
 
― Տրամաբանորեն մտածեք,― ասաց Վալդեզը։― Ի՞նչն է իմ խնդիրը։ Գտնել Կետիին։ Ի՞նչ գիտեմ ես Կետիի մասին։ Ոչինչ։
 
― Այնքան էլ հուսադրող չի հնչում,― ասաց Մարվինը։
 
― Բայց սա միայն խնդրի կեսն է։ Ասենք թե ոչինչ չգիտեմ Կետիի մասին, այդ դեպքում ի՞նչ գիտեմ գտնելու մասին։
 
― Ի՞նչ,― հարցրեց Մարվինը։
 
― Բանն այն է, որ ես գիտեմ ամեն ինչ գտնելու մասին,― հաղթականորեն ասաց Բալդեզը, տերակոտագույն ձեռքերը հաղթականորեն թափահարելով։― Քանզի ես Որոնումների տեսության մասնագետ եմ։
 
― Ինչի՞ մասնագետ եք,― հարցրեց Մարվինը։
 
― Որորնումների տեսության,― ասաց Վալդեզն արդեն ոչ այնքան հաղթական։
 
― Ա՜,― անտարբեր ասաց Մարվինը։― Հա՜․․․ դա հոյակապ է, և ես վստահ եմ, որ հրաշալի տեսություն կլինի։ Բայց եթե դուք Կետիի մասին ոչինչ չգիտեք, չեմ հասկանում, թե անգամ ամանալավ տեսությունն ինչով պիտի օգնի։
 
Վալդեզը հառաչեց և կարմրաշագանակագույն ձեռքով շոյեց բեղերը։
 
― Բարեկամս, եթե Կետիի մասին իմանայիք ամեն բան՝ սովորություններն, ընկերներին, ցանկությունները, չսիրած բաները, հույսերը, կասկածները, մտադրությունները և այլն, ինչ եք կարծում, կգնտեի՞ք նրան։
 
― Վստահ եմ, որ այո,― պատասխանեց Մարվինը։
 
― Նույնիսկ առանց Որոնումների տեսությունն իմանալո՞ւ։
 
― Այո։
 
― Այդ դեպքում,― ասաց Վալդեզը,― նույն ձևով մոտեցեք հակառակ պարագային։ Ես գիտեմ ամեն ինչ Որոնումների տեսության մասին և հետևաբար կարիք չունեմ որևէ բան իմանալու Կետիի մասին։
 
― Դուք վստա՞հ եք, որ դա նույն բանն է,― հարցրեց Մարվինը։
 
― Պետք է որ։ Ի վերջո, հավասարումը հավասարում է։ Մի ծայրից լուծելը կարող է ավելի երկար տևել, քան մյուս ծայրից լուծելը, բայց արդյունքի վրա չի ազդի։ Փաստորեն, մեր բախտը նույնիսկ բերել է, որ Կետիի մասին ոչինչ չգիտենք։ Կոնկրետ տվյալները երբեմն խանգարում են տեսության իրականացմանը։ Բայց մենք այդ կապակցությամբ դժվարություններ չենք ունենա։
 
Նրանք շարունակեցին քայլելը՝ առաջ և միայն առաջ սարի զառիթափով։ Կատաղի քամին ճչում էր ու թակում նրանց, իսկ ոտքերի տակ սկսեց եղյամ հայտնվել։ Վալեեզը խոսում էր Որոնումների տեսության ասպարեզում իր հետազոտությունների մասին, օրինակ բերելով հետևյալ հատկանշական դեպքերը․ Հեկտորը որոնում է Լիսանդրոսին, Ադամը փնտրում է Եվային, Գալահադը <ref>Կլոր սեղանի ասպետներից ամենահզորը, որը մյուսների նման փնտրում էր առասպելական Սուրբ Գրաալ մասունքը։</ref> հետախուզում է Սուրբ Գրաալի տեղը, Ֆրեդ Ս․ Դոբսը փնտրում է Սիեռա Մադրեի գանձերը, Էդվին Արլինգթըն Ռոբինզընը որոնում է ինքնաարտահայտման ձևեր տիպիկ ամերիկյան միջավայրում, Գորդոն Սլայը փնտրում է Նայադ Մաքարթիին, էներգիան որոնում է էնտրոպիա, Աստված փնտրում է մարդուն և յանգը<ref>Արական ակտիվ գործոն չինկան փիլիսոփայության մեջ, որ արտահայտվում է լույսի, ջերմության, չորության ձևով։</ref> որոնում է յինին<ref>Իգական պասիվ գործոն չինական փիլիսոփայության մեջ, որ արտահայտվում է մթության, ցրտի ու թացության ձևով։ Յանգն ու յինը, միանալով, ստեղծում են ամեն բան։</ref>։
 
― Բայց եթե Կետին իրականում կորած չէ,― ասաց Մարվինը,― ապա մենք իրականում չենք էլ կարող գտնել նրան։
 
― Ձեր ասածը ճիշտ է,― ասաց Վալդեզը։― Բայց իհարկե միայն իդեալական առումով և այս պարագայում փոքր արժեք ունի։ Գործնական նպատակներով մենք պետք է Որոնումների տեսությունը փոխարկերպենք։ Փաստորեն պետք է շրջենք տեսության գլխավոր դրույթը և կրկին ընդունենք Կորելու և Գտնելու նախնական կոնցեպցիաները։
 
― Շատ բարդ է հնչում,― ասաց Մարվինը։
 
― Բարդությունն ավելի շուտ թվացող է, քան իրական,― վստահեցրեց Վալդեզը։― Պետք է պարզապես վերլուծել պրոբլեմը։ Մենք վերցնում եքն հետևյալ դրույթը․ «Մարվինը որոնում է Կետիին»։ Մեր իրավիճակն այդպես նկարարգել ճիշտ կլիներ, այնպես չէ՞։
 
― Այո, երևի,― զգուշորեն ասաց Մարվինը։
 
― Ի՞նչն է մեր ասածի գաղտնի իմաստը։
 
― Գաղտնի իմաստը․․․ որ ես որոնում եմ Կետիին։
 
Վալդեզը նեղսրտված թափահարեց շագանակագույն գլուխը։
 
― Ավելի խոր նայեք, իմ անհամբե՛ր երիտասարդ բարեկամ։ Մի շտապեք եզրահանգում կատարել։ Այդ նախադասությունն արտահայտում է ձեր ակտիվությունը, հետևաբար որպես գաղտնի իմաստ ցույց է տալիս Կետիի կորած վիճակը՝ պասսիվությունը։ Բայց նա չի կարող պասսիվ լինել, քանի որ վերջիվերջո ամեն ոք որոնում է հենց ինքն իրեն՝ դա հատուկ է բոլորին։
 
Մենք պետք է ընդունենք, որ Կետին որոնում է ձեզ (ինքնիրեն) ճիշտ այնպես, ինչպես ընդունում ենք, որ դուք որոնում եք նրան (ինքներդ ձեզ)։ Այսպիսով հասնում ենք մեր կարևորագույն տեղափոխություններին․ Մարվինը որոնում է Կետիին, որը որոնում է Մարվինին։
 
― Դուք իրոք կարծում եք, որ նա ինձ փնտրո՞ւմ է,― հարցրեց Մարվինը։
 
― Իհարկե փնտրում է, անկախ այն բանից՝ գիտի՞ այդ մասին, թե՞ ոչ։ Ի վերջո նա իրավունքների տեր անձ է և չի կարող պարզապես կորած առարկա համարվել։ Ընդունելով նրա ինքնուրույնությունը, ստացվում է, որ եթե դուք գտնում եք նրան, ապա նա էլ, հավասարապես, ձեզ է գտնում։
 
― Երբեք այդ մասին չեմ մտածել,― ասաց Մարվինը։
 
― Այս մասնավոր դեպքերից,― ասաց Վալդեզը,― մենք կազմում ենք «որոնում» ընդհանուր հասկացությունը և անում կարևոր հետևությունները։
Մարվինն այնքան էր տանջված, որ պատասխանեոլւ ուժ չուներ։ Նա հանկարծ հասկացել էր, որ այդ ցուրտ ու անջուր անապատում մարդ կարող է մեռնել։
 
― Բավական զվարճալի է,― ասաց Վալդեզը,― որ ըստ Որոնումների տեսության դուրս է գալիս, թե ոչ մի բան չի կարող իրոք (կամ իդեալական առումով) կորել։ Ինքներդ դատեք․ որպեսզի մի բան կորի, այն պետք է կորելու տեղ ունենա։ Բայց այդպիսի տեղ լինել չի կարող, քանի որ պարզ քանակությունը որակական տարբերություն չի տալիս։ Որոնումների տեսության լեզվով ասած, ամեն մի տեղ նման է ամեն մի այլ տեղի։ Հետևաբար, «կորել» հասկացությունը պետք է փոխարինել «անորոշ տեղավայր» հասկացությամբ, ինչն, իհարկե, ենթակա է տրամաբանա֊մաթեմատիկական վերլուծության։
 
 
<references/>