Changes
/* Գլուխ 17 */
==Գլուխ 17==
Հենց որ անմիջական վտանգը վերացավ, Մարվինը միանգամից ուշքի եկավ։ Մետաֆորային դեֆորմացիայի քողը մի պահ ետ քաշվեց, և Ֆլինը հայտնվեց պերցեպտուալ էմպիրիկ ռեմիսիայի վիճակում։ Որքան էլ ցավալի լիներ, այժմ արդեն պարզ էր, որ «կովբոյ֊թափառաշրջիկն» իրականում Ս․ Քթուլու տեսակի խոշոր պարազիտ բզեզ էր։ Անտարակույս այդպես էր, քանի որ Քթուսու Քթուլու բզեզներին բնորոշ է երկրորադային ծորանը՝ ենթաորովայնային նյարդահանգույցից մի քիչ ցած ու ձախ։
Այդ բզեզները սնվում են ուրիշների էմոցիաներով, քանզի իրենց զգացմունքները վաղուց բթացել են։ Սովորաբար, նրանք պահ են մտնում մութ կամ ստվերոտ վայրերում, սպասելով, որմի որ մի անզգույշ ցելսուսցի անցնի իրենց սեգմենտված ծնոտի մոտով։ Հենց այդպես էլ եղավ։
Տեղի ունեցածը հասկանալով, Մարվինը բզեզին շանթահարեց զայրույթի այնքան ուժեղ հոսանքով, որ Քթուլուն՝ որպես սեփական գերսուր էմոցիանալ զգայարանների զոհ, ուշագնաց փռվեց ճանապարհին։ Ապա Մարվինը կարգի բերեց իր բրոնզաոսկեգույն պատյանը, կարծրացրեց անտետնաները և շարունակեց ճամփան։
Նա մոտեցավ ավազի հանդարտահոս գետը կապող կամուրջին։ Հասնելով կենտրոնին, Մարվինը հայացքը սևեռեց ներքև՝ սև ու խորունկ կոհակներին, որ անհողդողդ հոսում էին դեպի հանելուկային ավազե ծովը։ Կիսահիպնոսացված, Մարվինը դիտում էր, մինչդեռ քթի օղը տկտկացնում էր իր մահաբեր ռիթմը երեք անգամ ավելի արագ, քան սրտի բաբախյունը։ Եվ նա մտածեց․
Կամուրջները հակադիր գաղափարների մարմնավորումն են։ Նրանց հորիզոնական հարթությունը հիշեցնում է մեզ մեր գերազանցության մասին, նրանյց նրանց ուղղահայաց թեքությունը անդադար հիշեցնում է մեզ վերահաս անհաջողությունների, մահվան անխուսափելիության մասին։ Մենք խոչընդոտների միջով ճանապարհ ենք հարթում, բայց նախասկզբնական անկումը հավերժ մեր ոտքերի առջև է։ Մենք կառուցում ենք, ստեղծում, սակայն մահը գերագույն ճարտարապետն է, որը բարձունքներ կառուցում է միայն անդունդների կողքին։
Օ՜ ցելսուսցիներ, բարեկառույց կամուրջներ անցկացրեք հազարավոր գետերի վրայով և իրար կապեք մոլորակի անհամաչափ ուրվագծերը․ զուր են ձեր ջանքերն ու վարպետությունը, քանզի ներքևում հողը ձեզ է սպասում՝ հանգիստ, համբերատար։ Ցելսուսցիներ, ձեր առջև լայն ճանապարհ է փռված, որը տանում է դեպի հաստատ մահ։ Ցելսուսցիներ, չնայած խորամանկ եք ու հնարագետ, մի դաս ունեք սովորելու․ սիրտը ստեղծված է, որպեսզի խոցվի, իսկ մնացածն ունայն է ու երկրորդական։
― Կանգնի՛ր։ Սպասի՛ր,― գոռաց Մարվինը։― Նրա սեփական մռայլ ցանկությունը միանգամից ի չիք դարձավ։ Նա միայն տեսնում էր, որ իր նմանը վտանգի մեջ է։
Ստվերը խոր շունչ քաշեց և կտրուկ նետվեց վար՝ դեպի լայներախ գետը։ Մարվինը հետևեց նրան և հաջողացրեց կոճից բռնել։ Քիչ էր մնում ինքն էլ ընկներ, այնքան մեծ էր նետվողի թափը։ Բայց շտապ ուժեղը ուժերը լարելով, նա ծծիչները կպցրեց ծակոտկեն քարե մայթին, հենման կետը հաստատուն դարձնելու համար տարածեց ներքին վերջավորությունները, երկու վերջին վերջավորությունները փաթաթեց լապտերասյունին և մնացած երկու ձեռքերով ամուր կառչեց ընկնողից։
Մի պահ անկայուն հավասարակշռություն տիրեց, հետո Մարվինի ուժը գերակշռեց անհաջողակ ինքնասպանի ծանրությանը։ Դանդաղ, զգուշորեն, Մարվինը քաշում էր, բռնելով մեկ թաթից, մեկ սրունքից, առանց մի պահ շունչ առնելու, մինչև նետվողին ապահով տեղ հանեց։