Changes
/* 2 */
Ես գիտեմ, թե ինչու նա ճիշտը չասաց․ առհասարակ նա չէր սիրում, երբ մարդիկ ստում էին, բայց այս անգամ նա ինքը ստեց, երեւի չփչացնելու համար Մամոյի գործը։ Աշոտ դային իրեն հատուկ նրբանկատությամբ հասկացավ, որ Մամոն պիտի աշխատի ամեն կերպ գրավել գերմանուհու սիրտը․ զգում էր եւ այն, որ վերջինս կարող էր բռնել Մամոյի պարզած ձեռքը… Կբռնե՞ր նա Մամոյի ձեռքը, եթե նա՝ Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած նկարչուհի֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթը՝ իմանար, որ այդ ձեռքի տերը ոչ այլ ոք է, եթե ոչ աբաստումանցի անգրագետ մի կառապան, որ նա այդ ձեռքով մտրակ է բռնել եւ մտրակը շարժել ձիերի վրա, — <i>հաբարդա՜…</i>— շիշտ է, ճամբարում նման նախապաշարումները մղված էին հետին տեղը, բայց դժվար էր պատկերացնել ավելի անհարիր զույգ,— ադրբեջանցի կառապան եւ գերմանացի նկարիչ֊քանդակագործուհի…
Եկագ Մամոն, ճաշի դույլը դրեց պատուհանի գոգը, վերցրեց Լյուդմիլայի ձեռքից Աշոտ դայու տված ճաշամանը, ցուցամատի կոճով տկտկացրեց, ինչ֊որ բան քրտմնջաց քթի տակ եւ բեղերի վրա, արագ մտավ չորանոց եւ դուրս եկավ մի ուրիշ կամ գուցե նույն ամանը ձեռքին, մաքուր ջրով լավցլվաց, հոտ քաշեց եւ պարզեց ամանը Լյուդմիլային։
Նստեցինք ճաշի, որի ընթացքում Մամոն շարունակ հայհոյեց խոհարարին, որը, Մամոյի ասելով, հրաժարվում էր Լյուդմիլայի բաժին ճաշը տալուց, առարկելով, որ տեղեկանք չկա։ Մամոն սարսափելի բարկացել է, առանց վախենալու խոհարարին <i>դուռակ</i> է անվանել եւ վերցնելով բրիգադների ցուցակը՝ գտել է բրուտանոցի բաժանմունքը, որի դիմաց ջնջված 3֊ի փոխարեն գրված է եղել 4…