Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 34 860 բայտ, 18:31, 3 Նոյեմբերի 2013
/* Գլուխ 32 */
― Ես ընտրում եմ ձեզ։
 
― Այդպես էլ կնշենք,― ասաց ծառայողը, խզմզելով թղթերի վրա։ Նրա դեմքը դարձավ պսևդո֊Ֆլինի դեմք։ Մարվինը ծառայողից մի սղոց փոխ վերցրեց և, որոշ դժվարությամբ, կտրեց֊անջատեց ծառայողի աջ թևը մարմնից։ Ծառայողը մեղմանուշաբար շունչը փչեց, նրա դեմքը կրկին դարձավ իր՝ ծառայողի դեմքը։
 
Գեր մարդը ծիծաղեց, տեսնելով Մարվինի շփոթմունքը։
 
― Մի քիչ փոխակերպությունը կարող է հեռու տանել,― ծաղրանքով ասաց նա,― բայց ոչ այնքան, չէ՞։ Ցանկությունը ձևավորում է մարմինը, բայց մահն է վերջին քանդակագործը։
 
Մարվինը լալիս էր։ Դիականման մարդը բարեստրոեն դիպավ նրա թևին։
 
― Շատ մի վշտացիր, փոքրիկ։ Սիմվոլիկ վրիժառությունն ավելի լավ է, քան բոլորովին վրեժ չլուծելը։ Քո ծրագիրը լավն էր, թերությունները քեզնից անկախ էին։ Ես եմ Ջեյմս Գրիննել Սթարմախերը։
 
― Ես դիակ եմ,― ասաց ծառայողի դիակը։― Ճիշտ նպատակին չհասած վրիժառությունն ավելի լավ է, քան բոլորովին վրեժ չլուծելը։
 
― Ես այստեղ եմ եկել վարորդական իրավունքներիս ժամկետը երկարացնելու,― ասաց գեր մադրը,― գրողի ծոցը գնացեք ձեր խորիմաստ մտքերով, գործ անելո՞ւ եք, թե՞ ոչ։
 
― Իհարկե, սըր,― ասաց ծառայողի դիակը։― Բայց իմ ներկա վիճակում ես կարող եմ միայն թույլտվություն տալ, որ սատկած ձուկ որսաք։
 
― Սատկած, կենդանի, ի՞նչ տարբերություն,― ասաց գեր մարդը։― Կարևորը ձկնորսությունն է, շատ էլ կապ չունի, թե ինչ եք որսում։
 
Նա շրջվեց դեպի Մարվինը, հավանաբար այդ միտքը զարգացնելու համար։ Բայց Մարվինը հեռացավ և, անհամոզիչ տեղափոխությունից հետո, հայտնվեց մի լայն, քառակուսի, դատարկ սենյակում։ Սենյակի պատերը պողպատյա սալիկներից էին շարված, իսկ առաստաղը հարյուր ոտնաչափ բարձրություն ուներ։ Վերևում լուսարձակներ կային և մի դիտանցքավոր խցիկ։ Խցիկից Մարվինին սևեռուն դիտում էր Զե Կրագգաշը։
 
― Փորձ 342,― վճռական ձայնեց Կրագգաշը։― Նյութը՝ մահ։ Հարցադրումը՝ կարո՞ղ է մարդ արարածը սպանվել։ Դիտողություններ՝ մարդ արարածի հնարավոր մահկանացության մասին այս հարցը երկար ժամանակ հուզել է մեր լավագույն մտածողներին։ Մահվան մասին բանահյուսություն է ստեղծվել, և սպանությունների մասին բազում չստուգված հաղորդագրություններ են գրանցվել դարեր շարունակ։ Ավելին, ժամանակ առ ժամանակ ներկայացվել են դիակներ՝ անկասկած մեռած, և ներկայացվել որպես մարդ արարածի մնացորդներ։ Չնայած այդ դիակները պատահում են ամեն քայլափոխին, աննշան կապ անգամ չի գտնվել ապացուցելու համար, որ դրանք երբևէ ապրել են, կամ մարդ֊արարած են եղել։ Ուստի, այդ հարցը մեկընդմիշտ լուծելու համար, մենք կատարում ենք հետևյալ փորձը։ Առաջին․․․
 
Պողպատյա մի սալիկ կրնկի վրա բացվեց․ Մարվինը ժամանակին շրջվեց ու տեսավ իր վրա թռչող մի տեգ։ Նա, կաղ ոտքն անշնորհք շարժելով, մի կողմ թեքվեց և խուսափեց հարվածից։
 
Եվս մի քանի սալիկներ բացվեցին։ Դանակներ, նետեր, մահակներ՝ այդ ամենը շպրտվեց Մարվինի վրա տարբեր անկյուններից։
 
Բացվածքներից մեկի միջով թունավոր գազագեներատոր ներս հրեցին։ Կոբրաների կծիկ նետեցին սենյակ։ Մի առյուծ և մի տանկ գրոհի անցան։ Լսվեց թունավոր նետ արձակող խողովակի սվսվոց։ Ճայթեցին էներգիական զենքերը։ Հազացին հրանետները։ Ականանետը մաքրեց կոկորդը։
 
Սենյակում ջուր էր լցվում, արագ շատանալով։ Առաստաղից արյրվող լիգրոին թափվեց։
 
Բայց կրակն այրեց առյուծներին, որոնք խժռեցին օձերին, որոնք փակեցին հաուբիցների փողանցքը, որոնք ճզմեցին նետերը, որոնք փչացրին գազագեներատորը, որը լուծեց ջուրը, որը հանգցրեց կրակը։
 
Մարվինն ինչ֊որ հրաշքով անվնաս մնաց։ Նա բռունցք թափահարեց Կրագգաշի վրա, պողպատե սալիկին դիպչելով ընկավ ու վիզը կոտրեց։
 
Մարվինին թաղեցին ռազմական պատվավոր լրիվ ծիսակարգով։ Նրա այրին մեռավ հետը, իրեն այրելով թաղման խարույկի վրա։ Կրագգաշը փորձեց հետևել այրուն, և նույնպես մխիթարանք գտնել սաթիի<ref>Հնդկական սովորույթ, որի համաձայն այրին ինքն իրեն վառում է ամուսնու դիակի հետ։</ref> շնորհիվ, բայց նրան թույլ չտվեցին։
 
Մարվինը դամբարանում պառկեց երեք օր և երեք գիշեր, որի ընթացքում նրա քթից շարունակ վազում էր։ Ողջ կյանքը դանդաղ կինոնկարի պես անցավ Մարվինի աչքի առջևով։ Վերջում նա հարություն առավ ու շարժվեց առաջ։
 
 
Սենյակում, որը չարժե նկարագրել, գտնվում էին սահմանափակ, բայց անժխտելի զգայունակությամբ հինգ օբյեկտներ։ Օբյեկտներից մեկն, ըստ երևույթին, Մարվինն էր։ Մյուս չորսը պարզապես ֆիգուրներ էին, հապճեպ գծված ստերեոտիպեր,որոնք ստեղծվել էին միայն մի նպատակով՝ զարդարել առաջնային իրավիճակը։ Այդ հինգին իրար հետ համեմատում էին, որպեսզի պարզեն, թե ո՞ր մեկն է Մարվինը և որոնք՝ անկարևոր երկրորդական ֆիգուրները։
 
Նախ առաջացավ անունների հարցը։ Հինգից երեքը կամենում էին անմիջապես կոչվել Մարվին, մեկն ուզում էր կոչվել Էդգար Ֆլոյդ Մարիսըն, իսկ մյուսը ցանկանում էր, որ իրեն դիմեն որպես «անկարևոր երկրորդական ֆիգուր»։
 
Դրանք ակնհայտորեն կանխակալ ցանկություններ էին, ուստի նրանք համարակալեցին իրենց մեկից մինչև չորսը, բացի հինգերորդից, որը կամակորաբար պնդում էր, որ իրեն անվանեն Քելլի։
 
― Դե լավ, լա՛վ, բավական է,― ասաց համար մեկը, որն արդեն սկսել էր պնդերեսություն ցուցաբերել։― Պարոնայք, գուցե վե՞րջ տանք զավզակությանը և այս ժողովը նորմալ հունո՞վ տանենք։
 
― Հրեական առոգանությունն այստեղ ձեզ չի օգնի,― մռայլ ասաց համար երեքը։
 
― Լսեք,― ասաց համար մեկը,― ի՞նչ կարող է իմանալ լեհի մեկը հրեական առոգանության մասին։ Ի միջի այլոց, ես հրեա եմ միայն հորս կողմից ու թեև ես հարգանք եմ տածում․․․
 
― Որտե՞ղ եմ ես,― ասաց համար երկուսը։― Տեր աստված, ի՞նչ կատարվեց ինձ հետ։ Այն օրվանից, երբ հեռացա Սթենհոուփից․․․
 
― Ռեխդ փակի, քոսոտ իտալացի։
 
― Իմ անունը ոչ քոսոտ իտալացի, իմ անունը կա Լուիջի,― հարավացու առոգանությամբ պատասխանեց համար երկուսը։― Ես կամ երկու տարի ձեր մեծ երկիր այն օրից, երբ փոքր տղա մեկնեցի Սան Մինեստրոնե դելլա Զուպպա գյուղից, nicht wahr?
 
― Գլուխ մի տար,― մռայլ ասաց համար երեքը,― դու հեչ քոսոտ իտալացի էլ չես, դու եղած֊չեղածը սահմանափակ շարժունակության շարքային ժամանակավոր ֆիգուր ես․ ավելի լավ է ռեխդ փակես, քանի մի լավ չեմ հասցրել, nichy wahr?
 
― Լսե՛ք,― ասաց համար մեկը։― Ես հասարակ մարդ եմ, առանց մեծ պահանջների, և եթե պետք է, կարող եմ հրաժարվել մարվինության իմ իրավունքներից։
 
― Հիշողություն, հիշողություն,― մրթմրթաց համար երկուսը։― Ի՞նչ է պատահել հետս։ Ովքե՞ր են այս տեսլիները, այս շատախոս ստվերները։
 
― Է՜, լսիր,― ասաց Քելլին,― դա արդեն անքաղաքավարություն է, ծերուկ։
 
― Եվ անազնվություն, գրողը տանի,― մռթմռթաց Լուիջին։
 
― Աստծո հետ հաղորդակցությունը ճանապարհային հաղորդակցություն չէ,― ասաց համար երեքը։
 
― Բայց ես իրոք չեմ հիշում,― ասաց համար երկուսը։
 
― Ես էլ այնքան լավ չեմ հիշում,― ասաց համար մեկը։― Բայց տեսե՞լ ես, որ դրա համար աղմուկ սարքեմ։ ես նույնիսկ չեմ պնդում, թե մարդ եմ։ Միայն այն փաստը, որ կարող եմ անգիր Լևիտիկուս արտասանել, դեռ ոչինչ չի ապացուցում։
 
― Ճիշտ է, չի ապացուցում,― բղավեց Լուիջին։― Ոչ էլ հերքումն է մի առանձին սարսափելի<ref>Լուիջին flaming բառն օգտագործում է զուտ ավստրալական իմաստով՝ «սարսափելի», ինչը հիմք է տալիս Քելլիին կասկածել, որ նա իտալացի չէ։</ref> բան ապացուցում։
 
― Ես կարծում էի, թե դու իտալացի ես,― ասաց նրան Քելլին։
 
― Այո, բայց ես ծնվել եմ Ավստրալիայում։ Դա բավական տարօրինակ պատմություն է․․․
 
― Ոչ ավելի տարօրինակ, քան իմը,― ասաց Քելլին։― Սև իռլանդացի՞ եք ինձ անվանում։ Բայց քչերը գիտեն, որ պատանեկան տարիներս անց եմ կացրել Հանչժոու քաղաքում՝ պոռնկատանը, իսկ հետ անդամագրվել եմ կանադական բանակ, որպեսզի խուսափեմ ֆրանսիացիների հետապնդումից Մավրիտանիայում գոլլիստների օգնելուս համար, և հենց այդ պատճառով․․․
 
― Zut, alors<ref>Գրողը տանի, այդ դեպքում։</ref>,― գոռաց համար չորսը։― Էլ չեմ կարող ձայնս կտրել։ Իմ վկայականների իսկությունը կասկածի տակ դնելը մի բան է, հայրենիքս արատավորելը՝ միանգամայն այլ։
 
― Քո ցասումը ոչինչ չի ապացուցում,― գոռաց համար երեքը։― Ճիշտ է, չկարծես, թե շատ պետքս է, քանի որ այլևս չեմ ուզում Մարվին լինել։
 
― Պասսիվ դիմադրությունն ագրեսիայի ձև է,― պատասխանեց համար չորսը։
 
― Անընդունելի վկայությունը, միևնույն է, մնում է վկայություն,― խոսքի տակ չմնաց երրորդը։
 
― Չգիտեմ թե ինչի մասին եք խոսում,― հայտարարեց համար երկուսը։
 
― Տգիտությունը քեզ ոչ մի լավ բանի չի հասցնի,― փնթփթնաց համար չորսը։― ես կտրականպես հրաժարվում եմ Մարվին լինելուց։
 
― Չի կարելի հրաժարվել չունեցած բանից,― հեգնեց Քելլին։
 
― Ես կարող եմ հրաժարվել ինչից խելքս փչի՜,― զայրացած բղավեց համար չորսը։― Եվ ոչ միայն հրաժարվում եմ մարվինությունից, այլև ձեռք եմ քաշում իսպանական թագից, զիջում Ներքին գալակտիկայի դիտատորությունը և ետ եմ կանգնում Բահայի փրկարարությունից։
 
― Հիմա ավելի լա՞վ ես զգում, զավակս,― թունոտ հարցրեց Լուիջին․
 
― Այո․․․ Դա անտանելի էր։ Պարզությունը սազում է բարդ խառնվածքին,― ասաց համար չորսը։― Ձեզանից ո՞ր մեկն է Քելլին։
 
― Ես,― ասաց Քելլին։
 
― Դու հասկանո՞ւմ ես,― հարցերց Լուիջին,― որ միայն դու և ես անուններ ունենք։
 
― Ճիշտ է,― ասաց Քելլին։― Դու և ես տարբեր ենք։
 
― Սպասեք, մի՛ րոպե,― ասաց համար մեկը։
 
― Ժամանակը սպառվե՛ց, պարոնայք։
 
― Ձեզ ամո՛ւր պահեք։
 
― Ձեզ պինդ պահեք։
 
― Լսափո՛ղը պահեք։
 
― Ինչպես և ասո՛ւմ էի,― խոսեց Լուիջին։― Մե՛նք։ Մե՛զ։ Ենթադրյալ ապացույցի անվանյալնե՛րս։ Քե՛լլի, դու կարող ես լինել Մարվին, եթե ես կարողանամ Կրագգաշ լինել։
 
― Համաձա՛յն եմ,― աղաղակեց Քելլին, ուշք չդարձնելով երկրորդական ֆիգուրների բողոքներին։
 
Նույնությունից առաջացած արբեցման րոպեական էյֆորիայի մեջ Մարվինը և Կրագգաշը ժպտացին մեկմեկու։ Հետո նրանք նետվեցին ու իրար կոկորդ բռնեցին՝ փորձելով խեղդել մեկը մյուսին։ Երեք համարակալվածները, զրկված անդրանիկության իրավունքից, որ երբեք չէին ունեցել, ոճավորված երկիմաստության պայմանական կեցվածքներ ընդունեցին։ Երկու անվանավորվածներ, որոնց շնորհված էր նույնություն, որը, միևնույն է, ուժով էին ձեռք բերել, մեկմեկու կծում էին ու քաշքշում, իրար վրա շպրտում հանդունգն արիաներ և սողում ամենակործան ռեչիտատիվների առջև։ Համար մեկը նայեց այնքան, մինչև ձնարձացավ, ապա սկսեց խաղալ ճողփյունի լուծույթի հետ։
 
Եվ դա եղավ վերջին կաթիլը։ Բոլոր կրակոցներն ու կռիվները սահեցին֊գնացին, ինչպես կայծակնային<ref>Բառախաղ՝ նույն (grease) արմատով կազմվում է նաև «ճարպոտ» բառը։</ref> խոզը ցած կսլանար բարձր ապակե սարի վրայով, միայն մի փոքր ավելի արագ։
 
 
Օրը հաջորդեց գիշերվան, որին հաջողվեց<ref>Բառախաղ՝ succedd բառը նշանակում է և՛ հաջորդել, և՛ հաջողվել։</ref> իրեն լրիվ հիմարի տեղ դնել։
 
Պլատոնը գրել է․
<br> «Կարևոր չի, թե ինչ ես անում, կարևորը՝ որ անում ես»։ Հետո որոշել է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ այդ մտքի համար և ջնջել է գրածը։
 
Համմուրաբին <ref>Բաբելոնական արքա (մ․թ․ա․ 1955-1913)։</ref> գրել է․
<br> «Չարժե ապրել, եթե չես ուսումնասիրում կյանքը»։
 
Բայց նա վստահ չէր, որ դա ճշմարիտ է, ուստի ջնջել է գրածը։
 
Գաութամա Բուդդան<ref>Բուդդիզմի հիմնադիրը։</ref> գրել է․
<br> «Բրահմանները թրիք են»։
 
Սակայն հետո գրածն ուղղել է։
 
Բնությունը խորշում է վակուումից, այն ճիշտն ասած իմ սրտով էլ չէ։ Մարվինի՛ սսիմո։ Ահա նա կատվաքայլ մոտ է գալիս, հաղթական ծածանելով իր ուռճացրած նույնությունը։ Բոլոր մադրիկ մահկանացու են, ասում է նա մեզ, բայց ոմանք մյուսներից ավել իմահկանացու են։ Ահա նա խաղում է բակում, ցեխից արժեքավոր դատողություններ ստեղծելով։ Զուրկ լինելով հարգանքից, նա դառնում է նրա հայրը։ Անցյալ շաբաթ մենք չեղյալ հայտարարեցինք նրա աստվածայնությունը՝ նա բռնվել էր առանց վարելու իրավունքի կյանք վարելիս։
 
(Բայց ես ձեզ հաճախ զգուշացրել եմ, բարեկամներ, պրոտոպլազմային վտանգի մասին, որը սողում է երկնքով ու հանգցնում աստղերը, անամոթաբար գոյատևելով և հոսում, արմատախիլ անլով մոլորակները և հարթեցնելով աստղերը։ Արգահատելի պնդերեսությամբ այն նողկանք է սերմանում)։
 
Ահա կրկին գալիս է գունաթափ բեժ մաշկով այդ հնամաշ աճպարարը, այդ կարկատած ժպիտով լավատեսը։ մարդասպա՛ն, սպանի՛ր ինքդ քեզ։ Կողոպտի՛չ, գողացի՛ր ինքդ քեզ։ Ձկմո՛րս, որսա՛ ինքդ քեզ։ Հնձվո՛ր, հնձի՛ր ինքդ քեզ։
 
Իսկ այժմ կլսենք Հատուկ գրոծերի քննիչի զեկույցը։
 
― Շնորհակալ եմ, ըհմ, ըհմ։ Ես հայտնաբերել եմ, որ Մարվինն այն մեկն է, որին արժե ունենալ, երբ ունես մեկից ավելին, որ աստղերն ընկնում են Մարվին Ֆլինի վրա, որ մարդ պետք է փառաբանի աստծուն և հաշվի չառնի Մարվին Ֆլինը։ Ես նաև նկատել եմ, սիրելիս, քանի որ վերևում ես, մի Մարվին Ֆլին բեր ինձ համար՝ Մարվին Ֆլինն ի վերջո ավելի լավ է, քան թանկարժեք լայնարձակությունը<ref>Բառախաղ՝ «spread» բառը նաև նշանակում է խնջույք։</ref>։ Խոստացիր աղջկան ինչ մտքովդ կանցնի, բայց տուր նրան Մարվին Ֆլին։ Թույլ տուր քո Մարվինին զբոսնել դեղնած էջերով։ Խմեք Մարվին, այն զովացնում է։ Այս շաբաթ չաղոթե՞նք քո ընտրած Մարվին Ֆլինում։ Քանզի միասին աղոթող Մարվին Ֆլինը միասին ու ամբողջական է մնում։
 
 
․․․ իրար կառչել էին տիտանական գոտեմարտում, որը, քանի որ տեղի էր ունեցել, անխուսափելի էր։ Մարվինը հարվածեց Կրագգաշի կրծքի ոսկորին, հետո, ինչքան հոգում թախիծ կար, հարվածեց քթի ոսկորին։ Կրագգաշն անմիջապես վերածվեց Իռլանդիայի, որ Մարվինը նվաճեց, որպես դանիացի բերսերկների<ref>Առասպելական ամանահաղթ զինվորներ։</ref> կիսալեգիոն, ստիպելով Կրագգաշին թագուհի գնացող շախմատի զինվոր դառնալ, քանզի գիտեր, որ իր փոքր ֆլաշն<ref>«Փոկեր» թղթախաղում ֆլաշը համագույն խաղաթղթերի համակցությւոնն է՝ բավական մեծ միավոր</ref> ավելի ուժեղ է։ Մարվինը փորձեց խփել իր հակառակորդին, վրիպեց և կործանեց Ատլանտիդան։ Կրագգաշը հարվածեց ափի հակառակ կողմով ու մի մժեղ սպանեց։
 
Մահասփյուռ ճակատամարտը շարունակվում էր Միոցենի գոլորշապատ ճահիճներում․ մրջյունների մի համայնք սգում էր թագուհում, մինչդեռ Կրագգաշը գիսաստղ դարձած հուսահատ նետվեց Մարվինի արևի վրա, ի վերջո բաժան֊բաժան լինելով ու վերածվելով անհամար ռամատենչ բեղմնիկների։ Սակայն Մարվինն անսխալ տարբերեց ադամանդը շողացող ապակուց և Կրագգաշը մեջքի վրա ընկավ Ջիբրալթար։
 
Նրա ամրոցը դադարեց դիմադրել այն գիշեր, երբ Մարվինն առևանգեց Բարբարիական կապիկներին, և Կրագգաշը շտապեց փախչել հարավային Թրեյսով՝ մարմինը ճամպրուկի մեջ պահած։ Նրան ձերբակալեցին Ֆտիսթիայի սահմանում՝ երկիր, որը Մարվինը ստեղծել էր Եվրոպայի պատմությունը վերափոխելով։
 
Թուլանալով, Կրագգաշը չարիք դարձավ, չարիք դառնալով, թուլացավ։ Իզուր էր նա սատանայի պաշտամունք տարածում։ Մարվինության հետևորդները խոնարհվում էին ոչ թե կուռքի առջև, այլ՝ խորհրդանիշի։ Չարիքի վերածվելով, Կրագգաշը եղծելի դարձավ։ Նրա եղունգների տակ աճում էր կեղտը, հոգու վրա հայտնվեիցն թունավոր մազափնջեր։
 
Ի վերջո Կրագգաշը՝ չարիքի այդ մարմնացումը, ուժասպառ եղավ, ճանկերի մեջ Մարվինի մարմինը սեղմած։ Էկզորսիզմի<ref>Չար ոգուն հեռացնելու հմայություն։</ref> ծախսերն արագացրին նրա հոգեվարքը։ Շրջանաձև սղոցը, ծպտված որպես աղոթանիվ, անդամահատեց նրան․ որպես բուրվառ զգեստափոխված մի գուրջ ջախջախեց նրա գանգը։ Ալեհեր տեր Ֆլինը վերջին աղոթքը մրմնջաց նրա վրա․― Թող այն աշխարհում հույսդ մի կոլոակի վրա չլինի, որդյակս։
 
Եվ Կրագգաշին թաղեցին կենդանի Կրագգաշից տաշած դամբարանում։ Գերեզմանի վրա համապատասխան մակագրություն փորագրվեց, իսկ գերեզմանի շուրջը ծաղկող կրագգաշներ տնկեցին։
 
Դա հանգիստ վայր է։ Ձախ կողմում կրագգաշածառերի պուրակ կա, աջ կողմում՝ նավթազտման գործարան։ Նայում ես ու մեկ էլ տեսար ոտքիդ տակ գարեջրի մի դատարկ շիշ ես տեսնում, կամ գնչուական մի ցեց։ Եվ հենց այդտեղ, մոտակայքում, այն բացատն է, որտեղ Մարվինը բացեց ճամպրուկը և հանեց իր վաղուց կորած մարմինը։
 
Նա մարմնի վրայից փչեց֊սրբեց փոշին և սանրեց մազերը։ Սրբեց քիթը և ուղղեց փողկապը։ Հետո, ակնածանքով, հագավ։
 
==Գլուխ 33==
 
Այսպիսով Մարվին Ֆլիկը կրկին հայտնվեց Երկրում և իր սեփական մարմնում։ Նա գնաց հարազատ քաղաք՝ Սթենհոուփ, և տեսավ, որ ամեն ինչ անփոփոխ է։ Քաղաքն առաջվա պես Նյու Յորքից հեռու էր մի երեք հարյուր մղոն տարածական իմաստով և մի քանի հարյուր տարի՝ հոգեկան ու զգացմունքային իմաստով։ Առաջվա նման ծաղկում էին այգիները, իսկ շագանականգույն կովերի նախիրներն արածում էին բլրաշատ կանաչ արոտավայրերում։ Թեղիազարդ Մեյն֊սթրիթը և ռեակտիվ օդանավերի գիշերային հեծեծանքները թվում է, հավերժ կային ու կլինեին։
 
Ոչ ոք Մարվինին չհարցրեց, թե որտեղ է եղել։ Նույնիսկ ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, կարծում էր, թե Մարվինը մեկնել էր զվարթ ճամփորդության որևէ սովորական տուրիստական երթուղիով, ասենք Սինքյան կամ ներքին Իթուրիի Անձրևի անտառը։
 
Սկզբից այդ հավիտենական անփոփոխությունը Մարվինին դառնացրեց ոչ պակաս, քան գիտակցափոխային տեղաշարժերը կամ Խճճված աշխարհի հանելուկները։ հաստատունությունն օտարոտի էր, Մարվինն անընդհատ սպասում էր, թե այն երբ կվերանա։
 
Բայց Սթենհոուփի պես վայրերը չեն վերանում, իսկ Մարվինի պես տղաներն աստիճանաբար դադարում են հավատալ հրաշքների։
 
Հաճախ գիշերները Մարվինն իր ձեղնահարկի սենայկում երազում էր Կետիի մասին։ Նա չէր կարողանում իրեն համոզել, որ Կետին Միջաստղային զգոնամիության գործակալ է եղել։ Ճիշտ է, դեռ այն ժամանակ այդ կնոջ պահելաձևում ինչ֊որ պնդերեսություն կար, իսկ գեղեցիկ աչքերում՝ առաքինի դատախազային փայլ։
 
Մարվինը սիրում էր Կետիին և միշտ սգալու էր նրա կորուստը, բայց ավելի շուտ համաձայն էր սգալ նրան, քան վերագտնել։ Եվ, եթե ճիշտն ասվի, Մարվինն աարդեն աչք էր դրել Մարշա Բեյքըրի՝ Սթենհոուփի ամենախոշոր մեծածախ առևտրականի դստեր վրա, կամ ավելի շուտ, Մարշան էր կրկին ուշադրության նշաններ ցույց տալիս նրա հանդեպ։
 
Եթե ոչ բոլոր հնարավոր, ապա գոնե Մարվինի տեսած աշխարհներից Սթենհոուփն ամենալավն էր։ Դա մի տեղ էր, որտեղ իրերը չէին ցատկում վրադ, ոչ էլ դու էիր ցատկում իրերի վրա։ Սթենհոուփում մենաֆորային դեֆորմացիա լինել չէր կարող․ կովը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ, և նրան այլ անուն տալը միայն բանաստեղծների ոչ պաշտոնական իրավունքն էր։
 
Եվ այսպես, անկասկած, ուր էլ գնաս, տնիցդ լավը չկա, ուստի Մարվինը որոշեց ի սրտե վայելել այն ամենն, ինչին միշտ սովոր է եղել, չէ՞ որ իմաստուն մելամաղձոտ մարդիկ դա համարում են իաստնության գագաթնակետը։
 
Միայն մեկ կամ երկու փոքրիկ կասկածներ էին մթագնում նրա կյանքը։ Առաջին և ամենակարևոր հարցը հետևյալն էր․ ինչպե՞ս ինքը Խճճված աշխարհից ետ դարձավ Երկիր։
 
Մարվինը երկար քննեց այդ հարցը, որն ավելի չարագույժ էր, քան սկզբից էր թվում։ Նա հասկացավ, որ Խճճված աշխարհում ոչինչ անհնար չէ և ոչ մի բան անհավանական չէ։ Խճճված աշխարհում կան պատահականություններ, բայց կան նաև ոչ պատահականություններ։ Ոչինչ չպետք է լինի, ոչինչ անհրաժեշտ չէ։ Ուստի շատ հնարավոր էր, որ Խճճված աշխարհը Մարվինին ետ էր շպրտել Երկիր և, Մարվինին ազատ արձակելով, մի անգամ ևս հաստատել իր ուժը։
 
Թվում է, հենց այդպես էր եղել։ Բայց կար նաև մի այլ, պակաս հաճելի տարբերակ։
 
Այդ բանը ըստ Դուրմանի թեորեմայի հնչում է հետևյալ կերպ․
 
― Խճճված աշխարհում հենդիպող հնարավոր թագավորություններից մեկը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհն է, մյուսը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը․ բացի մի մանրամասնից, երրորդը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի երկու մանրամասնից և այլն։
 
Իսկ դա նշանակում էր, որ չէր բացառվում Մարվինի դեռևս Խճճված աշխարհում գտնվելը, և որ նրա ընկալած աշխարհը գուցե ընդամենը արտահոսում էր, հիմնահատակ քաոսի մի անցողիկ պահ, որը վաղ թե ուշ պետք է կրկին տարրալուծվեր Խճճված աշխարհի հիմնահատակ անմտության մեջ։
 
Մի կողմից տարբերություն չկար, քանի որ ոչինչ հարատև չէ, բացի մեր պատրանքներից։ Բայց ոչ ոք չի ուզում, որ իր պատրանքները սպառնալիքի տակ գտնվեն, և Մարվինը ցանակնում էր իմանալ՝ ինչն ինչոց է։
 
Արդյոք ինքը Երկրո՞ւմ է, թե՞ Երկրի պատճենում։
 
Կա՞ արդյոք որևէ կարևոր մանրամասն, որ չի հապատասխանում իր իամցած Երկրին։ Կամ մի քանի մանրամասնե՞ր։ Մարվինը փորձում էր այդ բանը պարզել հանուն սեփական հանգստության։ Նա հետազոտեց Սթենհոուփի արվարձանները, նայեց, փորձեց և ստուգեց բուսական և կենդանական աշխարհը։
 
Թվում է, ամեն բան ճիշտ էր։ Կյանքը շարունակվում էր ստվորականի պես․ ՄԱրվինի հայրն առաջվա պես խնամում էր առնետների իր հոտը, մայրը շարունակում էր անվրդով ձու ածել։
 
Մարվինը ուղևորվեց դեպի Բոստոն և Նյու֊Յորք, հետո հարավ՝ Ֆիլադելֆիա և Լոս Անջելես։ Ամեն բան կարգին էր թվում, Մարվինը մտածեց լայնահուն Դելավոր գետով կտրել֊անցնել մայրցամաքը և շարունակել որոնումները կալիֆորնիական Սքենեքթեդի, Միլվոքի և Շանհայ քաղաքներում։
 
Հետո միտքը փոխեց, հասկանալով, որ իմաստ չունի կյանքը վատնել պարզելու համար, ունի՞ ինքը, թե՞ չունի վատնելու կյանք։
 
Բացի այդ, հնարավոր էր, որ նույնիսկ եթե Երկիրը փոխված էր, իր հիշողություններն ու զգայությունները կարող էին նույնպես փոխված լինել, ուստի միևնույն է ոչինչ հնարավոր չէր լինի պարզել։
 
Մարվինը, պառկած Սթենհոուփի հարազատ կանաչ երկնքի տակ, կշռադատում էր այդ տարբերակը, որը խելքին մոտ բան չէր թվում, քանզի մի՞թե հսկա կաղնիները չէին շարունակում ամեն տարի հարվ քոչել։ Մի՞թե կարմիր արևը չէր կատարում իր ամենօրյա շարժումը երկնքով, մութ արևի ուղեկցությամբ։ Կամ երեք լուսիններն առաջվա պես գիսաստղերով համալրված չէի՞ն վերադառնում։
 
Այդ ծանոթ պատկերները հանգստացնում էին նրան։ Ամեն բան նույնն էր, ինչպես միշտ։ Եվ այդպես, կամովին ու հոժարությամբ, Մարվինն աշխարհն ընդունեց ինչպես կար, առանց խորանալու, ամուսնացավ Մարշա Բեյքըրի հետ և ապրեց մինչև խոր ծերություն։