Changes
/* Ջուր */
Սակայն թողնելով հին ասորիների ավանդությունների նմանությունը այլ սեմական ավանդություններին, ինչը իր ժամանակագրության մեջ հիշում է Եվսեբիոսը, որից օգտվել են Խորենացին և ուրիշները, կարծում եմ՝ հայոց վիպասանների մատն էլ է դիպել այս պատմությանը, ըստ որի՝ նրանց երգած մեծ դյուցազնը՝ Արտաշես Բ֊ի սպարապետ Այրաքաջ կոչված Սմբատ Բագրատունին, այն կողմերից Ալիկա անունով մի ասորի աղջիկ է առնում կնության<ref>Մի օրինակում ասվում է․ «Եկեալ յավանն Ամբատայ, որոյ յանուն կնոջն՝ որ յԱսորից առեալ՝ Ալիկա․ և է Ալիկա Սմպատա»։ Մեկ այլ օրինակում․ «Եկին յաւանն Սմբատայ՝ ի կոչեցեալն Ալիկէ, որ է Ովկի, կանայք Սմբատայ(՞) և անուն կնոջ նորա Ալիկայ»։</ref> և հանուն նրա սիրո ու հիշատակի գեղեցկադիր գետեզերքին՝ «ի ծառաւէտ ընկուզուտ տեղիս», կառուցում է մի ավան, որ «ի կողմանս Տմորեաց»՝ մշկաբեր մի լեռան ու գետի կամուրջների մոտ էր։ Այս նկարագրելու արժանի և դյուցազնական վայրերն էլ սրբեցին հրաշագեղ կույսերը, որոնք Սողոփի ստորոտում բնակված ժամանակ աչքացավի հիվանդություն ունեցան «և․ կացեալ յաղօթս՝ երկու Աղբերք բղխեցան, որ է ժանգ ջրոյն կարմիր և սպիտակ․ և մինչեւ ցայսօր օգնէ աչացաւաց յանուն Սրբուհեացն»։ Եթե առասպելախառն ջրեր հիշելը պատմական անհրաժեշտություն էր, ապա այսպիսի անձերի կողմից իրենց վայել վարդագուն ու բյուրեղանման ջրերի բխեցնելու հիշատակումը հոգեկան մի անհրաժեշտություն էր համարվում։ Փոխանակ այդ գույնզգույն ջրերի՝ քրիստոնյա հայերը ներկայումս յուրատեսակ հարգանք են մատուցում լուսաղբյուրներին, որտեղ կա սրբազան հիշատակ, կամ որոնք սրբերի շնորհիվ համարվում են բժշկարար։
Թեև մեր շարադրանքի հերթակարգը դեռ վերաբերում է տարիքների, այլ ոչ կենդանիների պաշտամունքին, նորից ջրերին չանրադառնալու համար այստեղ հիշենք և այն, ինչ հայերի մեջ ավանդվում է ջրաբնակ պաշտելիների մասին, ինչը երևակայությունը մտցրել է ալիքների մեջ՝ քիչ֊քիչ հեռանալով նահապետական պարզ հարգանքից, որ ընծայում էին դրանց կամ բնության մյուս մեծամեծ երևույթներին կամ այնպիսի եզակի պատմական հիշատակին, որպիսին ջրհեղեղն է։
Մեր երկիրը, ծովեզրյա չլինելով, չէր կարող հնարել նաև ծովային հավատալիք կամ պաշտելիք, և մեզնում այդպիսի բան նշանակող բառերը առնված են օտար լեզուներից՝ թարգմանության համար։ Սակայն տեսանք, որ շատ գետեր և լճեր ունենք, և երբ մոլար կարծիքները զորացան, ծնվեցին նաև ջրային հրաշալիքներ կամ հրեշներ, որոնցից ամենաազգայինն ու սեփականն է թվում <i>Ընգղա</I> հատուկ բառով անվանվածը, որը եթե <i>ընկղմվել</i> բառից չի ծագում, ուրեմն ծագումն անհայտ է։ Բառի իմաստը առավելապես «ծովահրեշ» է նշանակում, ինչպես հույների Ներեիդները (Nereides), սակայն ավելի ահավոր ու վնասակար։ Այդ է պատճառը, որ թարգմանության մեջ (Ոսկեբերան, Մեկնություն Մատթեոսի), փոխանակն հույների կատաղած էրինիների, դրած է <i>Ընգղա</i>։ Եվ քանի որ կին էր, հույները նրան տալիս էին կնոջ կերպարանք։ Հույների առասպելների մեջ նշանավոր և հանրածանոթ են նաև Սիցիլիական նեղուցի հորձանուտի և քարափների միջև կարծված կիսով չափ մարդ, կիսով չափ շուն երկու կենդանիները։ Մեկը Սկյուլլան է՝ երբեմնի գեղեցիկ հավերժահարսը, մյուսը՝ Քարիբդիսը (Scylla, Carybde)՝ երբեմնի կով գողացող կինը, որոնք նավորդներին պատճառումեմ մեծամեծ վնասներ ու սարսափ։ Առաջինի հունարեն անունը հիշում է Բարսեղ վ․ Մաշկևորցին Մարկոսի ավետարանի մեկնության մեջ՝ նրա ագահությունը նմանեցնելով «գազանադէմ և շընդռունգն երեսաց կնոջ, և Սիկիլն, որ Շուն երեքգլխանի ասեն (վեցգլխի է ըստ Յունաց), Հիդրէն՝ (բազմագլուխ վիշապն) զոր այլք պատմեն»։ Դրանց և Ընգղայի նման մի բան էլ երևակայել են հայերը, որոնք թարգմանույթյան մեջ Սկյուլլային ու Քարիբդիսին միաժամանակ կոչել են Ապուռք։ Անունից գուշակելի է, որ սա պետք է լինի հուականաի նման մագիլով ու ճանկոտ մի հրեշ գազան, բայց հայոց որ ջրերում, որ խորխորատներում էին դրանք բնակվում չեմ կարող գուշակել․ գուցե բառը հնարողի մտքի՞ մեջ։
<references/>