Changes

Հարբած հողը

Ավելացվել է 25 152 բայտ, 18:03, 16 Նոյեմբերի 2013
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Հարբած հողը |հեղինակ = [[Ռոբերտ Յանգ]] |թարգմանիչ = Ջուլիետա Ղազարյան (ռուսերեն...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Հարբած հողը
|հեղինակ = [[Ռոբերտ Յանգ]]
|թարգմանիչ = Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Ուխտագնացություն դեպի երկիր»]]
}}
[[Category: Արձակ]]

<i>Թարգմանություն մարսերենից</i>

<i>ԹԱՐԳՄԱՆՉԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ։ Այս պատմվածքը իմ ձեռքն է ընկել մի այնպիսի ճանապարհով, որը փակ է բոլոր այլ մարդկանց համար, ուստի ես իրավունք չունեմ մանրամասների մեջ խորանալու։ Որքան ինձ հայտնի է, սա մարսերեն առաջին գիտաֆանտաստիկ պատմվածքն է, որ հասել է Երկիր, եւ, բացի այն, որ ունի ինքնուրույն արժեք, դա կարդալուց հետո կարելի է անել մի շարք հետաքրքիր եզրակացություններ․

1) մարսեցիները շատ նման են մեզ, 2) նրանց քաղաքակրթությունը շատ նման է մեր քաղաքակրթությանը, 3) ինչպես Երկրի ֆանտաստ գրողներն են Մարսն օգտագործում մեր հասարակության արատները պատկերելու համար, այնպես էլ Մարսի գրողներն են օգտագործում Երկիրը, որպեսզի պատկերեն իրենց հասարակության արատները, 4) այդ արատների պատկերումը չափազանցրել են ինչպես Մարսի, այնպես էլ Երկրի ֆանտաստ գրողները, եւ մարսեցի որոշ գրողներ նույնիսկ սկսել են պարոդիաներ գրել իրենց կոլեգաներին եւ 5) այս պատմվածքը վերաբերում է վերջին կետին։</i>

Տիեզերքի անեզր տարածություններից ընկնելով՝ ինչպես մի սեւ թեւաթափ թռչուն, նավը իջավ Երկրի կապույտ ավազների վրա։

Նավապետ Ֆրիմպֆը բացեց դուռը, դուրս եկավ շլացուցիչ լույսի մեջ, խոր շնչեց, եւ նրա թոքերը լցվեցին մաքուր ու բուրավետ օդով։ Շուրջը, մինչեւ մշուշով պարուրված հորիզոնը, ձգվում էին կապույտ ավազները։ Հեռվում, արեւի տակ երփներանգելով ծիածանի բոլոր գույներով, ինչպես գունավոր ապակու բեկորներ, փայլփլում էին մեռյալ քաղաքի ավերակները։ Վերեւում, երկնքի վիթխարի կապույտ հարթության մեջ, իրար ետեւից վազում էին փոքրիկ ու փափլիկ ամպերը։

Նրա աչքերը մշուշապատվեցին։ Սա Երկիրն է, մտածեց նա, վերջապես, Երկիրը։

Երեք շարքայինները, որոնք նրա հետ միասին մասնակցում էին դեպի Երկիր կատարած պատմական թռիչքին, դուրս եկան նավից ու կանգնեցին նրա կողքը։ Նրանց աչքերը նույնպես մշուշապատվեցին։

— Երկնագույն է,— շշնջաց Բիրպը։

— Երկնագույն է,— մրմնջաց Պեմպֆը։

— Իհարկե, երկնագույն է,— երազկոտ ասաց նավապետը։— Մի՞թե մեր աստղագետները չէին պնդում, որ Երկրի կապույտը չի կարելի ամբողջովին վերագրել մթնոլորտի լուսակլանիչ հատություններին։ Հողն էլ պետք է կապույտ լինի։

Նա ծնկի եկավ, գետնից մի բուռ զարմանալի նյութ վերցրեց, որը երկնագույն մշուշի պես սուրաց նրա մատների արանքով։

— Երկրի կապույտ ավազնե՜րը,— երանավետ շշնջաց նավապետը։

Վեր կենալով, նա հանեց գլխարկը։ Արեւն այրում էր, զով զեփյուռը խառնաշտորում էր մազերը։ Երկնագույն ավազների միջով քամին քաղաքից այստեղ էր հասցնում ձայներ, որոնք նման էին ապակե բոժոժների ղողանջի, եւ նավապետը հիշեց մարսյան տաք ամառը, երկար օրերը, կեսօրյա շոգ ժամերը ու լիմոնադը, որ տատիկը խմեցնում էր իրեն պատշգամբում։

Հանկարծ զգաց, որ մեկը շնչում է ուղիղ իր ծոծրակին։ Նա զայրացած շրջվեց։

— Ի՞նչ է պատահել, Բիրպ։

Բիրպը հազաց։

— Խնդրում եմ, ներեք ինձ, սըր,— ասաց նա։— Բայց դուք չե՞ք կարծում, որ հիմա շատ հարմար առիթ է… ես ուզում եմ ասել, սըր, որ մենք երկար ճանապարհ ենք կտրել, եւ Պեմպֆը, Ֆարդելն ու ես ծարավից տոչ… այսինքն՝ մենք մի քիչ հուզվեցինք, ու մեզ թվում է…

Նա կծկվեց նավապետի արհամարհական հայացքից։

— Լավ,— սառը կտրեց նավապետը։— Վերցրեք մի արկղ այդ գարշանքից։— Բայց միայն մեկ արկղ, հասկացա՞ք։ Եվ եթե ես տեսնեմ այս կուսական բնությունը պղծող գեթ մեկ շիշ, ձեզ բոլորիդ պատժախուց կնետեմ։

Բիրպը ուզում էր վազել դեպի նավը, բայց, լսելով նավապետի զգուշացումը, կանգ առավ։

— Իսկ որտե՞ղ գցենք դրանք, սըր։ Եթե շշերը նորից դնենք նավի մեջ, ապա թռիչքի համար ավելի շատ վառելանյութ կպահանջվի, իսկ մենք առանց այդ էլ քիչ ունենք։

Նավապետը մի պահ մտածմունքի մեջ ընկավ։ Այս հարցի լուծումը առանձնապես մեծ ջանքեր չէր պահանջում։

— Թաղեք դրանք հողի մեջ,— ասաց նա։

‘’***‘’

Մինչ անձնակազմը գարեջուր էր խմում, նավապետը քիչ հեռու կանգնած նայում էր հեռավոր քաղաքին։ Ֆրիմպֆը նույնիսկ սկսեց պատկերացնել, որ Մարս վերադառնալուց հետո կնոջը պատմում է այս քաղաքի մասին․ ահա ինքը նստել է ճաշի սեղանի մոտ եւ նկարագրում է կապույտ աշտարակները, փայլփլուն գագաթները, շենքերի մռայլ ավերակները։

Ակամա պատկերացրեց նաեւ կնոջը․ նա նստել է իր դիմաց, լսում է եւ ուտում, ավելի շատ ուտում է, քան լսում։ Ու հիմա ավելի է հաստացել, քան մինչեւ իր մեկնելն էր։ Հազարերորդ անգամ նա զարմանում էր այդ անհեթեթ կանացի մոդայի վրա՝ գիրանալ, գիրանալ այնքան, որ ամուսիններից ոմանք իրենց կանանց տանում են հատուկ սայլակներով։ Ինչո՞ւ նրանք երբեմն֊երբեմն չեն վեր կենում տեղներից ու չեն շարժվում։ Չէ, նրանք պիտի իսկական խոզ դառնան լոկ այն պատճառով, որ անընդհատ վաճառքի են հանվում տնային աշխատանքը հեշտացնող զանազան հարմարանքներ։ Եվ ինչո՞ւ են նրանք շարունակ ինչ֊որ բան ծամում, ծամում ու ծամում առանց դադար տալու։

Նավապետի դեմքը գունատվեց, երբ պատկերացրեց, թե նպարավաճառը ինչ հաշիվ պետք է ներկայացնի իրեն։ Նպարավաճառի հաշվի մասին մտածելը նրան հանգեցրեց էլ ավելի տխուր մտքերի․ հիշեց առեւտրի վրա դրված պետական հարկը, ճանապարհային հարկը, ծառի հարկը, գազի հարկը, խոտի հարկը, օդի հարկը, ռազմական հարկերը, որ մնացել էին դեռեւս առաջին համաշխարհային պատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմից, երրորդ համաշխարհային պատերամզից եւ չորրորդ համաշխարհային պատերազմից։

Նավապետը ծանր շունչ քաշեց։ Դե ոնց չխմես, երբ պիտի փող տաս այն պատերազմների համար, որոնց մասնակեցլ է քո ապուպապը, քո պապի պապը, քո պապը եւ քո հայրը։ Նա նախանձով նայեց Բիրպին, Պեմպֆին եւ Ֆարդելին։ Նրանք թքել են հարկերի վրա։ Վայրենիների պես պար են բռնել գարեջրի դատարկ շշերի շուրջը եւ արդեն հասցրել են անպարկեշտ երգ հորինել Երկրի կապույտ ավազների մասին։

Նավապետը փորձեց լսել բառերը։ Նրա ականջներն այրվեցին։

— Դե հերիք է,— ջղայն ասաց նա։— Շշերը հորեք, արկղը այրեք եւ գնացեք քնելու։ Վաղը ծանր օր է լինելու մեզ համար։

Բիրպը, Պեմպֆը եւ Ֆարդելը հնազանդորեն փոսեր փորեցին՝ չորս շարք, ինչպես գերեզմանոցում, եւ զոհված զինվորներին՝ դատարկ շշերին, մեկ֊մեկ դրեցին դրանց մեջ։ Հետո արկղն այրեցին, նավապետին բարի գիշեր մաղթեցին ու գնացին նավ։

Նավապետը չէր շտապում։ Լուսինը դուրս եկավ, եւ ինչպիսի՜ լուսին։ Նրա կախարդական լույսը հարթավայրը վերածեց մի լայնարձակ կապտավուն սփռոցի, իսկ քաղաքը՝ արծաթե աշտանակի։

Այս հեռավոր ամայի շենքերի եւ լռին ու լքված փողոցների գաղտնիքը սողալով կտրեց֊անցավ հովիտը ու տիրեց նրա ողջ էությանը։ «Ի՞նչ է պատահել բնակիչներին,— մտածեց նա։— Ի՞նչ է պատահել մյուս ավերակ քաղաքների բնակիչներին, որ տեսել էր դեռեւս ուղեծրից»։

Նավապետն օրորեց գլուխը։ Նա չգիտեր դա եւ, հավանաբար, երբեք էլ չէր իմանա։ Անհայտությունը վշտացնում էր նրան, ու հանկարծ շատ վատ զգաց մենակությունից եւ գիշերային մեռյալ լռությունից։ Նա մտավ նավ եւ իր ետեւից փակեց դուռը։ Երկար պառկել էր իր մութ խցիկում եւ մտածում էր Երկրի մարդկանց մասին, վեհապանծ քաղաքակրթության մասին, որ հայտնվել էր եւ անցել իր ճանապարհը, իրենից հետո չթողնելով ոչինչ, բացի մի բուռ ապակե շենք֊հուշարձաններից։ Վերջապես նա քնեց։

‘’***’‘

Առավոտյան դուրս գալով նավից՝ Ֆրիմպֆը տեսավ գարեջրի քսանչորս ծառ։

Այս անունը նավապետ Ֆրիմպֆը ակամա հորինեց։ Նա գարեջրի ծառ տնկած չկար եւ նույնիսկ չէր էլ լսել այդ մասին, բայց մի՞թե ավելի լավ անուն կտաս այն բարձր բույսերին, որոնց ճյուղերից հասած պտուղների պես կախված էին սաթի գույնի հեղուկով լի շշերը։

Մի քանի պտուղ արդեն քաղված էին, եւ դալար այգում նստած էր ուրախ ընկերախումբը։ Ավելին, դատելով այգու ծայրին երեւացող փոքրիկ թմբերից, այնտեղ նոր սերմեր էին ցանված։

Նավապետը ասես զրկվեց խոսելու շնորհքից։ Մի՞թե մի գիշերվա մեջ դատարկ շշերից կարող են ծառեր բուսնել որեւէ հողում… Թեկուզ երկրային հողում։ Նա սկսեց աղոտ կերպով կռահել, թե ինչ է տեղի ունեցել Երկրի բնակիչների հետ։

Պեմպֆը մոտեցավ նավապետին՝ ամեն ձեռքում մի֊մի շիշ բռնած։

Ահա փորձեք, սըր,— ուրախ ասաց նա։— Այսպիսի գարեջուր խմած չեք լինի։

Նավապետի ոչնչացնող հայացքը սաստեց նրան։

— Ես սպա եմ, Պեմպֆ, իսկ սպաները գարեջուր չեն խմում։

— Հըմ… ես… ես մոռացել էի, սըր։ Ներեցեք։

— Այո, մեղավոր եք։ Դուք եւ այն երկուսը։ Ո՞վ է ձեզ թույլ տվել ուտել… այսինքն՝ խմել… Երկրի պտուղները։

Պեմպֆը մեղավոր տեսքով կախ գցեց գլուխը, բայց երեվում էր, որ նա այնքանով է զգում իրեն մեղավոր, որքան դա պահանջում էր իր ստորադրյալ վիճակը։

— Ոչ ոք, սըր։ Ես… մենք, կարծես, մի քիչ չափն անցկացրինք։

— Ու դուք նույնիսկ չհետաքրքրվեցի՞ք, թե ինչպես են աճել այս ծառերը։ Դուք գիտարշավախմբի քիմիկոսն եք… Ինչո՞ւ հողի քննություն չեք կատարել։

— Հողի քննություն անելու հարկ չկա բնավ, սըր։ Գարեջրի դատարկ շշերից այսպիսի ծառեր աճեցնելու ունակ հողը այնպիսի գիտության նվաճում է, որը միլիոնավոր տարիներով առաջ է անցել մեր գիտությունից։ Բացի այդ, սըր, ես կարծում եմ, բանն այստեղ միայն հողի մեջ չէ։ Ինձ թվում է, արեգակի լույսը, անդրադառնալով Լուսնի մակերեսից, միանում է լուսնային որոշ ճառագայթումների հետ եւ որպես հետեւանք ստացվում է մի այնպիսի լուսնային լույս, որը կարող է լցնել եւ բազմացնել ամեն ինչ, որ կցանվի այս մոլորակի վրա։

Նավապետը նայեց նրան։

— Ասում եք, ամեն ի՞նչ։

— Իսկ ինչո՞ւ ոչ, սըր։ Մենք ցանեցինք գարեջրի դատարկ շշերը, եւ դրանցից ծլեցին այս ծառերը։

— Հը՜մ,— ասաց նավապետը։

Նա կտրուկ շրջվեց եւ մտավ նավ։ Ամբողջ օրը դուրս չեկավ խցիկից, տարված լինելով իր մտքերով։ Նա բոլորովին մոռացել էր այդ օրը նախատեսված աշխատանքների մասին։ Երբ արեւը մայր մտավ, նավապետը դուրս եկավ նավից եւ իր մոտ եղած բոլոր թղթադրամները հորեց նավի ետեւի մասում։ Նա ափսոսում էր, որ մոտը եղած փողն այնքան էլ շատ չէ։ Ասենք, ինչո՞ւ է ափսոսում։ Հենց որ փողի ծառերը ծաղկեն, ինքը սրտի ուզածի չափ սերմեր կունենա։ Այդ գիշեր, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, նա երազում չտեսավ նպարավաճառի պարտամուրհակները եւ հարկերը։

‘’***’‘

Բայց առավոտյան դուրս գալով եւ նավի չորս կողմը պտտվելով, նավապետը չտեսավ կիզիչ արեւի տակ կանգնած եւ ոչ մի ծաղկած փողի ծառ։ Նա տեսավ միայն փոքրիկ հողաթմբեր, որ ինքն էր փորել երեկ երեկոյան։

Սկզբում հիասթափությունը շշմեցրեց նրան։ Բայց հետո մտածեց, որ միգուցե փողի ծառի համար ավելի՞ երկար ժամանակ է պետք։ Փող աճեցնելը, երեւի, նույնքան դժվար է, որքան փող հայթհայթելը։ Նավապետը պտտվեց նավի շուրջը եւ աչքը գցեց այգուն։ Այգին երեք անգամ մեծացել էր։ Դա արդեն այգի չէր, այլ մի մատղաշ անտառ։ Նախանձով նայելով սաթագույն պտուղների ողկույզներին՝ նավապետը քայլում էր արեւի շողերով ողողված հովտով։

Կողմնորոհվելով գետնին թափված գարեջրի շշերի մետաղյա գլխիկների կուտակներով՝ նա դուրս եկավ մի փոքրիկ բացատ, որտեղ ուրախ քեֆ էին անում Պեմպֆը, Ֆարդելը եւ Բիրպը․ իրար թեւ բռնած՝ նրանք պարում էին, ասես մորուքավոր հավերժահարսեր լինեին։ Նրանք թափահարում էին շշերը եւ բարձր գոռգոռում։ Երկրի կապույտ ավազների մասին երգը հարստացել էր երկրորդ տնով։

Նրանք իսկույն պապանձվեցին, հենց որ տեսան նավապետին։ Շարքայինները պղտոր հայացքները գամեցին Ֆրիմպֆի վրա եւ իսկույն էլ նոր ուժով սկսեցին գոռգոռալ։ Տեսնես նրանք գիշերը քնե՞լ են, հանկարծ անցավ Ֆրիմպֆի մտքով։ Հազիվ թե, սակայն անկախ այն բանից, քնել են նրանք, թե չէ, միանգամայն պարզ էր, որ կարգապահությունը քայքայվում է ժամ առ ժամ։ Եվ եթե ինքն ուզում է փրկել արշավախմբին, ուրեմն շտապ պետք է միջոցներ ձեռնարկի։ Սակայն վճռականությունը, չգիտես ինչու, լքեց նրան։ Արշավախմբին փրկելու միտքը նրան հիշեցրեց Մարս վերադառնալու մասին, Մարվ վերադառնալու միտքը ստիպեց մտածել հաստլիկ կնոջ մասին, հիշելով հաստլիկ կնոջը՝ նա հիշեց նպարավաճառի պարտամուրհակների մասին, մտածելով պարտամուրհակների մասին՝ նա չէր կարող չմտածել հարկերի մասին եւ, հիշելով հարկերի մասին, նա հիշեց, մի ինչ֊որ անբացատրելի պատճառով, որ իր խցիկի դարակում դրված է մի շիշ չբացված վիսկի։

Ֆրիմպֆը որոշեց անձնակազմի հետ խոսելը հետաձգել առավոտյան։ Այդ ժամանակամիջոցում փողի ծառերը, անկասկած, կծլեն, եւ այնժամ ինքը գոնե ինչ֊որ չափով կպատկերացնի, թե երբ կհավաքի առաջին բերքը ու ինչքան ժամանակ կպահանջվի երկրորդ անգամ բերք հավաքելու համար։ Եվ երբ իր ապագան արդեն ապահովված կլինի, ինքը կկարողանա հեղինակավոր կերպով գլուխ բերել գարեջրի ծառերի պրոբլեմը։

Բայց դե հաջորդ առավոտյան էլ նավի ետեւի փոքրիկ հողաթմբերին ոչ մի ծիլ չէր երեւում։ Իսկ գարեջրի այգին աչք էր շոյում․ ծառերը գրավել էին գրեթե հովտի կեսը, որ ընկած էր մեռյալ քաղաքի եւ նավի արանքում, եւ երբ քամին շարժում էր պտուղներով ծանրաբեռնված ճյուղերը, այնպիսի զնգզնգոց էր ընկնում, ասես ապակե ամանեղենի գործարան էր աշխատում իր ողջ հզորությամբ։

Այժմ նավապետ Ֆրիմպֆը բնավ չէր կասկածում, թե ինչ ճակատագիր է վիճակվել Երկրի բնակչությանը։ Բայց ի՞նչ են եղել այն ծառերը, որ տնկել են այդ մարդիկ, մտածեց նա։ Ֆրիմպֆը հիմար մարդ չէր, եւ պատասխանը շատ շուտով գտաջ՝ Երկրի բնակիչները կատարել են նույն դերը, ինչ֊որ Մարսի մեղուները։ Խմելով հեղուկ պտուղները, նրանք, ըստ էության, փոշոտում էին ապակե անոթը, որի մեջ պարունակվում էր հեղուկը։ Ավ հենց փոշոտումը, իսկ հետո շիշը հողի մեջ թաղելն էր պատճառ դառնում այդ նոր տնկիների դուրս գալուն։

Բավական լավ շրջապտույտ է եղել, մտածեց նավապետը։ Բայց դե բարիքը միշտ էլ չարիք է դառնում, երբ չափն անցկացնում են։ Կամաց֊կամաց մարդիկ դառնում էին մոլի փոշոտողներ եւ վերջ ի վերջո շատ փոշոտվելուց մահանում էին, իսկ ծառերը, որ ընդունակ չէին ինքնաբազմացման, վերացան Երկրի երեսից։

Հիրավի՜ ողբերգական ճակատագիր։ Իսկ մի՞թե պակաս ողբերգական է հարկերի պատճառով կործանման հասնելը։

Ամբողջ օրը նավապետը դուրս չեկավ իր խցից, մտածելով, թե ինչ եղանակով փոշոտի փողերը։ Նրա մոլորված հայացքը ավելի ու ավելի հաճախ էր կանգ առնում բարի փոքրիկ դռնակի վրա։ Արեւամուտից քիչ առաջ նրա մոտ եկան Բիրպը, Ֆարդելը եւ Պեմպֆը։

Բանակցությունները վարում էր Ֆարդելը։

— Շըր,— ասաց նա։— Մենք բոլորշ որոշել ենք չվերադառնալ Մարշ։

Նավապետը չզարմացավ, բայց չգիտես ինչու շարքայինները ջղայնացնում էին նրան։

— Կորե՛ք գնացեք ձեր այգին եւ ինձ հանգիստ թողեք,— ասաց նա ու թիկունքը դարձրեց նրանց։

Երբ նրանք գնացին, Ֆրիմպֆը մոտեցավ բարին եւ բացեց դռնակը։ Դարակից վերցրեց միայնակ շիշը։ Նրա երկու ընկերները թափառում էին ուղեծրում, Երկրի ու Մարսի միջեւ։

— Լավ է, որ գոնե այս մեկը պահեցի,— ասաց նավապետը։ Նա բացեց շիշը ու փոշոտեց այն, հետո դուրս եկավ նավից, շիշը թաղեց հողի մեջ, նստեց կողքը եւ սկսեց սպասել, թե երբ ծառը կբուսնի։

Գուցե իր փողի ծառերը կաճեն, իսկ գուցեեւ՝ չեն աճի։ Իսկ եթե դրանք չաճեն, ապա թող անիծյալ լինի ինքը, եթե վերադառնա Մարս։ Նրան զզվեցրել էր հաստ ու գեր կինը, նրան զզվեցրել էին նպարավաճառի պարտամուրհակները, առեւտրի պետական հարկը, ճանապարհային հարկը, ծառերի հարկը, գազի հարկը, խոտի հարկը, օդի հարկը, ռազմական հարկերը, որ մնացել էին առաջին համաշխարհային պատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմից, երրորդ համաշխարհային պատերազմից, չորրորդ համաշխարհային պատերազմից… Իսկ ամենից շատ նրան զզվեցրել էր չորացած կոկորդով ինքնագոհ պեդանտ լինելը։

Շուտով լուսինը դուրս եկավ, եւ նավապետը հիացմունքով նկատեց, թե ինչպես վիսկիի ծառի առաջին ծիլը տեղ է բացում իր համար Երկրի կապույտ ավազների մեջ։