Changes
Կողմնորոհվելով գետնին թափված գարեջրի շշերի մետաղյա գլխիկների կուտակներով՝ նա դուրս եկավ մի փոքրիկ բացատ, որտեղ ուրախ քեֆ էին անում Պեմպֆը, Ֆարդելը եւ Բիրպը․ իրար թեւ բռնած՝ նրանք պարում էին, ասես մորուքավոր հավերժահարսեր լինեին։ Նրանք թափահարում էին շշերը եւ բարձր գոռգոռում։ Երկրի կապույտ ավազների մասին երգը հարստացել էր երկրորդ տնով։
Նրանք իսկույն պապանձվեցին, հենց որ տեսան նավապետին։ Շարքայինները պղտոր հայացքները գամեցին Ֆրիմպֆի վրա եւ իսկույն էլ նոր ուժով սկսեցին գոռգոռալ։ Տեսնես նրանք գիշերը քնե՞լ են, հանկարծ անցավ Ֆրիմպֆի մտքով։ Հազիվ թե, սակայն անկախ այն բանից, քնել են նրանք, թե չէ, միանգամայն պարզ էր, որ կարգապահությունը քայքայվում է ժամ առ ժամ։ Եվ եթե ինքն ուզում է փրկել արշավախմբին, ուրեմն շտապ պետք է միջոցներ ձեռնարկի։ Սակայն վճռականությունը, չգիտես ինչու, լքեց նրան։ Արշավախմբին փրկելու միտքը նրան հիշեցրեց Մարս վերադառնալու մասին, Մարվ Մարս վերադառնալու միտքը ստիպեց մտածել հաստլիկ կնոջ մասին, հիշելով հաստլիկ կնոջը՝ նա հիշեց նպարավաճառի պարտամուրհակների մասին, մտածելով պարտամուրհակների մասին՝ նա չէր կարող չմտածել հարկերի մասին եւ, հիշելով հարկերի մասին, նա հիշեց, մի ինչ֊որ անբացատրելի պատճառով, որ իր խցիկի դարակում դրված է մի շիշ չբացված վիսկի։
Ֆրիմպֆը որոշեց անձնակազմի հետ խոսելը հետաձգել առավոտյան։ Այդ ժամանակամիջոցում փողի ծառերը, անկասկած, կծլեն, եւ այնժամ ինքը գոնե ինչ֊որ չափով կպատկերացնի, թե երբ կհավաքի առաջին բերքը ու ինչքան ժամանակ կպահանջվի երկրորդ անգամ բերք հավաքելու համար։ Եվ երբ իր ապագան արդեն ապահովված կլինի, ինքը կկարողանա հեղինակավոր կերպով գլուխ բերել գարեջրի ծառերի պրոբլեմը։