Changes
/* Գլուխ 2։ Պոնտացի Պիղատոսը */
===Գլուխ 2։ Պոնտացի Պիղատոսը===
Արնագույն աստառով սպիտակ թիկնոցն ուսերին, հեծելակի քստքստան քայլվածքով, գարնանային նիսան ամսու տասնչորսի վաղ առավոտյան Հերովդես Մեծի պալատի երկու թեւերի միջեւ ընկած կամարակապ սյունաշար պատշգամբը ելավ Հրեաստանի կուսակալ Պոնտացի Պիղատոսը։
Աշխարհում ամենից շատ կուսակալն ատում էր վարդայուղի հոտը, եւ հիմա ամեն բանի մեջ վատ օրվա կանխագուշակում կար, քանի որ այդ հոտը կուսակալին հետապնդել սկսեց այգաբացից։ Կուսակալին թվում էր, թե վարդի բույր են արձակում այգու նոճիներն ու արմավենիները, որ կաշվի եւ պահակախմբի հոտերի մեջ անիծյալ վարդայուղի շիթն էլ է խառնված։ Պալատի ետեւում ընկած կողաշենքերից, ուր տեղավորվել էր կուսակալի հետ Երշալաիմ եկած Տասներկուերորդ Կայծակնազարկ լեգեոնի առաջին կոհորտան, այգու վերին տափարակի վրայով ծուխ քաշվեց պատշգամբ, եւ այդ դառնավուն ծխին, որ նշանակում էր, թե հարյուրյակների խոհարարները սկսել են ճաշ եփելը, վարգի այդ նույն թանձր շունչը խառնվեց։ Ո՜վ աստվածներ, աստվածներ, ինչի՞ համար եք ինձ պատժում։
«Այո, կասկած չկա։ Նույն, դարձյալ նույն անհաղթելի, զարհուրելի հեմիկրանիան, որից ցավում է մարդու գլխի կեսը։ Ոչ ճար կա, ոչ փրկություն։ Փորձեմ չշարժել գլուխս»։
Շատրվանի մոտ, խճազարդ հատակին արդեն բազկաթոռ էր դրված, եւ կուսակալն առանց որեւէ մեկին նայելու նստեց ու մեկնեց ձեռքը։
Քարտուղարն ակնածանքով այդ ձեռքի մեջ դրեց մագաղաթի գալարը։ Չկարողանալով զսպել դեմքի ցավագին ծամածռումը, կուսակալն աչքի պոչով, թռուցիկ անցավ գրածի վրայով, մագաղաթը ետ տվեց քարտուղարին ու դժվարությամբ ասաց․
― Ամբաստանյանը գալիլեացի՞ է։ Գործն ուղարկե՞լ եք չորրորդապետին։
― Այո, կուսակալ, ― պատասխանեց քարտուղարը։
― Ի՞նչ է ասում։
― Նա հրաժարվել է եզրակացություն տալ՝ ըստ գործի եւ ծերակույտի մահվան դատավճռին ուղարկել է եր հաստատմանը, ― բացատրեց քարտուղարը։
Կուսակալը ցնցեց այտնու ցածրաայն ասաց․
― Բերեք մեղադրյալին։
Եվ անմիջապես երկու լեգեոներ այգու տափարակից վեր բարձրացրեցին ու պատշգամբի սյուների տակ, կուսակալի բազկաթոռի դիմաց կանգնեցրին քսանյոթ տարեկան մի մարդու։ Այդ մարդու հագինը հնամաշ ու պատառոտված, երկնագույն խիտոն էր։ Գլխին ճերմակ փաթթոց կար, ճակատի շուրջ՝ կաշեկապտուկ, բերանի եզրին՝ լերդացած արյունով ճանկռտվածք։ Նա անհանգիստ հետաքրքրությամբ կուսակալին էր նայում։
Վերջինս լուռ էր, հետո ցածրաձայն հարցրեց արամեերեն․
― Ուրեմն այդ դո՞ւ ես ժողովրդին հրահրել, որ քանդեն երշալաիմյան տաճարը։
Հարցը տալիս կուսակալը քարի պես անշարժ էր, եւ միայն շրթունքներն էին հազիվհազ շարժվում՝ որովհետեւ վախենում էր շարժել դժոխային ցավով կրակվող գլուխը։
Ձեռքերը կապած մարդը մի քիչ առաջ թեքվեց ու ասաց․
― Բարի՛ մարդ։ Հավատա ինձ․․․
Բայց կուսակալը՝ առաջվա պես անշարժ ու ձայնն ամենեւին չբարձրացնելով, տեղնուտեղն ընդհատեց նրան․
― Այդ ի՞նձ ես բարի մարդ կոչում։ Սխալվում ես։ Երշալաիմ քաղաքում բոլորը փսփսում են, որ ես կատաղի հրեշ եմ, եւ դա միանգամայն ճիշտ է, ― ու նույնքան միալար ավելացրեց․ ― հարյուրապետ Առնետորսին ինձ մոտ կանչեք։
Բոլորին թվաց, թե պատշգամբը մթնեց, երբ հատուկ հարյուրակի պետ Մարկոսը՝ Առնետորս մականվամբ, ներկայացավ կուսակալին։
Առնետորսը մի գլուխ բարձր էր լեգեոնի ամենաբարձրահասակ զինվորից եւ այնքան թիկնեղ, որ բոլորովին ծածկեց նոր ելնող արեւը։
Կուսակալը հարյուրապետին դիմեց լատիներեն․
― Հանցագործն ինձ «բարի մարդ» է կոչում։ Մի րոպեով նրան տարեք այստեղից, բացատրեց, թե ինչպես պիտի խոսել ինձ հետ։ Բայց խեղանդամ չանեք։
Եվ անշարժ կուսակալից բացի բոլորը հայացքով ուղեկցեցին Առնետորս Մարկոսին, որը ձեռքոն նշան արեց բանտարկյալին, այսինքն՝ պիտի հետեւես ինձ։
Ընդհանրապես, որտեղ էլ հայտնվեր, Առնետորսին բոլո՛րն էին ուղեկցում հայացքով նրա հասակի պատճառով, իսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին տեսնում, նաեւ այն պատճառով, որ հարյուրապետի դեմքն այլանդակված էր՝ ժամանակին նրա քիթը ջարդել էր գերմանական լախտի հարվածից․
Խճահատակի վրա կափկափեցին Մարկոսի ծանր կորշիկները, շղթայակապն անաղմուկ հետեւեց նրան, սյունաշար պատշգամբում կատարյալ լռություն տիրեց, ու լսվում էր, թե ինչպես են ղունղունում աղավնիներն այգու տափարակում, պատշգամբի տակ, մեկ էլ՝ շատրվանի ջրի դուրեկան ու սեթեւեթ երգը։
Կուսակալը կամեցավ ելնել տեղից, քունքը դնել շիթի տակ ու այդպես անզգայանալ։ Բայց գիտեր, որ դա էլ չի օգնի իրեն։
Սյունաշարի տակից այգի բերելով բանտարկյալին, Առնետորսը բրոնզե արձանի պատվանդանին մոտ կանգնած լեգեոների ձեռքից վերցրեց խարազանն ու, թեթեւակի թափ առնելով, զարկեց ձերբակալվածի ուսերին։ Հարյուրապետի շարժումն անփույթ էր ու թեթեւ, բայց շղթայակապը վայրկենապես գետնին տապալվեց, ասես կտրեցին ոտքերը․ նրա շունչը կտրվեց, դեմքի գույնը թռավ ու աչքերն անշարժացան անիմաստ։ Մարկոսը միայն ձախ ձեռքով, հեշտ ու հանգիստ, դատարկ տոպրակի պես վեր բարձրացրեց ընկածին, ոտքի կանգնեցրեց ու սկսեց խոսել քթի մեջ, վատ արտաբերելով արամեերեն բառերը․
― Հռոմեական կուսակալին կոչել իգեմոն։ Ուրիշ խոսքեր չասել։ Կանգնել զգաստ։ Ինձ հասկացա՞ր, թե՝ խփեմ։
Բանտարկյալը ճոճվեց տեղում, բայց տիրապետեց իրեն, գույնը տեղն եկավ, շունչը ետ բերեց ու խռպոտ ձայնով պատասխանեց․
― Ես քեզ հասկացա։ Մի խփիր։
Մեկ րոպե անց նա կրկին կանգնած էր կուսակալի դիմաց։
Հնչեց խամրած, հիվանդ ձայնը․
― Անունդ ի՞նչ է։
― Ի՞մ, ― փութով պատասխանեց բանտարկյալը, ամբողջ էությամբ արտահայտելով հասկանալի պատասխանելու, այլեւս զայրույթ չհարուցելու պատրաստակամություն։
Կուսակալը ցածրաձայն ասաց․
― Իմն ինձ հայտնի է։ Ավելի հիմար մի ձեւանա, քան կաս։ Քո՛նը։
― Յեշուա, ― շտապ֊շտապ պատասխանեց բանտարկյալը։
― Մականուն ունե՞ս։
― Հա֊Նոցրի։
― Որտեղացի՞ ես։
― Գամաղեցի, ― պատասխանեց բանտարկյալը, գլխով ցույց տալով, որ այնտեղ, հեռուներում, իրենից աջ, հյուսիսում, Գամաղա կոչվող մի քաղաք կա։
― Ծագումով, արյամբ ո՞վ ես։
― Ստույգ չգիտեմ, ― աշխուժորեն պատասխանեց բանտարկյալը, ― ծնողներիս չեմ հիշում։ Ինձ ասել են, որ հայրս սիրիացի էր․․․
― Մշտական որտե՞ղ ես ապրում։
― Մշտական կացարան չունեմ, ― ամաչելով պատասխանեց բանտարկյալը, ― ճամփորդում եմ՝ քաղաքից քաղաք։
― Ավելի կարճ կարելի է ասել, մի խոսքով, թափառաշրջիկ ես, ― ասաց կուսակալն ու հարցրեց․ ― հարազատներ ունե՞ս։
― Ոչ ոք չունեմ։ Մենակ եմ աշխարհում։
― Գրել֊կարդալ գիտե՞ս։
― Այո։
― Արամեերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ս։
― Գիտեմ։ Հունարեն։
Ուռած կոպը բարձրացավ, տառապանքի մլարով պատած աչքը մեխվեց բանտարկյալի վրա։ Մյուս աչքը փակ մնաց։
Պիղատոսը հունարեն խոսեց։
― Ուրեմն, դո՞ւ էիր պատրաստվում ավերել տաճարի շինությունն ու հրահրո՞ւմ էիր ժողովրդին։
Այս խոսքերի վրա բանտարկյալը կրկին աշխուժացավ․ աչքերն այլեւս վախ չէին արտահայտում, ու նա խոսեց հունարեն․
― Բարի․․․ ― բանտարկյալի աչքերում սարսափ երեւաց, որովհետեւ քիչ էր մնացել սխալվեր, ― իգեմոն, կյանքումս երբեք մտադիր չեմ եղել տաճարի շինությունն ավերել ու ոչ ոքի չեմ հրահրել այդ անիմաստ գործին։
Ցածրիկ սեղանի վրա հակված եւ ցուցմունքներն արձանագրող քարտուղարի դեմքին զարմանք հայտնվեց։ Նա բարձրացրեց գլուխը, բայց անմիջապես նորից կռացավ մագաղաթի վրա։
― Հազար ու մի տեսակ մարդիկ են հավաքվում այս քաղաքում տոն օրերին։ Նրանց մեջ լինում են մոգեր, աստղաբաշխներ, գուշակներ ու մարդասպաններ, ― միալար խոսում էր կուսակալը, ― ստախոսներ էլ են լինում։ Օրինակ, դու ստախոս ես։ Պարզ գրված է՝ հրահրում էր ավերել տաճարը։ Այդ են վկայում մարդիկ։
― Այդ բարի մարդիկ, ― սկսեց բանտարկյալն ու շտապ֊շտապ ավելացնելով․ ― իգեմոն․․․ ― շարունակեց․ ― ոչինչ չսովորեցին եւ իմ բոլոր ասածները շփոթել են։ Ընդհանրապես սկսում եմ վախենալ, որ այդ խառնաշփոթությունը երկար կտեւի։ Եվ ամեն ինչի պատճառը այն է, որ ասածներս ճիշտ չի գրառում նա։
Լռություն տիրեց։ Այժմ արդեն երկո՛ւ հիվանդ աչք էին մռայլորեն նայում բանտարկյալին։