Changes

Վարպետը եւ Մարգարիտան

Ավելացվել է 28 051 բայտ, 17:54, 3 Դեկտեմբերի 2013
/* Գլուխ 2։ Պոնտացի Պիղատոսը */
Լռություն տիրեց։ Այժմ արդեն երկո՛ւ հիվանդ աչք էին մռայլորեն նայում բանտարկյալին։
 
― Կրկնում եմ, բայց վերջին անգամ, հերիք խելագար ձեւանաս, ավազա՛կ, ― ասաց Պիղատոսը մեղմ ու միալար, ― քո ասածներից քիչ բան է գրված, գրվածն էլ բավական է քեզ կախելու համար։
 
― Ոչ, ոչ, իգեմոն, ― ամբողջովին համակված համոզելու ցանկությամբ, ասաց բանտարկյալը, ― մեկը կա, գնում գալիս է այծի մագաղաթը ձեռքին եւ շարունակ գրում է, գրում։ Սակայն մի անգամ նայեցի այդ մագաղաթին ու սարսափեցի։ Այնտեղ գրված բաներից բացարձակապես ոչ մեկը չեմ ասել։ Խնդրեցի նրան՝ ի սեր աստծո, այրիր քո այդ մագաղաթը։ Բայց նա խլեց ձեռքիցս ու փախավ։
 
― Ո՞վ է այդ մարդը, ― խորշանքով հարցրեց Պիղատոսն ու ձեռքը դիպցրեց քունքին։
 
― Ղեւի Մատթեոսը, ― հոժարությամբ բացատրեց բանտարկյալը, ― նա մաքսավոր էր, առաջին անգամ նրան հանդիպեցի Բեթփագեի ճանապարհին, այնտեղ, ուր թզենու այգի կա, ճամփեզրին, ու խոսքի բռնվեցինք։ Սկզբում անբարյացակամ վարվեց եւ նույնիսկ անպատվեց․ այսինքն, կարծեց, թե անպատվում է՝ ինձ շուն կոչելով, ― բանտարկյալն այստեղ քթի տակ ծիծաղեց, ― անձամբ ես այդ կենդանում մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ վիրավորվեմ այդ խոսքից․․․
 
Քարտուղարն ընդհատեց արձանագրելն ու ծածուկ մի զարմացած հայացք նետեց, բայց ոչ բանտարկյալի, այլ կուսակալի վրա։
 
― ․․․ թեեւ ինձ լսելով, աստիճանաբար փափկեց, ― շարունակես Յեշուան, ― ի վերջո, փողերը շպրտեց ճանապարհի մեջտեղն ու ասաց, որ գալիս է ինձ հետ ճանապարհորդելու․․․
 
Մերկացնելով դեղին ատամները, Պիղատոսը քմծիծաղ տվեց մի այտով եւ, ամբողջ իրանով քարտուղարի կողմը թեքվելով, ասաց․
 
― Ո՜վ Երշալաիմ քաղաք։ Ինչե՜ր ասես, չես լսի այստեղ։ Մաքսավորը փողերը շպրտել է ճանապարհի մեջտեղը, լսո՜ւմ եք։
 
Չիմանալով ինչ պատասխանել, քարտուղարը հարկ համարեց նույնպես ժպտալ։
 
― Իսկ նա ասաց, որ հեռայսու փողն ատելի է դարձել իր համար, ― բացատրեց Յեշուան Ղեւի Մատթեոսի արտառոց արարքն ու ավելացրեց։ ― Եվ այդ օրից դարձավ իմ ուղեկիցը։
 
Դեռեւս բերանը բաց, կուսակալը նայեց բանտարկյալին, ապա արեգակին, որ անշեղորեն վեր էր ելնում ներքեւներում, դեպի աջ փռված ձիարշավարանի հեծյալ արձանների վրայով, ու հանկարծ մի նողկալի տառապանքով մտածեց, որ ամենահեշտ բանը կլիներ պատշգմաբից վռնդել այս տարօրինակ ավազակին, սոսկ երկու բառ արտասանելով՝ «կախեք դրան»։ Վռնդել նաեւ պահակախմբին, պատշգամբից գնալ պալատի խորքը, հրամայել մթնեցնել սենյակը, փռվել մահճին, սառը ջուր պահանջել, աղիողորմ ձայնով կանչել Բանգա շանը, նրան բողոքել հեմիկրանիայից։ Եվ թույն խմելու միտքը մեկեն հրապուրանքով առկայծեց կուսակալի հիվանդ գլխում։
 
Պղտորված աչքերով նա նայում էր բանտարկյալին ու որոշ ժամանակ լուռ էր, տանջանքով մտաբերելով, թե երշալաիմյան առավոտի անխնա արեւի տակ իր դիմաց ինչու է կանգնել բանտարկյալը՝ ծեծից այլանդակված դեմքով, ու էլ ինչ հարցեր պիտի տա ինքը, որոնք պետք չեն եւ ոչ մեկին։
 
― Ղեւի Մատթեո՞սը, ― խռպոտ ձայնով հարցրեց հիվանդն ու փակեց աչքերը։
 
― Այո, Ղեւի Մատթեոսը, ― կուսակալի ականջին հասավ բարձր, իրեն տանջող ձայնը։
 
― Բայց եւ այնպես, տաճարի մասին ի՞նչ էիր ասում ամբոխին շուկայում։
 
Թվում էր, թե պատասխանողի ձայնը ծակում է Պիղատոսի քունքը, անասելի տանջանք պատճառում, եւ այդ ձայնն ասաց․
 
― Իգեմոն, ես խոսում էի այն մասին, որ կփլվի հին հավատի տաճարն ու կստեղծվի ճշմարտության նոր տաճար։ Այդպես ասացի, որ ավելի հասկանալի լինի։
 
― Թափառականի մեկը, իսկ ինչո՞ւ էիր շուկայում ժողովրդի մեջ խռովություն գցում, պատմելով ճշմարտության մասին, որից գաղափար չունես։ Ի՞նչ բան է ճշմարտությունը։
 
Եվ այստեղ կուսակալը մտածեց․ «Ո՜վ իմ աստվածներ։ Բաներ եմ հարցնում նրանից, որոնք պետք չեն դատի ժամանակ․․․ Խելքս ինձ չի ծառայում այլեւս․․․» Ու կրկին նրա աչքին երեւաց մուգ հեղուկով լի գավաթը։ «Թո՜ւյն տվեք ինձ, թո՜ւյն»։
 
Ու դարձյալ լսեց ձայնը։
 
― Ճշմարտությունն ամենից առաջ այն է, որ գլուխդ ցավում է ու այնքան սաստիկ, որ փոքրոգությամբ մտածում ես մահվան մասին։ Դու ոչ միայն ինձ հետ խոսելու ուժ չունես, այլեւ դժվարանում ես նույնիսկ վրաս նայել։ Ու ես հիմա ակամա քո դահիճն եմ դառնում, ու դա ինձ վշտացնում է։ Դու նույնիսկ չես կարող որեւէ բան մտածել ու սոսկ երազում ես, որ մոտդ գա քո շունը, ըստ երեւույթին, միակ արարածը, ում հետ կապված ես։ Բայց տանջանքդ հիմա կվերջանա, գլխացավդ կանցնի։
 
Քարտուղարն աչքերը չռեց բանտարկյալի վրա ու կիսատ թողեց գրելը։
 
Պիղատոսը տանջահար աչքերը բարձրացրեց բանտարկյալի վրա ւո տեսավ, որ արեւն արդեն բավականաչափ վեր է ելել ձիարշավարանի վրա, որ ճառագայթը սյունաշար է թափանցել ու մոտ է գալիս Յեշուայի ծռմռված հողաթափերին եւ որ սա մի կողմ է քաշվում արեւից։
 
Այդժամ կուսակալը ելավ բազկաթոռից, գլուխը սեղմեց ձեռքերով, ու նրա սափրած, դեղնավուն դեմքին սարսափ գծագրվեց։ Բայց նա իսկույն խեղդեց սարսափը կամքի ուժով եւ կրկին ետ ընկավ բազկաթոռի մեջ։
 
Իսկ այդ ընթացքում բանտարկյալը շարունակում էր իր խոսքը, բայց քարտուղարն այլեւս ոչինչ չէր արձանագրում, միայն սազի պես վիզը ձգած՝ աշխատում էր ոչ մի բառ բաց չթողնել։
 
― Ըհը՛, ամեն ինչ վերջացավ, ― խոսում էր բանտարկյալը, բարյացակամությամբ նայելով Պիղատոսին, ― եւ ես չափազանց ուրախ եմ դրա համար։ Իգեմոն, խորհուրդ կտայի քեզ առժամանակ թողել պալատը եւ ոտքով զբոսնել մոտերքում, մի որեւէ տեղ, ասենք, թեկուզ, Ձիթենյաց լեռան այգիներում։ Ամպրոմը․․․ ― բանտարկյալը շրջվեց, աչքերը կկողած, արեւին նայելով, ― ավելի ուշ կսկսվի, իրիկնադեմին։ Զբոսանքը շատ կօգներ քեզ, իսկ ես հաճույքով կուղեկցեի։ Նոր֊նոր մտքերը եկան գլուխս, որոնք կարծում եմ, քեզ կհետաքրքրեն, ու ես սիրով մտքեր կփոխանակեի քեզ հետ, մանավանդ որ շատ խելոք մարդու տպավորություն ես թողնում։
 
Քարտուղարը մեռելի պես գունատվես ու ցած գցեց մագաղաթի գալարը։
 
― Ցավն այն է, ― շարունակեց շղթայակապն, ու ոչ ոք չէր ընդհատում նրան, ― որ խիստ ես գաղտնամիտ ու լիովին կորցրել ես հավատդ մարդկանց նկատմամբ։ Համաձայնիր, չի կարելի, չէ՞, մարդկային բոլոր հետաքրքրությունները շան հետ կապել։ Խղճուկ է կյանքդ, իգեմոն, ― եւ այստեղ խոսողն իրեն թույլ տվեց ժպտալ։
 
Քարտուղարը հիմա լոկ մի բան էր մտածում՝ հավատա՞ իր ականջներին, թե՝ ոչ։ Ստիպված էր հավատալ։ Այդ ժամանակ փորձեց պատկերացնել, թե բանտարկյալի այդ անլուր հանդգնության առթիվ դյուրաբորբոք կուսակալի զայրույթը հատկապես ինչ արտառոց ձեւ կընդունի։ Եվ այդ մի բանը քարտուղարը պատկերացնել չէր կարող, թեեւ լավ ճանաչում էր կուսակալին։
 
Այդժամ հնչեց կուսակալի խզված, խռպոտ ձայնը․
 
― Ձեռքերն արձակեք, ― ասաց լատիներեն։
 
Պահակախմբի լեգեոներներից մեկը նիզակը խփեց հետնին, հանձնեց մյուսին ու մոտեցավ ու բանտարկյալի ձեռքերի կապը քանդեց։ Քարտուղարը գետնից բարձրացրեց գալարը, որոշեց առայժմ չարձանագրել ու ոչ մի բանի վրա չզարմանալ։
 
― Խոստովանիր, ― ցածրաձայն հարցրեց Պիղատոսը հունարեն, ― դու մեծ բժի՞շկ ես։
 
― Ոչ, կուսակալ, բժիշկ չեմ, ― պատասխանեց բանտարկյալը, հաճույքով շփելով ճմլված եւ ուռած, կարմրած դաստակը։
 
Պիղատոսն աչքի պոչով, խստությամբ շաղափում էր բանտարկյալին հայացքով, եւ նրա աչքերն արդեն պղտորված չէին, երեւացել էին բոլորին հայտնի կայծերը։
 
― Ես չհարցրեցի, ― ասաց Պիղատոսը, ― գուցե լատիներե՞ն էլ գիտես։
 
― Այո, գիտեմ, ― պատասխանեց բանտարկյալը։
 
Պիղատոսի դեղնավուն այտերը շառագունեցին, եւ նա հարցրեց լատիներեն։
 
― Ինչպե՞ս իմացար, որ ուզում եմ շանը կանչել։
 
― Շատ պարզ, ― պատասխանեց բանտարկյալը լատիներեն, ― ձեռքդ տարար օդի միջով, ― բանտարկյալը կրկնեց Պիղատոսի շարժումը, ― կարծես շոյել էիր ուզում, մեկ էլ՝ շրթունքներդ․․․
 
― Այո, ― ասաց Պիղատոսը։
 
Լուռ էին, հետո Պիղատոսը հարց տվեց հունարեն․
 
― Ուրեմն, բժի՞շկ ես։
 
― Ոչ, ոչ, ― փութով պատասխանեց բանտարկյալը, ― հավատա ինձ, բժիշկ չեմ։
 
― Լավ, լավ։ Եթե ուզում ես գաղտնի պահել, պահիր։ Գործին ուղղակի առնչություն չունի դա։ Ուրեմն, պնդո՞ւմ ես, որ կոչ չես արել քանդել․․․ կամ հրդեհել, կամ որեւէ այլ եղանակով ոչնչացնել տաճարը։
 
― Իգեմոն, ոչ մեկին կոչ չեմ արել նման բաների, կրկնում եմ։ Մի՞թե նման եմ խելապակասի։
 
― Օ, ո՜չ, դու խելապակասի նման չես, ― պատասխանեց կուսակալն ու մի տեսակ սարսափելի ժպտաց, ― ուրեմն, երդվիր, որ այդպիսի բան չի եղել։
 
― Ինչո՞վ ես ուզում, որ երդվեմ, ― չափազանց աշխուժացած հարցրեց շղթայազերծը։
 
― Ասենք, թեկուզ կյանքովդ, ― պատասխանեց կուսակալը, ― երդվելու ճիշտ ժամանակն է, քանի որ կյանքդ մազից է կախված, իմացիր։
 
― Իգեմոն, չլինի՞ մտածում ես, թե դու ես կախել մազից, ― հարցրեց բանտարկյալը, ― եթե այդպես է, ապա շատ ես սխալվում։
 
Պիղատոսը ցնցվեց եւ ատամների արանքից պատասխանեց․
 
― Ես կարող եմ կտրել այդ մազը։
 
― Այդտեղ էլ ես սխալվում, ― լուսավոր ժպիտը դեմքին, ձեռքով արեւից պաշտպանվելով, առարկեց բանտարկյալը, ― համաձայնիր, որ մազը հաստատապես կարող է կտրել սոսկ նա, ով կախել է։
 
― Այո, այո, ― ժպտալով ասաց Պիղատոսը, ― հիմա չեմ կասկածում, որ անգործ ու բերանբաց մարդիկ Երշալաիմում կրնկակոխ հետեւել են քեզ։ Չգիտեմ, թե լեզո՞ւդ ով է կախ տվել, բայց լավ է տվել։ Ի դեպ, ասա տեսնեմ, ճի՞շտ է, որ Երշալաիմ ես մտել Սուզայի դարպասով, էշը հեծած, խաժամուժ ամբոխով շրջապատված, որը ողջունել է քեզ իբրեւ ինչ֊որ մարգարեի, ― կուսակալն այստեղ մատնացույց արեց մագաղաթը։
 
Բանտարկյալը կուսակալին նայեց տարակուսանքով։
 
― Իգեմոն, ես էշ էլ չունեմ, ― ասաց նա։ ― Երշալաիմ եմ եկել, իրոք, Սուզայի դարպասով, բայց ոտքով, ինձ ուղեկցում էր միայն Ղեւի Մատթեոսը եւ իմ հասեին որեւիցե բան բացականչող մեկը չկար, քանի որ այն ժամանակ ինձ ոչ ոք չէր ճանաչում Երշալաիմ քաղաքում։
 
― Դու չե՞ս ճանաչում, ― շարունակեց Պիղատոսը, բանտարկյալից չհեռացնելով հայացքը, ― ոմն Դիսմասի, նաեւ Հեստասի կամ Բարրաբայի։
 
― Այդ բարի մարդկանց ես չեմ ճանաչում։
 
― Իրա՞վ։
 
― Իրավ։
 
― Իսկ հիմա ինձ ասա, ի՞նչ ես շարունակ օգտագործում այդ «բարի մարդիկ» բառերը։ Ինչ է, բոլորի՞ն ես այդպես կոչում։
 
― Բոլորին, ― պատասխանեց բանտարկյալը, ― աշխարհում չար մարդիկ չկան։
 
― Առաջին անգամ եմ լսում այդ մասին, ― ասաց Պիղատոսը քմծիծաղով, ― բայց գուցե վատ գիտեմ կյանքը։ Շարունակությունը կարող եք չգրառել, ― դիմեց քարտուղարին, թեեւ վերջինս առանց այդ էլ ոչինչ չէր գրառում, ու շարունակեց խոսել բանտարկյալի հետ։ ― Որեւիցե հունական գրքո՞ւմ ես կարդացել այդ մասին։
 
― Ոչ, իմ խելքով եմ հասել դրան։
 
― Ու դա՞ ես քարոզում։
 
― Այո։
 
― Իսկ, օրինակ, հարյուրապետ Մարկոսը, նրան Առնետորս են կոչել, բարի՞ է։
 
― Այո, ― պատասխանեց բանտարկյալը, ― ճիշտ է, նա դժբախտ մարդ է։ Այն օրից ի վեր, երբ բարի մարդիկ այլանդակեցին նրան, դաժան ու խստադիրտ դարձավ։ Հետաքրքիր է, ո՞վ է խեղանդամել նրան։
 
― Հաճույքով կարող եմ հայտնել, ― պատասխանեց Պիղատոսը, ― քանզի վկա եմ եղել։ Բարի մարդիկ հարձակվեցին նրա վրա, ինչպես շներեն են հարձակվում արջի վրա։ Գերմանները ճանկեցին նրա վիզը, կպան ձեռքերից, ոտքերից։ Հետեւակ երկու հարյուրյակ ծուղակն ընկավ, եւ եթե հեծելավաշտը, որի հրամանատարը ես էի, չմխրճվեր աջ թեւից, մեր փիլիսոփա, քեզ չէր վիճակվի Առնետորսի հետ խոսել։ Դա կատարվեց Իդիստավիզոյի ճակատամարտում, Կուսանաց Հովտում։
 
― Եթե խոսեի նրա հետ, ― հանկարծ ասաց բանտարկյալն անրջանքով, ― վստահ եմ, որ խիստ կփոխվեր։
 
― Ես կասկածում եմ, ― արձագանքեց Պիղատոսը, ― որ լեգեոնի հրամանատարին նվազ հաճույք կպատճառեիր, եթե մտքովդ անցներ նրա սպաներից կամ զինվորներից որեւէ մեկի հետ խոսել։ Ի դեպ, հուրախություն բոլորի, նման բան չի էլ կատարվի, եւ առաջինը ես կհոգամ այդ մասին։
 
Այդ ժամանակ մի ծիծեռնակ սլացիկ թռիչքով սյունաշար պատշգամբ մտավ, պտույտ գործեց ոսկեզօծ առաստաղի տակ, ցած ճախրեց եւ, սրածայր թեւը համարյա քսելով որմնախորշի պղնձյա արձանի դեմքին, թաքնվեց սյան խոյակի ետեւում։ Գուցե մտադրվեց բույն հյուսել այդտեղ։
 
Ծիծեռնակի թռիչքի ընթացքում կուսակալի՝ ներկայումս հստակ ու թեթեւացած ուղեղում մի բանաձեւ գծագրվեց։ Հետեւյալն էր․ իգեմոնը քննեց Հա֊Նոցրի մականվամբ թափառաշրջիկ փիլիսոփա Յեշուայի գորխը եւ հանցակազմ չգտավ։ Մասնավորապես, նվազագույն կապ անգամ չգտավ Յեշուայի գործողությունների եւ Երշալաիմ քաղաքում վերջերս կատարված անկարգությունների միջեւ։ Պարզվեց, որ թափառաշրջիկ փիլիսոփան հոգեկան հիվանդ է։ Այդ իսկ պատճառով Փոքր ծերակույտի արձակած՝ Հա֊Նոցրիի մահվան դատավճիռը կուսակալը չի հաստատում։ Բայց նկատի առնելով, որ Հա֊Նոցրիի խելագար, ցնորական ճառերը կարող են հուզումների տեղիք տալ Երշալաիմ քաղաքում, կուսակալը Յեշուային արտաքսում է Երշալաիմից եւ բանտարկում Միջերկրածովյան Վերին Կեսարիայում, այսինքն հենց այնտեղ, ուր գտնվում է կուսակալի աթոռանիստը։
 
Մնում էր դա թելադրել քարտուղարին։
 
Ծիծեռնակի թեւերը փռփռացին ճիշտ կուսակալի գլխավերեւում, թռչունը սուրաց դեպի շատրվանի թասը, ապա թռավ հեռացավ։ Կուսակալն աչքերը բարձրացրեց բանտարկյալի վրա ու տեսավ, որ նրա կողքին փոշե մի սյուն է հուրհրատում։
 
― Նրա մասին էլ բան չկա՞, ― հարցրեց Պիղատոսը քարտուղարին։
 
― Ցավոք սրտի, կա, ― անսպասելի պատասխանեց քարտուղարը եւ Պիղատոսին տվեց մագաղաթյա մեկ այլ թերթ։
 
― Ուրիշ է՞լ ինչ, ― հարցրեց Պիղատոսն ու մռայլվեց։
 
Կարդալուց հետո նրա դեմքն ավելի այլայլվեց։ Մուգ արյունը խուժեց վզի ու դեմքի երակների մեջ, թե մեկ այլ բան կատարվեց, միայն թե նրա մակը կորցրեց դեղնությունը, կաս֊կարմիր դարձավ, եւ աչքերն ասես փոս ընկան։
 
Հավանորեն, պատճառը դարձյալ արյունն էր, որ խուժել էր քունքերն ու բաբախում էր, միայն թե կուսակալի տեսողւթյան հետ ինչ֊որ բան կատարվեց։ Այնպես, նրան թվաց, թե բանտարկյալի գլուխը պոկվեց ու լողած հեռուները եւ տեղը մեկ այլ գլուխ հայտնվեց։ Այդ ճաղատ գլխին ոսկյա նոսրատամ պսակ էր դրված, ճակատին կլոր, քսուքապատ մի խոց կար, որը քայքայել էր մաշկը, անատամ, ներս ընկած բերան, քմահաճ ու կախված ներքեւի շրթունք։ Պիղատոսին թվաց, թե պատշգամբի վարդագույն սյուներն ու Երշալաիմի կտուրները չքացան հեռվում՝ այգուց ներքեւ, եւ շուրջբոլորը թաղվեց կապրիական այգիների խիտ կանաչների մեջ։ Լսողության հետ նույնպես մի տարօրինակ բան կատարվեց․ ասես հեռուներում շեփորներ հնչեցին՝ ոչ բարձր ու ահեղաձայն, եւ շատ պարզորոշ լսվեց բառերը գոռոզաբար ձգող, ռնգային ձայնը․ «Օրենք նորին մեծությանը վիրավորելու մասին․․․»
 
Կցկտուր, շփոթ ու անսովոր մտքեր խռնվեցին․ «Կործանվե՜ց», ապա՝ «Կործանվեցի՜նք․․․» Եվ այդ բոլորի հետ լիովին անհեթեթ մի միտք՝ պարտադրաբար, անառարկելիորեն առկա անմահության մասին, ― այն էլ ո՞ւմ հետ, ― ընդ որում անմահությունը չգիտես ինչու անպատմելի տրտմություն էր հարուցում։
 
Պիղատոսը լարվեց, իրենից վանեց տեսիլքը, հայացքը պատշգամբ բերեց, ու նրա դիմաց վերստին հայտնվեցին բանտարկյալի աչքերը։
 
― Լսիր, Հա֊Նոցրի, ― սկսեց կուսակալը, Յեշուայի նայելով մի տեսակ տարօրինակ․ կուսակալի դեմքն ահեղ էր, բայց աչքերը լի էին տագնապով, ― երբեւիցե դու որեւէ բան արե՞լ ես մեծն կեսարի համար։ Պատասխանի՛ր։ Ասե՞լ ես․․․ Թե՞․․․ չես ասել։ ― Պիղատոսը փոքր֊ինչ ավելի ձգեց «չես ասել» բառը, քան դա սահմանված է դատարանում եւ հայացքով Յեշուային հղեց ինչ֊որ միտք, որ այնքան կուզենար ներշնչել բանտարկյալին։
 
― Ճշմարտությունն ասելը դյուրին է եւ հաճելի, ― նկատեց բանտարկյալը։
 
― Ինձ պետք չէ գիտենալ՝ քեզ հաճելի՞, թե տհաճ է ճշմարտությունն ասելը, ― չարացած ու խելաձայն պատասխանեց Պիղատոսը։ ― Սակայն ստիպված կլինես ասել։ Բայց խոսելիս յուրաքանչյուր բառդ ծանրութեթեւ արա, եթե ոչ միայն անխուսափելի, այլ նաեւ տանջալի մահ չես կամենում։
 
Ոչ ոք չգիտե, թե ինչ կատարվեց Հրեաստանի կուսակալի հետ, բայց նա իրեն թույլ տվեց բարձրացնել ձեռքը, իբր արեւի ճառագայթից պաշտպանվելու համար, եւ այդ ձեռքի տակից, ասես վահանի տակից, բանտարկյալին ինչ֊որ բան ակնարկող հայացք հղել։
 
― Եվ այսպես, ― ասաց նա, ― պատասխանիր, ճանաչո՞ւմ ես դու ոմն Հուդա Իսկարիովտացու, եւ հատկապես ի՞նչ ես ասել նրան, եթե ասել ես, կեսարի մասին։
 
― Բանն այսպես է եղել, ― հաճույքով սկսեց պատմել բանտարկյալը, ― երեկ չէ անցյալ օրը, երեկոյան, տաճարի մոտ ծանոթացա մի երիտասարդի հետ, որն իրեն կոչեց Հուդա, Իսկարիովտ քաղաքի բնակիչ։ Ինձ իր տուն հրավիրեց, որը Ստորին Քաղաքում է եւ հյուրասիրեց․․․
 
― Բարի՞ մարդ է, ― հարցրեց Պիղատոսը, եւ դիական կրակ ցոլաց նրա աչքերի մեջ։
 
― Շատ բարի եւ հետաքրքրասեր մարդ է, ― հաստատեց բանտարկյալը, ― մեծագույն հետաքրքրություն դրսեւորեց իմ մտքերի նկատմամբ, չափազանց սրտաբաց ընդունեց ինձ․․․
 
― Կանթեղներ վառեց․․․ ― ատամների արանքից, բանտարկյալի տոնով ասաց Պիղատոսը, եւ նրա աչքերն այդ ժամանակ կայծկլտում էին։
 
― Այո, ― կուսակալի տեղյակությամբ թեթեւակի զարմացած, շարունակեց Յեշուան, ― խնդրեց, որ տեսակետներս շարադրեմ պետական իշխանության մասին։ Այդ հարցը նրան արտակար էր հետաքրքրում։
 
― Եվ ի՞նչ ասացիր, ― հարցրեց Պիղատոսը, ― թե՞ կպատասխանես, որ մոռացել ես ասածներդ, ― բայց Պիղատոսի ձայնի մեջ անհուսություն կար։
 
― Ի թիվս այլ բաների, ես ասացի, ― պատմում էր բանտարկյալը, ― որ ամենայն իշխանություն բռնություն է մարդկանց վրա եւ որ կգա ժամանակը, երբ չի լինի ոչ կեսարների իշխանությւոն, ոչ որեւիցե այլ իշխանություն։ Մարդը մուտք կգործի ճշմարտության եւ արդարության թագավորություն, ուր ընդհանրապես ոչ մի իշխանություն անհրաժեշտ չի լինի։
 
― Հետո՞։
 
― Հետո էլ ոչինչ, ― ասաց բանտարկյալը, ― այդ ժամանակ ներս վազեցին մարդիկ, ինձ կապկպեցին եւ տարան բանտ։