Changes

Դատավարություն

Ավելացվել է 6308 բայտ, 19:29, 2 Դեկտեմբերի 2013
/* Երրորդ գլուխ․ նիստերիդատարակ դահլիճում։ Ուսանողը։ Գրասենյակներում */
― Այո,― ասաց մարդը։― Ախ, հա։ Դուք մեղադրյալ Կ֊ն եք։ Նոր միայն ճանաչեցի Ձեզ։ Բարով եք եկել։― Նա, Կ֊ի համար անսպասելի, պարզեց ձեռքը։― Այսօր, սակայն, ոչ մի նիստ նշանակված չէ։― Խոսեց կատարածուն, մինչ Կ֊ն շարունակում էր լռել։
 
― Գիտեմ։― Կ֊ն զննեց կատարածուի քաղաքացիական կոստյումը, որի վրա, ի նշան այն բանի, որ դա ծառայողի զգեստ է, սովորական կոճակների հետ կային նաև երկու ոսկեփայլ կոճակներ (դրանք երևի պոկել էին սպայական հին վերարկուի վրայից)։― Քիչ առաջ Ձեր կնոջ հետ էի խոսում, բայց նա այլևս այստեղ չէ․ ուսանողը քննիչի մոտ տարավ։
 
― Տեսնո՞ւմ եք,― ասաց կատարածուն։― Նրան անընդհատ տանում են իմ մոտից։ Տեսեք, այսօր կիրակի է, և ես պարտավոր չեմ ոչ մի աշխատանք կատարել, սակայն միայն այստեղից հեռացնելու համար, որևէ անկարևոր լուր հայտնելու պատրվակով ինձ տեղ են ուղարկում։ Այնքան էլ հեռու չեն ուղարկում, միշտ հույս եմ ունենում, որ շտապելու դեպքում դեռ կարող եմ ժամանակին վերադառնալ։ Վազում եմ, ուրեմն, ինչքան կարող եմ, հիմնարկության դռան ճեղքից (ուր որ ուղարկում են ինձ) հազիվ հասկանալի, շնչակտուր հայտնում եմ լուրը, կրկին ետ եմ սլանում, սակայն պարզվում է, որ ուսանողն ինձնից ավելի արագաշարժ է դուրս գալիս։ Դրանից բաից, նրա անցնելիք ճանապարհ, ախր, ավելի կարճ է, քան՝ իմը։ Նա պետք է ներքև իջնի միայն ձեղնահարկի աստիճաններով։ Եթե այդքան կախման մեջ չլինեի, ուսանողին վաղուց պատին ծեփած կլինեի։ Այ, այստեղ՝ ցուցանակի կողքին։ Շարունակ այդ եմ երազում, այստեղ, հատակից մի քիչ վերև, նա ճզմված ընկած է, ձեռքերը տարածել է, մատները չռված են, ծուռ ոտքերը օղակ են կազմել և շուրջն ամբողջովին արյան շիթեր են։ Սա առայսօր միայն երազ է մնում։
 
― Որևէ այլ ելք չկա՞։― Ժպտաց Կ֊ն։
 
― Չգիտեմ։ Հիմա վիճակն ավելի վատ է։ Մինչև այսօր նա կնոջս միայն իր համար էր տանում, այժմ, սակայն, քննիչի մոտ էլ է տանում։ Ի դեպ, ես դրան վաղուց էի սպասում։
 
― Իսկ ի՞նչ է, Ձեր կինը բնավ մեղք չունի՞։― Կ֊ն, ինչքան էլ որ խանդեր, պատրավոր էր զսպել իրեն և այդ հարցը չպետք է տար։
 
― Ինչ խոսք։ Ամենից շատ նա է մեղավոր։ Ինքը կախ ընկավ ուսանողի վզից։ Ինչ ուսանողին է վերաբերում, բոլոր փեշավորների հետևից վազում է։ Մենակ այս շենքում նրան արդեն հինգ բնակարանից դուրս են շպրտել։ Իմ կինը, ի դեպ, ամենագեղեցիկն է շենքում, և հենց ես եմ անկարող մի բան ձեռնարկել։
 
― Եթե վիճակն այդպես է, ապա ոչինչ չի օգնի։
 
― Ինչո՞ւ չի օգնի։ Ուսանողը վախկոտի մեկն է, և եթե մի անգամ էլ փորձի կնոջս ձեռք տալ, պետք է այնպես ծեծել, որ այլևս չհամարձակվի մոտ գալ։ Ես չեմ կարող ծեծել, իսկ մյուսներն այդ բանն ինձ համար չեն անում։ Վախենում են նրանից։ Միայն Ձեզ նման մարդը կկարողանար այդ բանն անել։
 
― Ինչպե՞ս թե,― զարմացավ Կ֊ն։
 
― Ախր Ձեզ մեղադրում են։
 
― Այո, բայց չէ՞ որ ես ավելի շատ պետք է վախ ունենամ, որ նա, թեկուզ ազդեցություն չունենա էլ դատավարության ելքի վրա, ապա նախնական քննության վրա հավանաբար կկարողանա ազդել։
 
― Այո, իհարկե։― Խոսեց կատարածուն այնպես, կարծես Կ֊ի փաստարկը նույնքան ճիշտ էր, որքան՝ իրենը։― Սակայն մեզ մոտ, որպես կանոն, ոչ մի անհույս դատավարություն չի ընթանում։
 
― Ես Ձեզ համամիտ չեմ, սակայն դա չի խանգարի, որ ուսանողը պատահաբար մշակվի։
 
― Ես Ձեզ շատ երախտապարտ կլինեի։― Կատարածուի ձայնը փոքր֊ինչ պաշտոնական հնչեց, բայց երևում էր, որ նա իր բաղձալի երազանքի իրականացմանը այնքան էլ չէր հավատում։
 
― Ձեր ծառայողներից ոմանք նույնպես, ճիշտն ասած՝ երևի թե բոլորը, ծեծի են առժանի։
 
― Այո, այո։― Կատարածուի խոսելու տոնից կարելի էր կարծել, թե խոսքը ինքնին հասկանալի ինչ֊որ բանի մասին է։ Հետո նա վստահող հայացք գցեց Կ֊ի վրա (թեև նրանք մտերիմների պես էին զրուցում, կատարածուն առայժմ այդպես չէր նայել) և ավելացրեց։― Մարդիկ անընդհատ խռովություն են բարձրացնում։― Դրանից հետո նրան թվաց, թե զրույցը տհաճ հունով է ընթանում, և ընդհատեց խոսքը, ասելով․― հիմա պետք է գրասենյակ ներկայանամ։ Կգա՞ք հետս։
 
― Ես այնտեղ անելիք չունեմ։
 
― Կարող եք գրասենյակները նայել։ Ոչ ոք Ձեզանով չի հետաքրքրվի։
 
― Արժի՞ տեսնել, որ,― երկմտանքով հարցրեց Կ֊ն, սակայն կատարածուի հետ գնալու մեծ ցանկություն զգաց։