Changes
==Գլուխ X։ Նավարկություն==
Իրարանցումը շարունակվեց ամբողջ գիշերը։ Մենք իրեր էինք տեղափոխում այս ու այն կողմ։ Նավակը շարունակ բերում էր կալվածատիրոջ բարեկամներին, պարոն Բլենդլու նման մարդկանց, որոնք գալիս էին նրան բախտավոր ճանապարհորդություն և բարեհաջող վերադարձ մաղթելու։ Երբեք առաջ «Ծովակալ Բենբոուում» ես այդքան չէի աշխատել։ Ես արդեն շան նման հոգնել էի, երբ լուսաբացից առաջ ավագ նավաստին փողը հնչեցրեց և սկսեց խարիսխը բարձրացնել։
Սակայն, եթե երկու անգամ ավելի էլ հոգնած լինեի, տախտակամածից չէի հեռանա։ Ամեն բան նոր և գրավիչ էր ինձ համար՝ և՛ ընդհատ֊ընդհատ հրամանները, և՛ փողի սուր ձայնը, և՛ նավի լապտերների աղոտ լույսի տակ անհանգիստ աշխատող մարդիկ։
― Է՛յ, Ազդր, մի երգ երգիր,— գոչեց նավաստիներից մեկը։
― Հին երգ,— բացականչեց մյուսը։
― Լա՛վ, տղե՛րք,— պատասխանեց Երկարահասակ Ջոնը, որ կանգնած էր հենց այնտեղ, տախտակամածի վրա՝ հենակը կռնատակին։
Եվ երգեց այն երգը, որն ինձ լավ ծանոթ էր.
::Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա․․․
Իսկ մնացածները միասին երգեցին.
::Յո-խո-խո-խո և մի շիշ ռոմ։
Երրորդ «խո»֊ն ասելիս նրանք խմբովին դուրս քաշեցին լծակները։
Ես հիշեցի մեր հին «Ծովակալ Բենբոուն», և ինձ թվաց, որ կարծես թե մեռած Բոնսի ձայնը հանկարծ միացավ նավաստիների խմբերգին։ Շուտով խարիսխը բարձրացրին և ամրացրին նավի առջևի մասում։ Քամին ուռցրեց առագաստները։ Ցամաքը ետ էր քաշվում։ Մեզ շրջապատող նավերն սկսեցին հեռանալ։ Եվ մինչ ես պառկեցի, որ գոնե մի ժամ ննջեմ, «Իսպանոլան» սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Գանձերի կղզին։
Ես չեմ նկարագրի մեր ճանապարհորդության մանրամասնությունները։ Այդ ճանապարհորդությունը շատ հաջող էր։ Նավն օրինակելի դուրս եկավ, անձնակազմը բաղկացած էր փորձված ծովագնացներից, նավապետն իր գործը շատ լավ գիտեր։ Սակայն, մինչև Գանձերի կղզին հասնելը, երկու֊երեք դեպք պատահեց, որոնց մասին արժե հիշատակել։
Ամենից առաջ պարզվեց, որ պարոն Էրոուն ավելի վատն է, քան կարծում էր նավապետը։ Նա նավաստիների մեջ հեղինակություն չուներ, և նրան ոչ ոք չէր լսում։ Ճանապարհ ընկնելուց մեկ-երկու օր հետո նա սկսեց տախտակամածին հայտնվել պղտոր աչքերով, կարմիր այտերով և հարբեցողի այլ նշաններով։ Խոսելիս էլ կակազում էր։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ էր լինում խայտառակ կերպով քշել նրան տախաակամածից։ Նա հաճախ վայր էր ընկնում և ջարդվածքներ ստանում։ Պատահում էր, որ օրերով պառկում էր իր մահճակալին, առանց վեր կենալու։ Պատահում էր, իհարկե, որ նա երկու օր ման էր գալիս համարյա զգաստ և այն ժամանակ մի կերպ կատարում էր իր պարտականությունները։
Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում իմանալ, թե որտեղից է նա խմելիք ճարում։ Այս հանելուկի վրա ողջ նավը գլուխ էր կոտրում։ Մենք հետևում էինք նրան, սակայն բան չէինք կարողանում, հասկանալ։ Երբ նրան այդ մասին հարցնում էինք հարբած ժամանակ, նա միայն ծիծաղում էր, իսկ երբ սթափ էր լինում, հանդիսավոր կերպով երդվում էր, որ իր ողջ կյանքում, ջրից բացի, ոչինչ չի խմել։
Որպես ղեկապետ, նա ոչ մի բանի պետք չէր և իր ստորադրյալների վրա վատ ազդեցություն էր թողնում։ Պարզ էր, որ նրա վերջը վատ կլիներ։ Եվ ոչ ոք չզարմացավ ու չտխրեց, երբ մի մութ, փոթորկոտ գիշեր, նա նավից անհետացավ։
— Ջուրն է ընկել,— վճռեց նավապետը։— Ի՞նչ կա որ, պարոններ, դա փրկեց մեզ նրան շղթայելու անհրաժեշտությունից։
Այդպիսով, մենք մնացինք առանց ավագ նավաստու։
Պետք էր որևէ մեկին առաջ քաշել աչդ պաշտոնի համար։ Ընտրությունն ընկավ ղեկապեա Ջոբ Էնդերսոնի վրա։ Նրան առաջվա նման ղեկապետ էին կանչում, բայց ավագ նավաստու պաշտոն էր կատարում։
Պարոն Տրելոնին, որը շատ ճանապարհորդություններ էր կատարել և ծովը լավ էր ճանաչում, նույնպես այդ գործի համար պետքական էր․ լավ եղանակին նա հերթապահություն էր անում։ Երկրորդ ղեկապետ Իզրայել Հենդսը եռանդուն, ծեր, փորձված ծովային էր, որին ամեն գործ էլ կարելի էր հանձնարարել։
Նա, ի միջի այլոց, Երկարահասակ Ջոն Սիլվերի հետ շատ մտերիմ էր, և քանի որ հիշեցի Սիլվերին, նրա մասին մանրամասն պետք է պատմեմ։
Նավաստիները նրան Ազդր էին կանչում։ Նա հենակը փողկապում էր վզին, որ ձեռքերն ազատ լինեն։ Մի տեսնեի՛ք, թե ինչպես նա, հենակով հենվելով պատին, տատանումը բոլորովին չզգալով, կերակուր էր եփում, կարձես ամուր գետնի վրա կանգնած լիներ։ Ավելի հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես փոթորկոտ եղանակին ճարպկորեն ու արագ վազում էր տախտակամածով, բռնելով այն ճոպաններից, որոնք ավելի լայն տեղերում իջեցված էին։ Այդ ճոպանները նավաստիներն անվանում էին «Երկարահասակ Ջոնի գինգեր»։ Անցնելիս նա կամ բռնում էր այդ գինդերը, կամ գործի էր դնում հենակը, կամ, փոկից բռնած, հենակն իր ետևից քարշ էր տալիս։
Իսկ այն բոլոր նավաստիները, որոնք առաջ նրա հետ ճանապարհորդել էին, շատ ափսոսում էին, որ այլևս նա առաջվանը չէ։
— Մեր Ազդրը հասարակ մարդ չէ,— ասաց ինձ երկրորդ ղեկապետը.— ջահել ժամանակ նա դպրոցական է եղել և, եթե ուզենա, գրքի նման կխոսի։ Իսկ ի՞նչ քաջն է։ Առյուծը մեր երկարահասակ Ջոնի մոտ ոչինչ է։ Ես ինքս տեսել եմ, թե ինչպես նրա վրա, անզեն ժամանակ, չորս մարդ հարձակվեց, իսկ նա բռնեց նրանց և գլուխներն իրար զարկեց, նա, այդ անզեն կաղը։
Բոլորը հարգանքով էին վերաբերվում դեպի նա և կատարում էին նրա հրամանները։ Նա յուրաքանչյուրի հետ կարողանում էր խոսել, յուրաքանչյուրին՝ սիրաշահել։ Դեպի ինձ հատուկ սիրալիր վերաբերմունք ուներ։ Միշտ ուրախանում էր, երբ ես խոհանոց էի մտնում, որը զարմանալի մաքուր էր պահում։ Ամանեղենը միշտ կանոնավոր կախված էր՝ մաքուր ու փայլուն։ Անկյունում թութակի մի վանդակ կար։
— Հոկինս,— ասում էր նա ինձ։— Եկ Ջոնի մոտ զրուցելու։ Ոչ ոքի այցելությամբ ես այնքան չեմ ուրախանում, որքան քո այցելությամբ։ Նստիր ու լսիր։ Ահա նավապետ Ֆլինտը․ ես իմ թութակի անունը նավապետ Ֆլինտ եմ դրել, հռչակավոր ծովահենի պատվին։ Եվ ահա նավապետ Ֆլինտը նախագուշակում է, որ մեր ճանապարհորդությունը հաջողությամբ կվերջանա։ Ճշմարի՞տ է, նավապետ։
Եվ թութակն սկսեց աներևակայելի արագությամբ կրկնել․
— Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր։
Եվ կրկնում էր այնքան ժամանակ, մինչև ուժից ընկնում էր կամ մինչև որ Ջոնը թաշկինակը գցում էր նրա վանդակին։
— Այս թռչունը,— ասում էր նա,— երևի երկու հարյուր տարեկան է։ Թութակներն անվերջ ապրում են։ Միայն սատանան է իր կյանքում այնքան չարիք տեսել, որքան իմ թութակը։ Նա ճանապարհորդել է Ինգլենդի հետ՝ հռչակավոր ծովահեն նավապետ Ինգլենդի հետ։ Եղել է Մադագասկարում, Մալաբարում, Սուրինամում, Պրովիդենսում, Պորտ֊Բելոյում։ Նա տեսել է, թե ինչպես են որսում բեռները խորտակված նավերից։ Ահա թե երբ է նա սովորել «պիաստրներ» գոչելը։ Եվ զարմանալու բան չկա։ Այն օրը որսացել են 350 հազար պիաստր, Հոկինս։ Այս թութակը ներկա է եղել Վեստ-Ինդիայի փոխարքայի վրա հարձակվելիս, Գոայի մոտ։ Իսկ տեսքով կարծես մանուկ լինի։ Բայց դու վառոդի հոտ առել ես, այնպես չէ՞, նավապետ։
— Նավը մյուս կողմը թեքիր,— գոչեց թութակը։
— Իմ թութակը հիանալի ծովային է,— ասաց խոհարարը և, գրպանից շաքարի կտորներ հանելով, տվեց թռչունին։
Թութակը կտցով խփում էր վանդակի ճաղերին և հայհոյում։
— Եթե կուպրի մեջ ապրես, անպատճառ կկեղտոտվես,— բացատրեց Ջոնը։— Այս խեղճ, ծեր, անմեղ թռչունը հայհոյում է, բայց չի հասկանում, թե ինչ է ասում։ Ինչպես ասում են, նա աստծու առաջ էլ կհայհոյի։
Այս խոսքերն ասելիս Ջոնն այնպես հանդիսավոր կերպով ձեռք տվեց իր ճակատից կախված փունջ մազին, որ ես նրան աշխարհիս ամենաազնիվ մարդը համարեցի։
Կալվածատիրոջ և նավապետ Սմոլետի հարաբերությունը առաջվա նման շատ լարված էր։ Կալվածատերն առանց քաշվելու նավապետի մասին ատելությամբ էր խոսում։ Նավապետը կալվածատիրոջ հետ երբեք չէր խոսում, իսկ երբ վերջինս որևէ բան էր հարցնում նավապետին, պատասխանը լինում էր սուր, կարճ և չոր։ Մի անկյունում կուչ եկած նա ստիպված էր խոստովանել, թե սխալվել է, որ անձնակազմի մասին վատ կարծիք է հայտնել։ Շատ նավաստիներ օրինակելի աշխատանք էին կատարում, իսկ ողջ անձնակազմն իրեն հրաշալի էր պահում։ Բայց նավին նա ուղղակի սիրահարված էր։
― Նա լսում է ղեկին այնպես, ինչպես լավ կինն իր ամուսնուն։ Բայց,— ավելացրեց նա,— մենք դեռ չենք վերադարձել և մեր ճանապարհորդությունը առաջվա պես ինձ դուր չի գալիս։
Այդ խոսքերը լսելիս, կալվածատերը մեջքը դարձնում էր դեպի նավապետը և, կզակը վեր ցցած, սկսում էր քայլել տախտակամածի վրա։
— Քիչ ժամանակից հետո,— ասում էր նա,— այս մարդը վերջնականապես ինձ համբերությունից կհանի։
Ճանապարհին փոթորիկ եղավ, որը միայն հաստատեց մեր «Իսպանոլայի» արժանիքը։ Թվում էր, թե անձնակազմը գոհ էր իր կյանքից, և դա զարմանալի չէր։ Իմ կարծիքով, ոչ մի նավում անձնակազմին այդքան երես չեն տալիս։ Ամեն մի առիթով նրանց կրկնակի բաժին փունջ էին տալիս։ Հարկավոր էր միայն, որ կալվածատերը լսեր որևէ նավաստու ծննդյան մասին, նա իսկույն բոլորի համար տոն էր սարքում։ Տախտակամածի վրա միշտ մի տակառ խնձոր էր լինում, որ ցանկացողը, երբ ուզենա, ուտի։
— Դրանից լավ բան չի դուրս գա,— ասում էր նավապետը բժիշկ Լիվսիին։— Դա նրանց միայն փչացնում է։ Դուք ինձ հավատացեք։
Սակայն խնձորի տակառը, ինչպես կտեսնեք, մեզ հսկայական ծառայություն մատուցեց։ Միայն այդ տակառի շնորհիվ մենք ժամանակին կանխեցինք վտանգը և դավաճանների ձեռքով չկործանվեցինք։
Ահա թե ինչպես պատահեց։
Մենք արդեն այդ կզղուց, ուր գնում էինք, շատ հեռու չէինք․— նրա ճիշտ տեղը ես հայտնելու իրավունք չունեմ։ Օր ու գիշեր նայում էինք հեռուն, սպասելով, որ կտեսնենք հորիզոնում։ Համաձայն հաշվի, մնում էր մեկ օրվա ճանապարհ։ Կամ այսօր գիշերը, կամ ամենաուշը վաղը կեսօրից առաջ մենք պետք է տեսնեինք Գանձերի կղզին։ Գնում էինք դեպի հարավ, հարավ֊արևմուտք։ Մեղմ քամի էր փչում։ Ծովը հանդարտ էր։ «Իսպանոլան» առաջ էր սլանում՝ երբեմն քիթն ալիքների մեջ թաղելով։ Ամեն ինչ լավ էր։ Բոլորն էլ լավ տրամադրության մեջ էին, բոլորն էլ ուրախ էին, որ մեր ճանապարհորդության առաջին մասը վերջանում է։
Երբ արևը մայր մտավ և աշխատանքս վերջացրի, ես ուղղվելով դեպի իմ մահճակալը, հանկարծ մտածեցի, որ վատ չէր լինի, եթե խնձոր ուտեի։ Արագ դուրս թռա տախտակամած։ Հերթապահները, նավի աոաջին մասում կանգնած, նայում էին ծովին և հույս ունեին տեսնել կղզին։ Ղեկապետը, առագաստների քամահար անկյուններից դիտելով, կամաց շվշվացնում էր։ Ամեն ինչ հանդարտ էր, միայն ջուրը խփում էր նավի կողքերին։
Պարզվեց, որ տակառում միայն մի խնձոր կար։ Այդ խնձորը վերցնելու համար ես պետք է տակառը մտնեի։ Այնտեղ, մթության մեջ նստած, ջրի ծփանքից և նավի համաչափ տատանումից, քիչ մնաց քնեի։ Հանկարծ մեկը ծանր կերպով ընկավ տակառի կողքին։ Տակառը թեթև տատանվեց։ Մարդը մեջքը դեմ էր տվել տակառին։ Ես արդեն պատրաստվում էի դուրս թռչել, երբ մարդը հանկարծ սկսեց խոսել։ Ես ճանաչեցի Սիլվերի ձայնը, և մինչև նա մի դյուժին խոսք ասեր, ես որոշեցի, ինչ ուզում է լինի, տակառից դուրս չգալ։ Ես պառկել էի տակառի հատակին և դողալով, երկյուղից ու հետաքրքրությունից շնչասպառ լինելով, լսում էի։ Եվ առաջին իսկ խոսքերից ես հասկացա, որ նավի վրա գտնվող բոլոր ազնիվ մարդկանց կյանքն իմ ձեռքում է գտնվում։
==Գլուխ XI։ Ինչ լսեցի ես խնձորի տակառի մեջ նստած ժամանակ==