Changes
— Է՜խ,— լսեցի ես մեր նավաստիներից ամենաերիտասարդի հիացած ձայնը,— ի՜նչ քաջ էր այդ Ֆլինտը։
— Ասում են, Դևիսը նրանցից վատը չէր,— ասաց Սիլվերը,— բայց ես նրա հետ երբեք չեմ ճանապարհորդել։ Առաջ ես ճանապարհորդում էի Ինգլենդի, ապա՝ Ֆլինտի հետ։ Իսկ այժմ ես ինքս եմ ծով դուրս եկել։ Ես ինը հարյուր ֆունտ ստերլինգ վաստակեցի Ինգլենդի մոտ և երկու հազար ֆունտ՝ Ֆլինտի մոտ։ Հասարակ նավաստու համար սա վատ չէ։ Փողը բանկում է և լավ տոկոս է տալիս։ Որտե՞ղ են այժմ Ինգլենդի մարդիկ։ Չգիտեմ։ Որտե՞ղ են Ֆլինտի մարդիկ։ Մեծ մասամբ այստեղ, նավի վրա, և ուրախ ենք, որ այստեղ ենք։ Շատերը նրանցից ապրում էին ծովափին, որպես վերջին մուրացիկներ։ Սովից մեռան, աստված վկա։ Ծերունի Պյուն, երբ կուրացավ, սկսեց տարեկան հազար երկու հարյուր ֆունտ ծախսել, ինչպես պառլամենտի լորդ։ Որտե՞ղ է նա այժմ։ Մեռել է և գետնի տակ փտում է։ Բայց երկու տարի առաջ նա ուտելու բան չուներ։ Նա ողորմություն էր խնդրում, գողանում էր, կոկորդը պատռում էր, այնուամենայնիվ, կերակրվել չէր կարողանում։
― Դե, արի ծովահեն եղիր դրանից հետո,— ասաց երիտասարդ նավաստին։
― Այո՛, բայց հիմար էլ մի եղիր,– բացականչեց Սիլվերը։— Սակայն խոսքը քո մասին չէ։ Դու թեև երիտասարդ ես, բայց հիմար չես։ Քեզ խաբել չի կարելի։ Ո՛չ։ Ես հենց որ քեզ տեսա, իսկույն նկատեցի այդ և քեզ հետ պետք է խոսեմ, ինչպես տղամարդու հետ։
Կարո՞ղ եք երևակայել, թե ինչ զգացի, լսելով, թե ինչպես այդ ծեր սրիկան ասում է ուրիշին նույն հրապուրիչ խոսքերը, ինչ որ ասել էր ինձ։ Եթե կարողանայի, տակառի պատի միջից նրան կսպանեի։
Այդ Ժամանակ Սիլվերը խոսքը շարունակեց, չկասկածելով, որ իրեն լսում են․
— Այդպես է ծովահենների կյանքը՝ ծանր կախաղանի ենթակա, բայց ուտում և խմում են ինչպես կռվող աքաղաղները կռվից առաջ։ Նրանք ճանապարհորդության են դուրս գալիս՝ ունենալով հարյուրավոր պղնձե գրոշներ, բայց վերադառնում են հարյուրավոր ֆունտերով։ Ավարը ծախսված է հարբեցողության վրա, փողերը վատնված և ահա նորից դեպի ծով, հագին միայն մի շապիկ։ Բայց ես այդպես չեմ վարվում։ Ես իմ բոլոր փողերը մաս-մաս հանձնում եմ զանազան բանկերի, որ կասկածներ չլինեն։ Գիտցիր, որ ես հիսուն տարեկան եմ։ Այս ճանապարհորդությունից վերադառնալով, ես պետք է ապրեմ այնպես, ինչպես ամենաիսկական ջենտլմենները։ Բավակա՞ն է, ասում ես։ Ի՞նչ կա որ, ես վատ չեմ ապրել։ Ոչ մի բանից զուրկ չեմ մնացել։ Փափուկ տեղում եմ քնել, համեղ բաներ եմ կերել։ Սակայն ծովի վրա երբեմն նեղություն եմ քաշել։ Իսկ ինչպես եմ սկսել։ Իբրև նավաստի՝ ինչպես դու։
― Բայց չէ՞ որ ձեր առաջվա փողերն այժմ կկորչեն,– ասաց երիտասարդ նավաստին։— Դուք ինչպե՞ս կերևաք Բրիստոլում այս ճանապարհորդությունից հետո։
― Իսկ քո կարծիքով այժմ որտե՞ղ են իմ փողերը,— հարցրեց Սիլվերը հեգնորեն։
― Բրիստոլում՝ բանկերում և զանազան տեղերում,— պատասխանեց նավաստին։
― Այո՛, փողերս քո ասած տեղերում էին։ Սակայն մինչև այն ժամանակ, երբ բարձրացրինք մեր խարիսխը։ Իսկ այժմ արդեն իմ պառավը վերցրել է փողերը։ «Հեռադիտակն» իր բոլոր փոր ու փսորով վաճառված է, իսկ պառավը հեռացել է և պայմանավորված տեղում սպասում է ինձ։ Ես կասեի քեզ, թե որտեղ է այդ տեղը, որովհետև միանգամայն վստահում եմ քեզ, բայց վախենում եմ, որ մյուսները վիրավորվեն, որ նրանց չեմ ասում։
― Իսկ քո պառավին վստահո՞ւմ ես,― հարցրեց նավաստին։
― Ծովահենները,— պատասխանեց խոհարարը,— հազվադեպ են իրար վստահում և լավ են անում։ Բայց ինձ խաբելը հեշտ չէ։ Ով որ փորձի բանսարկություն անել ծեր Ջոնին, այս աշխարհում երկար չի ապրի, ոմանք, վախենում էին Պյուից, ոմանք՝ Ֆլինտից։ Իսկ ինձնից ինքը Ֆլինտն էր վախենում։ Վախենում և հպարտանում էր ինձնով․․․ նրա մարդիկ հանդուգն մարդիկ էին։ Ինքը սատանան էլ չէր համարձակվի այդ մարդկանց հետ բաց ծովում կռվի դուրս գալ։ Դու ինձ ճանաչո՞ւմ ես, այդ պատճառով էլ ես գլուխս չեմ գովի, ես բարեհոգի և ուրախ մարդ եմ, իսկ երբ բնակարանապետ էի, Ֆլինտի ծեր ծովահեններն ինձ ոչխարների պես լսում էին։ Օ-հո֊հո-հո՜, ի՞նչ կարգապահություն կար ծերունի Ջոնի նավում։
— Ճշմարիտ եմ ասում ձեզ,— խոստովանեց նավաստին,— մինչև այս խոսակցությունը, Ջոն, ձեր գործն ինձ դուր չէր գալիս, իսկ այժմ, ահա իմ ձեռքը, ես համաձայն եմ։
— Դու քաջ և խելոք տղա ես,– պատասխանեց Սիլվերը և այնպես ուժեղ սեղմեց նավաստու ձեռքը, որ իմ տակառը տատանվեց։– Դա այնպես լավ ծովահեն կդառնաս, որի նմանը ես դեռ երբեք չեմ տեսել։
Ես ակամայից վկա եղա, թե ինչպես հրապուրեցին ազնիվ նավաստուն, որ մտնի ավազակախմբի մեջ, գուցեև նավի վերջին ազնիվ նավաստուն։ Սակայն ես իսկույն կարողացա համոզվել, որ այդ նավաստին միակը չէ։ Սիլվերը կամաց շվացրեց, և տակառի մոտ էլի մեկը նստեց։
Դիկն արդեն մերն է,— ասաց Սիլվերը։
— Ես գիտեի, որ նա մերը կլինի,— լսեցի ես երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը։— Դիկը հիմար մարդկանցից չէ։
Միառժամանակ նա լուռ ծամում էր ծխախոտը, ապա թքեց և դիմեց Երկարահասակ Ջոնին․
― Ասա, Ազդր, մենք երկա՞ր պետք է նպարավաճառի նաավակի նման շուռումուռ գանք։ Երդվում եմ որոտով, որ նավապետն ինձ բոլորովին ձանձրացրել է։ Բավական է, որքան ինձ հրամաններ տվեց։ Ես ուզում եմ ապրել նավապետի սենյակում, նրանց նրբահամ կերակուրներն ու գինիներն ինձ պետք են։
― Իզրայել,— ասաց Սիլվերը,— քո գլուխը շատ էժան արժե, որովհետև նրա մեջ երբեք ուղեղ չի եղել։ Բայց լսել կարող ես, ականջներդ երկար են։ Ուրեմն լսիր. դու առաջվա նման պետք է քնես նավաստիների սենյակում, դու պետք է ուտես կոպիտ կերակուր, դու պետք է լինես հնազանդ, պետք է լինես քաղաքավարի և ոչ մի կաթիլ գինի չես խմի մինչև ես քեզ անհրաժեշտ խոսք չեմ ասի։ Ամեն բանում դու հույսդ ինձ վրա դիր, որդիս։
— Մի՞թե ես հրաժարվում եմ,— մռմռաց, երկրորդ ավագ նավաստին։— Ես միայն հարցնում եմ, ե՞րբ։
— Ե՞րբ,— գոռաց Սիլվերը։– Լա՛վ, ես կասեմ քեզ, թե երբ։ Որքան կարելի է ուշ, ահա թե երբ։ Նավապետ Սմոլետն առաջնակարգ ծովագնաց է, մեր շահի համար է նավը վարում։ Կալվածատերն ու բժիշկը մի քարտեզ ունեն, բայց ես գիտե՞մ արդյոք, թե որտեղ են թաքցնում այդ քարտեզը։ Դու էլ չգիտես։ Թող կալվածատերն ու բժիշկը գանձը գտնեն և օգնեն մեզ, որ նավը բարձենք։ Այն ժամանակ, մենք կտեսնենք։ Եթե ես վստահեի այդպիսի հոլանդական ցեղի, որպիսին դուք եք, ապա հնարավորություն կտայի նավապետ Սմոլետին մեզ ետ դարձնել մինչև ճանապարհի կեսը։
— Մենք ինքներս էլ վատ ծովագնացներ չենք,— առարկեց Դիկը։
— Ուզում ես ասել վատ նավաստիներ չենք,— ուղղեց Սիլվերը։— Մենք կարողանում ենք ղեկը վարել։ Իսկ ուղղությունն ո՞վ կհաշվի։ Այդ բանին ոչ ոք ձեզանից ընդունակ չէ, պարոններ։ Եթե իմ կամքը լինի, ապա ես թույլ կտայի նավապետ Սմոլետին վերադարձին հասցնել մեզ գոնե մինչև պասսատները։ Այն ժամանակ գոնե կիմանայի, որ ուղիղ ճանապարհով եմ գնում և որ ստիպված չենք լինի յուրաքանչյուրին օրական մի գդալ անուշ ջուր տալ։ Բայց ես գիտեմ, թե դուք ինչ ժողովուրդ եք։ Ստիպված կլինենք նրանց դատաստանն անել կղզու վրա, հենց որ գանձը կտեղափոխեն այստեղ, նավը։ Բայց շատ ափսո՜ս։ Իսկ դուք գիտեք միայն ագահությամբ հարձակվել խմիչքի վրա։ Ճշմարիտն ասած, իմ սիրտը ցավում է, երբ մտածում եմ, որ պետք է վերադառնամ ձեզ նման մարդկանց հետ։
— Կամաց, Երկարահասակ,— գոչեց Իզրայելը։— Չէ՞ որ քեզ հետ ոչ ոք չի վիճում։
— Մի՞թե ես մեծ նավեր քիչ եմ տեսել, որոնք իզուր խորտակվել են։ Մի՞թե ես քիչ եմ տեսել այնպիսի քաջեր, որոնց կախել են արևի տակ չորանալու,— բացականչեց Սիլվերը։— Իսկ ինչո՞ւ։ Նրա համար, որ շտապել են, շտապել են։ Լսեցեք ինձ. ես ճանապարհորդել եմ ծովի վրա և իմ կյանքում շատ բաներ եմ տեսել։ Եթե դուք կարողանայիք նավ վարել և կռվել քամիների դեմ, դուք բոլորդ վաղուց կառքով ման կգայիք։ Բայց ի՞նչ։ Ես ճանաչում եմ ձեզ։ Ռոմ եք լակում և կախաղան բարձրանում։
— Բոլորին հայտնի է, Ջոն, որ դու հռչակավոր ճոռոմախոս ես,— առարկեց Իզրայելը։— Բայց եղել են և ուրիշները, որոնք նավ վարելը քեզնից պակաս չեն իմացել։ Բայց նրանք իրենց հրամանատար չեն ձևացրել, իրենք քեֆ են արել, ուրիշներին էլ չեն խանգարել։
— Այո՛,— ասաց Սիլվերը։— Իսկ ո՞ւր են այժմ նրանք։ Այդպիսին էր Պյուն, որ մեռավ չքավորության մեջ, ողորմություն խնդրելով։ Ֆլինտն էլ այդպիսին էր, որ մեռավ ռոմից՝ Սավանայում։ Այո՛, դրանք հաճելի մարդիկ էին, ուրախ․․․ Միայն թե ո՞ւր են այժմ նրանք, ահա հարց․․․
— Ի՞նչ կանենք ''նրանց'',— հարցրեց Դիկը,— երբ ''նրանք'' մեր ձեռքն ընկնեն։
— Այ, այս մարդն իմ ճաշակի մարդ է,— հիացմունքով բացականչեց խոհարարը։— Դատարկ բաների մասին չի խոսում, գործի մասին է խոսում։ Քո կարծիքով ի՞նչ պիտի անել նրանց։ Իջեցնել որևէ անմարդաբնակ ծովա՞փ։ Այդպես կվարվեր Ինգլենդը։ Կամ մորթել ինչպես խոզերի՞։ Այդպես կվարվեր Ֆլինտը կամ Բիլի Բոնսը։
— Այո՛, Բիլին այդպիսի վարվելաձև ուներ,— ասաց Իզրայելը։— «Մեռելները չեն կծում»,— ասում էր նա։ Այժմ նա մեռած է և իր ասացվածքը կարող է փորձով ստուգել։ Այո՛, Բիլին այդ գործում վարպետ էր։
— Ճշմարիտ է,— ասաց Սիլվերը։— Բիլին այդ գործերում կտրիճ էր։ Ոչ ոքի չէր խնայում։ Իսկ ես բարեհոգի ջենտլմեն եմ։ Սակայն տեսնում եմ, որ գործը լուրջ է։ Պարտքն ամենից առաջ, տղերք։ Եվ ես ձայն եմ տալիս՝ սպանել։ Ես երբեք չեմ ցանկանում, որ ինձ վրա, երբ ես պառլամենտի անդամ կդառնամ և ոսկեզօծ կառքով ման կգամ, ընկնի, ինչպես սատանան վարդապետի վրա, այդ բարակաոտներից մեկը։ Հարկավոր է սպասել մինչև պտուղը հասնի։ Իսկ երբ նա հասնի, հարկավոր է քաղել։
― Ջոն,— բացականչեց ավագ նավաստին,— դու հերոս ես, աստված վկա։
― Այդ բանում դու կհամոզվես գործի մեջ, Իզրայել,– ասաց Սիլվերը։— Ես միայն մի՛ բան եմ պահանջում՝ զիջեցեք ինձ կալվածատեր Տրելոնուն։ Ես ուզում եմ իմ սեփական ձեռքերով կտրել նրա հորթի գլուխը․․․ Դի՛կ,— ավելացրեց նա հանկարծ։— Բարի եղիր, թռիր տակառի մեջ և ինձ համար մի խնձոր հանիր, կարծես թե կոկորդս չորանում է։
Կարող եք երևակայել իմ սարսափը։ Ես դուրս կցատկեի և կսկսեի վազել, եթե ուժերս ներեին, բայց սիրտս, ոտներս, ձեռներս միանգամից ինձ ծառայելուց հրաժարվեցին։ Դիկն արդեն ոտի էր ելել, երբ հանկարծ նրան կանգնեցրեց Գենդսի ձայնը․
— Ինչո՞ւ ես ուզում փտած խնձորը ծծել, Ջոն։ Ավելի լավ է ռոմ տուր մեզ։
― Դի՛կ,― ասաց Սիլվերը,— ես վստահում եմ քեզ։ Այստեղ, իմ սենյակում մի տակառ եմ թաքցրել։ Ահա բանալին։ Մի կում, լցրու և բեր։
Չնայելով սարսափելի երկյուղին, ես, այնուամենայնիվ, այդ րոպեին մտածեցի, «Ահա թե պարոն Էրոուն որտեղից էր ռոմ ճարում»։
Հենց որ Դիկը հեռացավ, Իզրայելն ինչ֊որ մի բան շշնջաց խոհարարի ականջին։ Ես միայն երկու-երեք խոսք լսեցի, բայց այդ էլ բավական էր։
― Մնացածներից ոչ ոք չի համաձայնում,— շշնջաց Իզրայելը։
Ուրեմն նավի վրա դեռևս մեզ հավատարիմ մարդիկ կան։
Երբ Դիկը վերադարձավ, երեքն էլ հերթով կուժը վերցրին և խմեցին, մեկը «բախտի կենացը», մյուսը՝ «ծերունի Ֆլինտի կենացը, իսկ Սիլվերը մինչև անգամ երգեց.
::Շահավետ քամու կենացը խմենք,<br/>
::Բոլորս հարուստ և ուրախ լինենք։<br/>
Տակառի ներսը լուսավորվեց։ Վերև նայեցի և տեսա, որ լուսինը բարձրացել և արծաթաջրել է կայմը ու ծածանվող դրոշակը։ Այդ իսկ րոպեին հերթապահը ձայն տվեց․
— Ցամաք։
==Գլուխ XII։ Ռազմական խորհուրդ==