Changes
==Գլուխ XIV։ Առաջին հարվածը==
Գոհ, որ ազատվեցի Երկարահասակ Ջոնից, ես ուրախացա և սկսեցի հետաքրքրությամբ դիտել անծանոթ վայրը։
Սկզբում ես ընկա ճահճի մեջ, որտեղ բուսել էին ուռիներ, եղեգն և ինչ-որ ինձ անծանոթ տեսակի ծառեր։ Հետո դուրս եկա բաց ավազոտ մի հարթություն, որը մեկ մղոնի չափ երկարություն ուներ, որտեղ աճում էին քիչ թվով սոճիներ և ոլորված ինչ-որ ծուռումուռ ծառեր, կաղնու նման, սակայն բաց գույնի տերևներով, ինչպես ուռենին։ Հեռվից երևում էր մի երկգագաթ սար, որի զույգ տարօրինակ ժայռոտ կատարներն արևի տակ փայլում էին։
Առաջին անգամ ես զգացի անհայտ երկրներ հետազոտողների ուրախությունը։ Կղզին անմարդաբնակ էր։ Այն մարդիկ, որոնք եկել էին ինձ հետ, մնացել էին հեռվում, ետևում և ոչ ոքի չէի կարող հանդիպել, բացի վայրի գազաններից ու թռչուններից։ Ես զգուշությամբ անցնում էի ծառերի միջով։ Այստեղ, այնտեղ տեսնում էի անծանոթ բույսեր ու ծաղիկներ, այստեղ, այնտեղ հանդիպում էի օձերի։ Նրանցից մեկը նստել էր ժայռի ճեղքում։ Օձը գլուխը բարձրացրեց և տարօրինակ, պտտվող հոլի ձայնով ճչաց։ Իսկ ես պատկերացում էլ չունեի, որ դա հռչակավոր բոժոժավոր օձն է, որի խայթոցը մահ է պատճառում։
Վերջապես մտա կաղնու նման ծառերի մի խիտ անտառ։ Հետագայում իմացա, որ դրանք մշտադալար կաղնի են կոչվում։ Նրանք աճում էին ավազի մեջ, շատ ցածր, ինչպես տատասկենու թփերը։ Նրանց հանգուցավոր ճյուղերը հրաշալի կերպով ծռված էին, տերևները խիտ էին, ինչպես հարդե տանիք։ Այդ ծառերի թփուտներն ավելի ու ավելի բարձրանալով, ավազոտ զառիվայրից իջնում, էին լայն, եղեգն աճած ճահճի մեջ, որի միջով անցնում էր նեղուցը թափվող գետակներից մեկը։ Ճահճից գոլորշի էր բարձրանում և հեռադիտակի ուրվագծերը դողդողում էին տոթ մառախուղի մեջ։
Հանկարծ եղեգնը խշշաց։ Կռնչալով թռավ մի վայրի բադ, նրա ետևից մի ուրիշը և շուտով ճահճի վրա թռչունների մի ահագին ամպ կախվեց, որն աղաղակելով պտտվում էր օդում։ Ես իսկույն գլխի ընկա, որ մեր նավաստիներից որևէ մեկը ճահճի մոտ է գալիս։ Եվ չսխալվեցի։ Շուտով լսեցի մի հեռավոր ձայն, որը մոտենալով, ավելի բարձրանում էր։
Ես սաստիկ վախեցա, ծլկեցի մոտակա մշտադալար կաղնիների անտառը և մկան պես թաքնվեցի։
Մի ուրիշ ձայն չպատասխանեց։ Հետո կրկին խոսեց առաջին ձայնը և ես այդ ձայնը ճանաչեցի՝ Սիլվերի ձայնն էր։ Նա ինչ-որ բանի մասին անդադար խոսում էր։ Նրա ուղեկիցը պատասխանում էր կտրուկ կերպով։ Ձայներից դատելով, նրանք խոսում էին տաք-տաք, համարյա թե թշնամաբար, սակայն խոսքերը ջոկել չկարողացա։
Վերջապես նրանք լռեցին և, երևի, նստեցին, որովհետև թռչունները հետզհետե հանգստացան և ճահիճն իջան։
Եվ ես զգացի, որ շեղվում եմ իմ պարտականություններից։ Եթե ես այնքան հիմար եմ, որ ափ դուրս եկա ծովահենների հետ, պետք է, առնվազն, լսել, թե ինչի մասին են նրանք՝ խոսում։ Իմ պարտականությունը հրամայում էր ինձ ծածուկ մոտենալ նրանց, որքան կարելի է մոտիկ, և թաքնվել հանգուցավոր թփերի խիտ տերևների մեջ։ Ես կարող էի ճշտությամբ որոշել այն տեղը, որտեղ նստած են երկու նավաստիները՝ մի քանի թռչունների ձայներից և հուզմունքից, որոնք դեռևս պտտվում էին նրանց գլխին։
Դանդաղ, բայց համառ կերպով ոտքերիս ու ձեռքերիս վրա առաջ սողացի։ Վերջապես գլուխս բարձրացնելով և նայելով տերևների լուսանցիկ արանքից, ես տեսա կանաչ հովտի վրա, ճահճի մոտ, ծառերի տակ, Ջոն Սիլվերին և էլի մի նավաստու։ Նրանք իրար դեմ կանգնած խոսում էին։
Երկուսին էլ արևը վառում էր։ Սիլվերը գլխարկը շպրտեց գետնին և նրա մեծ, ուռած, սպիտակ, փայլող քրտինքով պատած դեմքը դարձված էր դեպի խոսակիցը։
— Բարեկամս,— ասում էր նա,— դու ինձ համար իսկական ոսկի ես։ Մի՞թե դու կարծում ես, որ ես կանհանգստանայի քո համար։ եթե ամբողջ սրտով չսիրեի քեզ։ Ամեն բան արված է, ոչինչ չես կարող փոխել։ Ես ուզում եմ քե՛զ մահից ազատել, ահա թե ինչու ես քեզ հետ եմ։ Եթե մեր նավաստիներն իմանային, թե ինչի մասին եմ քեզ հետ խոսում, Թոմ, մտածիր, թե ինչ կանեին ինձ։
— Սիլվեր,— պատասխանեց ծովագնացը, և ես նկատեցի, որ նրա երեսը կարմրել է և խռպոտ, կռկռան ձայնը ձգված պարանի պես դողդողում է,— Սիլվեր, դու արդեն երիտասարդ չես և կարծես թե խիղճ ունես։ Համենայն դեպս, ոչ ոք քեզ սրիկա չի համարում։ Դու փող ունես․․․ Շատ փող․․․ Ավելի, քան ուրիշ ծովագնացները։ Միևնույն ժամանակ դու վախկոտ չես։ Խնդրեմ, բացատրիր ինձ, թե ինչո՞ւ ես գլուխ դնում այդ անարգ առնետների հետ։ Ո՛չ, դու նրանց հետ համամիտ չես կարող լինել։ Ես ավելի շուտ կթողնեմ, որ գլուխս կտրեն, բայց իմ պարտականությանը չեմ դավաճանի։
Հանկարծակի աղմուկն ընդհատեց նրան։ Վերջապես ես գտա մի ազնիվ ծովագնաց և միևնույն ժամանակ տեղեկություն լսեցի մի ուրիշ ազնիվ ծովագնացի մասին։ Հեռվից, ճահճի ետևից տարածվեց մի սուր զայրույթի աղմուկ, հետո երկրորդը և հետո սիրտ կտրատող հեծեծանք։ Հեռադիտակի ժայռերի արձագանքը մի քանի անգամ կրկնվեց։ Ճահճային թռչունների բանակը կրկին վեր բարձրացավ և երկնքի առաջը փակեց։ Դեռ երկար ժամանակ, մահվանից առաջ արձակած այդ հեծեծանքը հնչում էր իմ ականջին, թեև շուրջս կրկին լռություն տիրեց, որը խախտվում էր միայն իջնող թռչունների երամների թևերի թափահարումով և հեռավոր մակընթացության թնդյունով։
Թոմը խթանված ձիու պես ցնցվեց։ Իսկ Սիլվերը մինչև անգամ աչքն էլ չթարթեց։ Նա կանգնած էր՝ հենված հենակին և նայում էր իր խոսակցին, ինչպես խայթելու պատրաստված օձ։
— Ջոն,— ասաց ծովայինը, պարզելով նրան ձեռքը։
― Ձեռքդ հեռո՛ւ։— գոռաց Սիլվերը, լարախաղացի ճարպկությամբ ու արագությամբ մի քայլ ետ թռչելով։
— Լավ, Ջոն Սիլվեր, ձեռքս ետ կքաշեմ,— ասաց ծովայինը։— Բայց, ճշմարիտ եմ ասում, որ քո անմաքուր խիղճն է միայն ստիպում քեզ, որ վախենաս ինձանից։ Աղաչում եմ, բացատրիր ինձ, թե ի՞նչ է պատահել այնտեղ։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց նրան Սիլվերը, նա Ժպտաց, բայց ոչ այնքան լայն, ինչպես միշտ, և նրա աչքերը մեծ դեմքի վրա փոքրացան ինչպես ասեղների ծայրեր և ապակու կտորների նման փայլեցին։
— Ի՞նչ է պատահել։ Իմ կարծիքով դա Ալանն է։
Դժբախտ Թոմն անսահման անվեհերությամբ ասաց.
— Ալա՞նը։ Հանգիստ նրա ոսկորներին, նա մեռավ իսկական ծովայինի պես։ Իսկ դու, Ջոն Սիլվեր․․․ Մենք երկար ժամանակ ընկերներ ենք եղել, բայց այժմ էլ այդ չի լինի։ Թող ես շան նման սատկեմ, բայց պարտականությանս չեմ դավաճանի։ Դու սպանեցիր Ալանին, այնպես չէ՞։ Ուրեմն ինձ էլ սպանիր, եթե կարող ես։ Բայց գիտցի՛ր, որ ես քեզանից չեմ վախենում։
Այս խոսքերից հետո անվեհեր ծովայինը մեջքը շրջեց դեպի խոհարարը և քայլեց դեպի ափը։ Բայց նրան հեռու գնալ չհաջողվեց․ Ջոնը ճչաց, բռնեց ծառի ճյուղից, ուսի տակից հանեց իր հենակը և նետեց նրա ետևից, ինչպես նիզակ։ Անասելի ուժով ձգված հենակը շվվոցով անցավ օդով և սուր ծայրով մեխվեց նրա մեջքին, թիակների մեջտեղում։ Խեղճ Թոմը թևերը թափահարեց ու ընկավ։
Չգիտեմ՝ ծա՞նր էր արդյոք վիրավորվել։ Ձայնից դատելով նրա ողնաշարը կոտրվել էր։ Սիլվերը չթողեց, որ նա ուշքի գա։ Առանց հենակի, մի ոտով, նա կապկի ճարպկությամբ թռավ Թոմի վրա և դանակը մինչև կոթը խրեց նրա անօգնական մարմնի մեջ։ Թփերի մեջ նստած, ես լսում էի, թե ինչպես ծանր էր շնչում մարդասպանը հարվածելիս։
Ես երբեք գիտակցությունս չեմ կորցրել և չգիտեմ, թե ինչ բան է դա։ Սակայն այդ Ժամանակ ողջ աշխարհը լողաց իմ շուրջը, ինչպես մառախուղի մեջ։ Ե՛վ Սիլվերը, և՛ թռչունները, և՛ հեռադիտակի գագաթը՝ բոլորը պտտվում, տատանվում էին։ Ականջներս լցվեցին զանազան տեսակի զանգերի և ինչ֊որ հեռավոր ձայներով։
Երբ ուշքի եկա, հենակն արդեն սրիկայի կռան տակն էր, գլխարկն էլ գլխին։ Նրա առջև անշարժ ընկած էր Թոմը։ Սակայն մարդասպանը նրա վրա չէր էլ նայում։ Նա մի փունջ խոտով մաքրում էր իր արյունոտ դանակը։
Շուրջս ամեն ինչ առաջվա պես էր։ Արևն անխնա կերպով այրում էր և այս ճահիճը, որի վրայից մշուշը քուլաքուլա բարձրանում էր, և լեռան գագաթը։ Ես չէի հավատում, որ մի րոպե առաջ աչքիս առաջ մարդ սպանեցին։
Ջոնը ձեռքը գրպանը տարավ, գրպանից մի սուլիչ հանեց և մի քանի անգամ շվացրեց։ Ես, իհարկե, այդ ազդանշանի նշանակությունը չգիտեի, բայց իմ բոլոր երկյուղները միանգամից զարթնեցին։ Այստեղ մարդիկ կգան։ Ինձ կնկատեն։ Նրանք արդեն երկու ազնիվ ծովագնաց են սպանել։ Ինչո՞ւ Թոմից և Ալանից հետո ես չպետք է զոհ դառնայի։
Աշխատելով չաղմկել, ես չորեքթաթ տալով դուրս եկա թփուտից և դեպի անտառը սլացա։ Վազելիս լսեցի, թե ինչպես ծեր ծովահենը կանչում է իր ընկերներին։ Այդ ձայները կարծես ինձ թևեր տվին։ Անտառը մնաց ետևիս, ես վազեցի այնպես արագ, որ երբեք չէի վազել։ Ես սլանում էի տարբերություն չդնելով ճանապարհների մեջ, միայն թե մարդասպանից հեռու փախչեմ։ Յուրաքանչյուր քայլափոխում իմ երկյուղն ավելանում էր և վերջապես մի խենթ սարսափ դարձավ։
Դրությունս հուսահատական էր։ Թնդանոթն արձակելուց հետո մի՞թե ես կհամարձակվեի մարդկային արյունով թաթախված այդ ավազակների հետ մակույկ նստել։ Մի՞թե նրանցից որևէ մեկը, հենց որ տեսնի ինձ, չի ոլորի իմ վիզը։ Հենց միայն իմ բացակայությունը մի՞թե չէր ապացուցում, որ ես վախենում եմ նրանցից և չի՞ նշանակում, որ ամեն բան իմացել եմ։ Ամեն ինչ վերջացած է, մտածեցի ես։ Մնաս բարով, «Իսպանոլա»։ Մնաք բարով, կալվածատեր, բժիշկ, նավապետ։ Ես կյանքից կզրկվեմ կամ սովից, կամ բանդիտի դանակից։
Ես սլանում էի, չիմանալով թե ուր, և դուրս եկա երկգլուխ գագաթ ունեցող մի ցածրիկ սարի ստորոտը։ Կղզու այս մասում մշտադալար կաղնիներն այնքան էլ խիտ չէին աճում և իրենց չափով նման էին ոչ թե թփերի, այլ սովորական անտառային ծառերի։ Երբեմն նրանց վրա բարձրանում էին հիսուն և մինչև անգամ յոթանասուն ֆուտ բարձրություն ունեցող մենավոր եղևնիներ։ Օդն այստեղ թարմ էր ու մաքուր և բոլորովին այնպես չէր, ինչպես ներքևում, ճահճի մոտ։
Բայց այստեղ ինձ հետամուտ էր լինում մի ուրիշ վտանգ, և իմ սիրտը դարձյալ սարսափից մարեց։
==Գլուխ XV։ Կղզեբնակ==