Changes

Թռչուն

Ավելացվել է 17 303 բայտ, 09:52, 24 Դեկտեմբերի 2013
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Նամակ |հեղինակ = [[Մկրտիչ Արմեն]] |աղբյուր = [[«Պատվիրեցին հանձնել ձեզ»]] |թարգմա...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Նամակ
|հեղինակ = [[Մկրտիչ Արմեն]]
|աղբյուր = [[«Պատվիրեցին հանձնել ձեզ»]]
|թարգմանիչ =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]

Երկու ծեր կալանավորներ, մազակալված, կեղտոտ, նստել էին փոքրիկ խարույկի մոտ եւ տաքանում էին։ Նրանք թաթմանները դրել էին մի կողմ եւ ծերությունից ու կիսաքաղց կյանքից նիհարած իրենց մատները չռել էին դեպի կրակը, կարծես կատարում էին կրակապաշտ քուրմերի ինչ֊որ արարողություն։

Իսկ մեջքերի կողմից նրանց կաշկանդել էր հյուսիսային ձմեռվա սառնամանիքը։

Շուրջը, ամեն տեղ, ծառ էին սղոցում բրիգադի մյուս անդամները՝ բոլորը քաղաքական կալանավորներ։ Մերթ այս կողմից, մերթ այն, հանկարծ լսվում էր ճռնչյուն, փշատերեւների խշշոց եւ ընկնող ծառի թրմփոցը։ Իսկույն վրա էին հասնում բրիգադի ամենաթուլակազմ անդամները, որոնք այլեւս ուժ չունեին ծառեր տապալել, եւ թեթեւ կացիններով կտրատում էին ընկածի ճյուղերը, կրում դեպի արձակ տարածություն, վառում։ Ամեն անգամ, երբ ճյուղերի մի նոր խուրձ էին թափում կրակի վրա, թարմ փշատերեւները, վառվելուց առաջ, ճարճատում էին տասնյակ հազարավոր փոքրիկ ճայթյուններով։

— Աղիքներս գալարվում են,— ասաց ծերունիներից մեկը՝ ունկնդրելով այդ հնչյուններին։— Ճիշտ եւ ճիշտ այդպիսի ճարճատյուն էր լսվում, երբ տաքացրած յուղի մեջ գցում էիր խմորե բլիթը՝ տապակելու համար…

— Այո…— համաձայնվեց մյուս ծերունին՝ հառաչելով։

Հարազատ զավակն անգամ չէր ճանաչի, որ բամբակած գլխարկների ականջակալները ծնոտի տակ կապած, բամբակաբաճկոններ, բամբակաշալվարներ հագած եւ ոտքերին բայբակ֊գուլպաներ ու կեղեւատրեխներ ունեցող այդ երկու ծերունիներից մեկը Մոսկվայի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Կուդրյավցեւն էր, մասնագիտությամբ պատմաբան, իսկ մյուսը՝ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, օրնիտոլոգ, այսինքն՝ թռչնագետ Ռուդնիցկին։

Պրոֆեսորը բուշլատի գրպանից հանեց առավոտյան ստացած իր հացի մնացորդը, դրեց բերանը եւ սկսեց ծամել։

— Լավ չեք անում, Եվգենի Վարֆոլոմեիչ,— գլուխն օրորեց օրնիտոլոգը։— Ամբողջ փայը հարկավոր է ուտել առավոտյան, միանգամից, որ բավականություն ստանաք։

— Բավականության մասին եք մտածում…— նույնպես գլուխն օրորեց պրոֆեսոր Կուդրյավցեւը։— Հարկավոր է ամբողջ օրվա ընթացքում յուղ լցնել մեր հանգչող օրգանիզմի ճրագի վրա։

— Հացի քանակը դրանից չի փոխվում։ Եվգենի Վարֆոլոմեիչ։

— Օրնիտոլոգ եք եւ այդպիսի բաներ եք ասում, Ալեքսեյ Ելիզարովիչ։ Մի՞թե տարբերություն չկա, երբ միանգամից ես ընդունում սնունդը եւ երբ, ընդհակառակը…

Նրանց խոսակցությունն ընդհատվեց։ Արագ մոտեցավ բրիգադիրը՝ բանդիտիզմի համար ձերբակալված հանցագործ, բարձրահասակ, հաղթանդամ, ձեռքերը ֆրենչի գրպանները դրած։

— Ապա, ծերուկներ, ծերուկներ,— առանց բարկության, հովանավորաբար, շտապեցրեց նա,— վեր կացեք։ Աշխատել է հարկավոր կամաց֊կամաց…

Եվ, քանիերորդ անգամը լինելով, կրկնեց բոլոր ճամբարներում շատ գործածվելուց զահլա տարած եւ ապուշության աստիճանի հասած իմաստությունը․

— Մեծ պայոքը գտնվում է ա՜յ այն վերջին ծառի գագաթին։ Պիտի կտրեք, որ իջեցնեք…

Եվ շարունակեց քայլել դեպի մյուս աշխատողները՝ մի տեղում կրկնելով հովանավորող խոսքերը, մի այլ տեղում բարկացած հայհոյելով մարդկանց՝ իր բանդիտային կոկորդով։

Ծերունիները դանդաղ վեր կացան, թախիծով մի վերջին հայացք նետեցին դեպի խարույկը, հագան թաթմանները եւ վերցնելով սղոցն ու կացինները, գնացին։

— Բանդիտն իրավացի է,— հառաչեց օրնիտոլոգը։— Չպետք է նստել խարույկի մոտ։ Դրանից հետո ցուրտն ավելի է զգալի դառնում։

— Բանդիտները միշտ իրավացի են,— հաստատեց պատմաբանը։

Բոլոր մյուս ծառ կտրողներն աշխատում էին աղեղնավոր սղոցներով՝ փայտե շրջանակի մեջ ամրացված ատամնավոր պողպատի նեղ ժապավեններով, որոնք միայնակ սղոցելու համար էին։ Բայց ծերունիներն ուժ չունեին միայնակ սղոցելու, ուստի եւ նրանց տվել էին անդրջրհեղեղյան լայնաշերտ սղոց՝ երկու կոթերով։ Պպզում, չոքում կամ նստում ես ծառի երկու կողմերում, եւ դանդաղ, ծերունավարի, սկսում․— խըզ՝ դեպի ինձ, խըզ՝ դեպի քեզ…

Իհարկե, այդպիսով երբեք չես հասնի վերջին ծառին, որի գագաթին թառել է «մեծ պայոքը»։ Հազիվ դուրս կգաս տուգանային քսանհինգ տոկոսից, որի համար հասնում է ընդամենը երեք հարյուր գրամ հաց եւ մեկուսարանում գիշերելու պատիժ, եւ հազիվ կկատարես երեսուն տոկոս, որի համար հասնում է նույն երեք հարյուր գրամը, բայց առանց մեկուսարանի։

Պատմաբանը, որը համարվում էր օրնիտոլոգից ավելի ուժեղ, կացնի մի քանի մանրիկ, ծերունու գավազանի ձայներ հանող հարվածներով քերծեց ծառի կողը, որպեսզի այդ կողմի վրա ընկնելիս ծառը կոտրվեր եւ կպած չմնար կեղեւով ու ենթակեղեւով։

Սղոցը հակառակ կողմից մոտեցնելով ծառին, նրանք սկսեցին․ խըզ՝ դեպի ինձ, խըզ՝ դեպի քեզ…

Այն տասը֊տասնհինգ րոպեում, ինչ նրանք սղոցում էին, շուրջը, մյուս ծառահատներից յուրաքանչյուրը, արդեն տապալել էր մի քանի ծառ, կտրատել համապատասխան երկարությամբ գերանների։

Բայց, վերջապես, հասավ նաեւ ծերունիների հերթը։ Կռնչալով վեր կենալով ձյան վրայից, նրանք իրենց վտիտ ուսերը դեմ արեցին ծառին՝ տապալելու համար։

— Ժամանակին փախեք հեռու, պրոֆեսոր,— նախազգուշացրեց օրնիտոլոգ Ռուդնիցկին։— Անցյալ անգամ քիչ մնաց ծառի կոթը խփվեր ձեզ…

— Լինում է, որ ծառն ընկնում է հակառակ ուղղությամբ, ուղղակի կտրողների վրա։ Այ, դրանից էլ պետք է զգուշանալ, Ալեքսեյ Ելիզարովիչ։ Տասնմեկերորդ ճամբարում եղածս ժամանակ ինձ հետ աշխատողը, քառասուն տարեկան առողջ տղամարդ, աշխաբադցի ռուս ինժեներ, դրանից մահացավ։ Իսկ ես մնացի… Մեկ, երկու, հրում ենք…

— Մեկ, երկու, հրում ենք…— կրկնեց պատմաբանը։

Ծառը, որ մի կարգին ծառ էլ չէր, այլ միջակ հաստության մի «ճիպոտ»՝ ինչպես ընդնունված էր անվանել ճամբարներում, տապալվեց բավական հեշտ։ Բայց դրա առաջացրած ճռինչն ավելի մեծ էր, քան լինում էր սովորաբար։

Սկզբում ծերունիները չհասկացան, թե ինչումն էր բանը։ Բայց հետո նկատեցին։ Տապալվելիս ծարը խփվել էր մի ուրիշ, չորացած ծառի, եւ տարել իր հետ։

Ծերունիները տոտիկ֊տոտիկ մոտ վազեցին այդ երկրորդ ծառին՝ տեսնելու համար, թե չէ՞ր կարելի արդյոք դա եւս կտրատել եւ մտցնել իրենց նորմայի մեջ։ Ավաղ, ծառը կեղեւազուրկ էր եւ փտած, ընկնելիս փշրվել էր ու վերածվել անկանոն կիսախողովակների։

— Իսկ ա՞յդ ինչ բան է,— լարվեց օրնիտոլոգը։

Ձյան սպիտակության վրա, չոր ծառի գագաթի մոտ, ընկած էր մի սեւ առարկա։

— Մեծ պայոքն է,— ծաղրեց պատմաբանը։

Նրանք տոտիկ֊կոտիկ մոտ վազեցին սեւ առարկային։ Թռչուն էր, ծառերի իրար խփվելուց սպանված, վար ընկած։

Օրնիտոլոգը կռացավ, վերցրեց եւ արձակեց զարմանքի մի կարճ բացականչություն։

— Աստված իմ, մի՞թե սրանք հանդիպում են այս կողմերում…

Նա տվեց թռչունի լատիներեն անունը։

Թռչունը, որ բոլորովին էլ սպանված չէր, այլ միայն շշմած, ուշքի եկավ եւ սկսեց թպրտալ Ռուդնիցկու ձեռքերում։ Բայց օրնիտոլոգը պահել էր նրան, նայում էր եւ չէր կարողանում հավատալ։

— Դուք չգիտեք, թե ինչպիսի գիտական հետաքրքրություն է ներկայացնում այս փաստը,— դիմեց նա, վերջապես, պատմաբանին։— Չվող թռչուններ են, տարվա մեծ մասն անցկացնում են Արեւմտյան Եվրոպայում եւ Ասիայի մի քանի վայրերում, իսկ ձմեռը չվում են ավելի տաք երկրներ։ Եվ հանկարծ, այստեղ, այս սառնամանիքին…

— Գուցե աքսորված լրտես է,— ենթադրություն արեց պատմաբանը։

— Ծիծաղում եք, Եվգենի Վարֆոլոմեիչ, սիկ իմ ձեռքերը դողում են հուզմունքից։ Ձեզ մ՞ոտ է քիմիական մատիտի կտորը։

— Այո, ի՞նչ կա որ։

— Եվ թո՞ւղթը, որի վրա ուզում եք նամակ գրել տուն։

— Այո, եւ թուղթը։

— Տվեք այստեղ, խնդրում եմ ձեզ։ Բայց ոչ, ինքներդ գրեցեք, իսկ ես կպահեմ թռչունը։ Մենք թուղթը կկապենք նրա ոտքին։ Դա կոչվում է օղակավորում, ես ձեզ պատմել եմ։ Կբռնեն կամ կխփեն սրան մի այլ վայրում, թուղթը կուղարկեն գիտական հաստատության հասցեով, եւ կպարզվի այս թռչունների միգրացիայի այս անծանոթ եւ տարօրինակ ուղին։

Թվում էր, թե պատմաբանը չէր լսում նրան։ Մազակալված դեմքը դեպի թխպոտ երկինքը հառած, նա մտածում էր, ապա բացականչեց․

— Ինչպիսի՜ առիթ… Ինչպիսի՜ առիթ…

Հուզմունքից ու տարիքից դողդողացող ձեռքերով նա ծոցագրպանից հանեց մատիտի կտորն ու թուղթը։

— Թքեցեք օրնիտոլոգիայի վրա, Ալեքսեյ Ելիզարովիչ։ Մենք ուրիշ բան կգրենք այստեղ․ «Մենք անմեղ ենք, չհավատաք ոչ ոքի։ Ակադեմիկով Ռուդնիցկի եւ պրոֆեսոր Կուդրյավցեւ»։

— Չհամարձակվեք այդպիսի բան անել,— սաստեց օրնիտոլոգը։— Գիտությունը քաղաքականության համար չէ։ Ի՞նչ բարոյական իրավունք ունենք մեր անմեղությունը կապել թռչունի ոտքին…

— Իսկ եւ իսկ ինչպես պիեսներում նկարագրում են ապոլիտիկ մասնագետներին,— արհամարհանքով օրնիտոլոգին ոտից գլուխ չափեց պատմաբանը։— Գիտության համար զրկվեցիք պատվից, անունից, ընտանիքից, ազատությունից։ Մի՞թե մինչեւ ձեր կոկորդը լիքը չեք օրնիտոլոգիայով։ Կմեռնենք այստեղ եւ բոլորը կմնան այն կարծիքին, թե իրոք, դուք թռչունների միջոցով ռազմական գաղտնիքներ եք հաղորդել ֆաշիստներին, իսկ ես նրա համար եմ Մեծ անվանել Պետրոս առաջինին, ո՛ր նսեմացնեմ մեր առաջնորդին։ Համաձայնվեցեք, որ գրենք եւ ուղարկենք մեր նամակը…

— Ո՞ւմ ուղարկենք, Եվգենի Վարֆոլոմեիչ, ո՞ւմ։ Այդ է խնդիրը եւ ոչ թե իմ ապոլիտիկ լինելը։ Եթե մեր երկրումն էլ չկա արդարություն, մի՞թե դա պիտի փնտրենք դեղին դեւի երկրներում…

— Դուք իրավացի եք…— տնքոցով, իսկույն համաձայնվեց պատմաբանը։— Իրավացի եք, այո։ Բայց ես նկատի ունեի այն, որ աշխարհում ամեն տեղ լավ մարդիկ տասնապատիկ ավելի շատ են, քան վատերը։ Շանսերն ավելի շատ են, որ մեր նամակը կընկնի բարեկամների ձեռքը։

— Շանսերն այնսպիսիք են,— մազակալված շրթունքներով քմծիծաղեց Ռուդնիցկին,— որ Արեւմտյան Եվրոպայի ամբողջ մամուլը կթմբկահարի այդ դեպքը եւ այս անգամ մեզ կգնդակահարեն իրոք որպես հայրենիքի դավաճաններ։

— Մենք չենք ստորագրի,— զիջումի գնաց Կուդրյավցեւը։— Կգրենք միայն այսքանը․ «Հազարավոր եւ տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ են տառապում այստեղ։ Չհավատաք մեր հանցանքին»։

— Նորից եմ հարցնում՝ ո՞ւմ գրենք…

Պատմաբանը լուռ մնաց։ Օգտվելով նրա տատանման պահից, օրնիտոլոգը նորից պնդեց իրենը․

— Եկեք գրենք միայն այսքանը, որ այս թռչունը բռնված է եղել այստեղ։ Մի մերժեք։ Գուցե դա իմ վերջին ծառայությունը կլինի գիտությանը…

Երկուսն էլ մտասուզվեցին մի պահ։

— Ապա, ծերուկներ, ծերուկներ,— հանկարծ նորից հնդեց բանդիտի ձայնը։— Դուք էլի՞ նստեցիք։ Երկրին փայտ է հարկավոր։ Իսկ ա՞յս ինչ բան է… Թռչուն,— բացականչեց նա՝ խիստ ուրախացած։— Ապա, տուր այստեղ…

Խլելով թռչունը, նա ոլորեց նար վիզը, պոկեց, ուրախությունից տենդահար մատներով արագ֊արագ փետրահանեց նրան, ցուցամատով փորը պատռելով դուրս թափեց փորոտիքը, եւ խորովելով թռչունը մոտակա խարույկի վրա, կերավ։