Changes
/* Առաջին գլուխ */
― Գնամ,― մրմնջաց Ռալֆը,― հրեն, շորերս։
Դաժան արևին դիմանալով, նա վազեց֊անցավ գրանիտե հարթակով և հավաքեց իր ցիրուցան հագուստը։ Գորշ շապիկը նորից հագնելը զարմանալիորեն հաճելի էր։ Ապա կրկին մագլցեց հարթակն ու ստվերի տակ նստեց մի հարմարբնի վրա։ Խոզուկը, իր ամբողջ ունեցվածքը թևի տակ ծալած, նույնպես վեր բարձրացավ։ Նա զգուշորեն նստեց ծովախորշին նայող փոքր ժայռաբեկորի կողքին տապալված բներից մեկին։ Ջրի խճճված շողքերը սկսեցին խաղալ նրա դեմքին։ Քիչ անց նա խոսեց։ ― Մենք անպայման պիտի մյուսներին գտնենք։ Պիտի մի բան անենք։ Ռալֆը չպատասխանեց։ Ահա մարջանի մի կղզի։ Արևից պատսպարված, անտեսելով Խոզուկի մռայլ գուշակությունները, նա քաղցր երազում էր։ Խոզուկը հանգիստ չէր թողնում։ ― Ի՞նչ գիտես, թե մենք քանի հոգի ենք։ Ռալֆը մոտեցավ ու կանգնեց Խոզուկի կողքին։ ― Չգիտեմ։ Տեղ֊տեղ զեփյուռը կնճռոտում էր շոգի մուժի տակ ձգված ջրի հայելին, արմավների սաղարթները սկսում էին խշխշալ, ու լույսի աղոտ բծերը սահում էին նրանց մարմնով կամ պայծառ թիթեռնիկների պես թպրտում ստվերում։ Խոզուկը նայեց Ռալֆին, նրա դեմքի ստվերները շրջվել էին՝ վերևից կանաչ էին, ներքևում, ջրի արտացոլումից՝ լուսավոր։ Արևի շողքը խճճվել էր մազերի մեջ։ ― Մենք պետք է մի բան անենք։ Ռալֆը նայում էր նրան, բայց չէր տեսնում։ Վերջապես իր երազած, բայց երբեք լիվոին չիրականացած, վայրը հանկարծ մարմնավորվում էր, կյանք առնում։ Ռալֆը գոհունակությամբ ժպտաց։ Խոզուկը, ընկալելով դա որպես խրախուսանք, հաճույքից ծիծաղեց։ ― Եթե սա իսկապես կղզի է․․․ ― Է՞ս ինչ էր։ Ռալֆն այլևս չէր ծիծաղում և մատը տնկել էր ջրի կողմը։ Փարթամ ջրիմուռների գրկումկաթնագույն մի բան էր ընկած։ ― Քար կլինի։ ― Չէ՝ խեցի։ Խոզուկը հանկարծ խանդավառվեց։ ― Ճիշտ որ, խեցի է։ Ես մեկի տանը դրանից տեսել եմ, բայց նա դրան փող էր ասում։ Հենց որ փչում էր, մայրը դուրս էր գալիս։ Գիտե՞ս, ինչ թանկանոց բան է․․․ Ռալֆի կողքին արմավի մի ծիլ թեքվել էր ջրի վրա։ Սակավ հողը հազիվ էր դիմանում նրա քաշին, ու այն վաղ թե ուշ պիտի ընկներ։ Ռալֆն այդ ծիլը դուրս քաշեց ու մտցրեց ջուրը, ցիրուցան անելով պսպղուն ձկնիկներին։ Խոզուկը վտանգավոր կերպով թեքվեց ցած։ ― Կամաց, կջարդես։ ― Ձենդ կտրի։ Ռալֆը ցրված էր։ Խեցին սիրուն էր ու հետաքրքիր՝ լավ խաղալիք, բայց գերող անուրջները դեռևս զատում էին նրան Խոզուկից, որն այդ պարագայում պարզապես ավելորդ էր։ Արմավի ծիլը ճկվեց և խեցին հրեց ջրիմուռների մեջ։ Մի ձեռքը որպես հենարան գործածելով, Ռալֆը մյուսով սեղմեց լծակը և կաթկթող խեցին վեր բարձրացրեց այնպես, որ Խոզուկն այն բռնի։ Այժմ, երբ խեցին կարելի էր ձեռք տալ, Ռալֆը նույնպես ոգևորվեց։ Խոզուկը նորից բլբլում էր։ ― ․․․ անունը Փող էր։ Էնքան թանկ, չես պատկերացնում։ Եթե ուզենայիր մի տեղից առնել, ամպի չափ փող պիտի տայիր, լիքը․․․ Ինքը դրան պատից էր կախում, իսկ մորքուրս․․․ Ռալֆը Խոզուկից խեցին վերցրեց, և նրա ձեռքին մի քանի կաթիլ ջուր ծորաց։ Խեցին կաթնագույն էր, տեղ֊տեղ բաց վարդագույնի խփող։ Փոքրիկ անցքով սուր գագաթից մինչև վարդագույն շուրթերի գեղեցիկ բացվածքն ընկած տասնութ մատնաչափը թեթևակի ոլորվող, նրբին զարդանախշերով դաջված մակերես էր։ Ռալֆը զգուշությամբ թափ տվեց խեցու երկար թողի մեջ կուտակված ավազը։ ― ․․․ կովի բառաչի պես էր ստացվում։ Հետո ինքը սպիտակ քարեր էլ ուներ,ու վանդակի մեջ թառած կանաչ թութակ։ Բայց դե սպիտակ քարը ոնց էլ փչես, բան դուրս չի գա, էնպես որ նա ասում էր, թե․․․ Խոզուկը լռեց, որ շունչ քաշի և շոյեց Ռալֆի բռնած փայլուն խեցին։ ― Ռալֆ։