Changes
/* Առաջին գլուխ */
― Ռալֆ։
Ռալֆը վեր նայեց։
― Մենք սրանով կարող ենք բոլորին կանչել ու ժողով անել։ Սրա ձայնը որ լսեն, բոլորը կգան։
Նա պայծառացած դեմքով նայում էր Ռալֆին։
― Դու հենց էդ էիր ուզում, չէ՞, դրա համար ես խեցին հանել, չէ՞։
Ռալֆն իր խարտյաշ մազերը ճակատից հետ գցեց։
― Ասում ես քո ընկերն էս բանը ոնց էր փչո՞ւմ։
― Կարծես մի տեսակ թքելուց լիներ։― Ասաց Խոզուկը։― Մորքուրս չէր թողնում փչեմ իմ շնչարգելության պատճառով։ Էդ տղան ասում էր, պետք է այ էստեղից փչել։― Խոզուկը ձեռքը դրեց իր գիրուկ փորին։― Մի հատ փորձի էլի, Ռալֆ, բոլորին կկնաչես։
Ռալֆը խեցու բարեկ ծայրը կասկածանքով դրեց բերանին և փչեց։ Մյուս կողմից խշշոց դուրս եկավ։ Ռալֆն աղաջուրը բերանից սրբեց և նորից փորձեց, բայց ապարդյուն։
― Նա մի տեսակ թքում էր։
Ռալֆը շուրթերը ցցեց ու օդի շիթը հերց խեցու մեջ, որը հանկարծ տռտռաց։ Դա այնպիսի մի հրճվանք պատճառեց տղաներին, որ Ռալֆը, հռհռոցի նոպաների միջև, մի քանի րոպե շարունակ խեցուց նույն ձայներն էր հանում։
― Նա ա՛յ էստեղից էր փչում։
Ռալֆը վերջապես հասկացավ և օդն ամբողջ ուժով մղեց ստոծանուց վեր։ Խեցին իսկույն արձագանքեց։ Խորը և զիլ մի ձայն թնդաց արմավների տակ․ տարածվեց անտառի ծակուծուկերով և արձագանքվեց սարի վարդագույն գրանիտից։ Ծառերի կատարներից պոկվեցին թռչունների խառնիխուռն երամները, ինչ֊որ գազանիկներ ծղրտացին ու ցաքուցրիվ եղան ներքևում։
Ռալֆը խեցին բերանից պոկեց։
― Շշմելո՜ւյա․․․
Նրա սովորական ձայնը խեցու զիլ հնչյունից հետո շշուկ էր թվում։ Նա խեցին նորից հպեց բերանին, և, խորը շունչ քաշելով, փչեց։ Ձայնը նորից թնդաց, Ռալֆն էլի ուժ տվեց, և ձայնը, անակնկալ մի ությակ վեր ցատկելով, վերածվեց նախկինից ավելի ծակող անտանելի մի մռնչյունի։ Խոզուկը, ակնոցը փայլատակելով, գոհ դեմքով ինչ֊որ բան էր գոռում։ Թռչունները աղաղակում էին, մանր֊մանր գազանները՝ փախչում։ Ռալֆի շունչը սպառվեց՝ ձայնը մի ությակ ընկավ, վերածվեց թավ գռմռոցի, օդի խշշյունի, և վերջապես, մարեց։
Խեցին լուռ էր՝ փայլուն մի ժանիք, Ռլաֆի դեմքը լարումից կարմրել էր, օդը լցված էր թռչունների աղաղակով և զրնգուն արձագանքով։
― Գրազ գամ՝ որտեղ ասես չի լսվում։
Ռալֆը շունչը տեղը բերեց և մի քանի կարճ կանչ արձակեց։
Հանկարծ Խոզուկը գոռաց․
― Հրեն մեկը։
Լողափի արմավենիների միջև, մոտ երեսուն մետրի վրա, հայտնվեց մի երեխա։ Մոտ վեց տարեկան մի տղա էր, ամրակազմ ու շեկլիկ, պատառոտված հագուստով և մրգերով լղոզված դեմքով։ Նրա շալվարն անհայտ նպատակով ցած էր իջեցված և միայն կիսով չափ վեր քաշած։ Նա ցած թռավ արմավների դարավանդից, շալվարը վերջնականապես ընկավ, և տղան նրա միջից դուրս եկավ ու դիմեց դեպի հարթակը։ Խոզուկն օգնեց, որ նա բարձրանա, իսկ Ռալֆը շարունակում էր փչել, մինչև որ անտառից մանկական ձայներ լսվեցին։ Փոքրիկ տղան պպզեց Ռալֆի դիմաց և ներքևից վերևի սկսեց նրան ուսումնասիրել։ Համոզվելով, որ ինչ֊որ նպատակասլաց գործողություն է կատարվում, նա գոհունակությամբ իր, միակ մաքուր մնացած, բութ մատը դրեց բերանը։
Խոզուկը կռացավ նրա մոտ։
― Անունդ ո՞նց է։
― Ջոնի։
Խոզուկն ինքն իրեն մրթմրթաց այդ անունը, հետո այն բարձրաձայն գոռաց Ռալֆին,որին դա բոլորովին չհետաքրքրեց, քանի որ նա շարունակում էր փչել իր խեցին։ Նրա դեմքը շառագունել էր այդ ապշեցուցիչ ձայնը հանելու վայրի հաճույքից, շապիկը թրթռոմ էր սրտի զարկերից։ Անտառից լսվող գոռում֊գոչյունը գնալով մոտենում էր։