Changes
==Գլուխ XVII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Վերջին տեղափոխությունը նավակով==
Այս վերջին, հինգերորդ տեղափոխությունն այնքան բարեհաջող չվերջացավ, ինչպես առաջվա տեղափոխությունները։ Առաջինը, մեր փոքրիկ մակույկը շատ ծանրաբեռնված էր։ Հինգ մեծահասակ տղամարդ, որոնցից երեքի՝ Տրելոնիի, Ռեդրետի և նավապետի հասակը վեց ֆուտից բարձր էր, քիչ բան չէ։ Սրան ավելացրեք վառոդը, խոզի միսը և պաքսիմատի պարկերը։ Ջուրը լցվում էր նավակի մեջ։ Դեռ հարյուր յարդ չէինք անցել, որ իմ անդրավարտիքը և բաճկոնի փեշերը թրջվեցին։
Նավապետն ստիպեց մեզ բեռներն ուրիշ տեսակ դասավսրել, և նավակն ուղղվեց։ Այնուամենայնիվ, մենք վախենում էինք շնչելուց, որ մակույկը չշրջվի։
Երկրորդը, տեղատվության պատճառով ուժեղ հոսանք էր սկսվել, որն ուղղված էր դեպի արևմուտք, հետո շրջվում էր դեպի հարավ, դեպի բաց ծովը, այն անցքով, որի միջով առավոտյան անցավ մեր նավը։ Մեր սաստիկ ծանրաբեռնված նավակը կարող էր շուռ տալ ամենաթեթև ալեծածանումն անգամ։ Բայց ամենից վատն այն էր, որ հոսանքը մեզ մի կողմ էր տանում և չէր թողնում, որ ափին հասնենք, այնտեղ, ուր առավոտյան հասել էինք։ Եթե մենք հոսանքը չհաղթահարեինք, կհասնեինք ափ, երկու մակույկների մոտ, որտեղ ամեն րոպե կարող էին հայտնվել ծովահենները։
— Էլ ուժ չունեմ վարելու դեպի ցցապատը, պարոն ասացի նավապետին։
Ես նստած էի ղեկի մոտ, իսկ նավապետն ու Ռեդրետը, որոնք դեռ չէին հոգնել, թիավարում էին։ Հոսանքը տանում էր մեզ։ Չի՞ կարելի ուժ տալ թիերին։
— Եթե ուժ տանք թիերին, ջուր կլցվի,— ասաց նավապետը։
— Աշխատեցեք, խնդրեմ, և պահեցեք ուղիղ հոսանքին հակառակ։ Աշխատեցեք, պարոն, խնդրում եմ ձեզ,— ասաց նավապետը։
Հոսանքը մեզ տանում էր դեպի արևմուտք այնքան ժամանակ, քանի դեռ մակույկի քիթը չէր ուղղել դեպի արևելք, ուղիղ անկյունով, այն ճանապարհով, որով մենք պետք է շարժվեինք։
— Այսպես մենք երբեք ափ չենք հասնի,— ասացի ես։
— Եթե մյուս բոլոր ուղղություններով քամին մեզ քշում է, պարոն, ապա այս ուղղությունը պետք է բռնենք պատասխանեց նավապետը։— Վարեցեք հոսանքի դեմ։ Եթե տանի,— շարունակեց նա,–— մենք արդեն երբեք ցցապատի մոտ չենք կարող կանգ առնել, և ավազակային մակույկները կարող են հարձակվել մեզ վրա։ Իսկ եթե ուշանանք, հոսանքը շուտով կհանդարտվի, և մենք հանգիստ կերպով կհասնենք ափ։
— Հոսանքն արդեն թույլ է, պարոն,— ասաց նավաստի Գրեյը, որը նստել էր մակույկի քթին։— Կարելի է մի քիչ ուղղել դեպի ափը։
― Շնորհակալ եմ, սիրելիս,— շնորհակալություն հայտնեցի նրան, կարծես թե մեր մեջ երբեք՝ ոչ մի թյուրիմացություն չէր եղել։
Մենք բոլորս անխոս պայմանավորվել էինք վարվել նրա հետ այնպես, որ կարծես թե նա հենց սկզբից մեր համախոհն է եղել։
Եվ հանկարծ նավապետը, ձայնը փոխելով, ասաց․
― Թնդանոթը։
— Ես արդեն այդ մասին մտածել եմ,— ասացի ես, կարծելով, թե նա ասում է, որ հնարավոր է թնդանոթով ռմբակոծեն մեր ամրոցը։— Նրանց երբեք չի հաջողվի թնդանոթն ափ հանել։ Իսկ եթե հանեն էլ, կմնա անտառում։
— Ո՛չ, դուք նայեցեք դեպի նավախելը,— ասաց նա։
Շտապելուց թնդանոթը բոլորովին մոռացել էինք։ Հինգ սրիկա հանում էին թնդանոթի «բաճկոնը», ինչպես նրանք անվանում էին կուպրոտ պարուսինե ծածկոցը, որով թնդանոթը ծածկված էր։ Ես հիշեցի, որ մենք նավի մեջ վառոդ և ռումբեր ենք թողել և որ ավազակները շատ հեշտությամբ կարող են պահեստից հանել։
— Իզրայելը Ֆլինտի մոտ թնդանոթաձիգ է եղել,— խռպոտ ձայնով ասաց Գրեյը։
Ես մակույկն ուղիղ դեպի ափն ուղղեցի։ Հոսանքը թուլացել էր, և մենք հեշտությամբ կարողանում էինք մակույկը վարել, որը հրաշալի կերպով հնազանդվում էր ղեկին։ Բայց, հակառակի պես, այժմ ուղղված էր դեպի «Իսպանոլան» և հրաշալի թիրախ էր հանդիսանում։
Ես կարողանում էի ոչ միայն տեսնել, այլև լսել, որ կարմրամաշկ սրիկա Իզրայել Գենդսը տախտակամածի վրայով ռումբ էր գլորում։
— Ո՞վ է մեր ամենալավ կրակողը,— հարցրեց նավապետը։
— Անկասկած, պարոն կալվածատերը,— պատասխանեցի ես։
— Պարոն Տրելոնի, սպանեցեք ավազակներից մեկին։ Եթե կարելի է, Գենդսին,— ասաց նավապետը։
Տրելոնին պողպատի պես սառն էր։ Նա դիտեց իր հրացանի հրահանը։
— Զգո՛ւյշ, պարոն,— բացականչեց նավապետը,— մակույկը շուռ չտաք։ Իսկ դուք բոլորդ պատրաստ եղեք և կրակելու ժամանակ աշխատեցեք հավասարակշռություն պահպանել։
Կալվածատերը հրացանը բարձրացրեց, թիավարները թիավարելը դադարեցրին, մենք անցանք մակույկի մյուս կողմը, որպեսզի հավասարակշռություն պահպանենք, և այդ բոլորն այնպես հաջող անցավ, որ ոչ մի կաթիլ ջուր ներս չթափվեց։
Այդ ժամանակ ծովահենները թնդանոթի բերանը դեպի մեր կողմն էին դարձնում, և Գենդսը, որ կանգնած էր թնդանոթի փողաբերանի մոտ, հիանալի թիրախ էր։ Այնուամենայնիվ, մենք հաջողություն չունեցանք։ Այն Ժամանակ, երբ Տրելոնին կրակեց, Գենդսը կռացավ և գնդակը շվալով նրա վրայից անցնելով, դիպավ նավաստիներից մեկին։
Վիրավորը գոռաց և նրա գոռոցին ձայնակցեցին ոչ միայն նրանք, ովքեր նրա հետ նավի վրա էին, այլև շատ ձայներ ափից։ Նայելով այնտեղ, ես տեսա, որ ծովահեններն անտառից դեպի մակույկներն են վազում։
— Նրանք իսկույն կճանապարհվեն,— ասացի ես։
— Ընթացքն արագացրեք,— գոչեց նավապետը։— Այժմ արդեն կարևոր չէ, կխորտակվի՞ նավակը, թե ոչ։ Եթե մեզ չհաջողվի ափ հասնել ամեն ինչ կորած է։
— Միայն մի՛ մակույկ է ճանապարհվում, պարոն,— նկատեցի ես։— Մյուս մակույկի մարդիկ, երևի, վազում են ափով, որ մեր ճանապարհը կտրեն։
— Նրանք ստիպված կլինեն շատ վազել,— առարկեց նավապետը։— Իսկ ծովագնացները ցամաքի վրա արագաշարժ չեն։ Ես նրանցից չեմ վախենում, այլ՝ թնդանոթից։ Սատանանե՛ր։ Իմ թնդանոթն անվրեպ է խփում։ Նախազգուշացրեք մեզ, կալվածատեր, երբ վառված պատրույգը կտեսնեք, նավակին ուրիշ ուղղություն կտանք։
Չնայած ծանր բեռանը, մեր նավակն այժմ բավական արագ էր շարժվում և համարյա թե մեջը ջուր չէր լցվում։ Մնում էր միայն, որ երեսուն֊քառասան անգամ թիավարենք, և կհասնենք ծառերի մոտի ավազոտ ծանծաղուտին, որը տեղատվությունը մերկացրել էր։ Մակույկն արդեն մեզ հասնել չէր կարող, հրվանդանը նրան ծածկում էր։
Տեղատվությունը, որը քիջ առաջ մեր փախչելուն խանգարում էր, այժմ խանգարում էր մեր թշնամիներին, որ մեզ չհասնեն։ Մեզ միայն թնդանոթն էր սպառնում։
— Ավելի լավ է կանգ առնենք և նրանցից մեկին էլ սպանենք,— ասաց նավապետը։
Բայց պարզ էր, որ անպատճառ թնդանոթ կարձակեն։ Ավազակները մինչև անգամ իրենց վիրավոր ընկերոջ վրա չէին նայում, թեև նա կենդանի չէր, և մենք տեսնում էինք, թե ինչպես նա փորձում էր մի կողմ սողալ։
― Պատրաստ է,— բացականչեց կալվածատերը։
— Դեպի ետ,— որպես արձագանք ձայն տվեց նավապետը։
Նա և Ռեդրետն այնպես շարժեցին թիակները, որ նավախելը խորասուզվեց ջրի մեջ։ Կալվածատերը ժամանակին զգուշացրեց մեզ։ Թնդանոթը թնդաց, այն, որ լսեց Ջիմը, կալվածատիրոջ հրացանի ձայնը նրան չհասավ։ Մենք չնկատեցինք, թե որտեղ ընկավ ռումբը։ Ես ենթադրում եմ, որ ռումբն անցավ մեր գլխով և նրա առաջացրած քամին էր մեր դժբախտության պատճառը։
Այնուամենայնիվ, կրակոցից անմիջապես հետո նավակի ետևի մասը խրվեց ջուրը, նավակի մեջ ջուր լցվեց և սկսեց հանդարտ խորասուզվել։ Ջրի խորությունն ընդամենը երեք ֆուտ էր։ Ես ու նավապետը հաջողությամբ կանգնեցինք ծովի հատակին, իրար դիմաց։ Մնացած երեք հոգին ջուրն ընկան և փնչացնելով ու հևալով դուրս եկան։
Իսկապես, մենք էժան պրծանք. ոչ ոք կյանքից չզրկվեց, և բոլորն էլ հաջողությամբ ափ հասան։ Բայց մեր պաշարը մնաց ծովի հատակում, և ամենավատն այն էր, որ մեր հինգ հրացանից չէր թրջվել միայն երկուսը։ Ես իմ հրացանը, ջրի մեջ ընկնելիս, բնազդաբար բարձրացրի գլխիցս վերև։ Իսկ նավապետի հրացանը կախված էր մեջքից, փականը դեպի վեր և նույնպես չոր էր մնացել, մնացած երեք հրացանը նավակի հետ ջուրն ընկան։
Մոտիկ անտառից ձայներ էին լսվում։ Կարող էին մեր ճանապարհը, դեպի ցցապատը կտրել։ Բացի դրանից, մենք կասկածում էինք, թե կդիմանա՞ն արդյոք Գենտերն ու Ջոյսը, երբ նրանց վրա վեց ծովահեն հարձակվի։ Գենտերն ամուր մարդ էր։ Իսկ Ջոյսից մենք երկյուղ էինք կրում․ նա քաղաքավարի և պատրաստակամ ծառա էր, շատ լավ կարող էր խոզանակով շոր մաքրել, բայց կռվի համար բոլորովին անպետք էր։
Մենք հուզված, ծանծաղուտով ափ հասանք, ճակատագրի քմահաճույքին թողնելով մեր խեղճ նավակը, որի մեջ գտնվում էր մեր ունեցած վառոդի և ողջ մթերքի համարյա կեսը։
==Գլուխ XVIII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Կռվի առաջին օրվա վերջը==