Changes
/* Նոր Լեոնարդո դա Վինչի */
Այս ամենը ես հիշում էի Ֆրանկֆուրտ֊ Տորոնտո թռչող ինքնաթիռում։
==Հանճար Բեսկուդնիկովից==
Ինչքան էլ որ խանդում էի, և թաքցնում իմ նախանձը, երբեմն հաջողված, երբեմն էլ տափակ կատակներ անելով, Զիլբերովիչի աղբանոցում գտած հանճարը անհանգստացնում էր իմ երևակայությունը։ Եվ երբ Զիլբերովիչը ցուցադրական կարևորությամբ հայտնեց ինձ, որ որ Սիմ Սիմիչը, իր, Զիլբերովիչի պրոտեկցիայի շնորհիվ, համաձայնվեց ինձ ընդունել, ես իմ հերթին հեգնանքով շնորհակալություն հայտնեցի ինձ տրված պատվի համար և բացատրեցի Զիլբերովիչին, որ համաձայնվում են ընդունել միայն մեծ պաշտոն ունեցող ղեկավարները, իսկ տարբեր հնոցապաններն և նման մանր մարդիկ ոչ թե համաձայնվում են ընդունել, այլ խնդրում են, որ իրենց այցելեն։
― Եվ ընդանրապես, ես բավականին շատ հանճարներ եմ տեսել, ― ասացի, ― և նրանք այնքան էլ չեն հետաքրքրում ինձ։ Բայց ես կարող եմ գալ քեզ հետ ուղղակի հետաքրքրասիրությունից դրդված և ոչ ավելին։
Իհարկե Զիլբերովիչը կարող էր զայրանալ և չտանել ինձ, բայց վտանգը, ճիշտն ասած, այնքան էլ մեծ չէր։
Ճանաչելով Զիլբերոցիչին իմ հինգ մատների նման, ես հասկանում էի, որ նա ուզում է թոզ փչել և՛ իմ և՛ Սիմ Սիմիչի աչքերին, ցույց տալով մեզ իրար։ Որովհետև նվիրվելով նրան, համենայն դեպս երբեմն հիշում էր, որ ես էլ նրա համար ինչ֊որ բան արժեմ։
Կարճ ասած, մի ձմեռային օր, մենք հավաքվեցինք և վերցնելով մեզ հետ մի շիշ «Կուբանսկայա», գնացինք սատանի ծոցում գտնվող Բեսկուդնիկովո։
Դուրս եկանք գնացքից սառցակալած կառամատույցում․ թափվում էր դեմքին խփող ծակող ձյուն, խավար էր (բոլոր լապտերները ջարդված էին), սառած աղբանոցի և էլի ինչ֊որ բանի զզվելի հոտ էր գալիս։ Հետո տեղական շների հաչոցի ուղեկցությամբ քարշ եկանք փոսերով պատված ինչ֊որ անկյուններով, որտեղ հավասարակշռությունը պահելու և ոտք չկոտերելու համար մեծ ճարպկություն էր պետք։
Վերջապես գտանք այն մանկապարտեզը և սարսափելի նկուղը, որը ներծծված էր մկների և քրտնքի հոտով։
Նկուղի սենյակներից մեկում էլ ապրում էր այդ նորահայտ հանճարը և Զիլբերովիչի կուռքը։
Մոտավորապես յոթ֊ութ քառակուսի մետրանոց սենյակ էր։ Պատերը պատված էին պատառոտված, տեղ֊տեղ խոնավ, տեղ֊տեղ էլ եղյանով ծածկված կանաչ պաստառներով։ Առաստաղի տակ փոքրիկ պատուհան՝ այն էլ վանդակապատ, ինչպես բանտախցում։ Կահավորանքը կազմում էին․ երկաթե ժանգոտ մահճակալը՝ մոխրագույն ծածկոցով, խոհանոցային սեղանը պահարանով, ամանեղենը պահելու համար և դարակով, որտեղ դրված էին ինքնաշեն դանակը՝ սարքված փականակագործական մետաղասղոցից, ալյումինե պատառաքաղը, որը վաղուց արդեն կորցրել էր իր ատամներից մեկը և ալյումինից ձուլված բաժակը, որի վրա քերծված էին տիրոջ ինիցիալները «Ս․Կ․»
Ժամանակին երկնագույն, բայց ներկը համարյա լրիվ թափված, տանիքի երկաթով պատված տախտակի վրա դրված էին ափի չափ հայելու կտոր, ածելիի մի մասը (սայրը պահող մամլակները և ինքը սայրը, բայց առանց բռնակի), վրձինը ( նույնպես առանց պոչի ― միայն խոզանակը), նաև շպրոտների պահածոյի ամանի մեջ դրված թրջված օճառը, որը այնքան սև էր և այնքան տհաճ հոտ ուներ, որ նույնիսկ սովետական խանությներում ամեն մեկը չէ, որ կարող էր գտնել։
Պատերին ոչինչ, բացի մի փոքրիկ սրբապատկերից հեռավոր անկյունում։
Կային նաև երկու լամպ։ Մեկը առաստաղին, մյուսը այսպես ասած սեղանի։ Ճիշտն ասած, դա նույնիսկ լամպ չէր, այլ ինչ֊որ այլանդակ կոնստրուկցիա, սարքված ոլորած մետաղալարից և մի կերպ փաթաթված, տեղ֊տեղ վառված թղթով։ Պետք է նաև նշել երկու մաշված աթոռակները, փոքր պահարանը և կախովի կողպեքով ծանր մետաղյա սնդուկը։ Անկյունում, դռան մոտ, պարտեզներում օգտագործվող լվացարան ալյումինե թասով նրա տակ, և կախիչ, որի վրա կախված էր ածուխի փոշու մեջ կորած տելոգրեյկան։ Մի քիչ ավելի մաքուրը տիրոջ հագին էր։ Բացի այդ նրա հագին կային բամբակյա շալվար և կրկնակոշիկներով վալենկաներ։
Նա բարձրահասակ էր, կուզիկ, ներս ընկած այտերով, երկաթե ատամներով։
― Ծանոթացիր, Սիմիչ, սա իմ ընկերն է։ Նա, իմիջիայլոց, ի տարբերություն քեզ, Գրողների միության անդամ է, ― բարձր ձայնով և իրեն հատուկ անբռնազբոսիկ ոճով ասաց Զիլբերովիչը։
Սիմիչը անվստահ մեկնեց ձեռքը և բարևի փախարեն ասաց․
Լավ։
Այդ ասելիս նա նայեց ինձ արագ և լարված հայացքով, ինչպես դա սովորաբար անում են նախկին զեկերը։
Ասում են, որ ժամանակակից օդանավերում կան հատուկ սարքեր, որոնք օդում տարբերում են յուրաիններին օտարներից։
Կալանավորների մոտ դա սարք չէ, դա հոտառություն է։
Ես հիմք ունեմ մտածելու, որ նա ինձ օտարի տեղ չդրեց։ Չնայած առաջին հանդիպման համար իրեն բավականին տարօրինակ պահեց։ Առանց տեսանելի հեգնանքի, բայց խայթելով հարցրեց։ Ուրեմն դուք պաշտոնապես համարվում եք գրո՞ղ։ Եվ դուք նույնիսկ փաստաթո՞ւթղթ ունեք, որ գրող եք։
― Այո, ― ասացի ես, ― համարվում եմ։ Եվ նույնիսկ փաստաթուղթ ունեմ։
Իսկ դուք ձեր գրքերը գրում եք տպագրական մեքենայի վրա՞, թե ոնց։
― Ոչ ասում եմ, ― ինչի համար։ Ես ունեմ «Էրիկա» գրամեքենա, ― նրա վրա էլ այսպես՝ չիկ֊չիկ֊չիկ֊չիկ և գրում եմ։
Զիլբերովիչը զգաց, որ խոսակցությունը գնում է մի ուրիշ, ոչ ցանկալի կողմ և ընդհատեց։
― Սիմիչ, իսկ դու այս գրչով ե՞ս գրում։
Միայն այդ հարցից հետո ես նկատեցի, որ սեղանին, լամպի կողքին դրված էր կրծոտված ծայրով փայտյա գրիչ։ Վերջին անգամ ես այդպիսի բան տեսել էի ցելինայում, ինչ֊որ կոլտնտեսությունում։
― Այո֊ այո, ― ասաց նա մարտահրավեր արտահայտող հայացքով նայելով ինձ վրա։ Հենց դրանով էլ գրում եմ։
― Սիմիչ, ― ասաց Զիլբերովիչը, ― չէ որ ես քեզ նվիրել էի ինքնահոս գրիչ։ Որտե՞ղ է այն։
― Ա՜, ինքնահոսը։ ― Նա բացեց սեղանի դարակը և այնտեղից դուրս բերեց պլաստմասսայից սարքված տուփը որի վրա դրոշմած էր «Սոյուզ»։
― Իսկ ի՞նչու ես գրում այս անպետքությունով, ― հարցրեց Զիլբերովիչը։
Ճիշտն ասած, Զիլբերովիչի պահվածքը ինձ հաճախ էր զայրացնում էր, բայց տվյալ պահին, ինձ թվում է, նա ոչ մի արտակարգ բան չասաց։ Ւսկ Սիմիչը չգիտես ինչու հանկարծ զայրացավ, և այնպես նայեց խեղճ Լեոյին, կարծես ուզում էր այրել նրան հայացքով։
― Այսպիսի անպետքությամբ, ― ասաց նա ատելությամբ, ― և ավելի անպետք բաներով, նույնիսկ փետուրե անպետքություններով է գրված ամբողջ համաշխարհային գրականությունը։ Ոչ թե գրամեքենաներով, էրիկաներով կամ գարիկներով, այլ հենց այսպիսի անպետքությամբ։
Հետո նա բարիացավ և նույնիսկ թույլ տվեց Զիլբերովիչին բացել շիշը։ Ճիշտ է, ինքը համարյա թե ոչինչ չխմեց, մնացածն էլ ես ու Զիլբերովչը վերջացրինք։ Այն էլ խմում էինք հերթով տիրոջ բաժակից, հետն ուտելով սոխով հալված պանրիկ։
Ինձ թվում էր, որ մեր հարաբերությունները արդեն կայացել են, բայց երբ Զիլբերովիչը խնդրեց որևիցե բան կարդալ, նա նոիրց զայրացավ, և աչքերով կրակելով Լեոյի կողմը, սկսեց պնդել, որ նա կարդալու բան չունի, որովհետև նա ընդհանրապես ոչինչ չի գրում։ Իսկ եթե երբեմն ինչ֊որ բան մրոտում է, բացառապես իր համար։ Երևում է, նա ինձ միևնույն է չէր վստահում։
Իսկ Զիլբերովիչին վստահում էր այնքան, որ նույնիսկ հայտնեց նրան իր սնդուկի այրող գաղտնիքը։ Գաղտնիքը կայանում էր նրանում, որ տասներեք արդեն գրված ժայռաբեկորները և քառասուն դեռ չգրվածների համար նախապատրաստված նյութերը պահվում էին հենց այդ սնդուկում, ամբարի կախովի կողպեքի տակ։ Ինչի մասին իհարկե, Զիլբովիչը (գաղտնիքների մեծ պահապանը) ասաց ինձ այն բքոտ գիշերը, երբ մենք խարխափելով սառցակալած փոսերով, մի կերպ գնում էինք մինչև գնացքը։
― Դե, հիմա դու հասկացա՞ր, ― հարցրեց Զիլբերովիչը հուզված։ ― Դու հասկացա՞ր, որ Սիմիչը հանճար է։
― Միստր Զիլբերովիչ, ― ասացի ես նրան, իսկ դուք կարո՞ղ եք, թեկուզ հարբած լինելու պատճառով, սիրալիր բացատրել ինձ, թե ինչ առնչություն ունեք դուք կանացի սեռի հետ։
― Դու ինչը նկատի ունես, ― Լեոն կանգ առավ և շրջեց դեպի ինձ իր մթում կապույտ թվացող երկար քթով դեմքը։
― Ես նկատի ունեմ, որ դու քո արտաքին տվյալներով և ակնառու պահպանակով, որը համաձայն լեգենդի պետք է համապատասխանի մարմնի մյուս մասերին, ամբողջ ժամանակ վազում ես հանճարների հետևից, չնայած կարող էիր վազել կանանց հետևից։ Ազնվորեն ասա, դու պեդի՞կ ես, թե իմպո։
― Լսիր, ― ասաց Զիլբերովիչը, ցրտից կծկվելով և պահելով վերարկուի օձի քը, ― դու անպայման պետք է ամեն ինչ իմանա՞ս։
― Ինձ պետք չի, բայց հետաքրքիր է, ― ասացի ես։ Բայց դու կարող ես պատասխան չտալ։
― Կարող եմ պատասխան չտալ, ― ասաց նա, ― կարող եմ և պատասխանել։ Կամ ավելի ճիշտ հարցնել։ Կարո՞ղ ես դու ինձ ասել, ինչի համար է այդ ամենը պետք և ի՞նչ լավ բան կա այդ կանանց մեջ։
Այ քեզ բա՜ն, ― ասացի ես մի քիչ ապշած։ ― Ոչ մի լավ բան իհարկե չկա, բայց հետաքրքիր է։ Բնության կանչ։ Դու ինչ է, հիմա՞ր ես ― զայրացա ես։ ― Չե՞ս հասկանում։
― Ոչ ասաց Զիլբերովիչը։ ― Չեմ հասկանում։ Դու կարծում ես ես աննորմալ ե՞մ։ Նորմալ եմ։ Ինձ մոտ ամեն ինչ աշխատում է, և ես ամեն ինչ փորձել եմ։ Դե այո, հաճելի է։ Բայց հինգ րոպե հաճույքի համար այնքա՜ն իրարանցում մինչև և հետո։
Ուրեմն դու կանանց հետ իրարանցում չե՞ս ուզում։
― Չեմ ուզում, գլուխը թափ տվեց Զիլբերովիչը։
― Իսկ հանճարների հետ ուզո՞ւմ ես։
― Հանճարների հետ ուզում եմ։
― Հիմար, ― ասացի ես Զիլբերովիչին։
― Ինքնդ ես հիմար, ― պատասխանեց Զիլբերովիչը։
Դա միակ դեպքն էր, երբ ես հետաքրքրվեցի Զիլբորովիչի անձնական կյանքով։