Ես կարծում եմ, որ նա վաղուց մոռացել է այդ բառերը, իսկ ես երբեք քաջություն չեմ ունենա հիշենել նրան այդ մասին։
==Դուք ունե՞ք այդենտիֆիկեյշեն==
Մենք շարժվում էինք տեղական համար 4 ճանապարհով, խոտորեն պահպանելով հրահանգը․ առջևում ցեխոտված համարներով երկնագույն «շևրոլեն, նրա ետևից ես, վարձակալաությամբ վերցված «տոյոտայով»։ Սահմանված կարգով, ես աշխատում էի պահպանել հեռավորությունը, չափից ավելի չմոտենալ «շեվրոլեին» և միևնույն ժամանակ աչքից բաց չթողնել նրան։
Ես մտածում էի, թե հետաքրքիր է, ո՞ւր է նայում կանադական ոստիկանությունը և ինչու ուշադրություն չի դարձնում այն բանի վրա, որ համարը ցեխոտ է, չնայած Տորոնտոյի մոտակայքում, դատելով չորացած խոտից, անձրևներ վաղուց չեն եղել։ Եվ իհարկե, մտածում էի Սիմիչի, նրա տարօրինակ արարքների ու սովորությունների մասին, այս լրտեսական խաղի հիմարության մասին, որի ժամանակ պետք է փակել պատուհանները և կեղտոտել մեքենայի համարը։
― Անորսալի Ջոյին նայե՛ք, ― ասացի ինքս ինձ, հիշելով ձիավորի մասին անեկդոտը, որը երևակայում էր, որ իրեն երբեք չեն բռնի, այն պարագայում, երբ նրան ոչ ոք մտադրություն չուներ բռնելու։
Առջևից ընթացող մեքենայի վարորդը լավ գիտեր իր գործը։ Նա ամբողջ ժամանակ պահում էր նույն արագությունը, կտրուկ շարժումներ չէր անում և միշտ նախորոք միացնում էր շրջապտույտի ազդանշանը։
Փոքրիկ քաղաքից հետո, որի անունը կարծես թե Լորենսվիլ է, սկսվեց մետաղացանցով շրջափակված եղևնու մեծ անտառը։ Այդ ցանցի կողքով մենք անցել էինք արդեն մի քանի կիլոմետր, երբ «շեվրոլեի» վարորդը միացրեց աջ շրջադարձը։
Անտառ մտնող ճանապարհը ուշագրավ էր միայն նրանով, որ համարյա աննկատելի էր։ Ճանապարհի սկզբի մոտ, ցանկապատի վրա կախված էր մի մեծ սպիտակ վահանակ այսպիսի տեքստով․
ATTENTION!!!
PRIVATE PROPERTY!
TRESPASSING STRICTLY PROHIBITED!
VIOLATORS WILL BE PROSECUTED!
Ակնհայտ է, որ «շեվրոլեին» այս նախաղգուշացումը չէր վերաբերվում։
Եվս մի քանի կիլոմետր չոր, մանրախճով պատված ճանապարհ և մենք կանգ առանք կանաչ երկաթյա դարպասի առջև, որի երկու կողմերից շարունակվում և անհայտանում էր անտառում, նույնպիսի կանաչ երկաթյա պարիսպ։ Ավելի ճիշտ, կանգ առա միայն ես իմ «տոյոտայով»։ «Շեվրոլեյի» առջև դարպասը բացվեց, իսկ իմ առջև՝ հասցրեց նորից փակվել։
Բնականաբար, ես զարմացա, բայց անհամբերություն ցույց տալ չշտապեցի և սկսեցի ուսումնասիրել դարպասը, որի վերևում կամարաձև երկաթի վրա ռուսական խոշոր տառերով նշված էր․
Օտրադնոե
Ես արդեն լսել էի, որ Սիմիչը այդպես է անվանել իր կալվածքը։ Դեռ չէի հասցրել ծխել սիգարետը, երբ դարպասը նորից բացվեց և ես ներս մտա։ Բայց հեռու չգնացի։ Որովհետև դարպասից հետո կար նաև շլագբաում և շերտավոր տնակ, որից դուրս եկան երկու կուբանսկիյ կազակներ ― մեկը սպիտակ, մյուսը նեգր, երկուսն էլ կախ ընկած բեղերով և երկար սրերով կողքներին։
Ուշադիր նայելուց հետո պարզվեց, որ սպիտակը Զիլբերովիչն է։
― Ողջո՛ւյն, ― ասացի ես նրան։ Ինչո՞ւ ես այդպես հագնվել։
― Դուք ունե՞ք որևիցե այդենտիֆիկեյշեն, ― հարցրեց նա կարծես չճանաչելով ինձ։
― Ահա քեզ այդենտիֆիկեյշեն, ― ասացի ես և նրա քթի տակ խցկեցի մատներս։
Նեգրը միանգամից հանեց սուրը, իսկ Զիլբերովիչը կնճռոտեց դեմքը։
― Պետք է ցույց տալ այդենտիֆիկեյշեն, ― կրկնեց նա։
Այդ ընթացքում նեգրը բացեց բեռնախցիկը, բայց այնտեղ պահեստային անվադողից բացի ոչինչ չգտնելով, տեղնուտեղը փակեց։
― Լսիր Լեո, ― ասացի ես Զիլբերովիչին զայրացած։ Քո պատճառով ես տասնվեց ժամ ճանապարհին էի, վերջացրու քո հիմար կատակները։
― Պետք է այդենտիֆիկեյշեն, ― համառեց Լեոն և աչքի տակով նայեց նեգրին, որը մոտենալով, նայում էր ինձ ոչ այնքան բարեհամբյուր։
Դե լավ, ― հանձնվեցի ես։ ― Եթե դու պնդում ես, որ շարունակվի այս տարօրինակ խաղը, ահա քեզ փաստաթուղթ։ Ես տվեցի նրան իմ բացված վարորդական գրգույքը։
Նա ուշադիր ուսումնասիրեց այն։ Ինչպես խիստ գաղտնի ձեռնարկության անցակետում։ Մի քանի անգամ համեմատեց ինձ նկարիս հետ և նկարս ինձ հետ։ Եվ միայն դրանից հետո գրկախառնվեց։
― Դե, բարև ծերուկ։
― Սատանի ծոցը գնա՛, ― ասաի ես, վերցնելով գրքույկս և ազատվելով նրանից։
― Լավ, լավ, հերիք է բողոքես, ― ասաց նա, թփթփացելով մեջքիս։ ― Դու ինքդ գիտես, որ ԿԳԲ֊ն Սիմիչին հետապնդում է, և եթե նրանք կամենան, ում ուզեն և ում նման ուզեն կդիմահարդարեն։ Դե, գնանք։ Հիմա ճանապարհից մի բան կմտածենք։ Էյ, Թոմ, ― դիմեց նա սև կազակին անգլերեն։ ― Դիր նրա մեքենան մի տեղ ախոռի մոտ։