Changes
/* Դուք ունե՞ք այդենտիֆիկեյշեն */
― Լավ, լավ, հերիք է բողոքես, ― ասաց նա, թփթփացելով մեջքիս։ ― Դու ինքդ գիտես, որ ԿԳԲ֊ն Սիմիչին հետապնդում է, և եթե նրանք կամենան, ում ուզեն և ում նման ուզեն կդիմահարդարեն։ Դե, գնանք։ Հիմա ճանապարհից մի բան կմտածենք։ Էյ, Թոմ, ― դիմեց նա սև կազակին անգլերեն։ ― Դիր նրա մեքենան մի տեղ ախոռի մոտ։
==Կալվածքում==
Կալվածքը, որում ես հայտնվեցի, ինչ֊որ բանով հիշեցնում էր ոչ այն է գրողների միության տունը Մալեեվկայում, ոչ այն է Բառվիխայում գտնվող կառավարական առողջարանը, ուր ես շատ պատահաբար մի անգամ ընկել էի։
Երկար, երեք հարկանի շենք, կիսակլոր սյունազարդ սանդղամուտքով։ Սանդղամուտքի մոտ բավականին մեծ, քառակուսի, կարմիր աղյուսով պատած հրապարակ և նրանից արևի ճառագայթների նման բաժանվող ասֆալտապատ ծառուղիներ, եզրերին տնկված մատղաշ կեչիներով։ Տան ձախ կողմում փոքրիկ պատուհաններով մի քանի կոկիկ քոթեջներ, աջից՝ ոչ մեծ եկեղեցի երեք համեստ գմբեթներով, հեռվում, գլխավոր շենքի դիմաց էլի ինչ֊ որ կառույցներ։ Ավելի այն կողմ, մայր մտնող արևի տակ փայլփլում է լիճը։
Հրապարակի վրա տեսա մի զոլավոր սյուն, որի վրա ամրացրած տախտակի վրա մակագրված էր՝ «ՍՍՍՌ»։
― Ի՞նչ է նշանակում Սի֊Սի֊Սի֊Պի, ― հացրեցի ես Զիլբերովիչին։
― Ի՞նչ Սի֊Սի֊Սի֊Պի, ― չհասկացավ նա։
― Դե այնտեղ, սյան վրա ի՞նչ է գրված։
― Ախ դա՞, ― ծիծաղեց Զիլբերովիչը։ ― Դու էլ հո չես ասի, ծերուկ, ոչ թե անգլերեն, այլ ռուսերեն է գրված․ Էս-Էս-Էս-Էռ:
― Սա ինչ է, սովետական սահմանի՞ց եք քարշ տվել։
― Դե չէ, դա Թոմն է սարքել։ Դու հետո ամեն ինչ կհասակնաս։
Ինչ֊որ կանացի ցեղին պատկանող էակ, վերևի և ներքևի մասում շատ բաց շրջազգեստով, մեզ մեջքով կանգնած ջրում էր խրիզանտեմները փողրակից։ Ավելի տգեղ կազմվածք ես իմ կայնքում երբեք չէի տեսել։ Նա հիմնականում կազմված էր մեծ հետույքից, իսկ մնացածը կարծես թե պատահաբար աճում էր նրանից։
Թողնելով ինձ, Զիլբերովիչը աննկատ մոտեցավ և երկու ձեռքով բռնեց այդ հետույքը։
― Ախ, աստվա՜ծ, ― բացականչեց հետույքի տերը և շրջվեց։ Դա հասարակ, պեպեններով ծածկված դեմքով երիտասարդ աղջիկ դուրս եկավ։ ― Այդ դո՞ւք եք, պարոն, ― ասաց նա բավականին հիմար ժպիտով։ ― Դուք անընդհատ կատակում եք և կատակում, իսկ հետո Թոմը հարցնում է ինձ, թե որտեղից այդ կապտուկները։
― Իսկ դու արի ինձ մոտ, ես նրանց դիմափոշիով կծածկեմ, ― կատակեց Զիլբերովիչը և ընկերաբար խփեց նրան։ ― Սա մեր Ստեպանիդան է, Ստեշան։ Նա Թոմի կինն է, որը այս ստեղծագործության առաջ, ― նա նորից թփփացրեց ստեղծագործությանը, ― չկարողացավ դիմակայել։
― Ախր դուք բոլորդ, պարոն, այնպիսի աչք ունեք, որ կանանց մոտ ոչ մի ուրիշ տեղ չեք նկատում, ― ասաց Ստեշան շարունակելով ժպտալ։
Մենք շարժվեցինք առաջ և ես նկատեցի Լեոյին, որ նրա վերաբերմունքը սեռական հարցերին, կարծես թե փոխվել է։
Ոչ, ― շփոթվեց Լեոն։ ― Չի փոխվել։ Բայց այստեղ կյանքը այնքան մեկուսի է, ձանձրալի, որ երբեմն ուզում ես զվարճանալ։
― Իսկ այդ Թոմը ո՞ւր է նայում։
Նա ոչ մի տեղ էլ չի նայում, ― անհոգ ասաց Լեոն։ Նա լայնահոգի մարդ է։
Երբ մենք մոտեցանք սանդղամուտքին, նրա վրա հայտնվեց ևս մի էակ, որը տեղնուտեղը նետվեց իմ կրծքին։ Դա բավականին խոշոր գերմանական հովվաշուն էր։ Ես պատրաստվում էի հրաժեշտ տալ կյանքիս, երբ զգացի, որ նա լպստում է քիթս։
― Պլյո՜ւշկա, ― բացականչեց Զիլբերովիչը ետ քաշելով շանը։ ― Դու ինչ անպիտա՜նն ես, ինչ վատն ես։ Դու ինչ շուն ես։ Իզուր չէ, որ Սիմիչը անվանել է Պլյուռալիստ։
Պլյուռալի՞ստ, ― հարցրեցի ես զարմացած։
― Այո, ― ասաց Զիլբերովիչը։ Անխտիր բոլորին լպստում է։ Իսկական Պլյուռալիստ է։ Բայց նրան չնեղացներլու համար, մենք նրան անվանում ենք Պլյուշկա։
Պլյուշկայից հետո սանդղավանդակ դուրս եկավ մի ռուսական գեղեցկուհի՝ կարմիր մետաքսյա սառաֆանով, բատիստե գլխաշորով, սաֆյանե երկարաճիտ կոշիկներով և գլխի շուրջը փաթաթված բաց շիկահեր հյուսերով։
― Այս ո՞վ է, այս ո՞ւմ է աստված ուղարկել, ― ասաց նա վերևից արևաշող ժպիտով։
Դա Ժանետան էր։
Նա թեթև ներքև վազեց աստիճաններով և մենք եռակի, ինչպես ընդունված է ռուսական սովորույթները հարգող օտարերկրացիների մոտ, համբուրվեցինք։
― Դու բոլորովին չես փոխվել, ― ասացի ես Ժանետային։
― Ես փոխվելու ժամանակ չունեմ, ― ասաց նա։ ― Մենք բոլորս այստեղ աշխատում ենք օրական տասնվեց ժամ։ Իսկ դու սպիտակել ես և գիրացել։
― Այո֊այո, ― համաձայնվեցի ես տխուր։ ― Ինչ կա, այն կա։
― Դե, գնանք ճաշենք, ինչով որ աստված է տվել։
Մենք բարձրացանք սանդղահարթակ և հայտնվեցինք սյունազարդ և ընդարձակ նախասրահում։ Ուղիղ՝ գորգով ծածկված լայն աստիճանները տանում էին դեպի փայտյա արղի մեջ գտնվող ֆիկուսը, աջից՝ երկփեղկ ապակյա դուռը, որը ներսից վարագուրված էր ինչ֊ որ ծաղկավոր բանով, դռան վրա կախված էր խաչ։
Ժանետան խաչակնքվեց։ Զիլբերովիչը հանեց գլխարկը և նույնպես խաչակնքվեց։
Ի զարմանս ինձ նա բոլորովին ճաղատ էր։
― Իսկ դու ինչո՞ւ ճակատդ չես խաչակնքում, ― հարցրեց ժանետան։ Ռազմատենչ անհավա՞տ ես։
― Ոչ, ― ասացի ես։ ― Ոչ թե ռազմատենչ, այլ անհոգ։
Ճաշասենյակում ես հայտնվեցի Կլեոպատրա Կազիմիրովնայի գրկում, որը ինչպես և ես այս տարիների ընթացքում բավականին գիրացել էր։ Նրա հագին մուգ կանաչ շրջազգեստ էր, մի քիչ ավելի բաց գոգնոց, մազերը եզերված էին սպիտակ կտորով։
Լեոն կախեց սուրը դռան մոտ գտնվող կեռից։
Մենք տեղավորվեցինք անծածկ, մեծ, մոտավորապես տասներու հոգու համար նախատեսված կաղնե սեղանի մի անկյունում։ Աթոռները նույնպես կաղնուց էին։
Կողքում գտնվող խոհանոցից, Կլեոպատրա Կազիմիրովնան անմիջապես բերեց ապուրով կաթսան, իսկ Ժանետան դասավորեց փայտյա ամանները և գդալները։
― Դու ի՞նչ կխմես, կվաս թե կոմպոտ, ― հարցրեց Ժանետան։
― Իսկ ինչ է, ընտրության ուրիշ հնարավորություն չկա՞, ― հարցրեցի ես վատ կանխազգացումով։
Զիլբերովիչը սեղմեց ոտքս և աչքով արեց։
― Սպիրտային ոչինչ չենք պահում, ― չոր պատասխանեց Ժանետան։
― Ա՞յո, ― ասացի ես, ― դուք իհարկե ոչ, իսկ ես պահում եմ։
Ես կռացա վերցնելու համար իմ «դիպլոմատ» տիպի պայուսակը, որում գտնվում էր դեռ Ֆրանկֆուրտի օդանավակայանում գնված գերմանական «Գորբաչով» օղու շիշը։
― Այս տանը ալկոհոլ չեն խմում, ― կանգնեցրեց ինձ Ժանետան։
Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես ընկճված, բայց ոչինչ չասացի։
Զիլբերովիչը ծնկով հրեց ինձ։ Ես նրան հասկացա և խնդրեցի կվաս, որի համը ես արդեն մի քիչ մոռացել էի։
― Քեզ էլի ինչ֊որ բան պե՞տք է, ― հարցրեց Ժանետան։
― Այո, ― ասացի ես։ ― Եթե կարելի է մի քիչ աղ։
― Մենք աղ չենք օգտագործում, որովհետև Սիմ Սիմիչը շաքարախտ ունի և պահպանում է առանց աղի դիետա։
― Ախ, այո, ― ասացի ես հիասթափված։ ― Ես չմտածեցի։ Իսկ ես պահպանում եմ աղային դիետա։
Դե այո, ― բարեսրտորեն ծիծաղեց Ժանետան։ ― Քո դիետան կազմված է աղից և ալկոհոլից։
― Հենց այդպես, ― հաստատեցի ես։ ― Եվ նաև ծխախոտից։
― Ի դեպ, ― նկատեց Ժանետան, մեզ մոտ շինություններում չեն ծխում։
― Դա ոչինչ, ― հանգստացրեցի ես նրան։ ― Հիմա տաք է, այնպես որ ես կարող եմ ծխել փողոցում։
Ապուրից հետո տվեցին կաթով եփված վարսակաձավարով շիլա, որտեղ աղի պակասությունը զգացվում էր ավելի քիչ։
Կլեոպատրա Կազիմիրովնան մանրամասն հարց ու փորձ էր անում ինձ կյանքի մասին Գերմանիայում, կնոջս, երեխաերի մասին, ինչպես ենք ապրում, ինչով ենք զբաղված։ Ես բացատրեցի․ տղաս սովորում է րեալշուլեում, աղջիկս գիմնազիայում, ես աշխատում եմ, կինս օգնում է ինձ և զբաղվում գնումներով։
― Նա սովորել է մեքենա վարե՞լ, ― հարցրեց Կլեոպատրա Կազիմիրովնան։
Ես ասացի ոչ, չի սովորել, նա հեծանիվ է քշում։
― Հեծանի՞վ, ― հարցրեց Ժանետան։ ― Բայց դա անհարմար է։ Շրջազգեստը կարող է բարձրանալ, կամ ընկենլ անվի մեջ։
Ես հավաստիացրի նրան, որ այդ վտանգը իմ կնոջը չի սպառնում, որովհետև նա ջինսերով է քշում։
― Ջինսերո՞վ ― զարմացավ Ժանետան։ ― Դու թույլ ես տալիս նրան ման գալ ջինսերո՞վ։
― Նա ինձանից թույլտվություն չի հարցնում, ― ասացի ես։ ― Բայց ես ինքս էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում ջինսերում։
― Նետոչկան այնքան խստապահանջ է դարձել, ― նկատեց Կլեոպատրա Կազիմիրովնան, ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է ներողություն խնդրելով։
― Այո, խստապահանջ եմ, ― հաստատուն ասաց ժանետան։ ― Կինը պետք է հագնի այն, ինչ նրան Աստվածն է կանոնակարգել։
Դրա վրա ես նկատեցի, որ իմ ունեցած տվյալներով, Աստված կնոջը մերկ է ստեղծել, իսկ ինչ վերաբերվում է ջինսերին, ապա դրանք հիմա բոլորն են հագնում, և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ գերմաֆրոդիտները։
Ես ուզում էի էլի ինչ֊որ բան ավելացնել, բայց Զիլբերովիչը այնպես սեղմեց ոտքս, որ ես հազիվ ինձ զսպեցի որ չգոռամ, և փոխելով թեման նրբորեն հարցրեցի, թե ինչո՞ւ չի երևում տան տերը։
― Իսկ նա արդեն ընթրել է, ― ասաց Լեոն։
― Բայց հետո դո՞ւրս կգա, թե ավելի լավ է ինքս մտնեմ նրա մոտ։
Ժանետան և մայրը հայացքներ փոխանակեցին, իսկ Լեոն անկեղծորեն ծիծաղեց։
― Սիմ Սիմիչը, ― ասաց Ժանետան, ― ընթրիքից հետո գործերով չի զբաղվում։
― Այո՞, ― ասացի ես զսպված դժգոհությամբ, ― բայց չէ որ ես, իմ գործերով չեմ եկել։
― Ընթրիքից հետո նա ընդհանրապես ոչ մի գործով չի զբաղվում, ― կրկնեց Ժանետան։ ― Ոչ իր, ոչ էլ ուրիշների։
― Այո֊այո, ծերուկ, ― հաստատեց Զիլբերովիչը։ Նա հիմա քեզ ընդունել ոչ մի կերպ չի կարող։ Նա հիմա Դալի բառարանն է անգիր անում, հետո կսկսի Բախ լսել, քնելուց առաջ նա միշտ Բախ է լսում, առանց Բախի նա չի կարողանում քնել։
Ես ետ հրեցի շիլան և վեր կացա։ Ես ասացի․
― Դուք ինձ իհարկե ներեցեք․․․ Առաջին հերթին դուք, Կլեոպատրա Կազիմիրովնա, և դու, Ժանետա, բայց ես այդպիսի վերաբերմունքը ուղղակի չեմ հասկանում։ Ես ձեզ չեմ խնդրել ինձ հյուրնկալել։ Ես ավելորդ ժամանակ չունեմ։ Ինձ սպասվում է հեռավոր, և միգուցե շատ վտանգավոր ճանապարհորդություն։ Ես այստեղ եկա միայն այն պատճառով, որ Լեոն շատ էր պնդում։ Ես գիշերը չեմ քնել, ձեզ մոտ հասնելու համար, կորցրել եմ տասնվեց ժամ փոխելով փոխադրամիջոցները․․․
Դե, ծերուկ, ծերուկ, ինչո՞ւ ես տաքացել, ― Զիլբերովիչը բռնեց ձեռքս և քաշում էր ներքև։ ― Դե հասնում էիր, դե հոգնել ես։ Հիմա կհանգստանաս։ Մինչև Նետկան տեղերը կգցի քեզ համար, մենք քո հետ կզրուցենք․․․ ― Նա նորից աչքով արեց ինձ և թեքեց աչքերը իմ «դիպլոմատի» վրա․․․ կպառկես, կքնես, իսկ վաղը ամեն ինչ կպարզենք։
Ինչ֊որ տեղ վերևից լսվում էր մեղմ երաժշտություն։ Լինելով երաժշտության մեծ գիտակ, ես միանգամից ճանաչեցի Բախի այդ ստեղծագործությունը․ « Լավ տեմպերացված կլավիր»։